Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 923-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.01.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.298
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 923-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 229 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրի 7-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման մասին» N 229 հրամանը:

2. Հաստատել վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը և ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու կամ դրանք մերժելու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությանը:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատու սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի հոկտեմբերի 29-ի

N 923-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վիճակախաղեր կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների (այսուհետ` Կազմակերպիչ) կողմից նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը լիազոր մարմնի հետ համաձայնեցման համար վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան՝ Կազմակերպիչը նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը, դրա բովանդակությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնեցմանը:

3. Կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում երկու օրինակից` ՀՀ ֆինանսների նախարարի կողմից հաստատված ձևով (N 2 Հավելված)։

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությանը (Այսուհետ` Գործակալություն):

5. Կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարություն թղթային, կամ փոստային, կամ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով secretariat@minfin.am էլեկտրոնային հասցեին, ընդ որում` էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում վիճակախաղի գովազդի բովանդակությունը պետք է ստորագրված լինի կազմակերպչի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։

6. Քարտուղարություն գրանցման (մուտքագրման) ամսաթիվը համարվում է վիճակախաղի գովազդի բովանդակության ներկայացման ամսաթիվ:

7. Կազմակերպչի կողմից ներկայացված վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնեցում տալու կամ մերժելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն` ներկայացված ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «Վիճակախաղերի մասին» ու «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին։

8. Գործակալությունը` վիճակախաղի գովազդի բովանդակությունը իրեն ներկայացնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ընդունում է որոշում վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու կամ մերժելու մասին և այդ մասին գրավոր տեղեկացնում Կազմակերպչին: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:

9. Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցում տալու կամ մերժելու գործընթացի իրականացման պատասխանատու է հանդիսանում Գործակալության խաղային գործի լիցենզավորման բաժինը:

10. Եթե Գործակալությունը ընդունել է վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպչին է առձեռն տրամադրվում լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի գովազդի մեկ օրինակը Գործակալության պետի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի կնիքով: Երկրորդ օրինակը՝ Կազմակերպչի կողմից առաջին օրինակի ստացման վերաբերյալ գրառումով և ստորագրությամբ պահվում է Գործակալությունում՝ Կազմակերպչի անհատական գործում կամ վիճակախաղի գովազդի բովանդակությունների պահման համար նախատեսված թղթապանակում: Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու մասին գրությամբ Կազմակերպչին տեղեկացվում է նաև, որ լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի գովազդի մեկ օրինակը կարող է առձեռն ստանալ Գործակալության խաղային գործի լիցենզավորման բաժնից ցանկացած աշխատանքային օր աշխատանքային ժամերի ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 01.12.14 թիվ 851-Ն)

11. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան՝ վիճակախաղի գովազդին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե այն`

1) հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

2) լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին.

3) պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ։

12. Վիճակաղաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում Լիազոր մարմինը գրավոր տեղեկացման մեջ նշում է մերժման հիմք հանդիսացած պատճառը(ները)` վկայակոչելով այն իրավական ակտը, որի ուժով մերժվում է: Վիճակախաղի գովազդի բովանդակությանը համաձայնություն տալը մերժելու դեպքում Կազմակերպչի կողմից ներկայացված Վիճակախաղի գովազդի բովանդակության օրինակները պահվում են Գործակալությունում՝ Կազմակերպչի անհատական գործում կամ վիճակախաղի գովազդի բովանդակությունների պահման համար նախատեսված թղթապանակում:

13. Վիճակախաղի կանոնակարգի` ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գովազդի բովանդակության վրա ազդող փոփոխությունների դեպքում կազմակերպիչը ՀՀ ֆինանսների նախարարության հաստատմանը նշված փոփոխությունները ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է գովազդի համապատասխանաբար փոփոխված տեքստը, որը քննարկվում է սույն կարգի դրույթներին համապատասխան՝ ընդհանուր հիմունքներով:

(հավելվածը փոփ. 01.12.14 թիվ 851-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի հոկտեմբերի 29-ի

N 923-Ն հրամանի

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների

նախարարի

20— թ. —————— -ի

N ——— հրամանով

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների

նախարարության հետ

«——» «——————» թ.

ՀՀ ֆինանսների նախարարության

աշխատակազմի լիցենզավորման

գործակալության պետ`

_______________ 

 

Վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնողի`

 

անվանումը __________________________________________________________

կազմակերպական-իրավական ձևը _______________________________________

վիճակախաղի անվանումը ______________________________________________

վիճակախաղի տեսակը ________________________________________________

իրավաբանական անձի գտնվելու վայրը __________________________________

հեռախոս ____________________________________________________________

 

Ստորև Ձեր համաձայնեցմանն ենք ներկայացնում

վիճակախաղի գովազդի բովանդակությունը`

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Վիճակախաղի գովազդի հրապարակման համար նախատեսվող ժամկետները (գործողության ժամկետը)

 

 

 

_____ ____________ 20 թ.

_______________________

ստորագրությունը