Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Միջպետական բանկի հիմնադրման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ի կատարումն «Ռուբլին, որպես օրինական վճարային միջոց, պահպանած պետությունների միասնական դրամական համակարգի և համաձայնեցված դրամավարկային և արժութային քաղաքականության մասին» Համաձայնագրի և պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1992 թվականի հոկտեմբերի 9-ի Բիշկեկում ընդունված Որոշումների,
ղեկավարվելով բազմակողմ արտադրական, առևտրային և ֆինանսական հարաբերությունների պահպանման և զարգացման շահերով,
ձգտելով ապահովել դրամական շրջանառության կայունությունը,
ընդունելով բանկային կառույցների գործունեության համակարգման անհրաժեշտությունը և կարևորությունը,
բազմակողմ միջպետական հաշվարկների համակարգի կազմակերպման, փոխադարձ միջպետական պարտավորությունների կատարման վրա ֆինանսաարժութային ներգործության ուժեղացման և ձեռնարկությունների, կազմակերպությունների ու առևտրային կառույցների անմիջական կապերի ընդլայնման վրա վճարահաշվարկային մեխանիզմի ազդեցության նպատակով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
1. Ստեղծել Միջպետական բանկ, այսուհետ՝ Բանկ:
Բանկի հիմնադիրներն (անդամներն) են ռուբլու գոտու պետությունները և այն պետությունները, որոնք ունեն իրենց ազգային արժույթը և, ի դեմս Պայմանավորվող կողմերի Կառավարությունների ու կենտրոնական (ազգային) բանկերի, մասնակցում են բազմակողմ հաշվարկների համակարգին:
2. Բանկը ապահովում է առևտրային և այլ գործողությունների հետ կապված կենտրոնական (ազգային) բանկերի միջև բազմակողմ հաշվարկների կազմակերպումը և իրականացումը:
Բանկը Պայմանավորվող կողմերից իրեն տրամադրվող իրավասության շրջանակներում իրականացնում է Համաձայնագրի մասնակիցների դրամավարկային քաղաքականության համակարգումը՝ տնտեսական համագործակցությանը և տնտեսության զարգացմանը օժանդակելու նպատակով:
3. Բանկի կառավարման մարմինը Բանկի խորհուրդն է, որը բաղկացած է Բանկի անդամներից մեկական լիազոր ներկայացուցիչներից: Բանկի խորհրդի որոշումները ընդունվում են Բանկի Կանոնադրությամբ սահմանված կարգով:
4. Բանկի միջոցով անցնող հաշվարկները կատարվում են Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից թողարկված ռուբլով:
Քլիրինգային հաշվարկների ավարտը որոշակի օրվա դրությամբ կատարվում է ռուբլիներով կամ Բանկի խորհրդի որոշմամբ` ազատ փոխարկելի կամ այլ տարադրամով:
Հ ո դ վ ա ծ 2
Բանկը իրավաբանական անձ է:
Բանկի նստավայրը Մոսկվա քաղաքն է:
Բանկը կարող է մասնակցել միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպություններին ու միություններին:
Բանկի գործունեությունը կարգավորվում է սույն Համաձայնագրով և դրա անբաժանելի մասը հանդիսացող Բանկի Կանոնադրությամբ:
Բանկի և Բանկի նստավայրի պետության միջև հարաբերությունները, ներառյալ նրա արտոնությունները և անձեռնմխելիությունները, սահմանվում են համապատասխան համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 3
Բանկը իրականացնում է հետևյալ գործառույթները.
առևտրային և այլ գործողություններով բազմակողմ միջպետական հաշվարկների կազմակերպում և իրականացում և դրանց պարբերաբար ավարտումը բազմակողմանի քլիրինգի (փոխադարձ պահանջների հաշվանցում) հիման վրա,
Պայմանավորվող կողմերի տնտեսության ուսումնասիրում և վերլուծություն ու կենտրոնական (ազգային) բանկերի դրամավարկային ու արժութային քաղաքականության համակարգման նպատակով նրանց համար առաջարկությունների և երաշխավորությունների պատրաստում,
վճարահաշվարկային գործողությունների կատարման մեթոդոլոգիայի, հաշվարկային և այլ գործողություններով հաշվապահական հաշվարկների ու հաշվետվության համակարգի կազմակերպման բնագավառում Պայմանավորվող կողմերի կենտրոնական (ազգային) բանկերի գործունեության համակարգում, առևտրային բանկերի նկատմամբ հսկողության ռեժիմների մերձեցման համար առաջարկությունների մշակում,
Կենտրոնական (ազգային) բանկերի տեխնիկական և սեզոնային վարկավորում միջպետական փոխադարձ բազմակողմ հաշվարկների իրականացման գործընթացում,
սույն Համաձայնագրից և Բանկի Կանոնադրությունից բխող Բանկի նպատակներին և խնդիրներին համապատասխանող այլ գործողությունների իրականացում:
Հ ո դ վ ա ծ 4
1. Բանկի նախնական կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ ռուբլի և ձևավորվում է Բանկի խորհրդի կողմից սահմանված Բանկի անդամների անդամավճարների հաշվին:
2. Անդամավճարները և Բանկի կանոնադրական կապիտալը կարող են կատարվել ռուբլով, ինչպես նաև ազատ փոխարկելի արժույթով, շենքերով, շինություններով, սարքավորմամբ, այլ նյութական արժեքներով և գույքով:
Բանկի հիմնադիրները պարտավոր են մուծել անդամավճարները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
3. Բանկի կանոնադրական կապիտալի չափը Բանկի խորհրդի որոշմամբ կարող է փոփոխվել:
Բանկի անդամ նոր պետություն ընդունելու դեպքում, Բանկի կանոնադրական կապիտալի գումարը մեծանում է: Բանկի նոր անդամի անդամավճարի գումարը, վճարման ձևը և ժամկետները սահմանվում են այդ պետության հետ համաձայնեցնելով Բանկի խորհրդի կողմից:
4. Բանկը կարող է ունենալ հատուկ հիմնադրամներ, այդ թվում՝ պահուստային, որոնք ստեղծվում են Բանկի խորհրդի որոշմամբ:
Հ ո դ վ ա ծ 5
1. Պայմանավորվող կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև ընթացիկ վճարումները իրականացվում են երկկողմ հիմքով և կարգավորվում են դրանց ազգային օրենսդրություններով:
Պայմանավորվող կողմերի կենտրոնական (ազգային) բանկերի միջև հաշվարկներն ավարտելը կատարվում է բանկային փոխանցումներով Բանկի միջոցով բազմակողմ քլիրինգի հիման վրա:
2. Կենտրոնական (ազգային) բանկերից յուրաքանչյուրի համար Բանկում բացվում է մեկ թղթակցային հաշիվ:
3. Ամեն օր Բանկը անցկացնում է բազմակողմ քլիրինգ և որոշում է յուրաքանչյուր կենտրոնական (ազգային) բանկի հաշվարկային դրությունը մյուս բոլոր կենտրոնական (ազգային) բանկերի հետ հարաբերություններում:
Բազմակողմ քլիրինիգի արդյունքներով հաշվարկների ավարտման պարբերականությունը և կարգը սահմանում է Բանկի խորհուրդը:
Հ ո դ վ ա ծ 6
1. Բազմակողմ քլիրինգով հաշվարկների ավարտման համար Բանկը առաջին փուլում կարող է Բանկի անդամներին վարկեր տրամադրել, որպես կանոն, տվյալ անդամի հաշվի ամսական մուտքերի սահմաններում` ՌԴ կենտրոնական բանկի կողմից Բանկին հատկացված վարկային գծի հաշվին:
Հետագայում Բանկի կողմից կենտրոնական (ազգային) բանկերին տրամադրվող վարկերի վերջնական չափերը սահմանվում են Բանկի խորհրդի կողմից:
Կենտրոնական (ազգային) բանկերը մարում են Բանկի առջև իրենց պարտքը՝ երկկողմ հիմքով վարկերի ստացման կամ ազատ փոխարկելի արժույթի հաշվին:
Կենտրոնական (ազգային) բանկերը պարտավոր են կարգավորել իրենց վճարային հարաբերությունները երկկողմ հիմունքներով այնպես, որ ապահովվի Բանկի խորհրդի կողմից այդ բանկերից յուրաքանչյուրի համար սահմանված տեխնիկական վարկավորման լիմիտների պահպանումը:
Վարկերը տրամադրվում են մինչև քլիրինգային հաշվարկների հերթական կարգավորման ժամկետը:
2. Տեխնիկական վարկեր օգտագործելու համար գանձվում են Բանկի խորհրդի սահմանած չափերով տոկոսներ:
Պարտապան կենտրոնական (ազգային) բանկին ներկայացվող պահանջները, որոնք գերազանցում են տեխնիկական վարկի թույլատրելի չափերը, պետք է նրա կողմից մարվեն 5 բանկային օրվա ընթացքում՝ Բանկի կողմից նրան համապատասխան ծանուցում ուղարկելուց հետո:
4. Բանկը Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմիններին տեղեկացնում է վճարային պարտավորությունների ծագող խախտումների մասին:
5. Բանկը իրավասու է սահմանափակել կամ լիովին դադարեցնել այն կենտրոնական (ազգային) բանկերի հաշվարկները, որոնք խախտում են Բանկի առջև իրենց վճարային պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 7
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հերթական տարվա համար առևտրատնտեսական համաձայնագրեր կնքելու ժամանակ և ընդհանուր ապրանքաշրջանառության շրջանակներում կձգտի ապահովել օրացուցային տարվա ընթացքում ռուբլու մուտքերի և վճարումների հաշվեկշռությունը Պայմանավորվող այլ կողմերի հետ: Ընդ որում, կարող են հաշվի առնվել ռուբլու հնարավոր պահուստների ստեղծումը (օգտագործումը) և վարկի ստացումը (մարումը):
Հ ո դ վ ա ծ 8
Ոչ առևտրային գործողություններով հաշվարկները կկատարվեն ոչ առևտրային վճարումներով հաշվարկների մասին գործող համաձայնագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 9
Բանկի Խորհրդի կողմից սահմանված կարգով և պայմաններով Բանկը կարող է թղթակցային հաշիվներ բացել այլ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի համար` Բանկի անդամ հանդիսացող կենտրոնական (ազգային) բանկերի ռուբլով կատարվող բազմակողմանի հաշվարկներում նրանց մասնակցության համար:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրով նախատեսված Բանկի խնդիրների և գործառույթների կատարումն ապահովելու համար Պայմանավորվող կողմերի կենտրոնական (ազգային) բանկերը ներկայացնում են նրան հաշվապահական բալանսներ և այլ տեղեկություններ Բանկի խորհրդի սահմանած ժամկետներում և ծավալներով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրին կարող են միանալ Բանկի նպատակները և սկզբունքները կիսող այլ պետություններ:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել միայն բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 13
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել մասնակցելու սույն Համաձայնագրին՝ առնվազն 6 ամիս առաջ Բանկի խորհրդին այդ մասին ծանուցելու միջոցով: Նշված ժամկետի ընթացքում Բանկի և համապատասխան Պայմանավորվող կողմի միջև պետք է կարգավորվեն իրենց փոխադարձ պարտավորությունների հետ կապված հարաբերությունները:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Պայմանավորվող կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է վավերացնել նման համաձայնագրերը, Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությանը վավերագրերը ի պահ տալու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Միջպետական բանկի
Միջպետական բանկը, այսուհետ` Բանկ, հիմնադրվել է 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Միջպետական բանկի հիմնադրման մասին» Համաձայնագրին համապատասխան:
Միջպետական բանկի սույն Կանոնադրությունը հանդիսանում է վերոնշյալ Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 1
Ընդհանուր դրույթներ
1. Բանկի հիմնադիրներն են նշված Համաձայնագրի Պայմանավորվող կողմերը, ի դեմս Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի Կառավարությունների ու կենտրոնական (ազգային) բանկերի:
Բանկի անդամներն են Բանկի հիմնադիրները, ինչպես նաև «Միջպետական բանկի հիմնադրման մասին» Համաձայնագրին միացած և, Բանկի խորհրդի որոշմանը համապատասխան, Բանկի կանոնադրական կապիտալում ավանդներ մուծած պետությունները:
2. Բանկը միջազգային հաշվարկային և ֆինանսավարկային հաստատություն է:
3. Բանկը իրավաբանական անձ է: Բանկի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է:
4. Բանկը իրավունք ունի իր իրավասության սահմաններում կնքելու միջազգային համաձայնագրեր:
5. Բանկի և Բանկի գտնվելու վայրի պետության միջև հարաբերությունները, ներառյալ նրա արտոնությունները և անձեռնմխելիությունը, սահմանվում են համապատասխան համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 2
Միջպետական բանկի նպատակները և խնդիրները
1. Բանկը ապահովում է առևտրային և այլ գործողություններով կենտրոնական (ազգային) բանկերի միջև բազմակողմանի միջպետական հաշվարկների կազմակերպումն ու իրականացումը և բազմակողմանի քլիրինգի (փոխադարձ պահանջների հաշվառում) հիման վրա դրանց պարբերական ավարտը:
2. Բանկը, Պայմանավորվող կողմերի օրենսդիր մարմինների կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իրականացնում է Համաձայնագրի մասնակիցների դրամավարկային քաղաքականության համադրումը` ներառյալ Պայմանավորվող կողմերի բանկերի կանխիկ ռուբլիների ողարկման և վարկային էմիսիայի կառավարման կազմակերպումը:
3. Բանկը օժանդակություն է ցուցաբերում բոլոր անդամ պետություններում վճարային համակարգերի արդյունավետ և վստահելի գործունեությանը: Այդ նպատակով Բանկը համակարգում է հաշվապահական հաշվառման և հաշվետվության ու վճարային փաստաթղթերի ստանդարտացման աշխատանքը և բոլոր անդամ պետությունների հաշվարկների կատարման պրակտիկան, առաջարկություններ է մշակում առևտրային բանկերի վերահսկման ռեժիմներն ապահովելու համար:
4. Բանկը իրականացնում է կենտրոնական (ազգային) բանկերի կարճաժամկետ վարկավորում` հաշվարկները ժամանակին ավարտելու նպատակով:
5. Բանկը իրականացնում է Պայմանավորվող կողմերի տնտեսության ուսումնասիրություն և վերլուծություն, կենտրոնական (ազգային) բանկերի համար պատրաստում է առաջարկություններ և երաշխավորություններ նրանց դրամավարկային և արժութային քաղաքականության համադրման համար:
6. Բանկի կողմից` իր նպատակների և խնդիրների կատարումն ապահովելու նպատակով, կենտրոնական (ազգային) բանկերը նրան տրամադրում են հաշվապահական բալանսներ, վճարային բալանսներ և ըստ ձևի այլ տվյալներ Բանկի խորհրդի կողմից սահմանվող պարբերականությամբ:
Բանկը իրականացնում է ստացվող տվյալների ժողովումը և կանոնավոր ձևով տարածում է այդ տվյալները իր անդամների շրջանում:
7. Բանկի խորհրդի որոշմամբ Բանկը, իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան, կատարում է այլ բանկային գործողություններ, որոնք բխում են Միջպետական բանկի հիմնադրման մասին Համաձայնագրից և նրա Կանոնադրությունից:
Հ ո դ վ ա ծ 3
Քլիրինգի և հաշվարկների արժույթը
1. Բանկի կողմից քլիրինգով և հաշվարկներով իրականացվող բոլոր գործողությունների հաշվառումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնութան կենտրոնական բանկի կողմից թողարկված ռուբլով:
2. Կենտրոնական (ազգային) բանկերը կարող են իրենց ակտիվները Բանկում պահել ռուբլիներով:
Բանկի ազատ միջոցները պահվում են Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի թղթակցային հաշվին:
3. Հաշվարկային գործողությունների վարկավորման համար Բանկի ռեսուրսները ձևավորվում են Միջպետական բանկում կենտրոնական (ազգային) բանկերի ակտիվների հաշվին, ինչպես նաև սահմանված կարգով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկում բացվող վարկային միջոցների հաշվին:
4. Կենտրոնական (ազգային) բանկերը իրավունք ունեն իրենց ակտիվները Բանկից փոխանցել Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի իրենց հաշիվների կամ այլ հաշիվների վրա՝ ռուբլիներով:
5. Բանկի ակտիվների և պասիվների վրա տոկոսների հաշվառման չափերը և կարգը սահմանում է Բանկի խորհուրդը:
6. Բանկի անդամ կենտրոնական (ազգային) բանկերը, անհրաժեշտության դեպքում, ամեն օր հայտարարում են իրենց արժույթի փոխարժեքը ՌԴ կենտրոնական բանկի կողմից թողարկված ռուբլու նկատմամբ` այդ մասին տեղեկացնելով Բանկին:
Բանկի անդամ կենտրոնական (ազգային) բանկերը արտահայտում են Բանկին ուղարկվող վճարային պարտավորությունները ռուբլով` օգտագործելով յուրաքանչյուր արժույթի համար այն թողարկող Բանկի անդամի գնանշված փոխարժեքը ռուբլու նկատմամբ` վճարային փաստաթղթերի ուղարկման օրվա դրությամբ:
Հ ո դ վ ա ծ 4
Բազմակողմ քլիրինգի կազմակերպումը
1. Բանկը կենտրոնական (ազգային) բանկերի միջպետական պարտավորություններով որոշակի ժամանակամիջոցների ընթացքում ապահովում է քլիրինգի անցկացումը և ավարտը:
Կենտրոնական (ազգային) բանկերի և Բանկի միջև հաշվարկների գծով ամբողջ տեղեկատվության փոխանցումը կատարվում է հեռախոսով, տելեքսով, հեռագրով կամ կապի էլեկտրոնային միջոցներով:
2. Կենտրոնական (ազգային) ուղարկող բանկը ուղարկում է Բանկին ռուբլիներով արտահայտված վճարային հանձնարարություններ, անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով առևտրային բանկի վճարման արժույթը ռուբլիներով:
3. Բանկն ամեն օր հաշվարկում է զուտ պարտավորությունները, որոնք պետք է վճարվեն կամ ստացվեն յուրաքանչյուր կենտրոնական (ազգային) բանկի կողմից և արտացոլում նշված հաշվարկները կենտրոնական (ազգային) բանկերի համապատասխան հաշիվներում:
4. Բանկն ամեն օր տեղեկացնում է կենտրոնական (ազգային) բանկերին ընթացիկ քլիրինգի գծով յուրաքանչյուր զուտ դիրքի, ինչպես նաև բանկի քլիրինգով ընդունված հանձնարարագրերի համարների մասին:
5. Ստացող երկրի կենտրոնական (ազգային) բանկը դեբետագրում է առաքող երկրի կենտրոնական (ազգային) բանկի հաշիվը և կրեդիտագրում առևտրային բանկ-ստացողի հաշիվը, միայն Բանկի կողմից քլիրինգի հաստատումը ստանալուց հետո:
6. Քլիրինգի ժամանակահատվածում լրացուցիչ վարկի լիմիտը գերազանցած ցանկացած կենտրոնական (ազգային) բանկ պարտավոր է լիովին վերացնել այդ գերազանցումը` ավելցուկի առաջացման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում: Այդ նպատակով Բանկի անդամը կարող է օգտագործել հաշվարկային վարկի միջոցներ ստանալու հատուկ իրավունքը:
7. Հաշվարկային ժամանակահատվածում, կենտրոնական (ազգային) բանկերի հաշվարկային դիրքերի ուղղման ընթացքում Բանկի կողմից կատարած մնացորդի հաշվարկն ազատում է կենտրոնական (ազգային) բանկերը նրանց միջև ստեղծված համախառն պարտավորություններից և փոխարինում վերջիններիս զուտ պարտավորություններով կամ իրենց օգտին պարտավորություններով:
Կենտրոնական (ազգային) բանկերը պատասխանատվություն են կրում միայն մնացորդված զուտ պարտավորություններով կամ իրավունք ունեն իրենց օգտին զուտ պարտավորությունների նկատմամբ:
8. Իր սեփական պետության տարածքում յուրաքանչյուր կենտրոնական (ազգային) բանկ պարտավոր է միջոցներ ձեռնարկել միջպետական վճարումների փոխանցումներն արագացնելու համար և մշակել ինչպես մուտքից, այնպես էլ ելքից վճարումներն արագ և առանց հապավումների: Բանկը վերահսկողություն է իրականացնում կենտրոնական (ազգային) բանկերի միջև վճարումների ժամանակին կատարման վրա և միջոցներ է առաջարկում վերջիններս արագացնելու համար:
Հ ո դ վ ա ծ 5
Հաշվարկներ բազմակողմանի պարտավորությունների գծով
1. Կենտրոնական (ազգային) բանկերի միջև հաշվարկներն ըստ քլիրինգի արդյունքների կատարված են Բանկում նրանց հաշիվներով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
2. Սկզբնական հաշվարկային ժամանակաշրջանը տասնհինգ օր է: Ելնելով Բանկի աշխատանքային փորձից, Բանկի Խորհուրդը կարող է վերանայել հաշվարկային ժամանակաշրջանի տևողությունը:
3. Քլիրինգի գծով հաշվարկների ավարտման օրվա դրությամբ Բանկը կատարում է կենտրոնական (ազգային) բանկերի պահանջների և պարտավորությունների կարգավորումը: Մնացորդ հաշվեկշռի զուտ պահանջներն իրենց օգտին, առաջին հերթին, օգտագործվում են առկա հաշվարկային փոխառությունների մարման համար: Մնացորդը՝ իրենց օգտին զուտ պարտավորությունների մնացած գումարը, դրվում է որպես դեպոզիտ կենտրոնական (ազգային) բանկի հաշվին: Մնացորդ զուտ պարտավորություններ ունեցող կենտրոնական (ազգային) բանկերը պարտավոր են, մինչ հաշվարկի ժամկետի լրանալը, միջոցներ ձեռնարկել Բանկի առջև իրենց պարտավորությունները փակելու համար, այդ թվում՝ Բանկում իրենց դեպոզիտների օգտագործման, փոխատվության կամ Բանկի այլ անդամներից ռուբլիների գնման միջոցով:
4. Հաշվարկներն արվում են Բանկի նկատմամբ Բանկի անդամների պարտավորությունների կատարման ժամանակ:
Բանկի անդամ կենտրոնական (ազգային) բանկերը պարտավոր են մարել Բանկի առջև իրենց պարտավորությունները՝ այդ պարտավորությունների առաջացման մասին Բանկի ծանուցումը ստանալուց երեք օրվա ընթացքում:
Եթե Բանկի անդամներից որևէ մեկը չի կատարում հաշվարկները, Բանկը դադարում է ակցեպտավորել նրա վճարման հանձնարարագրերը և պարտավոր է համապատասխանաբար տեղեկացնել Բանկի բոլոր անդամներին: Եթե Բանկի անդամը չի կատարել իր պարտավորությունները երկու հաշվարկային ժամանակահատվածի լրանալուց հետո, նրա հանդեպ կիրառվում է պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև Բանկի անդամների կազմից վտարումը:
5. Կենտրոնական (ազգային) բանկերին տրամադրվող հաշվարկային վարկերը տրվում են ծավալով հավասար չորս վարկային գծերի միջոցով: Առաջին երկու գծերը, որոնք կազմում են անդամ պետության վարկային լիմիտի մինչև 50 տոկոսը, այն տեսքով, ինչպես շարադրված է սույն հոդվածի 8-րդ կետում, ունեն Բանկի Խորհրդի կողմից սահմանված հիմնական բազիսային տոկոսադրույք: Երկու լրացուցիչ վարկային գծերի տոկոսները սահմանվում են ավելի բարձր դրույքաչափով, որն աճում է մեկ վարկային գծից մյուսին անցնելիս:
6. Կենտրոնական (ազգային) բանկի կողմից Բանկի հաշվարկային վարկի միջոցները ստանալու իրավունքը սահմանափակվում է պետության վարկային լիմիտով և լրացուցիչ վարկի լիմիտով:
Պետության վարկային լիմիտը՝ Բանկի կողմից տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկին տրամադրվող վարկի առավելագույն ծավալն է. այն սահմանվում է Բանկի Խորհրդի կողմից՝ տվյալ պետության օգտին մուտքերի միջին ամսական ծավալը չգերազանցող չափով:
Լրացուցիչ վարկի լիմիտը՝ լրացուցիչ վարկի այն առավելագույն ծավալն է, որը կարող է ստանալ յուրաքանչուր կենտրոնական (ազգային) բանկ երկու հաշվարկային օրվա ընթացքում: Լրացուցիչ վարկի լիմիտը հավասար է պետության վարկային լիմիտի մեկ ութերորդին:
Եթե կենտրոնական (ազգային) բանկին հատկացված հաշվարկային վարկերի առկա ծավալը գերազանցում է պետության վարկային լիմիտի 87 տոկոսը, ապա չորրորդ վարկային գծի լիմիտը հավասարվում է պետության վարկային լիմիտի ծավալի և առկա հաշվարկային վարկերի գումարի տարբերությունը:
7. Քլիրինգային ժամանակահատվածում, խոշոր գործարքների վճարման հեշտացման նպատակով, կարող է օգտագործվել հաշվարկային վարկի միջոցներ ստանալու հատուկ իրավունքը: Միջոցներ ստանալու հատուկ իրավունքը սահմանափակված է լրացուցիչ վարկի լիմիտի 50 տոկոսով, պայմանով, որ հաշվարկային վարկի ընդհանուր ծավալը չի գերազանցում պետության վարկային լիմիտը, և նրա ստացման հնարավորությունը սահմանափակ է այն անդամների համար, որոնք արդեն չունեն հատուկ իրավունքով տրամադրված վարկեր: Հատուկ իրավունքով ստացված վարկերը պետք է մարվեն մեկ հաշվարկային ժամանակաշրջանի ընթացքում:
8. Բանկից յուրաքանչուր կենտրոնական (ազգային) բանկին տրված վարկի առավելագույն ծավալը սահմանվում է Բանկի Խորհրդի որոշմամբ, որպես կանոն, տվյալ կենտրոնական (ազգային) բանկի օգտին՝ ամսական մուտքերի ծավալը չգերազանցող չափով:
Հ ո դ վ ա ծ 6
Բանկի կապիտալը և միջոցները
1. Բանկի սկզբնական կանոնադրական կապիտալը, 5 միլիարդ ռուբլի գումարով, ձևավորվում է Բանկի անդամների ներդրումների հաշվին՝ Բանկի Խորհրդի կողմից սահմանված չափերով:
2. Միջպետական բանկի կանոնադրական կապիտալի վճարումները կարող են կատարվել ռուբլիներով, ինչպես նաև ազատ փոխարկելի տարադրամով, շենքով, կառույցներով, սարքավորումներով, այլ նյութական արժեքներով և գույքով:
3. Բանկի հիմնադիրները պարտավոր են կատարել վճարումները Միջպետական բանկի հիմնադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում:
4. Բանկի Խորհրդի որոշմամբ Բանկի կանոնադրական կապիտալի չափը կարող է փոխվել:
Բանկի անդամ նոր պետություն ընդունելու դեպքում, Բանկի կանոնադրական կապիտալի գումարն ավելանում է: Բանկի նոր անդամի վճարման գումարը, կարգը և ժամկետները սահմանվում են Բանկի Խորհրդի կողմից՝ համաձայնեցնելով նոր անդամի հետ:
5. Բանկը կարող է շահույթի հաշվին ստեղծել պահուստային և այլ հիմնադրամներ, որոնց ծավալը, նպատակները, միջոցների ձևավորման և օգտագործման կարգը որոշում է Բանկի Խորհուրդը:
6. Բանկը կատարում է ընթացիկ ծախսեր վարկերի տոկոսներից և կենտրոնական (ազգային) բանկերին ծառայությունների մատուցման կոմիսիոն վարձատրությունից ստացած եկամտի հաշվին:
Բանկի ծառայությունների սակագները, տոկոսների դրույքաչափերը և Բանկի նախահաշիվը հաստատվում են Բանկի Խորհրդի կողմից:
7. Բանկը կարող է վարկային ռեսուրսներ ներկայացնել և տեղաբաշխել՝ ելնելով Բանկի անդամների շահերից:
Հ ո դ վ ա ծ 7
Բանկի կառավարման համակարգը
1. Բանկի կառավարման բարձրագույն մարմինը Բանկի Խորհուրդն է՝ կազմված յուրաքանչուր Պայմանավորվող կողմի մեկական լիազոր ներկայացուցչից: Բանկի անդամները պաշտոնապես տեղեկացնում են բոլոր Պայմանավորվող կողմերին Բանկի Խորհրդում իրենց լիազոր ներկայացուցչի և երկու տեղակալների նշանակման մասին, որոնք իրավունք ունեն լիազոր ներկայացուցչի բացակայության ընթացքում կատարելու նրա պարտականությունները:
2. Բանկի Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ, Բանկի տեղակայման քաղաքում: Բանկի Խորհրդի հատուկ նիստերը գումարվում են Բանկի նախագահի խնդրանքով, երբ վերջինս նպատակահարմար գտնի, կամ Բանկի Խորհրդի ցանկացած չորս անդամի գրավոր միջնորդությամբ: Բանկի Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների ընդհանուր քանակի որակյալ՝ 75 % մեծամասնությամբ: Բանկի Խորհրդի ձայները բաշխվում են հետևյալ կերպ. Ռուսաստանի Դաշնության՝ ձայների ընդհանուր քանակի 50 %, Խորհրդի այլ անդամների ձայները բաշխվում են համամասնորեն՝ ըստ յուրաքանչուր պետության փայաբաժնի՝ 1990 թվականի փոխադարձ արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալի մեջ:
3. Բանկի Խորհուրդն ունի հետևյալ իրավասությունները.
կայացնում է որոշումներ Բանկի նոր անդամների ընդունելության մասին,
կայացնում է որոշումներ բանկի կանոնադրական կապիտալի մեծացման կամ փոքրացման մասին,
վեց ամիսը մեկ լսում և հաստատում Բանկի նախագահի հաշվետվությունը,
Բանկի նախագահի առաջարկով ընդունում է բանկի բյուջեն և լսում բյուջեի կատարման մասին հաշվետվություն,
հաստատում է կենտրոնական (ազգային) բանկերի հաշվարկային վարկերի առավելագույն ծավալները, կիրառվող տոկոսադրույքների և Բանկի ծառայությունների սակագների չափերը, բանկի գործունեության ներքին նորմերն ու կանոնները,
կայացնում է որոշումներ պատժամիջոցների և տուգանքների մասին, ինչպես նաև համաձայնագրի, Կանոնադրության և Բանկին վերաբերող արձանագրությունների հիմնական դրույթները և կանոնները խախտող անդամների հանդեպ կիրառվող միջոցների մասին:
4. Բանկի Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, որն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ Խորհրդի անդամների կազմից: Ոչ ոք չի կարող կատարել նախագահի պարտականություններն ավելի քան երկու տարի անընդմեջ, սակայն մեկ տարվա ընդմիջումից հետո նա կարող է կրկին ընտրվել նախագահ:
5. Բանկի Խորհուրդը նշանակում է Բանկի նախագահին և նրա տեղակալին: Նախագահը պատասխանատու է Բանկի օպերատիվ կառավարման և Խորհրդի քննարկմանը հանձնվող նյութերի նախապատրաստման համար:
Բանկի նախագահը անձնական պատասխանատվություն է կրում Բանկի Խորհրդի առջև Բանկի ընթացիկ գործունեության արդյունքների համար: Նախագահը որոշում է միջպետական բանկի աշխատակիցների հաստիքների թվաքանակը և նրանց պարտականությունները, աշխատանքի է ընդունում և ազատում ծառայողներին:
6. Ըստ անրաժեշտության, բանկի նախագահը սահմանում է Միջպետական բանկի Համաձայնագրով, սույն Կանոնադրությամբ կամ համապատասխան արձանագրություններով չնախատեսված հարցերին վերաբերող նորմերն ու կանոնները, որոնք պարտադիր պահպանվելու են Բանկում:
7. Որոշակի աշխատանքների կատարման համար Բանկի նախագահը կարող է փորձագետներ ներգրավել:
8. Բանկի նախագահի և նրա տեղակալի աշխատավարձը և վարձատրման այլ ձևերը որոշում է Բանկի Խորհուրդը:
Հ ո դ վ ա ծ 8
Այլ հարցեր
1. Բանկի պատասխանատվությունը. Բանկը պատասխանատվություն չի կրում կենտրոնական (ազգային) բանկերի երկկողմանի վճարումների համար:
2. Վտարումը. Բանկի անդամներից ոչ մեկը չի կարող վտարվել բանկից, եթե նա չի խախտել Համաձայնագրի և Բանկի Կանոնադրության հոդվածները: Այնուհանդերձ, եթե նշված հոդվածները խախտվել են, անդամը կարող է վտարվել Բանկի նախագահի առաջարկով, Բանկի Խորհրդի ձայների 75 % որակյալ մեծամասնությամբ:
3. Դուրս գալը. բանկի ցանկացած անդամ կարող է դուրս գալ Բանկից, առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով Բանկի Խորհրդին իր մտադրության մասին: Այդ ժամանակահատվածում, փոխադարձ պարտավորությունների գծով, կարգավորվում են Բանկի և տվյալ Պայմանավորվող կողմի հարաբերությունները:
4. Համաձայնագրի պահպանումը. Բանկի Խորհուրդը, Բանկի նախագահը և բոլոր ծառայողները պարտավոր են պահպանել Համաձայնագրի, սույն Կանոնադրության և համապատասխան արձանագրությունների դրույթները:
5. Միջպետական բանկի հիմնադրման Համաձայնագրով, սույն Կանոնադրությամբ, համապատասխան արձանագրություններով սահմանված կանոնները և գործունեության հիմնական ուղղությունները խախտելու համար Բանկի անդամները Բանկի Խորհրդի որոշմամբ ենթարկվում են տուգանքների: Կրկնակի խախտման դեպքում Բանկի անդամները պարտավոր են Բանկի Խորհրդին ներկայացնել բացատրագիր:
6. Բանկի գործունեության վերստուգումը. Բանկը ենթակա է աուդիտորական ստուգումների` միջազգային չափանիշների համաձայն:
7. Վեճերի քննարկման կարգը. բողոքները Բանկի հանդեպ կարող են ներկայացվել հայցի իրավունքն առաջանալու պահից երկու տարվա ընթացքում:
Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, Բանկի և իր անդամների վեճերը քննվելու են դատարանում, տնտեսական դատարանում (արբիտրաժում):
8. Արտոնություններն ու անձեռնմխելիությունները Պայմանավորվող կողմերը կսահմանեն հետագայում:
9. Միջպետական Բանկի ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 31-ին:
Բանկի տարեկան հաշվեկշիռները հաստատվում են Բանկի Խորհրդի կողմից և հրապարակվում սահմանված կարգով:
10. Շահույթի բաշխումը. տարեկան հաշվետվության հաստատումից հետո Բանկի շահույթը բաշխվում է Բանկի Խորհրդի որոշմամբ և կարող է ուղղվել պահուստային հիմնադրամի համալրմանը և այլ նպատակներին:
11. Բանկի գործունեության դադարեցումը. Բանկի գործունեությունը կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերի որոշմամբ:
12. Սույն Կանոնադրության մեջ լրացումներ ու փոփոխություններ կարող են կատարվել հատուկ արձանագրությունների ձևով` Պայմանավորվող բոլոր կողմերի համաձայնությամբ:
13. Բանկի կանոնադրությունը գրանցվում է Բանկի գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան: Բանկի կանոնադրությունը ուժի մեջ է գրանցման պահից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:
Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Կանոնադրությունը ստորագրած պետություններին կուղարկի վերջինիս հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 16-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|