Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության
Անկախ Պետությունների Համագործակցությունում (այսուհետ` Համագործակցություն) կամավոր միավորված պետությունները,
հիմնվելով իրենց ժողովուրդների պատմական ընդհանրության և նրանց միջև ձևավորված կապերի վրա,
գործելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթներին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության այլ փաստաթղթերին համապատասխան,
ձգտելով ընդհանուր ջանքերով ապահովել իրենց ժողովորդների տնտեսական և սոցիալական առաջընթացը,
վճռականությամբ լի կյանքի կոչելու «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին» Համաձայնագրի, այդ Համաձայնագրին կից Արձանագրության, ինչպես նաև Ալմաթիի Հռչակագրի դրույթները,
զարգացնելով փոխհամագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև քաղաքացիական խաղաղության և միջազգային համաձայնության պահպանման նպատակով,
ցանկանալով պայմաններ ստեղծել մասնակից պետությունների բոլոր ժողովուրդների մշակույթների պահպանման և զարգացման համար,
ձգտելով կատարելագործել Համագործակցությունում համագործակցության մեխանիզմները և մեծացնել դրանց արդյունավետությունը,
որոշեցին ընդունել Համագործակցության Կանոնադրությունը և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Բաժին 1. Նպատակները և սկզբունքները
Հ ո դ վ ա ծ 1
Համագործակցությունը հիմնված է բոլոր նրա անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա: Անդամ պետությունները միջազգային իրավունքի ինքնուրույն և իրավահավասար սուբյեկտներ են:
Համագործակցությունը ծառայում է անդամ պետությունների միջև բարեկամության, բարիդրացիության, միջազգային համաձայնության, վստահության, փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը:
Համագործակցությունը պետություն չի և չունի վերազգային լիազորություններ:
Հ ո դ վ ա ծ 2
Համագործակցության նպատակներն են`
համագործակցության իրականացում քաղաքական, տնտեսական, էկոլոգիական, մարդասիրական, մշակութային և այլ բնագավառներում,
ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում անդամ պետությունների բազմակողմ և հավասարակշռված տնտեսական և սոցիալական զարգացում, միջպետական կոոպերացիա և ինտեգրացիա,
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին ու ԵԱՀԽ փաստաթղթերին համապատասխան,
համագործակցություն անդամ պետությունների միջև միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման բնագավառում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների վերացմանը, համընդհանուր և լրիվ զինաթափման հասնելուն ուղղված արդյունավետ միջոցների իրականացում,
աջակցություն անդամ պետությունների քաղաքացիներին միմյանց հետ ազատ կերպով հաղորդկցվելու, շփվելու և Համագործակցության տարածքով տեղաշարժվելու գործում,
փոխադարձ իրավական օգնություն և համագործակցություն իրավական հարաբերությունների այլ ոլորտներում,
Համագործակցության պետությունների միջև վեճերի և հակամարտությունների խաղաղ լուծում:
Հ ո դ վ ա ծ 3
Համագործակցության նպատակների ձեռքբերման համար, անդամ պետությունները, ելնելով միջազգային իրավունքի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հանրաճանաչ նորմերից, իրենց հարաբերությունները կառուցում են փոխկապակցված և համարժեք՝ ներքոհիշյալ սկզբունքներին համապատասխան.
անդամ պետությունների ինքնիշխանության, ժողովուրդների ինքնորոշման անբաժան իրավունքի և առանց արտաքին միջամտության իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի նկատմամբ հարգանքը,
պետական սահմանների անխախտելիությունը, գոյություն ունեցող սահմանների ճանաչումը և անօրինական տարածքային ձեռքբերումներից հրաժարումը,
պետությունների տարածքային ամբողջականությունը և օտար տարածքի մասնատմանն ուղղված ցանկացած գործողություններից հրաժարումը,
ուժի կամ ուժ կիրառելու սպառնալիքի չկիրառումը անդամ պետության քաղաքական անկախության դեմ,
վեճերի խաղաղ միջոցներով լուծումը այնպես, որ վտանգի տակ չդրվի միջազգային խաղաղությունը, անվտանգությունը և արդարությունը,
միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի գերակայությունը,
միմյանց ներքին և արտաքին գործերին չմիջամտելը,
բոլորի համար առանց ռասայի, էթնիկական պատկանելության, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների տարբերակման մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում,
Համագործակցության փաստաթղթերով, ներառյալ Կանոնադրությունը, իրենց վրա վերցված պարտավորությունների բարեխիղճ կատարում,
միմյանց և Համագործակցության շահերի հաշվառում, իրենց փոխհարաբերությունների բոլոր բնագավառներում, փոխադարձ համաձայնության հիման վրա, օգնության ցուցաբերում,
Համագործակցության անդամ պետությունների ժողովուրդների խաղաղ կենսապայմանների ստեղծման, նրանց քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի նպատակներով ջանքերի միավորում և օժանդակության ցուցաբերում,
փոխշահավետ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացում, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնում,
իրենց ժողովուրդների հոգևոր միավորում, որը հիմնվում է նրանց ինքնատիպության, մշակութային արժեքների և մշակութային փոխանակման բնագավառում սերտ համագործակցության նկատմամբ հարգանքի վրա:
Հ ո դ վ ա ծ 4
Անդամ պետությունների համատեղ գործունեության ոլորտներին, որը Համագործակցության շրջանակներում անդամ պետությունների ստանձնած պարտավորություններին համապատասխան իրագործվում է իրավահավասար հիմունքներով ընդհանուր համակարգող մարմինների միջոցով, վերաբերում են.
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում,
արտաքին քաղաքական գործունեության համակարգում,
համագործակցություն ընդհանուր տնտեսական տարածքի, ընդհանուր եվրոպական և եվրասիական շուկաների, մաքսային քաղաքականության ձևավորման ու զարգացման բնագավառներում,
համագործակցություն տրանսպորտի, կապի միջոցների զարգացման բնագավառներում,
առողջության և շրջակա միջավայրի պահպանություն,
սոցիալական և միգրացիոն քաղաքականության հարցեր,
պայքար կազմակերպված հանցավորության դեմ,
համագործակցություն պաշտպանական քաղաքականության և արտաքին սահմանների պահպանության բնագավառներում:
Սույն ցանկը կարող է լրացվել անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 5
Համագործակցության շրջանակներում միջպետական հարաբերությունների հիմնական իրավական հիմք են հանդիսանում անդամ պետությունների միջև փոխհարաբերությունների տարբեր բնագավառներում կնքված բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը:
Համագործակցության շրջանակներում կնքված համաձայնագրերը պետք է համապատասխանեն Համագործակցության նպատակներին և սկզբունքներին, սույն Կանոնադրությունից բխող անդամ պետությունների պարտավորություններին:
Հ ո դ վ ա ծ 6
Անդամ պետություններն օժանդակում են պետական մարմինների, հասարակական միավորումների, տնտեսական կառույցների միջև համագործակցությանը և կապերի զարգացմանը:
Բաժին 2. Անդամակցությունը
Հ ո դ վ ա ծ 7
Համագործակցության հիմնադիր պետությունները նրանք են, որոնք սույն Կանոնադրության ընդունման պահին ստորագրել և վավերացրել են 1991 թվականի դեկտեմբերի 8-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագիրը և դրան կից 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Արձանագրությունը:
Համագործակցության անդամ պետություններ հանդիսանում են այն հիմնադիր պետությունները, որոնք ստանձնում են սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները` պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից այն ընդունելուց մեկ տարվա ընթացքում:
Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ՝ Կանոնադրությանը միանալու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 8
Պետությունների ղեկավարների Խորհրդի որոշման հիման վրա Համագործակցությանը, որպես ասոցացված անդամ, կարող է միանալ այն պետությունը, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեության առանձին ձևերին` ասոցացված անդամակցության մասին համաձայնագրով սահմանվող պայմաններին համապատասխան:
Պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ Համագործակցության մարմինների նիստերին, որպես դիտորդ, կարող են ներկա լինել այլ պետությունների ներկայացուցիչներ:
Համագործակցության մարմինների աշխատանքներում ասոցացված անդամների և դիտորդների մասնակցության հարցերը կարգավորվում են այդ մարմինների ընթացակարգերի կանոններով:
Հ ո դ վ ա ծ 9
Անդամ պետությունը իրավունք ունի դուրս գալ Համագործակցությունից: Նման մտադրության մասին անդամ պետությունը դուրս գալուց 12 ամիս առաջ գրավոր ծանուցում է սույն Կանոնադրության ավանդապահին:
Սույն Կանոնադրությունում մասնակցության ժամանակամիջոցում ծագած պարտավորությունները կապում են համապատասխան պետություններին, մինչև դրանց լիակատար իրականացումը:
Հ ո դ վ ա ծ 10
Անդամ պետության կողմից սույն Կանոնադրության խախտումը, Համագործակցության շրջանակներում կնքված համաձայնագրերից բխող պարտավորությունների կամ Համագործակցության մարմինների որոշումների չկատարումը քննության են առնվում պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից:
Նման պետության հանդեպ կարող են կիրառվել միջազգային իրավունքով թույլատրելի միջոցներ:
Բաժին 3. Հավաքական անվտանգություն և ռազմաքաղաքական համագործակցություն
Հ ո դ վ ա ծ 11
Անդամ պետությունները համաձայնեցված քաղաքականություն են վարում միջազգային անվտանգության, զինաթափման և սպառազինությունների վերահսկման, զինված ուժերի կառուցման բնագավառներում և Համագործակցությունում պահպանում են անվտանգությունը, այդ թվում` ռազմական դիտորդների խմբերի և խաղաղության պահպանության հավաքական ուժերի օգնությամբ:
Հ ո դ վ ա ծ 12
Մեկ կամ մի քանի անդամ պետությունների ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի ծագման դեպքում անդամ պետությունները անմիջապես գործողության մեջ են ներդնում փոխադարձ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքորոշումների համակարգման և ծագած սպառնալիքի վերացման համար միջոցների ընդունման նպատակով, ներառյալ խաղաղարար գործողությունները և, անհրաժեշտության դեպքում, զինված ուժերի կիրառումը` ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:
Զինված ուժերի համատեղ կիրառման մասին որոշումը ընդունում են Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհուրդը կամ Համագործակցության շահագրգիռ անդամ պետությունները` հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունները:
Հ ո դ վ ա ծ 13
Յուրաքանչյուր անդամ պետություն ձեռնարկում է պատշաճ միջոցներ Համագործակցության անդամ պետությունների արտաքին սահմաններում կայուն վիճակ ապահովելու համար: Փոխադարձ համաձայնության հիման վրա, անդամ պետությունները համակարգում են սահմանապահ զորքերի և այլ իրավասու ծառայությունների գործունեությունը, որոնք հսկողություն են իրականացնում և պատասխանատվություն կրում անդամ պետությունների արտաքին սահմանների հատման սահմանված կարգի պահպանման համար:
Հ ո դ վ ա ծ 14
Պաշտպանության և արտաքին սահմանների պահպանության հարցերով Համագործակցության բարձրագույն մարմինն է պետությունների ղեկավարների Խորհուրդը: Համագործակցության ռազմատնտեսական քաղաքականության համակարգումը իրականացնում է Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը:
Միջազգային համաձայնագրերի իրականացման և անվտանգության ու զինաթափման բնագավառում այլ հարցերի լուծման գործում անդամ պետությունների փոխգործակցությունը կազմակերպվում է համատեղ խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 15
Անդամ պետությունների ռազմաքաղաքական համագործակցության կոնկրետ հարցերը կարգավորվում են հատուկ համաձայնագրերով:
Բաժին 4. Հակամարտությունների կանխարգելումը և վեճերի լուծումը
Հ ո դ վ ա ծ 16
Անդամ պետությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները հակամարտությունների, առաջին հերթին միջազգային և միջկոնֆեսիոնալ հողի վրա ծագած, կանխարգելման համար, որոնք կարող են առաջ բերել մարդու իրավունքների խախտում:
Նրանք, փոխհամաձայնության հիման վրա, միմյանց օգնություն են ցուցաբերում նման հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հ ո դ վ ա ծ 17
Համագործակցության անդամ պետությունները ձեռնպահ կմնան գործողություններից, որոնք ընդունակ են վնաս հասցնել այլ անդամ պետություններին և հանգեցնել հնարավոր վեճերի սրմանը:
Անդամ պետությունները բարեխղճորեն և համագործակցության ոգով ջանքեր կգործադրեն իրենց վեճերի արդար խաղաղ լուծման համար` բանակցությունների միջոցով կամ ձգտելով վեճի կարգավորման այլընտրանքային ընթացակարգերի մասին պայմանավորվածության:
Եթե անդամ պետությունները վեճը չեն լուծում սույն հոդվածի երկրորդ մասում նշված միջոցների օգնությամբ, ապա նրանք կարող են փոխանցել վեճը պետությունների ղեկավարների Խորհրդի քննությանը:
Հ ո դ վ ա ծ 18
Պետությունների ղեկավարների Խորհուրդը իրավասու է վեճի ցանկացած փուլում, որի շարունակությունը կարող է սպառնալ Համագործակցությունում խաղաղության կամ անվտանգության պահպանմանը, առաջարկել Կողմերին դրա կարգավորման պատշաճ ընթացակարգ կամ մեթոդներ:
Բաժին 5. Համագործակցություն տնտեսական, սոցիալական և իրավական բնագավառներում
Հ ո դ վ ա ծ 19
Անդամ պետությունները համագործակցում են տնտեսական և սոցիալական բնագավառներում՝ հետևյալ ուղղություններով.
շուկայական հարաբերությունների և ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման հիման վրա ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորում,
սոցիալական քաղաքականության համակարգում, համատեղ սոցիալական ծրագրերի և տնտեսական բարեփոխումների անցկացման հետ կապված սոցիալական լարվածության նվազեցմանն ուղղված միջոցների մշակում,
տրանսպորտի և կապի, ինչպես նաև էներգետիկ համակարգերի զարգացում,
ֆինանսավարկային քաղաքականության համակարգում,
անդամ պետությունների առևտրատնտեսական կապերի զարգացման օժանդակություն,
ներդրումների խրախուսում և փոխադարձ պաշտպանություն,
օժանդակություն արդյունաբերական արտադրանքի և ապրանքների ստանդարտացմանն ու սերտիֆիկացմանը,
մտավոր սեփականության իրավական պաշտպանություն,
օժանդակություն ընդհանուր տեղեկատվական դաշտի զարգացմանը,
համատեղ բնապահպանական միջոցառումների իրականացում, էկոլոգիական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,
գիտության և տեխնիկայի, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացում:
Հ ո դ վ ա ծ 20
Անդամ պետությունները համագործակցում են իրավունքի բնագավառում, մասնավորապես՝ կնքելով իրավական օգնության ցուցաբերման վերաբերյալ բազմակողմ և երկկողմ պայմանագրեր և նպաստում են ազգային օրենսդրությունների մերձեցմանը:
Անդամ պետությունների ազգային օրենսդրությունների նորմերի միջև հակասությունների դեպքում, որոնք կարգավորում են համատեղ գործունեության ոլորտներում հարաբերությունները, անդամ պետությունները խորհրդակցություններ և բանակցություններ են անցկացնում` այդ հակասությունների վերացման համար առաջարկությունների մշակման նպատակով:
Բաժին 6. Համագործակցության մարմինները Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը
Հ ո դ վ ա ծ 21
Համագործակցության բարձրագույն մարմինն է պետությունների ղեկավարների Խորհուրդը:
Պետությունների ղեկավարների Խորհուրդը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված են բոլոր անդամ պետությունները, քննարկում և որոշում է իրենց ընդհանուր շահերի ոլորտում անդամ պետությունների գործունեության հետ կապված սկզբունքային հարցերը:
Պետությունների ղեկավարների Խորհուրդը նիստի է հավաքվում տարին երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել անդամ պետություններից մեկի նախաձեռնությամբ:
Հ ո դ վ ա ծ 22
Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը համակարգում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների համագործակցությունը ընդհանուր շահերի տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում:
Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը նիստի է հավաքվում տարին չորս անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել անդամ պետություններից մեկի Կառավարության նախաձեռնությամբ:
Հ ո դ վ ա ծ 23
Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումները ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ` միաձայնությամբ: Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես որոշման ընդունման համար խոչընդոտ:
Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը կարող են անցկացնել համատեղ նիստեր:
Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի աշխատանքի կարգը կարգավորվում է ընթացակարգի Կանոններով:
Հ ո դ վ ա ծ 24
Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերում, հաջորդաբար, նախագահում են պետությունների ղեկավարները և Կառավարությունների ղեկավարները՝ Համագործակցության անդամ պետությունների անվանումների ռուսական այբբենական կարգով:
Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերը, որպես կանոն, անց են կացվում Մինսկ քաղաքում:
Հ ո դ վ ա ծ 25
Պետությունների ղեկավարների Խորհուրդը և Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը ստեղծում են աշխատանքային և օժանդակ մարմիններ` ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հիմունքներով:
Այդ մարմինները ձևավորվում են անդամ պետությունների համապատասխան լիազորություններով օժտված ներկայացուցիչներից:
Այդ նիստերին մասնակցելու համար կարող են ներգրավվել փորձագետներ և խորհրդատուներ:
Հ ո դ վ ա ծ 26
Համագործակցության առանձին բնագավառներում հարցերի լուծման և պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի համար առաջարկությունների մշակման համար հրավիրվում են համապատասխան պետական մարմինների ղեկավարների խորհրդակցություններ:
Արտաքին գործերի նախարարների Խորհուրդ
Հ ո դ վ ա ծ 27
Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների հիման վրա իրականացնում է անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, ներառյալ նրանց գործունեությունը միջազգային կազմակերպություններում, և կազմակերպում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային քաղաքականության հարցերով խորհրդակցություններ:
Արտաքին գործերի նախարարների Խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է պետությունների ղեկավարների Խորհրդի հաստատած Կանոնակարգին համապատասխան:
Համակարգող-խորհրդակցական Կոմիտե
Հ ո դ վ ա ծ 28
Համակարգող-խորհրդակցական Կոմիտեն Համագործակցության մշտապես գործող գործադիր և համակարգող մարմին է:
Ի կատարումն պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների, Կոմիտեն.
առաջարկություններ է մշակում և ներկայացնում Համագործակցության շրջանակներում համագործակցության, սոցիալ-տնտեսական կապերի զարգացման հարցերով,
օժանդակում է տնտեսական փոխհարաբերությունների կոնկրետ ուղղություններով պայմանավորվածությունների իրականացմանը,
Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերին ներկայացնելու համար փաստաթղթերի նախագծերի պատրաստման համար կազմակերպում է ներկայացուցիչների և փորձագետների խորհրդակցություններ,
ապահովում է պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերի անցկացումը,
օժանդակում է Համագործակցության այլ մարմինների աշխատանքներին:
Հ ո դ վ ա ծ 29
Համակարգող-խորհրդակցական Կոմիտեն բաղկացած է Համագործակցության անդամ պետություններից յուրաքանչյուրից երկուական մշտական լիազոր ներկայացուցիչներից և պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից նշանակած Կոմիտեի համակարգողից:
Պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և Համագործակցության այլ մարմինների աշխատանքների կազմակերպչատեխնիկական ապահովման համար Համակարգող-խորհրդակցական Կոմիտեին կից գոյություն ունի Քարտուղարություն, որը ղեկավարում է Համակարգող-խորհրդակցական Կոմիտեի նախագահի տեղակալը` Կոմիտեի համակարգողը:
Կոմիտեն գործում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած Կանոնակարգին համապատասխան:
Կոմիտեի նստավայրն է Մինսկ քաղաքը:
Պաշտպանության նախարարների խորհուրդ Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարություն
Հ ո դ վ ա ծ 30
Պաշտպանության նախարարների խորհուրդը հանդիսանում է անդամ պետությունների ռազմական քաղաքականության և ռազմական շինարարության հարցերով պետությունների ղեկավարների Խորհրդի մարմին:
Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը իրականացնում է Միացյալ զինված ուժերի, ինչպես նաև ռազմական դիտորդների խմբերի և Համագործակցությունում խաղաղության պահպանության հավաքական ուժերի ղեկավարումը:
Պաշտպանության նախարարների խորհուրդը և Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը իրենց գործունեությունը իրականացնում են պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած համապատասխան Կանոնակարգի հիման վրա:
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ
Հ ո դ վ ա ծ 31
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը հանդիսանում է անդամ պետությունների արտաքին սահմանների պահպանության և այդ սահմաններում կայուն իրավիճակի ապահովման հարցերով պետությունների ղեկավարների Խորհրդի մարմին:
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատած համապատասխան Կանոնակարգի հիման վրա:
Տնտեսական դատարան
Հ ո դ վ ա ծ 32
Տնտեսական դատարանը գործում է Համագործակցության շրջանակներում տնտեսական պարտավորությունների կատարման ապահովման նպատակով:
Տնտեսական դատարանի վարույթին են վերաբերում տնտեսական պարտավորությունների կատարման ժամանակ ծագող վեճերի լուծումը: Դատարանը կարող է լուծել և այլ վեճեր, որոնք նրա վարույթին են հանձնվում անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրերով:
Տնտեսական դատարանը իրավասու է մեկնաբանել տնտեսական հարցերով Համագործակցության համաձայնագրերի և այլ ակտերի դրույթները:
Տնտեսական դատարանը իր գործունեությունն իրականացնում է Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին Համաձայնագրին և պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատված Դատարանի մասին Կանոնադրությանը համապատասխան:
Տնտեսական դատարանի նստավայրն է Մինսկ քաղաքը:
Մարդու իրավունքների հանձնաժողով
Հ ո դ վ ա ծ 33
Մարդու իրավունքների հանձնաժողովը Համագործակցության խորհրդակցական մարմին է և հետևում է Համագործակցության շրջանակներում մարդու իրավունքների վերաբերյալ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Հանձնաժողովը բաղկացած է Համագործակցության անդամ պետությունների ներկայացուցիչներից և գործում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից հաստատված Կանոնակարգին համապատասխան:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նստավայրը Մինսկ քաղաքն է:
Ճյուղային համագործակցության մարմիններ
Հ ո դ վ ա ծ 34
Տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համագործակցության մասին անդամ պետությունների միջև կնքվող համաձայնագրերի հիման վրա կարող են հիմնվել ճյուղային համագործակցության մարմիններ, որոնք իրականացնում են նման համագործակցության համաձայնեցված սկզբունքների և կանոնների մշակում և օժանդակում են դրանց պրակտիկ իրագործմանը:
Ճյուղային համագործակցության մարմինները (խորհուրդները, կոմիտեները) կատարում են սույն Կանոնադրությունում և նրանց մասին կանոնակարգերում նախատեսված գործառույթներ` ապահովելով բազմակողմ հիմունքներով համապատասխան բնագավառներում համագործակցության հարցերի քննարկում և լուծում:
Ճյուղային համագործակցության մարմինների կազմի մեջ մտնում են անդամ պետությունների գործադիր իշխանության համապատասխան մարմինների ղեկավարները:
Ճյուղային համագործակցության մարմինները իրենց իրավասության շրջանակներում ընդունում են երաշխավորականներ, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում պետությունների ղեկավարների Խորհրդի քննության են ներկայացնում առաջարկություններ:
Համագործակցության աշխատանքային լեզուն
Հ ո դ վ ա ծ 35
Համագործակցության աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Բաժին 7. Միջխորհրդարանական համագործակցություն
Հ ո դ վ ա ծ 36
Միջխորհրդարանական ասամբլեան անց է կացնում միջխորհրդարանական խորհրդակցություններ, քննարկում է Համագործակցության շրջանակներում համագործակցության հարցեր, ազգային խորհրդարանների գործունեության ոլորտում մշակում է համատեղ առաջարկություններ:
Հ ո դ վ ա ծ 37
Միջխորհրդարանական ասամբլեան կազմված է խորհրդարանական պատվիրակություններից:
Միջխորհրդարանական ասամբլեայի գործունեության կազմակերպումը իրականացնում է Ասամբլեայի խորհուրդը, որը բաղկացած է խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից:
Միջխորհրդարանական ասամբլեայի գործունեության ընթացակարգային հարցերը կարգավորվում են նրա Կանոնակարգով:
Միջխորհրդարանական ասամբլեայի նստավայրն է Սանկտ Պետերբուրգ քաղաքը:
Բաժին 8. Ֆինանսավորում
Հ ո դ վ ա ծ 38
Համագործակցության մարմինների գործունեության ֆինանսավորման ծախսերը բաշխվում են անդամ պետությունների բաժնեմասային հիմունքներով և սահմանվում Համագործակցության մարմինների բյուջեների մասին հատուկ համաձայնագրերին համապատասխան:
Համագործակցության մարմինների բյուջեները Կառավարությունների ղեկավարների Խորհրդի ներկայացմամբ հաստատում է պետությունների ղեկավարների Խորհուրդը:
Հ ո դ վ ա ծ 39
Համագորածկցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության հարցերը քննարկվում են պետությունների ղեկավարների Խորհրդի սահմանած կարգով:
Հ ո դ վ ա ծ 40
Համագործակցության խորհրդակցությունների և մարմինների աշխատանքներում անդամ պետությունների ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների և խորհրդատուների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են անդամ պետությունները:
Բաժին 9. Եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 41
Սույն Կանոնադրությունը հիմնադիր պետությունների կողմից ենթակա է վավերացման, նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:
Վավերագրերը ի պահ են հանձնվում Բելառուսի Հանրապետության կառավարությանը, որը յուրաքանչյուր ի պահ տրված վավերագրի մասին կծանուցի մյուս հիմնադիր պետություններին:
Սույն Կանոնադրությունը բոլոր հիմնադիր պետությունների համար ուժի մեջ է մտնում բոլոր հիմնադիր պետությունների կողմից վավերագրերի ի պահ հանձնման օրվանից կամ իրենց վավերագրերը հանձնած հիմնադիր պետությունների համար` սույն Կանոնադրությունն ընդունելուց մեկ տարի հետո:
Հ ո դ վ ա ծ 42
Սույն Կանոնադրության մեջ ուղղումներ կարող են առաջարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Առաջարկված ուղղումները քննության են առնվում պետությունների ղեկավարների Խորհրդի ընթացակարգային կանոններին համապատասխան:
Սույն Կանոնադրության ուղղումներն ընդունում է պետությունների ղեկավարների Խորհուրդը: Դրանք ուժի մեջ են մտնում բոլոր անդամ պետությունների կողմից իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան վավերացնելուց հետո Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից վերջին վավերագիրը ստանալու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 43
Համագործակցության հիմնադիր պետությունները կարող են սույն Կանոնադրության վավերացման ժամանակ 3-րդ, 4-րդ և 7-րդ բաժինների և 28-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածների վերաբերյալ վերապահումներ և հայտարարություններ կատարել:
Հ ո դ վ ա ծ 44
Սույն Կանոնադրությունը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 45
Սույն Կանոնադրությունը կազմված է մեկ օրինակով՝ Համագործակցության հիմնադիր պետությունների պետական լեզուներով: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը բոլոր հիմնադիր պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:
Սույն Կանոնադրությունը ընդունվել է 1993 թվականի հունվարի 22-ին՝ Մինսկում կայացած պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ:
*Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 16-ից: