Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.12.2016-13.04.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հոդ.64.20
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
01.02.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32212098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

1 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 06-387-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 124-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) և բ) ենթակետերի և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ 335-Ն օրենքի 1-ին հոդվածի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի և անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի ձևերը հաստատելու մասին» թիվ 387-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 124-Ն հրամանը:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահ՝

 Ե. Զախարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2012 թվականի փետրվարի 1-ի
N 27-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) մասնագիտական որակավորման անցկացման հետ կապված հարաբերությունները և պայմանները սահմանվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և սույն կարգով:

2. Հայաստանի Հանրապետությունում օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության բնագավառում հայտատուների որակավորումն անցկացնում, որակավորման վկայականները տրամադրում, դրանց գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 15.11.16 N 300-Ն)

3. Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

4. Որակավորման ստուգման անցկացման նպատակը` հայտատուի գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների ստուգումն է: Որակավորումն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Որակավորումն անցկացվում է առնվազն մեկ անգամ` յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում: Ստուգման համար թեմատիկ հարցաշարերը և առաջադրվող հարցերը կամ խնդիրները նախապատրաստում է կոմիտեն:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Որակավորման անցկացումը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են կոմիտեի ներկայացուցիչներ, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գործող գնահատողներ` իրենց համաձայնությամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում և հանձնաժողովի կազմում փոփոխությունները կատարվում են կոմիտեի նախագահի հրամանով:

6. Հանձնաժողովը կազմված է 5 անձից` նախագահից, քարտուղարից և 3 անդամներից: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանդիսանում են կոմիտեի ներկայացուցիչները:

7. Հանձնաժողովը՝

1) կազմակերպում է հայտատուների մասնագիտական որակավորման ստուգման անցկացման աշխատանքները.

2) որոշում է հայտատուների մասնագիտական որակավորման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին հայտարարությունը տրամադրում է որակավորման անցկացման աշխատանքները նախապատրաստող աշխատակազմին (այսուհետ` աշխատակազմ)` կոմիտեի պաշտոնական կայքում (www.cadastre.am) հրապարակելու համար.

3) կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակում է թեմատիկ հարցաշարը` ոչ ուշ, քան որակավորման ստուգման օրվանից 3 ամիս առաջ.

4) ամփոփում է որակավորման արդյունքները, կազմում եզրակացություն և այն ներկայացնում կոմիտեի նախագահին: Եզրակացությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները.

5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների կեսից ավելին:

9. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի քվեարկությամբ որոշված անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Որակավորման անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է աշխատակազմը:

11. Հայտարարությունը հրապարակվում է որակավորումն անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` կոմիտեի պաշտոնական կայքում: Հայտարարությունը կայքից կարող է հանվել որակավորման անցկացման օրվանից ոչ շուտ:

12. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազը հետևյալ տեղեկությունը.

1) սույն կարգով սահմանված գործունեության որակավորում ստանալու համար մասնագիտական գիտելիքների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

2) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը: Հայտատուները փաստաթղթերը կարող են ներկայացնել որակավորման մասին հայտարարությունը կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա՝ դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը.

3) մասնագիտական որակավորման անցկացումը սկսելու օրը, ժամը և վայրը.

4) աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

12.1. Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական վերաորակավորում ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից հետո կամ դրա ավարտից առնվազն երեք ամիս առաջ, բացառությամբ, եթե դիմումատուի անշարժ գույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:

(12.1-ին կետը լրաց. 15.11.16 N 300-Ն)

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

13. Մասնագիտական որակավորման ստուգման մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`

1) գրավոր դիմում (տրվում է կոմիտեի նախագահի անունով).

2) բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը.

3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի (նաև էլեկտրոնային կրիչով).

4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

14. Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

15. Աշխատակազմը հայտատուների ներկայացրած՝ սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերի պատճեններն ընդունում է` դրանք համեմատելով բնօրինակների հետ, որից հետո այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

16. Մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտատուների ներկայացրած դիմումների և կից փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը և սույն կարգին ստուգվում է աշխատակազմի կողմից, որից հետո այն ներկայացվում է կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը` համապատասխան նշագրում կատարելուց հետո վերադարձնում է աշխատակազմին:

Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուն պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

17. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

18. Աշխատակազմում վարվում է որակավորման անցկացման համար դիմած հայտատուների տվյալների գրառման համարակալված մատյան: Մատյանում առնվազն նշվում են որակավորման անցկացման համար դիմած յուրաքանչյուր հայտատուի անձնական տվյալները, որակավորման քննության օրը, ժամը, քննության արդյունքը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, ինչպես նաև կարող են ներառվել այլ տեղեկություններ: Որակավորման անցկացման համար դիմած յուրաքանչյուր հայտատուի տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման օրը:

19. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր հայտատու կարող է որակավորման ստուգման անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել որակավորմանը մասնակցելուց:

20. Եթե որակավորման ստուգմանը մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտման պահը ոչ մի դիմում-հայտ չի ներկայացվել, ապա դրա մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կարգով ներկայացվում է կոմիտեի նախագահին, որի համապատասխան ցուցումի համաձայն նշանակված մասնագիտական որակավորումը համարվում է չկայացած, որից հետո կոմիտեի կայքից հեռացվում է հայտարարությունը:

21. Աշխատակազմը որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր հայտատուին (բացառությամբ սույն կարգի 19-րդ կետում նշվածների) վերաբերող փաստաթղթերի փաթեթը (համարակալված և կարված) և այդ փաստաթղթերի ամբողջականության մասին տեղեկանքը որակավորման օրը ներկայացնում է հանձնաժողովին:

22. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում ևս մեկ անգամ ուսումնասիրում է հայտատուների ներկայացրած փաստաթղթերը, ելնելով` նրանց ներկայությունը հաստատելու նկատառումից, և ընդունում համապատասխան արձանագրային որոշում` հայտատուներին որակավորման ստուգմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մասնակից հայտատուների ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

23. Եթե հանձնաժողովը կարգով նախատեսված դեպքերում որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմած հայտատուներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել որակավորման ստուգմանը, ինչպես նաև, եթե որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած հայտատուներից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում որակավորման ստուգման անցկացումը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը հանձնաժողովն ուղարկում է կոմիտեի նախագահին:

24. Որակավորման ստուգումն անցկացվում է կայքում զետեղված հայտարարության մեջ նշված ժամկետում:

25. Հարցաշարը պետք է ներառի ոչ պակաս քան 800 հարց` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, հողային օրենսգիրքը, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և ՀՍՏ 252-2012 Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՎՈՐ (ԹՂԹԱՅԻՆ) ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

26. Որակավորման թեստային ստուգումը իրականացվում է տեխնիկական (համակարգչային) միջոցներով, իսկ դրա անհնարինության դեպքում` գրավոր ընթացակարգով:

(26-րդ կետը խմբ. 15.11.16 N 300-Ն)

27. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան տեխնիկայի միջոցներով:

28. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող և բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթերի բնօրինակները: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ: Ուշ ներկայացած հայտատուները չեն կարող մասնակցել որակավորման ստուգմանը:

29. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից:

(29-րդ կետը խմբ. 15.11.16 N 300-Ն)

30. Հայտատուն նախօրոք ծանոթացվում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին: Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է մասնակիցների բոլոր հարցերին` հավաստիանալով, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:

31. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարց ենթադրում է մեկ ճիշտ պատասխան` առաջարկված երեք կամ չորս տարբերակներից: Մասնակիցը նշում է կատարում ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխան: Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, որևէ պատասխան չնշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, եթե նույնիսկ դրանցից մեկը ճիշտ տարբերակն է:

32. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքի կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև` դուրս գալ սենյակից: Մասնակցի կողմից սույն պայմանների խախտման մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

(32-րդ կետը խմբ. 15.11.16 N 300-Ն)

33. Սույն կարգի 29-րդ և 32-րդ կետերում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը որակավորմանը դադարեցվում է, աշխատանքը համարվում է ոչ լիարժեք և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովն արձանագրում և հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

(33-րդ կետը փոփ. 15.11.16 N 300-Ն)

34. Թեստավորման փուլի համար թեստային առաջադրանքը բաղկացած է 80 հարցից, որից 30-ը ՀՀ օրենսդրությունից և 50-ը` մասնագիտական:

(34-րդ կետը խմբ. 15.11.16 N 300-Ն)

35. Թեստավորման փուլի համար մասնակիցներին տրվում է 120 րոպե:

36. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

37. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման փուլի համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, որն արձանագրվում է հանձնաժողովի կողմից:

38. Հայտատուն հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերում թեստավորման առաջադրանքի առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

39. Եթե հայտատուներից ոչ ոք թեստային առաջադրանքի համար 38-րդ կետով սահմանված նվազագույն շեմը չի հաղթահարել, ինչպես նաև այդ շեմը հաղթահարած միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են հարցազրույցի փուլին մասնակցելուց (հրաժարումը գրավոր կարգով), կամ դադարեցվել է միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մասնակցությունը որակավորմանը սույն կարգով սահմանված դեպքերում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում` որակավորման արդյունքում որակավորում չստանալու մասին և այդ որոշումը ներկայացնում է կոմիտեի նախագահին: Սույն կետում նշված որոշումը հայտատուների կողմից կարող է բողոքարկվել վերադասությամբ, ինչպես նաև` դատական կարգով:

40. Թեստային առաջադրանքի որևէ հարցի կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորների ամփոփման հնարավոր սխալի առնչությամբ հայտատուն կարող է Հայստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել վերադասությամբ, ինչպես նաև` դատական կարգով:

 

VI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

41. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո, թեստավորման փուլի համար համակարգչում նախապես զետեղված հարցաշարից, համակարգչային գեներացման ծրագրի միջոցով, հայտատուին առաջադրվում է անհատական հարցաշար՝ բաղկացած 80 հարցից:

42. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստային առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո թեստավորման արդյունքներն ամփոփվում են համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով:

43. Հայտատուի կողմից թեստային առաջադրանքն ավարտելուց, ինչպես նաև՝ թեստային առաջադրանքը կատարելու համար նախատեսված ժամանակը սպառվելուց հետո, հանձնաժողովի քարտուղարը, հանձնաժողովի նախագահի և հայտատուի ներկայությամբ, համակարգչով տպում է առաջադրանքի կատարման արդյունքների ամփոփաթերթը, որը ստորագրվում է հայտատուի, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից: Թեստային առաջադրանքի ամփոփումը կատարում է համակարգիչը, որից անմիջապես պարզ է դառնում հայտատուն հարցազրույցի փուլ անցնելու իրավունք ձեռք է բերել, թե՝ ոչ:

 

VII. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ (ԹՂԹԱՅԻՆ) ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

44. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, համակարգչում զետեղված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է գրավոր թեստավորումն անցկացնելու համար հարցեր և կազմում թեստ՝ բաղկացած 80 հարցից:

45. Հանձնաժողովի քարտուղարը թեստային առաջադրանքի թղթային տեքստը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը, որից հետո՝ մասնակիցը ծանոթանում է առաջադրանքին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում:

46. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ, կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան: Ամփոփաթերթի վրա այլ գրառումներ կատարելը կհանգեցնի ամփոփաթերթի անվավերության:

47. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստային առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո մասնակիցը պատասխանների ամփոփաթերթի առաջին օրինակը գցում է կնքված արկղի մեջ, թեստային առաջադրանքի տեքստը հանձնում է հանձնաժողովի անդամին, վերցնում է իր պատասխանների ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:

 

VIII. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

48. Հանձնաժողովի անդամները ձևանմուշի միջոցով ստուգում են մասնակցի կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:

49. Թեստավորման արդյունքները ամփոփվում է սույն կարգի 31-րդ և 46-րդ կետերով:

50. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

51. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

52. Մասնակիցների հավաքած միավորների (տոկոսները) հայտարարումից անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքի ճիշտ պատասխանների ձևանմուշը:

53. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 52-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

54. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

55. Եթե հանձնաժողովը քվեարկությամբ որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով: Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

56. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է որակավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

 

IX. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

57. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց: Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է 5 հարց:

59. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տրվում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշ:

60. Հայտատուին հատկացվում է 5 րոպե հարցատոմսին ծանոթանալու համար, այնուհետև` իր նախընտրած հերթականությամբ, պատասխանում է հարցերին:

61. Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է մասնակցի պատասխանն ըստ հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի` դրական կամ բացասական:

Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից այլ հարցեր, որոնք գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:

62. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

63. Սույն կարգի 62-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը որակավորմանը դադարեցվում է:

64. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում է: Հարցազրույցի ձայնագրումից առաջ հանձնաժողովը տեղում ստուգում և համոզվում է, որ ձայնագրիչը սարքին է:

65. Հանձնաժողովի անդամները գնահատումն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որտեղ նշվում են մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատմանը մասնակցող հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը:

66. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և հարցազրույցի փուլում մասնակցի հավաքած արդյունքները:

67. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող անդամների պարզ մեծամասնության դրական գնահատականների կամ դրական և բացասական գնահատականների հավասար քանակության դեպքում հայտատուն համարվում է հարցազրույցն անցած:

 

X. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

68. Որակավորման արդյունքները հրապարակվում են որակավորումն անցկացվելուց հետո նույն օրը՝ անմիջապես արդյունքներն ամփոփելուց հետո: Որակավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է որակավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը հաստատվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

69. Որակավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են՝

1) որակավորման անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև որակավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

2) որակավորման արդյունքում թեստավորման և հարցազրույցն անցած մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

70. Որակավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել հայտատուի (իր արդյունքների մասով), իսկ հանձնաժողովի անդամի կողմից` ընթացակարգային խախտումների մասով: Գրավոր բողոքը քննության է առնում կոմիտեի նախագահը: Գրավոր բողոքը պետք է տրվի որակավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` աշխատակազմին, որն այն ստանալուց հետո անմիջապես ուղարկում է կոմիտեի նախագահին:

71. Աշխատակազմը որակավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվեն այն հայտատուի (հայտատուների) անունը, ազգանունը և հայրանունը, ում որակավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք: Կոմիտեն գրավոր բողոքը քննության է առնում այն աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` կոմիտեի նախագահի համապատասխան կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ):

72. Գրավոր բողոքը քննության առնելիս ուսումնասիրվում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլում տվյալ հայտատուի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և հանձնաժողովի անդամի (անդամների) կողմից տրված գնահատականը (գնահատականները), որոնք կարող են փոփոխվել կոմիտեի նախագահի կողմից (իջեցվել կամ բարձրացվել):

73. Բողոքարկման արդյունքում կոմիտեի նախագահն, աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) կոնկրետ հայտատուի որակավորման վերաբերյալ արդյունքն անփոփոխ թողնելու մասին.

2) որակավորման հարցազրույցի փուլը կոնկրետ հայտատուի կողմից հաղթահարվելու մասին:

74. Կոմիտեն ընդունված որոշումը, տեսանելի ցուցանակի վրա, հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը:

75. Սույն կարգի 73-րդ կետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

XI. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

76. Հանձնաժողովի դրական եզրակացությունը հիմք է հայտատուին որակավորման վկայական տրամադրելու համար:

77. Որակավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ հանձնաժողովից ստացված որակավորումն անցած հայտատուների վերաբերյալ եզրակացությունը և որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հաստատելու և որակավորման վկայականներ տրամադրելու վերաբերյալ կոմիտեի նախագահի հրամանի նախագիծն աշխատակազմը ներկայացնում է կոմիտեի նախագահին:

78. Համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այն կայացնելուն հաջորդող երեք օրվա ընթացքում, կոմիտեի նախագահն ընդունում է որոշում հայտատուին որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

79. Հանձնաժողովն աշխատակազմին փոխանցում է որակավորման անցկացման փաթեթը, որը ներառում է (կարող է ներառել) հետևյալ փաստաթղթերը`

1) որակավորման անցկացման ընթացքի մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովի՝ իրավազոր չլինելու մասին արձանագրությունը.

3) որակավորմանը մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.

4) որակավորման անցկացման մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

5) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

6) մասնակիցների հետ անցկացված հարցազրույցների ձայնագրությունները.

7) որակավորման թեստավորման փուլը հաղթահարելու մասին որոշումը.

8) որակավորման թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշումը.

9) որակավորման հարցազրույցի փուլը հաղթահարելու մասին որոշումը.

10) որակավորման հարցազրույցի փուլը չհաղթահարելու մասին որոշումը.

11) որակավորման արդյունքում ոչ մի հայտատուի որակավորում չտալու մասին որոշումը.

12) որակավորումը չկայացած համարելու մասին որոշումը.

13) թեստավորման առաջադրանքի թղթային տեքստերը.

14) թեստավորման առաջադրանքի ճիշտ պատասխանների ձևանմուշը.

15) հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշը (ձևանմուշները), ամփոփաթերթերը.

16) որակավորման անցկացման արդյունքների հրապարակման թերթիկը.

17) այլ փաստաթղթեր:

79.1. Մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուն` որակավորման վկայական ստանալու համար, պետք է դիմի կոմիտե` կից ներկայացնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(79.1-ին կետը լրաց. 15.11.16 N 300-Ն)

79.2. Աշխատակազմը, հիմք ընդունելով սույն կարգի 79-րդ և 79.1-րդ կետերում նշված փաստաթղթերը, 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը:

(79.2-րդ կետը լրաց. 15.11.16 N 300-Ն)

80. Աշխատակազմը սույն կարգի 79-րդ կետում նշված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

81. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացքը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

 

Ձև

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահ _____________________ ին

_______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

(բնակության վայրը)

_______________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը)

 

ԴԻՄՈՒՄ – ՀԱՅՏ

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցել անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ`

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

3. պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև էլեկտրոնային կրիչով):

 

 ՀԱՅՏԱՏՈՒ

 _________________
(ստորագրությունը)

 ___________________________________
(անունը, ազգանունը)

     

«_____» «________________» 20____թ.:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահ`

պարոն ___________________________________ -ին

____________________________________________ -ից

 

 (անուն, ազգանուն, հայրանուն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ս/թ _________________________ ______ -ին անցել եմ անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգումը: Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստանալու համար կից ներկայացնում եմ համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Դիմող՝

______________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

«____» ___________________ 20   թ.

 

(ձևը լրաց. 15.11.16 N 300-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 28.10.14 N 335-Ն, խմբ. 06.11.15 N 281-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.11.16 N 300-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2012թ. փետրվարի 1-ի

N 27-Ն հրամանի

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ԱԳԳ _____

 

Սույն վկայականը տրվում է

__________________________________________-ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Որակավորված
անձի
լուսանկարը
3X4 սմ չափսի

 առ այն, որ նա մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր 

 անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից

 կազմակերպված անշարժ գույքի գնահատման գործունեության

 մասնագիտական որակավորման ստուգմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 

 20__թվականի ____________ ____-ի N ____-Ա 

 հրամանի համաձայն ստացել է

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Գործողության ժամկետը մինչև` ___ ___________ 20___թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր 

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

նախագահ`

 ____________  ______________
   (ստորագրություն)  (անունը, ազգանունը)

 Կ.Տ.

 

 ___ _______________ 20__թ.

(հավելվածը խմբ. 28.10.14 N 335-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան