Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2016-04.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.03.15/6(549) Հոդ.60
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016074

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 փետրվարի 2016 թ.

N 02-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1-031-2016 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման նպատակով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել՝ «Սեռավարակների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-031-2016 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2016 թվականի փետրվարի 1-ի
N 02-Ն հրամանի

 

«ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 3.1.1-031-2016 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետև` Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից, որոնք իրականացնում են սեռավարակների դեպքերի հայտնաբերումը, հիվանդների բուժօգնությունն ու սպասարկումը:

2. Սույն Կանոնները սահմանում են սեռավարակներով հիվանդների հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի հաշվառման, հաշվետվության, շարունակական (դիսպանսերային) հսկողության, վարակի հսկողության, սեռավարակների կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, սեռավարակների վերաբերյալ բնակչության իրազեկման և առողջ ապրելակերպի քարոզչության հարցերը, որոնք ուղղված են սեռավարակների համաճարակաբանական հսկողության գործընթացի ապահովմանը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սեռավարակներն առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների խումբ են:

4. Սեռական ճանապարհով փոխանցվում են մանրէային, վիրուսային և մակաբուծային ծագման շուրջ 30 հիվանդություն: Մեր տարածաշրջանում սեռավարակներից առավել տարածված են գոնորեան, քլամիդիոզը, սիֆիլիսը, միկոպլազմոզը, մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած վարակը (այսուհետ՝ ՄԻԱՎ վարակ), հասարակ հերպեսը, սրածայր կոնդիլոման, Բ և Ց հեպատիտները, ցիտոմեգալովիրուսային վարակը, հպավարանցիկ մոլյուսկը, տրիխոմոնիազը, կանդիդոզը, ցայլքի ոջլոտությունը, քոսը և այլն:

5. Սեռավարակների համար վարակի աղբյուրը վարակված մարդն է՝ հիվանդության բոլոր փուլերում (ներառյալ թաքնված և անախտանշան):

6. Սեռավարակները հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով՝ անպաշտպան սեռական հարաբերությունների ընթացքում: Բացի այդ, սեռավարակները կարող են փոխանցվել.

1) արտաընդերային (պարենտերալ) ճանապարհով՝ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով կենսաբանական հեղուկների ներթափանցման, թմրամիջոցների ներարկային գործածման, բժշկական միջամտությունների, դոնորական արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, դոնորական սերմնահեղուկի օգտագործման ժամանակ,

2) մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ,

3) կոնտակտ-կենցաղային ճանապարհով՝ ախտահարված կենցաղային առարկաները (ափսե, բաժակ, սրբիչ, սպիտակեղեն) կամ այլ պարագաներ համատեղ օգտագործելու դեպքում:

7. Սեռավարակների փոխանցման գործոններն են մարդու կենսաբանական հեղուկները` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկը, մայրական կաթը:

8. Սեռավարակներն էապես վատթարացնում են կյանքի որակը և բացասաբար են ազդում սեռական, վերարտադրողական, ինչպես նաև մանկան առողջության վրա, կարող են առաջացնել անուղղակի ազդեցություն` նպաստելով ՄԻԱՎ-ի սեռական ճանապարհով փոխանցմանը, ներազդում են ազգային տնտեսության և ընտանիքների տնտեսական բարեկեցության վրա: Սիֆիլիսով հիվանդ հղի կանանցից կարող է ծնվել բնածին սիֆիլիսով երեխա, հնարավոր է նաև մեռելածնություն: Գոնորեան, քլամիդիային վարակը կարող են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, անպտղության, հղիության անբարենպաստ ելքի պատճառ դառնալ: Սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմավիրուսը (HPV) կարող է նպաստել արգանդի վզիկի, իսկ հեպատիտ Բ-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղի առաջացմանը:

 

III. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

9. Սեռավարակներով հիվանդների հայտնաբերումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում՝ անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից՝ հիվանդությանը բնորոշ ախտանշանների առկայության դեպքում:

10. Բուժաշխատողի նախաձեռնությամբ և խորհրդով սեռավարակներով հիվանդների կոնտակտավորների շրջանում իրականացվում է սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն:

11. Դեպքերը դասակարգվում են ըստ կլինիկական նկարագրի, լաբորատոր և համաճարակաբանական չափանիշների.

1) կասկածելի` համապատասխանում է կլինիկական նկարագրին,

2) հավանական` համաճարակաբանորեն կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք,

3) հաստատված` լաբորատոր հաստատված դեպք:

12. Սեռավարակների ախտորոշումն իրականացվում է.

1) լաբորատոր,

2) կլինիկական,

3) համաճարակաբանական չափանիշներով:

13. Ախտորոշման լաբորատոր չափանիշները ներառում են.

1) հարուցչի հայտնաբերում մանրադիտակային, մանրէաբանական, վիրուսաբանական մեթոդներով,

2) հարուցչի դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) կամ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) անջատում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդներով,

3) իմունագլոբուլինների կամ հակամարմինների հայտնաբերում շճաբանական և իմունաբանական մեթոդներով:

14. Կլինիկական չափանիշները տարբեր են ըստ հիվանդության տեսակի:

15. Ախտորոշման համաճարակաբանական չափանիշները ներառում են.

1) համաճարակաբանական վերհուշի առկայություն.

ա. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ,

բ. սեռական հարաբերություններ պատահական զուգընկերների հետ, այդ թվում՝ անպաշտպան,

գ. սեռական հարաբերություններ սեռավարակներով հիվանդի կամ վարակակրի հետ,

դ. սեռավարակներով հիվանդացումը նախկինում:

16. Սիֆիլիս (A50-A53) - կլինիկական նկարագիրը. սիֆիլիսը համակարգային հիվանդություն է: Լինում է ձեռք բերովի (սեռական կամ պարենտերալ ճանապարհներով) և բնածին (ուղղահայաց փոխանցում): Տարբերում են ձեռք բերովի սիֆիլիսի վաղ և ուշացած ձևերը.

1) Վաղ սիֆիլիսն առաջանում է վարակումից հետո 1 տարվա ընթացքում, լինում է.

ա. առաջնային, (վարակի ներթափանցման տեղում առաջանում է կարծր շանկր (էռոզիա կամ խոց), որն ուղեկցվում է հարակից ավշահանգույցների մեծացումով,

բ. երկրորդային, որն սկսվում է շանկրի առաջացումից 3-6 շաբաթ անց, արտահայտվում է բազմաձև ցանավորումով, օջախային մազաթափությամբ, սիֆիլիսային լեյկոդերմիայով: Կարող են առաջանալ լայն կոնդիլոմաներ, առաջնային ուվեիտ, սկլերիտ, ռետինիտ, պապիլիտ, աչքի ծիածանաթաղանթի և տեսողական նյարդի բորբոքում, մենինգիտ, գանգուղեղային նյարդերի պարեզ, լյարդի ախտահարում, փայծաղի մեծացում, վերնոսկրի բորբոքում, գլոմերուլոնեֆրիտ,

գ. վաղ թաքնված, որի դեպքում բացակայում են ախտանշանները, հայտնաբերվում է սիֆիլիսի շճաբանական հետազոտությամբ.

2) ուշացած սիֆիլիսն առաջանում է վարակումից 1 տարի հետո: Լինում է.

ա. ուշացած թաքնված, որն ընթանում է առանց կլինիկական նշանների,

բ. գումատոզ, որի ժամանակ առաջանում են խոցոտվելու հակում ունեցող հանգույցներ՝ գումաներ և թմբիկներ,

գ. սրտանոթային, որն արտահայտվում է աորտիտով, կրծքահեղձուկով, աորտայի անևրիզմայով,

դ. նյարդասիֆիլիս՝ մենինգովասկուլար, պարենխիմատոզ (ընդհանուր պարեզ, ողնուղեղային չորուկ), անախտանշան,

ե. ընդերային սիֆիլիս, որն արտահայտվում է ներքին օրգանների ախտահարմամբ:

17. Լաբորատոր չափանիշները ներառում են ախտահարված օջախներից կամ ավշագեղձերից հարուցչի՝ դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում մութ դաշտում մանրադիտակային զննման մեթոդով կամ ՊՇՌ մեթոդի օգնությամբ: Սիֆիլիսի լաբորատոր հետազոտության շճաբանական մեթոդները հիմնված են հակամարմինների հայտնաբերման վրա և բաժանվում են երկու խմբի՝ տրեպոնեմային և ոչ տրեպոնեմային: Զանգվածային հետազոտությունների ժամանակ կիրառվում է ոչ տրեպոնեմային Վասերմանի ռեակցիան կարդիոլիպինային հակածիններով: Որոշակի պայմաններում այս հետազոտության արդյունքները կարող են կեղծ դրական լինել: Այդ դեպքում պահանջվում է հաստատում տրեպոնեմային հետազոտությունների միջոցով՝ Վասերմանի ռեակցիա տրեպոնեմային հակածիններով, դժգույն տրեպոնեմաների անշարժացման ռեակցիա, դժգույն տրեպոնեմաների հեմագլյունիտացիայի ռեակցիա՝ TPHA:

18. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ սիֆիլիսով հիվանդի հետ, սիֆիլիսով հիվանդացումը նախկինում, սիֆիլիսով հիվանդից վերցված արյան փոխներարկում, սիֆիլիսով հիվանդ մորից վարակի ուղղահայաց փոխանցում նորածնին:

19. Գոնոկոկային վարակ (A54) - կլինիկական նկարագիրը. տղամարդկանց մոտ գոնոկոկային վարակը բնորոշվում է միզուկաբորբով. միզուկից թարախային արտադրությամբ, միզելիս այրոցի զգացումով: 40-ից ցածր տարիքի տղամարդկանց շրջանում կարող է դիտվել մակամորձու և ամորձու բորբոքում: Ուղիղ աղիքի վարակման դեպքում նկատվում են հարհետանցքային ցավեր, թարախային արտադրություն հետանցքից: Կանանց գոնոկոկային վարակը բնորոշվում է հեշտոցից թարախային արտադրությամբ, փոքր կոնքի շրջանի ցավերով: Վարակի տարածուն ընթացքի դեպքում, և' տղամարդկանց, և' կանանց մոտ, կարող են առաջանալ տենդ, մաշկի պետեխիալ կամ թարախաբշտիկային ցան, ոչ սիմետրիկ հոդացավ, սեպտիկ հոդաբորբ (հատկապես` ծնկան հոդերի), տենոսինուվիտ, հազվադեպ՝ մենինգիտ կամ էնդոկարդիտ: Նորածինների մոտ, գոնորեայով վարակվելու դեպքում, զարգանում է կոնյուկտիվիտ, հազվադեպ կարող է զարգանալ թարախային վուլվովագինիտ:

20. Լաբորատոր չափանիշները ներառում են մանրէաբանական և մանրադիտակային մեթոդներով հարուցչի՝ Neisseria gonorrhoeae-ի հայտնաբերում միզուկի, արգանդի վզիկի, ուղիղ աղու, ըմպանի կամ աչքի արտադրուկներում:

21. Համաճարակաբանական չափանիշները. համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ գոնորեայով հիվանդի հետ, հիվանդների օգտագործած իրերի (սպիտակեղեն, երեսի սրբիչ, գիշերանոց) հետ շփում, գոնոկոկային վարակ ունեցող մորից վարակի փոխանցում նորածնին ծննդաբերության ժամանակ:

22. Քլամիդիոզ (A55-A56) - կլինիկական նկարագիրը. քլամիդիոզն ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է: Տղամարդկանց մոտ քլամիդիոզն արտահայտվում է մակամորձու, շագանակագեղձի բորբոքումով, մեծամասամբ արտահայտվում է միզուկային արտադրությամբ, արյունային արտադրությամբ միզելիս կամ սերմնաժայթքման ժամանակ, դիզուրիայով: Կանանց մոտ քլամիդիոզն ընթանում է հեշտոցից լորձային կամ թարախային, դեղնավուն, տհաճ հոտով արտադրությամբ, արյունահոսությամբ, սեռական օրգանների և միզուկի շրջանում քորով և այրոցով: Միզարձակման ընթացքում նկատվում է ցավ:

23. Լաբորատոր չափանիշները ներառում են բջջային կուլտուրաների ցանքսի, պոլիմերաշղթայական ռեակցիայի կամ նուկլեինաթթուների ամպլիֆիկացման մեթոդներով հարուցչի՝ Chlamydia trachomatis-ի, կամ նրա մասնիկների հայտնաբերում: Կիրառվում են նաև ֆլյուորեսցենտ հակամարմինների ուղիղ փորձը, իմունաֆերմենտային անալիզի (ԻՖԱ) մեթոդը:

24. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ քլամիդիոզով հիվանդի հետ, մորից երեխային վարակի ուղղահայաց փոխանցում ծննդաբերության ժամանակ:

25. Տրիխոմոնիազ (A59) - կլինիկական նկարագիրը. Տրիխոմոնիազը կարող է ունենալ սուր, ենթասուր, քիչ ախտանիշներով, խրոնիկական և անախտանիշ ընթացք: Կանանց մոտ սկզբում վարակն ի հայտ է գալիս հեշտոցում, այնուհետև տարածվում դեպի միզուկ: Տրիխոմոնիազի բնորոշ ախտանշաններն են արտաքին սեռական օրգանների շրջանի այրոցը, հաճախակի միզելու ցանկությունը, քորը և թարախային, առատ, կանաչադեղնավուն, տհաճ հոտով հեշտոցային արտադրությունը: Հաճախ դիտվում է տրիխոմոնադային կոլպիտ կամ վուվլիտ: Տղամարդկանց տրիխոմոնիազի կլինիկական հիմնական և գրեթե միակ նշանը միզուկի շրջանի քորի և այրոցի զգացումն է:

26. Լաբորատոր չափանիշները ներառում են մանրադիտակային և ցանքսի մեթոդներով կամ ՊՇՌ մեթոդով հարուցչի՝ Trichomonas vaginalis-ի հայտնաբերում: Հետազոտության համար նմուշը վերցվում է կնոջ հեշտոցից, արգանդի վզիկից, անհրաժեշտության դեպքում հաստ աղիքից: Տղամարդկանց շրջանում տրիխոմոնիազի վերաբերյալ հետազոտության համար վերցվում է միզուկի արտադրուկը:

27. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն սեռական հարաբերություններ, սեռական հարաբերություն տրիխոմոնիազով հիվանդի հետ, հիվանդի անձնական իրերի՝ սրբիչի, սպիտակեղենի, գիշերանոցի օգտագործում:

28. Հետանցքասեռական հերպես վիրուսային վարակ (A60) - կլինիկական նկարագիրը. Սեռական հերպեսի դասական դրսևորումներն են բշտիկներն ու էրոզիաները, շրջանային ավշահանգույցների մեծացումը: Հիվանդության հարուցիչը Herpes Simplex-ն է:

29. Լաբորատոր չափանիշները ներառում են HSV-1 և 2 տիպայուրահատուկ հակամարմինների ռեակցիաների մեթոդով սեռական հերպեսի տիպայուրահատուկ հակամարմինների հայտնաբերում: Կիրառվում է նաև ՊՇՌ-ի մեթոդը:

30. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ սեռական հերպեսով հիվանդի հետ, հերպեսով հիվանդացումը նախկինում:

31. Հետանցքասեռական (վեներական) գորտնուկներ (կոնդիլոմաներ) (A63.0) - կլինիկական նկարագիրը. հիվանդությունը բնորոշվում է գորտնուկների առաջացմամբ, որոնք կարող են լինել միայնակ կամ միաձուլվելով առաջացնել վահանակներ: Տղամարդկանց մոտ ախտահարվում է առնանդամը, փոշտը, աճուկի, շեքի և հետանցքի շրջանը, միզուկի բացվածքը: Կանանց մոտ ախտահարվում են արտաքին սեռական օրգանները, հեշտոցամուտքը, միզուկի բացվածքը:

32. Ախտորոշումն իրականացվում է կլինիկական նկարագրի հիման վրա:

33. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ սեռական հերպեսով հիվանդի հետ:

34. Մարդու պապիլոմավիրուսով առաջացած վարակ (B97.7) - կլինիկական նկարագիրը. հիվանդության հարուցիչը մարդու պապիլոմավիրուսն է: Հիվանդությունը կարող է չունենալ կլինիկա, երկարատև ընթացքի դեպքում առաջանում են սեռական գորտնուկներ: Կանանց մոտ առաջանում է արգանդի վզիկի քաղցկեղ:

35. Լաբորատոր չափանիշները ներառում են մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերում PAP թեսթի կամ ՊՇՌ մեթոդների օգնությամբ:

36. Համաճարակաբանական չափանիշները ներառում են համաճարակաբանական վերհուշի առկայություն. անկանոն, վտանգավոր սեռական վարքագիծ, սեռական հարաբերություններ սեռական հերպեսով հիվանդի հետ, մարդու պապիլոմավիրուսով վարակումը նախկինում:

 

IV. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհատապես հաշվառման են ենթակա սեռավարակների արձանագրված բոլոր դեպքերը` անկախ վարակման վայրից և հիվանդի քաղաքացիությունից:

38. Բուժաշխատողների կողմից պահպանվում է բժշկական գաղտնիքը:

39. Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգման 10-րդ վերանայման մեջ սեռավարակներն ընդգրկված են A50-A64 խմբում, բացառությամբ մարդու պապիլոմավիրուսի, որն ընդգրկված է B97.7 խմբում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի:

40. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սեռավարակների դեպքերի անհատապես հաշվառումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելված 12-ի՝ «Վարակիչ, այդ թվում մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»:

41. Մատյանը վարվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում (բաժանմունքներում)` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի:

42. Սեռավարակների դեպքերի վերաբերյալ հաշվետվությունների կազմումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 16-Ն հրամանի հավելված 3-ի և հավելված 4-ի (վարչական վիճակագրական հաշվետվության ձև N 34 և ձև N 61ա):

 

V. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

43. Սեռական առողջության և սեռավարակների կանխարգելման լուսաբանումը սպասարկվող բնակչության շրջանում իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների մաշկավեներաբանական կաբինետների բժիշկների միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի հավելված N 1-ի 67-րդ կետի 6-րդ ենթակետի:

44. Որոշ սեռավարակների դեպքում կոնտակտավորների հայտնաբերումն ու պարտադիր բուժման կազմակերպումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների մաշկավեներաբանական կաբինետների բժիշկների միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի հավելված N 1-ի 67-րդ կետի 5-րդ ենթակետի:

45. Սեռավարակների կանխարգելման և վաղ ախտորոշման նպատակով հղիների շրջանում իրականացվում է սեռավարակների վերաբերյալ լաբորատոր հետազոտություն, ինչպես նաև տրամադրվում է սեռավարակների կանխարգելման վերաբերյալ խորհրդատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված չափորոշչի:

46. Սեռավարակների կանխարգելման նպատակով` հիվանդության վաղ հայտնաբերման, ժամանակին համապատասխան բուժումն սկսելու համար քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է սեռավարակներով տառապող հիվանդների նկատմամբ հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելված N 6-ով հաստատված ժամանակացույցի:

47. Դեռահասների շրջանում սեռավարակների վերաբերյալ խորհրդատվությունն իրականացվում է դեռահասներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 70-Ն հրամանով հաստատված չափորոշչի:

48. Սեռավարակներով հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով որոշակի կազմակերպություններում աշխատողները ենթարկվում են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման հավելված 2-ի:

49. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում բժշկական նշանակության գործիքների և իրերի ախտահանման, նախամանրէազերծման ու մանրէազերծման գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանով հաստատված N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի:

50. Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման իրականացումը և աշխատողների առողջության պահպանումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված N 2.2.5-003-05 սանիտարական կանոնների և նորմերի:

51. Վտանգավոր բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների:

 

VI. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար մաշկավեներաբանական դիսպանսերային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 1-ի N 453-Ա հրամանով հաստատված չափորոշչի:

53. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում սեռավարակների ախտորոշումն ու բուժումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 75-Ն հրամանի:

 

VII. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

54. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մաշկախտերով և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանով հաստատված չափորոշչի:

 

VIII. ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

 

55. Սեռավարակների հարցերով բնակչության ուսուցումն ու առողջ ապրելակերպի քարոզչությունը ներառում են սեռավարակների հիմնահարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ներառյալ կանխարգելման ուղիներն ու միջոցները, սեռավարակների վերաբերյալ հետազոտության և հիվանդության վաղ ախտորոշման նշանակությունը, սեռավարակով հիվանդ մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելման ուղիները, անվտանգ վարքագծի և առողջ ապրելակերպի կարևորությունը, սեռավարակներին առնչվող ծառայություններ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

56. Սեռավարակների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է միջանձնային հաղորդակցման, տպագիր տեղեկատվական նյութերի (ծալաթերթեր, պաստառներ, տեղեկատվական թերթիկներ), հանրային ցուցադրությունների (գովազդային վահանակներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ), սոցիալական գովազդների, համացանցի սոցիալական կայքերի միջոցով, ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների, տեղեկատվական-կրթական քարոզարշավների, հանրային միջոցառումների (կինոդիտում-քննարկումներ, բաց դասեր ուսումնական հաստատություններում) ժամանակ:

57. Սեռավարակների վերաբերյալ ուսուցումն իրականացվում է տարբերակված` ըստ նպատակային լսարանի կարիքների ու առանձնահատկությունների (ընդհանուր բնակչություն, առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբեր, դեռահասներ, բուժաշխատողներ, առանձին կազմակերպությունների աշխատողներ և այլն):

58. Սեռավարակների վերաբերյալ դեռահասների ուսուցումը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացվում են դպրոցներում՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում:

59. Սեռավարակների կանխարգելման, նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացման նպատակով իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները: