ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 օգոստոսի 2015 թ. |
N 2217-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ս. ՍԱՀԱԿՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, հաշվի առնելով, որ «Ս. ՍԱՀԱԿՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) խախտել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և 27-րդ կետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականի փետրվարի 24-ի ք. Երևան, Աբովյան 39 բն., 13ա հասցեում գործող «Ս. ՍԱՀԱԿՅԱՆ» ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու վերաբերյալ N 219503-15/Վ/Ն-021 որոշման հիման վրա Ընկերությունում իրականացված զննման արդյունքները, այն է՝ 2015 թվականի մարտի 16-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 017 որոշում` չգրանցված և ժամկետանց դեղերի մասով (սահմանվել է տուգանք` 130 000 ՀՀ դրամ), իսկ 2015 թվականի մարտի 18-ին ընկերության տնօրեն Հովհաննես Սահակյանի նկատմամբ տրվել է թիվ 222817-15/Վ/Ա-035 կարգադրագիրը, որտեղ այդ և այլ խախտումների վերացման հանձնարարականների հետ մեկտեղ նշվել է, որ խախտվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պարտադիր պայմաններն ու պահանջները, ըստ որի դեղատնային կրպակի տարածքի թույլատրելի նվազագույն չափը 28 քառ. մետր է, մինչդեռ «Ս. Սահակյան» ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է փաստացի 21,5 քառակուսի մետր տարածքում, ինչը պարզ է դարձել «Ս. Սահակյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 1999 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 0231311 անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականից, որի օգտագործման նպատակը նշված է «բնակարան», իսկ նպատակային նշանակությունը՝ «բնակելի»: Նշված մակերեսային տվյալներն են՝ գրասենյակ (հանգստի սենյակ)` 1.8 քառակուսի մետր, սանհանգույց լվացարանով` 1.2 քառակուսի մետր: Ի պատասխան վերոնշյալ փաստի՝ ընկերության լիազորված ներկայացուցիչ Ա. Անտոնյանի կողմից 2015 թվականի մարտի 18-ին լրացուցիչ ներկայացվել է նաև մեկ այլ անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (թիվ 505725 առ 2002 թվականի հոկտեմբերի 29, հասցե՝ Աբովյան փող., թիվ 39 շենքի տարածք)՝ 18,9 քառ. մետր մակերեսով, որը, սակայն, գործառնական փաստացի կապ չունի և պարզ չէ՝ կարող է ունենալ, թե ոչ ներկայումս գործող դեղատնային կրպակի տարածքի հետ, որի գործունեության իրականացման լիցենզիայում նշված հասցեն, ըստ գործունեության իրականացման վայրի պահանջի, նշված է ք. Երևան, Աբովյան 39, բնակարան 13ա: Վերջինով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 27-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններն ու պահանջները, ըստ որի դեղատան կամ դեղատնային կրպակի համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ: Միաժամանակ, անհրաժեշտ էր անշարժ գույքի կադաստրի պետական վկայականում կատարել փոփոխություն՝ նպատակային նշանակությունը ներկա «բնակելիից» փոխելով «հասարակականի»: «Ս. Սահակյան» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Սահակյանը պարտավոր էր 2015 թվականի մարտի 18-ի թիվ 222817-15/Վ/Ա-035 կարգադրագիրը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ապահովել կարգադրագրում նշված կետերի կատարումը, սակայն մինչ օրս վերը նշված կարգադրությունների կատարման վերաբերյալ ոչ մի տեղեկություն ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Ս. ՍԱՀԱԿՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գործունեության իրականացման հասցե` ք. Երևան, Աբովյան 39, բն. 13ա)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2002 թվականի սեպտեմբերի 30-ին տրամադրված N Կ-XX-000048 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու մասին անժամկետ լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|