Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.160
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
12.05.2016
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12116171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 12 մայիսի 2016 թ.
ք. Երևան

 N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 10-րդ կետում «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով.

2) հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Փաստաթղթային ատեստավորման ժամանակ համայնքային ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի VI և VI.I. բաժիններով սահմանված կարգով:».

3) ուժը կորցած ճանաչել հավելվածի 22-րդ և 23-րդ կետերը.

4) հավելվածի VI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

64. Համայնքային ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցին պետք է տրվի առնվազն հինգ հարց: Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողին տրվում են նաև իր կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին երկու կիսամյակային հաշվետվություններին առնչվող բանավոր հարցեր:

65. Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը, լսելով համայնքային ծառայողին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:

66. Յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն արձանագրվում է և ձայնագրվում: Արձանագրության մեջ առնվազն նշվում է յուրաքանչյուր հարցի և դրա վերաբերյալ համայնքային ծառայողի պատասխանը, այդ պատասխանի մասին հարց տված Հանձնաժողովի անդամի (նշելով անունը և ազգանունը) ճիշտ կամ սխալ լինելու հայտարարությունը, իսկ սխալ պատասխանի դեպքում` նրա հայտարարած ճիշտ պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է լիազորված անձի և Հանձնաժողովի անդամների կողմից:

67. Յուրաքանչյուր համայնքային ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո անցկացվում է գաղտնի քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկում նշվում է համայնքային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Քվեարկությունից հետո լիազորված անձը քվեաթերթիկները գցում է քվեատուփի մեջ:

68. Հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

69. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում համայնքային ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը ու կողմ կամ դեմ տրված ձայները: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են լիազորված անձի կողմից:

70. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները, իսկ ձայների հավասարության դեպքում` սույն կարգի 68-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումը:».

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր VI.I. բաժնով.

 

«VI.I. 15000-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

70.1. Հանձնաժողովը, համայնքային ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս` հարցերի հետևյալ չափաբաժիններով.

1) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի 2 հարց.

2) մասնագիտական` համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի 3 հարց, որից 1 հարցը կոնկրետ ստորաբաժանման (ստորաբաժանման մեջ չներառված պաշտոնների համար` աշխատակազմի) իրավասության հետ կապված և 2 հարցը համայնքային ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև համայնքային ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:

70.2. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը ճիշտ պատասխաններով: Նույն հարցատոմսն առանց ճիշտ պատասխանների տրվում է համայնքային ծառայողին: Համայնքային ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ, պատասխանում է հարցերին: Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

70.3. Հարցազրույցի ընթացքում համայնքային ծառայողի կողմից համայնքային ծառայության օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները, որպես կանոն, գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի ներկայացուցչի, իսկ Երևանի քաղաքապետարանում` լիազորած մարմնի ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից: Համայնքային ծառայողի կողմից մասնագիտական հարցերի վերաբերյալ տրված պատասխանները, որպես կանոն, գնահատվում են (ճիշտ կամ սխալ) համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

70.4. Սույն կարգի 70.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը: Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված հարցերը չպետք է պակաս լինեն 50 հարցից և բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից` ըստ համայնքային ծառայության պաշտոնների խմբերի:

70.5. Սույն կարգի 70.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

70.6. Սույն կարգի 70.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:

70.7. Համայնքային ծառայողի հետ հարցազրույցի արձանագրությանը կցվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը` ճիշտ պատասխաններով:

70.8. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների ատեստավորման հարցազրույցի փուլի հետ կապված սույն բաժնով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի VI բաժնով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան