Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.08.2015-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.02/13(457) Հոդ.139
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
01.03.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

1 մարտի 2013 թ.

ք. Երևան

N 72-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց փոխկապակցված ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի

2013 թ. մարտի 1-ի N 72-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ) ՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան, երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով անձանց վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչելու կարգը:

2. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների կիրառման առումով՝ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող են համարվում՝

1) իրենցից, ըստ էության, անձանց խումբ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք), եթե այդ խմբում ընդգրկվող՝

ա. անձանցից մեկը կամ մի քանիսը իրացրել են անձանց խմբի մեկ այլ անդամի կողմից նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերած ապրանքների 60 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

բ. անձինք նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին արտադրել են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը, արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

գ. անձինք նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին ներմուծել են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի նույն ծածկագրին դասվող ապրանքների 40 և ավելի տոկոսը՝ արտահայտված քանակական կամ արժեքային մեծությամբ.

դ. անձինք նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում միասին մատուցել են Հայաստանի Հանրապետությունում մատուցվող՝ նույն ոլորտին դասվող ծառայությունների ընդհանուր արժեքային մեծության 40 և ավելի տոկոսը:

Սույն ենթակետում նշված արժեքային կամ քանակական ցուցանիշների որոշման հիմք կարող են հանդիսանալ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում արտացոլված տեղեկությունները, հրապարակված վիճակագրական տվյալները, փորձագիտական գնահատականները:

Երկու և ավելի թվով անձինք, ըստ էության, անձանց խումբ են, եթե՝

այդ անձանց գործարար հարաբերությունները (ներառյալ՝ գործունեության ոլորտի, մատակարարների կամ գնորդների ընտրության, գործունեության իրականացման նպատակով կնքվող պայմանագրային հարաբերությունները (ներառյալ՝ պայմանագրերի պայմանները) փայամասնակցության կամ կառավարման կամ ղեկավար մարմնի անդամ հանդիսանալու կամ փայամասնակցի հետ ազգակցական կապ ունենալու հիմքերով ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) ձևով սահմանվում են շահառու հանդիսացող ֆիզիկական անձի որոշումներով,

այդ անձանցից մեկի կամ մի քանիսի գործունեության առանձնահատկությունները, փայամասնակցության կամ կառավարման կամ ղեկավարման մարմնի անդամ հանդիսանալու կամ փայամասնակցի հետ ազգակցական կապ ունենալու հիմքերով, ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) ձևով, սահմանվում են շահառու հանդիսացող ֆիզիկական անձի որոշումներով և միաժամանակ այդ անձը կամ անձանցից յուրաքանչյուրը խմբի մյուս անդամների առնվազն մեկի համար հանդիսանում է շահառու կամ այնպիսի անձի համար շահառու, որն իր հերթին շահառու է հանդիսանում խմբի այլ անդամի համար:

Շահառու է հանդիսանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը այլ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունից ուղղակի կամ անուղղակի (միջնորդավորված) եղանակներով ստանում է եկամուտ,

2) այն անձինք, որոնք թեպետև իրենցից անձանց խումբ չեն ներկայացնում, սակայն այդ անձանցից մեկը կամ մի քանիսը իրացնում են մեկ այլ անձի կողմից նախորդող մեկ տարվա որևէ վեցամսյա ժամանակահատվածի ընթացքում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերած ապրանքների 60 և ավելի տոկոսը՝ կիրառելով գործարար շրջանակներում սովորաբար կիրառվող առևտրային վերադիրից 1.3 անգամ ավելի բարձր վերադիր: Այս դեպքում ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող է համարվում նաև այն անձը, ում արտադրած, ներմուծած կամ ձեռք բերված ապրանքներն իրացնում սույն ենթակետում նշված անձինք,

3) այն անձինք, որոնք թեպետև իրենցից անձանց խումբ չեն ներկայացնում, սակայն իրացվող ապրանքների կամ ծառայությունների գները բարձր կամ ցածր պահելու, հարկվող շրջանառությունները ցածր ցույց տալու միջոցով բարձր եկամուտներ ստանալու, շուկա այլ անձանց մուտքը խոչընդոտելու կամ ծախսերը նվազեցնելու նպատակով գործում են համաձայնեցված:

3. Ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները ուսումնասիրվում են վերադաս հարկային մարմնում: Ստացված տեղեկությունների և ուսումնասիրության արդյունքների հիման վրա անձանց ԱԱՀ վճարող ճանաչելու որոշում կայացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը, եթե ներկայացված տեղեկություններով և ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվում է, որ առկա են բավարար հիմքեր փոխկապակցված անձանց կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Որոշումը կայացվում է սույն կարգով սահմանված ձևին (Ձևը կցվում է) համապատասխան:

4. Երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա, օրենքով սահմանված դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

5. Ձեռք բերված կամ ստացված տեղեկությունների հետագա ընթացքը կասեցվում է և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով փոխկապակցված անձանց կողմից համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում չի ընդունվում, եթե ներկայացված տեղեկությունները բավարար չեն նման որոշում կայացնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի որոշմամբ փոխկապակցված համարված անձանց որոշման պատճենի հանձնումը կամ դրանց մասին հարկ վճարողներին պատշաճ կերպով իրազեկումը իրականացվում է համապատասխան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:

(6-րդ կետը փոփ. 31.10.14 N 760-Ն)

7. Ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից այն ստանալու պահից: Տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը հարկ վճարողներին հանձնվում է ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Փոխկապակցված անձինք դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ (համարվում են ավելացված արժեքի հարկ վճարողներ)`

1) որոշումը հարկ վճարողի կողմից ստանալու օրվանից, եթե այդ անձանց ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցում է 115.0 մլն դրամը,

2) ընդհանուր իրացման շրջանառությունը 115.0 մլն դրամը գերազանցելու պահից, եթե անձանց փոխկապակցված համարելու որոշումը ստանալու պահին փոխկապակցված անձանց ընդհանուր իրացման շրջանառությունը պակաս է 115.0 մլն դրամից:

(7-րդ կետը փոփ. 08.07.15 N 462-Ն)

(հավելվածը փոփ. 31.10.14 N 760-Ն, 08.07.15 N 462-Ն)

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____ ______________ 20  թ.

 

ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ) ՍՏԱՑՎԱԾ

ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N_____

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը` երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից ստացված) և (կամ) օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները.

 

որոշում եմ`

 

Ստորև նշված կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին համարել փոխկապակցված և ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործող՝

N

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը

       
       
       
       

Հիմք՝ ______________________________________________________________

___________________________________________________________________

Որոշումն ուժի մեջ է մտնում հարկ վճարողին դրա օրինակը հանձնելու պահից:

 

ՀՀ ֆինանսների նախարար

 

(ձևը փոփ. 31.10.14 N 760-Ն)