Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հեղինակային և հարակից իրավունքների բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,
ելնելով մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի սկզբունքներից և նորմերից, Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի Համաձայնագրից, 1991 թվականի դեկտեմբերի 21-ի՝ Ալմաթիի Հռչակագրից, նախկին ԽՍՀՄ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պայմանագրերի առնչությամբ իրավահաջորդության հարցի մասին 1992 թվականի հուլիսի 6-ի՝ Փոխըմբռնման հուշագրից,
հաշվի առնելով հեղինակային իրավունքի ժամանակակից դերը ազգային մշակութային ներուժի ձևավորման գործում, միջազգային մշակութային փոխանակման, ինչպես նաև իրավահավասար միջպետական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ,
ձգտելով գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները օգտագործելու միջոցով մշակութային արժեքների փոխադարձ փոխանակման բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը,
անհրաժեշտություն համարելով սահմանելու հեղինակային և հարակից իրավունքների փոխադարձ պահպանության պայմանները և կարգը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Մասնակից պետություններն իրենց տարածքներում ապահովում են հեղինակային իրավունքի մասին համաշխարհային Կոնվենցիայում (1952 թվականի խմբագրությամբ) նախկին ԽՍՀՄ մասնակցությունից բխող միջազգային պարտավորությունների կատարումը, ելնելով նրանից, որ նախկին ԽՍՀՄ համար նշված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամկետն է հանդիսանում այն ժամկետը, որով յուրաքանչյուր մասնակից պետություն համարում է իրեն պարտավորված դրա դրույթներով:
Յուրաքանչյուր մասնակից պետություն դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կուղարկի կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) Գլխավոր տնօրենին:
Հ ո դ վ ա ծ 2
Մասնակից պետությունները իրենց միջև հարաբերություններում կիրառում են հեղինակային իրավունքի մասին համաշխարհային Կոնվենցիան (1952 թվականի խմբագրությամբ) ինչպես 1973 թվականի մայիսի 27-ից հետո ստեղծված ստեղծագործությունների նկատմամբ, այնպես էլ Մասնակից պետությունների օրենսդրություններով մինչև այդ ժամկետը պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ, նույն պայմաններով, որոնք ազգային օրենսդրությամբ սահմանված են սեփական հեղինակների նկատմամբ:
Հեղինակային իրավունքի պահպանության ժամկետները սահմանվում են այն մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան, որը տրամադրում է պահպանությունը, սակայն նա պարտավոր չէ ապահովել պահպանությունը մյուս համապատասխան մասնակից պետությունում սահմանված պահպանության ժամկետից ավելի երկար ժամանակով:
Հ ո դ վ ա ծ 3
Մասնակից պետությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին Բեռնի Կոնվենցիայի, ձայնագրություններ արտադրողների իրենց ձայնագրությունների չթույլատրված վերարտադրությունից պահպանության մասին Ժնևի Կոնվենցիայի, կատարող արտիստների, ձայնագրություններ արտադրողների, հեռուստառադիոհաղորդման կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին Հռոմի Կոնվենցիայի պահանջների մակարդակին հավասար հեղինակային և հարակից իրավունքների պահպանությունն ապահովող օրենքի նախագծերի մշակման և ընդունման համար:
Հ ո դ վ ա ծ 4
Մասնակից պետությունները համատեղ կաշխատեն հեղինակային և հարակից իրավունքնրի օբյեկտների անօրինական օգտագործման դեմ պայքարում և իրենց իրավասու կազմակերպությունների միջոցով կօժանդակեն կոնկրետ ծրագրերի և միջոցառումների մշակմանը:
Հ ո դ վ ա ծ 5
Մասնակից պետությունները կնպաստեն հավաքական հիմունքներով հեղինակային իրավունքների կառավարման ոլորտում ազգային հեղինակային-իրավական կազմակերպությունների ստեղծմանը և գործունեությանը, այդ կազմակերպությունների միջև համագործակցության մասին համաձայնագրերի կնքմանը:
Հ ո դ վ ա ծ 6
Մասնակից պետությունները համապատասխան համաձայնագրերում կնախատեսեն հեղինակային և այլ պարգևատրման կրկնակի հարկումից խուսափելու, փոխադարձ հաշվարկների կարգի որոշման վերաբերյալ հարցերի լուծումը և միջոցներ կձեռնարկեն դրանց ժամանակին իրագործման համար:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագիրը բաց է այլ, նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող, պետությունների կողմից միանալու համար:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Մյուս մասնակից պետությունների համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում` նրանց կողմից այդ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:
Մասնակից պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը` նման մտադրության մասին ավանդապահին գրավոր հայտարարություն ուղարկելու օրվանից 12 ամիս հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 12-ից: