«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2010 թ. |
N 113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն)
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
(2-րդ կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության «պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձեվավորման
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն)
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։
(նախաբանը փոփ. 15.06.10 N 579-Ն)
1. Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են Հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:
(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)
2. Հաստատություններում` Խորհուրդը կազմվում է 8 անդամից:
(2-րդ կետը խմբ. 15.06.10 N 579-Ն)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.06.10 N 579-Ն)
4. Խորհրդի անդամներին առաջադրում են.
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
2) լիազորված մարմինը,
3) մանկավարժական խորհուրդը,
4) ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:
(4-րդ կետը խմբ. 24.02.15 N 102-Ն)
5. Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի մեկ անդամ:
6. Նախարարության ենթակայության հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ, Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետը 1 անդամ, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը 1 անդամ:
(6-րդ կետը խմբ. 15.06.10 N 579-Ն)
7. Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության Հաստատություններում մարզպետն առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:
8. Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատությունների Խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 3 անդամ:
9. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն 3 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է Խորհրդի 2 անդամ:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում 3 տարուց պակաս գործող Հաստատության Խորհրդի անդամ ընտրելիս:
11. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Հաստատության Խորհրդի 2 անդամ, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խորհրդի կազմում մեկական ներկայացուցիչ են առաջադրում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները:
(11-րդ կետը լրաց. 24.02.15 N 102-Ն)
11.1 Հաստատության խորհրդի կազմում ՀՀ կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ ուսումնական հաստատությունում սովորողի այն ծնողը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության մանկավարժ:
(11.1-ին կետը լրաց. 03.11.14 N 1066-Ն, խմբ. 24.02.15 N 102-Ն)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 22.06.11 N 742-Ն)
13. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
14. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջներին:
15. Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
16. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ Հաստատության Խորհրդի կազմում:
17. Լիազորված մարմինը հիմք ընդունելով Հատատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, 10-օրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:
18. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ Խորհրդի անդամը:
19. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,
2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:
Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:
20. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
(հավելվածը փոփ., խմբ. 15.06.10 N 579-Ն, փոփ. 22.06.11 N 742-Ն, լրաց. 03.11.14 N 1066-Ն, լրաց., խմբ. 24.02.15 N 102-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.05.2024, N 44-Ն | 18.05.2024, N 113-Ն | |
16.04.2021, N 29-Ն | 21.04.2021, N 113-Ն | |
15.03.2021, N 25-Ն | 01.04.2021, N 113-Ն | |
12.11.2015, N 956-Ն | 25.12.2015, N 113-Ն | |
24.02.2015, N 102-Ն | 26.03.2015, N 113-Ն | |
03.11.2014, N 1066-Ն | 29.11.2014, N 113-Ն | |
22.06.2011, N 742-Ն | 12.08.2011, N 113-Ն | |
15.05.2010, N 579-Ն | 25.07.2010, N 113-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|