Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.161
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
12.05.2016
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12116172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 12 մայիսի 2016 թ.
ք. Երևան

 N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 8-րդ կետում «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով.

2) հավելվածի 13-րդ կետի «դ» ենթակետում «տվյալ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակման օրվան հաջորդող» բառերը փոխարինել «տվյալ մրցույթի անցկացման օրվան նախորդող» բառերով.

3) հավելվածի VI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

56. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ունեցող անձանց հետ անցկացվում է հարցազրույց:

57. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցին պետք է տրվի առնվազն հինգ հարց: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով մասնակցին տրված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:

59. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է: Արձանագրության մեջ առնվազն նշվում են յուրաքանչյուր հարցը և դրա վերաբերյալ մասնակցի պատասխանը, այդ պատասխանի վերաբերյալ հարց տված հանձնաժողովի անդամի (նշելով անունը և ազգանունը) ճիշտ կամ սխալ լինելու մասին հայտարարությունը, իսկ սխալ պատասխանի դեպքում` հայտարարած ճիշտ պատասխանը: Արձանագրությունն ստորագրվում է լիազորված անձի և հանձնաժողովի անդամների կողմից:

60. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո նրա պատասխանը գնահատում է 5 բալային համակարգով` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթում, որոնք անմիջապես խմբավորվում և գցվում են գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

61. Գնահատման թերթում նշվում է գնահատմանը մասնակցող հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Գնահատումը կատարվում է թվային ամբողջական միավորով: Նվազագույն դրական գնահատականը 3 բալն է:

62. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, հանձնաժողովի նախագահը բացում է գնահատման թերթերի պահպանման համար նախատեսված արկղը, մեկ առ մեկ հանում գնահատման թերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու ստացած բոլոր բալերը, որից հետո հանձնաժողովը հաշվարկում է հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված մասնակիցների (մասնակցի) ստացած դրական բալերի հանրագումարը և հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են լիազորված անձի կողմից:

63. Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարը առավելագույնն է, իսկ`

1) եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է ճանաչվում թեստավորման փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները).

2) եթե մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից չի գնահատվել դրական բալերով, ապա հանձնաժողովը որոշում է ընդունում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան աշխատակազմին».

4) հավելվածը VI բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր VI.I. բաժնով.

 

«VI.I. 15000-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

63.1. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի համայնքապետարանում (Երևանի քաղաքապետարանում) հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս` հարցերի հետևյալ չափաբաժիններով.

1) համայնքային ծառայության Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի 2 հարց.

2) մասնագիտական` համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի 3 հարց, որից 1 հարցը կոնկրետ ստորաբաժանման (ստորաբաժանման մեջ չներառված պաշտոնների համար` աշխատակազմի) իրավասության հետ կապված և 2 հարցը համայնքային ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև համայնքային ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:

63.2. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը ճիշտ պատասխաններով: Նույն հարցատոմսն առանց ճիշտ պատասխանների տրվում է մասնակցին: Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ, պատասխանում է հարցերին: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

63.3. Հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից համայնքային ծառայության օրենսդրության բնագավառի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները, որպես կանոն, գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչ, իսկ Երևանի քաղաքապետարանում` լիազորած մարմնի ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից: Մասնակցի կողմից մասնագիտական հարցերի վերաբերյալ տրված պատասխանները, որպես կանոն, գնահատվում են (ճիշտ կամ սխալ) համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչ համարվող հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

63.4. Սույն կարգի 63.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը: Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված հարցերը չպետք է պակաս լինեն 50 հարցից և բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից` ըստ համայնքային ծառայության պաշտոնների խմբերի:

63.5. Սույն կարգի 63.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

63.6. Սույն կարգի 63.1-ին կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:

63.7. Համապատասխան աշխատակազմը մրցույթի թեստավորման հարցաշարերի հետ միաժամանակ հրապարակում է նաև այն իրավական ակտերի ցանկը և հոդվածները (բաժիններ, կետեր), որոնցից բխում են սույն կարգի 63.1-ին կետով նախատեսված հարցերը:

63.8. Համապատասխան համայնքապետարանում (Երևանի քաղաքապետարանում) յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի արձանագրությանը կցվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերը` ճիշտ պատասխաններով:

63.9. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի մրցույթների հարցազրույցի փուլի հետ կապված սույն բաժնով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի VI բաժնով»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան