«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
20 մայիսի 2015 թ. |
N 115-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 212-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետների վկայականների տրման կարգը հաստատելու մասին» N 212-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը.
1) Հավելվածը լրացնել նոր՝ V բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«V. Վկայականների գործողությունների կասեցումը և դադարեցումը
24. Վկայականի գործողությունը կարող է կասեցվել Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում, կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով:
25. Սույն կարգի 24-րդ կետում նախատեսված վկայականի գործողության կասեցման դեպքում վկայական տրամադրող Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակվում է մասնագիտական քննություն, որը իրականացվում է տվյալ ստորաբաժանման համապատասխան մասնագիտացված պատրաստվածություն ունեցող աշխատակիցների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մասնագիտական քննության արդյունքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է վկայականի գործունեությունը դադարեցնելու կամ կասեցումը հանելու մասին վերջնական որոշում:
26. Վկայականի գործողությունը կարող է դադարեցվել Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից, եթե վկայական կրողը.
1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի,
2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն,
3) սույն կարգի 25-րդ կետում նշված մասնագիտական քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում:
27. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից վկայականի գործողության դադարեցման հիմքեր առաջանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է վերջնական որոշում վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
28. Վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից այդ մասին պատշաճ ծանուցմամբ 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է վկայական կրողի գործատու կազմակերպությունը և վկայական կրողը:
29. Վկայականի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|