Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության համար առաջնահերթ միջոցառումների մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
խորապես անհանգստացած լինելով ազգային, կրոնական և քաղաքական շարժառիթներով զինված հակամարտությունների հետ կապված նախկին ԽՍՀՄ տարածքի զգալի մասում ձևավորված տագնապալի իրավիճակով,
ընդգծելով զինված հակամարտությունների զոհերի և զինված հակամարտություններին չմասնակցող անձանց, նախևառաջ, խաղաղ բնակչության և հակամարտող Կողմերի ռազմական կազմավորումներին չպատկանող զինծառայողների պաշտպանության անհրաժեշտությունը,
նկատի ունենալով, որ Կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների մասին միջազգային փաստաթղթերից բխող իրենց պարտավորությունները,
հիմնվելով պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների և դրանց կից 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ Արձանագրությունների մարդասիրական սկզբունքների և նորմերի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներից և սկզբունքներից բխող այլ պարտավորությունների վրա,
վճռականորեն դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները` ռազմական գործողություններ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառում, հարձակումներ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա, պատանդների վերցնում, կտտանքներ և մարդու արժանապատվության հանդեպ այլ ոտնձգություններ և նման այլ բաներ,
հաստատելով զինված հակամարտություններին վերջ դնելու վճռականությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը երկկողմ և բազմակողմ հիման վրա կհամագործակցեն զինված հակամարտությունների շրջաններում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները կանխարգելելուն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը, եթե նրանք դեռ չեն մասնակցում համապատասխան միջազգային պայմանագրերին, ջանքեր կգործադրեն միջազգային մարդասիրական իրավունքի բնագավառում նախկին ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի առնչությամբ իրավահաջորդություն արագորեն ձևակերպելու համար, որոնք պարտավորություններ են սահմանում պետությունների և զինված հակամարտությունների բոլոր մասնակիցների համար և իրենց ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցնեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը, եթե դա դեռ արված չէ, հնարավորինս սեղմ ժամկետներում կընդունեն ազգային օրենսդրական ակտեր, որոնք զինված հակամարտությունների արդյունքում տուժած անձանց երաշխավորում են սոցիալական պաշտպանություն և նյութական վնասի փոխհատուցում:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը անհապաղ համաձայնեցված միջոցներ կձեռնարկեն զինված հակամարտության հետ կապված պատճառներով ազատությունից զրկված անձանց պաշտպանության, անկախ նրանից ներկալվել են նրանք թե պահվել, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման և պատանդների անվերապահ ազատման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը կհամակարգեն սույն Համաձայնագրով նախատեսված զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության գծով գործունեությունը, ներգրավելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Պաշտպանության նախարարների խորհուրդը և Համագործակցության այլ մարմինները, Կառավարությունների ղեկավարների խորհրդին կից ինտերնացիոնալիստ զինվորների գործերով Կոմիտեն, ինչպես նաև շահագրգիռ Կողմերին կտրամադրեն պաշտպանության և օգնության կարիք ունեցող զինված հակամարտությունների զոհերի մասին տեղեկություններ:
Հ ո դ վ ա ծ 6
Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային մարդասիրական իրավունքը խախտող ցանկացած գործողությունների կանխման համար, ներառյալ այն անձանց նկատմամբ դատական հետապնդման և պատժման արդյունավետ միջոցների կիրառումը, որոնք կազմակերպել, կատարել կամ հրամայել են կատարել միջազգային իրավունքով կամ ազգային օրենսդրությամբ որպես ռազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ որակվող գործողություններ:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն զինված հակամարտությունների զոհերի անձնական և գույքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների և վեճերի խաղաղ կարգավորման այլ հանրաճանաչ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող համաձայնեցնող հանձնաժողովները:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը Կողմերի ներքին ընթացակարգերին համապատասխան ենթակա է վավերացման կամ հաստատման:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին երեք վավերագիր կամ Համաձայնագիրը հաստատելու մասին ծանուցագրերն ի պահ հանձնելու օրվանից 10 օր հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 12-ից: