Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (25.10.1980-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունման ամսաթիվ
25.10.1980
Ստորագրման ամսաթիվ
25.10.1980

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Արդարադատության միջազգային մատչելիության մասին

 

Սույն Կոնվենցիան ստորագրած պետությունները,

ցանկանալով դյուրացնել արդարադատության միջազգային մատչելիությունը,

որոշեցին կնքել Կոնվենցիա այդ նպատակի համար և համաձայնեցին ներքոհիշյալ դրույթների մասին.

 

Գ լ ու խ  I

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 1

 

Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի քաղաքացիները և նրանց տարածքներում սովորաբար բնակվող անձինք յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում պետք է ունենան քաղաքացիական և առևտրային գործերով դատական ընթացակարգերում իրավական օգնության իրավունք այն նույն պայմաններով, որոնք տրամադրվում են տվյալ պետության քաղաքացիներին և այնտեղ սովորաբար բնակվող անձանց։

Անձինք, որոնց նկատմամբ չի կիրառվում առաջին կետը, բայց որոնք նախկինում սովորաբար բնակվել են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ հարուցվել կամ հարուցված են եղել դատական ընթացակարգերը, այնուամենայնիվ, պետք է ունենան առաջին կետով նախատեսված իրավական օգնության իրավունք, եթե գործի հարուցման հիմքերն առաջացել են այդ պետությունում նախկինում նրանց սովորաբար բնակվելով։

Այն պետություններում, որտեղ իրավական օգնությունը տրամադրվում է վարչական, սոցիալական կամ հարկային գործերով, սույն հոդվածի դրույթները կիրառվում են այդ գործերով իրավասու դատարանների կամ տրիբունալների քննությանը հանձնված գործերի նկատմամբ։

 

Հոդված 2

 

1-ին հոդվածը կկիրառվի իրավական խորհրդատվությունների նկատմամբ` պայմանով, որ խորհրդատվություն հայցող անձը ներկա է այն Պետությունում, որտեղ հայցվել է խորհրդատվությունը։

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նշանակի Կենտրոնական մարմին՝ սույն Կոնվենցիայի հիման վրա ներկայացված իրավական օգնության մասին դիմումները ստանալու և դրանց ընթացք տալու համար։

Դաշնային պետությունները և մեկից ավելի իրավական համակարգ ունեցող պետությունները կարող են նշանակել մեկից ավելի Կենտրոնական մարմիններ։ Եթե Կենտրոնական մարմինը, որին ներկայացվել է դիմումը, իրավասու չէ զբաղվելու դրանում բարձրացված հարցով, ապա այն փոխանցվում է այդ Պայմանավորվող պետության մեկ այլ Կենտրոնական մարմնին, որն իրավասու է դա անելու։

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նշանակի մեկ կամ ավելի փոխանցող մարմին՝ իրավական օգնության մասին դիմումները հայցվող պետությունում համապատասխան Կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով։

Իրավական օգնության համար դիմումները փոխանցվում են առանց որևէ այլ իրավասու մարմնի միջամտության՝ սույն Կոնվենցիային կցված նմուշի ձևով։

Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում նրան, որ դիմումը ներկայացվի դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 5

 

Եթե իրավական օգնության դիմում ներկայացնող անձը ներկա չէ հայցվող պետությունում, նա կարող է իր դիմումը ներկայացնել այն Պայմանավորվող պետության փոխանցող մարմնին, որտեղ նա սովորաբար բնակվում է, չխախտելով հայցվող պետությունում իրավասու մարմնին իր դիմումը ներկայացնելու համար որևէ այլ միջոցի հնարավորությունը։

Դիմումը պետք է լինի սույն Կոնվենցիային կից նմուշի ձևով և ուղեկցվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով` չխախտելով հայցվող պետության` համապատասխան դեպքերում լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջելու իրավունքը։

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իր ստացող Կենտրոնական մարմինը կընդունի ներկայացվող դիմումները այլ ուղիներով կամ այլ եղանակներով։

 

Հոդված 6

 

Փոխանցող մարմինը դիմողին կօժանդակի ապահովելու, որպեսզի դիմումն ուղեկցվի այն բոլոր տեղեկատվությամբ ու փաստաթղթերով, որոնք, ըստ նրա տեղեկացվածության, անհրաժեշտ են դիմումը քննարկելու համար։ Փոխանցող մարմինը կապահովի, որպեսզի պահպանվեն ձևական պահանջները։

Եթե փոխանցող մարմինը գտնում է, որ դիմումը բացահայտել անհիմն է, ապա նա կարող է մերժել դիմումի փոխանցումը։

Նա դիմողին օժանդակում է ստանալ փաստաթղթերի անվճար թարգմանություն այն դեպքերում, երբ նման օժանդակությունը տեղին է։

Նա պատասխանում է հայցվող պետությունում ստացող Կենտրոնական մարմնի լրացուցիչ տեղեկատվության համար հարցումներին։

 

Հոդված 7

 

Դիմումը, օժանդակ փաստաթղթերը և ցանկացած հաղորդագրություն՝ ի պատասխան լրացուցիչ տեղեկատվության համար հարցման, կկազմվեն հայցվող պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ կուղեկցվեն այդ լեզուներից մեկի թարգմանությամբ։

Այնուամենայնիվ, երբ հայցող պետությունում հնարավոր չէ ստանալ հայցվող Պետության լեզվով թարգմանություն, վերջինս փաստաթղթերը կընդունի անգլերենով կամ ֆրանսերենով կամ այդ լեզուներից մեկի թարգմանության ուղեկցությամբ:

Ստացող Կենտրոնական մարմնից ստացվող հաղորդագրությունները կարող են կազմվել հայցվող պետության պաշտոնական լեզվով, կամ պաշտոնական լեզուներից որևէ մեկով, կամ անգլերենով կամ ֆրանսերենով։ Սակայն եթե փոխանցող մարմնի կողմից ուղարկված դիմումը կազմված է անգլերենով կամ ֆրանսերենով կամ ուղեկցված է այդ լեզուներից մեկի թարգմանությամբ, ստացող Կենտրոնական մարմնից ստացված հաղորդագրությունները նույնպես կկազմվեն այդ լեզուներից որևէ մեկով։

Նախորդ կետերի կիրառումից բխող թարգմանության ծախսերը կկրի հայցող պետությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվող պետությունում կատարված թարգմանությունները չեն առաջացնում այդ պետության կողմից փոխհատուցման որևէ պահանջ։

 

Հոդված 8

 

Ստացող Կենտրոնական մարմինը որոշում կկայացնի դիմումի առնչությամբ կամ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի հայցվող պետությունում իրավասու մարմինների կողմից կայացված որոշումները ստանալու համար։

Ստացող Կենտրոնական մարմինը լրացուցիչ տեղեկատվության համար հարցումները փոխանցում է կփոխանցի մարմնին և նրան կտեղեկացնի դիմումի քննարկման ընթացքում առաջացած ցանկացած դժվարության և կայացված որոշման մասին։

 

Հոդված 9

 

Երբ իրավական օգնության համար դիմողը չի բնակվում Պայմանավորվող պետությունում, նա կարող է իր դիմումը ներկայացնել հյուպատոսական ուղիներով՝ չխախտելով հայցվող պետությունում իրավասու մարմնին դիմումը ներկայացնելու որևէ այլ միջոցի հնարավորությունը։

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իր ստացող Կենտրոնական մարմինն կընդունի այլ ուղիներով կամ այլ եղանակներով ներկայացված դիմումները։

 

Հոդված 10

 

Սույն գլխի համաձայն փոխանցված բոլոր փաստաթղթերն ազատվում են օրինականացումից կամ այլ համանման ձևականություններից։

 

Հոդված 11

 

Սույն գլխի համաձայն` իրավական օգնության համար դիմումների փոխանցման, ընդունման կամ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու համար որևէ վճարում չի կատարվում։

 

Հոդված 12

 

Իրավական օգնության համար դիմումները կքննարկվեն անհապաղ։

 

Հոդված 13

 

Եթե իրավական օգնությունը տրամադրվել է 1-ին հոդվածի համաձայն, ապա որևէ այլ Պայմանավորվող պետությունում փաստաթղթերի հետ աշխատանքը՝ ի կատարումն այն անձի նկատմամբ դատական ընթացակարգերի, որին տրամադրվել է իրավական օգնությունը, չի առաջացնում որևէ վճարում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով է կատարվել աշխատանքը։ Նույնը կիրառում է գրավոր միջնորդությունների և սոցիալական հաշվետվությունների նկատմամբ` բացառությամբ փորձագետներին և թարգմանիչներին վճարվող վարձատրությունների։

Եթե անձը, 1-ին հոդվածի համաձայն, իրավական օգնություն է ստացել Պայմանավորվող պետությունում դատական քննության կապակցությամբ, և այդ քննության ընթացքում կայացվել է որոշում, ապա նա, առանց իր փաստերի որևէ հետագա քննության, իրավական օգնության իրավունք ունի ցանկացած այլ Պայմանավորվող պետությունում, որտեղ նա հայցում է այդ որոշման ճանաչման կամ կատարման ապահովումը։

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 14

 

Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող այն անձանցից (այդ թվում՝ իրավաբանական), որոնք մեկ այլ Պայմանավորվող պետության դատարաններում կամ տրիբունալներում հարուցված գործով հայցվոր կամ մասնակցություն ունեցող կողմեր են, չեն կարող պահանջվել որևէ տեսակի երաշխավորագիր, պարտավորագիր կամ կանխավճար՝ միայն այն պատճառով, որ նրանք օտարերկրյացիներ են կամ մշտական բնակության վայր չունեն կամ սովորաբար չեն բնակվում դատական ընթացակարգերի հարուցման պետությունում։

Նույն կանոնը կկիրառվի դատական ծախքերի ապահովման բոլոր վճարումների նկատմամբ, որոնք պահանջվում են հայցվորներից կամ գործում մասնակցություն ունեցող կողմերից։

 

Հոդված 15

 

14-րդ հոդվածի կամ դատական ընթացակարգի հարուցման պետության իրավունքի համաձայն երաշխավորագրի, պարտավորագրի, կանխավճարի կամ վճարման պահանջից ազատված անձի նկատմամբ Պայմանավորվող պետություններից որևէ մեկում հարուցված դատական ընթացակարգերի համար ծախսերի և ծախքերի վճարման համար կարգադրությունը, դրանում իրավասու անձի դիմումի հիման վրա, որևէ այլ Պայմանավորվող պետությունում կատարվում է անվճար։

 

Հոդված 16

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կնշանակի մեկ կամ ավելի փոխանցող մարմիններ՝ հայցվող պետության համապատասխան Կենտրոնական մարմնի այն կարգադրությունների կատարման մասին դիմումների փոխանցման նպատակով, որոնց նկատմամբ կիրառվում է 15-րդ հոդվածը։

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նշանակի Կենտրոնական մարմին նման դիմումներ ստանալու և դրանց վերաբերյալ վերջնական որոշման կայացման ապահովման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Դաշնային պետությունները և այն պետությունները, որոնք ունեն մեկից ավելի իրավական համակարգ, կարող են նշանակել մեկից ավելի Կենտրոնական մարմիններ։ Եթե Կենտրոնական մարմինը, որին փոխանցվել է դիմումը, իրավասու չէ զբաղվելու դրանով, նա կփոխանցի դիմումը հայցվող պետության իրավասու համարվող Կենտրոնական մարմնին։

Սույն հոդվածով նախատեսված դիմումները կփոխանցվեն առանց որևէ այլ մարմնի միջամտության` չխախտելով դիվանագիտական ուղիներով դրանց փոխանցման հնարավորությունը։

Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում, որ կարգադրությամբ շահառու անձի կողմից դիմումները կազմվեն անմիջականորեն, քանի դեռ հայցվող պետությունը չի հայտարարել, որ չի ընդունում այդ եղանակով կազմված դիմումները։

 

Հոդված 17

 

15-րդ հոդվածով նախատեսված յուրաքանչյուր դիմում ուղեկցվում է՝

ա) որոշման կողմերի անունները և իրավունակությունները պարունակող որոշման համապատասխան մասի և ծախսերի կամ ծախքերի վճարման մասին կարգադրության հաստատված պատճեններով.

բ) ցանկացած փաստաթղթով, որն անհրաժեշտ է հաստատվելու համար, որ ծագման պետությունում որոշումն այլևս ենթակա չէ վերանայման սովորական ձևերին, և որ այն ենթակա է կատարման այնտեղ.

գ) վերոնշյալ բոլոր փաստաթղթերի` հայցվող պետության լեզվով հաստատված թարգմանությամբ, եթե դրանք այդ լեզվով չեն կազմվել։

Դիմումի առնչությամբ որոշումը կայացվում է առանց լսումներ անցկացնելու, և հայցվող պետությունում իրավասու մարմինը միայն պետք է պարզի, թե ներկայացվա՞ծ են արդյոք պահանջվող փաստաթղթերը: Դիմողի պահանջի առկայության դեպքում մարմինը որոշում է վկայության, վավերականության և թարգմանության արժեքը, որոնք դիտվում են որպես դատական ընթացակարգերի ծախքեր և ծախսեր։ Օրինականացում կամ համանման ձևականություններ չեն կարող պահանջվել։

Իրավասու մարմնի որոշումը բողոքարկելու իրավունք չի տրվում` բացառությամբ հայցվող պետության իրավունքով նախատեսված դեպքերի։

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ

 

Հոդված 18

 

Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի քաղաքացիները և որևէ Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող անձինք կարող են ցանկացած այլ Պայմանավորվող պետությունում նրա քաղաքացիների համար նախատեսված հավասար պայմաններով ստանալ քաղաքացիական կամ առևտրային գործերով որոշումների և պետական գրանցամատյաններում մուտքագրված գրանցումների պատճենները կամ քաղվածքները և կարող են անհրաժեշտության դեպքում օրինականացնել նման փաստաթղթերը։

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 19

 

Ձերբակալությունը կամ կալանավորումը, որպես հարկադիր կատարման միջոց կամ, պարզապես, որպես կանխարգելիչ միջոց, քաղաքացիական կամ առևտրային գործերում չեն կիրառվում Պայմանավորվող պետության քաղաքացիների կամ այն անձանց նկատմամբ, որոնք սովորաբար բնակվում են Պայմանավորվող պետությունում, այնպիսի հանգամանքներում, երբ դրանք չեն կարող կիրառվել ձերբակալող կամ կալանավորող պետության քաղաքացիների նկատմամբ։ Ցանկացած փաստ, որը կարող է վկայակոչել նման պետությունում սովորաբար բնակվող քաղաքացին` ձերբակալությունից կամ կալանավորումից ազատվելու համար, այդ նույն ուժով կարող է վկայակոչել Պայմանավորվող պետության ցանկացած քաղաքացի կամ անձ, որը սովորաբար բնակվում է Պայմանավորվող պետությունում, եթե նույնիսկ այդ փաստը տեղի է ունեցել արտասահմանում։

 

Հոդված 20

 

Անձը, որը քաղաքացի է կամ սովորաբար բնակվում է Պայմանավորվող պետությունում և դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել ուրիշ Պայմանավորվող պետությունում դատարանի կամ տրիբունալի կողմից կամ, դատարանի կամ տրիբունալի թույլտվությամբ, մասնակից կողմի կողմից, որպեսզի այդ պետությունում դատական նիստում հանդես գա վկայի կամ փորձագետի կարգավիճակով, այդ պետության տարածքում չի կարող ենթարկվել հետապնդման կամ կալանավորման կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման որևէ այնպիսի գործողության կամ դատապարտման համար, որը նախորդել է տվյալ պետություն նրա ժամանելուն։

Անձեռնմխելիությունը, որի մասին նշվում է նախորդ կետում, սկսում է գործել այն տարվա ամիս-ամսաթվից յոթ օր առաջ, որը նշանակվել է վկային կամ փորձագետին լսելու համար, և դադարում է այն տարվա ամիս-ամսաթվից յոթ օր անց, երբ վկան կամ փորձագետը, դատական իրավասու մարմինների կողմից տեղեկացված լինելով, որ իրենց ներկայությունն այլևս չի պահանջվում, հնարավորություն են ունեցել հեռանալու տարածքից, բայց, այնուամենայնիվ, մնացել են այնտեղ կամ, հեռանալով տարածքից, կամավոր վերադարձել են։

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21

 

Չխախտելով 22-րդ հոդվածի դրույթները` սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող դիտվել որպես սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ որևէ իրավունքի սահմանափակում, որը անձին կարող է տրամադրվել ցանկացած Պայմանավորվող պետության իրավունքով կամ ցանկացած ուրիշ կոնվենցիայով, որին նա մասնակից է կամ մասնակից է լինելու։

 

Հոդված 22

 

Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև, որոնք հանդիսանում են նաև Հաագայում 1905 թվականի հուլիսի 17-ին և 1954 թվականի մարտի 1-ին ստորագրված Քաղաքացիական դատավարության մասին Կոնվենցիաներից մեկի կամ երկուսի Կողմեր, սույն Կոնվենցիան փոխարինում է 1905 թվականի Կոնվենցիայի 17-24-րդ հոդվածներին կամ 1954 թվականի Կոնվենցիայի 17-26-րդ հոդվածներին, եթե նույնիսկ կատարվել է սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածի երկրորդ կետի «գ» ենթակետով նախատեսված վերապահումը։

 

Հոդված 23

 

1905 և 1954 թվականների Կոնվենցիաների Կողմերի միջև լրացուցիչ համաձայնագրերը դիտվում են որպես սույն Կոնվենցիայի նկատմամբ հավասարապես կիրառելի` այնքանով, որքանով դրանք համատեղելի են նրա հետ, եթե Կողմերն այլ համաձայնության չեն գալիս։

 

Հոդված 24

 

Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարությամբ նշել 7-րդ և 17-րդ հոդվածներից տարբեր այն լեզուն կամ լեզուները, որոնցով կարող են կազմվել կամ թարգմանվել իր Կենտրոնական մարմին ուղարկվող փաստաթղթերը։

 

Հոդված 25

 

Այն Պայմանավորվող պետությունը, որն ունի մեկից ավելի պաշտոնական լեզու, և որը, ելնելով ներքին իրավունքից, չի կարող իր ամբողջ տարածքի համար ընդունել այդ լեզուներից որևէ մեկով կազմված` 7-րդ և 17-րդ հոդվածներում նշված փաստաթղթերը, հայտարարության միջոցով նշում է այն լեզուն, որով պետք է կազմվեն նման փաստաթղթերը կամ կատարվեն վերջիններիս թարգմանությունները՝ իր որոշակի տարածքային միավորում ներկայացնելու համար։

 

Հոդված 26

 

Եթե Պայմանավորվող պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր, ապա նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր տարածքային բոլոր միավորների կամ միայն դրանցից մեկի կամ ավելի միավորների վրա, և կարող է փոփոխել այդ հայտարարությունը՝ ցանկացած ժամանակ այլ հայտարարություն ներկայացնելով։

Ցանկացած նման հայտարարության մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, և հստակ կնշի այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

 

Հոդված 27

 

Երբ Պայմանավորվող պետությունն ունի կառավարման այնպիսի համակարգ, ըստ որի գործադիր, դատական և օրենսդիր մարմինները բաժանված են այդ պետությանում կենտրոնական և այլ իրավասու մարմինների միջև, սույն Կոնվենցիան ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը կամ դրան միանալը կամ այն հայտարարությունները, որոնք կազմվել են 26-րդ հոդվածի համաձայն, չեն միջամտում տվյալ պետությունում իշխանություների ներքին բաշխմանը։

 

Հոդված 28

 

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու պահին բացառել 1-ին Հոդվածի այն անձանց նկատմամբ, որոնք Պայմանավորվող պետության քաղաքացիներ չեն, բայց սովորաբար բնակվում են այն Պայմանավորվող պետությունում, որն այլ է, քան վերապահում արած պետությունը, կամ որոնք նախկինում բնակվել են վերապահում արած պետությունում, եթե փոխադարձության ռեժիմը բացակայում է վերապահում արած պետության և այն պետության միջև հարաբերություններում, որի քաղաքացիներ են իրավական օգնության համար դիմող անձինք։

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելու, վավերացնելու, հաստատելու, ընդունելու կամ միանալու պահին բացառել.

ա) 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անգլերեն կամ ֆրանսերեն կամ այդ երկու լեզուների օգտագործումը.

բ) 13-րդ Հոդվածի 2-րդ կետի կիրառումը.

գ) II Գլխի կիրառումը.

դ) 20-րդ Հոդվածի կիրառումը։

Երբ պետությունը վերապահում է արել՝

ե) սույն Հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, որը բացառում է անգլերենի և ֆրանսերենի օգտագործումը, վերապահում արած պետության նկատմամբ ցանկացած շահագրգիռ պետություն կարող է կիրառել այդ նույն կանոնը.

զ) 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, ցանկացած այլ պետություն կարող է հրաժարվել 13-րդ Հոդվածի 2-րդ կետի կիրառումը այն անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են վերապահում արած պետության քաղաքացիներ կամ սովորաբար բնակվում են այդտեղ.

է) սույն Հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ցանկացած այլ Պայմանավորվող պետություն կարող է հրաժարվել II Գլխի կիրառումից այն անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են վերապահում արած պետության քաղաքացիներ կամ սովորաբար բնակվում են այդտեղ։

Որևէ այլ վերապահում չի թույլատրվում։

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել իր արած վերապահումը։ Չեղյալ հայտարարելու մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարություն։ Վերապահումը կկորցնի ուժը ծանուցումից հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

 

Հոդված 29

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր վավերագիրը կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կամ ավելի ուշ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը կտեղեկացնի 3-րդ, 4-րդ և 16-րդ հոդվածների համաձայն իրավասու մարմինների նշանակման մասին։

Այն նույնապես կտեղեկացնի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը նաև.

ա) 5-րդ, 9-րդ, 16-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 33-րդ հոդվածների համաձայն արված հայտարարությունների մասին.

բ) վերոհիշյալ նշանակումների և հայտարարությունները չեղյալ հայտարարելու կամ փոփոխությունների մասին.

գ) ցանկացած վերապահում չեղյալ հայտարարելու մասին։

 

Հոդված 30

 

Սույն Կոնվենցիային կցված տիպային նմուշները կարող են փոփոխվել Հաագայի Խորհրդաժողովի գլխավոր քարտուղարի կողմից գումարած Հատուկ Հանձնաժողովի որոշմամբ, որին կհրավիրվեն բոլոր Պայմանավորվող պետությունները և բոլոր անդամ պետությունները։ Նմուշների փոփոխելու մասին առաջարկությունների վերաբերյալ ծանուցումը կներառվի հանդիպման օրակարգի մեջ։

Հատուկ Հանձնաժողովի նստաշրջանին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող պետությունների ձայների մեծամասնությամբ ընդունված փոփոխությունները բոլոր Պայմանավորվող պետությունների համար ուժի մեջ կմտնեն Գլխավոր քարտուղարի կողմից բոլոր Պայմանավորվող պետություններին դրանք ուղարկվելու օրվանից հետո` յոթերորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

2-րդ կետով նախատեսված ժամանակահատվածի ընթացքում ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է վերապահում անել փոփոխության վերաբերյալ՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը գրավոր ծանուցելով։ Նման վերապահում արած Կողմը, քանի դեռ վերապահումը վերացված չէ, կդիտվի որպես այդ փոփոխության առումով սույն Կոնվենցիային կողմ չհանդիսացող։

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31

 

Կոնվենցիան ստորագրման համար բաց կլինի այն պետությունների համար, որոնք Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում եղել են նրա անդամ պետությունները, և անդամ չհանդիսացող պետությունների համար, որոնք հրավիրված են եղել դրա նախապատրաստմանը մասնակցելու համար։

Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, և վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ կհանձնվեն Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը։

 

Հոդված 32

 

Ցանկացած այլ պետություն կարող է միանալ Կոնվենցիային։

Միանալու մասին փաստաթուղթն ի պահ կհանձնվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը։

Նման միանալն ուժի մեջ կմտնի միայն միացած պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք առարկություններ չեն ներկայացրել նրա միանալու դեմ` 36-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում։ Նման առարկությունը Անդամ պետությունների կողմից կարող է ներկայացվել նաև այն ժամանակ, երբ նրանք վավերացնում, ընդունում կամ հաստատում են Կոնվենցիան միանալուց հետո։ Ցանկացած նման առարկության մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։

 

Հոդված 33

 

Ցանկացած պետություն կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիայի գործողությունը կտարածվի այն բոլոր տարածքների վրա կամ դրանցից մեկի կամ ավելի տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատու է։ Նման հայտարարությունն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության համար։

Նման հայտարարության, ինչպես նաև հետագա ցանկացած տարածման մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։

 

Հոդված 34

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 31-րդ և 32-րդ Հոդվածներում նշված` վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին երրորդ փաստաթուղթն ի պահ տալուց հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

Դրանից հետո Կոնվենցիան ուժի մեջ կմտնի.

1) հետագայում այն վավերացրած, ընդունած, հաստատած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար՝ վավերագիրը, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը.

2) ցանկացած տարածքի կամ տարածքային միավորի համար, որի նկատմամբ Կոնվենցիայի գործողությունը տարածվել է 26-րդ կամ 33-րդ Հոդվածների համաձայն՝ այդ Հոդվածներում նախատեսված ծանուցումից հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

 

Հոդված 35

 

Կոնվենցիան ուժի մեջ կմնա հինգ տարի ժամանակահատվածի համար՝ 34-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ուժի մեջ մտնելու տարվա ամիս-ամսաթվից հաշված, նույնիսկ այն պետությունների համար, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել կամ դրան միացել են հետագայում։

Եթե չլինի չեղյալ հայտարարում, ապա Կոնվենցիայի գործողությունը ինքնաբերաբար կերկարացվի յուրաքանչյուր հինգ տարի։

Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը՝ հնգամյա ժամանակամիջոցը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ։ Այն կարող է սահմանափակվել որոշակի տարածքներով կամ տարածքային միավորներով, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

Չեղյալ հայտարարելն ուժի մեջ կմտնի այն պետության համար, որը ծանուցել է այդ մասին։ Կոնվենցիան ուժի մեջ կմնա մյուս Պայմանավորվող պետությունների համար։

 

Հոդված 36

 

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Խորհրդաժողովի անդամ պետություններին և այն պետություններին, որոնք միացել են 32-րդ հոդվածի համաձայն, կծանուցի հետևյալի մասին.

1) 31-րդ Հոդվածում նշված ստորագրումների և վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.

2) 32-րդ Հոդվածում նշված միացումների և դրանց դեմ առարկությունների մասին.

3) 34-րդ Հոդվածի համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա ամիս-ամսաթվի մասին.

4) 26-րդ և 33-րդ Հոդվածներում նշված հայտարարությունների մասին.

5) 28-րդ և 30-րդ Հոդվածներում նշված վերապահումների և դրանց հետ կանչելու մասին.

6) 29-րդ հոդվածի համաձայն ուղարկված տեղեկատվության մասին.

7) 35-րդ հոդվածում նշված չեղյալ հայտարարումների մասին։

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Հաագայում 1980 թվականի հոկտեմբերի 25-ին` անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ կհանձնվի Նիդեռլանդների Թագավորության Կառավարության արխիվներում և որի վավերացված պատճենները դիվանագիտական ուղիներով կուղարկվեն Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր անդամ պետությանը և ցանկացած այլ պետության, որն այդ նստաշրջանում մասնակցել է սույն Կոնվենցիայի նախապատրաստմանը։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ

 

Նմուշ իրավական օգնության մասին դիմումը փոխանցելու համար

 

Փոխանցող մարմնի անվանումը և հասցեն

Ստացող Կենտրոնական մարմնի հասցեն

 

Ներքոստորագրյալ փոխանցող մարմինը պատիվ ունի ստացող Կենտրոնական մարմին փոխանցելու կից իրավական օգնության համար դիմումը և դրա հավելվածը (դիմողի ֆինանսական վիճակի մասին տեղեկանք) վերոնշյալ Կոնվենցիայի I գլխի նպատակների համար։

 

Դիմումի և հայտարարության վերաբերյալ նշումները, եթե այդպիսիք կան՝

 

Այլ նմուշներ, եթե այդպիսիք կան`

 

Կատարվել է __________-ին

 

Ստորագրությունը և/կամ կնիքը

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ՆՄՈՒՇ

 

Դիմում իրավական օգնության համար

 

1. Իրավական օգնության համար դիմողի ազգանունը և հասցեն.

 

2. Այն դատարանը կամ տրիբունալը, որտեղ հարուցվել է կամ կհարուցվի քննությունը (եթե հայտնի է).

 

3. ա) Քննության առարկան(ները) և հայցագինը, եթե կիրառելի է.

 

բ) Եթե կիրառելի է, հարուցված կամ հարուցման ենթակա քննությանը վերաբերող այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվում են որպես հիմնավորում.*

 

գ) Հակառակ կողմի ազգանունը և հասցեն.*

 

4. Ցանկացած տարի և ամիս-ամսաթիվ կամ ժամկետ, որոնք վերաբերում են քննությանը և իրավական հետևանքներ ունեն այն անձի համար, որը խնդրում է դիմումի արագ կատարման համար.*

 

5. Ցանկացած համապատասխան այլ տեղեկություն.*

 

6. Կատարվել է ____________-ին.

 

7. Դիմողի ստորագրությունը.

 


 * Ջնջել, եթե տեղին չէ:

 

Իրավական օգնության համար դիմումին կից հավելված

 

Տեղեկանք դիմողի ֆինանսական վիճակի մասին

 

I. Անձնական դրությունը

 

8. Անունը (օրիորդականը, եթե կիրառելի է).

 

9. Ազգանունը(ները).

 

10. Ծննդյան տարին, ամիս-ամսաթիվը և վայրը.

 

11. Քաղաքացիությունը.

 

12. ա) Մշտական բնակության վայրը (բնակվել սկսելու տարին, ամիս-ամսաթիվը).

 

բ) Նախկին մշտական բնակության վայրը (բնակվել սկսելու և դադարեցման տարին, ամիս-ամսաթիվը).

 

13. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված, առանձին).

 

14. Ամուսնու ազգանունը և անունը(ները).

 

15. Դիմողի խնամակալության տակ գտնվող երեխաների ազգանունները, անունները և ծննդյան թվականները, ամիս-ամսաթվերը.

 

16. Դիմողի խնամակալության տակ գտնվող այլ անձինք.

 

17. Ընտանեկան դրությանը վերաբերող լրացուցիչ տեղեկություն.

 

II. Ֆինանսական հանգամանքները

 

18. Մասնագիտությունը.

 

19. Գործատուի անունը կամ աշխատանքի վայրի անվանումը և հասցեն.

 

20. Եկամուտը

Դիմողի

Նրա ամուսնու

Նրա խնամքի տակ գտնվող անձի

 

ա) աշխատավարձը (ներառյալ ցանկացած տեսակի վճարումները)

 

 

 

բ) թոշակները, հաշմանդամության թոշակները, ալիմենտները, նպաստները, ցմահ կենսաթոշակները

գ) գործազրկության նպաստները

դ) հիմնական աշխատավարձին զուգահեռ եկամուտը

ե) արժեթղթերից կամ բանկային ավանդներից եկամուտը

զ) անշարժ գույքից եկամուտը

է) եկամուտի այլ աղբյուրներ
 

 

 

 

21. Անշարժ գույքը

(նշեք արժեքը և պարտավորությունները)

Դիմողի

Նրա ամուսնու

Նրա խնամքի տակ գտնվող անձի

 

22. Այլ աղբյուրները

 

(ակտիվները, արժեթղթերը, բաժնետոմսերը, պահանջի իրավունքը, բանկային հաշիվները և այլն)

Դիմողի

Նրա ամուսնու

Նրա խնամքի տակ գտնվող անձի

 

23. Պարտքերը և ֆինանսական այլ պարտավորությունները

ա) փոխառությունները (նշեք վճարման բնույթը, գումարը և ամենամսյա կամ ամսական վճարումների չափը)

բ) խնամակալության պարտավորությունները (նշեք ամսական վճարումները)

գ) տան վարձակալությունը (ներառյալ ջեռուցման, էլեկտրականության, գազի և ջրի համար վճարումները)

դ) այլ ընթացիկ պարտավորություններ
 

Դիմողի

Նրա ամուսնու

Նրա խնամքի տակ գտնվող անձի

 

 

24. Նախորդ տարվա եկամտահարկը և սոցիալական վճարումները.

 

25. Դիմողի նշումները.

 

26. Եթե կիրառելի է, լրացուցիչ փաստաթղթերի ցանկը.

 

27. Ներքոստորագրյալը, որն իրազեկված է կեղծ տեղեկությունների համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, հայտնում է, որ վերոնշյալ տեղեկանքը լրացված է լրիվ և հավաստի.

 

28. Կատարվել է ________ (վայրը).

 

29. Տարին, ամիս-ամսաթիվը ________

 

30. Դիմողի ստորագրությունը: