Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1 Հոդ.208.8
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 597-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 403-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ի մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ին N 333-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին` սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2004 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 403-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2007 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Ա. Երիցյան

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի հունիսի 18-ի
N 597-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` Նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Նախարարությունում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել Նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 333-Ն որոշմանը և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Նախարարությունը`

1) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ որոնցում նախատեսված է նրանց մասնակցությունը (այսուհետ` Նախարարության միջոցառումներ):

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Նախարարությունը, ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր Նախարարության գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Նախարարության էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ` Նախարար), առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդումով հանդես է գալիս մամուլի ասուլիսում` Նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:

5. Նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը (այսուհետ` Վարչության պետ):

6. Նախարարությունում գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Նախարարություն՝ նշելով`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), բնակության վայրը (հասցեն).

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

7. Նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ դա մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

10. Նախարարությունը, սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստացվելուց հետո հնգօրյա ժամկետում, լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի «1», «2» կամ «3» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Նախարարության անցագրային կետ (կետեր):

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան՝ այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

13. Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է Նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Վարչության պետը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի Նախարարությունում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

2) նախապես տեղեկացված լինել Նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալ առկա տեղեկատու նյութերին.

3) մասնակցելու Նախարարության միջոցառումներին.

4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

5) Նախարարությունում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ, տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

16. Վարչության պետը, լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով` նրա միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ Նախարարության պաշտոնատար անձանց հետ:

17. Նախարարության միջոցառմանը մասնակցել կամ ներկա կարող է գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն Վարչության պետի հետ և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

18. Նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Նախարարություն համաձայնեցվում է Վարչության պետի հետ, և այդ դեպքում նա, ինչպես և միջոցառումների ժամանակ, Նախարարություն է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց Նախարարության տարածք մուտքի անցագրի:

19. Վարչության պետի` Նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու` Նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում Նախարարությունը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, արդարացի և բանական քվոտաներ ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներին առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին: