Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (21.12.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունման ամսաթիվ
22.01.1993
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
22.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1994

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և  իրավական հարաբերությունների մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ՝ սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,

ելնելով Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին և նրանց տարածքներում բնակվող անձանց անձնական և գույքային իրավունքների կապակցությամբ Պայմանավորվող բոլոր կողմերում նույնպիսի իրավական պաշտպանություն ապահովելու ձգտումից, ինչպիսին սեփական քաղաքացիներինն է,

կարևոր նշանակություն տալով արդարադատության մարմինների կողմից քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու ասպարեզում համագործակցության զարգացմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Բաժին 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Մ ա ս  1

 

Իրավական պաշտպանություն

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Իրավական պաշտպանության տրամադրումը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող անձինք‚ մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքներում իրենց անձնական և գույքային իրավունքների կապակցությամբ օգտվում են նույնպիսի իրավական պաշտպանությունից, ինչպիսին տվյալ Պայմանավորվող կողմի սեփական քաղաքացիներինն է:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող անձինք‚ իրավունք ունեն ազատ ու անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն և այլ մարմիններ (այսուհետ՝ արդարադատության մարմիններ), որոնց իրավասությանն են պատկանում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը, կարող են հանդես գալ այդ մարմիններում, ներկայացնել միջնորդություններ, հարուցել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ազատումը տուրքերի մուծումից և ծախսերի հատուցումից

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները և նրա տարածքում բնակվող անձինք ազատվում են դատական և նոտարական տուրքերի մուծումից և ծախսերի փոխհատուցումից, ինչպես նաև օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից նույն պայմաններով, ինչ սեփական քաղաքացիները:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունները տարածվում են տվյալ գործով իրականացվող բոլոր դատավարական գործողությունների, ներառյալ որոշման կատարման, վրա:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը

 

1. 2-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները տրամադրվում են միջնորդությունը հարուցած անձի ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթուղթը տրվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում դիմողն ունի բնակության կամ գտնվելու վայր:

2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմերի տարածքում չունի բնակության կամ գտնվելու վայր, ապա բավական է ներկայացնել համապատասխան Պայմանավորվող Կողմի, որի քաղաքացին է նա, դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական մարմնի կողմից տրված փաստաթուղթը:

3. Արտոնություններ տրամադրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող հաստատությունը կարող է փաստաթուղթը տված մարմնից պահանջել լրացուցիչ տվյալներ կամ անհրաժեշտ բացատրություններ:

 

Մ ա ս  2

 

Իրավական օգնություն

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Իրավական օգնություն ցույց տալը

 

1. Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Արդարադատության մարմինները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև այլ մարմինների:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Հաղորդակցման կարգը

 

Սույն Կոնվենցիան կատարելիս՝ Պայմանավորվող կողմերի արդարադատության իրավասու մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հաղորդակցման այլ կարգ չի սահմանված:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Իրավական օգնության ծավալը

 

Պայմանավորվող կողմերը միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու, մասնավորապես, փաստաթղթեր կազմելու և փոխանցելու, խուզարկության, իրեղեն ապացույցներ առգրավելու, փոխանցելու և հանձնելու, փորձաքննություն անցկացնելու, կողմերի, մեղադրյալների, վկաների, փորձագետների հարցաքննության, հանցագործություն կատարած անձանց դեմ քրեական հետապնդում հարուցելու, նրանց հետախուզման ու հանձնման, քաղաքացիական գործերով դատական որոշումների և քաղաքացիական հայցի մասով՝ դատավճիռների, կատարողական մակագրությունների ճանաչման և կատարման, ինչպես նաև փաստաթղթերի հանձնման միջոցով:

Հ ո դ վ ա ծ  7

 

Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարականի բովանդակությունն ու ձևը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարականում պետք է նշվեն՝

ա) հարցվող մարմնի անվանումը,

բ) հարցնող մարմնի անվանումը,

գ) գործի անվանումը, որի կապակցությամբ իրավական օգնություն է հայցվում,

դ) կողմերի, վկաների, կասկածյալների, ամբաստանյալների, դատապարտյալների կամ տուժողների անուններն ու ազգանունները, նրանց բնակության կամ գտնվելու վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքը, իսկ քրեական գործերով՝ նաև ծննդյան վայրն ու ամսաթիվը և, հնարավորության դեպքում, ծնողների անուններն ու ազգանունները, իրավաբանական անձանց համար՝ դրանց անվանումն ու գտնվելու վայրը,

ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում՝ նրանց անունները, ազգանուններն ու հասցեները,

զ) հանձնարարականի բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ,

է) քրեական գործերով՝ նաև կատարված արարքի նկարագրությունն ու որակումը և տվյալներ վնասի չափերի վերաբերյալ, եթե այն պատճառվել է արարքի հետևանքով:

2. Փաստաթուղթը հանձնելու մասին հանձնարարականում պետք է նաև նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը:

3. Հանձնարարականը պետք է ստորագրվի և ամրագրվի հարցնող մարմնի զինանշանային կնիքով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կատարման կարգը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարություն կատարելիս հարցվող մարմինը կիրառում է իր երկրի օրենսդրությունը: Հարցնող մարմնի խնդրանքով նա կարող է կիրառել նաև հարցնող Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, եթե միայն դրանք չեն հակասում հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը:

2. Եթե հարցվող մարմինն իրավասու չէ կատարելու հանձնարարականը, նա այն ուղարկում է իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում հարցնող մարմնին:

3. Հարցնող մարմնի խնդրանքով հարցվող մարմինը նրան և շահագրգիռ կողմերին ժամանակին տեղեկացնում է հանձնարարության կատարման ժամանակի և վայրի մասին, որպեսզի նրանք, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, կարողանան ներկա գտնվել հանձնարարության կատարմանը:

4. Այն դեպքում, երբ հանձնարարականում նշված անձի ճշգրիտ հասցեն անհայտ է, հարցվող մարմինը, այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նա գտնվում է, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հասցեն պարզելու համար:

5. Հանձնարարության կատարումից հետո հարցվող մարմինը փաստաթղթերը վերադարձնում է հարցնող մարմնին. այն դեպքում, երբ իրավական օգնություն ցուցաբերելը հնարավոր չէ, նա միաժամանակ տեղեկացնում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հանձնարարության կատարմանը, և փաստաթղթերը վերադարձնում է հարցնող մարմնին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Վկաներին, տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին կանչելը

 

1. Վկան, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետը, որը հարցվող Պայմանավորվող կողմի մարմնի հանձնած կանչով ներկայանում է հարցնող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմին, չի կարող, անկախ իր քաղաքացիությունից, վերջինիս տարածքում քրեական կամ վարչական պատասխանատվության կանչվել, ձերբակալվել և պատժի ենթարկվել այն արարքի համար, որը կատարել է մինչև վերջինիս պետական սահմանը հատելը: Նման անձինք չեն կարող նաև պատասխանատվության կանչվել, ձերբակալվել կամ պատժի ենթարկվել քննության առարկա քրեական գործով իրենց վկայությունների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների առնչությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կորցնում են այդ կետով նախատեսված երաշխիքը, եթե նրանք հարցնող Պայմանավորվող կողմի տարածքը չեն լքում, թեև դրա հնարավորությունն ունեն, 15 օրվա ընթացքում այն օրից, երբ հարցնող արդարադատության մարմինը հայտնում է նրանց, որ այդուհետ նրանց ներկայության անհրաժեշտությունը չկա: Այդ ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձինք, ոչ իրենց մեղքով, չեն կարողացել լքել հարցնող Պայմանավորվող կողմի տարածքը:

3. Հարցնող Պայմանավորվող կողմը վկային, փորձագետին, ինչպես նաև տուժողին և նրա օրինական ներկայացուցչին փոխհատուցում է այդ պետությունում գտնվելու և ուղևորության հետ կապված ծախսերը, ինչպես նաև չաշխատած օրերի աշխատավարձը. փորձագետն ունի նաև կատարած փորձագիտության համար պարգևատրության իրավունք: Կանչում պետք է նշվի, թե ինչ վճարումներ ստանալու իրավունք ունեն կանչված անձինք. հարցնող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինը նրանց միջնորդությամբ համապատասխան ծախսերը հոգալու կանխավճար է տալիս:

4. Պայմանավորվող մի կողմի տարածքում բնակվող վկային կամ փորձագետին Պայմանավորվող մյուս կողմի արդարադատության մարմին ներկայանալու մասին կանչը չպետք է պարունակի չներկայանալու դեպքում հարկադրանքի միջոցներ կիրառելու սպառնալիք:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Փաստաթղթերի հանձնման վերաբերյալ հանձնարարականը

 

1. Հարցվող արդարադատության մարմինը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է իր պետությունում գործող կարգին համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը գրված են իր լեզվով կամ ռուսերենով, կամ էլ դրանց կցված է հաստատված թարգմանություն այդ լեզուներով: Հակառակ դեպքում, նա այդ փաստաթղթերը հանձնում է ստացողին, եթե վերջինս համաձայն է դրանք կամավոր ընդունել:

2. Եթե փաստաթղթերը չեն կարող հանձնվել ըստ հանձնարարականում նշված հասցեի, հարցվող արդարադատության մարմինը, իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հասցեն պարզելու համար: Եթե հարցվող արդարադատության մարմնի կողմից հասցեն պարզելն անհնարին է, նա այդ մասին ծանուցում է հարցնող մարմնին և նրան է վերադարձնում հանձնման ենթակա փաստաթղթերը:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Փաստաթղթերի հանձնման հաստատումը

 

Փաստաթղթերի հանձնումը հավաստվում է փաստաթուղթն ստացող անձի կողմից ստորագրված և հարցվող մարմնի պաշտոնական կնիքով ամրագրված, հանձնման ամսաթվի նշումն ու փաստաթուղթը հանձնող մարմնի աշխատակցի ստորագրությունը բովանդակող հաստատագրով կամ այդ մարմնի կողմից տրված այլ փաստաթղթով, որում պետք է նշվեն հանձնման ձևը, վայրն ու ժամանակը:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական մարմինների իրավասությունները

 

1. Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն իրենց քաղաքացիներին փաստաթղթեր հանձնելու դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների միջոցով:

2. Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն, իրենց իրավասու մարմինների հանձնարարությամբ, հարցաքննել սեփական քաղաքացիներին դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում չի կարելի գործադրել հարկադրանքի միջոցներ կամ դրանք գործադրելու սպառնալիք:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Փաստաթղթերի վավերականությունը

 

1. Փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում պատրաստվել կամ վավերացվել են մարմնի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից՝ իրենց իրավասությունների շրջանակներում ու սահմանված ձևով, և ամրագրված են զինանշանային կնիքով, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հավաստագրի:

2. Փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դիտվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, Պայմանավորվող մյուս կողմերի տարածքներում օգտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժից:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Քաղաքացիական կացության մասին փաստաթղթերի և այլ փաստաթղթերի առաքումը

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, խնդրանքի դեպքում, առանց թարգմանության և անվճար, միմյանց առաքել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականներ, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հարցնող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական կամ գույքային իրավունքներին ու շահերին:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Իրավական հարցերով տեղեկատվություն

 

Պայմանավորվող կողմերի արդարադատության կենտրոնական մարմինները, խնդրանքի դեպքում, միմյանց տրամադրում են տեղեկություններ իրենց տարածքներում գործող կամ գործած ներպետական օրենսդրության և արդարադատության մարմինների կողմից դրա կիրառման պրակտիկայի վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Հասցեների և այլ տվյալների պարզում

 

1. Պայմանավորվող կողմերը, խնդրանքի դեպքում, իրենց օրենսդրությանը համապատասխան, միմյանց օգնություն են ցուցաբերում իրենց տարածքում բնակվող անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է սեփական քաղաքացիների իրավունքների իրականացման համար: Ընդ որում, հարցնող Պայմանավորվող կողմը խնդրանքում նշված անձի հասցեն պարզելու համար հաղորդում է իր ունեցած տվյալները:

2. Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները միմյանց օգնություն են ցուցաբերում հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող այն անձանց աշխատավայրն ու եկամուտները պարզելու գործում, որոնց նկատմամբ հարցնող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմիններում ներկայացված են քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով գույքային պահանջներ:

Հ ո դ վ ա ծ  17

 

Լեզուն

 

Սույն Կոնվենցիայի կատարման ժամանակ Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են Պայմանավորվող կողմերի պետական լեզուներով կամ ռուսաց լեզվով:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը

 

Հարցվող Պայմանավորվող կողմը չի պահանջի իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերի փոխհատուցում: Պայմանավորվող կողմերն իրենք են հոգում իրենց տարածքներում իրավական օգնություն ցույց տալու հետ կապված բոլոր ծախսերը:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Իրավական օգնություն ցույց տալը մերժելը

 

Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել հարցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, կամ հակասում է նրա օրենսդրությանը:

 

Բաժին 2

 

Քաղաքացիական և ընտանեկան գործերով իրավական հարաբերությունները

 

Մ ա ս  1

 

Իրավասություն

 

Հոդված 20

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Եթե սույն բաժնի 2-ից 5-րդ մասերում չի սահմանված այլ բան, ապա Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ, անկախ նրանց քաղաքացիությունից, հայցերը հարուցվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններում, իսկ իրավաբանական անձանց դեմ հայցերը հարուցվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում գտնվում է տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը:

Եթե գործին մասնակցում են տարբեր Պայմանավորվող կողմերի տարածքներում բնակության (գտնվելու) վայր ունեցող մի քանի պատասխանողներ, ապա, հայցվորի ընտրությամբ, վեճը քննվում է ըստ ցանկացած պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի:

2. Պայմանավորվող կողմի դատարաններն իրավասու են նաև այն դեպքերում, եթե նրա տարածքում՝

ա) պատասխանողի ձեռնարկությունը (մասնաճյուղը) իրականացնում է առևտուր, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեություն,

բ) կատարված է կամ պետք է լրիվ կամ մասնակի կատարվի պայմանագրից բխող վեճի առարկա որևէ պարտավորություն,

գ) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով հայցվորն ունի մշտական բնակության կամ գտնվելու վայր:

3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը բացառապես ընդդատյա են գույքի գտնվելու վայրի դատարաններին:

Բեռների, ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող հայցերը փոխադրողների դեմ ներկայացվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության կառավարչության գտնվելու վայրի, որի նկատմամբ, սահմանված կարգով, պահանջ է ներկայացվել:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Պայմանագրային ընդդատություն

 

1. Պայմանավորվող կողմի դատարանները կարող են քննել գործերը նաև այլ դեպքերում, եթե առկա է կողմերի գրավոր համաձայնությունը վեճն այդ դատարաններին հանձնելու վերաբերյալ:

Ընդ որում, 20-րդ հոդվածի 3-րդ կետից և սույն բաժնի 2-ից 5-րդ մասերով սահմանված այլ նորմերից, ինչպես նաև համապատասխան Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունից բխող բացառիկ իրավասությունը չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

2. Վեճի փոխանցման վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում դատարանը, պատասխանողի դիմումի հիման վրա, դադարեցնում է գործի քննությունը:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Դատավարությունների փոխկապվածությունը

 

1. Այն դեպքում, երբ երկու Պայմանավորվող կողմերի՝ սույն Կոնվենցիային համապատասխան իրավասու դատարաններում հարուցվում է վարույթ միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի շուրջ, միևնույն հիմքերով, գործն ավելի ուշ հարուցած դատարանը վարույթը կարճում է:

2. Հակընդդեմ հայցը և հաշվանցման վերաբերյալ պահանջը, որոնք բխում են նույն իրավահարաբերությունից, ինչ և հիմնական հայցը, ենթակա են քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը:

 

Մ ա ս  2

 

Անձնական կարգավիճակը

 

Հոդված 23

 

Իրավունակությունը և գործունակությունը

 

1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է տվյալ անձը:

2. Քաղաքացիություն չունեցող անձի գործունակությունը որոշվում է այն երկրի իրավունքով, որտեղ նա մշտական բնակության վայր ունի:

3. Իրավաբանական անձի իրավունակությունը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որի օրենքներով այն հիմնադրվել է:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը:

Գործունակության վերականգնումը

 

1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող մի կողմի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող և Պայմանավորվող մյուս կողմի քաղաքացի հանդիսացող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերը, նա այդ մասին տեղեկացնում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է տվյալ անձը:

3. Եթե այն Պայմանավորվող կողմի դատարանը, որը տեղեկացվել է սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, երեք ամսվա ընթացքում դատաքննություն չի սկսում կամ իր կարծիքը չի հաղորդում, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննում է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տվյալ քաղաքացին ունի մշտական բնակության վայր: Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի քաղաքացին է տվյալ անձը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները կիրառվում են, համապատասխանաբար, նաև գործունակության վերականգնման նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը:

Մահվան փաստի հաստատումը

 

1. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինները, որի քաղաքացին է հանդիսացել տվյալ անձն այն ժամանակ, երբ նա, ըստ վերջին տվյալների, ողջ է եղել, իսկ այլ անձանց նկատմամբ՝ անձի վերջին բնակության վայրի արդարադատության մարմինները:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի արդարադատության մարմինները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն և նրա տարածքում բնակվող այլ անձի ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած, ինչպես նաև հաստատել նրա մահվան փաստը՝ տվյալ կողմի տարածքում բնակվող շահագրգիռ անձանց միջնորդությամբ, որոնց իրավունքներն ու շահերը հիմնված են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա:

3. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերը քննության առնելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության մարմինները կիրառում են իրենց պետության օրենսդրությունը:

 

Մ ա ս  3

 

Ընտանեկան գործերը

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Ամուսնադրություն

 

Ապագա ամուսիններից յուրաքանչյուրի համար ամուսնադրության պայմանները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որը նրանց մշտական բնակության վայրն է: Բացի այդ, ամուսնադրության արգելքների առնչությամբ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում կնքվում է ամուսնությունը:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Ամուսինների իրավահարաբերությունները

 

1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր:

2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիներն են նրանք:

3. Եթե ամուսինները երկու տարբեր Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ են, և նրանցից մեկը բնակվում է մի, երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց անձնական ու գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում չեն ունեցել համատեղ բնակության վայր, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի մարմինը քննում է գործը:

5. Ամուսինների՝ անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է այդ գույքը:

6. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որոնց օրենսդրությունը ենթակա է կիրառման սույն հոդվածի 1-3 և 5-րդ կետերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Ամուսնալուծությունը

 

1. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացիներն են ամուսինները դիմումը ներկայացնելու պահին:

2. Եթե ամուսիններից մեկը մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի մարմինը քննում է ամուսնալուծության գործը:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Պայմանավորվող կողմերի մարմինների իրավասությունը

 

1. 28-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի քաղաքացիներն են ամուսինները դիմումը ներկայացնելու պահին: Եթե դիմումը ներկայացնելու պահին երկու ամուսինները բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի մարմինները:

2. 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում ապրում են երկու ամուսինները: Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են երկու Պայմանավորվող կողմերի մարմինները, որոնց տարածքներում բնակվում են ամուսինները:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Ամուսնության անվավեր ճանաչումը

 

1. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը, 26-րդ հոդվածին համապատասխան, կիրառվել է ամուսնադրության ժամանակ:

2. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով մարմինների իրավասությունը որոշվում է 27-րդ հոդվածին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ  31

 

Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը

 

Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան ծնունդով:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները

 

1. Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:

2. Չափահաս երեխաներից ալիմենտներ գանձելու գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում ալիմենտ ստանալ հավակնող անձն ունի մշտական բնակության վայր:

3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ենթակա է կիրառման:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Խնամակալությունը և հոգաբարձությունը

 

1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը կամ դադարեցնելը կատարվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է անձը, որի նկատմամբ սահմանվում կամ դադարեցվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի միջև իրավահարաբերությունները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի մարմինը նշանակել է խնամակալին կամ հոգաբարձուին:

3. Խնամակալությունը կամ հոգաբարձությունն ստանձնելու պարտականությունը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձը:

4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացի հանդիսացող անձի խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին, եթե բնակվում է այն կողմի տարածքում, որտեղ նա պետք է իրականացնի խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Պայմանավորվող կողմերի մարմինների իրավասությունը խնամակալության և հոգաբարձության հարցերով

 

Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու կամ դադարեցնելու գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի քաղաքացին է այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ դադարեցվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը, եթե սույն Կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Խնամակալության և հոգաբարձության հարցերով միջոցներ ձեռնարկելու կարգը

 

1. Խնամակալության և հոգաբարձության հարցերով միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, ելնելով մի Պայմանավորվող կողմի քաղաքացու շահերից, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, վերոնշյալ Պայմանավորվող կողմի մարմինն անհապաղ ծանուցում է 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմնին:

2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի մարմինը կարող է ինքը ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ՝ իր օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմնին: Այդ միջոցները պահպանում են ուժը՝ մինչև 34-րդ հոդվածում նշված մարմնի կողմից այլ որոշման ընդունումը:

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցման կարգը

 

1. 34-րդ հոդվածին համապատասխան իրավասու մարմինը կարող է խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցել մյուս Պայմանավորվող կողմի մարմնին այն դեպքում, եթե խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձն այդ Պայմանավորվող կողմի տարածքում ունի բնակության վայր, գտնվելու վայր կամ գույք: Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցումն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ հարցվող մարմինն ինքն է ստանձնում խնամակալությունը կամ հոգաբարձությունը և այդ մասին ծանուցում է հարցնող մարմնին:

2. Հիմնարկը, որը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինքն է ստանձնել խնամակալությունը կամ հոգաբարձությունը, դրանք իրականացնում է իր պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Որդեգրումը

 

1. Որդեգրումը կամ դրա վերացումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին:

2. Եթե երեխան մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա որդեգրման կամ դրա վերացման դեպքում անհրաժեշտ է ստանալ օրինական ներկայացուցչի և պետական իրավասու մարմնի համաձայնությունը, ինչպես նաև երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա:

3. Եթե երեխային որդեգրում են ամուսիններ, որոնցից մեկը մի, իսկ երկրորդը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի է, ապա որդեգրումը կամ դրա վերացումը պետք է կատարվեն երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված պայմաններին համապատասխան:

4. Որդեգրման կամ դրա վերացման գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի մարմինը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեցել են վերջին համատեղ բնակության կամ գտնվելու վայրը:

 

Մ ա ս  4

 

Գույքային իրավահարաբերությունները

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Սեփականության իրավունքը

 

1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում անշարժ գույքը: Այն հարցը, թե որ գույքն է համարվում անշարժ, որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:

2. Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացնող մարմինը:

3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է նման իրավունքի ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողության կամ այլ հանգամանքի տեղի ունենալու պահին:

4. Գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում է գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Գործարքի ձևը

 

1. Գործարքի ձևը որոշվում է նրա կատարման վայրի օրենսդրությամբ:

2. Անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների առիթով գործարքի ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Լիազորագիրը

 

Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է լիազորագիրը:

 

Հ ո դ վ ա ծ  41

 

Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են գործարքի կնքման վայրի օրենսդրությամբ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Վնասի հատուցում

 

1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի պայմանագրերից և այլ օրինաչափ գործողություններից բխող պարտավորություններից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք:

2. Եթե վնաս պատճառողն ու տուժողը միևնույն Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են, կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք: Տուժողը կարող է հայցը ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում բնակության վայր ունի պատասխանողը:

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Հայցային վաղեմություն

 

Հայցային վաղեմության հարցերը լուծվում են ըստ այն օրենսդրության, որը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության կարգավորման համար:

 

Մ ա ս  5

 

Ժառանգումը

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Հավասարության սկզբունքը

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները կարող են այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում օրենքով կամ կտակով ժառանգել գույք կամ իրավունքներ՝ հավասար պայմաններով և նույն ծավալով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Ժառանգման իրավունքը

 

1. Գույքի ժառանգման իրավունքը, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքից, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն ունեցել է վերջին մշտական բնակության վայրը:

2. Անշարժ գույքի ժառանգման իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում է գտնվում այդ գույքը:

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Ժառանգության անցումը պետությանը

 

Եթե Պայմանավորվող կողմի՝ ժառանգման դեպքում կիրառման ենթակա օրենսդրությամբ ժառանգ է հանդիսանում պետությունը, ապա ժառանգվող շարժական գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացին է ժառանգատուն մահվան պահին, իսկ ժառանգվող անշարժ գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում գտնվում է այդ գույքը:

 

Հ ո դ վ ա ծ  47

 

Կտակը

 

Անձի՝ կտակ կազմելու և վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի և դրա վերացման ձևը որոշվում են այն երկրի իրավունքով, որտեղ կտակարարը բնակության վայր է ունեցել կտակը կազմելիս: Սակայն կտակը կամ այն վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանելու պատճառով, եթե այդ ձևը բավարարում է կտակը կազմելու վայրի իրավունքի պահանջները:

 

Հ ո դ վ ա ծ  48

 

Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը

 

1. Շարժական գույքի ժառանգման վերաբերյալ գործերով դատավարությունն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում ժառանգատուն մահվան պահին բնակության վայր է ունեցել:

2. Անշարժ գույքի ժառանգման վերաբերյալ գործերով դատավարություն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի մարմինները, որի տարածքում գտնվում է գույքը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն վեճերի լուծման դեպքում, որոնք ծագում են ժառանգության վերաբերյալ գործերով դատավարության կապակցությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  49

 

Ժառանգության վերաբերյալ գործերով դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների իրավասությունները

 

Ժառանգման, այդ թվում՝ ժառանգմանն առնչվող վեճերի վերաբերյալ գործերով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական մարմիններն իրավասու են, առանց հատուկ լիազորագրի, մյուս Պայմանավորվող կողմերի մարմիններում ներկայացնելու (բացառությամբ ժառանգությունից հրաժարվելու իրավունքի) իրենց պետության քաղաքացիներին, եթե նրանք բացակայում են կամ ներկայացուցիչ չեն նշանակել:

 

Հ ո դ վ ա ծ  50

 

Ժառանգության պահպանության միջոցները

 

1. Պայմանավորվող կողմերի մարմիններն իրենց օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիների կողմից իրենց տարածքներում թողած ժառանգության պահպանությունն ապահովելու կամ այն կառավարելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցների մասին անհապաղ տեղեկացվում է այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական մարմինը, որի քաղաքացին է ժառանգատուն: Նշված ներկայացուցչությունը կամ մարմինը կարող է մասնակցել այդ միջոցների իրականացմանը:

3. Ժառանգման վերաբերյալ գործերով սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցներն իրավասու արդարադատության մարմնի, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական մարմնի միջնորդությամբ կարող են փոփոխվել, չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել:

 

Բ ա ժ ի ն  3

 

Որոշումների ճանաչումը և կատարումը

 

Հ ո դ վ ա ծ  51

 

Որոշումների ճանաչումը և կատարումը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները՝

ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ՝ նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ՝ որոշումներ),

բ) վնասի հատուցման վերաբերյալ քրեական գործերով դատարանների որոշումները:

 

Հ ո դ վ ա ծ  52

 

Կատարում չպահանջող որոշումների ճանաչումը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի արդարադատության մարմնի կայացրած և օրինական ուժի մեջ մտած, իրենց բնույթով կատարում չպահանջող որոշումները ճանաչվում են այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում առանց հատուկ վարույթի, պայմանով, որ՝

ա) հարցվող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմիններն այդ գործով ավելի վաղ չեն կայացրել որոշում, որն օրինական ուժի մեջ է մտել,

բ) գործը, սույն Կոնվենցիայի համաձայն, իսկ դրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է ճանաչվի որոշումը, չի պատկանում այդ Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինների բացառիկ իրավասությանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև խնամակալության և հոգաբարձության որոշումներին, ինչպես նաև ամուսնալուծության վերաբերյալ որոշումներին, որոնք կայացրել են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն իրավասու մարմինները, որի տարածքում կայացվել է այդ որոշումը:

 

Հ ո դ վ ա ծ  53

 

Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը

 

1. Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը ներկայացվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որտեղ որոշումը ենթակա է կատարման: Միջնորդությունը կարող է ներկայացվել նաև այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում: Այդ դատարանը միջնորդությունն ուղարկում է տվյալ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին:

2. Միջնորդությանը կցվում են՝

ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ առ այն, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա նրանից իսկ չի բխում,

բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ ընդունվել է որոշումը, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում՝ պատշաճ ձևով ներկայացված է եղել,

գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը,

դ) փաստաթուղթ, որը հաստատում է կողմերի համաձայնությունը պայմանագրային ընդդատության գործերով:

3. Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը և նրան կցված փաստաթղթերը լրացվում են հարցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսաց լեզվով կատարված և հաստատված թարգմանությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  54

 

Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման կարգը

 

1. 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:

2. Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով, որ պահպանված են սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները: Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:

3. Հարկադիր կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:

 

Հ ո դ վ ա ծ  55

 

Որոշումների ճանաչման և կատարման մերժումը

 

52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթե՝

ա) այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կայացվել է որոշումը, վերջինս օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը,

բ) պատասխանողը չի մասնակցել դատավարությանն այն պատճառով, որ նրան կամ նրա կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը,

գ) այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով գործով ավելի վաղ ընդունվել է օրինական ուժի մեջ մտած որոշում կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ էլ եթե այդ Պայմանավորվող կողմի մարմինն այդ գործով քննություն է սկել ավելի վաղ,

դ) գործը, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ նրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը,

ե) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը,

զ) լրացել է հարկադիր կատարման վաղեմության ժամկետը՝ նախատեսված այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի դատարանը կատարում է հանձնարարությունները:

 

Բ ա ժ ի ն  4

 

Քրեական գործերով իրավական օգնությունը

 

Մ ա ս  1

 

Հանձնում

 

Հոդված 56

 

Հանձնման պարտավորությունը

 

1. Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցնող և հարցվող Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ 1 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման ձևով կամ ավելի խիստ պատիժ:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցնող և հարցվող Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը, որի հանձնումը պահանջվում է, դատապարտվել է 6 ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկման կամ ավելի խիստ պատժի:

 

Հ ո դ վ ա ծ  57

 

Հանձնելուց հրաժարվելը

 

1. Հանձնումը չի կատարվում, եթե՝

ա) անձը, որի հանձնումը պահանջվում է, հարցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է,

բ) պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով,

գ) անձի նկատմամբ, որի հանձնումը պահանջվում է, հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում նույն հանցագործության համար կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու մասին որոշում,

դ) հանցագործությունը, հարցնող կամ հարցվող Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, հետապնդվում է մասնավոր մեղադրանքի կարգով (ըստ տուժողի դիմումի):

2. Հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Հանձնումը մերժելու դեպքում հարցնող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  58

 

Հանձնելու մասին պահանջը

 

1. Հանձնելու մասին պահանջը պետք է բովանդակի՝

ա) հարցվող մարմնի անվանումը,

բ) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցնող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա տվյալ արարքը ճանաչվում է հանցագործություն,

գ) հանձնման ենթակա անձի ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում՝ արտաքին նկարագրությունը և նրա մասին այլ տեղեկություններ,

դ) տվյալներ հանցագործության պատճառած վնասի չափի մասին:

2. Քրեական հետապնդում իրականացնելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինի կալանքի վերցնելու մասին որոշման հաստատված պատճենը:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենը՝ նրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն կրել է պատժի մի մասը, տվյալներ են հաղորդվում նաև այդ մասին:

4. Հանձնելու մասին պահանջը և դրան կցված փաստաթղթերը կազմվում են 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  59

 

Լրացուցիչ տեղեկությունները

 

1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հարցվող Պայմանավորվող կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, ինչի համար սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետը, հարցնող Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է երկարաձգվել ևս մինչև 1 ամսով:

2. Եթե հարցնող Պայմանավորվող կողմը սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տեղեկություններ, ապա հարցվող Պայմանավորվող կողմը պետք է ազատի կալանքի վերցված անձին:

 

Հ ո դ վ ա ծ  60

 

Հանձնման համար կալանքի վերցնելը

 

Պահանջն ստանալուն պես, հարցվող Պայմանավորվող կողմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանքի վերցնելու ուղղությամբ, որի հանձնումը պահանջվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:

 

Հ ո դ վ ա ծ  61

 

Կալանքի վերցնելը կամ ձերբակալումը՝ նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը

 

1. Անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը: Միջնորդությունը պետք է բովանդակի հղում կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնելու մասին պահանջը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը՝ կալանքի վերցնելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով, տելեքսով կամ տելեֆաքսով:

2. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդության, եթե օրենսդրությամբ նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա այլ Պայմանավորվող կողմի տարածքում կատարել է հանձնման հանգեցնող հանցանք:

3. Նախքան հանձնելու մասին պահանջն ստանալը՝ կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհրաժեշտ է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին:

 

Հ ո դ վ ա ծ  62

 

Կալանքի վերցված կամ ձերբակալված անձին ազատելը

 

1. 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի վերցված անձը պետք է ազատվի, եթե նրա հանձնման մասին պահանջը չստացվի կալանքի վերցնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ձերբակալված անձը պետք է ազատվի, եթե նրան հանձնելու մասին պահանջը չստացվի այն ժամկետի ընթացքում, որն օրենսդրությամբ նախատեսված է ձերբակալության համար:

 

Հ ո դ վ ա ծ  63

 

Հանձնումը հետաձգելը

 

Եթե անձը, որի հանձնումը պահանջվում է, ենթարկվել է քրեական պատասխանատվության կամ դատապարտվել է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարած այլ հանցագործության համար, ապա նրան հանձնելը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը:

 

Հ ո դ վ ա ծ  64

 

Ժամանակավորապես հանձնելը

 

1. Եթե 63-րդ հոդվածով նախատեսված հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել քննությանը, անձը, որի հանձնումը պահանջվում է, միջնորդությամբ կարող է հանձնվել ժամանակավորապես:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է վերադարձվի քրեական գործով այն գործողության կատարումից հետո, որի համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Հիմնավորված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել:

 

Հ ո դ վ ա ծ  65

 

Հանձնելու մասին պահանջների կոլիզիան

 

Եթե հանձնելու մասին պահանջն ստացվում է մի քանի պետություններից, ապա հարցվող Պայմանավորվող կողմն ինքն է որոշում, թե այդ պահանջներից որը պետք է բավարարվի:

 

Հ ո դ վ ա ծ  66

 

Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

 

1. Առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության՝ հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել:

2. Առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության՝ անձը չի կարող հանձնվել նաև երրորդ պետության:

3. Հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական դատավարության ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ դատապարտվելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ ազատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում չի լքում հարցվող Պայմանավորվող կողմի տարածքը կամ եթե ինքնակամ վերադառնում է այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հարցնող Պայմանավորվող կողմի տարածքը չի կարողանում լքել ոչ իր մեղքով:

 

Հ ո դ վ ա ծ  67

 

Հանձնման ենթակա անձին փոխանցելը

 

Հարցվող Պայմանավորվող կողմը հարցնող Պայմանավորվող կողմին տեղյակ է պահում հանձնման վայրի և ժամանակի մասին: Եթե հարցնող Պայմանավորվող կողմը հանձնման ենթակա անձին չի ընդունում հանձնման նշանակած ամսաթվին հաջորդող 15 օրվա ընթացքում, այդ անձը պետք է ազատվի կալանքից:

 

Հ ո դ վ ա ծ  68

 

Կրկնակի հանձնումը

 

Եթե հանձնված անձը խուսափում է քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց և վերադառնում է հարցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա նոր պահանջով նա պետք է հանձնվի՝ առանց 58 և 59-րդ հոդվածներում նշված նյութերը ներկայացնելու:

 

Հ ո դ վ ա ծ  69

 

Քրեական գործով դատավարության արդյունքների մասին ծանուցելը

 

Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց հանձնված անձի դեմ քրեական գործով դատավարության արդյունքների մասին: Խնդրանքի դեպքում ուղարկվում է նաև վերջնական որոշման պատճենը:

 

Հ ո դ վ ա ծ  70

 

Տարանցիկ փոխադրումը

 

1. Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, թույլատրում է երրորդ պետության կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնված անձանց տարանցիկ փոխադրումն իր տարածքով:

2. Նման փոխադրման թույլատրության մասին միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին պահանջը:

3. Հարցվող Պայմանավորվող կողմը թույլատրում է տարանցիկ փոխադրման այն եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում:

 

Հ ո դ վ ա ծ  71

 

Հանձնման և տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը

 

Հանձնելու հետ կապված ծախսերը հոգում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք ծագել են, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը՝ այն Պայմանավորվող կողմը, որը դիմել է նման փոխադրման մասին միջնորդությամբ:

Մ ա ս  2

 

Քրեական հետապնդման իրականացումը

 

Հ ո դ վ ա ծ  72

 

Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, իր օրենսդրությանը համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություն կատարելու մեջ:

2. Եթե հանցագործությունը, որի կապակցությամբ հարուցված է գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում դրանք քննվում են տվյալ գործի վարույթում:

 

Հ ո դ վ ա ծ  73

 

Քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը

 

1. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը պետք է բովանդակի՝

ա) հարցնող մարմնի անվանումը,

բ) այն արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկված է հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը,

գ) արարքի կատարման ժամանակի և տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ,

դ) հարցնող Պայմանավորվող կողմի այն օրենքի դրույթի տեքստը, որի հիման վրա արարքը ճանաչվում է հանցագործություն, ինչպես նաև գործի վարույթի համար էական նշանակություն ունեցող օրենսդրական այլ նորմերի տեքստերը,

ե) կասկածվող անձի ազգանունն ու անունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին այլ տվյալներ,

զ) տուժողի դիմումի հիման վրա հարուցվող քրեական գործերով տուժողների հայտարարությունները և վնասի հատուցման մասին հայտարարությունները,

է) հանցագործությամբ պատճառված վնասի չափը:

Հանձնարարությանը կցվում են հարցնող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ եղած քրեական հետապնդման նյութերը, ինչպես նաև ապացույցները:

2. Հարցնող Պայմանավորվող կողմի հարուցած քրեական գործն ուղարկելիս, այդ գործով քննությունը հարցվող Պայմանավորվող կողմը շարունակում է իր օրենսդրությանը համապատասխան: Գործում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է հաստատված լինի հարցնող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմնի զինանշանային կնիքով:

3. Հանձնարարությունը և նրան կցված փաստաթղթերը կազմվում են 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

4. Եթե հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունն ուղարկելու պահին մեղադրվողը գտնվում է կալանքի տակ հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նա բերման է ենթարկվում հարցվող Պայմանավորվող կողմի տարածք:

 

Հ ո դ վ ա ծ  74

 

Քրեական հետապնդման արդյունքների մասին ծանուցելը

 

Հարցվող Պայմանավորվող կողմը պարտավոր է հարցնող Պայմանավորվող կողմին ծանուցել վերջնական որոշման մասին: Հարցնող Պայմանավորվող կողմի խնդրանքով ուղարկվում է վերջնական որոշման պատճենը:

Հ ո դ վ ա ծ  75

 

Որոշում ընդունելու հետևանքները

 

Եթե Պայմանավորվող կողմին, 72-րդ հոդվածին համապատասխան, ուղարկված է եղել քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարություն այն բանից հետո, երբ դատավճիռը կամ հարցվող Պայմանավորվող կողմի մարմնի ընդունած այլ վերջնական որոշումն ուժի մեջ է մտել, ապա քրեական գործը չեն կարող հարուցել հարցնող Պայմանավորվող կողմի մարմինները, իսկ նրանց հարուցած գործը ենթակա է կարճման:

 

Հ ո դ վ ա ծ  76

 

Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանցագործությունների հետաքննության և դատարանների կողմից քրեական գործերի քննության ժամանակ հաշվի է առնում պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված հանգամանքները, անկախ այն բանից, թե որ Պայմանավորվող կողմի տարածքում են դրանք ծագել:

 

Հ ո դ վ ա ծ  77

 

Երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի դատարաններին ընդդատյա գործերի քննության կարգը

 

Մեկ կամ մի խումբ անձանց մի քանի այնպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, որոնց վերաբերյալ գործերն ընդդատյա են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններին, դրանք քննելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Նման դեպքում գործը քննվում է այդ Պայմանավորվող կողմի դատավարական կանոններով:

 

Մ ա ս  3

 

Հատուկ դրույթներ քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ

 

Հ ո դ վ ա ծ  78

 

Առարկաների հանձնումը

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են խնդրանքի դեպքում միմյանց հանձնել՝

ա) այն առարկաները, որոնք օգտագործվել են, սույն Կոնվենցիային համապատասխան, անձի հանձնում առաջ բերող հանցագործություն կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, այն առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցագործության հետևանքով կամ որպես դրա վարձատրություն, կամ էլ նրանք, որոնք հանցագործն ստացել է վերոնշյալ ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն,

բ) այն իրերը, որոնք քրեական գործում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. դրանք հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործի հանձնումը չի կարող իրականացվել նրա մահվան, փախուստի կամ այլ հանգամանքների պատճառով:

2. Եթե հարցվող Պայմանավորվող կողմին սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաներն անհրաժեշտ են որպես քրեական գործով ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

3. Հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթի ավարտից հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած Պայմանավորվող կողմին:

 

Հ ո դ վ ա ծ  79

 

Մեղադրական դատավճիռների մասին ծանուցումը և դատվածության մասին տեղեկությունները

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ամեն տարի մյուս Պայմանավորվող կողմերին տեղեկություններ կհաղորդի համապատասխան Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ իր դատարանների կայացրած, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին՝ միաժամանակ ուղարկելով դատապարտյալների առկա մատնահետքերը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմերին, խնդրանքի դեպքում, անվճար տրամադրում է տեղեկություններ իր դատարանների կողմից նախկինում դատապարտված անձանց դատվածության վերաբերյալ, եթե այդ անձինք քրեական պատասխանատվության են կանչվում հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում:

 

Հ ո դ վ ա ծ  80

 

Քրեական հետապնդման և հանձնման հարցերով հաղորդակցման կարգը

 

Քրեական հետապնդման, հանձնման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները շոշափող և դատախազի որոշում պահանջող քննչական հանձնարարությունների կատարման հարցերով հաղորդակցվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազները (դատախազները):

 

Բ ա ժ ի ն  5

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  81

 

Սույն Կոնվենցիայի կիրառման հարցերը

 

Սույն Կոնվենցիան կիրառելիս ծագած հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները:

 

Հ ո դ վ ա ծ  82

 

Կոնվենցիայի հարաբերակցությունը միջազգային պայմանագրերի հետ

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում միջազգային այլ պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներ են Պայմանավորվող կողմերը:

 

Հ ո դ վ ա ծ  83

 

Ուժի մեջ մտնելու կարգը

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Բելառուսի Հանրապետության կառավարությանը, որը կատարում է սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթը:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում՝ երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելուն հետևած 30-րդ օրը: Այն պետության համար, որի վավերագիրն ավանդապահին ի պահ կհանձնվի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ կմտնի նրա վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելուն հետևած 30-րդ օրը:

 

Հ ո դ վ ա ծ  84

 

Կոնվենցիայի գործողության ժամկետը

 

1. Սույն Կոնվենցիան գործում է՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է՝ յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամկետով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից՝ նրա գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի լրանալուց 12 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  85

 

Գործողությունը ժամանակի մեջ

 

Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է նաև մինչև նրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  86

 

Կոնվենցիային միանալու կարգը

 

Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, նրան կարող են միանալ այլ պետություններ՝ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած՝ ավանդապահի կողմից միանալու համաձայնության մասին վերջին հաղորդումն ստանալուց 30 օր անց:

 

Հ ո դ վ ա ծ  87

 

Ավանդապահի պարտականությունները

 

Ավանդապահը սույն Կոնվենցիան ստորագրած և նրան միացած բոլոր պետություններին անհապաղ կտեղեկացնի յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելու ամսաթվի, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի, ինչպես նաև իր ստացած այլ ծանուցումների մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում, 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիայի մասնակից պետություններին:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի դեկտեմբերի 21-ից: