Գլխավոր տեղեկություն
Համար
N 361-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.05.02/15(584) Հոդ.166
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մարտի 2017 թ.
ք. Երևան

N 361-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Փրկարարական ծառայության կանոնագրքի 24-րդ հոդվածի 12-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել` փրկարարական ծառայության համազգեստը կրելու կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետին` սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Դ. Տոնոյան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
 
արտակարգ իրավիճակների նախարարի

2017 թվականի մարտի 29-ի

N 361-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելու և այն կրելու հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելը ենթադրում է փրկարարական ծառայողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևի համազգեստով, տարբերանշաններով, ուսանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով անկողնային պարագաներով (քնապարկ) և վրաններով ապահովում (այսուհետ` հանդերձանք):

3. Հանդերձանք կրում են բոլոր փրկարարական ծառայողները:

4. Փրկարարական ծառայողի հանդերձանքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

5. Փրկարարական ծառայության հանդերձանքով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության միջոցով, իսկ բաշխումը, ըստ սահմանված նորմաների, կատարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության հանդերձանքի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանման խնդիրներն են`

1) փրկարարական ծառայողներին ժամանակին և ամբողջությամբ հանդերձանքով ապահովումը.

2) հանդերձանքի պահեստներում և օգտագործման մեջ եղած համազգեստի հաշվառումը, պահպանման աշխատանքների իրականացումը.

3) փրկարարական ծառայողների համազգեստի կարի անհատական պատվերների կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի որակի նկատմամբ հսկողությունը:

7. Փրկարարական ծառայության համազգեստը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և օգտագործման ժամկետներով:

8. Անձնական օգտագործման հանդերձանքի պարագաները անձնակազմին տրվում են անհատական օգտագործման համար:

9. Հանդերձանքը պատվիրվում և պահեստավորվում է կենտրոնացված կարգով` փրկարարական ծառայողների թվաքանակին համապատասխան:

 

2. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Փրկարարական ծառայության համազգեստ տրամադրելու համար հիմք է հանդիսանում փրկարարական ծառայության անցնելու մասին համապատասխան իրավական ակտը:

11. Փրկարարական ծառայության հանդերձանքը բաշխվում է համաձայն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ցուցակի, իսկ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմին` անհատական կարգով:

12. Այլ ստորաբաժանումներ փրկարարական ծառայողի տեղափոխման դեպքում նրան տրվում է հանդերձանքով ապահովելու մասին համապատասխան վկայական:

13. Փրկարարական ծառայողին համազգեստի ուսադիրներ, տարբերանշաններ, թևքանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ հատկացվում են հասանելիք համազգեստի հետ միասին:

14. Փրկարարական ծառայողները, շնորհված կոչմանը համապատասխան, ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված համազգեստի ողջ լրակազմով:

15. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ ուսուցման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների հանդերձանքի ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշմամբ և սույն կանոններով սահմանված կարգով` հաշվի առնելով տվյալ պետության բնակլիմայական առանձնահատկությունները:

 

3. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Փրկարարական ծառայողը համազգեստը կրում է սույն կանոններին համապատասխան:

17. Ծառայության ընթացքում փրկարարական ծառայողները, շնորհված կոչմանը համապատասխան, կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշմամբ հաստատված ձևի համազգեստ`

1) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների.

2) փրկարարական ծառայության գնդապետից մինչև փրկարարական ծառայության ենթասպայի կոչում ունեցող ծառայողների.

3) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների:

18. Փրկարարական ծառայության համազգեստը դասակարգվում է`

1) տոնական.

2) ամենօրյա.

3) հատուկ (պաշտպանիչ):

19. Փրկարարական ծառայողի` սույն կանոնների 18-րդ կետում նշված համազգեստի ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

20. Տոնական համազգեստը կրում են հետևյալ դեպքերում`

1) հանդիսավոր նիստերի (կոլեգիա), երդման արարողության.

2) փրկարարական ստորաբաժանումներին խորհրդանիշ-դրոշակներ (շտանդարտներ) հանձնելու.

3) պատվո պահակի կազմի մեջ ընդգրկվելու.

4) խրախուսանքներ և պետական պարգևներ ստանալու.

5) պաշտոնի նշանակման և կոչում շնորհելու դեպքերում` ղեկավարներին ներկայանալու.

6) փրկարարական ծառայողների մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների անցկացման, տոնակատարություններին մասնակցելու.

7) տոների և հիշատակի օրերին` ծառայությունից դուրս:

21. Հատուկ (պաշտպանիչ) համազգեստը կրում են`

1) ծառայողական պարտականություններ և ծառայողական հատուկ խնդիրներ կատարելիս (փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանություն և այլն).

2) հերթապահությունների և ծառայողական պարապմունքների ժամանակ:

22. Սույն կանոնների 20-րդ և 21-րդ կետերով չնախատեսված մյուս բոլոր դեպքերում փրկարարական ծառայողները կրում են ամենօրյա համազգեստ:

23. Շարային երթի, ստուգատեսների, խորհրդակցությունների և ծառայողական պարապմունքների ժամանակ փրկարարական ծառայողների համազգեստի տեսակը որոշվում է դրանք անցկացնողների կողմից:

24. Ամառային կամ ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի անհատական իրավական ակտով (հրամանով):

25. Փրկարարական ծառայողներին արգելվում է կրել`

1) չսահմանված ձևի համազգեստ, համազգեստի պարագաներ, խորհրդանիշներ, տարբերանշաններ և կրծքանշաններ.

2) միաժամանակ ամենօրյա, տոնական և հատուկ համազգեստների պարագաները.

3) գունաթափ կամ կեղտոտված վերնաշապիկ, փողկապ.

4) կեղտոտ, վնասված վերնամասով, մաշված կրունկներով կամ ոլորված սրնքակալներով կոշիկներ.

5) համազգեստ` քաղաքացիական հագուստի հետ համատեղ:

26. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկը, ամենօրյա ամառային և տոնական կիսաբրդե գլխարկը կրում են ուղիղ, առանց թեքելու, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերի հետ հավասար բարձրության վրա: Բոլոր գլխարկների ներքևի մասը պետք է գտնվի հոնքերից 2 մատնաչափ (2-4 սմ) դեպի վեր բարձրության վրա:

27. Բերետը կամ պիլոտկան դրվում է փոքր-ինչ դեպի աջ թեքությամբ:

28. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները կրում են մուգ կապույտ, կարակուլե, ճակատային մասում Հայաստանի Հանրապետության զինանշանն ամրացված ձմեռային գլխարկ: Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները` մահուդից, բաղկացած թասակից և ճակատային մասից (հովհար), ոչխարի արծաթագույն մորթուց մշակված ականջակալներով ձմեռային գլխարկ:

29. Գլխարկանշանի կենտրոնը` գլխարկանշանի և խորհրդանշանի միջնագիծը պետք է գտնվեն քթարմատի վերևում:

30. Ականջակալներով գլխարկը` ականջակալներն իջեցրած, կրում են օդի -100 C և ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում, կոճկված դնչափոկով` ուժեղ քամու դեպքում: Իջեցված ականջակալների քուղերը կապվում են կզակի տակ, բարձրացված ականջակալների դեպքում` իրար կապված քուղերի ծայրերը պահվում են ականջակալների տակ:

31. Գլխից հանված գլխարկը պահում են ձախ իջեցրած ազատ ձեռքում: Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկը, ամենօրյա ամառային գլխարկը (կեպին), պիլոտկան, կիսաբրդե գլխարկը պահում են գլխարկանշանով դեպի առաջ, ականջակալներով գլխարկի ներքևի ծայրը ուղղված դեպի ծառայողի ոտքի կողմը:

32. Ձմեռային բրդյա վերարկուն կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում: Ձմեռային վերարկուի ներքևի եզրից մինչև գետին եղած հեռավորությունը 35 սմ է:

33. Կին փրկարարական ծառայողները ձմեռային վերարկուն կրում են բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում: Ձմեռային վերարկուի ներքևի եզրից մինչև գետին ընկած հեռավորությունը կազմում է 45 սմ: Կիսաշրջազգեստի երկարությունը պետք է լինի ծնկից:

34. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոնը կրում են կափույրով ծածկվող շղթան մինչև վերջ բարձրացված, լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:

35. Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում:

36. Երկարաթև վերնաշապիկը կրում են կիտելի հետ` բոլոր կոճակները կոճկված և փողկապով: Երկարաթև վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց կիտելի` փողկապով և ուսադիրներով, իսկ կարճաթև վերնաշապիկը` ուսադիրներով, առանց փողկապի, վերևի կոճակն արձակված:

37. Վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար կամ նրանից բարձր ոչ ավելի, քան 0.5 սմ: Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված ուսադիրներով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

38. Վերարկուի, կիտելի, բաճկոնի և վերնաշապիկի գրպանների կափույրները պետք է լինեն դուրս հանված:

39. Ամենօրյա համազգեստի տաբատը կրում են կիսաճտքավոր կոշիկների մեջ` ոչ ձիգ վիճակում տեղավորված կամ կոշիկների վրա իջեցված, իսկ կիսաբրդյա (տոնական) տաբատը կրում են կոշիկների վրա իջեցված: Տաբատները պետք է ունենան երկայնակի արդուկված ծալքեր:

40. Բրդյա գործվածքից ձեռնոցները կրում են ամենօրյա ձմեռային համազգեստի հետ, իսկ սպիտակ բամբակյա գործվածքից ձեռնոցները` տոնական համազգեստի հետ: Պատիվ տալուց ձեռնոցները չեն հանում:

41. Փրկարարական ծառայողները կրում են սահմանված նմուշի սև կոշիկ և կիսաճտքավոր կոշիկ` բարվոք և մշտապես մաքուր վիճակում: Կիսաճտքավոր կոշիկները կրում են կոշկեքաշերը խնամքով քողակապված վիճակում:

42. Կին փրկարարական ծառայողները կիսաշրջազգեստի հետ կրում են սև, մարմնագույն կամ մոխրագույն զուգագուլպաներ, գուլպաներ:

43. Փրկարարական ծառայողների տոնական գոտին և կաշեգոտին պետք է ամրացվի առջևի մասում` վերնազգեստի կոճակների` վերևից հաշված երկրորդ շարքի վերին մասում: Գոտու ճարմանդը պետք է լինի առջևի միջնամասում:

44. Դաշտային պայուսակը կրում են հագուստի վրայից` գոտու վրա:

45. Փողկապը վերնաշապիկին ամրացնում են սահմանված նմուշի ոսկեգույն ամրակով` վերևից երրորդ և չորրորդ կոճակների միջև:

 

4. ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐ (ՈՒՍԱԴԻՐՆԵՐ), ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

46. Փրկարարական ծառայողները համազգեստի վրա կրում են ուսանշաններ (ուսադիրներ)`

1) կարվող` վերարկուի, կիտելի, ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոնի վրա.

2) հանվող` ամենօրյա համազգեստի, վերնաշապիկի (կիսաթև, կարճաթև) վրա.

3) ներկարված` սվիտերի (երկարաթև, կարճաթև), շապիկի (մայկա) վրա:

47. Ուսանշանները (ուսադիրները) լինում են ամենօրյա և տոնական:

48. Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի կոչումներ ունեցող ծառայողների տոնական ուսանշանների ձևը, չափը, աստղերի տրամագիծը, քանակը և ամենօրյա ուսանշանների ձևը, չափը, ոսկեգույն անկյունային և դեղին ժապավենների քանակը, հաստությունը, լայնությունը, ոսկեգույն անկյունային ժապավենների միջև հեռավորությունը, դեղին ժապավենների միջև ընկած տարածությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ գլխում:

49. Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի կոչումներ ունեցող ծառայողների տոնական համազգեստի ուսանշանների վրա աստղերի դիրքը համապատասխանաբար որոշվում է`

1) փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 25 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ.

2) փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 50 մմ.

3) փրկարարական ծառայության գնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը` 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով` 25 մմ.

4) փրկարարական ծառայության փոխգնդապետի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ.

5) փրկարարական ծառայության մայորի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 45 մմ.

6) փրկարարական ծառայության կապիտանի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ.

7) փրկարարական ծառայության ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ.

8) փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ.

9) փրկարարական ծառայության ավագ ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ.

10) փրկարարական ծառայության ենթասպայի կոչում ունեցողների համար - աստղերի հեռավորությունը ուսադրի ներքին ծայրից մինչև առաջին աստղի կենտրոնը 30 մմ, հեռավորությունը աստղերի կենտրոնների միջև ուսադրի երկայնքով 25 մմ:

50. Փրկարարական ծառայողների ուսանշանների վրա աստղերը համապատասխանաբար տեղադրվում են`

1) կարվող և հանվող ուսադիրների վրա`

ա. փրկարարական ծառայության գեներալների կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքի գծի վրա,

բ. փրկարարական ծառայության գնդապետի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը մակաշերտերի վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա,

գ. փրկարարական ծառայության փոխգնդապետի կոչում ունեցողների համար` մակաշերտերի վրա,

դ. փրկարարական ծառայության մայորի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա,

ե. փրկարարական ծառայության կապիտանի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդը և չորրորդը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև,

զ. փրկարարական ծառայության ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը` ուսադրի եզրերի և մակաշերտի միջև, երրորդ աստղը` մակաշերտի վրա առաջին երկուսից վերև,

է. փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում ունեցողների համար` մեկական աստղ ուսադրի ծայրերի և մակաշերտի միջև,

ը. փրկարարական ծառայության ավագ ենթասպայի, ենթասպայի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա.

2) ներկարված ուսադիրների համար`

ա. փրկարարական ծառայության գնդապետի, ավագ լեյտենանտի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը` առաջին երկուսից վերև երկայնակի առանցքային գծի վրա,

բ. փրկարարական ծառայության մայորի, ավագ ենթասպայի, ենթասպայի կոչում ունեցողների համար` երկայնակի առանցքային գծի վրա,

գ. փրկարարական ծառայության կապիտանի կոչում ունեցողների համար` երկու ներքևի աստղերը երկայնակի առանցքային գծի երկու կողմերում, կողքերից և առանցքային գծից հավասար հեռավորության վրա, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից վերև` երկայնակի առանցքային գծի վրա:

51. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի կոչումներ ունեցող ծառայողների ձմեռային վերարկուի և կիտելի օձիքների դիմային մասում, ինչպես նաև ներկարված ուսադիրների վրա ուղղահայաց ասեղնագործվում են ոսկեզօծ տարբերանշաններ (դափնե ճյուղեր):

52. Ոսկեզօծ տարբերանշանները (դափնե ճյուղեր) համազգեստի վրա տեղադրվում են օձիքի ծայրի կիսանջատ հատվածին զուգահեռ այնպես, որ ներքևի ծայրը համընկնի օձիքի ծայրի հետ (չծածկելով օձիքի եզրաքուղը), իսկ ոսկեզօծ տարբերանշանի (դափնե ճյուղեր) արտաքին կողեզրը ձմեռային վերարկուի վրա հպվի օձիքի ներսի հարթակին` 10 մմ հեռավորության վրա օձիքի ծայրի կիսանջատ հատվածից:

53. Փրկարարական ծառայողների համազգեստի մետաղյա խորհրդանշանները (տարբերանշան) ամրացվում են կիտելի, ձմեռային (առանց մորթե օձիքի) վերարկուի օձիքի վրա` օձիքի անկյան կիսորդի ուղղությամբ 30 մմ հեռավորության վրա, ամենօրյա համազգեստի, ձմեռային վերարկուի վրա (բացի բարձրագույն խմբի կոչում ունեցողների) 35 մմ հեռավորության վրա օձիքի անկյունից մինչև խորհրդանշանի կենտրոնը, ընդ որում` խորհրդանշանի համաչափության ուղղահայաց առանցքը պետք է զուգահեռ լինի օձիքի կիսանջատ հատվածին:

54. Փրկարարական բոլոր ծառայողները համազգեստի ձախ թևքին, ուսակարից 80 մմ ներքև, կրում են փրկարարական ծառայողների (միասնական) համազգեստի թևքի տարբերանշան (թևքանշան):

 

5. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

55. Շքանշանները, մեդալները, կրծքանշանները, շքանշանների ժապավենները և շերտաձողիկների վրա ամրացված մեդալների ժապավենները, մյուս տարբերանշանները դասավորվում են համազգեստի վրա, պահպանելով հետևյալ առանձնահատկությունները`

1) պետական պարգևները տեղադրվում են պետական պարգևների և պարգևանշանների կրման կարգի համաձայն, հետևյալ հերթականությամբ` Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, Արցախի Հանրապետության պետական պարգևներ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական պարգևներ, գերատեսչական նշանակության մեդալներ և օտարերկրյա պարգևներ.

2) տոնական կիտելի (տարազաբաճկոնի) վրա շքանշանները և մեդալները կրծքավանդակի ձախ կողմում տեղաբաշխվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, կրծքավանդակի ուղղահայաց առանցքին համաչափ դարձածալի անկյունից 70 մմ ներքև, դարձածալի եզրից 10 մմ հեռավորության վրա: Եթե շքանշանները և մեդալները չեն տեղավորվում մեկ շարքի վրա, ապա տեղափոխվում են երկրորդ և հաջորդ շարքերը, առաջին շարքից ներքև.

3) շքանշանները և մեդալները կրծքավանդակի աջ կողմում տեղադրվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս: Առաջին շարքում չտեղավորվող շքանշանները և մեդալները տեղափոխվում են երկրորդ շարք, շարքով դասավորված շքանշանների պայմանական առանցքները պետք է լինեն միևնույն մակարդակի վրա.

4) հեռավորությունը շքանշանների (մեդալների) շարքերի միջև` 10 մմ, շքանշանների (մեդալների) միջև` 5-10 մմ.

5) վահանակով ամրացվող շքանշանները, մեդալները և պարգևանշանները տեղադրվում են աջ կողմում.

6) շքանշանների ժապավենները և մեդալների ժապավենները շերտաձողի վրա տեղադրվում են ձախ կողմում հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս, գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Շարքում տեղադրվում են 4 ժապավեններից ոչ ավելին: Մեկ շարքում չտեղավորվող ժապավենները տեղափոխվում են երկրորդ, երրորդ և չորրորդ շարքերը: Ընդ որում` վերջին շարքի շերտաձողի ներքևի ծայրը պետք է լինի գրպանի կափույրի վերին ծայրի մակարդակին: Ավելի քան 16 շքանշանների և մեդալների դեպքում կրում են միայն առավել բարձր կարգավիճակի շքանշանների և մեդալների ժապավենները: Շքանշանների և մեդալների ժապավենների հետ միասին շերտաձողի բարձրությունը պետք է կազմի 8 մմ.

7) Հայաստանի Հանրապետության «Պատվավոր կոչումների» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից 10 մմ աջ այնպես, որ նշանի շերտաձողի ներքևի ծայրը լինի օձիքի անկյան մակարդակին, իսկ շքանշանների (մեդալների) առկայության դեպքում` նրանցից վերև.

8) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանները տեղադրվում են դարձածալից աջ` ուսումնական հաստատության ավարտական կրծքանշանից առաջ.

9) տոնական կիտելի (տարազաբաճկոնի) վրա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալները կրծքավանդակի ձախ կողմում տեղադրվում են հորիզոնական շարքով կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս` հետևյալ հերթականությամբ`

ա. «Փառքի խաչ Նոյ» մեդալ,

բ. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ,

գ. «Անբասիր ծառայության համար» մեդալ,

դ. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ,

ե. «Անվեհեր փրկարար» մեդալ,

զ. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալ,

է. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալ,

ը. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալ.

10) համազգեստի վրա կրելու թույլատրված կրծքանշանները տեղադրվում են կրծքավանդակի աջ կողմում հորիզոնական մեկ շարքով` կրծքավանդակի կենտրոնից դեպի դուրս գրպանի ուղղահայաց առանցքին համաչափ: Մյուս կրծքանշանները տեղադրվում են գրպանի կափույրի ներքևի եզրից, հավասար հեռավորության վրա, ընդ որում` դրանց թիվը պետք է լինի 3 նշանից ոչ ավելին: Մեկ նշանի դեպքում այն տեղադրվում է գրպանի կենտրոնում, երկուսի դեպքում` ծայրերին, երեքի դեպքում` հորիզոնական շարքով: