Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2013

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱԲԴՈՒԼԽԱԿՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

2 հոկտեմբերի 2012թ.

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունքը) որպես Պալատ, հետևյալ կազմով.

 

Նինա Վաջիչ, նախագահ,

Անատոլի Կովլեր,

Պիեր Լորենզեն,

Էլիզաբեթ Ստեյներ,

Խանլար Հաջիև,

Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոս,

Էրիկ Մոոս, դատավորներ,

և Սորեն Նիելսեն, բաժանմունքի քարտուղար,

Դռնփակ խորհրդակցելով 2012 թվականի սեպտեմբերի 11-ին՝ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ազգությամբ ուզբեկ Մուրոդզոն Ադիկխամզոնովիչ Աբդուլխակովի («դիմող») կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ 2011 թվականի մարտի 6-ին բերված գանգատի (թիվ 14743/11) հիման վրա:

2. Դիմողին ներկայացնում էին Մոսկվայում գործող փաստաբաններ տկն Ե. Ռյաբինինան և տկն Դ. Տրենինան: Ռուսաստանի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը:

3. Դիմողը պնդել է, մասնավորապես, որ Ուզբեկստան իր հանձնումն իրեն դրել է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի տակ, իր հանձնմանը նախորդող կալանավորումն անօրինական է եղել և իր կալանավորման արդյունավետ դատական վերանայում չի եղել:

4. 2011 թվականի մարտի 8-ին Առաջին բաժանմունքի նախագահը պատասխանող Կառավարությանը, որ մինչև հաջորդ ծանուցումը դիմողը չի կարող հանձնվել Ուզբեկստանին (Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոն):

5. 2011 թվականի մայիսի 6-ին դիմումը ներկայացվել է Կառավարությանը: Նաև որոշում է կայացվել գործի ըստ էության քննությունն ու ընդունելիության հարցը քննարկել համատեղ (29-րդ հոդվածի 1-ին մաս):

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

6. Դիմողը ծնվել է 1979 թվականին: Այժմ նա թաքնվում է Տաջիկստանում:

A. Դիմողի կենսագրությունն ու Ռուսաստան նրա ժամանելը

7. Դիմողն ապրել է Ադիջան մարզի Սուլթանաբադ գյուղում, որը տեղակայված է Ուզբեկստանի Ֆերգանյան հովտում: Նա աշխատել է որպես ատաղձագործ:

8. Դիմողի կողմից Ուզբեկստանից հեռանալուն նախորդող իրադարձությունները, ինչպես նկարագրված են նրա կողմից, համառոտ ներկայացված են ստորև:

9. 2009 թվականի մայիսի 25-ին հարևան քաղաքի` Խանաբադի ոստիկանության բաժինը հրկիզվել էր: Մի շարք վկաներ հայտարարել էին, որ տեսել էին Սուլթանաբադի բնակչի պատկանող ավտոմեքենա: Ավտոմեքենայի սեփականատերը ձերբակալվել էր: Ոստիկանությունը պարզել էր, որ նա Իսլամ է դավանում և կանոնավոր կերպով մզկիթ է հաճախում:

10. Տեղական մզկիթի իմամը ձերբակալվել էր, խոշտանգվել և հարկադրել էին բացահայտելու մզկիթի բոլոր այցելուների անունները: Մասնավորապես, նա տվել էր պրն Կ.-ի անունը, ով Ղուրան էր քարոզում: Նա ոստիկանությանը տվել էր իր աշակերտների անունները, այդ թվում` դիմողի անունը:

11. Դիմողին կանչել էին ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նրան ծեծել էին ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին խոստովանություն կորզելու նպատակով: Այնուամենայնիվ, նրան ազատ էին արձակել նրա հարազատների կողմից ոստիկանությանը կաշառելուց հետո: Այնուհետև նա տուգանքի էր ենթարկվել անօրինական կրոնական հավաքներին մասնակցելու և մզկիթից դուրս աղոթելու համար:

12. Ըստ դիմողի` բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել էին 2009 թվականի մայիսի 25-ի դեպքերից հետո, մեղավոր էին ճանաչվել հակակառավարական գործողությունների համար ու դատապարտվել ազատազրկման:

13. 2009 թվականի օգոստոսի 24-ին դիմողը մեկնել էր Ղազախստան: Նրա ընտանիքը, այդ թվում` նրա ծնողները, նրա եղբայրներից մեկը, կինը և երեք անչափահաս երեխաները, մնացել էին Ուզբեկստանում:

14. 2009 թվականի սեպտեմբերի 8-ին դիմողի` Սուլթանաբադի տունը խուզարկվել էր և հայտնաբերվել էր կրոնական գիրք: Այնուհետև նա հեռախոսազանգ էր ստացել տարածքային ոստիկանության աշխատակցի կողմից, ով պնդել էր, որ նա պետք է Ուզբեկստան վերադառնա:

15. 2009 թվականի նոյեմբերի 4-ին դիմողը Ղազախստանից մեկնել է Ռուսաստան: Սկզբում նա մեկնել է Կազան, որտեղ բնակվել է նրա մյուս եղբայրը, իսկ հետո` 2009 թվականի դեկտեմբերի 8-ին, գնացքով մեկնել է Մոսկվա: Նա նպատակ է ունեցել մեկնելու Ուկրաինա, որտեղ ցանկացել է դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

B. Ուզբեկստանում դիմողի նկատմամբ քրեական վարույթի հարուցումը, Ռուսաստանում դիմողի ձերբակալումն ու Ուզբեկստանին հանձնելու մասին միջնորդությունը

16. 2009 թվականի սեպտեմբերի 20-ին Ադիջանի մարզի Ներքին գործերի դեպարտամենտը դիմողին մեղադրել է ֆունդամենտալիստական, անջատողական և կրոնական բնույթի ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու մեջ (Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 244-2-րդ հոդվածի 1-ին մաս):

17. 2009 թվականի հոկտեմբերի 9-ին Ադիջանի քաղաքային դատարանը թույլատրել էր դիմողի ձերբակալումը: 2009 թվականի հոկտեմբերի 13-ին նրա անունը ներառվել էր հետախուզվող անձանց ցանկում:

18. 2009 թվականի հոկտեմբերի 24-ին Ադիջանի մարզի Ներքին գործերի դեպարտամենտը փոխել էր դիմողի դեմ ներկայացված մտրեղադրանքը: Նա մեղադրվում էր ֆունդամենտալիստական, անջատողական և կրոնական բնույթի ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու, ծայրահեղական նյութերի մաքսանենգության, կրոնական ծայրահեղություն, ֆունդամենտալիզմ և անջատողականություն պարունակող նյութերի պահպանման և տարածման, հասարակական կարգն ու անդորրը խախտելու նպատակով դավանանքն օգտագործելու, զրպարտություն տարածելու, ինստիտուտները վնասելու և ազգային անվտանգության ու հաստատված վարքագծի կանոնների դեմ այլ գործողություններ կատարելու, Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունն ուզուրպացնելու և Ուզբեկստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր անելու մեջ (Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 244-2-րդ հոդվածի 1-ին մասով, 246-րդ հոդվածի 1-ին մասով, 244-1-րդ հոդվածի 3-րդ մասով և 159-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ): Մասնավորապես նա մեղադրվում էր արգելված կազմակերպությանը` «ջամաթին», անդամակցելու մեջ, որը ենթադրաբար տարածում էր «Վահհաբիզմի անջատողական, ֆունդամենտալիստական և ծայրահեղական գաղափարներ»: Այդ կազմակերպության անդամներից պահանջվում էր կազմակերպել կանոնավոր կրոնական հավաքներ և գումար հանգանակել: Դիմողը նաև մեղադրվում էր Մուհամմեդ Ռաֆիք Կամոլիդդինի և Աբդուվալի Միրզաևի հեղինակած կրոնական գրքերի մաքսանենգության մեջ, որոնք ենթադրաբար «քարոզում էին հակասահմանադրական և հակակառավարական տրամադրվածություն» և պարունակում էին «ավանդական իսլամի վերաբերյալ զրպարտողական ինստիտուտներ»: Ներքին գործերի դեպարտամենտը վերոգրյալից եզրակացրեց, որ, լինելով արգելված կազմակերպության անդամ և զբաղվելով կրոնական ծայրահեղական գրքերի մաքսանենգությամբ, դիմողը տարածել է Վահհաբիզմի գաղափարները, որոնք կոչ են անում հիմնել Շարիաթի վրա հիմնված Իսլամական Խալիֆաթ և «տապալել Ուզբեկստանի Հանրապետության ժողովրդավարական համակարգը»:

19. 2009 թվականի դեկտեմբերի 8-ին Մոսկվայի Ներքին գործերի դեպարտամենտն Ադիջանի մարզի հակաահաբեկչական դեպարտամենտին տեղեկացրեց, որ ըստ նրանց տեղեկությունների` դիմողը Մոսկվա կժամանի հաջորդ օրը: Ի պատասխան այդ գրության` Ադիջանի մարզի հակաահաբեկչական դեպարտամենտը հաստատեց, որ դիմողը հետախուզվում է Ուզբեկստանի իշխանությունների կողմից ֆունդամենտալիստական, անջատողական և կրոնական բնույթի ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու մեջ և ձերբակալման կարգադրությունը կայացվել է նրա վերաբերյալ: Այն Մոսկվայի Ներքին գործերի դեպարտամենտին խնդրեց դիմողին կալանքի վերցնել հանձնման մասին միջնորդությունը ներկայացնելու համար, որն անհապաղ կուղարկվեր:

20. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին` Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, դիմողը ձերբակալվեց:

21. 2009 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն Ուզբեկստանի գլխավոր դատախազից ստացավ դիմողին հանձնելու մասին միջնորդություն: Ուզբեկստանի դատախազությունը հավաստիացրեց, որ դիմողը չի հանձնվի Երրորդ կողմի կամ հետապնդվի կամ պատժվի նախքան հանձնումը կատարված որևէ հանցագործության համար, որը նշված չի լինի հանձնման մասին միջնորդության մեջ, առանց Ռուսաստանի իշխանությունների համաձայնության: Այն նաև հայտարարեց, որ իր պատիժը կրելուց հետո նա ազատ կարող է լքել Ուզբեկստանը:

22. 2009 թվականի դեկտեմբերի 31-ին, 2010 թվականի հունվարի 19-ին և փետրվարի 3-ին Արտաքին գործերի նախարարությունը, Միգրացիոն դաշնային ծառայությունն ու Դաշնային ազգային անվտանգության ծառայությունը գլխավոր դատախազին տեղեկացրեցին, որ դիմողը Ռուսաստանի քաղաքացի չէ և Ուզբեկստանին հանձնելու որևէ այլ արգելքներ չկան:

23. 2010 թվականի մայիսի 5-ին Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալի կողմից այլ հավաստիացումներ տրվեցին: Նա հավաստիացրեց, որ վերջինս խոշտանգումների, բռնությունների կամ որևէ այլ անմարդկային կամ վատ վերաբերմունքի չի ենթարկվի և կհարգվեն նրա պաշտպանության իրավունքները: Նա նաև հավաստիացրեց, որ Ուզբեկստանի իշխանություններ դիմողին քաղաքական շարժառիթներով կամ նրա ռասսայական կամ դավանանքի նկատառումներով հետապնդելու մտադրություն չունեն:

C. Դիմողի կալանավորման վերաբերյալ որոշումները

24. 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկովյան-Ռյզանսկի տրանսպորտային դատախազը թույլատրեց դիմողի կալանավորումը: Նա հղում տվեց Ադիջանի քաղաքային դատարանի կողմից արձակված ձերբակալության մասին որոշմանը, Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածին և Քրեական դատավարության օրենսգրքի («ՔԴՕ») 108-րդ հոդվածին:

25. 2010 թվականի հունվարի 18-ին Մոսկովյան-Ռյզանսկի տրանսպորտային դատախազը կրկին թույլատրեց դիմողի կալանավորումը: Նա հղում տվեց Ուզբեկստանի իշխանությունների կողմից ստացված հանձնման մասին միջնորդությանը և ղեկավարվեց ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասով:

26. 2010 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայի Մեսչանսկի շրջանային դատարանը դիմողի կալանավորումը երկարացրեց մինչև 2010 թվականի հունիսի 9-ը` հղում տալով ՔԴՕ 109-րդ հոդվածին: 2010 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայի քաղաքային դատարանը վերաքննիչ բողոքի արդյունքում անփոփոխ թողեց որոշումը:

27. 2010 թվականի հունիսի 9-ին Մեսչանսկի շրջանային դատարանը դիմողի կալանավորումը երկարացրեց մինչև 2010 թվականի սեպտեմբերի 9-ը` հղում տալով ՔԴՕ 109-րդ հոդվածին: 2010 թվականի հուլիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը վերաքննիչ բողոքի արդյունքում անփոփոխ թողեց որոշումը: Այն գտավ, մասնավորապես, որ դիմողի կալանավորումը համապատասխանում է Մինսկի 1993 թվականի կոնվենցիայի 61-րդ հոդվածին և ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասին:

28. 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Մեսչանսկի շրջանային դատարանը դիմողի հետագա կալանավորումը երկարացրեց մինչև 2010 թվականի դեկտեմբերի 9-ը:

29. Դիմողը 2010 թվականի սեպտեմբերի 10-ին բողոքարկեց որոշումը: 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժեց նրա բողոքը և անփոփոխ թողեց 2010 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը:

30. 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դատարանը դիմողի կալանավորումը երկարացրեց մինչև 2011 թվականի հունիսի 9-ն այն հիմքերով, որ նրա դեմ իրականացվող հանձնման վարույթը դեռևս շարունակվում էր:

31. 2010 թվականի դեկտեմբերի 16-ին դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք: 2011 թվականի հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն անփոփոխ թողեց կալանավորման ժամկետի երկարացման մասին որոշումը:

32. 2011 թվականի հունիսի 9-ին Մոսկովյան-Ռյզանսկի տրանսպորտային դատախազը կարգադրեց դիմողին ազատ արձակել նրա փաստաբանի անձնական երաշխավորությամբ: Հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը (տե՛ս ներքևում` պարագրաֆ 64)` նա գտավ, որ Ռուսաստանի օրենսդրությամբ թույլատրված կալանավորման առավելագույն ժամկետը լրացել է և հնարավորություն չկա հանձնելու դիմողին Դատարանի կողմից կիրառված ժամանակավոր միջոցի պատճառով:

D. Ժամանակավոր ապաստանի և փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները

33. 2009 թվականի դեկտեմբերի 22-ին դիմողը դիմել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությանը («ԴՄԾ») փախստականի կարգավիճակ ստանալու համար: Մասնավորապես, նա հայտնել է, որ Ուզբեկստանում նա հետապնդման է ենթարկվել իր կրոնական հայացքների համար: Նա վախենում էր խոշտանգման ենթարկվել խոստովանելով այն հանցագործությունները, որոնք նա չէր կատարել:

34. 2010 թվականի ապրիլի 13-ին ԴՄԾ Մոսկվայի քաղաքային դեպարտամենտը մերժել է նրա դիմումը:

35. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին այդ որոշումը հաստատվեց ԴՄԾ ղեկավարի տեղակալի կողմից: Նա գտավ, որ, հաշվի առնելով այն, որ Ուզբեկստանի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, Իսլամին անդամագրվելու համար հետապնդման ենթարկվելը հավանական չէ: Չնայած, ըստ Արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության, Ուզբեկստանի իշխանությունները խիստ հսկողություն են իրականացնում բնակչության կրոնական կյանքի նկատմամբ, սակայն դա արդարացված է օրինաչափ նպատակով` սահմանափակելու ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների, ինչպես օրինակ` Ջամաաթ-ի-Իսլամի ազդեցությունը: ԴՄԾ-ն իրավասություն չունի ստուգելու, թե Ուզբեկստանում դիմողի դեմ ներկայացված մեղադրանքներն արդյոք հիմնավո՞ր էին, թե՞ ոչ: Դրանից հետևաբար ակնհայտ է, որ փախստականի կարգավիճակ ստանալու շարժառիթը դիմողի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով է կատարվում: Ինչ վերաբերում է դիմողի պնդումներին Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի մասին, ապա դրանք չեն կարող հիմք ծառայել փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նման վտանգի առկայությունը, եթե հիմնավորված է, այնուամենայնիվ, կարող է հիմք հանդիսանալ ժամանակավոր ապաստան տրամադրելու համար:

36. Դիմողը Մոսկվայի Բասմաննիի շրջանային դատարանում վիճարկել է մերժումը: Նա գանգատվել է, որ ԴՄԾ-ն կանխակալ վերաբերմունք է ունեցել իրենց մեղսագրված հանցագործությունների վերաբերյալ և հաշվի չի առել իր այն փաստարկը, որ հետապնդման է ենթարկվել իր կրոնական համոզմունքների համար: Նա հայտնել է, որ խոշտանգվել էր և տուգանքի ենթարկվել մզկիթից դուրս աղոթելու համար, իսկ այդ քրեական վարույթն իր դեմ հարուցվել էր այդ գիրքն իր տանը հայտնաբերելուց հետո, որն իշխանությունների կողմից երբևէ ծայրահեղական կամ արգելված չի հայտարարվել: Նա նաև հղում է տվել Դատարանի նախադեպային իրավունքին, մասնավորապես` Yuldashev v. Russia գործին (գանգատ թիվ 1248/09, 2010 թվականի հուլիսի 8), Abdulazhon Isakov v. Russia գործին (գանգատ թիվ 14049/08, 2010 թվականի հուլիսի 8) և Karmirov v. Russia գործին (գանգատ թիվ 54219/08, 2010 թվականի հուլիսի 29), որոնցում Դատարանը համանման հանգամանքներում գտել էր, որ դիմողին հարկադրաբար Ուզբեկստան վերադարձնելը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:

37. 2010 թվականի նոյեմբերի 19-ին Բասմաննիի շրջանային դատարանը հաստատել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը: Այն գտավ, որ փախստականի կարգավիճակի տրամադրման մերժման պատճառները, որոնք ներկայացվել էին ԴՄԾ կողմից, հիմնավոր են և դիմողը չի հիմնավորել իր փաստարկը, որ հետապնդման է ենթարկվել կրոնական համոզմունքների համար:

38. Դիմողը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Նա կրկնել է ԴՄԾ-ին և Բասմաննիի շրջանային դատարանին իր ներկայացրած փաստարկները: Նա նաև հղում է կատարել Amnesty International-ի զեկույցներին, որոնք նկարագրում են իսլամական կրոնական փոքրամասնությունների անդամների նկատմամբ հալածանքներն ու վատ վերաբերմունքը:

39. 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ թողեց 2010 թվականի նոյեմբերի 19-ի վճիռը` գտնելով, որ այն օրինական է եղել, պատճառաբանված և արդարացված:

40. 2011 թվականի հունիսի 16-ին դիմողը դիմեց ԴՄԾ-ին ժամանակավոր ապաստան ստանալու նպատակով` հղում կատարելով իր կրոնական համոզմունքների համար հալածանքների ու վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգին:

41. 2011 թվականի հուլիսի 13-ին ԴՄԾ-ի Մոսկվայի քաղաքային դեպարտամենտը մերժեց նրա դիմումը: Այն գտավ, որ դիմողը չի կարող հետապնդվել իր կրոնական համոզմունքների համար, քանի որ նա պատկանում է Իսլամի սուննի ճյուղին, որին հետևում է Ուզբեկստանի բնակչության 80 տոկոսը: Նրա դեմ ներկայացված մեղադրանքները հիմնավոր են: Կարևոր է նաև այն, որ դիմողը երբեք չի դիմել Ռուսաստանում բնակության կամ աշխատանքի թույլտվության համար: Հետևաբար հիմքեր չկան նրան ժամանակավոր ապաստան տրամադրելու համար:

42. 2011 թվականի հոկտեմբերին ԴՄԾ ղեկավարի տեղակալը վերացրեց 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը և ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին դիմումը ներկայացրեց նոր քննության ԴՄԾ-ի Մոսկվայի քաղաքային դեպարտամենտին:

43. Ժամանակավոր ապաստան տրամադրելու մասին դիմումը մինչև այժմ քննարկվում է:

44. 2011 թվականի նոյեմբերի 18-ի նամակով Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարը ("UNHCR") դիմողի ներկայացուցչին տեղեկացրեց, որ դիմողին տրամադրվել է փախստականի կարգավիճակ: «Բարձրագույն հանձնակատարը»-ը գտավ, որ Ուզբեկստանում իր կրոնական հայացքների ու քաղաքական դիրքորոշման համար հալածանքների ու վատ վերաբերմունքի ենթարկվելու նրա մտահոգությունը հիմնավոր է:

E. Դիմողին հանձնելու մասին որոշումն ու հետագա վերանայման վարույթները

45. 2010 թվականի մայիսի 14-ին Գլխավոր դատախազի տեղակալը որոշեց դիմողին հանձնել Ուզբեկստանին: Դատախազը թվարկեց դիմողի դեմ ներկայացված մեղադրանքները և գտավ, որ Ռուսաստանի քրեական իրավունքի համաձայն նրա արարքները պատժելի են: Հանձնումը տրվեց Ուզբեկստանի սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի և հասարակական կարգի ու ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող նյութեր տարածելու համար: Դատախազը գտավ, որ վերոհիշյալ հանցագործությունները համապատասխանում են Ռուսաստանի քրեական օրենսդրությամբ նախատեսված սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի և հասարակական կարգի ու ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող նյութեր տարածելու համար սահմանված հանցագործություններին: Այնուհանդերձ դատախազը հրաժարվեց դիմողին հանձնել ծայրահեղական նյութեր մաքսանենգության համար, քանի որ Ռուսաստանի քրեական օրենսդրությամբ դա հանցագործություն չէ, և «ջամաթին» անդամակցելու համար, քանի որ Ռուսաստանում այդ կազմակերպությունը երբևէ չէր ճանաչվել որպես ծայրահեղական կամ ահաբեկչական:

46. Դիմողը վիճարկեց հանձնման մասին որոշումը Մոսկվայի քաղաքային դատարանում: Նա հայտնեց, որ իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են և փաստացի նա Ուզբեկստանի իշխանությունների կողմից հետապնդվել է իր կրոնական համոզմունքների համար: Նա կենթարկվի խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի, եթե հանձնվի Ուզբեկստանին: Դրանք հայտնի են ՄԱԿ-ի հիմնարկների և համապատասխան միջազգային հասարակական կազմակերպությունների զեկույցներից, որոնց համաձայն` Ուզբեկստանում խոշտանգումները լայնորեն տարածված են և մեղադրյալներից խոստովանությունները կորզվում են հարկադրանքի ներքո: Նա նաև հղում տվեց Ուզբեկստանին հանձնելու վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքին, մասնավորապես` Ismoilov and Others v. Russia գործին (գանգատ թիվ 2947/06, 2008 թվականի ապրիլի 24) և Muminov v. Russia գործին (գանգատ թիվ 42502/06, 2008 թվականի դեկտեմբերի 11):

47. Դատական լսումների ընթացքում տկն Ռ.-ն` Կենտրոնական Ասիայից փախստականների հարցերով փորձագետը, վկայեց, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի ներքո ներկայացված մեղադրանքները (Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու փորձը, իշխանության զավթումն ու Ուզբեկստանի տարածքային ամբողջականությունը խախտելը) մեծամասամբ քաղաքական շարժառիթ ունեն: 159-րդ հոդվածի ներքո մեղադրանքները հաճախ ներկայացվում են այն անձանց դեմ, ովքեր քննադատում են իշխանություններին կամ հարում են պետության կողմից չհաստատված կրոնական կազմակերպություններին: Նման անձինք խոշտանգման ենթարկվելու բարձր վտանգի ներքո են գտնվում: Նրա կարծիքով դիմողը հետապնդման է ենթարկվել իր կրոնական հայացքների համար: Նա այդ եզրակացությանը հանգեց այն փաստից, որ նա հետապնդման էր ենթարկվել Աբդուվալի Միրզաևի կրոնական գիրքը տարածելու համար, ով հարգված իմամ է, ում հետևորդները հաճախ գտնվում են Ուզբեկստանի իշխանությունների թիրախում: Կարևոր նշանակություն ունի այն, որ նրա հեղինակած գրքերն արգելված չեն Ուզբեկստանում կամ որևէ այլ երկրում: Նա նաև հղում տվեց Դատարանի նախադեպային իրավունքին, որը սահմանում էր, որ դիվանագիտական հավաստիացումները բավարար չեն երաշխավորելու պատշաճ պաշտպանություն ընդդեմ նվաստացուցիչ վերաբերմունքի:

48. Դիմողի կողմից վկան` պրն Ն.-ն, ով Ուզբեկստանում նախկինում քննիչ էր եղել, վկայեց, որ Ուզբեկստանում նվաստացուցիչ վերաբերմունքը լայն տարածում ունի: Կասկածյալները խոշտանգվում էին խոստովանություն կորզելու համար և նրանց խոստովանությունները նրանց դեմ էին օգտագործվում դատավարությունների ընթացքում: Նա նաև հաստատեց տկն Ռ.-ի հայտարարությունը, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի ներքո մեղադրանքները հաճախ ներկայացվում էին այն հավատացյալների դեմ, ովքեր մզկիթ էին հաճախում, աղոթում կամ մորուք պահում: 159-րդ հոդվածի ներքո մեղադրվող բոլոր անձինք խոշտանգման էին ենթարկվում:

49. Դիմողը դատարանին խնդրել էր քննել ՄԱԿ-ի հիմնարկների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների զեկույցներն Ուզբեկստանում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև` Դատարանի վճիռները: Նրա միջնորդությունը մերժվել էր:

50. Դատական լսումների ընթացքում դիմողը նաև վիճարկել է դատախազի հետևությունը, որ նրան վերագրվող հանցանքները պատժելի են Ռուսաստանի քրեական օրենսդրության ներքո: Նա վիճարկեց, որ ըստ Ռուսաստանի օրենսդրության հետապնդելի են միայն բռնի կերպով սահմանադրական կարգն ու իշխանությունը տապալելու փորձը, մինչդեռ ինքը երբևէ չի մեղադրվել բռնություն կիրառելու մեջ: Կրոնական գրքերի տարածումը չի կարող բնութագրվել որպես ծայրահեղական գործունեության հրապարակային դրդչություն:

51. 2010 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ թողեց հանձնման մասին հրամանը: Այն գտավ, որ Ուզբեկստանի ու Ռուսաստանի իշխանությունները պահպանել են հանձնման մասին կիրառելի ընթացակարգն ամրագրված միջազգային ու ներպետական օրենսդրությամբ: Դիմողը մեղադրվել էր այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք Ռուսաստանի և Ուզբեկստանի քրեական օրենսդրությամբ պատժելի են և որևէ ապացույց չկա այն մասին, որ նրանք հետապնդվել էին իրենց քաղաքական կամ կրոնական հայացքների համար: Քաղաքային դատարանը գտավ, որ միջազգային զեկույցները, փորձագետների կարծիքները և դիմողի մատնանշած նախադեպային իրավունքը վերաբերելի չեն, քանի որ դրանք ավելի շուտ նկարագրում են Ուզբեկստանում ընդհանուր դրությունը,քան դիմողի անձնական հանգամանքները: Պրն Ն.-ի վկայությունը նույնպես վերաբերելի չէ, քանի որ այն հղում է տալիս 1999 թվականից մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածի իրավիճակին: Ուզբեկստանի իշխանությունները հավաստիացումներ էին տվել, որ դիմողը խոշտանգման չի ենթարկվի: Որևէ պատճառ չկա վիճարկելու պետական լիազոր մարմնի` Ուզբեկստանի Գլխավոր դատախազության կողմից տրված այս հավաստիացումների արժանահավատությունը: Ուստի Քաղաքային դատարանը գտավ, որ հավաստիացումները բավարար են վատ վերաբերմունքի ցանկացած վտանգ բացառելու համար: Այնուհետև այն սահմանեց, որ դիմողի մեղավորության կամ անմեղության հարցը հանձնման իրավասություն ունեցող մարմինների քննարկման առարկան չէ:

52. Դիմողը բողոքարկեց: Նա կրկնեց Մոսկվայի քաղաքային դատարանին ներկայացված փաստարկները և հղում տվեց Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Այնուհետև նա հայտնեց, որ ընդդեմ վատ վերաբերմունքի դիվանագիտական հավաստիացումներն արժանահավատ չեն այդ հավաստիացումները ստուգելու կամ դրանց խախտման դեպքում պատասխանատվության որևէ մեխանիզմի բացակայության պատճառով:

53. 2011 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը մերժեց նրա բողոքն ու անփոփոխ թողեց 2010 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը` գտնելով, որ այն օրինական է ու պատճառաբանված: Այն հաստատեց Քաղաքային դատարանի հետևությունը, որ Ուզբեկստանում իրավիճակի վերաբերյալ զեկույցներն անվերաբերելի են, քանի որ հիմնված չեն «իրական ապացույցի» վրա: Այն նաև գտավ, որ Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրված դիվանագիտական հավաստիացումները բավարար էին երաշխավորելու պատշաճ պաշտպանություն դիմողի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքից, քանի որ եթե դիմողի վերաբերյալ հավաստիացումները խախտվեին, Ռուսաստանը կհրաժարվեր հանձնել մյուս մարդկանց: Բացի դրանից, դիմողը չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ հավաստիացումները խախտվել էին նախորդ գործերով:

F. Դիմողի առևանգումն ու Տաջիկստան փոխադրումը

54. Ըստ դիմողի 2011 թվականի օգոստոսի 23-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում հանդիպել է իր երկու ծանոթներին` Կ.-ին և Ա.-ին: Նրանց կանգնեցրել էր ոստիկանը, ով ստուգում էր նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը:

55. Դրանից անմիջապես հետո 5 կամ 6 մարդիկ քաղաքացիական հագուստով բռնեցին նրանց ձեռքերն ու հարկադրաբար ավտոմեքենա նստեցրեցին: Առևանգողները սև պլաստիկ տոպրակներ քաշեցին նրանց գլխին և պառկեցրին ավտոմեքենայի հատակին:

56. Ժամը 1600-ի կողմերը նրանք հասել են Մոսկվայից դուրս գտնվող անտառ: Նրանց ծեծել են և զենքով սպառնացել: Նրանց ձեռքերն այրել էին կրակայրիչով:

57. Արևամուտին նրանց ձեռնաշղթայել էին, հարկադրաբար նստեցրել էին ավտոմեքենա և 2011 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 0100-ին, օդանավակայան էին բերել: Նրանք ուղիղ քշել էին թռչուղի և կայանել օդանավի մոտ: Այնուհետև նրանց ինքնաթիռ էին նստեցրել երկու թիկնապահների ուղեկցությամբ: Օդանավը ժամը 0140-ին օդ էր բարձրացել և 3 ու կես ժամ անց վայրէջք էր կատարել Տաջիկստանի Խուջանդ քաղաքում:

58. Խուջանդի օդանավակայանում դիմողին, Կ.-ին և Ա.-ին փոխանցել էին Տաջիկստանի ոստիկանությանը: Սև պլաստիկ տոպրակները կրկին քաշել էին նրանց գլխին և հետո նրանց առանձնացրել էին միմյանցից և տարբեր ավտոմեքենաներ նստեցրել:

59. Դիմողին տարել էին Խուջանդի ոստիկանության բաժանմունք, որտեղ նա մնացել էր երեք օր: Նա վատ վերաբերմունքի էր ենթարկվել և իրենից պահանջել էին ցուցմունք տալ Կ.-ի դեմ: Ոստիկանները սպառնացել էին կապել նրան ու նետել գետը` հայտարարելով, որ ոչ ոք չգիտի, որ նա Տաջիկստանում է, քանի որ նա չէր հաշվառվել թռիչքի համար:

60. 2011 թվականի օգոստոսի 26-ին նա տեղափոխվել էր Դուշանբե: Այնուհետև նրան տարել էին ոստիկանության բաժին, որտեղ նրան հարցաքննել էին: Հաջորդ օրը նրան տեղավորել էին ժամանակավոր կալանավորման վայրում, որտեղ նա մնացել էր մինչև 2011 թվականի սեպտեմբերի 2-ը:

61. 2011 թվականի օգոստոսի 30-ին Շոխմանսուրսկի շրջանային դատարանը թույլատրել էր դիմողի կալանավորումը մինչև Ուզբեկստանին նրան հանձնելը:

62. 2011 թվականի սեպտեմբերի 2-ին դիմողը տեղափոխվել էր Դուշանբեի նախնական կալանքի թիվ 1 կենտրոն:

63. 2011 թվականի նոյեմբերի 22-ին դիմողին հայտնեցին, որ դատարանը նրան ազատ էր արձակել: Հաջորդ օրը նրան ազատ արձակեցին:

64. Տաջիկստանի Արդարադատության նախարարության կողմից տրված փաստաթուղթը նշում էր, որ դիմողն «իր պատիժը բանտում կրել էրե 2011 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 22-ը:

65. Դրանից հետո դիմողը փախուստի մեջ է գտնվել: Նպատակ ունենալով վերադառնալ Ռուսաստան` նա դիմել էր «Բարձրագույն հանձնակատարին» օժանդակելու վերադարձնել իր անձնագիրը, որը պահվում էր «ԴՄԾ»-ի կողմից Մոսկվայում:

G. Դիմողի առևանգման կապակցությամբ պաշտոնական քննությունը

66. Չճշտված մի օր Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի քննչական կոմիտեի քննիչը վարույթ է նախաձեռնել դիմողի առևանգման հանգամանքների քննության կապակցությամբ:

67. 2012 թվականի հունվարի 20-ին քննիչը հրաժարվել է դեպքի առթիվ քրեական գործ հարուցել:

68. 2012 թվականի մարտի 26-ին Զամոսկվորեցկի շրջանի քննչական կոմիտեի պետի պաշտոնակատարը վերացրեց 2012 թվականի հունվարի 20-ի որոշումը և ցուցում տվեց լրացուցիչ քննություն կատարել: Նա գտավ, որ դիմողին անհրաժեշտ է ապահովել պաշտպանով և տեղեկություն ձեռք բերել դիմողի կողմից Ռուսաստանի սահմանը հատելու կապակցությամբ:

69. Վարույթը վերսկսվեց: 2012 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում մի օր քննիչը ոստիկանությանը հանձնարարեց փնտրել վկաների դիմողի առևանգման դեպքով: Նույն ժամանակահատվածում դիմողի վերաբերյալ նա նաև տեղեկատվություն պահանջեց Ազգային անվտանգության դաշնային ծառայությունից, Ներքին գործերի նախարարության Տրանսպորտի դեպարտամենտի տեղական բաժնից, «ԴՄԾ»-ից, Դոմոդեդովո օդանավակայանի Սահմանապահ ծառայությունից և պետական մյուս մարմիններից:

70. Պարզվել է, որ վարույթը մինչև այժմ շարունակվում է:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

A. Հանձնման վարույթները

1. Քրեական դատավարության օրենսգիրքը

71. 2002 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի («ՔԴՕ») 54-րդ գլուխը սահմանում է ընթացակարգ, որն անհրաժեշտ է պահպանել հանձնման դեպքերում:

72. Գլխավոր դատախազի կողմից կայացված` հանձնման մասին որոշումը կարող է վիճարկվել դատարանում (463-րդ հոդվածի 1-ին մաս): Այդ դեպքում հանձնման մասին որոշումը չի կարող կատարվել մինչև վերջնական վճիռ չկայացվի (462-րդ հոդվածի 6-րդ մաս):

73. Դատարանը հանձնման մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրում է այն քննելու մասին միջնորդությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Որոշումը պետք է կայացվի դռնբաց դատական նիստի ընթացքում երեք դատավորից բաղկացած կոլեգիայի կողմից` դատախազի, հանձնման ենթակա անձի և նրա պաշտպանի ներկայությամբ (463-րդ հոդվածի 4-րդ մաս):

74. Մեղավորության կամ անմեղության հարցերը դատական վերանայման առարկայի մեջ չեն մտնում, որը սահմանափակված է այն հարցի քննարկմամբ, թե արդյոք հանձնման մասին որոշումը կայացվել է կիրառելի միջազգային ու ներպետական օրենքներին համապատասխան, թե` ոչ (463-րդ հոդվածի 6-րդ մաս):

75. 464-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն պայմանները, որոնց առկայության դեպքում հանձնումը չի թույլատրվում: Ուստի, հետևյալ դեպքերում պետք է մերժվի. Ռուսաստանի քաղաքացիների (464-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) կամ այն անձի, ում Ռուսաստանում ապաստան է տրամադրվել (464-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), այն անձի, ով դատապարտվել է կամ Ռուսաստանում քրեական դատավարությունները կարճվել են այն արարքների համար, որոնց համար նա հետապնդվել էր հայցող պետությունում (464-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), այն անձի, ում նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել կամ ով չի կարող դատապարտվել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու կամ Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված այլ հիմքով (464-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ), կամ այն անձի, ում հանձնումը Ռուսաստանի դատարանի կողմից մերժվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան (464-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ): Վերջապես, հանձնումը պետք է մերժել, եթե հանձնման մասին միջնորդությունը չի պարունակում Ռուսաստանի քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն (464-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ):

76. Այն դեպքում, երբ հանձնման մասին միջնորդություն ներկայացված օտարերկրացու նկատմամբ հետապնդում է իրականացվում կամ նա պատիժ է կրում մեկ այլ հանցագործության կատարման համար, նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև հետապնդումը դադարեցվի, պատժից ազատվի կամ որևէ այլ օրինական հիմքով կամ պատիժը կրի (465-րդ հոդվածի 1-ին մաս):

2. Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումները

77. 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 11 որոշման մեջ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումը, հղում տալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, մատնանշեց, որ հանձնումը պետք է մերժել, եթե բավարար հիմքեր կան կարծելու, որ անձը հայցվող պետությունում կարող է ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Հանձնումը կարող է նաև մերժվել, եթե բացառիկ հանգամանքները վկայում են այն մասին, որ դա կարող է վտանգել նրա կյանքը կամ առողջությունը, ի թիվս այլնի, հաշվի առնելով նրա տարիքն ու ֆիզիկական վիճակը: Ռուսաստանի իշխանություններն առնչվելով հանձնման դեպքի պետք է պարզեն այն հարցը, թե արդյոք բավարար հիմքեր կան ենթադրելու, որ շահագրգիռ անձը կարող է դատապարտվել մահապատժի, ենթարկվել վատ վերաբերմունքի կամ հետապնդման ենթարկվել ռասսայի, դավանանքի, ազգության, էթնիկական կամ սոցիալական պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար: Դատարանը պետք է գնահատի և՛ հայցվող պետությունում ընդհանուր իրավիճակը, և՛ այն անձի անհատական հատկանիշները, ում հայցում են: Նրանք պետք է հաշվի առնեն շահագրգիռ անձի ցուցմունքներն ու վկայությունները, հայցող պետության հավաստիացումները, Արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի իրավասու հիմնարկների և Խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից այդ պետության վերաբերյալ տրված տեղեկատվությունը:

B. Մինչ հանձնումը կալանքն ու կալանքի դատական ստուգումը

1. Ռուսաստանի Սահմանադրությունը

78. Սահմանադրությունը երաշխավորում է ազատության իրավունքը (22-րդ հոդված):

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք:

2. Ձերբակալումը, արգելանքի վերցնելը կամ կալանավորումը կարող են կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա: Նախքան դատարանի որոշումը անձը 48 ժամից ավել չի կարող արգելանքի տակ գտնվել»:

2. 1993 թվականի Մինսկի Կոնվենցիա

79. Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին ԱՊՀ կոնվենցիան («Մինսկի կոնվենցիա»), որին և՛ Ռուսաստանը, և՛ Ուզբեկստանն անդամակցում են, սահմանում են, որ իրավական օգնության մասին միջնորդությունը կատարելիս հայցվող կողմը կիրառում է իր ներպետական օրենսդրությունը (8-րդ հոդվածի 1-ին մաս):

80. Հանձնման մասին միջնորդությանը կից ներկայացվում է կալանավորման մասին որոշումը (58-րդ հոդվածի 2-րդ մաս): Հանձնման մասին միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո պետք է միջոցառումներ ձեռնարկվեն այն անձին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ, ում հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը չի կարող հանձնվել (60-րդ հոդված):

81. Անձը, ում հանձնումն է հայցվում, կարող է ձերբակալվել նախքան հանձնման մասին միջնորդությունը ստանալը: Նման դեպքերում ձերբակալության մասին հատուկ միջնորդությունը հղում է պարունակում և մատնանշում է, որ հանձնման մասին միջնորդությունը պետք է հաջորդիվ ներկայացվի (61-րդ հոդվածի 1-ին մաս): Անձը կարող է ձերբակալվել նաև նման միջնորդության բացակայության դեպքում, եթե հիմքեր կան կարծելու, որ մեկ այլ պայմանավորվող պետության տարածքում նա կատարել է հանցագործություն, որի պատճառով կարող է պահանջվել նրա հանձնումը: Մյուս պայմանավորվող կողմը պետք է անմիջապես տեղեկացվի ձերբակալման մասին (61-րդ հոդվածի 2-րդ մաս):

82. 61-րդ հոդվածի հիման վրա ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե ձերբակալությունից հետո 40 օրվա ընթացքում հանձնման մասին միջնորդություն չի ստացվել (62-րդ հոդվածի 1-ին մաս):

3. Քրեական դատավարության օրենսգիրք

83. ՔԴՕ-ն «դատարան» տերմինը մեկնաբանում է որպես «ընդհանուր իրավասության որևէ դատարան, որն ըստ էության քննում է քրեական գործ և այս օրենսգրքով սահմանված կարգով որոշումներ է կայացնում» (5-րդ հոդվածի 48-րդ կետ): ՔԴՕ-ն «դատավոր» տերմինը մեկնաբանում է որպես «պաշտոնյա, ով իրավասու է արդարադատություն իրականացնել» (5-րդ հոդվածի 54-րդ կետ):

84. ՔԴՕ 13-րդ գլուխը կարգավորում է դատավարական հարկադրանքի միջոցների («հարկադրանքի միջոցներ») կամ խափանման միջոցների (меры пресечения) օգտագործումը քրեական դատավարության ընթացքում: Նման միջոցները ներառում են անձին կալանքի վերցնելը: Կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել դատարանի որոշմամբ քննիչի կամ դատախազի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա, եթե անձը մեղադրվում է այնպիսի հանցագործության կատարման մեջ, որի համար որպես պատիժ նախատեսված է նվազագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում, և եթե ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցը չի կարող կիրառվել (108-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր): Նախաքննության ընթացքում կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը (109-րդ հոդվածի 1-ին մաս): Դատավորը կարող է այդ ժամկետը երկարացնել մինչև 6 ամիս ժամկետով (109-րդ հոդվածի 2-րդ մաս): Շարունակական կալանավորումը մինչև 12 ամիս ժամկետով կամ բացառիկ դեպքերում մինչև 18 ամիս ժամկետով կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ (109-րդ հոդվածի 3-րդ մաս): 18 ամսից ավել կալանավորում չի թույլատրվում և այդ ժամկետի ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի (109-րդ հոդվածի 3-րդ մաս): Եթե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար հիմք ծառայած հանգամանքները փոխվել են, խափանման միջոցը պետք է վերացվի կամ փոփոխվի: Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումը կարող է կայացվել քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից (110-րդ հոդված):

85. 16-րդ գլուխը («Քրեական դատավարություններին ներգրավված պաշտոնյաների և դատարանների որոշումների ու գործողությունների վերաբերյալ բողոքները») դատական ստուգում է ապահովում դատախազի կամ քննիչի այն գործողությունների, որոշումների ու անգործության համար, որոնք ունակ են խախտել քրեական դատավարության կողմերի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները (125-րդ հոդվածի 1-ին մաս): Իրավասու դատարանը նախաքննության կատարման վայրի դատարանն է (ibid.):

86. 54-րդ գլուխը («Քրեական հետապնդման կամ պատժի կատարման համար անձին հանձնելը») կարգավորում է հանձնման ընթացակարգերը: Հանձնելու մասին միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո, եթե դրա հետ չի ներկայացվել անձին ձերբակալելու մասին օտարերկրյա դատարանի որոշումը, դատախազը պետք է որոշի խափանման միջոցի ընտրության հարցն այն անձի նկատմամբ, ում վերաբերյալ ստացվել է հանձնման մասին միջնորդությունը: Միջոցը պետք է կիրառվի հաստատված ընթացակարգին համապատասխան (466-րդ հոդվածի 1-ին մաս): Եթե հանձնման մասին միջնորդությունը ներկայացվել է օտարերկրյա դատարանի կողմից տրված ձերբակալման մասին որոշման հետ միասին, ապա դատախազը շահագրգիռ անձի նկատմամբ կարող է կիրառել տնային կալանք կամ արգելանքի վերցնել «առանց Ռուսաստանի դատարանից պահանջելու ստուգել այդ որոշման օրինականությունըե (466-րդ հոդվածի 2-րդ մաս):

4.Ռուսաստանի Սահմանադրական և Գերագույն դատարանների համապատասխան նախադեպային իրավունքը

87. 2006 թվականի ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը քննեց պրն Ն.-ի դիմումը, ով հայտնել էր, որ առանց որևէ ժամանակային սահմանափակման հանձնման ենթակա անձի նախնական կալանավորումը համատեղելի չէ սահմանադրական երաշխիքի հետ ընդդեմ կամայական կալանավորման: Նույն օրվա իր թիվ 101-Օ որոշման մեջ սահմանադրական դատարանը դիմումի ընդունումը մերժեց: Նրա կարծիքով 466-րդ հոդվածի 1-ին մասում կալանավորման խնդիրների վերաբերյալ որևէ հատուկ կարգավորման բացակայությունը չի հանգեցնում Սահմանադրության հետ անհամատեղելի օրենսդրական բացի: Մինսկի կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական օգնություն տրամադրելու մասին միջնորդությունը կատարելիս հայցվող կողմը կիրառում է իր ներպետական օրենսդրությունը, որը Ռուսաստանի դեպքում ՔԴՕ-ով սահմանված ընթացակարգն է: Նման ընթացակարգն ընդգրկում է մասնավորապես` Օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ գլխի նորմերը («Խափանման միջոցները»), որոնք ընդհանուր բնույթի ուժով և Օրենսգրքի 1-ին Մասի դիրքով («Ընդհանուր պայմաններ»), կիրառելի են քրեական դատավարության բոլոր փուլերի ու ձևերի նկատմամբ, ներառյալ` հանձնման մասին միջնորդությունները քննելու վարույթների նկատմամբ: Համապատասխանաբար, ՔԴՕ 466-րդ հոդվածի 1-ին մասն իշխանություններին չի թույլատրում կալանավորման միջոց կիրառել առանց պահպանելու ՔԴՕ-ով սահմանված ընթացակարգը կամ Օրենսգրքով սահմանված ժամանակային սահմանափակումները: Դատարանը մերժեց նաև վերլուծել 466-րդ հոդվածի 2-րդ մասը` գտնելով, որ այն չէր կիրառվել պրն Ն.-ի գործով:

88. 2007 թվականի մարտի 1-ին Սահմանադրական դատարանն իր թիվ 333-Օ-Պ որոշման մեջ սահմանեց, որ Մինսկի կոնվենցիայի 61-րդ և 62-րդ հոդվածները, որոնք վերաբերում են անձի նախնական կալանավորմանը մինչև հանձնման մասին միջնորդությունը ստանալը, չեն սահմանում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձ, ով թույլատրում է նման կալանավորումը, ինչպես նաև չեն սահմանում ընթացակարգ կամ որևէ ժամանակային սահմանափակում: Ըստ Մինսկի կոնվենցիայի 8-րդ հոդվածի` կիրառելի ընթացակարգերն ու ժամանակային սահմանափակումներն ամրագրվում են ներպետական օրենսդրության նորմերով:

89. Այնուհետև Սահմանադրական դատարանը կրկնեց իր որդեգրած նախադեպային իրավունքը, որ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի բովանդակությունը օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ու Ռուսաստանի քաղաքացիների համար: Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը Ռուսաստանում չի կարող 48 ժամից ավել մնալ կալանավորված առանց դատական որոշման: Այդ սահմանադրական պահանջը որպես երաշխիք է ծառայում 48 ժամից ավել, ինչպես նաև կամայական կալանավորման համար և հետևաբար պահանջում է դատարանից պարզել, թե արդյոք ձերբակալումն օրինական է ու հիմնավոր: Սահմանադրական դատարանը գտավ, որ ՔԴՕ 466-րդ հոդվածի 1-ին մասը, փոխկապակցված Մինսկի կոնվենցիայի հետ, չի կարող մեկնաբանվել այնպես, որ թույլատրում է առանց Ռուսաստանի դատարանի որոշման 48 ժամից ավել անձի կալանավորումը նրան հանձնելու մասին միջնորդության հիմքով: Կալանավորման միջոցը կարող է կիրառվել միայն ՔԴՕ 13-րդ գլխով սահմանված ընթացակարգին ու ժամանակային սահմանափակումներին համապատասխան:

90. 2009 թվականի մարտի 19-ին Սահմանադրական դատարանն իր թիվ 383-Օ-Օ որոշմամբ որպես անընդունելի մերժեց ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության ստուգումը` հայտարարելով, որ այս դրույթը «չի սահմանում կալանքի համար ժամանակային սահմանափակումներ ու խափանման միջոցի ընտրության ընթացակարգն ու հիմքերը, այն միայն հաստատում է դատախազի լիազորությունը կատարելու օտարերկրացի մեղադրյալին կալանավորելու մասին իրավասու դատարանի արդեն կայացրած որոշումը: Հետևաբար, վիճարկվող նորմը չի կարող խախտել [բողոքաբերի] սահմանադրական իրավունքները (...)»:

91. 2009 թվականի փետրվարի 10-ին Ռուսաստանի Գերագույն դատարանի պլենումն ընդունեց թիվ 1 դիրեկտիվային որոշումը, որը սահմանում էր, որ հանձնելու նպատակով անձի նկատմամբ տնային կալանք կիրառելու կամ նրա նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին դատախազի որոշումը կարող է բողոքարկվել դատարան ՔԴՕ 125-րդ հոդվածի ներքո:

92. 2009 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Գերագույն դատարանի պլենումն ընդունեց թիվ 22 դիրեկտիվային որոշումը, որը սահմանում էր, որ ըստ ՔԴՕ 466-րդ հոդվածի 1-ին մասի միայն դատարանը կարող է կայացնել հանձնման ենթակա անձին կալանավորելու մասին որոշում, եթե հայցող պետությունը չի ներկայացրել նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այդ իրավիճակում անձին կալանավորելու դատական իրավազորությունը պետք է իրականացվի ՔԴՕ 108-րդ հոդվածին համապատասխան և պետք է հաջորդի անձին կալանավորելու մասին դատախազի միջնորդությանը: Որոշելով անձին թողնել կալանքի տակ` դատարանը պետք է քննի այն հարցը, թե արդյոք առկա են խափանման միջոց կիրառելու փաստացի ու իրավական հիմքերը: Եթե հանձնման մասին միջնորդության հետ ներկայացվել է կալանավորելու մասին օտարերկրյա դատարանի որոշումը, ապա դատախազն իրավասու է առանց Ռուսաստանի դատարանի թույլտվության անձին թողնել կալանքի տակ (ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մաս) երկու ամիսը չգերազանցող ժամկետով, իսկ ՔԴՕ 125-րդ հոդվածի ներքո դատախազի որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Հանձնման նպատակով անձի շարունակական կալանավորման նկատմամբ կիրառելի է ՔԴՕ 109-րդ հոդվածը:

93. 2012 թվականի հունիսի 14-ի իր վերջին` թիվ 11 որոշման մեջ Ռուսաստանի Գերագույն դատարանի պլենումը սահմանեց, որ անձը, ում հանձնումը հայցվել է, նախքան հանձնման մասին միջնորդության ստացումը կարող է կալանավորվել միայն միջազգային պայմանագրերով սահմանված այն առանձնահատուկ դեպքերում, որի կողմ է հանդիսանում Ռուսաստանը, ինչպես, օրինակ, Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածն է: Նման կալանավորումը պետք է թույլատրվի ու երկարացվի Ռուսաստանի դատարանի որոշման հիման վրա ընթացակարգով սահմանված կարգով և ՔԴՕ 108-րդ և 109-րդ հոդվածներով սահմանված ժամանակային սահմանափակման շրջանակում: Կալանավորման մասին որոշումը պետք է պարունակի այն ժամկետը, որի ընթացքում թույլատրվում կամ երկարացվում է կալանավորումը և դրա ավարտման օրը: Եթե հանձնման մասին միջնորդությունը չի ստացվում մեկ ամսվա ընթացքում կամ 40 օրվա ընթացքում, եթե հայցող կողմը Մինսկի կոնվենցիայի մասնակից է, ապա անձը, ում հանձնումը հայցվում է, պետք է անմիջապես ազատ արձակվի:

C. Փախստականների կարգավիճակը

1. Փախստականների կարգավիճակի մասին Ժնևի 1951 թվականի կոնվենցիա

94. Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիայի 33-րդ հոդվածը, որը Ռուսաստանի Դաշնության կողմից վավերացվել էր 1993թ. փետրվարի 2-ին, սահմանում է հետևյալը.

«1. Պայմանավորվող ոչ մի պետություն փախստականին չի վտարում կամ որևէ կերպ վերադարձնում («վերադարձնում այն երկիր, որտեղից եկել է») այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար` իր ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով։

2. Սույն դրույթի արտոնությունը, սակայն, չի կարող վկայակոչվել այն փախստականի կողմից, ով հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում իր գտնված երկրի անվտանգության համար, կամ ով, վերջնական դատավճռով դատապարտված լինելով բացառիկ լուրջ հանցագործության համար, վտանգ է ներկայացնում այդ երկրի հասարակության համար»։

2. Փախստականների մասին ակտը /Refugees Act/

95. Փախստականների մասին ակտը (1993թ. փետրվարի 19-ի թիվ 4258-I օրենքը) ինկորպորացրել է 1951թ. Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված «փախստական» հասկացությունը, ինչպես այն փոփոխվել էր Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 1967 թվականի արձանագրությամբ: Ակտը փախստականին բնութագրում է որպես ֆիզիկական անձ, ով Ռուսաստանի քաղաքացի չէ և հիմնավոր վախ ունենալով, որ կարող է ռասսայի, դավանանքի, ազգության, էթնիկական ծագման կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների պատճառով հետապնդման ենթարկվել, իր քաղաքացիության պետությունից դուրս է գտնվում և անկարող է կամ նման վախի պատճառով չի կամենում հանձնվել այդ պետության պաշտպանությանը կամ այն անձը, ով քաղաքացիություն չունի և, նման դեպքերի արդյունքում գտնվելով իր նախկին բնակության վայրի պետության սահմաններից դուրս, չի կարող կամ նման վախի պատճառով չի կամենում հետ վերադառնալ (1-ին բաժնի 1-ին մասի 1-ին կետ):

96. Ակտը չի տարածվում այն անձանց նկատմամբ, որոնց մասով բավարար հիմքեր կան կարծելու, որ կատարել են խաղաղության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություն կամ իր փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացրած պետության սահմաններից դուրս նախքան փախստականի կարգավիճակ հայցելը կատարել են ծանր, ոչ քաղաքական բնույթի հանցագործություն (2-րդ բաժնի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր):

97. Անձը, ով դիմել է փախստականի կարգավիճակի համար կամ ստացել է փախստականի կարգավիճակ, չի կարող վերադարձվել այն պետություն, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը կարող է վտանգի ենթարկվել նրա ռասսայի, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների պատճառով (10-րդ բաժնի 1-ին մաս):

98. Եթե անձը բավարարում է 1-ին բաժնի 1-ին մասի 1-ին կետով սահմանված չափանիշներին կամ եթե չի բավարարում այդ չափանիշներին, սակայն մարդասիրական պատճառներով չի կարող արտաքսվել Ռուսաստանից, նրան կարող է տրվել ժամանակավոր ապաստան (12-րդ բաժնի 2-րդ մաս): Անձը, ում ժամանակավոր ապաստան է տրվել, չի կարող իր կամքին հակառակ վերադարձվել իր ծագման վայրի պետություն կամ իր նախկին բնակության վայրի պետություն (12-րդ բաժնի 4-րդ մաս):

 

III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

 

A. ՄԱԿ-ի հիմնարկների ու հասարակական կազմակերպությունների զեկույցներն Ուզբեկստանի վերաբերյալ

1. Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ու կրոնական հետապնդման վերաբերյալ դրությունը

(a) ՄԱԿ-ի հիմնարկներ

99. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2002/38 (E/CN.4/2003/68/Add.2) բանաձևին համապատասխան 2003 թվականի փետրվարի 3-ին ներկայացրած իր զեկույցում ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը` Թեո վան Բովենը, Ուզբեկստանում իրավիճակը հետևյալ կերպ է նկարագրել.

«66. Անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը, որը թեև երաշխավորված է Սահմանադրությամբ (25-րդ հոդված) և ՔԴՕ-ով (23-րդ հոդված), համակցված քննիչների ու դատախազների կողմից կալանավորների տեսակցության ապահովման կապակցությամբ հարազատների ու փաստաբանների նկատմամբ խտրական մոտեցման հետ, ինչպես նաև դատական իշխանության անկախության բացակայությունը, դատական իշխանության ու իրավապահ մարմինների համակարգի ներսում ահագնացող կոռուպցիան օժանդակում են հետաքննության անօրինական մեթոդների կիրառմանը: Ողջ քրեական դատավարության նկատմամբ դատախազների չափազանց մեծ իշխանությունը, ովքեր միաժամանակ կարող են իրականացնել նախաքննություն և հսկողություն նախաքննության նկատմամբ, նախաքննության ընթացքում ներկայացված բողոքները կախվածության մեջ են դնում նրանց կամքից ...

...

68. Հատուկ զեկուցողը, հիմք ընդունելով առաքելության ընթացքում իր կողմից ստացված բազմաթիվ վկայությունները (ներառյալ կալանավորման ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերը) հավատում է, որ խոշտանգումը կամ համանման վատ վերաբերմունքը համակարգային բնույթ է կրում ինչպես նկարագրել է Խոշտանգման դեմ կոմիտեն: Եթե նույնիսկ փոքր թվով խոշտանգման դեպքեր կարող են ապացուցվել բացարձակ արժանահավատությամբ, ապա հավաքված հարուստ վկայություններն այնքան համահունչ են խոշտանգման տեխնիկայի, հանգամանքների ու վայրի մասին, որ հետաքննությունների ընթացքում խոշտանգումների տարածվածությունն ու կայուն բնույթը չի կարող հերքվել: Հատուկ զեկուցողը նաև դիտարկել է, որ խոշտանգումն ու վատ վերաբերմունքի մյուս դրսևորումներն առանց որևէ տարբերակման կիրառվել են և այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվել են այն արարքների կատարման մեջ, որոնք դասակարգվել են որպես ծանր հանցագործություններ, ինչպես, օրինակ, պետության շահերի դեմ ուղղված հանցագործությունները, և ոչ մեծ ծանրության հանցագործությունների մեջ և այլն»։

100. Ավելի ուշ Խոշտանգումների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 2-րդ նստաշրջանին` 2006 թվականի սեպտեմբերի 20-ին, հայտարարեց.

«Ուզբեկստանում խոշտանգման պրակտիկան համակարգային բնույթ է կրում` ինչպես նշված է իմ նախորդի` Թեո վան Բովենի` 2002 թվականին Ուզբեկստան կատարած այցելության ընթացքում պատրաստած զեկույցում: Աջակցություն հայտնելով նրա հետևություններին`իմ մանդատը շարունակում է ստանալ Ուզբեկստանի իրավապահ մարմինների աշխատողների կողմից խոշտանգման կիրառման մասին լուրջ հայտարարություններ ... Ուզբեկստանում իրավապահ մարմինների աշխատողների կողմից համակարգային խոշտանգման կիրառման մասին նման էական, ծանր ու արժանահավատ ապացույցների դեմ ես շարունակում եմ դիմել կառավարություններին ձեռնպահ մնալու անձանց Ուզբեկստանին հանձնելուց: Խոշտանգման արգելքը բացարձակ է և Պետությունները կրում են այս արգելքը` միջազգային իրավունքի ներքո նրանց ստանձնած պարտավորությունները խախտելու վտանգը` անձանց այն պետություններին փոխանցելով, որտեղ նրանք կարող են խոշտանգման ենթարկվել: Ես կրկնում եմ, որ դիվանագիտական հավաստիացումներն իրավական առումով պարտադիր չեն, խաթարում են խոշտանգումների արգելքի վերաբերյալ պետությունների պարտավորությունները, անարդյունավետ են և հանձնված անձանց պաշտպանություն չեն ապահովում, և հետևաբար պետությունների կողմից չպետք է կիրառվեն»:

101. Շարունակելով հղում կատարել Ուզբեկստանում խոշտանգման վերաբերյալ իրավիճակին` Խոշտանգումների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 3-րդ նստաշրջանին` 2008 թվականի սեպտեմբերի 18-ին, հայտարարեց.

«741. Հատուկ զեկուցողը ... ընդգծում է, որ նա շարունակում է Ուզբեկստանի իրավապահ մարմինների աշխատողների կողմից խոշտանգումների կիրառման վերաբերյալ ստանալ լուրջ մեղադրանքներ ...

...

744. Վերոգրյալի համատեքստում շատ քիչ թվով ապացույցներ են առկա, այդ թվում` ներկայացված կառավարության կողմից, որ կարող են Հատուկ զեկուցողին ապացուցել, որ 2002 թվականին տեղի ունեցած նախորդ այցելությունից ի վեր խոշտանգումների պրակտիկան էականորեն բարեփոխվել է ... »:

102. 2010 թվականի իր զեկույցում (CCPR/C/UZB/CO/3) Մարդու իրավունքների կոմիտեն, որքանով վերաբերելի է, հայտարարեց հետևյալը.

«11. Կոմիտեն մտահոգություն է հայտնում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի շարունակական զեկույցների, դրանց պատասխանատուների դատապարտման սահմանափակ թվի, ընդհանուր առմամբ նշանակվող մեղմ պատիժների, այդ թվում` կարգապահական պարզ միջոցների, նման արարքների համար պատասխանատուների նկատմամբ համաներումների կիրառման, ինչպես նաև խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքների անարդյունավետ կամ ոչ պատշաճ քննության վերաբերյալ: Այն նաև մտահոգված է դատարանների կողմից հարկադրանքի ներքո ձեռք բերված ապացույցների օգտագործման մասին զեկույցներով, թեև Գերագույն դատարանի 2004 թվականի որոշմանը, որ անօրինական կերպով ձեռք բերված ապացույցն անընդունելի է ...

19. Կոմիտեն մտահոգված է նաև դավանանքի ու կրոնի ազատության սահմանափակումներով, այդ թվում` չգրանցված կրոնական կազմակերպությունների անդամների համար: Այն մտահոգված է նման անձանց դեմ ներկայացված մեղադրանքների ու ազատազրկումների մշտական զեկույցներով: Այն նաև մտահոգված է քրեական օրենսգրքի 216-2 հոդվածի ներքո «դավանափոխության (պրոսելիտիզմ) և մյուս միսիոներական գործունեությունների քրեականացմամբ» (CCPR/C/UZB/3, պարագրաֆ 707). (հոդված 18) ... »:

(b) Հասարակական կազմակերպություններ

103. 2004 թվականի մարտի 29-ի իր զեկույցում` «Պետության թշնամիներ ստեղծելով. կրոնական հետապնդումներն Ուզբեկստանում», Human Rights Watch-ը նկատել է.

«Նախորդ տասնամյակի ընթացքում Ուզբեկստանի կառավարությունն աճող ինտենսիվությամբ հետապնդել է անկախ մուսուլմաններին: Այս կրոնական հետապնդման արդյունքում մոտ 7000 մարդ ձերբակալվել, խոշտանգվել, հանրորեն վարկաբեկվել և անտանելի անմարդկային պայմաններում ազատությունից զրկվել է:

Արշավի նշանակետում ընդգրկված են այն հավատացյալները, ովքեր Իսլամ են դասավանդում կամ քարոզում պաշտոնական ինստիտուտներից ու ուղեցույցներից դուրս: Նրանք ներառում են անկախ իմամներին ու նրանց հետևորդներին, այսպես կոչված Վահհաբիստներին. այս տերմինը սխալ է օգտագործվում կառավարության կողմից մարդկանց «ֆունդամենտալիստներ» որակելու համար: Թիրախների հիմնական մասը կազմում էին Hizb ut-Tahrir (Ազատագրման կուսակցություն) հետևորդները, որոնց ուսմունքն իսլամական պետության օգտին կառավարությունն ապստամբական է համարում ...

Մարդու իրավունքների միջազգային իրավունքն անհատներին երաշխավորում է կրոնի և դավանանքի ազատություն: Ուզբեկստանի կառավարության քաղաքականությունն ու պրակտիկան հակասում է այս չափանիշներին, քանի որ նրանք պատժում են որոշակի դավանանքի հետևորդների նրանց համոզմունքների, իրենց կարծիքն արտահայտելու, մյուսների հետ տեղեկատվության փոխանակման կամ ոչ բռնի միավորումների մեջ ներգրավվելու համար: Անկախ մուսուլմանների հետ իրենց վերաբերմունքում Ուզբեկստանի իշխանությունները համակարգված կերպով խոշտանգում, վատ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, իսկ բնականոն արդարադատության մատչելիության տրամադրման մերժումը խախտում է միջազգային իրավունքի ներքո պետության պարտավորությունները:

Այս զեկույցը հիմնավորում է այդ խախտումները: Այն բացատրում է, թե ինչպես է պետությունը քրեականացնում իրավաչափ կրոնական պրակտիկան ու դավանանքը և ինչպես է այն անձանց խղճի, մտքի ու միավորման ազատությունը գնահատում որպես կառավարման կարգը տապալելու փորձ: Այն մանրամասն ներկայացնում է անկախ մուսուլմանների տառապանքները ձերբակալումից մինչև ազատազրկում, որը որոշ գործերով հասնում է մինչև 20 տարի: Մարդկանց մեծ մասը, որոնց պատմությունները փաստաթղթավորված են այս զեկույցում, գտնվում են ազատազրկման մեջ: Ոստիկանության կողմից նրանք խոշտանգվել ու վատ վերաբերմունքի մյուս ձևերով տառապել են խոստովանության կորզման ընթացքում: Նրանք կրել են անմարդկային պայմաններում կալանք, զրկված են եղել պաշտպանությունից, արդար դատաքննության իրավունքից և դատապարտվել են շինծու ապացույցների հիմն վրա: Նրանք շարունակում են տառապել խոշտանգումից ու վատ վերաբերմունքից, քանի որ իրենց պատիժը կրում են Ուզբեկստանի բանտերում: Մենք նաև փաստաթղթավորել ենք նրանց ձերբակալությունը, հետապնդումը և նրանց ընտանիքի անդամներին վախեցնելը, այդ թվում՝ Սովետական ոճի հանրային բանսարկություններով, որոնք տեղական պաշտոնյաները կիրառում էին Իսլամիստական «ֆունդամենտալիստների» դեմ: ...

Վերջապես, զեկույցը նկարագրում է այն արգելքները, որոնց հանդիպում էին անկախ մուսուլմանները, երբ փորձում էին փոխհատուցում ստանալ պետական մարմինների, այդ թվում՝ դատարանների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և դատախազության միջոցով: Այն նաև թվարկում է այն զրկանքները, որոնք նրանք երբեմն կրում էին ի պատասխան միջազգային կազմակերպությունների օգնությանը դիմելու: ...

... Սկսած 2000 թվականի անկախ մուսուլմանների, հիմնականում Hizb ut-Tahrir-ի անդամների, ինչպես նաև՝ «Վահհաբիզմի» մեջ մեղադրվող անձանց ձերբակալություններն ու դատապարտումները շատացել են և գերազանցում են համաներում հայտարարելու մասին նախագահի 2001 և 2002 թվականների հրամանների կիրառումից հետո ազատ արձակված անձանց թվին:Սկսած 2003 թվականի սեպտեմբերի 25-ից «Human Rights Watch»-ը վերլուծել և Ուզբեկստանում կրոնական դատապարտյալների մասին իր դատական գործերի տեղեկատվական բազա է ներառել անկախ մուսուլմանների 1229 գործ: Կրոնական գործունեության, դավանանքի կամ պատկանելության համար մեղադրանքով դատապարտված լրացուցիչ 150 անձանց վերաբերյալ դատական գործերը դեռևս քննարկվում են և կներառվեն տեղեկատվական բազայում: Ռուսաստանի մարդու իրավունքների «Մեմորիալ» խմբի հետազոտողները փաստաթղթավորել են անկախ մուսուլմանների 1967 գործ:

Թեև իրավապահ մարմինների կողմից այս արշավը համընդհանուր բնույթ է կրել, սակայն անկախ մուսուլմանների ձերբակալումները մասսայական բնույթ են կրել Տաշքենդում ու Ֆերգանյան հովտում: Human Rights Watch-ի ու Memorial-ի կողմից փաստաթղթավորված գործերի մեծամասնությունը ներառում էին այս շրջանում ձերբակալված անձանց:

Ինչպես մանրամասնված է այս զեկույցում, Կառավարության գործունեությունը միտված էր վերացնելու իսլամիստական «ֆունդամենտալիզմի» և «ծայրահեղականության» վտանգը` լռեցնելով ու պատժելով այն մուսուլմաններին, ովքեր մերժում էին կառավարության հսկողությունը կրոնի նկատմամբ: Քաղաքականությունը մշակվել ու իրականացվում էր քաղաքական հավասարակշռությունից հեռացնելու խարիզմատիկ իսլամը, խոչընդոտելու իշխանության համար պայքարում ցանկացած պոտենցիալ մրցակցություն Քարիմովի կառավարության և անկախ մտածող մուսուլման առաջնորդների միջև:

Կառավարության արշավի առաջին թիրախների շարքում մուսուլման հոգևոր առաջնորդներն էին, ովքեր մերժում էին պետական իշխանության կողմից թելադրված ուսմունքները: «Անհնազանդության» մյուս գործողությունները տատանվում էին մարդկանց աղոթելու կանչելու համար բարձրախոսների օգտագործման արգելքին չենթարկվելուց, կրոնական ծառայությունների ընթացքում նախագահ Քարիմովին չվկայակոչելուց, Իսլամական իրավունքի կիրառման ու իսլամական պետության առավելությունների խոսելուց մինչև երիտասարդ առաջնորդների ու հոգևոր այցելուների մասին անվտանգության ծառայություններին տեղեկացնելուց հրաժարվելը: Կառավարությունն անարդարացիորեն այս առաջնորդներին պիտակավորում էր որպես «Վահհաբիստների» և հետապնդում կամ ձերբակալում էր այն մարդկանց, ովքեր մոտ են կամ պատահական կապ են ունեցել նրանց հետ. նրանց կոնգրեգացիայի անդամներին, այդ թվում նրանց, ովքեր ժամանակ առ ժամանակ էին այցելում, իմամների աշակերտները, մզկիթի աշխատողները, և նույնիսկ նրանց հարազատները ...

Այս զեկույցի նպատակի համար «անկախ մուսուլման» տերմինը վերաբերում է այն մուսուլմաններին, ովքեր չէին հետևում կառավարության քաղաքականությանն իրենց կրոնական պրակտիկայում կամ դավանանքում: Նրանք գտնվում էին «ֆունդամենտալիստ» որակվելու վտանգի ներքո: Ուզբեկստանի կառավարությունը դատապարտում էր բոլոր այն մուսուլմաններին, ովքեր տարածում էին սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ուսմունք:

Hizb ut-Tahrir ի անդամները, ինչպես պետության կողմից «Վահհաբի» որակվող մուսուլմանները, մեծամասամբ իրենց բնորոշում էին որպես Հանաֆի Սունի, ինչպես Ուզբեկստանում մուսուլմանների մեծ մասը և Վահհաբիզմի հետևորդներ չէին ինչպես դա ընկալվում էր Սաուդիան Արաբիայում: Այսպես կոչված Վահհաբիստներն այդպես էին անվանվում, քանի որ օրը 5 անգամ աղոթում էին և իրենց կրոնական պատկանելության մասին ի ցույց էին դնում կրելով ամբողջ դեմքը ծածկող մորուք»:

104. Ուզբեկստանի վերաբերյալ Amnesty International-ի 2009 թվականի զեկույցը, հրապարակված 2009 թվականի մայիսին, հայտարարում էր, որ իրենց կազմակերպությունը շարունակում էր Իսլամական արգելված խմբերի անդամների նկատմամբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներ ստանալ: Զեկույցը ընդգծում էր, որ Ուզբեկստանի իշխանությունները հարևան պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, շարունակում են ակտիվորեն պահանջել այդ անձանց էքստրադիցիան և ովքեր հարկադրաբար վերադարձվում էին Ուզբեկստան, պահվում էին անմարդկային պայմաններում, որը մեծացնում էր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը:

105. 2010 թվականի մայիսի 1-ին Amnesty International-ը հրապարակեց «Ուզբեկստան. մարդու իրավունքների ընթացիկ վիճակի համառոտագրություն» վերնագրով փաստաթուղթ, որը սահմանում էր հետևյալը.

«Amnesty International-ը հավատում է, որ սկսած 2005 թվականի մայիսից՝ այսպես կոչված Անդիժանի դեպքերից հետո Ուզբեկստանում մարդու իրավունքների իրավիճակը վատթարացել է: ...

Մասնավորապես մտահոգիչ է Ուզբեկստանի ջանքերը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի նկատմամբ իրավապահ մարմինների, բանտապահների կողմից խոշտանգումների ու վատ վերաբերմունքի, նույնիսկ կալանքի տակ գտնվող կանանց բռնաբարության մասին շարունակվող հաստատուն հաղորդումների լույսի ներքո: ...

Չնայած Ուզբեկստանի հավաստիացումներին, որ խոշտանգումների կիրառման պրակտիկան էականորեն նվազել է, Amnesty International-ը շարունակում է ստանալ զեկույցներ կալանավորների ու դատապարտյալների նկատմամբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի լայնամասշտաբ կիրառման մասին:

Այս զեկույցների համաձայն՝ այս գործերի մեծ մասում իշխանությունները պատշաճ կերպով չեն գործել խոշտանգման ու վատ վերաբերմունքի մասին հաղորդումներով` չիրականացնելով անաչառ հետաքննություն: Amnesty International-ը մտահոգված է, որ անպատժելիությունը գերակշռում է, քանի որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի համար կասկածվող անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքերն ավելի շատ բացառություն են, քան կանոն: ...

Հաղորդումներ են եղել, որ այն անձինք, ովքեր հանձնման մասին միջնորդության հիման վրա այլ պետություններից վերադարձվել են Ուզբեկստան, պահվել են անմարդկային կալանավորման մեջ` այդ կերպ մեծացնելով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը և ենթարկվել են անարդար դատավարության: 2008 թվականի մեկ գործով, օրինակ, այն անձը, ով Ռուսաստանից վերադարձվել էր Ուզբեկստան, անարդար դատավարության արդյունքում դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Նրա հարազատները հայտնել էին, որ Ուզբեկստան նրա վերադարձից հետո նա 3 ամիս գտնվել էր նախնական կալանքի ներքո, որի ընթացքում ենթարկվել էր խոշտանգման ու վատ վերաբերմունքի այլ դրսևորումների: Նա իր ընտրած պաշտպանի մատչելիության իրավունք չի ունեցել, իսկ դատավարության ընթացքում դատավորը խոշտանգման արդյունքում ձեռք բերված ապացույցը թույլատրելի է ճանաչել»:

106. 2011 թվականի հունվարին Human Rights Watch-ը հրապարակեց իր տարեկան՝ 2010 թվականի համաշխարհային զեկույցը: «Ուզբեկստան» վերնագրված գլուխը, որքանով վերաբերելի է, սահմանում էր հետևյալը.

«Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ուզբեկստանի վարկանիշը շարունակում է շատ ցածր աստիճանի մնալ` առանց որևէ էական փոփոխության ի համեմատություն 2010 թվականի: Իշխանությունները շարունակում են հետապնդումները քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդիմության անդամների և անկախ լրագրողների և պետական հսկողությունից դուրս գտնվող հավատացյալների նկատմամբ ...

Ուզբեկստանում խոշտանգումը շարունակում է իր ահագնացող բնույթը: Կալանավորների իրավունքները խախտվում են հետաքննության ու դատավարության յուրաքանչյուր փուլում, թեև հաբեաս կորպուս փոփոխություններն ուժի մեջ են մտել 2008 թվականին: Ուզբեկստանի իշխանությունները չեն իրականացրել խոշտանգման դեմ պայքարի հանձնարարականը, որը տվել էր ՄԱԿ հատուկ զեկուցողը 2003 թվականին:

Կասկածյալներին չի թույլատրվում տեսակցել իրենց պաշտպանների հետ, որը շատ կարևոր երաշխիք է ընդդեմ մինչդատական վարույթի ընթացքում խոշտանգման դեմ: Ոստիկանությունն օգտագործում է խոշտանգումն ու այլ անօրինական միջոցները կալանավորներից խոստովանություն կորզելու համար: Իշխանությունները հրաժարվում են հետաքննելու չարաշահումների մասին հաղորդումները ...

Թեև Ուզբեկստանի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատության իրավունքը, Ուզբեկստանի իշխանությունները շարունակում են իրենց կամայական կալանավորման, ձերբակալման և խոշտանգման արշավն ընդդեմ այն մուսուլմանների, ովքեր դավանում են պետական հսկողությունից դուրս գտնվող կրոն կամ գործում են չգրանցված կրոնական կազմակերպությունում: 2010 թվականի ընթացքում ավելի քան 100 անձ ձերբակալվել կամ դատապարտվել է կրոնական ծայրահեղականության պատճառով:

...

Ուզբեկստանի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ շարունակում է շատ թույլ մնալ: Այն շարունակում է մերժել ՄԱԿ-ի բոլոր 8 հատուկ ընթացակարգերի մատչելիությունը, ովքեր հրավեր էին խնդրել, այդ թվում՝ խոշտանգման և մարդու իրավունքների պաշտպանների հրավերները …»:

107. Amnesty International-ի 2011 թվականի տարեկան զեկույցի, հրապարակված նույն տարվա մայիսին, Ուզբեկստանի վերաբերյալ գլուխը, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.

«Խոշտանգման ու վատ վերաբերմունքի մասին զեկույցները չեն շարունակում նվազել: Անարդար դատավարություններից հետո կրոնական փոքրամասնությունների և Իսլամական մյուս խմբերի տասնյակ անդամները դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկումների ...

Խոշտանգում և այլ վատ վերաբերմունք

Չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ խոշտանգումների պրակտիկան էականորեն նվազել է, կալանավորների ու դատապարտյալների նկատմամբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի մասին զեկույցները շարունակում են չնվազել: Բազմաթիվ գործերով իշխանություններն այս հաղորդումներով պատշաճ կերպով չեն գործել՝ անաչառ հետաքննություն չիրականացնելով:

Մի քանի հարյուր մարդ դատապարտվել է Ուզբեկստանում արգելված իսլամիստական կուսակցություններին կամ շարժումներին անդամագրվելու համար, ինչպես նաև՝ քաղաքական ընդդիմադիրները շարունակում են իրենց երկարաժամկետ պատիժը կրել դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում:

Ուզբեկստանը կրկին հրաժարվում է ՄԱԿ-ի հատուկ զեկույցներին խոշտանգումների վերաբերյալ թույլատրել այցելելու այդ երկիր՝ չնայած կրկնվող խնդրանքներին:

...

Հակաահաբեկչություն և անվտանգություն

2009 թվականի ընթացքում կալանավորված անձանց մեծամասնությունը նրանք են, ովքեր «IMU, the IJU և Hizb ut-Tahrir» անդամներ են կամ համակրում են նրանց՝ այցելելով չգրանցված մզկիթներ, ուսուցանելով անկախ իմամների մոտ: Նրանց մեծ մասը կալանավորվում է առանց մեղադրանքի կամ պատշաճ դատավարությունների: Զեկույցներ են առկա նաև խոշտանգման ու անարդար դատավարությունների մասին:

...

Դավանանքի ազատություն

Կառավարությունը շարունակում է իր անմիջական հսկողությունը կրոնական համայնքների նկատմամբ: Դրանցից առավելապես տուժում են չգրանցված խմբերի անդամները, ինչպես, օրինակ, Քրիստոնեական Ավետարանչական եկեղեցին և պետության հսկողությունից դուրս գտնվող մզկիթներում աշխատող մուսուլմանները»:

2. Տաշքենդում և Ֆերգանյան հովտում 2009 թվականի ահաբեկչական հարձակումներին արձագանքը

108. Amnesty International-ի 2010 թվականի մայիսի 1-ի զեկույցը, վերնագրված «Ուզբեկստան. մարդու իրավունքների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները», սահմանում է հետևյալը.

«... Amnesty International-ը մտահոգված է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցներով, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ պայքարում ու ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակի լույսի ներքո, ինչը ծավալվեց 2009 թվականի ընթացքում արձանագրված մի քանի սպանություններից ու ահաբեկչական հարձակումներից հետո ...

Amnesty International-ը մտահոգված է, որ իշխանությունների պատասխանը 2009 թվականի մայիսին և օգոստոսին տեղի ունեցած հարձակումներին անհամարժեք է կամայական կալանավորման և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բացարձակ արգելքին ու արդար դատաքննության իրավունքի նկատմամբ հարգանքի պարտավորությանը՝ ամրագրված ՔՔԻՄԴ-ում:

2009 թվականի մայիսին և օգոստոսին համապատասխանաբար Ֆերգանյան հովտում ու մայրաքաղաք Տաշքենդում արձանագրվել են ահաբեկչական հարձակումներ, ինչպես նաև 2009 թվականին հուլիսին Տաշքենդում սպանվել են իշխանամետ իմամ ու ոստիկանության ծառայող: Իսլամիստական ջիհադական միավորման (IJU(ԻՋՄ)) վրա է դրվել Ֆերգանյան հովտում տեղի ունեցած հարձակումների համար պատասխանատվությունը, մասնավորապես՝ 2009 թվականի մայիսի 26-ին Խանաբադում ոստիկանության բաժանմունքի, սահմանային անցակետի և կառավարական շենքի վրա հարձակումները, ինչպես նաև՝ նույն օրը Անդիժանի ոստիկանության բաժանմունքում մահապարտ ահաբեկչի կողմից կազմակերպած պայթյունը ...

Այս հանցագործություններին հաջորդեց կամայական կալանավորումների նոր ալիքը: Կալանավորված անձանց մեծամասնությունը նրանք են, ովքեր «IMU, the IJU և Hizb ut-Tahrir» անդամներ են կամ համակրում են նրանց՝ այցելելով չգրանցված մզկիթներ, ուսուցանելով անկախ իմամների մոտ: Նրանց մեծ մասը կալանավորվում է առանց մեղադրանքի կամ պատշաճ դատավարությունների: Զեկույցներ են առկա նաև խոշտանգման ու անարդար դատավարությունների մասին:

2009 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց Ֆերգանյան հովտում մայիսին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մեջ մեղադրվող անձանց առաջին դատավարությունները, մարդու իրավունքների ակտիվիստները զեկուցեցին, որ դատավարությունները դռնփակ են, թեև Նախագահի ու Գլխավոր դատախազի նախնական հավաստիացումներին, որ դատավարությունները բաց ու արդար են լինելու: Այնուհանդերձ, անկախ հետազոտողներին, դատական նիստերի դահլիճ չթույլատրվեց մուտք գործել: Որոշ մեղադրյալների ազգականներ մարդու իրավունքների պաշտպաններին հայտնել էին, որ պաշտպաններին չեն թույլատրել ծանոթանալ քրեական գործի նյութերին և նույնիսկ մուտք գործել դատական նիստերի դահլիճ …»:

109. 2011 թվականի իր տարեկան զեկույցում, հրապարակված նույն տարվա մայիսին, Amnesty International-ը սահմանեց հետևյալը.

«Հակաահաբեկչություն և անվտանգություն

Դռնփակ դատավարությունները սկսվեցին հունվարին, որոնց ընթացքում 70 ամբաստանյալների մեղադրանք էր առաջադրվել 2009 թվականի մայիսին և օգոստոսին Ֆերգանյան հովտում և մայրաքաղաք Տաշքենդում ահաբեկչական հարձակումների և 2009 թվականի հուլիսին Տաշքենդում բարձրաստիճան ոստիկանության աշխատակցի ու իշխանամետ իմամի սպանության համար: Հարձակումների ու սպանությունների համար իշխանությունները մեղադրում էին Ուզբեկստանի իսլամիստական շարժմանը (IMU-«ՈՒԻՄ»), Իսլամիստական ջիհադական միավորմանը (IJU(ԻՋՄ)) և Իսլամիստական Hizb ut-Tahrir կուսակցությանը, որոնք բոլորն էլ արգելված էին Ուզբեկստանում: Որպես կասկածյալ կալանավորված անձանց մեծամասնությունը այս կազմակերպությունների այն անդամներն էին կամ նրանց համակրողներն էին, ովքեր այցելել էին չգրանցված մզկիթներ, ուսանել էին անկախ իմամների մոտ, արտասահման էին մեկնել կամ կասկածվում էին արգելված իսլամիստական խմբերին անդամագրվելու մեջ: Նրանց մեծ մասը կալանավորվում է առանց մեղադրանքի կամ պատշաճ դատավարությունների: Զեկույցներ են առկա նաև խոշտանգման ու անարդար դատավարությունների մասին ...»:

110. ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2010 թվականի նոյեմբերին հրապարակված Դավանանքի ազատության 2010 թվականի միջազգային զեկույցը` Ուզբեկստանի վերաբերյալ գլխում, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը. 

«2009 թվականին Տաշքենդում տեղի է ունեցել հնչեղություն ունեցող 2 սպանություն, 1 սպանության փորձ և փոխհրաձգություն, որոնք, ըստ կառավարության մեղադրանքի, ունեցել են կրոնական հիմք (օրինակ՝ մեկի թիրախը եղել է Տաշքենդում գլխավոր իմամն է եղել): Դրան հաջորդող ամիսներին ավելի քան 200 մարդ է ձերբակալվել այդ միջադեպերի հետ կապ ունենալու մեղադրանքներով, շատերը մեղադրվել են ծայրահեղական կրոնական կազմակերպություններին անդամակցելու ու սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: 2010 թվականի հունվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում տարբեր դատարաններ դռնփակ դատավարությունների արդյունքում դատապարտել են նվազագույնը 50 անձանց և պատիժ նշանակել պատիժը պայմանականորեն չկիրառելուց մինչև 18 տարի ժամկետով ազատազրկման: Առկա են չհաստատված զեկույցներ, որ հավելյալ 150 անձինք դատապարտվել են վերաբերելի դատավարություններում: Նույն ժամանակահատվածում իշխանությունները նախաձեռնել են 100 ավելի վարույթներ ենթադրյալ ծայրահեղականների (մասնավորապես նրանք որակվում են որպես Վահաբբիստներ և ջիհադիստներ) դեմ սպանությունների հետ չառնչվող մեղադրանքներով: Մարդու իրավունքների պաշտպանները զեկուցել են կետ որ դատապարտվածների ընտանիքներն իշխանություններին մեղադրել են խոշտանգումների կիրառման ու հարկադրաբար խոստովանություն կորզելու մեջ: ...»

B. Եվրոպայի Խորհրդի փաստաթղթերն այն դիմողների անհետացման վերաբերյալ, որոնց նկատմամբ Դատարանի կողմից պաշտպանության ժամանակավոր միջոց էր կիրառվել

111. Նախարարների կոմիտեի (CM/Del/Dec(2012)1136/19) որոշումը, հաստատված Նախարարների տեղակալների 1136-րդ հանդիպմանը` 2012 թվականի մարտի 8-ին, սահմանում է հետևյալը.

«Տեղակալները

...

4. ինչ վերաբերում է Իսկանդարովի գործին, կրկնում են, որ այս գործում Կոնվենցիան խախտվել է Դատարանի կարծիքով Ռուսաստանի գործակալ հանդիսացող անհայտ անձանց կողմից դիմողի առևանգման և նրանց հարկադրաբար Տաջիկստան փոխադրելու արդյունքում, այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունների կողմից նրանց հանձնումը մերժվել էր,

5. հաշվի է առնում Դատարանի կողմից մատնանշած լրջագույն մտահոգությունը, որ այս տեսակի կրկնվող միջադեպերը վերջերս տեղի են ունեցել 4 այլ դիմողների նկատմամբ, որոնց գործերը քննվում են Դատարանի կողմից և որոնցով Դատարանը կիրառել է պաշտպանության ժամանակավոր միջոց նրանց հանձնումը խոչընդոտելու համար, քանի որ առկա է Կոնվենցիայի ծանր խախտման զոհ դառնալու անմիջական վտանգ,

6. նկատի է ունենում Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը, որ այս իրավիճակը նրանց համար նույնպես մտահոգության լուրջ աղբյուր է,

7. հաշվի է առնում, որ այժմ Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են այս միջադեպերից և պարտավորվել են հետևել Դատարանի կողմից այդ գործերի և Կոմիտեի կողմից Իսկանդարովի գործի քննության արդյունքում իրենց ուղղված հանձնարարականներին,

8. կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցառումները լույս սփռելու պրն Իսկանդարովի առևանգման միջադեպի բոլոր հանգամանքների վրա ու երաշխավորելու, որ համանման միջադեպեր ապագայում այլևս տեղի չեն ունենալու և արդյունքների մասին տեղեկացնելու Նախարարների կոմիտեին ...»:

112. 2012 թվականի հունիսի 6-ին Նախարարների տեղակալների 1144-րդ հանդիպմանը հաստատված իր որոշման (CM/Del/Dec (2012)1144/18) մեջ Նախարարների կոմիտեն կրկնել է իր մտահոգությունն այն դիմողների անհետացման վերաբերյալ, որոնց նկատմամբ Դատարանի կողմից կիրառվել էր պաշտպանության ժամանակավոր միջոց և սահմանել է հետևյալը.

 «Տեղակալները

...

3. ցավում է այն փաստի համար, որ չնայած լուրջ մտահոգություններին, նման միջադեպերի կապակցությամբ Դատարանի նախագահի, Նախարարների կոմիտեի ու Ռուսաստանի իշխանությունների կողմից արտահայտված, նրանք տեղեկացել են Մոսկվայում 2012 թվականի մարտի 29-ին, որ անհետացել է մեկ այլ դիմող և դրանից կարճ ժամանակ անց կալանավորված վիճակում հայտնաբերվել է Տաջիկստանում,

4. նկատի է ունենում Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ Իսկանդարովի գործի քննությունը շարունակվում է և այժմ չի հաստատվել, որ Ռուսաստանը ներգրավված է եղել դիմողի առևանգման մեջ,

5. ցավում է, որ մինչև այժմ ո՛չ Իսկանդարովի գործով և ո՛չ էլ այդ տեսակի որևէ այլ գործով իշխանությունները շոշափելի որևէ արդյունքի չեն հասել դիմողների առևանգման և փոխադրման գործերով ներպետական հետաքննություններով, ինչպես նաև չի հաստատվել որևէ պետական գործակալի պատասխանատվությունը …»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

113. Հաշվի առնելով, որ կողմերը համաձայն չեն դիմողին Տաջիկստան տեղափոխելու հանգամանքների հետ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հաստատել սույն գործի փաստերը:

114. Կառավարությունը հայտնել է, որ 2011 թվականին հունիսին դիմողին ազատ արձակելուց հետո նա իշխանությունների հսկողության ներքո չի եղել: Որևէ ապացույց չկա, որ իշխանությունները ներգրավված են եղել Տաջիկստան նրա փոխադրման մեջ: Նրա առևանգման հանգամանքների վերաբերյալ քննությունը շարունակվում է: Նրա պաշտպանը՝ տկն Ռյաբինինան, ծանուցվել է հարցաքննության: Այնուհանդերձ նա չի ներկայացել հարցաքննությանը:

115. Դիմողը հայտնել է, որ նա առևանգվել և գաղտնի տեղափոխվել է Տաջիկստան, ինչպես նաև, որ եղել են լուրջ փաստարկներ այդ տեղափոխման մեջ Ռուսաստանի իշխանությունների ներգրավվածության մասին: Նախ, նա և նրա ընկերները առևանգվել էին անհայտ անձանց կողմից ոստիկանի աչքի առաջ իրենց ինքնությունը պարզելուց անմիջապես հետո: Երկրորդ, նրանք ուղիղ գնացել են օդանավակայան և նստել օդանավ՝ շրջանցելով սահմանապահ կետն ու անվտանգության ստուգման անցակետը: Իր կարծիքով դա անհնարին կլիներ առանց իրավասու մարմինների ներգրավվածության կամ նվազագույնը՝ լուռ համաձայնության: Էական է նաև այն, որ չնայած Դատարանի խնդրանքին, Կառավարությունը չի ներկայացրել քաղվածք սահմանային անցակետի գրանցամատյանից այն մասին, որ դիմողը հատել է Ռուսաստանի սահմանը: Նրանք նաև որևէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչու դա չեն կատարել: Ավելին, հաշվի առնելով այն, որ դիմողի անձնագիրը Ռուսաստանի իշխանությունները վերցրել էին, ապա նրա համար շատ դժվար կլիներ անցնել սահմանային անցակետն առանց իշխանությունների օժանդակության: Վերոգրյալից հետևում է, որ Ռուսաստանի իշխանություններն ուղղակիորեն ներգրավված էին եղել դիմողի առևանգման ու Տաջիկստան տեղափոխման մեջ:

116. Բացի դրանից, ինչ վերաբերում է դիմողի առևանգման դեպքի վերաբերյալ պաշտոնական հետաքննությանը, ապա դիմողը նշել է, որ այդ դեպքերից շատ ամիսներ անց այն որևէ արդյունք չի տվել: Առևանգումից 8 ամիս անց նոր միայն դիմումներ են ուղարկվել Սահմանապահ ծառայություն ու այլ պետական մարմիններ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել: Նախաքննական մարմինները չեն հարցաքննել որևէ վկայի, օրինակ՝ օդանավակայանի անձնակազմին: Նման հանգամանքներում հետաքննությունը չի կարող համարվել պատշաճ ու արդյունավետ: Տկն Ռյաբինինան երբևէ որևէ ծանուցագիր չի ստացել քննիչից: Ընդհակառակը, դիմողի մյուս պաշտպանը՝ տկն Տրենինան, երկու անգամ է ծանուցվել: Նա քննիչին տրամադրել է դիմողի անհետացման հանգամանքների վերաբերյալ ունեցած բոլոր տեղեկությունը:

117. Ի սկզբանե Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հստակ գիտակցում է իր խնդրի սուբսիդիար բնույթը և փաստական հանգամանքների ուսումնասիրման ու գնահատման հարցերը քննելիս պարտավոր է շատ զգուշությամբ ընդունել առաջին ատյանի դատարանի գործառույթները, եթե կոնկրետ գործի շրջանակներում դա անխուսափելի չէ (տե՛ս McKerr v. the United Kingdom գործը (dec.), գանգատ թիվ 28883/95, 2000 թվականի ապրիլի 4, և Altun v. Turkey գործը, գանգատ թիվ, կետ 42, 2004 թվականի հունիսի 1): Այնուհանդերձ, եթե գանգատները ներկայացվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, ապա Դատարանը պետք է անցկացնի մանրակրկիտ քննություն, եթե նույնիսկ որոշակի ներպետական դատավարություններ և հետաքննություններ արդեն տեղի են ունեցել (տե՛ս Mathew v. the Netherlands գործը, գանգատ թիվ 24919/03, կետ 155, ՄԻԵԴ 2005‑IX):

118. Այնուհետև Դատարանը կրկնում է, որ ապացույցները գնահատելիս, այն կիրառում է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը: Այնուհանդերձ Դատարանի կողմից քննվող գործերով առկա են ապացույցների ընդունելիության խոչընդոտներ կամ դրանց գնահատման նախապես որոշված բանաձևեր: Այն ընդունում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հիմնավորվում են ապացույցների ազատ գնահատման արդյունքում, այդ թվում՝ այնպիսի հետևություններ, որոնք բխում են փաստերից կամ կողմերի դիրքորոշումներից: Ըստ իր կողմից հաստատված նախադեպային իրավունքի՝ ապացույցը կարող է բխել բավարար ուժեղ, հստակ և ներդաշնակ եզրակացությունների համակցությունից կամ նմանատիպ չհերքված փաստերի կանխավարկածից: Ավելին, համոզվածության մակարդակն անհրաժեշտ է որոշակի եզրակացության հասնելու համար և այս կապակցությամբ ապացուցման բեռի բաշխումը ըստ էության կապված է փաստերի առանձնահատկության, ներկայացված գանգատների բնույթի ու վիճարկվող Կոնվենցիոն իրավունքի հետ (տե՛ս հետագա հղումների հետ միասին Nachova and Others v. Bulgaria գործը, [GC], գանգատներ թիվ 43577/98 և թիվ 43579/98, կետ 147, ՄԻԵԴ 2005‑VII):

119. Դատարանը նաև ընդունում է այն, որ Կոնվենցիոն դատավարությունները ոչ բոլոր գործերով են ինքնին հանգեցնում affirmanti incumbit probatio (նա, ով վիճարկում է ինչ-որ բան, պետք է ապացուցի դա) սկզբունքի անշեղ կիրառմանը, քանի որ որոշակի ատյաններում միայն պատասխանող կառավարությունը մատչելիություն ունի այն տեղեկատվությանը, որը կարող է հերքել կամ հաստատել այդ փաստարկը: Կառավարության ձախողումը` ներկայացնելու նման տեղեկատվություն առանց հիմնավոր պատճառաբանության, կարող է հանգեցնել դիմողի փաստարկների հիմնավորվածության մասին հետևության (տե՛ս` ի թիվս այլ որոշումների, Fadeyeva v. Russia գործը, գանգատ թիվ 55723/00, կետ 79, ՄԻԵԴ 2005-IV, և Ahmet Ճzkan and Others v. Turkey գործը, գանգատ թիվ 21689/93, կետ 426, 2004 թվականի ապրիլի 6, տե՛ս նաև Դատարանի կանոնակարգի 44Գ կանոնը): Դրանից հետևում է, որ այն գործերով, որոնցով փաստերն ամբողջությամբ կամ մասնակի հերքվում են իշխանությունների բացառիկ իմացության շրջանակում, ապա ապացուցման բեռը կարող է դրվել Կառավարության վրա, որը պետք է ներկայացնի հիմնավոր ու համոզիչ բացատրություն (տե՛ս Salman v. Turkey գործը, [GC], գանգատ թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII, և D.H. and Others v. the Czech Republic գործը, [GC], գանգատ թիվ 57325/00, կետ 179, ՄԻԵԴ2007‑XII):

120. Անվիճելի է, որ դիմողը Մոսկվայից անհետացել է 2011 թվականի օգոստոսի 23-ին, և ավելի ուշ հայտնաբերվել է կալանավորման մեջ Տաջիկստանում: Դատարանը նկատում է, որ նա տվել է առևանգման և տեղափոխման շատ մանրակրկիտ նկարագրությունը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 54-ից 65-ը): Այն նաև նկատում է, որ իր նկարագրությունը հաստատող ապացույցի ներկայացումը իր իշխանության մեջ չէ, քանի որ միայն իշխանությունները կարող են հասանելիություն ունենալ փաստաթղթերին (ինչպես օրինակ՝ սահմանային անցակետերի գրանցամատյանները, օդանավի անձնակազմի տվյալները կամ Տաջիկստանի թռիչքի ուղևորների ցուցակները) և հավաքել վկաների այն հայտարարությունները, որոնք կարող են հերքել կամ հաստատել դիմողի փաստարկները: Նման հանգամանքներում ապացուցման բեռն ընկնում է Կառավարության վրա` հերքելու դիմողի փաստարկներն ու ներկայացնելու նրա՝ Տաջիկստանում գտնվելը հիմնավորող բավարար ու հիմնավոր բացատրություն:

121. Դատարանը նկատում է, որ Կառավարության կողմից դիմողի փաստարկները հերքելու ունակ ապացույցներ Կառավարության կողմից չի ներկայացվել: Ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից հետաքննություն է սկսվել, որն այժմ ընթացքի մեջ է գտնվում: Այնուամենայնիվ, գործի նյութերից ակնհայտ երևում է, որ դիմողի անհետացումից 8 ամիս անց՝ 2012 թվականի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, ձեռնարկված միակ քննչական գործողությունը տեղեկատվություն տրամադրելու մասին քննիչի գրությունն է` ուղղված Սահմանապահ ծառայությանն ու տարբեր պետական մարմիններին (տե՛ս վերը՝ պարագրաֆ 69): Դատարանը չի տեղեկացվել, թե այդ գրություններին ի պատասխան որևէ տեղեկություն ստացվել է, թե՝ ոչ:

122. Քրեական գործի նյութերում որևէ ապացույց չկա այն մասին, թե որևէ ջանք գործադրվել է հայտնաբերելու ու հարցաքննելու վկաների, ովքեր կարող են հաստատել կամ հերքել դիմողի փաստարկներն իր առևանգման մասին: Հաշվի առնելով դիմողի՝ Մոսկվայից դուրս գալուց և Ղուջանդ ժամանելուց հետո կապ հաստատելու ժամանակահատվածը, հնարավոր էր որոշել, թե ինչ թռիչքով էր նա մեկնել ու հարցաքննել օդանավի անձնակազմին ու ուղևորներին օդանավում 3 ձեռնաշղթայված անձանց և 2 ուղեկցողների առկայության մասին: Հնարավոր էր հաստատել նաև Մոսկվայի կենտրոնում 2011 թվականի օգոստոսի 23-ին պարեկություն անող ոստիկանության այն աշխատակցի ինքնությունը, ով նախքան դիմողի ու նրա ընկերների առևանգումը կատարել էր նրանց ինքնության ստուգում, և հարցաքննել նրան: Այնուամենայնիվ, հնարավոր վկաների հարցաքննության համար որևէ գործողություն չի ձեռնարկվել: Դրանից հետևում է, որ Կառավարությունը որևէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հերքել դիմողի՝ իր առևանգման ու Տաջիկստան փոխադրման մասին փաստարկները:

123. Կառավարությունը չի ներկայացրել նաև որևէ այլընտրանքային հիմնավոր բացատրություն դիմողի՝ Տաջիկստանում հայտնվելու վերաբերյալ: Եթե նրանց կողմից ներկայացված դիրքորոշումը կարող է մեկնաբանվել այնպես, որ դիմողն իր ազատ կամքով է մեկնել Տաջիկստան, ապա նրանք չեն բացատրել, թե ինչպես նա կարող էր հատել Ռուսաստանի սահմանը առանց իր անձնագրի, որը մնացել էր Ռուսաստանի իշխանությունների մոտ: Ավելին, չնայած Դատարանի խնդրանքին, Կառավարությունը չներկայացրեց սահմանային անցակետի գրանցամատյանից որևէ քաղվածք այն մասին, թե որտեղից և երբ է Ռուսաստանի տարածքը լքել դիմողը:

124. Նման հանգամանքներում Դատարանը վստահում է դիմողի հավաստիացումներին, որ նա առևանգվել և Տաջիկստան թռչող օդանավ էր նստել առանց համապատասխան ֆորմալ ձևակերպումների:

125. Բացի դրանից, ինչ վերաբերում է դիմողի փաստարկներին, որ Ռուսաստանի իշխանություններն իր առևանգմանը մասնակցություն ունեցել են, ապա Դատարանը չի կարող, սակայն այս փաստարկները ընդունում է որպես արժանահավատ: Իրոք, լուրջ կասկածներ կան, որ անհայտ անձինք չէին կարող դիմողին օդանավ նստեցնել` շրջանցելով անձնագրային ու սահմանային ստուգման կետերն առանց իրավասու պաշտոնյաների համաձայնության: Կառավարությունը չի ներկայացրել որևէ իրատեսական բացատրություն, թե ինչպես դիմողը, առանց անձնագրի, կարող էր շրջանցելով անցագրային ստուգման կետերը` օդանավ նստել, եթե նրան չեն ուղեկցել Ռուսաստանի համապատասխան ծառայողները (տե՛ս նման պատճառաբանության համար Iskandarov v. Russia գործը, գանգատ թիվ 17185/05, պարագրաֆ 113, 2010 թվականի սեպտեմբերի 23):

126. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ քանի որ դիմողն ի սկզբանե հայտնել է, որ նա առևանգվել ու Տաջիկստան է տեղափոխվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, Կառավարությունը չի ներկայացրել արժանահավատ բացատրություն, թե ինչպես է դիմողը հայտնվել Տաջիկստանում:

127. Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ հաստատվել է, որ 2011 թվականի օգոստոսի 23-ին դիմողը Տաջիկստանի իշխանությունների կողմից իր կամքին հակառակ առևանգվել ու տեղափոխվել է Տաջիկստան և պահվել կալանքի ներքո Ռուսաստանի իշխանությունների իմացությամբ և նրանց ակտիվ կամ պասիվ ներգրավվածությամբ:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

128. Դիմողը գանգատվել է, որ Տաջիկստան իր գաղտնի տեղափոխման արդյունքում, որտեղ նա գտնվել է Ուզբեկստան հանձնվելու իրական վտանգի ներքո, նա ենթարկվել է խոշտանգման ու կրոնական հետապնդման ենթարկվելու իրական վտանգի: Նա նաև գանգատվել է, որ Ուզբեկստան հանձնվելու դեպքում վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտահոգությունները Ռուսաստանի իշխանությունների կողմից բազմակողմանի քննության չեն առնվել: Նա հղում է տվել Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածներին, որոնք սահմանում են հետևյալը.

 

Հոդված 3

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

Հոդված 13

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

A. Կողմերի դիրքորոշումները

129. Կառավարությունը հայտնել է, որ դիմողին Ուզբեկստանին հանձնելու դեպքում վատ վերաբերմունքի կամ քաղաքական հետապնդման ենթարկվելու վտանգ չի սպառնացել: Նրա փաստարկները նման վտանգի մասին, որոնք առաջին անգամ ծագել են հանձնման մասին դատախազի որոշման դատական բողոքարկման ժամանակ, քննվել և հերքվել են Ռուսաստանի դատարանների կողմից: Կառավարությունը կրկնել է ներպետական դատարանների պատճառաբանությունը և հղում է տվել Ուզբեկստանի գլխավոր դատախազության կողմից տրված դիվանագիտական հավաստիացումներին:

130. Դիմողը հայտնել է, որ ներպետական իշխանությունների ուշադրությունն Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտահոգությունների վրա հրավիրել է դեռևս 2009 թվականի դեկտեմբերին փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր դիմումում: Նա անընդհատ կրկնել է իր մտահոգությունների մասին փախստականի կարգավիճակ ստանալու և հանձնման վարույթների ընթացքում: Նա հղում է տվել ՄԱԿ-ի հիմնարկների ու համապատասխան միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների զեկույցներին, որոնք հստակ ցույց են տվել, որ նրա նման անհատները, ովքեր կասկածվում են արգելված կրոնական կազմակերպություններին անդամակցելու մեջ, ենթակա են վատ վերաբերմունքի վտանգի: Նա նաև վիճարկել է, որ իրեն ներկայացված մեղադրանքից հետևում է, որ նրանց հիմքում քաղաքական ու կրոնական շարժառիթներն են: Այնուամենայնիվ, ներպետական իշխանությունները հաշվի չեն առել դիմողի կողմից ներկայացված ապացույցը և մերժել են իր մտահոգություններն անհիմն լինելու հիմքով առանց պատշաճ գնահատելու Ուզբեկստանում տիրող իրավիճակը կամ նրա անձնական կարգավիճակը՝ հիմք ընդունելով Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրամադրված դիվանագիտական հավաստիացումները: Այդ հավաստիացումներն արժանահավատ չեն դրանց վերահսկման կամ խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու համապատասխան մեխանիզմի բացակայության պատճառով (նա հղում է տվել Chahal v. the United Kingdom գործին, 1996 թվականի նոյեմբերի 15, կետ 105, Վճիռների ու որոշումների զեկույցներ 1996‑V, և Saadi v. Italy գործին [ՄՊ], գանգատ թիվ 37201/06, կետ 147, ՄԻԵԴ 2008):

 

B. Դատարանի գնահատականը

1. Հոդված 3

(a) Ընդունելիությունը

131. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ընդունելի ճանաչել:

(b) Գործի ըստ էության քննությունը

(i) Ընդհանուր սկզբունքները

132. Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ Պայմանավորվող պետության կողմից հանձնումը կարող է 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել և արդյունքում հանգեցնել Կոնվենցիայի ներքո պետության պատասխանատվությանը, եթե բավարար հիմքեր կան կարծելու, որ տվյալ անձը, եթե հանձնվի, ապա հայցող պետությունում կարող է 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հանդիպել: Նման պատասխանատվության հաստատումն անխուսափելիորեն ներառում է հայցող պետությունում տիրող՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի չափանիշներին հակասող իրավիճակի գնահատումը: Այնուհանդերձ, այստեղ հայցող պետության` միջազգային ընդհանուր իրավունքի, Կոնվենցիայի կամ որևէ այլ մեխանիզմի ներքո պատասխանատվության հաստատման խնդիր առկա չէ: Կոնվենցիայի ներքո Պայմանավորվող պետության պատասխանատվությունը կարող է ծագել նրա ձեռնարկած այն գործողության պատճառով, որը կարող է ուղղակի հետևանք ունենալ անհատի վրա (տե՛ս Soering v. the United Kingdom գործը, 1989 թվականի հուլիսի 7, կետեր 89-91, Ա Սերիա թիվ 161):

133. Որոշելու համար, թե արդյոք հիմնավորվել է, որ դիմողը կարող է 3-րդ հոդվածով նկարագրված վերաբերմունքից տառապելու վտանգի ենթարկվել, եթե հանձնվի, Դատարանը խնդիրը պետք է գնահատի իրեն ներկայացված կամ proprio motu ներկայացված բոլոր նյութերի լույսի ներքո (տե՛ս H.L.R. v. France գործը, 1997 թվականի ապրիլի 29, կետ 37, Զեկույցներ 1997-III): Քանի որ նման գործերով Պայմանավորվող պետությունների պատասխանատվությունը 3-րդ հոդվածի ներքո կապված է հանձնվող անձի՝ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հետ, վտանգի առկայությունը գլխավորապես պետք է գնահատվի հղում տալով այն հանգամանքներին, որոնք հայտնի էին կամ պետք է հայտնի լինեին Պայմանավորվող պետության համար հանձնման պահին (տե՛ս Cruz Varas and Others v. Sweden գործը, 1991 թվականի մարտի 20, կետեր 75-76, Ա Սերիա թիվ 201, և Vilvarajah and Others v. the United Kingdom գործը, 1991 թվականի հոկտեմբերի 30, կետ 107, Ա Սերիա թիվ 215): Այնուամենայնիվ, եթե դիմողը չի հանձնվել կամ արտաքսվել, երբ Դատարանը քննում է գործը, ապա համապատասխան ժամանակը Դատարանում գործի քննության ժամանակահատվածն է (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետեր 85-86):

134. Որոշելու համար, թե արդյոք առկա է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգ, Դատարանը պետք է քննի դիմողի համար կանխատեսելի հետևանքները հայցող պետությանը հանձնելիս՝ մտապահելով այնտեղ տիրող ընդհանուր իրավիճակն ու նրա անձնական հանգամանքները (տե՛ս վերոհիշյալ Vilvarajah and Others գործը, կետ 108 in fine): Սկզբունքորեն դիմողը պետք է ապացույց ներկայացնի, որն ունակ կլինի ապացուցել, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ եթե նա հանձնվի, ապա կարող է հանդիպել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի (տե՛ս N. v. Finland գործը, գանգատ թիվ 38885/02, կետ 167, 2005 թվականի հուլիսի 26): Եթե նման ապացույց է ներկայացվում, ապա Կառավարությունը պետք է փարատի դրա հետ կապված բոլոր կասկածները (տե՛ս Ryabikin v. Russia գործը, գանգատ թիվ 8320/04, կետ 112, 2008 թվականի հունիսի 19):

135. Ինչ վերաբերում է կոնկրետ պետությունում տիրող ընդհանուր իրավիճակին, ապա Դատարանը գտնում է, որ դրա մասին ծանրակշիռ տեղեկություններ կարող են տրամադրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների թարմ զեկույցները կամ կառավարական աղբյուրները (տե՛ս, օրինակ, վերոհիշյալ Chahal-ի գործը, կետեր 99-100, MՖslim v. Turkey գործը, գանգատ թիվ 53566/99, կետ 67, 2005 թվականի ապրիլի 26, Said v. the  Netherlands գործը, գանգատ թիվ 2345/02, կետ 54, ՄԻԵԴ 2005-VI և Al‑Moayad v. Germany (dec.) գործը, գանգատ թիվ 35865/03, կետեր 65-66, 2007 թվականի փետրվարի 20): Բացի դրանից, որոշելու համար, թե արդյոք հայցող պետությունում առկա է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգ, Դատարանը գնահատում է այդ պետությունում ընդհանուր իրավիճակը` հաշվի առնելով մարդու իրավունքների ընդհանուր կամ որոշակի խմբի կամ այն ոլորտի վիճակը, որը կարող է վերաբերելի լինել դիմողի անձնական հանգամանքներին (տե՛ս, mutatis mutandis, Shamayev and Others v. Georgia and Russia գործը, գանգատ թիվ 36378/02, կետ 337, ՄԻԵԴ 2005‑III):

136. Միևնույն ժամանակ հայցող պետությունում հավանական վատ վերաբերմունքի վերաբերյալ չհաստատված դրությունն ինքնին չի հանգեցնում 3-րդ հոդվածի խախտմանը (տե՛ս վերոհիշյալ Vilvarajah and Others գործը, կետ 111, և Katani and Others v. Germany (dec.) գործը, գանգատ 67679/01, 2001 թվականի մայիսի 31): Կոնկրետ պետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ընդհանուր խնդրին հղում տալը չի կարող ինքնին հիմք ծառայել հանձնումը մերժելու համար (տե՛ս Dzhaksybergenov v. Ukraine գործը, գանգատ 12343/10, կետ 37, 2011 թվականի փետրվարի 10): Եթե Դատարանին մատչելի աղբյուրները նկարագրում են ընդհանուր դրությունը, ապա դիմողի առանձնահատուկ գանգատները կոնկրետ գործով պահանջում են այլ ապացույցով հաստատում, որը հղում է տալիս անհատական հանգամանքներին, որոնք հիմք են հանդիսանում վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին նրա մտահոգություններին (տե՛ս Mamatkulov and Askarov v. Turkey գործը [GC], գանգատներ թիվ 46827/99 և թիվ 46951/99, կետ 73, ՄԻԵԴ 2005‑I, և վերոհիշյալ Dzhaksybergenov-ի գործը, ibid.): Դատարանը նման անհատական հանգամանքների մասին ապացույց չի պահանջի միայն շատ ծայրահեղ գործերով, եթե հայցող պետությունում մարդու իրավունքների խախտումներն այնքան ինտենսիվ են, որ իրական վտանգ են ստեղծում, որ ցանկացած անձի հանձնում այդ պետությանն անհրաժեշտաբար հանգեցնելու է 3-րդ հոդվածի խախտմանը (տե՛ս N.A. v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 25904/07, կետեր 115-116, 2008 թվականի հուլիսի 17, և Sufi and Elmi v. the United Kingdom գործը, գանգատներ թիվ 8319/07 և թիվ 11449/07, կետ 217, 2011 թվականի հունիսի 28):

137. Ինչ վերաբերում է իր սեփական քննությանը, ապա Դատարանը կրկնում է, որ ինքը պետք է շատ զգույշ լինի փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի տրիբունալի դերը ստանձնելիս: Նա բազմաթիվ դեպքերում կրկնել է, որ եթե ներպետական դատավարությունները տեղի են ունեցել, ապա դա իր խնդիրը չէ փոխարինելու ներպետական դատարանների՝ փաստական հանգամանքներին տրված գնահատականն իր սեփական գնահատականով, քանի որ որպես ընդհանուր կանոն դա այդ դատարանների խնդիրն է գնահատելու իրենց ներկայացված ապացույցները (տե՛ս` ի թիվս այլ որոշումների, Giuliani and Gaggio v. Italy գործը [GC], գանգատ թիվ 23458/02, կետեր 179-180, 2011 թվականի մարտի 24): Թեև Դատարանը սահմանափակված չէ ներպետական դատարանի հետևություններով, սակայն սովորական հանգամանքներում այն պահանջում է համոզիչ տարրեր, որոնք նրան կուղղորդեն ներպետական դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքներից հետևություններ անելուն (ibid.): Միևնույն ժամանակ, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի պարտականությունն է ապահովելու, որ Պայմանավորվող պետությունը հետևի Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորություններին: Հղում տալով հանձնմանը կամ արտաքսմանը՝ Դատարանը կրկնում է, որ այն գործերով, որոնցով դիմողն ապահովում է պատճառաբանված հիմքեր, որոնց իսկությունը կասկածի տակ է առնվում Կառավարության կողմից, Դատարանը պետք է բավարարվի նրանով, որ Պայմանավորվող պետության իշխանությունների կողմից տրված գնահատականը պատշաճ է և բավարար հիմնավորված է ինչպես ներպետական, այնպես էլ այլ վերաբերելի աղբյուրներից բխող նյութերով (տե՛ս Salah Sheekh v. the Netherlands գործը, գանգատ թիվ 1948/04, կետ 136, 2007 թվականի հունվարի 11):

138. Դատարանը նաև վերջերս գտել է, որ երբ Պետությունն ապաստան հայցողին միջազգային իրավունքի ներքո ստանձնած իր պարտավորություններին համապատասխան փոխանցում է միջնորդ պետության, նա պետք է համոզված լինի, որ միջնորդ պետության ապաստանի տրամադրման ընթացակարգն ապահովի բավարար երաշխիքներ ապաստան հայցողին, որ նա ուղղակիորեն կամ անուղղակի չփոխանցվի իր ծագման վայրի պետություն` առանց գնահատելու այն ռիսկերը, որոնց նա կարող է հանդիպել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (տե՛ս M.S.S. v. Belgium and Greece [GC] գործը, գանգատ թիվ 30696/09, կետ 342, ՄԻԵԴ 2011):

(ii)Սույն գործի նկատմամբ կիրառությունը

139. Դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են դիմողի հանձնումն Ուզբեկստանին: Այնուամենայնիվ, հանձնումը չի կատարվել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Դատարանի կողմից ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում: 2011 թվականի հունիսին դիմողն ազատ արձակվեց և մի քանի շաբաթ անց Ռուսաստանի իշխանությունների ներգրավվածությամբ ու իմացությամբ գաղտնի տեղափոխվեց Տաջիկստան, ինչպես նկարագրված է վերը (տե՛ս վերը՝ պարագրաֆ 127): Տաջիկստանում նա կալանքի վերցվեց Ուզբեկստանին հանձնելու նպատակով: Թեև նա 2011 թվականի նոյեմբերին ազատ արձակվեց, սակայն պարզվեց, որ Տաջիկստանում հանձնելու վարույթը նրա դեմ դեռևս շարունակվում է:

140. Դատարանը պետք է հաստատի, թե արդյոք դիմողն Ուզբեկստանում կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի և արդյոք նրան Տաջիկստան տեղափոխելով Ռուսաստանը խախտել է հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունը: Այն հաջորդաբար քննարկելու է այս հարցերը:

(՞) Դիմողի կողմից Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգին հանդիպելու վերաբերյալ

141. Դատարանը հնարավորություն ունեցել է գործ ունենալու մի քանի գանգատների հետ, որոնք բարձրացրել են Ռուսաստանից կամ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետության կողմից Ուզբեկստանին հանձնելու կամ արտաքսելու դեպքում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգին հանդիպելու խնդիրը: Հղում տալով տարբեր աղբյուրներից բխող նյութերին՝ այն գտել է, որ Ուզբեկստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը մտահոգիչ է, մասնավորապես, որ վերաբերելի միջազգային նյութերը վկայում են կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգման կիրառման մասին, որոնք պարբերաբար ու չտարբերակված բնույթ են կրում և որևէ ապացույց չկա, որ այս հարցում ինչ-որ հիմնարար առաջընթաց է գրանցվել (տե՛ս` ի թիվս այլ որոշումների, վերոհիշյալ Ismoilov and Others գործը, կետ 121, Muminov-ի գործը, կետեր 93-96, Garayev v. Azerbaijan գործը, գանգատ թիվ 53688/08, կետ 71, 2010 թվականի հունիսի 10, և Yakubov v. Russia գործը, գանգատ թիվ 7265/10, կետեր 81 և 82, 2011 թվականի նոյեմբերի 8):

142. Բացի դրանից, Դատարանը քննել է մի շարք գործեր, որոնցում դիմողները մեղադրվում էին այնպիսի հանցագործությունների մեջ, որոնք վերաբերում էին Ուզբեկստանում արգելված կրոնական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Hizb ut-Tahrir-ին անդամակցության մեջ (տե՛ս վերոհիշյալ Muminov-ի գործը, կետեր 94-98, Karimov v. Russia գործը, գանգատ թիվ 54219/08, կետ 100, 2010 թվականի հուլիսի 29 և վերոհիշյալ Yakubov-ի գործը, կետեր 83-94) կամ այլ կրոնական կազմակերպություններին անդամակցելու մեջ (տե՛ս Abdulazhon Isakov v. Russia գործը, գանգատ թիվ 14049/08, կետ 110, 2010 թվականի հուլիսի 8, Sultanov v. Russia գործը, գանգատ թիվ 15303/09, կետ 72, 2010 թվականի նոյեմբերի 4, և Ergashev v. Russia գործը, գանգատ թիվ 12106/09, կետ 113, 2011 թվականի դեկտեմբերի 20): Դատարանը գտել է, որ նման անձինք գտնվում են վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի ներքո և նրանց հանձնումը կամ արտաքսումն Ուզբեկստան կարող է հանգեցնել 3-րդ հոդվածի խախտման:

143. Իրոք, մատչելի զեկույցները (տե՛ս վերը պարագրաֆներ 99-107) վկայում են Ուզբեկստանի իշխանությունների՝ այն մուսուլմանների դեմ կալանավորման ու հետապնդման արշավի ձեռնարկման մասին, ովքեր իրենց կրոնը դավանում են պետական հսկողությունից դուրս կամ պատկանում են չգրանցված կրոնական կազմակերպություններին, խմբերին կամ ոչ պաշտոնական միավորումների և որոնց հաճախ որակում են որպես կրոնական ծայրահեղականներ, ֆունդամենտալիստներ և վահաբիստներ: Զեկույցներից պարզ է դառնում, որ տարբեր հանցագործությունների, ինչպես օրինակ ծայրահեղական կազմակերպություններին անդամակցելու կամ կառավարությունը տապալելու մեջ մեղադրվող կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման լուրջ խնդիր է առկա: Զեկույցները վկայում են կալանավայրերի անմարդկային պայմանների, կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի, նրանց իրավական օգնության և արդար դատաքննության իրավունքի տրամադրման մերժման մասին:

144. Ինչ վերաբերում է դիմողի անձնական կարգավիճակին, ապա Դատարանը նկատում է, որ նա հետախուզվում էր Ուզբեկստանի իշխանությունների կողմից ծայրահեղական կրոնական կազմակերպություններին անդամակցելու ու Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Մեղադրանքները հիմնված էին արգելված կրոնական կազմակերպության հավաքներին ենթադրյալ մասնակցության և արգելված կրոնական գիրք պահելու համար: Նա մեղադրվում էր Վահաբբիզմի գաղափարները տարածելու համար, որը հակադրվում է ավանդական Իսլամին, և այդ կերպ խրախուսում է հակակառավարական ու հակասահմանադրական տրամադրությունները և վարկաբեկում Ուզբեկստանի Հանրապետությունում հաստատված ժողովրդավարական համակարգը:

145. Վերոգրյալը դիմողին հանձնելու համար հիմք է հանդիսացել: Դա ցույց է տալիս, որ նրա կարգավիճակը նույնն է այն մուսուլմանների կարգավիճակի հետ, որոնք պետական հսկողությունից դուրս գտնվող կրոնական գործունեության պատճառով մեղադրվում են կրոնական ծայրահեղության ու արգելված կրոնական կազմակերպություններին անդամակցելու համար և այդ կապակցությամբ, ինչպես նշված է զեկույցներում ու Դատարանի վերոհիշյալ վճռում, գտնվում է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի ներքո:

146. Կարևոր է նաև այն, որ դիմողի դեմ հարուցված այդ վարույթները նախաձեռնվել էին 2009 թվականի ամռանը Ֆերգանյան հովտում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո: Այդ հարձակումներին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում հեղինակավոր միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները զեկուցեցին չգրանցված մզկիթներ այցելած մուսուլմանների կամայական ձերբակալումների ալիքի մասին, որին հաջորդել է նրանց կալանավորումը կրոնական ծայրահեղության ու սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքներով, որին էլ հաջորդել է ինքնախոստովանություն կորզելու նպատակով նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը (տե՛ս վերը` պարագրաֆներ 108-110): Դատարանի կարծիքով այն հանգամանքը, որը դիմողի դեմ ներկայացված մեղադրանքի ու հանձնման մասին միջնորդության ամսաթիվն այդ ժամանակահատվածից է, ուժեղացնում է վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը:

147. Դատարանը նաև նկատում է, որ դիմողի նկատմամբ ձերբակալման մասին հրամանն ավելի հավանական է դարձնում այն, որ նրա հանձնումից անմիջապես հետո նա կալանքի է վերցվելու և նրա որևէ ազգականի կամ անկախ հետազոտողի չի թույլատրվի տեսակցել նրան: Այն նաև հաշվի է առնում այն հանգամանքը, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարը նրան փախստականի կարգավիճակ է տվել այն բանից հետո, երբ որոշել է, որ նրա մտահոգությունն այն մասին, որ Ուզբեկստան հանձնվելուց հետո նա կհետապնդվի կամ վատ վերաբերմունքի կենթարկվի, հիմնավոր է (տե՛ս վերը` պարագրաֆ 44): Հետևաբար, Դատարանը համոզված է, որ դիմողը կգտնվի վատ վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի ներքո, եթե վերադառնա Ուզբեկստան:

148. Այնուհետև Դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հանգամանքները ներկայացվել են իշխանություններին: Մասնավորապես, դիմողը հղում է տվել միջազգային զեկույցներին, փորձագիտական կարծիքներին ու վկաների հայտարարություններին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 36, 38, 47, 48 և 49): Այնուհանդերձ, փախստականի կարգավիճակի տրամադրման վարույթի ընթացքում Դաշնային միգրացիոն ծառայությունը գտել է և հետագայում այդ հետևությունը հաստատվել է ներպետական դատարանների կողմից, որ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը չի կարող հիմք ծառայել փախստականի կարգավիճակի տրամադրման համար (տե՛ս վերը` պարագրաֆ 35): Ինչ վերաբերում է հանձնման վարույթներին, դատարանները հրաժարվել են քննել միջազգային զեկույցները (տե՛ս վերը` պարագրաֆ 49) և մերժել են փորձագիտական եզրակացություններն ու վկաների հայտարարությունները որպես ոչ վերաբերելի ապացույցներ (տե՛ս վերը` պարագրաֆներ 51 և 53): Դատարանն առարկում է ներպետական դատարանների կողմից ներկայացված պատճառաբանության ու նրանց կողմից վստահելի աղբյուրներից բխող նյութերը գնահատելը մերժելու որոշման դեմ: Նման հանգամանքներում Դատարանը կասկածում է, որ վատ վերաբերմունքի խնդիրը եղել է լուրջ քննության առարկա փախստականի կարգավիճակի տրամադրման կամ հանձնման վարույթների ընթացքում:

149. Հանձնման մասին վարույթի ընթացքում կայացված դատական որոշումներից բխում է, որ երբ մերժել են դիմողի փաստարկներն Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի մասին, դատարանները մեծ տեղ են հատկացրել Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրված դիվանագիտական հավաստիացումներին: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ նա զգուշությամբ է վերաբերում խոշտանգման դեմ այն պետությունների կողմից ներկայացված դիվանագիտական հավաստիացումներին, որտեղ խոշտանգումը էնդեմիկ է ու մշտական: Բացի դրանից, պետք է նկատի ունենալ, որ եթե նման հավաստիացումներ են ներկայացվել, ապա դա Դատարանին չի ազատում պարտականությունից պարզելու, թե կոնկրետ դիմողի դեմ արդյոք այդ դիվանագիտական հավաստիացումները բավարար երաշխիք են դիմողին պաշտպանելու Կոնվենցիայով արգելված վատ վերաբերմունքի վտանգից (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 105, Saadi-ի գործը, կետ 148 և Othman (Abu Qatada) v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 8139/09, կետեր 188 և 189, 2012 թվականի հունվարի 17):

150. Դատարանը նկատում է, որ Ուզբեկստանի իշխանությունների կողմից տրված հավաստիացումները ձևակերպված են ընդհանուր բնույթի տերմիններով և չեն ապահովում մոնիթորինգի որևէ մեխանիզմ: Հետևաբար համոզիչ չէ, որ իշխանությունները հիմնվել են նման հավաստիացումների վրա` առանց դրանց մանրակրկիտ գնահատականի Դատարանի կողմից մշակված չափանիշներին համապատասխանության հարցը որոշելու համար (տե՛ս վերոհիշյալ Othman (Abu Qatada) գործը, կետեր 188 և 189):

151. Նկատի ունենալով վերոգրյալ դիրքորոշումները և հաշվի առնելով, inter alia, դիմողի դեմ քրեական հետապնդման ենթատեքստը, նրա դեմ ներկայացված մեղադրանքների բնույթն ու փաստացի հիմքը, դիմողի կարգավիճակին նման կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման վտանգը բացահայտող նյութերը և այդ վտանգը բացառող բավարար երաշխիքների բացակայությունը՝ Դատարանը եզրակացնում է, որ Ուզբեկստանում դիմողը հանդիպելու էր խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու լուրջ վտանգի: Համապատասխանաբար, դիմողի՝ Ռուսաստան վերադառնալու դեպքում Ուզբեկստանին նրա հանձնումը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:

(շ) Արդյոք դիմողին Տաջիկստան փոխադրելը հանգեցրե՞լ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման

152. Դատարանը գտել է, որ դիմողին գաղտնի Տաջիկստան է փոխադրվել, որտեղ նա այժմ գտնվում է Ուզբեկստանին հանձնվելու կամ արտաքսվելու վտանգի ներքո:

153. Այս կապակցությամբ այն կրկնում է, որ ապաստան հայցողին նախքան միջնորդ պետությանը փոխանցելը, Պետությունը պետք է համոզվի, որ այդ պետության ապաստանի տրամադրման ու հանձնման ընթացակարգերն առաջարկում են բավարար երաշխիքներ խուսափելու, որ դիմողն ուղղակի կամ անուղղակի չի փոխանցվի փախստական հայցողի ծագման վայրի պետությանն առանց պատշաճ գնահատելու Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից վտանգի առկայությունը (տե՛ս վերը՝ 138 պարագրաֆում նշված նախադեպային իրավունքը):

154. Դատարանը կարծում է, որ էական է այն, որ Տաջիկստանը Կոնվենցիայի մասնակից չէ և դիմողին այնտեղ տեղափոխելը նրան զրկել է Կոնվենցիոն պաշտպանությունից: Երբ քննվում է դիմողի գործը, Տաջիկստանի իշխանությունները պարտավորություն չեն ունենա կիրառելու Կոնվենցիայի չափանիշները և որոշելու, թե արդյոք Ուզբեկստանին նրա հանձնելը կհակասի 3-րդ հոդվածին: Ոչ էլ դիմողն իրավունք կունենա դիմելու Դատարանին Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա կիրառելու պաշտպանության ժամանակավոր միջոց: Նման հանգամանքներում Ռուսաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրեին ապաստան հայցողների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառման վտանգի գնահատման վերաբերյալ Տաջիկստանի օրենսդրությունն ու պրակտիկան:

155. Այնուհանդերձ որևէ ապացույց առկա չէ, որ նախքան դիմողին Տաջիկստանին փոխանցելը, Ռուսաստանի իշխանությունները գնահատել են, թե արդյոք առկա են իրավական երաշխիքներ ընդդեմ վատ վերաբերմունքի և արդյոք Տաջիկստանի իշխանությունները կիրառում են դրանք պրակտիկայում: Նրանք չեն պարզել նաև, թե Տաջիկստան ժամանելուց հետո դիմողն իրեն հասկանալի լեզվով տեղեկացվելու է ապաստանի կամ այլ ընթացակարգերի մասին, թույլատրելու են նրան դիմելու իրավասու պետական մարմիններին բարձրաձայնելու Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտահոգությունների մասին և արդյոք նման դիմումը մեխանիկորեն կունենա կանխարգելիչ ազդեցություն, իսկ նրա մտահոգությունները կլինեն անկախ ու մանրակրկիտ քննության առարկա (տե՛ս mutatis mutandis, վերոհիշյալ M.S.S-ի գործը, կետեր 293 և 301, տե՛ս նաև Տաջիկստանում մարդու իրավունքների վերաբերյալ վերոհիշյալ Iskandarov-ի գործը, կետ 129, և Gaforov v. Russia գործը, գանգատ թիվ 25404/09, կետեր 130 և 131, 2010 թվականի հոկտեմբերի 21):

156. Դատարանը գտնում է, որ դա հատկապես ապշեցուցիչ է, որ դիմողի փոխանցումը Տաջիկստանին տեղի է ունեցել գաղտնի ու որևէ իրավական այնպիսի շրջանակից դուրս, որն ունակ կլիներ ապահովելու երաշխիքներ ընդդեմ Ուզբեկստան նրա հանձնմանն առանց գնահատելու այնտեղ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի հավանականությունը: Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ որևէ արտադատական փոխանցում կամ արտահերթ հանձնում, շրջանցելով նման ընթացակարգի համար նախատեսված կանոնները, ամբողջությամբ հակասում է Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքի գերակայությանն ու մյուս արժեքներին: Հետևաբար դա խախտում է Կոնվենցիայով երաշխավորվող հիմնարար իրավունքները (տե՛ս Babar Ahmad and Others v. the United Kingdom (dec.) գործը, գանգատներ թիվ 24027/07, 11949/08 և 36742/08, կետ 114, 2010 թվականի հուլիսի 6, տե՛ս նաև Abdolkhani and Karimnia v. Turkey գործը, գանգատ թիվ 30471/08, կետ 89, 2009 թվականի սեպտեմբերի 22):

157. Հաշվի առնելով վերոգրյալ հետևությունները՝ Դատարանը գտնում է, որ դիմողին Տաջիկստան փոխանցելը, որտեղ նա հանդիպել է Ուզբեկստան արտաքսվելու վտանգին, հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:

 

2. Հոդված 13

 

158. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին անդրադառնալու Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո ներկայացված դիմողի գանգատին, որն ըստ էության պարունակում է նույն փաստարկները, որոնք արդեն քննարկվել են Դատարանի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

159. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ նա անօրինական է պահվել կալանքի ներքո: Մասնավորապես` նա պնդել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը նա գտնվել է կալանքի ներքո առանց որևէ դատական որոշման, որը կթույլատրել նրա կալանավորումը: Նա հղում է տվել 5-րդ հոդվածի 1-ին մասին, որի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ … որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան … հանձնելու նպատակով»: 

A. Ընդունելիությունը

160. Դատարանը գտնում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ այն որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ճանաչել ընդունելի:

B. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի դիրքորոշումները

161. Կառավարությունը հայտնել է, որ հանձնման նպատակով կալանավորումը կարգավորող ներպետական դրույթները մատչելի ու հստակ են: Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 88 և 89), որը պաշտոնապես հրապարակվել է և հետևաբար մատչելի է եղել, գտել էր, որ ՔԴՕ 466-րդ հոդվածը կամայականորեն չի կիրառվել: Մասնավորապես` այն գտել է, որ այդ հոդվածով ամրագրված կալանավորման միջոցը կարող է կիրառվել միայն օրենքով սահմանված կարգով և ՔԴՕ 13-րդ գլխով սահմանված ժամկետով:

162. Կառավարությունն այնուհետև վիճարկել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն արգելանքի ներքո է գտնվել Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշման հիման վրա Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածին համապատասխան: Նրա կալանավորման ժամկետն անհամաչափ չի եղել, իսկ հանձնման վարույթները կատարվել են պատշաճ ջանասիրությամբ:

163. Դիմողը հայտնել է, որ իր գործը նման է Dzhurayev v. Russia գործին (գանգատ 38124/07, 2009 թվականի դեկտեմբերի 17), որտեղ արձանագրվել էր 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում նույնանման հանգամանքներում: Մասնավորապես, ինչպես հաստատեց Կառավարությունը, 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը նրա կալանավորումը հիմնված էր եղել Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշման վրա: Այնուամենայնիվ, ՔԴՕ 108-րդ հոդվածը, որով ղեկավարվել էր դատախազը, միայն հղում է տալիս Ռուսաստանի դատարանների որոշմանը՝ որպես հիմք կալանավորման համար: Հետևաբար նրա կալանավորումն օտարերկրյա պետության դատարանի որոշման հիման վրա անօրինական է եղել: Հետևաբար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշումները նույնպես անօրինական են եղել:

164. Բացի այդ, դիմողը հայտնել է, որ իր կալանավորման ժամկետը համաչափ չի եղել, իսկ հանձնման վարույթները պատշաճ ջանասիրությամբ չեն կատարվել: Մասնավորապես, թեև հանձնման վարույթներն ավարտվել են 2011 թվականի մարտի 14-ին, սակայն մինչև 2011 թվականի հունիսի 9-ը, երբ ավարտվել է կալանավորման տակ պահելու Ռուսաստանի օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, նրան ազատ չեն արձակել:

2. Դատարանի գնահատականը

(a) Ընդհանուր սկզբունքները

165. Դատարանը նկատում է, որ կողմերը համաձայն են այն հարցում, որ դիմողը ձերբակալվել է Ռուսաստանից Ուզբեկստանին հանձնելու նպատակով: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետը հետևաբար կիրառելի է սույն գործի նկատմամբ: Այս դրույթը չի պահանջում, որ անձի կալանավորումը, ում նկատմամբ վարույթ է ձեռնարկվել հանձնելու նպատակով, ողջամտորեն անհրաժեշտ է, օրինակ՝ նրա կողմից այլ հանցանքի կատարումը կամ փախուստը կանխելու համար: Այս կապակցությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետը, ի տարբերություն 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի, ապահովում է պաշտպանության այլ մակարդակ. (զ) կետի պահանջն այն է, որ «անձի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան հանձնելու կամ արտաքսելու նպատակով»: Հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի նպատակների համար էական նշանակություն չունի այն, թե արտաքսելու մասին տվյալ որոշումը կարող է արդարացվել ներպետական օրենսդրությամբ, թե Կոնվենցիայով (տե՛ս Čonka v. Belgium գործը, գանգատ թիվ 51564/99, կետ 38, ՄԻԵԴ 2002-I, և վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 112):

166. Այնուամենայնիվ, Դատարանը կրկնում է, որ դա իր պարտականությունն է որոշելու, թե արդյոք դիմողի կալանավորումն «օրինական» է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով՝ հղում տալով ազգային համակարգով ապահովված երաշխիքներին: Եթե վիճարկվում է կալանավորման «օրինականությունը», այդ թվում՝ թե կալանավորումն արդյոք եղել է «օրենքով սահմանված կարգով», թե ոչ, ապա Կոնվենցիան հիմնականում հղում է տալիս ներպետական օրենսդրությանը և պարզում է, թե արդյոք կալանավորումը համապատասխանում է ներպետական օրենսդրության նյութական և ընթացակարգային նորմերին, թե՝ ոչ, սակայն միևնույն ժամանակ այն նաև պահանջում է, որ ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակներին, որն անհատներին պաշտպանում է կամայականությունից (տե՛ս Amuur v. France գործը, 1996 թվականի հունիսի 25, կետ 50, Զեկույցներ 1996-III):

167. Հետևաբար Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, այդ թվում՝ նրանում ամրագրված ընդհանուր սկզբունքներին: Այս վերջին կետի կապակցությամբ Դատարանը ցանկանում է ընդգծել, որ եթե տեղի է ունեցել ազատությունից զրկում, ապա դա հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքն ապահովվի: Սահմանելով, որ ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է իրականացվի «օրենքով սահմանված ընթացակարգով», հարկ է նշել, որ 5-րդ հոդվածի 1-ին մասը պարզապես հղում չի տալիս ներպետական օրենսդրությանը և ինչպես 8-րդ ու 11-րդ հոդվածների 2-րդ պարագրաֆների «օրենքին համապատասխան» և «օրենքով սահմանված կարգով», այն նույնպես վերաբերում է «օրենքի որակին», որը պահանջում է, որ այն համապատասխանի իրավունքի գերակայությանն ու Կոնվենցիայով ամրագրված բոլոր հոդվածներին: «Օրենքի որակն» այս իմաստով նշանակում է, որ եթե ներպետական օրենսդրությունը թույլատրում է ազատությունից զրկելը, ապա այն պետք է բավարար մատչելի, հստակ ու կանխատեսելի լինել կիրառման ընթացքում, որպիսի հնարավոր լինի խուսափել կամայական կիրառության բոլոր վտանգներից (տե՛ս Nasrulloyev v. Russia գործը, գանգատ թիվ 656/06, կետ 71, 2007 թվականի հոկտեմբերի 11, հետագա հղումներով):

168. Վերջապես, Դատարանը կրկնում է, որ ազատությունից զրկելը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի ներքո ընդունելի կլինի միայն այնքան ժամանակ, քանի դեռ հանձնման վարույթն ընթանում է: Եթե նման վարույթները չեն իրականացվում պատշաճ ջանասիրությամբ, ապա կալանավորումը կդադարի թույլատրելի լինել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով: Այլ կերպ ասած` այս նպատակի համար կալանքի տևողությունը չպետք է գերազանցի պահանջվող ողջամտության աստիճանը (տե՛ս վերոհիշյալ Saadi-ի գործը, կետեր 72-74):

(b) Սույն գործի նկատմամբ կիրառությունը

(i) 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման օրինականությունը

169. Կողմերի միջև հիմնական հակասությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք դատախազի՝ կալանավորման մասին հրամանները, հիմնված Ուզբեկստանի դատարանների կողմից ընդունված ձերբակալման մասին որոշումների վրա, կարող էին հիմք ծառայել 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման համար (տե՛ս վերը` պարագրաֆներ 24-ից 26-ը):

170. Կառավարությունը հղում է տվել ՔԴՕ 466-րդ հոդվածին, որը դատախազին թույլատրում է կալանավորել հանձնման համար հայցվող անձին այն գործերով, որոնցով հանձնման մասին միջնորդությունն ուղեկցվում է օտարերկրյա դատարանի կողմից ընդունված ձերբակալման մասին որոշմամբ` «առանց Ռուսաստանի դատարաններում դատական ստուգման ենթարկելու կալանավորման մասին այդ հրամանի օրինականությունը» (տե՛ս վերը` պարագրաֆ 86): Դատարանը նկատում է, որ, այնուհանդերձ, կալանավորման մասին դատախազի 2009 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը հղում չի տալիս ՔԴՕ 466-րդ հոդվածին, հավանաբար այն պատճառով, որ այդ հոդվածը, ինչպես հետևում է դրա ձևակերպումից, սկսում է գործել հանձնման մասին միջնորդությունը ստանալու պահից: Դիմողի գործում հանձնման մասին միջնորդությունը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը չէր ստացվել: Հետևաբար Դատարանը նախ պետք է քննարկի, թե 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման համար ինչ իրավական հիմք է եղել:

171. Կալանավորման մասին 2009 թվականի դեկտեմբերի 10-ի իր որոշման մեջ դատախազը ղեկավարվել է Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածով և ՔԴՕ 108-րդ հոդվածով: Դատարանը մատնանշում է, որ Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը չի սահմանում որևէ ընթացակարգային կանոններ, որոնց պետք է հետևել այն դեպքում, երբ անձին կալանավորում են նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը: Իրականում Մինսկի կոնվենցիան հղում է տալիս ներպետական օրենքին՝ սահմանելով, որ հայցվող կողմը պետք է կիրառի իր ներպետական օրենսդրության դրույթները, երբ ի կատար է ածում իրավական օգնության մասին միջնորդությունը, այդ թվում՝ ձերբակալման մասին հատուկ խնդրանքը նախքան 61-րդ հոդվածում նշված հանձնման մասին միջնորդության ստանալը (տե՛ս վերը՝ « 79): Դրանից հետևում է, որ Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը կալանավորման համար որպես իրավական հիմք կարող է ծառայել միայն փոխկապակցված ներպետական օրենսդրության դրույթների հետ, որոնք սահմանում են կալանավորման հիմքերն ու կարգը, ինչպես նաև ժամանակային սահմանափակումները (տե՛ս վերը՝ պարագրաֆ 88-ում նշված Սահմանադրական դատարանի որոշումը):

172. Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի օրենսդրությունը չի պարունակում որևէ հատուկ իրավական դրույթներ, որոնք սահմանում են կալանավորման կարգը նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը: Դիմողի գործում դատախազի կողմից նշվել է Մինսկի կոնվենցիայի 61-րդ հոդվածը՝ փոխկապակցված ՔԴՕ 108-րդ հոդվածի հետ, որոնք կարգավորում են քրեական վարույթի ընթացքում կալանավորման կարգը (տե՛ս վերը` կետ 84): Դատարանը, այնուամենայնիվ, արդեն գտել է, որ ՔԴՕ 108-րդ հոդվածը չի կարող պատշաճ իրավական հիմք ծառայել այն հիմքով անհատին կալանավորելու մասին դատախազի հրամանի համար, որ նրա դեմ օտարերկրյա դատարանի կողմից կայացվել է ձերբակալման մասին որոշում (տե՛ս Dzhurayev v. Russia գործը, գանգատ թիվ 38124/07, կետեր 73 և 74, 2009 թվականի դեկտեմբերի 17, և Elmuratov v. Russia գործը, գանգատ թիվ 66317/09, կետեր 108 և 109, 2011 թվականի մարտի 3): Նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը դիմողին կալանավորելու դատախազին թույլտվություն տվող որևէ այլ ներպետական իրավական դրույթ ո՛չ Ռուսաստանի իշխանությունների կողմից ներպետական վարույթների ընթացքում ո՛չ Կառավարության կողմից չի մատնանշվել:

173. Դրանից հետևում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից 30-ը դիմողը գտնվել է իրավական վակումում, որը չէր կարգավորվում որևէ ներպետական իրավական դրույթով, որը հստակ կսահմաներ նախքան հանձնման մասին միջնորդության ստանալը նրա կալանավորման հիմքերը, ընթացակարգն ու ժամկետը:

174. Հետագայում, 2009 թվականի դեկտեմբերի 30-ին հանձնման մասին միջնորդությունը ստանալուց հետո դիմողի կալանավորումը սկսեց կարգավորվել ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանը գտնում է, որ այս հոդվածը չի կարգավորում այն ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացվի այն անձի կալանավորումը կամ երկարացվի կալանքի տակ պահելու ժամկետը, ում վերաբերյալ առկա է հանձնման մասին միջնորդություն: Այն չի սահմանում նաև նման կալանավորման ժամկետային սահմանափակումները:

175. Դատարանը հաշվի է առնում Կառավարության փաստարկը, որ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մեկնաբանել Սահմանադրական դատարանի 2007 թվականի մարտի 1-ի որոշման լույսի ներքո: Այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ հանձնմանը նախորդող կալանավորումը պետք է կիրառվի ՔԴՕ 13-րդ գլխով սահմանված ընթացակարգին ու ժամկետային սահմանափակումներին համապատասխան: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ այդ որոշումը վերաբերում է ՔԴՕ 466-րդ հոդվածի 1-ին մասին, որը կարգավորում է այն դեպքերը, երբ հանձնման մասին միջնորդությունը չի ուղեկցվում օտարերկրյա պետության դատարանի կողմից ընդունված ձերբակալման մասին որոշմամբ: Որոշումը չի պարունակում որևէ հետևություն, թե ինչ ընթացակարգ պետք է կիրառվի այն դեպքերում, երբ կիրառելի է ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը, երբ հանձնման մասին միջնորդությանը կից ներկայացվում է ձերբակալման մասին որոշում, ինչպես տեղի է ունեցել դիմողի գործում (տե՛ս վերը՝ պարագրաֆ 89): Ի հակադրություն սրա` Սահմանադրական դատարանի մեկ այլ՝ 2009 թվականի մարտի 19-ի որոշումը, ավելի վերաբերելի է այս դեպքին, քանի որ այն հատկապես վերաբերում է ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասին: Այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտավ, որ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասը չի խախտում անձանց սահմանադրական իրավունքները, քանի որ այն չի սահմանում նախքան հանձնումն անձի կալանավորման հիմքերը կամ ընթացակարգը կամ նման կալանավորման ժամկետային սահմանափակումները: Սահմանադրական դատարանը չմեկնաբանեց, թե որ իրավական դրույթներն են կիրառվում ընթացակարգի ու ժամկետային սահմանափակումների նկատմամբ ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվող իրավիճակներում (տե՛ս վերը՝ կետ 90):

176. Ուստի Դատարանը գտնում է, որ բացակայում է որևէ հստակ ներպետական իրավական դրույթ, որը կսահմաներ, թե ինչ պայմանների դեպքում, ինչ ժամկետներում և որ աստիճանի ու տարածքի դատախազի կողմից պետք է քննարկվի կալանավորման հարցը հանձնման մասին միջնորդությունը ստանալուց հետո:

177. ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի անորոշությունը հստակ արտացոլված է այս գործի հանգամանքներում: Թեև հանձնման մասին միջնորդությունը ստացվել է 2009 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն 2010 թվականի հունվարի 18-ին՝ 19 օր անց, դատախազը ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա թույլատրել է դիմողի կալանավորումը: Այդ ժամանակահատվածում դիմողն անտեղյակ է եղել իր կալանավորման հիմքերի ու ժամկետների մասին:

178. Բացի այդ, կարևոր է այն, որ կալանավորման մասին 2010 թվականի հունվարի 18-ի հրամանը հղում չի տալիս որևէ ներպետական իրավական դրույթի, որը կլինի ՔԴՕ 13-րդ գլխով կամ որևէ այլ ակտով նախատեսված նորմ, որը կհաստատեր այդ դատախազի իրավասությունը (Մոսկովյան-Ռյազինսկի տրանսպորտի դատախազ) թույլատրելու դիմողի կալանավորումը: Այդ հրամանը չի սահմանել նաև դիմողի կալանավորման ժամկետը կամ հղում չի տվել որևէ իրավական դրույթի, որը կսահմաներ նման ժամկետային սահմանափակում:

179. Դրանից հետևում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը դիմողի կալանավորումը հիմնված է եղել ՔԴՕ 466-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, որը հստակ ընթացակարգային կանոնների բացակայության պատճառով, իր կիրառմամբ ո՛չ հստակ էր, ո՛չ կանխատեսելի:

180. Դատարանը հաշվի է առնում Ռուսաստանի Գերագույն դատարանի վերջին որոշումը, որը պաշտոնեական մեկնաբանություն է տվել նախքան հանձնումն անձի կալանավորումը կարգավորող Ռուսաստանի օրենսդրական նորմերին, այդ թվում՝ հանձնման մասին միջնորդությունը ստանալուն նախորդող կամ հաջորդող կալանավորումներին (տե՛ս վերը` պարագրաֆ 93): Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ այդ որոշումը հաստատվել է 2012 թվականի հունիսի 14-ին՝ դիմողին ազատ արձակելուց հետո շատ ուշ: Հետևաբար, այն չի կարող ազդել այն եզրակացության վրա, որ դիմողի կալանավորման ժամանակ նախքան հանձնումն անձի կալանավորումը կամ նման միջնորդությունը ստանալուց հետո անձի կալանավորման ժամկետի երկարացումը կարգավորող Ռուսաստանի օրենքներն իրենց կիրառության ընթացքում հստակ ու կանխատեսելի չեն եղել: Ամեն դեպքում այդ որոշումից հետևում է, որ դիմողի կալանավորումը պետք է տրվեր Ռուսաստանի դատարանի կողմից և ոչ թե դատախազի:

181. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը դիմողը կալանավորվել է առանց որևէ իրավական հիմքի կամ նրա դրությունը կարգավորող հստակ կանոնների: Սա անհամատեղելի է իրավական որոշակիության ու կամայականությունից պաշտպանվելու սկզբունքների հետ, որոնք բնորոշ են ողջ Կոնվենցիային ու իրավունքի գերակայությանը (տե՛ս, mutatis mutandis, Yudayev v. Russia գործը, գանգատ թիվ 28358/95,  կետ 56, ՄԻԵԴ 2000-III): Ազատությունից զրկելը, որին դիմողը ենթարկվել է այդ ժամանակահատվածում, կամայականությունից պատշաճ երաշխիքներով սահմանափակված չի եղել: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանի օրենսդրությունը չի համապատասխանել «օրենքի որակինե Կոնվենցիայով ներկայացվող չափանիշներին: Ազգային համակարգը դիմողին չի պաշտպանել կամայական կալանավորումից և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի նպատակներով այդ կալանավորումը չի կարող «օրինականե համարվել:

(ii) 2010 թվականի փետրվարի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ը դիմողի կալանավորման օրինականությունը

182. Ի տարբերություն Ռուսաստանին վերաբերող նախորդ գործերի (տե՛ս, մյուսների շարքում, վերոհիշյալ Dzhurayev-ի գործը, կետ 68)` 2010 թվականի փետրվարի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ը դիմողի կալանավորումը թույլատրվել է Ռուսաստանի դատարանի կողմից: Կալանավորման մասին որոշումները պարունակում էին ժամկետային սահմանափակումներ ՔԴՕ 109-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որը Ռուսաստանի գերագույն դատարանի 2009 թվականի որոշումից հետո հանձնման մասին գործերով կալանավորման մասով կիրառելի նորմ է (տե՛ս վերը՝ կետ 92):

183. Ներպետական դատարաններին ու այս Դատարանին դիմողը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստարկ, որը կփորձեր Դատարանին համոզել, որ նրա կալանավորումը խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրինականության պահանջը: Ազգային իշխանությունների և հատկապես ներպետական դատարանների խնդիրն է մեկնաբանելու ներպետական օրենսդրությունը, այդ թվում՝ ընթացակարգային բնույթի կանոնները: Դատարանը չի գտնում, որ ներպետական դատարանները բարեխղճորեն չեն գործել, որ նրանք չարամտորեն սխալ են կիրառել համապատասխան ներպետական օրենսդրությունը կամ որ դիմողի կալանավորումն այդ ժամանակահատվածում անօրինական կամ կամայական է եղել:

(iii) Հանձնման նպատակով դիմողի կալանավորման տևողությունը

184. Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմողի կալանավորման տևողությունը համատեղելի է եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի պահանջների հետ, մասնավորապես՝ այն պահանջի հետ, որ հանձնման մասին վարույթները պետք է իրականացվեն պատշաճ ջանասիրությամբ:

185. Վիճարկվող ժամանակահատվածը տևել է 18 ամիս: Այն սկսել է հոսել 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ դիմողը հանձնման նպատակով կալանավորվել է, և ավարտվել է 2011 թվականի հունիսի 9-ին, երբ նրան ազատ են արձակել: Ստորաշարադրյալ պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը չի կարող դիտվել անհամաչափ:

186. Դատարանը գտնում է, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ից, երբ դիմողը ձերբակալվեց, մինչև 2010 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանձնման մասին որոշումը կայացվեց, հանձնման մասին վարույթներն ընթացել են: Այս ժամանակահատվածի ընթացքում Գլխավոր դատախազությունն Ուզբեկստանի իր գործընկերներից ստացել է հանձնման մասին միջնորդություն և դիվանագիտական հավաստիացումներ, ԴՄԾ-ն հաստատել է, որ դիմողը չունի Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել են, որ Ուզբեկստանին հանձնելու խոչընդոտներ առկա չեն: Այնուհետև Դատարանը նկատում է, որ 2010 թվականի մայիսի 14-ից մինչև 2011 թվականի մարտի 14-ը հանձնման մասին որոշումը ստուգվել է երկու ատյանի դատարանների կողմից: Որևէ ապացույց չկա, որ հանձնման վարույթի ընթացքում հետաձգումներ են եղել:

187. Զուգահեռաբար 2009 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 24-ը դիմողի՝ փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին միջնորդությունն է քննարկվել ԴՄԾ-ի և հաջորդաբար 2 ատյանի դատարանների կողմից: Քանի որ այս վարույթների ելքը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ դիմողի հանձնման համար, Դատարանը հաշվի է առնելու այս վարույթների իրականացման կարգը որոշելու համար, թե արդյոք որևէ գործողություն ձեռնարկվել է «հանձնման նպատակով» (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 115): Դիմողը չի վիճարկել, որ այս վարույթները պատշաճ ջանասիրությամբ չեն կատարվել:

188. Վերջապես, ինչ վերաբերում է 2011 թվականի մարտի 14-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորմանը, ապա Դատարանը նկատում է, որ 2011 թվականի մարտի 14-ին հանձնման մասին հրամանի օրինականությունը հաստատվել է վերաքննիչ դատարանի կողմից: Չնայած հանձնման վերաբերյալ ներպետական վարույթներն այդ կերպ ավարտվել էին, սակայն դիմողը շարունակել էր կալանքի տակ մնալ ևս 2 ամիս ու 26 օր: Այս ժամանակահատվածի ընթացքում Կառավարությունը ձեռնպահ էր մնացել նրան հանձնելուց Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա կայացված պաշտպանության ժամանակավոր միջոցի կիրառման պատճառով: Ուստի հարց է ծագում, թե արդյոք հանձնման մասին վարույթները շարունակվել են 2011 թվականի մարտի 14-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, որպեսզի արդարացվի դիմողի կալանավորումը հանձնման նպատակով:

189. Սա Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի պահանջն է, որ դիմողի կալանավորման այս ժամանակահատվածը պետք է սահմանազատվի նախորդ ժամանակահատվածից (տե՛ս վերոհիշյալ Chahal-ի գործը, կետ 114, Hanchi v. Bosnia and Herzegovina գործը, գանգատ թիվ 48205/09, կետեր 49-51, 2011 թվականի նոյեմբերի 15, և Al Husin v. Bosnia and Herzegovina գործը, գանգատ 3727/08, կետեր 67-69, 2012 թ. փետրվարի 7): Ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում պատասխանող Կառավարությունը չի կարող դիմողին հանձնել Ուզբեկստանին` առանց խախտելու Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը: Այդ ժամանակահատվածի ընթացքում հանձնման վերաբերյալ վարույթները, թեև ժամանակավորապես կասեցվել էին Դատարանի խնդրանքի հիման վրա, սակայն 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի իմաստով, այնուհանդերձ, դեռ ընթացքում էին (տե՛ս համանման պատճառաբանությամբ Gebremedhin [Gaberamadhien] v. France գործը, գանգատ թիվ 25389/05, կետեր 73 և 74, ՄԻԵԴ 2007-V, վերոհիշյալ Al Hanchi-ի գործը, կետ 51 և Al Husin-ի գործը, կետ 69): Դատարանը նախկինում գտել էր, որ այն փաստը, որ հանձնման կամ արտաքսման վարույթները ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման արդյունքում պայմանականորեն հետաձգվել են, ինքնին չի ենթադրում, որ շահագրգիռ անձի կալանավորումն անօրինական է. իշխանությունները կարող են արտաքսումն իրականացնել ավելի ուշ փուլում՝ պայմանով, որ կալանավորումն անհիմն չերկարացվի (տե՛ս Keshmiri v. Turkey (թիվ 2) գործը, գանգատ թիվ 22426/10, կետ 34, 2012 թվականի հունվարի 17, և S.P. v. Belgium (dec.) գործը, գանգատ թիվ 12572/08, 2011 թվականի հունիսի 14):

190. Դատարանը նկատում է, որ դիմողի նկատմամբ հանձնման մասին հրամանը մտել է ուժի մեջ, նա շարունակել է մոտ 3 ամիս կալանքի տակ մնալ: Այդ ժամանակահատվածը չի կարող համարվել անհիմն երկարացում (տե՛ս արտաքսմանը նախորդող՝ ազգային անվտանգությանը սպառնալու հիմքով կալանավորման վերաբերյալ վերոհիշյալ Al Hanchi-ի և Al Husin-ի գործերը, որոնցով Դատարանի կողմից կիրառված ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառմանը հաջորդող ժամանակահատվածում կալանավորումը, որը տևել էր համապատասխանաբար 1 տարի և 10 ամիս ու մոտ 11 ամիս, նույնպես համատեղելի էր եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի հետ, ի տարբերություն վերոհիշյալ Քեշմիրի գործի, կետ 34, որտեղ ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառումից հետո դիմողի կալանավորումը տևել էր 1 տարի և 9 ամսից ավել և որի ընթացքում որևէ քայլ չէր ձեռնարկվել այլընտրանքային լուծումներ գտնելու համար): Վերաբերելի է նաև այն, որ, ինչպես վերը սահմանել է Դատարանը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 182 և 183), այդ ժամանակահատվածի ընթացքում դիմողի կալանավորումը համապատասխանել է ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին ու ժամանակային սահմանափակումներին և Ռուսաստանի օրենքով սահմանված կալանավորման առավելագույն ժամկետի ավարտից անմիջապես հետո դիմողն ազատ է արձակվել (տե՛ս նույն պատճառաբանությամբ վերոհիշյալ Gebremedhin-ի գործը, կետեր 74 և 75):

191. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը բավարարված է, որ ջանասիրության պահանջը սույն գործով կատարվել է և դիմողի կալանավորման ողջ տևողությունը անհամաչափ չի եղել:

(iv) Եզրակացություններ

192. Դատարանը գտնում է, որ դիմողի կալանավորումը 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը հիմնված է եղել իրավական այնպիսի դրույթների վրա, որոնք չեն համապատասխանել «օրենքի որակինե ներկայացվող Կոնվենցիոն պահանջներին: Հետևաբար այդ ժամանակահատվածի կապակցությամբ եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում:

193. Բացի դրանից, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում չի եղել դիմողի՝ 2010 թվականի փետրվարի 8-ից 2011 թվականի հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կալանավորման օրինականության կամ հանձնման նպատակով դիմողի կալանավորման տևողության ու հանձնման վարույթների իրականացման իշխանությունների ջանասիրության կապակցությամբ:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

194. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանների դեմ բողոքները «բավարար արագությամբ» չեն քննվել և արդյունավետ ընթացակարգ չի եղել, որի միջոցով նա կկարողանար 2011 թվականի հունվարի 20-ից հետո վիճարկել իր կալանավորումը: Նա հղում է տվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է հետևյալը.

«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

A. Ընդունելիությունը

195. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետի իմաստով այս գանգատն ակնհայտ անհիմն չէ: Այն այնուհետև արձանագրում է, որ որևէ այլ հիմքով այն նույնպես անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ճանաչել ընդունելի:

B. Գործի ըստ էության քննությունը

1. Դատական ստուգման արագությունը

196. Կառավարությունն ընդունել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանների դեմ բողոքները «բավարար արագությամբ» չեն քննվել:

197. Դիմողը պնդել է իր պահանջը:

198. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը հռչակում է կալանավորման օրինականության վերաբերյալ արագ դատական ակտի իրավունքը և պահանջում է դրա դադարեցում, եթե ապացուցվում է դրա անօրինականությունը (տե՛ս վերոհիշյալ Baranowski-ի գործը, կետ 68): 5-րդ հոդվածի 4-րդ մասը չի պահանջում, որ Պայմանավորվող կողմերը կալանավորման օրինականության ստուգման համար հիմնեն երկրորդ ատյանի դատարաններ: Այնուամենայնիվ, եթե ներպետական օրենսդրությունն ապահովում է վերաքննություն, ապա վերաքննիչ մարմինը նույնպես պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, օրինակ՝ վերանայման վարույթների արագության վերաբերյալ պահանջներին: Միևնույն ժամանակ «արագության» չափորոշիչն ավելի նվազ խստություն ունի, երբ այն կիրառվում է վերաքննիչ դատարանում (տե՛ս Lebedev v. Russia գործը, գանգատ թիվ 4493/04, կետ 96, 2007 թվականի հոկտեմբերի 25):

199. Թեև համապատասխան վարույթների ընթացքում օրերի քանակը միանշանակ կարևոր տարր է, սակայն ինքնին այն վճռորոշ նշանակություն չունի որոշելու համար, թե արդյոք որոշումը կայացվել է անհրաժեշտ արագությամբ (տե՛ս Merie v. the Netherlands (dec.) գործը, գանգատ թիվ 664/05, 2007 թվականի սեպտեմբերի 20): Պետք է հաշվի առնել իշխանությունների ջանասիրությունը, դիմողի պատճառով հետաձգումը և հետաձգման համար պատճառ հանդիսացող մյուս գործոնները, որոնց պատճառով Պետությունը չի կարող պատասխանատվություն կրել (տե՛ս Jablonski v. Poland գործը, գանգատ թիվ 33492/96, կետեր 91-94, 2000 թվականի դեկտեմբերի 21, և G.B. v. Switzerland գործը, գանգատ թիվ 27426/95, կետեր 34-39, 2000 թվականի նոյեմբերի 30): Հարցը, թե արդյոք արագ դատական որոշում կայացնելու իրավունքը հարգվել է, թե՝ ոչ, պետք է պարզել յուրաքանչյուր գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Rehbock v. Slovenia գործը, գանգատ թիվ 29462/95, կետ 84, ՄԻԵԴ 2000-XII):

200. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 7-ի կալանավորման հրամանի դեմ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին բերված բողոքը քննվել է 82 օր անց (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 28 և 29): 2010 թվականի դեկտեմբերի 8-ի կալանավորման հրամանի դեմ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին բերված բողոքը քննվել է 35 օր անց (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 30 և 31): Ոչինչ չի վկայում այն մասին, որ բողոքներ ներկայացնելով դիմողը դիտավորյալ հետաձգել է դրանց քննությունը:

201. Նկատի ունենալով Կառավարության կողմից խախտման հաստատումը՝ Դատարանը գտավ, որ այդ երկու ժամանակահատվածները չեն կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված «արագությանե»պահանջի հետ:

202. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

2. Կալանավորման վերանայում պահանջելու ենթադրյալ անհնարինությունը

(a) Կողմերի դիրքորոշումները

203. Կառավարությունը հայտնել է, որ դիմողը ՔԴՕ 108, 109 և 110 հոդվածների ներքո կարող էր դիմել կալանքից ազատվելու համար:

204. Դիմողը հայտնել է, որ իր տրամադրության ներքո չի եղել որևէ ընթացակարգ, որի միջոցով 2010 թվականի հունվարի 20-ից հետո հնարավոր կլիներ դատական կարգով ստուգելու նրա կալանավորման օրինականությունը և ազատ արձակվել: Դատարանն արդեն գտել է, որ ո՛չ ՔԴՕ 108-րդ հոդվածը, ո՛չ 109-րդ հոդվածը կալանավորին նրա կալանքի օրինականությունը ստուգելու համար վարույթ նախաձեռնելու իրավունք չի վերապահում: Հետևաբար նրանք չեն երաշխավորել նրա իրավունքը նախաձեռնելու վարույթներ, որոնց միջոցով դատարանի կողմից կարող էր ստուգվել նրա կալանքի օրինականությունը (տե՛ս վերոհիշյալ Nasrulloyev-ի գործը, կետ 88): Նույնը ճշմարիտ է նաև ՔԴՕ 110 հոդվածի համար, որի ձևակերպումը չի մատնանշում, որ վերանայման վարույթները կարող են հարուցվել նաև կալանավորի նախաձեռնությամբ: Ավելին, 110-րդ հոդվածը կիրառելի չէ դիմողի դրության նկատմամբ, քանի որ այն սահմանում է խափանման միջոցի փոփոխման կարգն այն գործերով, որոնցով կալանավորման համար հիմք հանդիսացած հանգամանքները փոխվել էին, որը դիմողի գործով տեղի չէր ունեցել:

205. Վերջապես, դիմողը հայտնել է, որ նա փորձել է բարձրացնել իր կալանավորման օրինականության հարցն իրեն հանձնելու մասին հրամանի օրինականության ստուգման ընթացքում՝ 2011 թվականի մարտի 14-ի դատական նիստի ընթացքում: Այնուհանդերձ նրա փաստարկները դատարանի կողմից չեն քննվել:

(b) Դատարանի գնահատականը

(i) Ընդհանուր սկզբունքներ

206. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի նպատակը երաշխավորելն է, որ այն անձինք, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են, ունենան իրենց կալանքի կամ ձերբակալման օրինականությունը դատական կարգով ստուգելու իրավունք (տե՛ս, mutatis mutandis, De Wilde, Ooms and Versyp v. Belgium գործը, 1971 թվականի հունիսի 18, կետ 76, Ա Սերիա թիվ 12): Այդ միջոցն անձի համար պետք է մատչելի լինի նրա կալանավորման ընթացքում, որպեսզի անձն ազատ արձակվելու նպատակով հնարավորություն ունենա արագ ստուգել իր կալանավորման օրինականությունը: 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո «օրինականություն» հասկացությունն ունի նույն նշանակությունը, ինչ որ 1-ին մասում, ուստի կալանավորն օժտված է իր կալանավորման օրինականության ստուգման իրավունքով ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև Կոնվենցիայի, մասնավորապես՝ դրանում արտացոլված ընդհանուր սկզբունքների և 5-րդ հոդվածի 1-ին մասով թույլատրվող սահմանափակումների լույսի ներքո (տե՛ս A. and Others v. the United Kingdom գործը [GC], գանգատ թիվ 3455/05, կետ 202, 2009 թվականի փետրվարի 19, հետագա հղումներով):

207. 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող միջոցի առկայությունը պետք է բավարար հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլև պրակտիկորեն, որի բացակայությունը չի ապահովվի այդ դրույթով պահանջվող անհրաժեշտ մատչելիությունն ու արդյունավետությունը (տե՛ս, mutatis mutandis, Stoichkov v. Bulgaria գործը, գանգատ թիվ 9808/02, կետ 66 in fine, 2005 թվականի մարտի 24, և Vachev v. Bulgaria գործը, գանգատ թիվ 42987/98, կետ 71, ՄԻԵԴ 2004-VIII (քաղվածքներ)):

208. Եթե անձին ազատությունից զրկելու մասին որոշումը Դատարանի կողմից կայացվել է դատավարությունների ավարտման պահին, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող դատական վերանայումն ինկորպորացված է այդ որոշման մեջ: Դա այդպես է, օրինակ, եթե ազատազրկման դատապարտելը հայտարարվում է «Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետի իմաստով իրավասու դատարանի կողմից անձին մեղավոր ճանաչելուց հետո» կամ եթե թափառաշրջիկի կալանավորումը, նախատեսված 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետով, թույլատրվում է 4-րդ մասի իմաստով «դատարանի« կողմից (տե՛ս վերը՝ վերոհիշյալ De Wilde, Ooms and Versyp գործը, կետ 76): Այնուամենայնիվ, ինչպես մատնանշվել էր հետագա վճիռներում, այս կանոնը կիրառվում է միայն անձին ազատությունից զրկելու սկզբնական որոշման վրա, այն չի ազդում կալանավորման ընթացիկ ժամանակահատվածի վրա, որի ընթացքում կարող են ծագել կալանավորման օրինականության վրա ազդող հանգամանքներ (տե՛ս Weeks v. the United Kingdom գործը, 1987 թվականի մարտի 2, կետ 56, Ա Սերիա թիվ 114): Դրանից հետևում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դիմողն օժտված է այնպիսի «դատարանին» դիմելու իրավունքով, որն իրավասու է «արագությամբ» քննելու և որոշելու, թե արդյոք նրան ազատությունից զրկելը դարձել է «անօրինական« այն նոր հանգամանքների լույսի ներքո, որոնք հաջորդել են անձին կալանավորելու մասին սկզբնական որոշմանը (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Ismoilov and Others գործը, կետ 146):

209. 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող դատական ստուգման ձևերը կարող են խիստ տարբերվել մեկը մյուսից և կարող են կախված լինել ազատությունից զրկելու տեսակից: Դատարանի խնդիրը չէ որոշելու, թե այս ոլորտում որ համակարգն է ամենապատշաճը: Դա չի բացառում, որ դատարանի կողմից կալանավորման կանոնավոր վերանայման համակարգը կարող է երաշխավորել համապատասխանությունը 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին (տե՛ս Megyeri v. Germany գործը, 1992 թվականի մայիսի 12, կետ 22, Ա Սերիա թիվ 237-Ա, և Reinprecht v. Austria գործը, գանգատ թիվ 67175/01, կետ 33, ՄԻԵԴ 2005‑XII): Այնուամենայնիվ, եթե կալանավորման օրինականության դատական ստուգման մեխանիկական համակարգ է ներդրվել, ապա որոշումների միջև պետք է լինեն ողջամիտ ընդհատումներ (տե՛ս, ի թիվս այլ որոշումների, Herczegfalvy v. Austria գործը, 1992 թվականի սեպտեմբերի 24, կետեր 75 և 77, Ա Սերիա թիվ 244, և Blackstock v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 59512/00, կետ 42, 2005 թվականի հունիսի 21): 5-րդ հոդվածի 4-րդ մասով և Դատարանի նախադեպային իրավունքով պահանջվող պատշաճ արագությամբ դատական ստուգման կամ մեխանիկական վերանայման որոշումների միջև ողջամիտ ընդհատումների սահմանման իմաստն այն է, որ դիմողը չկրի կալանքի տակ մնալու ռիսկն այն բանից հետո, երբ նրան ազատությունից զրկելն այլևս արդարացված չի լինի (տե՛ս Shishkov v. Bulgaria գործը, գանգատ թիվ 38822/97, կետ 88, ՄԻԵԴ 2003‑I (քաղվածքներ), հետագա հղումներով):

(ii)Սույն գործի նկատմամբ կիրառությունը

210. Դատարանը նկատում է, որ թեև դիմողի կալանավորումն ի սկզբանե թույլատրվել էր դատախազի կողմից, սակայն երկարացվել էր ներպետական դատարանների կողմից երեքից վեց ամիս տևող ընդհատումներով: Ուստի դատավարությունները, որոնցով դիմողի կալանավորումը երկարացվում էր, պարունակում է դատական ստուգման պարբերական բնույթ: Կարևոր է նկատել, որ երկարացումների միջև եղած ընդհատումների ընթացքում դիմողն ունակ չի եղել դատարան միջնորդություն ներկայացնել ստուգելու իր կալանավորման օրինականությունը: Մասնավորապես, Դատարանն արդեն գտել է, որ ՔԴՕ 108-րդ, 109-րդ և 110-րդ հոդվածները, որոնց Կառավարությանը հղում է տվել, կալանավորին իրավունք չի վերապահում հարուցելու վարույթներ դատական կարգով ստուգելու իր կալանավորման օրինականությունը (տե՛ս վերը՝ վերոհիշյալ Nasrulloyev-ի գործը, կետ 88, Ismoilov and Others գործը, կետ 151 և Elmuratov-ի գործը, կետ 115): Սա ինքնին չի հակասում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է, որ կալանավորման պարբերական դատական ստուգումը պետք է տեղի ունենա ողջամիտ ընդհատումներով (տե՛ս վերը՝ 209-րդ պարագրաֆում նշված նախադեպային իրավունքը):

211. Դատարանն արձանագրում է, որ մինչև 2010 թվականի դեկտեմբեր դիմողի կալանավորման օրինականության դատական ստուգումները տեղ էին ունեցել յուրաքանչյուր երեք կամ չորս ամիսը մեկ: Դիմողը չի գանգատվել, որ այդ ժամանակահատվածի ընթացքում ընդհատումներն անողջամիտ երկար են եղել: Նրա գանգատի էությունն այն է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ից, երբ նրա կալանավորման ժամկետը երկարացվեց 6 ամսով, մինչև 2011 թվականի հունիսի 9-ը, երբ դատախազը կարգադրեց նրա ազատ արձակումը, դատական վերանայման որևէ ընթացակարգ չի եղել: Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք այդ 6 ամսվա ընթացքում դատարանի կողմից դիմողի կալանավորման օրինականության չստուգումն արդյոք համատեղելի է 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հետ:

212. Դատարանը գտնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թե պարբերական դատական վերանայման համատեքստում ինչը կարող է համարվել ողջամիտ ընդհատում, խիստ տարբեր են և կախված են ազատությունից զրկելու տեսակի հետ: Ուստի ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (ա) կետին համապատասխան իրավասու դատարանի կողմից դատապարտումից հետո անձի կալանավորմանը, ապա Դատարանը որպես «ողջամիտ» համարել է ընդհատումների միջև ընկած 1 տարուց պակաս ժամանակահատվածը և մերժել է 1 տարուց ավել ժամանակահատվածները (տե՛ս Oldham v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 36273/97, կետ 31, ՄԻԵԴ 2000‑X, Hirst v. the United Kingdom գործը, գանգատ թիվ 40787/98, կետ 39, 2001 թվականի հուլիսի 24 և վերոհիշյալ Blackstock-ի գործը, կետ 44): Նմանապես նույնը վերաբերում է նաև այն 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետին համապատասխան իրավասու դատարանի կողմից հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված, սակայն հոգեկան հիվանդության պատճառով քրեական պատասխանատվությունից ազատված անձանց կալանավորման օրինականության դատական ստուգման ընդհատումներին, որոնք եթե 1 տարուց պակաս են եղել, ապա Դատարանը դրանք «ողջամիտ» է համարել, իսկ ավելի երկար ժամանակով ընդհատումների դեպքում 5-րդ հոդվածի 4-րդ մասի նպատակների համար «ողջամիտ» չի համարել (տե՛ս վերոհիշյալ Herczegfalvy-ի գործը, կետ 77, Silva Rocha v. Portugal գործը, 1996 թվականի նոյեմբերի 15, կետ 31, Զեկույցներ 1996‑V, Magalhչes Pereira v. Portugal գործը, գանգատ թիվ 44872/98, կետեր 45-51, ՄԻԵԴ 2002‑I, և համեմատիր Magalhչes Pereira v. Portugal (թիվ 2) գործի հետ, գանգատ թիվ 15996/02, կետեր 27-33, 2005 թվականի դեկտեմբերի 20):

213. Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետով նախատեսված մինչդատական կալանքին, ապա, ի հակադրություն, Դատարանը հայտարարեց, որ մինչդատական կալանքի բնույթը պահանջում է կարճ ընդհատումներ, քանի որ Կոնվենցիան ենթադրում է, որ նման կալանավորումն ուղղակիորեն ժամկետային սահմանափակում ունի (տե՛ս Bezicheri v. Italy գործը, 1989 թվականի հոկտեմբերի 25, կետ 21, Ա Սերիա թիվ 164, և Assenov and Others v. Bulgaria գործը, 1998 թվականի հոկտեմբերի 28, կետ 162, Զեկույցներ 1998‑VIII): Ուստի Դատարանը գտավ, որ մինչդատական կալանքի պարբերական վերանայման Ավստրիայի համակարգը, որը ընդհատումների միջև սահմանում է առավելագույնը 2 ամիս, համատեղելի է 5-րդ հոդվածի 4-րդ մասի հետ (տե՛ս վերոհիշյալ Reinprecht-ի գործը, կետեր 24 և 33): Մեկ այլ գործով 3 ամիս և 8 օր ժամկետը, որի ընթացքում դիմողը չէր կարողացել ստանալ իր կալանավորման օրինականության դատական ստուգում, Դատարանը գտավ, որ այդ ժամկետը «ողջամիտ» չէ (տե՛ս Jurjevs v. Latvia գործը, գանգատ թիվ 70923/01, կետեր 61-63, 2006 թվականի հունիսի 15):

214. Այժմ, անդրադառնալով 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի ներքո հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորմանը, Դատարանը նկատում է, որ հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորման օրինականության վրա ազդող գործոնները, ինչպես, օրինակ, հանձնման կամ արտաքսման վարույթների ընթացքին վերաբերող գործոնները և նման վարույթների ընթացքում իշխանությունների դրսևորած ջանասիրությունը կարող են ազդել ժամանակի տևողության վրա (տե՛ս Rahmani and Dineva v. Bulgaria գործը, գանգատ 20116/08, կետ 78, 2012 թվականի մայիսի 10): Հետևաբար այն եզրակացնում է, որ ստուգումների միջև կարճ ընդհատումներն անհրաժեշտ են հանձնմանը կամ արտաքսմանը նախորդող կալանավորման համար ի տարբերություն իրավասու դատարանի կողմից դատապարտումից հետո կալանավորմանը և հոգեկան խանգարում ունեցող անձանց կալանավորմանը: Իսկապես, կալանավորման օրինականության վրա ազդող գործոնները հավանաբար ավելի արագ են զարգանում այն իրավիճակներում, որտեղ վարույթները շարունակվում են (ինչպես օրինակ՝ հանձնման նպատակով կալանավորման վերաբերյալ գործերով), քան այն իրավիճակներում, որտեղ վարույթներն ավարտվել են բոլոր վերաբերելի հանգամանքների հաստատումից հետո (ինչպես օրինակ այն գործերով, որոնցով հայտարարվել է իրավասու դատարանի կողմից անձի դատապարտման կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին): Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանձնման գործերով կալանավորման օրինականության դատական ստուգման 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող սահմանափակ շրջանակը, որը, օրինակ, չի տարածվում այն հարցի վրա, թե արդյոք կալանավորումն «անհրաժեշտ» է հանցանքը կամ անձի փախուստը կանխելու համար, չի պահանջվում, որ ստուգումը լինի այնքան հաճախ, որքան հաճախ լինում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի ներքո ազատությունից զրկելու գործերով (տե՛ս Taylor v. Estonia dec.) գործը, գանգատ 37038/09, կետեր 53 և 55, 2012 թվականի հունիսի 26): Ուստի Ռուսաստանի դեմ 2 վերջին գործերով Դատարանը գտավ, որ կալանավորման պարբերական դատական ստուգումների միջև ընկած 2-ից 4 ամիս տատանվող ընդհատումները համատեղելի են 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հետ (տե՛ս Soliyev v. Russia գործը, գանգատ թիվ 62400/10, կետեր 57-62, 2012 թվականի հունիսի 5 և Khodzhamberdiyev v. Russia գործը, գանգատ թիվ 64809/10, կետեր 108-114, 2012 թվականի հունիսի 5):

215. Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ դա իր խնդիրը չէ որոշելու ստուգումների միջև առավելագույն որ ժամկետն է, որ պետք է կիրառվի կոնկրետ կատեգորիայի կալանավորների նկատմամբ: Յուրաքանչյուր գործի հանգամանքների լույսի ներքո անհրաժեշտ է որոշել, թե որ ժամանակահատվածն է համապատասխանում այդ պահանջին՝ հաշվի առնելով 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ողջամիտ ժամկետի չափորոշիչները (տե՛ս Sanchez-Reisse v. Switzerland գործը, գանգատ 1986 թվականի հոկտեմբերի 21, կետ 55, Ա Սերիա թիվ 107, և վերոհիշյալ Oldham-ի գործը, կետ 31): Մասնավորապես, Դատարանը պետք է քննարկի, թե արդյոք դատական ստուգումների այդ ընդհատումների ընթացքում ծագած որևէ նոր գործոն առանց ողջամիտ հետաձգման գնահատվել է այնպիսի դատարանի կողմից, ով իրավասություն ունի որոշելու, թե արդյոք այդ նոր գործոնների լույսի ներքո կալանավորումը դարձել է անօրինական, թե՝ ոչ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 208 նշված նախադեպային իրավունքը):

216. Վերադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Քաղաքային դատարանը 6 ամսով երկարացրել է դիմողի կալանավորման ժամկետն այն հիմքով, որ հանձնման մասին վարույթները դեռևս շարունակվում են: 3 ամիս անց՝ 2011 թվականի մարտի 14-ին, հանձնման մասին որոշումը թողնվել է անփոփոխ և ներպետական վարույթներն այդ կերպ ավարտվել են: Քանի որ Դատարանի կողմից Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո տրված հանձնարարականի պատճառով դիմողը չէր կարող հանձնվել, հանձնման որոշման ի կատար ածմանն ուղղված բոլոր պատրաստությունները հետաձգվել էին անորոշ ժամկետով: Դատարանը կարծում է, որ այն պարունակում է նոր վերաբերելի գործոն, որը կարող է ազդել և արդարացնել դիմողի շարունակական կալանավորումը: Հետևաբար դիմողը 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո իրավասու է եղել պահանջելու, որ առանց ողջամիտ հետաձգման դատարանը գնահատվի դատարանի կողմից: Այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել մինչև 2011 թվականի հունիսի 9-ը՝ 3 ամիս անց, երբ դիմողի կալանավորման օրինականությունը վերանայվել է և նա ազատ է արձակվել: Դատարանը կարծում է, որ կալանավորման օրինականության վրա ազդող նման նոր գործոնի գնահատման այդքան երկար հետաձգումը «ողջամիտ չէ»:

217. Հաշվի առնելով վերոգրյալ դիտարկումները՝ Դատարանը գտնում է, որ դիմողի գործով պարբերական դատական ստուգումների մեխանիկական համակարգի արդյունավետությունը խաթարվել է այն հանգամանքով, որ ստուգումների ընդհատումների ընթացքում ծագած և կալանավորման օրինականության վրա ազդելու ունակություն ունեցող նոր վերաբերելի գործոնը դատարանի կողմից գնահատվել է անողջամիտ երկար ուշացումով: Նման հանգամանքներում Դատարանը չի կարող, սակայն գտնում է, որ դիմողի կալանավորման օրինականության դատական ստուգումները ողջամիտ ընդհատումներով չեն եղել:

218. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

219. Դիմողը գանգատ է ներկայացրել, որ Դատարանի կողմից 39-րդ կանոնի ներքո սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցի խախտմամբ իրեն Տաջիկստան գաղտնի տեղափոխելը խախտել է անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքը: Նա հղում է տվել Կոնվենցիայի 34-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

220. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկը՝ հերքելով դիմողին Տաջիկստան տեղափոխելու հարցում իշխանությունների ներգրավվածությունը: Նրանք հայտնել են նաև, որ իրենց իրավասության մեջ չէ երաշխավորելու դիմողի վերադարձը Ռուսաստան: Որևէ իրավական հիմք չկա Տաջիկստանից նրա հանձնումը պահանջելու համար, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի չէ և Ռուսաստանում որևէ հանցանք չի կատարել: Ներպետական կամ միջազգային իրավունքում որևէ այլ ընթացակարգ չկա, որը Ռուսաստանի իշխանություններին կթույլատրեր միջնորդել, որ Տաջիկստանի իշխանությունները դիմողին վերադարձնեն Ռուսաստան:

221. Դիմողը հայտնել է, որ, չնայած Դատարանի կողմից 39-րդ կանոնի ներքո սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցի, իր առևանգումն ու Տաջիկստան տեղափոխումը խոչընդոտել է անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքի արդյունավետ իրականացումը: Տաջիկստանից իր հանձնվելու վտանգը շատ հավանական է, քանի որ Տաջիկստանի դատարանի կողմից ընդունված կալանավորման մասին որոշումից հետևում է, որ նա կալանավորվել է Ուզբեկստանին հանձնելու նպատակով (տե՛ս վերը` պարագրաֆ 61): Դիմողը հայտնել է, որ նման վտանգն առկա է նույնիսկ իրեն ազատ արձակելուց հետո: Նա չի տեղեկացվել իրեն ազատ արձակելու պատճառների մասին և արդյունքում նախազգուշացվել է, որ Տաջիկստանի իշխանությունների կողմից կրկին հետախուզվում է:

222. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ուժով Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողությունից կամ անգործությունից, որը կարող է խոչընդոտել անհատների՝ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացմանը: Այդ իրավունքի արդյունավետությունը կխախտվի, եթե պատասխանող պետությունը չկատարի ժամանակավոր պաշտպանության միջոցի պահանջները (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետեր 102 և 125):

223. Այնպիսի գործերով, ինչպիսին այս գործն է, որտեղ հաստատվել է դիմողի՝ Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքին անդառնալի վնաս պատճառելու ռիսկը, ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման նպատակը ստատուս քվոյի պահպանումն է: Նպատակ ունենալով երաշխավորելու խնդրի շարունակական առկայությունը, որը գանգատի առարկան է, պաշտպանության ժամանակավոր միջոցը դառնում է Կոնվենցիոն գանգատի նյութական հիմքը (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 108, Shamayev and Others գործը, կետ 473, և Aoulmi v. France գործը, գանգատ թիվ 50278/99, կետ 103, ՄԻԵԴ 2006-I (քաղվածքներ)):

224. Ուստի ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման վերաբերյալ Դատարանի կողմից տրված ցուցումը ոչ միայն թույլ է տալիս իրականացնելու գանգատի արդյունավետ քննություն, այլև երաշխավորում է, որ Կոնվենցիայով դիմողին տրված պաշտպանությունն արդյունավետ է. նման ցուցումները Նախարարների կոմիտեին թույլատրում են վերահսկել վերջնական վճիռների կատարումը: Նման միջոցները շահագրգիռ Պետությանը հնարավորություն են տալիս ի կատար ածելու Դատարանի վերջնական որոշմամբ իր վրա դրված պարտավորությունը, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ուժով իրավական առումով պարտադիր է (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 125, Shamayev-ի գործը, կետ 473, և Aoulmi-ի գործը, կետ 108):

225. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պայմանավորվող պետության կողմից ժամանակավոր պաշտպանության միջոցի չկիրառումը պետք է դիտարկել որպես Դատարանին խոչընդոտում արդյունավետորեն քննելու դիմողի գանգատը և արդյունավետորեն իրականացնելու անհատական գանգատ ներկայացնելու իր իրավունքը, ինչպես նաև Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերոհիշյալ Mamatkulov and Askarov գործը, կետ 128):

226. Վերադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ 2011 թվականի մարտի 8-ին նա Ռուսաստանի Կառավարությանը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո ցուցում է տվել, որ դիմողը չպետք է հանձնվի Ուզբեկստանին մինչև հետագա ծանուցումը (տե՛ս վերը՝ պարագրաֆ 4): 5 ամիս անց նա տեղափոխվել է Տաջիկստան: Ռուսաստանի իշխանությունները պատասխանատու են այս փոխանցման համար, ինչպես սահմանված է վերը՝ պարագրաֆ 127-ում: Հետևաբար Դատարանը պետք է սահմանի, թե արդյոք Ռուսաստանը կատարել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո իր ստանձնած պարտականությունը` հետևելու Դատարանի կողմից սահմանված ժամանակավոր պաշտպանության միջոցին:

227. Դատարանը գտնում է, որ որոշ դեպքերում դիմողի կամքին հակառակ նրան մեկ այլ ուրիշ պետություն փոխանցելը, որտեղ նա կարող է հանդիպել այնպիսի պետություն փոխանցվելու վտանգի, որտեղ նրան սպառնում է վատ վերաբերմունք, կարող է համարվել որպես ժամանակավոր պաշտպանության այդ միջոցին հետևելու պարտավորության խախտում: Եթե այդպես չլիներ, ապա Պայմանավորվող կողմերն ունակ կլինեին դիմողին փոխանցելու այնպիսի 3-րդ պետության, որը Կոնվենցիայի կողմ չէ և որտեղից նա կարող է փոխանցվել իր ծագման վայրի պետություն՝ այդ կերպ շրջանցելով ժամանակավոր պաշտպանության միջոցն ու դիմողին զրկելով Կոնվենցիոն արդյունավետ պաշտպանությունից:

228. Սույն գործում դիմողը փոխանցվել է Տաջիկստանին և ոչ թե Ուզբեկստանին: Այնուհանդերձ փաստն այն է, որ դիմողին Տաջիկստանին փոխանցելով` Դատարանը զրկվել է դիմողին ապահովելու Կոնվենցիոն իրավունքների պրակտիկ ու արդյունավետ պաշտպանություն:

229. Դիմողի փոխանցումն այնպիսի պետության, որը Կոնվենցիայի կողմ չէ, նրան հեռացնում է Կոնվենցիոն պաշտպանությունից և խեղաթյուրում է ժամանակավոր պաշտպանության միջոցի կիրառման նպատակը, որը գանգատի քննարկման համար ստատուս քվոյի պահպանումն է ու վերջնական որոշման արդյունավետ ի կատար ածումը:

230. Ըստ Կառավարության՝ իրենց իշխանության մեջ չէ երաշխավորելու դիմողի վերադարձը Ռուսաստան (տե՛ս վերը՝ պարագրաֆ 220): Հետևաբար դիմողը պետք է մնա Տաջիկստանի իշխանությունների հսկողության ներքո, ովքեր սահմանափակված չեն Կոնվենցիայով և պարտավորություն չունեն հետևելու Դատարանի որոշմանը: Նման հանգամանքներում Դատարանի հետևությունը, որ դիմողն Ուզբեկստանում հանդիպելու է վատ վերաբերմունքի ենթարկվելու լուրջ վտանգի (տե՛ս վերը՝ պարագրաֆ 151), չի կարող այնտեղ պաշտպանել նրան հայրենիք վերադառնալուց:

231. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմողի փոխանցումը Տաջիկստան նրան խոչընդոտում է դիմողի համար երաշխավորելու արդյունավետ Կոնվենցիոն պաշտպանություն և հետևաբար արգելում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրականացումը: Համապատասխանաբար, դիմողին Տաջիկստանին փոխանցելով, Ռուսաստանը չի գործել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո կիրառված ժամանակավոր պաշտպանության միջոցին համապատասխան՝ խախտելով Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունը:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

232 Վերջապես, Դատարանը քննել է դիմողի կողմից ներկայացված մյուս գանգատները և, հաշվի առնելով իր տրամադրության ներքո գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ գանգատները գտնվում են Դատարանի իրավասության ներքո, այն գտնում է, որ դրանք չեն բացահայտում Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով ամրագրված իրավունքների կամ ազատությունների խախտումներ: Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) կետին ու 4-րդ մասին համապատասխան պետք է մերժել ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

233. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Վնասը

234. Դիմողը հայցել է 30000 եվրո ոչ-նյութական վնասի համար:

235. Կառավարությունը չի մեկնաբանել:

236. Դատարանը գտնում է, որ այս գործով արձանագրել է ծանր խախտումների համակցություն: Արդարացի հիմքով գնահատելով այն դիմողին տրամադրում է 30000 եվրո ոչ-նյութական վնասի համար` գումարած ցանկացած հարկ, որը կարող է կիրառվել այդ գումարի նկատմամբ:

B. Ծախսեր և ծախքեր

237. Հիմնվելով իրավաբանների ժամանակացույցի վրա` դիմողը հայցել է 7800 եվրո կրած դատական ծախսերի համար, ներառյալ` Դատարանում և ներպետական դատավարություններում: Նա նաև պահանջել է 546 եվրո փոստային ծախքերի համար:

238. Կառավարությունը վիճարկել է, որ չի հիմնավորվել, որ իրավաբանների ծախսերն ու մյուս ծախքերը փաստացի վճարվել էին կամ կատարվել էին:

239. Ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողն ունի կատարած ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այն դեպքում, երբ նա հիմնավորում է, որ դրանք փաստացի կատարվել են ու անհրաժեշտ, ինչպես նաև` գումարը ողջամիտ է եղել: Դիմողը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր փոստային ծախքերը: Հետևաբար Դատարանն այս մասով մերժում է հայցը:

240. Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա, հաշվի առնելով տիրապետության ներքո գտնվող փաստաթղթերն ու վերոհիշյալ չափանիշները (տե՛ս Fadeyeva v. Russia գործը, գանգատ թիվ 55723/00, կետ 147, ՄԻԵԴ 2005‑IV), Դատարանը կարծում է, որ ողջամիտ է 7800 եվրո դիմողին տրամադրելը, որը պետք է փոխանցել ներկայացուցիչների բանկային հաշվին:

C. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

241. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա` հավելած երեք հարյուրերորդական տոկոս:

 

VIII. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ 39-ՐԴ ԿԱՆՈՆԸ

 

242. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն վճիռը վերջնական չի կարող ուժի մեջ մտնել, մասնավորապես` (ա) եթե կողմերը հայտնեն, որ միջնորդում են գործը փոխանցել Մեծ Պալատին, կամ (բ) վճիռը կայացնելուց հետո երեք ամիս անց, եթե գործը Մեծ Պալատին փոխանցելու միջնորդություն չլինի, կամ (գ) եթե Մեծ պալատի կազմը մերժի ներկայացված ցանկացած միջնորդություն` հղում տալով Կոնվենցիայի 43-րդ հոդվածին:

243. Դատարանը նկատում է, որ դիմողը ներկայումս թաքնվում է Տաջիկստանում, երբ Ռուսաստանի իշխանությունների գիտությամբ ու ներգրավվածությամբ իր կամքին հակառակ տեղափոխվել է այնտեղ (տե՛ս վերը` պարագրաֆ 127): Հետևաբար այլևս Ռուսաստանի իշխանությունների իրավասության մեջ չէ նրա հանձնումն Ուզբեկստանին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ դիմողը կարող է վերադառնալ Ռուսաստան և հաշվի առնելով այն հետևությունը, որ Ուզբեկստանում նրան կարող է սպառնալ խոշտանգման կամ անմարդկային կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգը, Դատարանը (տե՛ս վերը` պարագրաֆ 151) գտնում է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո Կառավարությանն արված ցուցումը շարունակում է գործել մինչև սույն վճռի ուժի մեջ մտնելը կամ մինչև հետագա կարգադրությունը:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Հայտարարում է, որ Ուզբեկստանում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի և արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայության, հանձնմանը նախորդող կալանավորման օրինականության և տևողության ու նրա կալանավորման դատական ստուգման բացթողումների մասով գանգատն ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի:

2. Վճռում է, որ դիմողի կողմից Ռուսաստան վերադառնալու դեպքում նրան Ուզբեկստանին հանձնելը կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:

3. Վճռում է, որ դիմողին Տաջիկստան փոխադրելու մասով եղել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

4. Վճռում է, որ եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում 2009 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում դիմողի կալանավորման մասով:

5. Վճռում է, որ կալանավորման մնացած ժամանակահատվածի մասով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (զ) կետի խախտում չի եղել:

6. Վճռում է, որ կալանավորման մասին 2010 թվականի սեպտեմբերի 7-ի և դեկտեմբերի 8-ի հրամանների դեմ դիմողի կողմից բերված բողոքների քննության տևողության մասով եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

7. Վճռում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2011 թվականի հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր կալանավորման դատական ստուգման հնարավորության բացակայության մասով եղել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:

8. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո գանգատը քննելու անհրաժեշտություն չկա:

9. Վճռում է, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո ստանձնած իր պարտավորությունները:

10. Վճռում է,

(a) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով սույն վճռի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում պատասխանող պետությունը դիմողին պետք է վճարի հետևյալ գումարները, մասնավորապես.

(i) 30000 եվրո (երեսուն հազար)` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ-նյութական վնասի համար,

(ii) 7800 եվրո (յոթ հազար ութ հարյուր)` կրած ծախսերի ու ծախքերի համար` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմողից, որը պետք է վճարման օրվա դրության փոխարժեքով կոնվերտացիա արվի պատասխանող պետության արժույթի և փոխանցվի ներկայացուցիչների բանկային հաշվին.

(b) որ վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:

11. Մերժում է արդարացի փոխհատուցման մասին դիմողի հայցի մնացած մասը:

12. Վճռում է շարունակել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո Կառավարությանն արված ցուցումը դիմողի կողմից Ռուսաստան վերադառնալու դեպքում և սույն վարույթի պատշաճ ընթացքի ապահովման շահերից է նրան չհանձնելը մինչև սույն վճիռը չմտնի ուժի մեջ կամ մինչև հետագայում նոր կարգադրություն չլինի:

 

Կատարված է անգլերեն և գրավոր ծանուցված է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

 Սորեն Նիելսեն
Քարտուղար

Նինա Վաժիչ
Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան