Գլխավոր տեղեկություն
Համար
N 1640-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.08.2014-11.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.62
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 նոյեմբերի 2010 թ.

N 1640-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1350-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ և 17 կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի ա) ենթակետով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն և «Այլ երկրներից 11-ամյա հանրակրթական ծրագրով իրականացվող ուսուցումը ընդհատած և Հայաստան տեղափոխված սովորողների դասարանի համապատասխանությունը որոշելու մասին» 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2010 թվականի նոյեմբերի 24-ի
N 1640-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` դպրոց) հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև ծագող իրավահարաբերությունները:

 

II. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

2. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

3. Սովորողի ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի կրթությունը, իր զարգացման առանձնահատկություններին և տարիքին համապատասխան, ծնողի ցանկությամբ, կարող է կազմակերպվել հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված կամ հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

5. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

6. Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը` սույն կետում նշվածներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:

Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:

 

III. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում դպրոցից դպրոց տեղափոխությունը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան: Դասարանը որոշվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա:

(7-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

8. Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից դպրոց՝ սովորողի տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` 1-ին կուրսից` 10-րդ դասարան, 2-րդ կուրսից` 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով` պահպանելով սույն կարգի 15-րդ և 20-րդ կետի պահանջները:

(8-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

9. Հատուկ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից ընդհանուր հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն կամ ընդհանուր հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից հատուկ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է սույն կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

10. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):

(10-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

11. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի՝ վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի պահանջներին համապատասխան:

1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:

(11-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

12. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

13. Մնացած դեպքերում, այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում /դասարաններում/ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում` մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սույն կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով` եթե սույն կետով սահմանված ժամկետը լրանալու դեպքում չի լրանում 5 տարի անընդմեջ ռուսերենով կամ այլ օտար լեզվով ուսուցմամբ սովորելու ժամկետը: Տվյալ դեպքում սովորողը ուսումնառությունը շարունակում է ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դասարանում:

14. Տնօրենը, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, եռամսյակը մեկ անգամ, լիազոր մարմնին է ներկայացնում դպրոց տեղափոխված սովորողների անվանացանկը` նշելով դասարանը և այն դպրոցի անվանումը, որտեղ սովորողը հաճախել է:

Ոչ պետական դպրոցի դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

 

III. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

15. Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3x4 չափսի,

5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),

6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,

7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),

9) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս (բացառությամբ ուսումնական տարվա սկզբում հիմնական դպրոցից ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս): Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,

10) հիմնական կրթության վկայականի բնօրինակը` 10-12-րդ դասարաններ ընդունվելիս,

11) սույն կարգի 19-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով սահմանված դեպքում` փաստաթուղթ զինկոմիսարիատից:

(15-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

 

IV. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ

 

16. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է՝

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

17. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը հանձնվում է ծնողին, սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը պահպանվում է տվյալ դպրոցում` մինչև սովորողի կամ նրա ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմում ներկայացնելը:

(17-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

18. Ոչ պետական կամ մասնագիտացված դպրոցից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:»:

 

V. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

19. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`

1) մինչև 8 տարեկանը` 1-ին դասարան՝ ընդհանուր հիմունքներով,

2) 9-ից 13 տարեկանը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր,

3) 13-ից 15 տարեկան, դպրոց չհաճախած կամ մինչև 2 տարի ուսումն ընդհատած սովորողն ընդունվում է իր տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ցածր,

4) կրթական 3-րդ աստիճանում դպրոց չհաճախած (մինչև 17 տարին լրանալը) սովորողը, հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,

5) 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից:

20. Սույն կարգի 19-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերի, 7-րդ, 10-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:

(20-րդ կետը փոփ. 01.07.14 N 705-Ն)

21. 17 տարեկանից բարձր, դպրոց չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ և դրսեկության ձևով (էքստեռն)` ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.07.11 N 861-Ն, խմբ. 09.12.13 N 1365-Ն, փոփ. 01.07.14 N 705-Ն)