Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (26.02.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
15.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Արտադրական, առևտրական, վարկաֆինանսական, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանը աջակցելու մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի դրույթներով,

հաստատելով փոխշահավետության և իրավահավասարության հիման վրա ի շահ իրենց ժողովուրդների տնտեսական կապերի համակողմանի զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների արդյունավետության բարձրացման ձգտումը,

կարևոր նշանակություն տալով արտադրական, գիտատեխնիկական, ներդրումային, առևտրային և ֆինանսավարկային գործունեության բնագավառում փոխգործակցության ժամանակակից ձևերի օգտագործմանը` ուղղված անմիջապես սեփականության տարբեր ձևերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև բարձր ինտեգրացված տեխնոլոգիական և կոոպերացիոն փոխկապակցվածությունների վերականգնման ու ընդլայնման և, այդ հիմքի վրա, փոխադարձ ապրանքաշրջանառության ինտենսիվացման վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը կպահպանեն համատեղ արտադրական, գիտատեխնիկական, ներդրումային, առևտրային և այլ, ազգային օրենսդրությամբ չարգելված, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ձևերի արդյունավետ զարգացումը, որոնք, ազգային օրենսդրությանը համապատասխան, Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գրանցված են որպես արտաքին տնտեսական կապերի մասնակիցներ:

Կողմերը, համադրելով իրենց գործողությունները, կնպաստեն արտադրական, առևտրային, ֆինանսավարկային, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների (այսուհետ` անդրազգային միավորումներ) ստեղծմանն ու զարգացմանը, որոնց գործունեությունը համապատասխանում է սույն Համաձայնագրով սահմանված նպատակներին և չի հակասում ազգային հակամենատիրական օրենսդրությանը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Անդրազգային միավորումները կարող են ստեղծվել գործունեության ազգային օրենսդրությամբ չարգելված ցանկացած բնագավառում, տարբեր ձևերով, ներառյալ ֆինանսավարկային համատեղ խմբերը, միջազգային տնտեսվարող միավորումները, կորպորացիաները, հոլդինգային ընկերությունները, ասոցիացիաները, միությունները, համատեղ ձեռնարկությունները, առևտրային տների, գործակալությունների ու միջազգային բորսաների բնույթի առևտրամիջնորդային կազմակերպությունները, առևտրային համատեղ բանկերը և դրանց միավորումները, ֆինանսական ու ապահովագրական ընկերությունները:

Ստեղծվող անդրազգային միավորումները կարող են միաժամանակ իրականացնել նշված գործունեության մի քանի ձևեր:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Անդրազգային միավորումները կարող են ստեղծվել ինչպես միջկառավարական համաձայնագրերի, այնպես էլ անմիջապես սեփականության տարբեր ձևերի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա, ազգային օրենսդրությանը համապատասխան:

Անդրազգային միավորումների հիմնադիրներ կարող են դառնալ պետական (դաշնային, հանրապետական, տեղական, կոմունալ) մարմինները, այն դեպքերում, երբ դա արգելված չէ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններով:

Կողմերը կարող են տրամադրել անդրազգային միավորումներին քվոտաներ, լիցենզիաներ, այդ թվում պետական կարիքների համար ապրանքների մատակարարման, կոոպերացիայի միջկառավարական պարտավորությունների իրականացման և երրորդ երկրների շուկաներ ապրանքների արտահանման համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը կնպաստեն բարենպաստ պայմանների ձևավորմանը.

սերտ տեխնոլոգիական կապերի, արտադրության մասնագիտացվածության և կոոպերացիայի, միջպետական ծրագրերի, արտադրական ու տնտեսական նախագծերի իրականացման վրա իրենց գործունեությունը հիմնող սեփականության տարբեր ձևերի ձեռնարկությունների համագործակցության անդրազգային միավորումների շրջանակներում համագործակցության զարգացման համար,

տնտեսվարող սուբյեկտների ուղղակի առևտրատնտեսական կապերի համակողմանի զարգացմանն ուղղված առևտրային համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար,

անդրազգային միավորումների մեջ մտնող ձեռնարկությունների ֆինանսավարկային արդյունավետ սպասարկման ապահովման համար` նրանց արտադրական գործունեության ու արտաքին առևտրային գործողությունների իրականացման համար,

անդրազգային միավորումների կողմից բաժնետոմսերի և այլ արժեթղթերի բացթողման ու տեղավորման համար,

համատեղ ներդրումային նախագծերում մասնակցության համար,

համատեղ ապահովագրական ընկերությունների հիմնադրման համար:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Անդրազգային միավորումները, իրենց գրանցման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան, հանդիսանում են իրավաբանական անձ:

Անդրազգային միավորումների մասնաճյուղերի (բաժանմունքների) և ներկայացուցչությունների կարգավիճակը որոշվում է հիմնադիր փաստաթղթերում` մասնաճյուղերի (բաժանմունքների) և ներկայացուցչությունների գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Անդրազգային միավորումների հիմնադրամի հիմնադիրների կողմից ներդրվող ֆինանսական, նյութական ռեսուրսների ու գույքի գնահատման կարգը սահմանվում է նրանց միջև համաձայնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Անդրազգային միավորումների հիմնադրամը ձևավորվում է հիմնադիրների կողմից համաձայնեցված պայմաններով` նրանց ֆինանսական, նյութական ռեսուրսների և գույքի միավորման միջոցով:

Անդրազգային միավորումների եկամտի բաշխման և վնասների փոխհատուցման կարգը սահմանվում է նրանց հիմնադիր փաստաթղթերով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Անդրազգային միավորումների կազմի մեջ մտնող ձեռնարկությունների փոխհարաբերություններն իրենց գտնվելու վայրի պետության համապատասխան բյուջեի հետ որոշվում են այդ պետության օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Անդրազգային միավորումների ներդրումային գործունեությունը, ներառյալ երրորդ երկրներից կապիտալի ներգրավմամբ գործունեությունը, իրականացվում է այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվում են համապատասխան ներդրումներ և Կողմերի միջև ներդրումային գործունեության բնագավառում համագործակցության ու ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին կնքվող պայմանագրերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը բաց է այդտեղ շարադրված նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած պետության կողմից նրան միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել Համաձայնագրի մասնակիցների կազմից իր դուրս գալու մասին` առնվազն տասներկու ամիս առաջ ավանդապահին ծանուցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահ պետությանը ի պահ հանձնելու պահից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետությունների Կառավարություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: