Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (15.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.06.02/13(492)
Ընդունման ամսաթիվ
02.09.2010
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
02.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Միջազգային հակակոռուպցիոն Ակադեմիայի` որպես Միջազգային կազմակերպության հիմնադրման վերաբերյալ

 

Կողմերը,

 

ՆՇԵԼՈՎ Միավորված Ազգերի Թմրամիջոցների և Հանցագործության Գրասենյակի (ՄԱԹՀԳ) կարևոր ավանդը կոռուպցիայի դեմ պայքարում` որպես Կոռուպցիայի դեմ Միավորված Ազգերի Կոնվենցիայի (ԿԴՄԱԿ) պահապան,

ՃԱՆԱՉԵԼՈՎ նախապատրաստական աշխատանքները, որ կատարվել են միջազգային մակարդակով, և մասնավորապես Ավստրիայի Հանրապետության` ՄԱԹՀԳ-ի հետ համատեղ, ինչպես նաև մյուս հիմնադիր կողմերի նկատելի ջանքերը Միջազգային Հակակոռուպցիոն Ակադեմիայի, ՄՀԱ-ի, ստեղծման գործում (այսուհետ` «Ակադեմիա») և նրանց ուժեղ աջակցությունը Ակադեմիային,

ՆՇԵԼՈՎ Միջազգային Քրեական Ոստիկանության Կազմակերպության (INTERPOL) շարունակական աջակցությունն ու երկարատև ջանքերը` մշակելու և զարգացնելու աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարելու և այն կանխելու նախաձեռնություններ,

ՆՇԵԼՈՎ Հանցագործության դեմ Եվրոպական Գրասենյակի (ՀԵՎԳ) և այլ մասնակիցների շոշափելի նպաստն այս ընդհանուր գործին,

ՇԵՇՏԵԼՈՎ այս նախաձեռնության գլոբալ և համապարփակ բնույթը և աշխարհագրական բազմազանության ձգտելու կարևորությունը,

ՃԱՆԱՉԵԼՈՎ համատեղ ջանքերով համագործակցության կարևորությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով` ԿԴՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային գործիքների աջակցելու նպատակով,

ԿԻՍԵԼՈՎ ընդհանուր նպատակներ` կապված տեխնիկական աջակցության տրամադրման ու կարողությունների` որպես կոռուպցիայի դեմ պայքարում առանցքային գործիքների ստեղծման հետ,

ՆՇԵԼՈՎ, որ հակակոռուպցիոն կրթությունը, մասնագիտական վարժանքն ու հետազոտությունը նմանատիպ աջակցության և կարողությունների ստեղծման կարևոր բաղադրիչներ են,

ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ընդլայնել նրանց ընդհանուր նպատակները` հիմնելով Ակադեմիան բազմակողմ Պայմանագրի հիման վրա, որը բաց է Միավորված Ազգերի Անդամ Պետությունների և միջկառավարական կազմակերպությունների (այսուհետ` «Միջազգային Կազմակերպություններ») համար, և հրավիրելով նրանց միավորելու ուժերը և դառնալու սույն Համաձայնագրի Կողմեր,

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ Ավստրիայի Հանրապետության մղմանը` հյուրընկալելու
Ակադեմիան Վիեննայի մոտակայքում գտնվող Լաքսենբուրգում,

ՀԱՄԱՁԱՅՆԵԼ են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հիմնադրում և Կարգավիճակ

 

1. Սույնով Ակադեմիան հիմնադրվում է որպես Միջազգային Կազմակերպություն:

2. Ակադեմիան կհանդիսանա լիակատար միջազգային իրավաբանական անձ:

3. Ակադեմիան պետք է iոter alia ունենա իրավասություն.

(ա) Պայմանագրեր կնքելու

(բ) Շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և տնօրինելու

(գ) դատական գործ սկսելու և դատարանում որպես պատասխանող կողմ հանդես գալու

(դ) Իր գործունեության կամ նպատակի համար անհրաժեշտ այլ գործողություններ կատարելու:

4. Ակադեմիան կգործի համաձայն սույն Համաձայնագրի:

 

Հոդված 2

 

Նպատակ և Գործողություններ

 

1. Ակադեմիայի նպատակը կլինի կոռուպցիան կանխելուն և հաղթահարելուն արդյունավետ կերպով նպաստելը`

(ա) ապահովելով հակակոռուպցիոն կրթություն և մասնագիտական վարժանք

(բ) նախաձեռնելով և նպաստելով կոռուպցիայի տարրերի ուսումնասիրությանը

(գ) ապահովելով կոռուպցիայի դեմ պայքարում տեխնիկական աջակցության այլ ձևեր

(դ) խրախուսելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը:

2. Ակադեմիայի գործողությունները պետք է հետևեն ակադեմիական ազատության սկզբունքին, համապատասխանեն բարձր ակադեմիական և մասնագիտական չափորոշիչներին և ներկայացնեն կոռուպցիայի հասկացությունը ըմբռնելի և տարբեր գիտությունների մոտեցումներով` հարկ եղածին չափ հաշվի առնելով մշակութային բազմազանությունը, սեռական հավասարությունը և կոռուպցիայի ոլորտում վերջին զարգացումները գլոբալ և տարածքային մակարդակներով:

 

Հոդված 3

 

Գտնվելու վայրը

 

1. Ակադեմիայի գտնվելու վայրը կլինի Լաքսենբուրգում` Ավստրիայում` Ակադեմիայի և Ավստրիայի Հանրապետության միջև համաձայնեցված ժամկետներում և պայմաններով:

2. Իր գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Ակադեմիան կարող է ստեղծել կառույցներ այլ վայրերում:

 

Հոդված 4

Մարմիններ

 

Ակադեմիան պետք է ունենա.

(ա) Կողմերի Ժողով, այսուհետ` «Ժողով»,

(բ) Կառավարիչների Խորհուրդ, այսուհետ` «Խորհուրդ»,

(գ) միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդ,

(դ) միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդ,

(ե) դեկան:

 

Հոդված 5

 

Կողմերի Ժողով

 

1. Ժողովը սույն Համաձայնագրի Կողմերի համար կծառայի որպես խորհրդաժողով` քննարկելու Ակադեմիայի ընդհանուր քաղաքականությունը և սույն Համաձայնագրի ներքո հետաքրքրական այլ հարցեր:

2. Ժողովը կազմված կլինի Կողմերի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր Կողմ կնշանակի ներկայացուցիչ` որպես Ժողովի անդամ հանդես գալու համար: Ժողովի յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե:

3. Մասնավորապես` Ժողովը պետք է.

(ա) Ընդունի Ակադեմիայի քաղաքականության և կառավարման վերաբերյալ առաջարկներ` ներկայացնելու Խորհրդի դիտարկմանը,

(բ) Խորհրդի առաջարկին համաձայն ընդունի աշխատանքային ծրագիրն ու Ակադեմիայի Բյուջեն,

(գ) Հոդված 11-ի համաձայն ձեռնարկի Ակադեմիայի համար միջոցների հայթայթմանն ուղղված գործողություններ,

(դ) Հոդված 6-ի համաձայն ընտրի Խորհրդի անդամներին,

(ե) Երկու-երրորդ մեծամասնությամբ որոշի Խորհրդի անդամների հեռացման հարցը,

(զ) Խորհրդի զեկույցների հիման վրա, iոter alia, դիտարկի Ակադեմիայի գործողությունների առաջընթացը,

(է) Հաստատի միջազգային համաձայնագրեր,

(թ) Հաստատի այլ վայրերում կառույցներ ստեղծելը:

4. Ժողովը կգումարվի առնվազն տարին մեկ անգամ և կընդունի որոշումները պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով: Ժողովը կընդունի իր ընթացակարգը և կընտրի իր պաշտոնյաներին, այդ թվում՝ Նախագահին և երկու Փոխնախագահներին: Խորհրդի անդամները և Դեկանը կարող են մասնակցել Ժողովի հանդիպումներին` առանց ձայնի իրավունքի:

 

Հոդված 6

 

Կառավարիչների Խորհուրդ

 

1. Ակադեմիան կկառավարվի Խորհրդի կողմից` բաղկացած ընդամենը տասնմեկ անդամից: Ինն անդամները կընտրվեն Ժողովի կողմից` պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց որակավորումն ու փորձը, ինչպես նաև հավասար աշխարհագրական տեղաբաշխման սկզբունքը: Ի հավելումն, ՄԱԹՀԳ-ը և Ավստրիայի Հանրապետությունն իրավասու են նշանակել յուրաքանչյուրը մեկ անդամ: Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա են վերընտրվելու/վերանշանակվելու ոչ ավելի, քան մեկ լրացուցիչ ժամկետով: Առաջին ընտրության ժամանակ հինգ անդամ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:

2. Մասնավորապես` Խորհուրդը պետք է.

(ա) Որոշի Ակադեմիայի գործունեության ռազմավարությունը, քաղաքականությունն ու հիմնարար սկզբունքները,

(բ) Ակադեմիայի գործունեությունը կարգավորող կանոններ ընդունի, ներառյալ` ֆինանսական կանոնակարգեր և անձնակազմի վերաբերյալ կանոններ,

(գ) Նշանակի Դեկանին` չորս տարի ժամկետով երկարացման հնարավորությամբ, գնահատի նրա գործունեությունը և դադարեցնի, եթե անհրաժեշտ է, Դեկանի պաշտոնավարումը,

(դ) Ստեղծի, երբ անհրաժեշտ է, խորհրդակցական խորհուրդներ և ընտրի դրանց անդամներին,

(ե) Ընտրի Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի և Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի անդամներին` հարկ եղածին պես հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումն ու փորձը, հավասար աշխարհագրական տեղաբաշխման սկզբունքը, ինչպես նաև սեռական հավասարությունը,

(զ) Ներկայացնի Ակադեմիայի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` Ժողովի ընդունմանը,

(է) Նշանակի անկախ արտաքին աուդիտորին,

(ը) Հաստատի Ակադեմիայի հաշիվների տարեկան աուդիտի ենթարկված եզրակացությունը,

(թ) Ժողովին զեկուցի Ակադեմիայի գործունեության առաջընթացի մասին,

(ժ) Ուսումնասիրի Ակադեմիայի քաղաքականության և կառավարման վերաբերյալ Ժողովի առաջարկները,

(ի) Ընդունի ռազմավարություններ և հիմնարար սկզբունքներ` երաշխավորելու համար Ակադեմիայի ֆինանսական միջոցները և աջակցելու Դեկանին այդ ուղղությամբ գործադրած ջանքերի հարցում,

(լ) Սահմանի Ակադեմիայի ակադեմիական միջոցառումներին մասնակիցների ընդունման պայմանները,

(խ) Հոդված 8-ի համաձայն ընդունի համագործակցային հարաբերությունների հաստատումը,

(ծ) Ներկայացնի միջազգային պայմանագրերը Ժողովի հաստատմանը,

(կ) Դեկանի հաշվետվությունների հիման վրա գնահատի Ակադեմիայի գործունեությունը և առաջարկներ անի տվյալ գործողությունների վերաբերյալ:

3. Խորհուրդը կհանդիպի առնվազն տարին մեկ անգամ Ակադեմիայի գտնվելու վայրում և որոշումները կընդունի պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները, կընտրի իր պաշտոնյաներին, ներառյալ` նախագահին և փոխնախագահին և կարող է ստեղծել կոմիտեներ` Ակադեմիայի արդյունավետ գործելու անհրաժեշտությունից ելնելով:

 

Հոդված 7

 

Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդ

 

1. Խորհուրդը խորհրդատվություն կստանա Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի կողմից (ՄԱԽԽ), որը բաղկացած կլինի մինչև տասնհինգ անդամներից, ովքեր պետք է լինեն վառ անհատականություններ` Ակադեմիայի գործունեության համար առանցքային համարվող զանազան ոլորտներից գերազանց երաշխավորագրերով:

2. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի գործառույթը կլինի Ակադեմիայի գործունեության արտացոլումը և Ակադեմիայի նպատակների հետ կապված բարձրագույն չափորոշիչներին հասնելու ու դրանք պահպանելու ձևերի վերաբերյալ ուսումնասիրություններ ու խորհուրդներ տրամադրելը:

3. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա կլինեն վերընտրվելու: Առաջին ընտրության ժամանակ յոթ անդամներ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:

4. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդը կգումարվի առնվազն տարին մեկ անգամ և կընդունի որոշումները պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները և կընտրի իր պաշտոնյաներին, ներառյալ` Նախագահին և Փոխնախագահին:

5. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրը կարող է Խորհրդին առաջարկել անձանց, ովքեր համապատասխանում են պարբերություն 1-ի չափանիշներին` Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդում ընտրվելու համար:

 

Հոդված 8

 

Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդ

 

1. Խորհուրդը կրթության, վարժանքի և հետազոտության հարցերի շուրջ խորհրդատվություն կստանա Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի (ՄԱԽԽ) կողմից` բաղկացած մինչև տասնհինգ անդամից, ովքեր պետք է լինեն վառ ակադեմիական անհատականություններ կամ բարձրագույն որակավորմամբ փորձագետներ` հակակոռուպցիոն գործունեության, ուսուցման և հետազոտության և/կամ քրեական արդարադատության և հակակոռուպցիոն օրինապահ գործունեության, ինչպես նաև Ակադեմիայի գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող այլ բնագավառներում:

2. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա են վերընտրվելու: Առաջին ընտրության ժամանակ յոթ անդամ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:

3. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կհանդիպի առնվազն տարին մեկ անգամ և որոշումները կընդունի պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները և կընտրի պաշտոնյաներին, ներառյալ` Նախագահին և Փոխնախագահին:

4. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կարող է Խորհրդին առաջարկել անձանց, ովքեր համապատասխանում են պարբերություն 1-ի չափանիշներին, Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդում ընտրվելու համար:

 

Հոդված 9

 

Դեկան

 

1. Դեկանը պատասխանատու է Ակադեմիայի ամենօրյա կառավարման և գործող ծրագրի իրականացման համար: Դեկանը պետք է զեկուցի Խորհրդին և նրան հաշվետու լինի:

2. Մասնավորապես` Դեկանը պետք է.

(ա) Ներկայացնի Ակադեմիան նրա պատերից դուրս,

(բ) Ապահովի Ակադեմիայի պատշաճ վարչարարությունը, այդ թվում` կադրերի բաժինն ու ֆինանսների կառավարումը,

(գ) Նախապատրաստի Ակադեմիայի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն` Խորհրդի դիտարկմանը և Ժողովի ընդունմանը ներկայացնելու համար: Աշխատանքային ծրագիրը պետք է ներառի հետազոտությունների նախապատվությունները, ուսումնական միջոցառումները, ուսումնական ծրագիրն ու գործիքների մշակումը,

(դ) Իրականացնի աշխատանքային ծրագիրն ու բյուջեն,

(ե) Խորհրդին ներկայացնի տարեկան և ad հօc զեկույցներ Ակադեմիայի գործունեության վերաբերյալ, այդ թվում` Ակադեմիայի հաշիվների տարեկան աուդիտի ենթարկված եզրակացությունը,

(զ) Հոդված 13-ի համաձայն` Խորհրդի հաստատմանը ներկայացնի համագործակցության հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկներ,

(է) Համակարգի Ակադեմիայի աշխատանքը սույն Համաձայնագրի Կողմերի և այլ միջազգային ու ազգային կազմակերպությունների, գործակալությունների և ցանցերի աշխատանքի հետ` համապատասխանաբար հաշվի առնելով Ժողովի համապատասխան առաջարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի և Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի խորհուրդները,

(ը) Ակադեմիայի անունից պայմանագրեր և համաձայնագրեր կնքի և բանակցի միջազգային համաձայնագրերի շուրջ` Խորհրդի դիտարկմանն ու Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար,

(թ) Ակադեմիայի համար ակտիվորեն փնտրի համապատասխան ֆինանսավորում և ընդունի Ակադեմիային կատարված կամավոր նվիրատվությունները` Խորհրդի մարտավարությանը և ուղեցույցներին, ինչպես նաև ֆինանսական կանոնակարգերին համապատասխան,

(ժ) Կատարել Խորհրդի կողմից որոշված այլ առաջադրանքներ կամ գործողություններ:

 

Հոդված 10

 

Ակադեմիական և Վարչական Աշխատակազմ

 

1. Ակադեմիան պետք է ձգտի ընդունել և պահպանել ակադեմիական և վարչական հնարավոր ամենաբարձր որակավորմամբ աշխատակազմ:

2. Արդյունավետությունն ու ծախսերի արդարացվածությունն առավելագույնին հասցնելու նկատառումներով Ակադեմիան պետք է մշակի ծրագիր և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի ոչ լրիվ դրույքով կամ հրավիրված ակադեմիական աշխատակազմի համար և պետք է խրախուսի Պետություններին, Միջազգային Կազմակերպություններին, համալսարաններին և այլ համապատասխան հաստատություններին` աջակցել Ակադեմիայի աշխատակազմի համալրման հարցում, ներառյալ` աշխատակիցների գործուղումներով:

 

Հոդված 11

 

Ակադեմիայի Ֆինանսավորումը

 

1. Չանտեսելով Ակադեմիան կենսունակ դարձնելու հեռահար նպատակը` Ակադեմիայի ռեսուրսները ներառում են.

(ա) Սույն Համաձայնագրի Կողմերի կամավոր նվիրատվությունները,

(բ) Մասնավոր հատվածի և այլ դոնորների կամավոր նվիրատվությունները,

(գ) Ուսման վարձերը, վարժանքի դասընթացների և տեխնիկական օգնության վարձավճարները, հրատարակումից և այլ ծառայություններից գոյացող եկամուտը,

(դ) Նման նվիրատվություններից, վարձավճարներից, եկամտից և այլ մուտքերից, ներառյալ` թրասթերից և նվիրատվություններից գոյացող եկամուտը:

2. Ակադեմիայի ֆինանսական տարին կլինի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

3. Ակադեմիայի հաշիվները, Հոդված 6-ի պարբերություն 2-ի բ ենթապարբերությանը համապատասխան Խորհրդի կողմից ընդունված ֆինանսկան կանոնակարգերի համաձայն, ենթակա են տարեկան անկախ արտաքին աուդիտի, որը պետք է համապատասխանի թափանցիկության, հաշվետու և լեգիտիմ լինելու բարձրագույն չափորոշիչներին:

4. Խրախուսվում է սույն Համաձայնագրի Կողմերի ներգրավվածությունը Ակադեմիայի համար միջոցների հայթայթման միջոցառումների մեջ, այդ թվում` կազմակերպելով դոնորների համատեղ խորհրդաժողովներ:

 

Հոդված 12

 

Խորհրդատվություն և Տեղեկատվության Փոխանակում

 

1. Սույն Համաձայնագրի Կողմերը պետք է միմյանց տեղյակ պահեն և խորհրդակցեն սույն Համաձայնագրի ներքո իրենց համագործակցության առնչությամբ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` Ժողովի գումարումների ընթացքում կամ այլ պատեհ առիթներով:

2. Խորհրդատվությունն ու սույն Հոդվածի ներքո տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը պետք է կատարվի տեղեկատվության հրապարակման վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի գործող կանոններին համապատասխան, որոնք Կողմերը կարող են ընդունել գաղտնիությունը, փոխանակվող տեղեկատվության սահմանափակ բնույթն ու ապահովությունը երաշխավորելու նպատակով: Ցանկացած նման միջոցառում կշարունակի կիրառվել անգամ սույն Համաձայնագրի դադարեցումից հետո և որոշակի կողմի առնչությամբ եթե անգամ տվյալ կողմը դուրս եկած լինի սույն Համաձայնագրից:

 

Հոդված 13

 

Համագործակցության Հարաբերություններ

 

Ակադեմիան կհաստատի համագործակցության հարաբերություններ Պետությունների, այլ Միջազգային Կազմակերպությունների, ինչպես նաև հանրային կամ մասնավոր անձերի հետ, որոնք կարող են նպաստել Ակադեմիայի աշխատանքին:

 

Հոդված 14

 

Արտոնություններ և Առավելություններ

 

1. Ակադեմիան, Ժողովի անդամները, Խորհրդի անդամները, Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի և Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի անդամները, Դեկանը, աշխատակազմն ու փորձագետները կօգտվեն այն արտոնություններից և առավելություններից, որ կհամաձայնեցվեն Ակադեմիայի և Ավստրիայի Հանրապետության միջև:

2. Ակադեմիան կարող է այլ պետությունների հետ կնքել համաձայնագրեր` երաշխավորելու պատեհ արտոնություններ և առավելություններ:

 

Հոդված 15

 

Պարտավորություն

 

Սույն Համաձայնագրի Կողմերը, անհատապես կամ որպես խումբ, պատասխանատու չեն Ակադեմիայի որևէ պարտքի, պարտավորության կամ այլ պարտականությունների համար. այս առնչությամբ հայտարարությունը կներառվի Հոդված 14-ի ներքո Ակադեմիայի կողմից կնքած յուրաքանչյուր համաձայնագրի մեջ:

 

Հոդված 16

 

Փոփոխություններ

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխության ենթարկվել միայն սույն Համաձայնագրի բոլոր կողմերի համաձայնությամբ: Նման համաձայնության վերաբերյալ ծանուցումը պետք է գրավոր կերպով հանձնվի Ավանդապահին: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի Ավանդապահի կողմից սույն Համաձայնագրի բոլոր Կողմերի նման ծանուցումները ստանալու պահից կամ որևէ այլ ամսաթվի` համաձայնեցված Կողմերի կողմից:

 

Հոդված 17

 

Անցումային Դրույթներ

 

1. Կողմերն ըմբռնում են 2010 թ-ի հունվարի 29-ին Ավստրիայի Լաքսենբուրգում Միջազգային Հակակոռուպցիոն Ակադեմիայի հիմնադրման առնչությամբ Հուշագրում ներառված` Ակադեմիայի հիմնադրման և գործունեության նպատակով ընդունված անցումային դրույթները և համաձայնում դրանց հետևել, քանի դեռ Ակադեմիայի որոշումներ կայացնող մարմինները լիովին գործուն չեն դարձել:

2. Ակադեմիայի հիմնադրման և սկզբնական գործունեության կամ Կողմերի ստանձնած պարտավորությունների առնչությամբ ցանկացած որոշում (ՄԱԹՀԳ, «Ակադեմիայի ընկերներ» Ասոցիացիան կամ Ավստրիայի Հանրապետությունը) կարող է ընդունվել միայն Խորհրդի կողմից` միաձայն:

 

Հոդված 18

 

Ուժի մեջ Մտնելը և Ավանդապահը

 

1. Սույն Համաձայնագիրը բաց կլինի ստորագրման համար Միավորված Ազգերի Անդամ Պետությունների (այսուհետ` «Պետություններ»), և միջկառավարական կազմակերպությունների (այսուհետ` «Միջազգային Կազմակերպություններ») մինչև 2010 թ-ի դեկտեմբերի 31-ը: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման:

2. Պետություններն ու Միջազգային Կազմակերպությունները, որոնք չեն ստորագրել սույն Համաձայնագիրը, կարող են ավելի ուշ միանալ դրան:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման գործիքների` երեք Պետությունների կամ Միջազգային Կազմակերպությունների կողմից Ավանդապահին հանձնելուց վաթսուն օր հետո:

4. Սույն Համաձայնագիրը` դրա ուժի մեջ մտնելուց հետո վավերացնող, ընդունող, հաստատող կամ դրան միացող յուրաքանչյուր Պետության կամ Միջազգային Կազմակերպության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման գործիքը ավանդապահին հանձնելուց վաթսուն օր հետո:

5. Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և Միջազգային Գործերով Դաշնային Նախարարը կհանդիսանա սույն Համաձայնագրի Ավանդապահը:

 

Հոդված 19

 

Վեճերի Լուծումը

 

Ակադեմիայի և սույն Համաձայնագրի ցանկացած Կողմի կամ սույն Համաձայնագրի ցանկացած Կողմերի միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ իրականացման, կամ Ակադեմիայի կամ Կողմերի հարաբերությունների վրա բացասաբար ազդող ցանկացած հավելյալ համաձայնագրի առնչությամբ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով կամ այլ համաձայնեցված լուծման եղանակով` վերջնական լուծման կներկայացվի երեք դատավորներով արբիտրաժային դատարան, որոնցից երկուսը կընտրվեն բանավիճող կողմերից յուրաքանչյուրի կողմից, իսկ երրորդը կընտրվի առաջին երկուսի կողմից և կնախագահի այդ դատարանում: Եթե վեճի որևէ կողմ մյուս կողմի կողմից իր արբիտրաժային դատավորի նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում չընտրի իր դատավորին, կամ եթե առաջին երկու դատավորները իրենց նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում չկարողանան համաձայնության գալ երրորդի նշանակման վերաբերյալ, տվյալ երկրորդ կամ երրորդ դատավորը կընտրվի Արդարադատության Միջազգային Դատարանի Նախագահի կողմից` վեճի կողմ հանդիսացող որևէ կողմի խնդրանքով:

 

Հոդված 20

 

Դուրս Գալը

 

1. Սույն Համաձայնագրի ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` Ավանդապահին գրավոր կերպով ծանուցելով: Նման դուրս գալն ուժի մեջ կմտնի Ավանդապահի կողմից նման ծանուցում ստանալուց երեք ամիս հետո:

2. Սույն Համաձայնագրի որևէ Կողմի սույն Համաձայնագրից դուրս գալը չի սահմանափակի, նվազեցնի կամ այլ կերպ անդրադառնա նրա ներդրման վրա, եթե նման ներդրում կատարվել է նախքան դուրս գալու` ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Հոդված 13

 

 

Դադարեցումը

 

1. Սույն Համաձայնագրի Կողմերը, գործելով միաձայն, կարող են ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագիրը և լուծարել Ակադեմիան` Ավանդապահին գրավոր կերպով ծանուցելու միջոցով: Իր իրավական պարտավորությունները կատարելուց հետո Ակադեմիայի մնացորդը կբաշխվի համաձայն Ժողովի միաձայն որոշման:

2. Սույն Համաձայնագրի դրույթները անհրաժեշտ չափով կշարունակեն գործել դրա դադարեցումից հետո` ապահովելու ակտիվների կանոնավոր բաշխումն ու հաշիվների կարգավորումը:

 

Կատարված է Վիեննայում, 2010 թ-ի սեպտեմբերի 2-ին արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 15-ին