«Գրանցված է»
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հոկտեմբերի 2015 թ. |
N 52-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԻՄՈՒՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 15-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել արյան դոնորի իմունացման կարգը` համաձայն հավելվածի:
Ա. Մուրադյան
Հավելված 2015 թվականի հոկտեմբերի 23-ի N 52-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԻՄՈՒՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորում են արյան դոնորի իմունացման հետ կապված հարաբերությունները:
2. Դոնորի իմունացումը կատարվում է բուժական հատկություններով օժտված հակառեզուս իմունոգլոբուլինի արտադրության համար անհրաժեշտ ռեզուս հակամարմիններով հարուստ պլազմայի ստացման նպատակով:
3. Ռեզուս հակածնով իմունացումը և կրկնակի իմունացումը (այսուհետ` ռեիմունացում) կատարվում է ռեզուս բացասական ccddee կամ Ccddee ֆենոտիպերով արյան պատկանելիություն ունեցող դոնորին:
4. Ռեզուս հակածնով իմունացումը կամ ռեիմունացումը կատարվում է իմունացման ենթարկվող դոնորի գրավոր համաձայնությամբ՝ համաձայն Ձև 1-ի:
5. Յուրաքանչյուր անգամ այն արյունը, որով կատարվում է իմունացումը կամ ռեիմունացումը, հետազոտվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն:
6. Իմունացումից կամ ռեիմունացումից առաջ իմունացման կամ ռեիմունացման ենթարկվող դոնորը անցնում է բժշկական հետազոտում՝
1) արյան ընդհանուր քննություն,
2) կենսաքիմիական քննություն (ԱԼՏ (ալանինամինոտրանսֆերազա ֆերմենտ), ԱՍՏ (ասպարտատամինոտրանսֆերազա ֆերմենտ), կրեատինին, միզանյութ),
3) որովայնի օրգանների գերձայնային հետազոտություն,
4) էլեկտրասրտագրություն,
5) հեպատիտ Բ-ի հակածնի (HBsAg), հակա-HBc հակամարմինների, հեպատիտ Ց-ի հակամարմինների, ինչպես նաև սիֆիլիսի և բրուցելոզի հակամարմինների որոշում:
7. Մինչ իմունացումը իմունացման ենթարկվող դոնորի արյունը հետազոտվում է Կումբսի ուղղակի ռեակցիայով:
8. Կումբսի ուղղակի ռեակցիայի դրական արդյունքը հանդիսանում է իմունացման և ռեիմունացման հակացուցում:
9. Կումբսի ուղղակի ռեակցիայի բացասական արդյունքի դեպքում դոնորի արյան շիճուկում որոշվում են ռեզուս հակամարմինները Կումբսի անուղղակի ռեակցիայով:
10. Ռեզուս հակամարմինների առկայության դեպքում որոշվում է դրանց սպեցիֆիկությունը (յուրահատկությունը) և տիտրը (հակամարմինների քանակը):
11. Եթե սույն կարգի 10-րդ կետի ցուցանիշները բավարար չեն հակառեզուս իմունոգլոբուլինի արտադրության համար, ապա հակամարմինների ակտիվության բարձրացման նպատակով այդ անձանց կատարում են ռեիմունացում:
12. Իմունացման համար հակածին է հանդիսանում ռեզուս դրական ccDee կամ CcDee ֆենոտիպերով Օ (I) կամ իմունացվող դոնորի հետ միևնույն արյան խմբային պատկանելիություն ունեցող արյունը:
13. Իմունացման և ռեիմունացման համար նախատեսված արյունը չպետք է պարունակի Kell հակածին:
14. Իմունացումը կատարվում է մի քանի փուլով՝
1) առաջին փուլում կատարում են երեք միջմկանային կամ ներերակային ներարկումներ 3-4 օր ընդմիջումներով.
ա. առաջին ներարկում՝ 10 մլ դոնորական արյուն-հակածին,
բ. երկրորդ ներարկում 5 մլ դոնորական արյուն-հակածին,
գ. երրորդ ներարկում 5 մլ դոնորական արյուն-հակածին,
2) երկրորդ փուլը կատարվում է իմունացման առաջին փուլից երեք- չորս ամիս հետո.
ա. կատարում են երեք միջմկանային կամ ներերակային ներարկումներ 3 օր ընդմիջումներով,
բ. յուրաքանչյուր ներարկում՝ 5 մլ դոնորական արյուն-հակածին,
15. Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո (8-30-րդ օրը) որոշում են հակա-ռեզուս հակամարմինների քանակը (տիտրը) Կումբսի անուղղակի ռեակցիայով:
16.Եթե երկու փուլերից հետո հակա-ռեզուս հակամարմիններ չեն առաջացել, ապա երկրորդ փուլի ավարտից 4-6 ամիս անց կատարվում է իմունացման երրորդ և չորրորդ փուլերը` սույն կարգի 15-րդ կետի համաձայն:
17. Եթե չորրորդ փուլի ավարտից հետո հակա-ռեզուս հակամարմիններ չեն առաջացել, ապա 4 ամիս անց կատարվում են հինգերորդ և վեցերորդ փուլերը, որոնց ժամանակ անհրաժեշտության դեպքում միջմկանային ներարկումների թիվը կարելի է ավելացնել 1-3 ներարկումներով:
18. Եթե այդ փուլերից հետո հակամարմիններ չեն առաջանում, ապա այդ դոնորի իմունացումը դադարեցվում է:
19. Ռեիմունացումը, որը կատարվում է հակա-ռեզուս հակամարմինների քանակի պահպանման կամ բարձրացման նպատակով, իրականացվում է այն դոնորներին, որոնց մոտ հակա-ռեզուս հակամարմինների քանակը իջել է 1:32-ից:
20. Ռեիմունացումը կատարվում 2-9 ամիսների ընթացքում:
21. Ռեիմունացումը կատարվում է երկու կամ երեք միջմկանային կամ ներերակային 5 մլ դոնորական արյան ներարկումներով՝ 2-3 օր ընդմիջումով:
22. Իմունացումից հետո լրացվում է հակա-ռեզուս հակածնով իմունացման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն Ձև 2-ի:
Ձև 1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Դոնորի իմունացման վերաբերյալ
Ես`_______________________________________________________________________________ |
դոնորի անուն, ազգանուն |
տեղեկացված լինելով, որ իմունացման հետևանքով ինձ մոտ կարող է զարգանալ հետփոխներարկումային բարդություն, եթե ինձ փոխներարկվի ռեզուս դրական էրիթրոցիտ պարունակող արյան բաղադրամաս, տալիս եմ իմ համաձայնությունը ինձ դոնորական արյուն-հակածնով իմունացման վերաբերյալ:
Դոնոր |
___________________________________ |
ստորագրություն |
Ամսաթիվ «____» _____________20 թ. |
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ
հակա-ռեզուս հակածնով իմունացման վերաբերյալ
Կազմակերպության անվանումը _____________________________________________ |
Դոնորի անուն, ազգանուն, հայրանուն ________________________________________ |
Արյան խումբը ըստ ABO համակարգի________________________________________ |
Ռեզուս պատկանելիության ֆենոտիպը______________________________________ |
Իմունացվել է ___________________________ հակածնով (ռեզուս-հակածին) |
Արյան բաղադրամասերի փոխներարկման դեպքում պարտադիր փոխներարկել |
______ խմբի և ______ռեզուս պատկանելիության արյան բաղադրամաս |
Լաբորատորիայի ղեկավար` |
_________________________ |
Ստորագրություն |
Կազմակերպության գործադիր մարմնի |
_________________________ |
Ստորագրություն |
Կ.Տ. (առկայության դեպքում)
Տրամադրման ամսաթիվ «____» _____________ 20 թ. |