«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի 2016 թ. |
N 11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 54-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանում «36 հոդվածի 1 կետով» բառերը փոխարինել «36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով:
2) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «ավիացիայի ինքնաթիռների» բառերը փոխարինել «ավիացիայի օդանավերի» բառերով:
3) Հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ՝ օդանավ)» բառերը:
4) Հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) Օդանավի թռիչքային պիտանիության պահպանումը ապահովող անձնակազմը որպես հրահանգչական փաստաթուղթ օգտագործում է օդանավ շահագործողի կողմից մշակված և օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հետ համաձայնեցված օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկը: Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան:
Օդանավ շահագործողի կողմից մշակված Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիրը պետք է համապատասխանի «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարթ-Մ կանոնակարգի պահանջներին և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի թիվ 6 հավելվածի, Դոկ. 9824, Դոկ. 9683 դրույթներին: Օդանավ շահագործողը ապահովում է, որպեսզի մարդկային գործոնները հաշվի առնվեն օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի մշակման և օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության կողմից այդ ծրագրի կիրառման ժամանակ:
Օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրում, որը հաշվի է առնում նաև օդանավի տիպի սերտիֆիկատի համար պատասխանատու կազմակերպության խորհրդատվությունները, առանձին աշխատանքները կամ դրանց հաջորդականությունը պետք է նվազեցնեն սխալի հնարավորությունը կամ դրա հետևանքները (օրինակ՝ շարժիչի սպասարկումը տարբեր աշխատանքային թիմերի կողմից կամ տարբեր թռիչքների միջև): Օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի հիման վրա մշակված աշխատանքների փաթեթները պետք է համապատասխանեն օդանավի շահագործման պայմաններին (օրինակ՝ փաթեթ գիշերային աշխատանքների համար), ինչպես նաև աշխատանքների քարտ-կարգագրերը պետք է ունենան հարմար և պրակտիկ դիզայն: Հաշվի է առնվում նաև օդանավի պլանավորված օգտագործման նախնական հաշվարկը, տեխնիկական սպասարկման կազմակերպության փորձը, օդանավի շահագործման պայմանները՝ ներառյալ աշխարհագրական դիրքը:
Օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության կողմից օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի կիրառման ժամանակ օգտագործվող փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ օդանավի տիպի սերտիֆիկատի համար պատասխանատու կազմակերպության կողմից մշակված փաստաթղթերը, ոչ միշտ են հաշվի առնում մարդկային գործոնը: Այդ պատճառով օդանավ շահագործողը պետք է ուսումնասիրի հետևյալ փաստաթղթերը մարդկային գործոնի տեսակետից և ուսումնասիրման արդյունքներից ելնելով ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ.
ա. օդանավ նախագծողի կողմից մշակված օդանավի տեխնիկական սպասարկման ձեռնարկ,
բ. ծառայողական բյուլետեն կամ գրություն,
գ. օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկ՝ օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի կիրառման մասով:
Ուսումնասիրման արդյունքում անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում օդանավ շահագործողը այդ մասին տեղեկացնում է փաստաթուղթը մշակողին՝ փաստաթղթում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:»:
5) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի շահագործման կանոններն են՝
1) Օդանավ շահագործողը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաստատմանն է ներկայացնում օդանավերի թռիչքների կատարման կանոնակարգը,
2) Օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավը նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը օդանավի շահագործման ընթացքում,
3) Օդանավ շահագործողը ապահովում է օդանավը այնպիսի սարքերով և սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար, անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության կողմից,
4) Օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են երկկողմանի կապ` աերոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով,
5) Օդանավը հագեցվում է այնպիսի նավագնացական սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը՝ թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան,
6) Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան,
7) Օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին կամ այլ փաստաթղթերի պահանջներին, որոնք առնչություն ունեն թռիչքային պիտանիության վկայականի հետ»:
6) Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և/կամ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերը՝ այդ թվում նաև ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը, շահագործվում են համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի կոնվենցիայի «Օդանավերի շահագործում» 6-րդ Հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից մշակված նորմատիվային ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 188-Ն հրամանով հաստատված «Միացյալ ավիացիոն իշխանությունների/եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի (ARM AIR OPS) մասին» պահանջների և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 177-Ն հրամանով հաստատված «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարթ-Մ մասին» կանոնակարգի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |