Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից Ժնևում և հավաքված 1970 թվականի հունիսի 3-ին` իր հիսունչորսերորդ նստաշրջանին,
հաշվի առնելով «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» 1928 թվականի Կոնվենցիայի և «Հավասար վարձատրության մասին» 1951 թվականի Կոնվենցիայի, որոնք վավերացվել են Կազմակերպության անդամների մեծ մասի կողմից, ինչպես նաև «Գյուղատնտեսության մեջ նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» 1951 թվականի Կոնվենցիայի դրույթները,
հաշվի առնելով, որ այդ Կոնվենցիաները արժեքավոր դեր ունեցան վարձու աշխատող անձանց ընչազուրկ խմբերի պաշտպանության համար,
հաշվի առնելով, որ ժամանակն է ընդունել այդ Կոնվենցիաները լրացնող և անհիմն ցածր աշխատավարձով աշխատող վարձու աշխատողների պաշտպանություն նախատեսող նոր փաստաթուղթ, որը, չնայած համընդունելի է, հատուկ ուշադրություն կդարձնի զարգացող երկրների պահանջներին,
որոշում կայացնելով նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մի շարք առաջարկություններ ընդունելու վերաբերյալ` հատկապես հաշվի առնելով դրա հետ կապված զարգացող երկրների հիմնախնդիրները, որը նստաշրջանի օրակարգի հինգերորդ կետն է,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր յոթանասուն թվականի հունիսի քսաներկուսին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» 1970 թ. Կոնվենցիա:
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է սահմանել վարձու այն աշխատողների բոլոր խմբերն ընդգրկող` նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ, որոնց աշխատանքի պայմանները նպատակահարմար են դարձնում այդպիսի համակարգի կիրառումը:
2. Յուրաքանչյուր երկրի իրավասու մարմինը գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների համաձայնությամբ կամ նրանց հետ սպառիչ խորհրդակցությունից հետո, որտեղ այդպիսիք կան, սահմանում է վարձու այն աշխատողների խմբերը, որոնց վրա տարածվում է այդ համակարգը:
3. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշում է վարձու աշխատող անձանց այն բոլոր խմբերը, որոնց վրա չի տարածվում սույն հոդվածի դրույթների գործողությունը, նշելով դրանք չտարածելու պատճառները, և հետագա զեկույցներում հայտնում է այդպիսի խմբերի վերաբերյալ իր օրենսդրության և փորձի վիճակի մասին, ինչպես նաև` թե որքանով է Կոնվենցիան կիրառվում կամ` ենթադրվում է կիրառել այդ խմբերի նկատմամբ:
Հոդված 2
1. Նվազագույն աշխատավարձը ունի օրենքի ուժ և նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն:
2. Կոլեկտիվ բանակցությունների վարման ազատությունն ամբողջությամբ հարգվում է սույն հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանման պայմանով:
Հոդված 3
Նվազագույն աշխատավարձի մակարդակի սահմանման ժամանակ հաշվի առնվող գործոնները, որքանով հնարավոր է և ընդունելի է ազգային գործելակերպին և պայմաններին համապատասխան, ներառում են.
ա) աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները` ուշադրության առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները և այլ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը,
բ) տնտեսական գործոնները` ներառելով տնտեսական զարգացման պահանջները, արտադրողականության մակարդակը և զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման և պահպանման ցանկալիությունը:
Հոդված 4
1. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, ստեղծում և/կամ պահպանում է ազգային պայմաններին և պահանջներին հարմարեցված ընթացակարգ, որը թույլ է տալիս սահմանել և ժամանակ առ ժամանակ վերանայել վարձու աշխատող անձանց խմբերի նվազագույն աշխատավարձը, որոնց վրա տարածվում է 1-ին հոդվածի գործողությունը:
2. Այդպիսի ընթացակարգի ստեղծման, գործադրման և փոփոխման կապակցությամբ նախատեսվում են սպառիչ խորհրդակցություններ գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ կամ, որտեղ այդպիսիք չկան, գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցիչների հետ:
3. Այն դեպքերում, երբ դա համապատասխանում է նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի բնույթին, նրա կիրառման ժամանակ նախատեսվում է նաև.
ա) գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ որտեղ այդպիսիք չկան, հավասար հիմունքներով` գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը,
բ) այն անձանց անմիջական մասնակցությունը, որոնք ունեն երկրի ընդհանուր շահերը ներկայացնելու ճանաչված իրավասություն և նշանակված են գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ սպառիչ խորհրդակցություններից հետո, որտեղ այդպիսիք կան, և որտեղ այդպիսի խորհրդակցությունները համապատասխանում են ազգային օրենսդրությանը կամ գործելակերպին:
Հոդված 5
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ բոլոր դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, օրինակ` պատշաճ տեսչական ստուգում` այլ անհրաժեշտ միջոցներով համալրված:
Հոդված 6
Սույն Կոնվենցիան չի վերանայում ցանկացած գործող Կոնվենցիա:
Հոդված 7
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
Հոդված 8
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:
Հոդված 9
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 10
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:
Հոդված 11
Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 12
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
Հոդված 13
1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝
ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 9-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,
բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:
2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:
Հոդված 14
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Ուժի մեջ կմտնի 2006 թ. ապրիլի 29-ին