Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2015-22.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հոդ.175.5
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 801-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշման 2-րդ կետի`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) համապատասխանության հայտարարագրի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` սերտիֆիկացման մարմին) կողմից:

2. Համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատի հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա ձևաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`

1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.

2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.

3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.

4) տպագրական համար (սերիայի նշան` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ):

3. Ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով:

4. Ձևաթղթերը լրացվում են հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ:

5. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

6. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:

7. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը՝

1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`

ա. 1-ին տող` «Հայաստանի Հանրապետություն».

բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».

2) 2-րդ դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.

3) 3-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ՀՀ»` Հայաստանի Հանրապետություն հապավումը.

4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.

5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը.

6) 6-րդ դաշտում` հայտատուի անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 7-րդ դաշտում` արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.

8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`

ա. արտադրանքի անվանումը,

բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը),

գ. փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),

դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.

9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.

10) 10-րդ դաշտում` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.

11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.

12) 12-րդ դաշտում` արտադրանքը նույնականացնող տեղեկատվություններ, առնվազն արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը.

13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու և համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

14) 14-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.

15) 15-րդ դաշտում` փորձագետի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը:

8. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:

2. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն:

3. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը) կարող են լրացվել լատինատառ:

4. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

5. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը.

1) 1-ին դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.

2) 2-րդ դաշտում` հայտատուի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) 3-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը.

4) 4-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`

ա. արտադրանքի անվանումը,

բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը,

գ. արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,

դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և վավերապայմանները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, տեխնիկական պայմաններ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,

ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,

զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.

5) 5-րդ դաշտում` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).

6) 6-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.

7) 7-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և անհրաժեշտության դեպքում` արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.

8) 8-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

9) 9-րդ դաշտում` հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը):

Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.

10) 10-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ՀՀ»` Հայաստանի Հանրապետություն հապավումը.

11) 11-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):

6. 4-րդ, 6-րդ և 7-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կ. Ճշմարիտյան