Գլխավոր տեղեկություն
Համար
N 997-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.01/22(565) Հոդ.292
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.10.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016333

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հոկտեմբերի 2016 թ.

N 997-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2016 թ. հոկտեմբերի 10-ի 

N 997-Ն հրամանի

 

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. մայիսի 3-ի

N 388-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննություններն անցկացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, գրավոր և/կամ բանավոր` ըստ Հաստատության հայեցողության: Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից.

1) գրավոր քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգում.

2) բանավոր քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգում.

3) 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան.

4) 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է վկայական և փոխադրվում է հաջորդ դասարան: Վկայականը ներառում է սովորողի 4-րդ դասարանի գիտելիքների ստուգման և տարեկան գնահատականները:

6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան 4-10 միավոր և պետական ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

7. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 4-10 և 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

8. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում (այդ թվում` առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից) մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

10. 9-րդ կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

11. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:

12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

13. 4-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից գնահատվել է 1-3 միավոր,

2) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

14. 19 տարին չլրացած 9-րդ և 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,

3) վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:

15. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ, 11-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններով փոխադրվող և/կամ սույն կարգով սահմանված վերաքննություններ հանձնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

16. Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

17. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

18. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 և/կամ 18-20, 4-րդ դասարանում տարեկան և գիտելիքների ստուգումից 9-10, 9-րդ և 12-րդ դասարաններում տարեկան 9-10, պետական ավարտական քննություններից 9-10 և/կամ 18-20 միավոր գնահատված սովորողները պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) գովասանագրով:

19. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը.

2) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը.

3) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկա չուսումնասիրելը:

20. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

21. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

22. 4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում` «Մայրենի» (թելադրություն) և «Մաթեմատիկա» (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր) առարկաներից, ազգային փոքրամասնությունների դասարանների համար նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

23. 9-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն), «Մաթեմատիկա» (գրավոր), «Գրականություն» (բանավոր), «Օտար լեզու» («Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն») (բանավոր), «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների համակցված առաջադրանքներով` գրավոր), «Հայոց պատմություն» (բանավոր), «Ֆիզկուլտուրա», ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուս գրականություն» (բանավոր) առարկաներից, ազգային փոքրամասնությունների դասարանների համար նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:

1) Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:

2) «Ֆիզկուլտուրա», «Ռուս գրականություն» (բանավոր) առարկաների, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

24. 12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու և գրականություն» (բանավոր) առարկաներից, ազգային փոքրամասնությունների դասարանների համար նաև` նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:

1) Պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

2) «Ռուս գրականություն» (բանավոր) առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

3) «Ֆիզկուլտուրա» առարկան ամփոփվում է ստուգարքով, որի առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

25. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

26. 4-րդ դասարանի` տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և/կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը) գնահատված լինելու, գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

27. 9-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և/կամ պետական ավարտական քննություններից 1-3 և/կամ 1-7 միավոր գնահատված լինելու և/կամ քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և/կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

1) Պետական ավարտական քննական առարկաներից վերաքննությունների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

2) «Ֆիզկուլտուրա», «Ռուս գրականություն», ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առարկաների պետական ավարտական քննությունների և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից վերաքննության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

28. 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) և/կամ/ պետական ավարտական քննություններից 1-3 և/կամ 1-7 միավոր գնահատված լինելու և/կամ քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և/կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

1) Պետական ավարտական քննական առարկաներից վերաքննությունների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքի, «Ռուս գրականություն», ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առարկաների պետական ավարտական քննությունների առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

29. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` հուլիսի 2-8-ը և/կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

30. Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և/կամ «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և/կամ «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

31. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», կամ «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Տվյալ դեպքում սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:

32. Առողջության պատճառով (հիմք` բժշկական տեղեկանքը) 9-րդ դասարանի և 12-րդ դասարանների 4 և ավելի պետական ավարտական քննություններին չներկայացած սովորողների վերաքննություններին մասնակցելու հարցը քննարկվում է Նախարարությունում:

1) Վերաքննություններին մասնակցության թույլտվության մասին դիմումը և բացակայությունները հիմնավորող փաստաթղթերը Հաստատության տնօրենը քննաշրջանի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարություն: Նախարարությունում դիմումը քննարկվում է մուտքագրումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

33. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված (այդ թվում` վերաքննության արդյունքներով), պետական ավարտական քննություններին չմասնակցած 9-րդ կամ 12-րդ դասարանների սովորողները դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:

34. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական` 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

2) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում,

3) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց Հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

35. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:

36. 12-րդ դասարանի սովորողի կողմից բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից որպես միասնական քննություն հանձնելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:

37. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան) և պետական ավարտական ( 9-րդ և 12-րդ դասարաններ) քննություններից: Նրանց տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:

38. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:

39. Սույն կարգի պահանջներին համապատասխան քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

40. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

41. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև մայիսի 15-ը:

42. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

43. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը, մանկավարժական նիստում քննարկելուց հետո, Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն:

44. Որևէ կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.

1) Տվյալ կիսամյակի կիսամյակային որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

2) Ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

45. 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները, տվյալ տարվա մայիսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում լրացուցիչ քննություններ են հանձնում «Մայրենի» (ազգային փոքրամասնությունների դասարանների համար «Մայրենի լեզու և գրականություն», «Ասորերեն», «Ռուսաց լեզու»), «Հայոց լեզու և հայ գրականություն», և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից: «Ֆիզկուլտուրա» առարկայից անցկացվում է ստուգարք:

46. 2-12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգով նախատեսված 3 և ավելի առարկաների քննություններից (այդ թվում` վերաքննություններից) և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում սովորողը կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում Հաստատությունից:

47. Բոլոր դասարանների քննական և ստուգողական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով: Դրանք հաստատվում են Հաստատության տնօրենի կողմից:

48. Հաստատության տնօրենը կազմում է սույն կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

49. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

50. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ առանձին գործող ավագ դպրոցներում նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր և (կամ) 18-20 միավոր գնահատված սովորողը:

51. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը,

2) առանձին գործող ավագ դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,

3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,

4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:

52. Մեդալի հավակնորդ սովորողների անվանացանկերը առաջին կիսամյակն ամփոփելուց անմիջապես հետո Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական Հաստատությունների սովորողների անվանացանկերը՝ Նախարարություն:

53. Մինչև ապրիլի 1-ը Վարչությունները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

54. Մինչև ապրիլի 10-ը Վարչությունները ստուգված ցուցակները ներկայացնում են Նախարարություն` կցելով հիմնավորող փաստաթղթերը (հիմնական կրթության վկայականի պատճենը, քաղվածք մանկավարժական խորհրդի որոշումից, տեղեկանք սովորողի առաջադիմության մասին, տեղեկատվություն սովորողի` պետական ավարտական և միասնական քննությունների վերաբերյալ): Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

55. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ Հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 51-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և/կամ «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` մարզկենտրոններում (Երևան քաղաքում).

1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և/կամ «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):

56. «Հայոց լեզու և հայ գրականություն» և/կամ «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:

57. Կենտրոնացված համակարգով հանձնվող «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից պետական ավարտական քննություններն անցկացվում են Նախարարության կողմից նախապես որոշված` մարզի (Երևան քաղաքի) որևէ Հաստատությունում` տվյալ քննությունների համար սահմանված օրերին:

58. Պետական ավարտական քննությունների նախապատրաստման համար պատասխանատու է Հաստատության տնօրենը: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:

59. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:

60. «Հայոց պատմություն» առարկայից պետական ավարտական քննությունը և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքը՝ Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները՝ Նախարարության վերահսկողությամբ:

61. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:

62. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում «Հայոց պատմություն» առարկայից պետական ավարտական քննության և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարքի արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:

63. Պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:»: