Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.186.8
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2014
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

12 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 559-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել գյուղատնտեսական կենդանիների կատաղություն հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

  Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2014 թվականի հունիսի 12-ի

N 559-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կատաղություն հիվանդությունը սուր ընթացքով կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումներով, որպես կանոն` մահացու ելքով: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են ինչպես մարդը, այնպես էլ բոլոր կաթնասուն կենդանիները, հազվադեպ` թռչունները: Հիվանդության տարածման աղբյուր են հանդիսանում թափառող շները, կատուները և վայրի կաթնասուն կենդանիները (աղվեսները, գայլերը, վայրի կատուները և այլն):

2. Հիվանդության հարուցիչը ռաբդովիրուսների ընտանիքի լիսավիրուսների խմբի վիրուս է, 180 նմ երկարությամբ, 75-80 նմ տրամագծով, փամփուշտաձև: Բնության մեջ շրջանառվող կատաղության հարուցչի շտամներն ախտածին են բոլոր տեսակի տաքարյուն կենդանիների համար: Հարուցիչն ավելի մեծ քանակությամբ կուտակվում է ախտահարված կենդանիների կենտրոնական նյարդային համակարգում, ինչպես նաև թքագեղձերում և արցունքագեղձերում: Վիրուսը կայուն է ցածր ջերմաստիճանի նկատմամբ և ամիսներով պահպանվում է սառեցված ուղեղում, նեխող նմուշում Ցելսիուսի պլյուս 60 աստիճանում վիրուսն ակտիվազրկվում է 10 րոպեի ընթացքում, Ցելսիուսի պլյուս 100 աստիճանում` ակնթարթորեն: Վիրուսն արագ ակտիվազրկվում է լիզոլի 1-2 %-անոց լուծույթի, ալկալիների, ֆորմալինի, քլորամինի 2-3 %-անոց լուծույթների և այլ համարժեք ախտահանիչների հրահանգով նախատեսված համապատասխան կոնցենտրացիաների ազդեցությունից:

3. Զգայունակ կենդանիների օրգանիզմ ներթափանցելիս վիրուսը որոշ ժամանակ պահպանվում է ներթափանցման վայրում, այնուհետև կենտրոնաձիգ նյարդաթելերով ներթափանցում է գլխուղեղ և ողնուղեղ: Ուղեղից կենտրոնախույս նյարդային ճանապարհով վիրուսը ներթափանցում է թքագեղձեր: Այստեղ այն վերարտադրվում է և նյարդային բջիջների քայքայումից հետո դուրս է գալիս գեղձի հոսքով` ախտահարելով թուքը: Ուղեղից վիրուսը նեյրոգեն ճանապարհով տեղափոխվում է նաև ցանցաթաղանթ և եղջերաթաղանթ, մակերիկամներ, որտեղ նույնպես վերարտադրվում է:

4. Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տատանվել մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի, բայց ավելի հաճախ կազմում է 3-6 շաբաթ, որի տևողությունը կախված է կծելու տեղից և ուժից, վերքում ներթափանցված վիրուսի քանակից և վարակունակությունից` վիրուլենտությունից, կենդանու դիմադրողականության աստիճանից: Կենդանիների մատղաշի մոտ գաղտնի շրջանը սովորաբար ավելի կարճ է, քան մեծահասակ կենդանիների մոտ:

5. Կատաղություն հիվանդությանը բնորոշ է սուր ընթացքը: Տարբերում են հիվանդության գրգռված, պարալիտիկ, ատիպիկ ու լատենտ ձևեր: Գրգռված ձևը առավել տարածվածն է և ընթանում է 3 փուլով` պրոդրոմալ` նախահիվանդային, մանիակալ` մոլագարային և պարալիտիկ` կաթվածահարության փուլ: Կլինիկական նշանները հիմնականում նույնն են կենդանիների բոլոր տեսակների մոտ: Սկզբում կծած վերքի շրջանում առաջանում են բութ, ճմլող ցավեր, որոնք շարունակվում են նաև վերքը փակվելուց հետո: Կարճատև արգելակման շրջանին սովորաբար հաջորդում է շարժողական գրգռվածությունը: Հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, շնչառությունը` աղմկոտ ու վատացած: Այնուհետև զարգանում են մկանների ջղաձգություններ, շնչառական ու կլման մկանների ուժեղ կծկումներ` նույնիսկ ջրի ձայնից կամ բաժակի տեսքից (այստեղից էլ հիվանդության մյուս անվանումը` ջրվախություն): Սննդի և ջրի ընդունումը դառնում է անհնար: Զգացողության բոլոր տեսակները խիստ բարձրանում են, որի հետևանքով ամենաթույլ գրգիռներն անգամ հիվանդի մոտ առաջացնում են ջղաձգության նոր նոպաներ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց ջղաձգության նոպաները հաճախանում են: Նկատվում է ուժեղ արտահայտված թքարտադրություն, առաջանում է վերին և ստորին վերջույթների անդամալուծություն, և հիվանդը մահանում է սրտի կաթվածից:

6. Ախտաբանաանատոմիական փոփոխությունները նշանակություն ունեն միայն կլինիկական պատկերի կամ հետազոտությունների համատեքստով: Դիակների զննման դեպքում հաճախ նկատվում է հյուծվածություն, առկա են լինում կծած հետքեր:

7. Հիվանդությունն ախտորոշվում է համալիր համաճարակաբանական, կլինիկական նշանների, ախտաբանաանատոմիական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հաշվի է առնվում տվյալ տեղանքի և հարևան շրջանների համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության սեզոնայնությունը և անամնեզի տվյալները` հիվանդության մեջ կասկածվող շների կամ վայրի կենդանիների հարձակման վերաբերյալ:

8. Ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտության են ուղարկում կենդանու (շուն, կատու, աղվես, բևեռաղվես, ոչխար, հորթ և այլն) թարմ դիակը կամ գլուխը, խոշոր եղջերավոր կենդանիների գլուխը կամ գլխուղեղը` թարմ կամ գլիցերինի 30-50 %-անոց լուծույթում կոնսերվացված: Դիակը փաթեթավորված է պոլիէթիլենային պարկի մեջ, իսկ գլխուղեղը` ապակյա տարայում պարաֆինապատ կամ անջրաթափանց ռետինե խցանով փակված: Շճաբանական հետազոտության համար պիտանի է միայն չկոնսերվացված գլխուղեղը: Ախտաբանական նյութով սրվակները հերմետիկ փակվում են, պիտակավորվում, որի վրա նշվում է կենդանու տեսակը, որպես նմուշ` ախտաբանական նյութը, պահածոյացնող նյութը, նմուշառման ամսաթիվը և նմուշառողի տվյալները: Սրվակները տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ և կնքված տեղափոխվում հետազոտող լաբորատորիա 24 ժամվա ընթացքում: Այն դեպքերում, երբ հնարավոր է ախտաբանական նյութն ուղարկել 6-12 ժամվա ընթացքում, ապա սառեցման կամ պահածոյացման կարիք չկա:

9. Կատաղության նկատմամբ լաբորատոր հետազոտության նպատակով ախտաբանական նյութերը ներկայացվում են ուղեկցող փաստաթղթերով, որտեղ նշում են այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշաններ երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:

10. Կենդանիների դիահերձումը, գլխուղեղի հեռացումը և այլ ախտաբանական նյութի հետ աշխատանքներն անցկացնում են անձնական հիգիենայի խիստ պահպանման պայմաններում. ամուր ֆիքսում են կենդանու գլուխը, պաշտպանում են ձեռքերը երկու զույգ վիրաբուժական կամ անատոմիական ձեռնոցներով, աչքերի պաշտպանության համար կրում են ակնոցներ, իսկ քթին և բերանին` շնչադիմակներ:

11. Հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտության արդյունքներն ախտորոշող լաբորատորիան հետազոտությունների ավարտից հետո 1 օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին:

12. Կատաղության ախտորոշումը հաստատում կամ հերքում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին):

13. Լիազոր մարմինը լաբորատոր արդյունքների մասին 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ախտաբանական նմուշները ներկայացնողին կամ կենդանու սեփականատիրոջը, իսկ մարդկանց կծելու դեպքում նաև առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին:

14. Կատաղությամբ վարակված կենդանիներին չեն բուժում, հիվանդ կենդանիներին ոչնչացնում են:

15. Կատաղության նկատմամբ անապահով կետ է համարվում անասնապահական տնտեսությունները և դրանց տարածքները, անասնապահական ֆերմաներն իրենց օժանդակ հարմարություններով, արոտավայրերով, ջրամբարներով, երբեմն առանձին արոտավայրեր, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներ և այլ տարածքներ, բնակավայրը իր վարչատարածքային բաժանմամբ, որոնց սահմանում արձանագրվել է կատաղություն հիվանդությունը:

16. Վարակի օջախ է համարվում շինությունը, առանձին անասնապահական ֆերման, զբոսաբակը, ամառային ճամբարը, արոտավայրը կամ դրա մի հատվածը, սպանդանոցները կամ այլ տարածքները, որտեղ առկա են կատաղությամբ հիվանդ կենդանիներ կամ նրանցից ստացված չվարակազերծված մթերքներ և հումք:

17. Այն տնտեսությունները, տարածքները, որտեղ գրանցվում է հիվանդությունը, հաշվառվում և գրանցվում են համաճարակաբանական քարտեզներում և հաշվառման մատյաններում, որոնք կազմում և վարում են տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժները, տարածքի` համայնքի կամ մարզի համաճարակաբանական քարտեզի վրա նշելով ամսաթիվը, կենդանիների հիվանդացության և անկման դեպքերի քանակը, վարակի օջախի ստույգ տեղը: Համաճարակային հաշվառման մատյանների տվյալները հաշվի են առնվում հիվանդության դեմ պայքարի միջոցառումների տարեկան պլանները կազմելիս:

18. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

19. Հիվանդության ներթափանցման կանխարգելման նպատակով գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները պահպանում են հետևյալ պահանջները`

1) ապահովում են ձեռք բերված և ներմուծված բոլոր կենդանիների 30-օրյա կանխարգելիչ կարանտինային պահվածքը.

2) հոտի համալրումն իրականացնում են միայն հիվանդության նկատմամբ ապահով տնտեսությունների կենդանիներով.

3) այն տնտեսությունները կամ հոտերը, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, 1 տարվա ընթացքում համալրում են հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիներով.

4) մսուրային պահվածքի դեպքում բացառում են կենդանիների շփումն այլ տնտեսությունների կենդանիների հետ.

5) տնտեսությունն ապահովում են սանիտարական անցակետով` մուտքի մոտ տեղադրելով ախտահանիչ լուծույթով թրջված գորգեր, իսկ սպասարկող ողջ անձնակազմին` փոխնորդ արտահագուստով և կոշիկներով.

6) տնտեսություններում իրականացնում են կրծողների դեմ պայքար.

7) հիվանդության նկատմամբ անապահով տարածքներում կամ տնտեսություններում, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, ապահովում են շների, անկախ նրանց պատկանելությունից, անհրաժեշտության դեպքում նաև կատուների պարտադիր իմունականխարգելումը` համաձայն օգտագործվող պատվաստանյութի հրահանգի: Պատվաստման ժամանակ կազմվում է ակտ, որտեղ նշվում է պատվաստված կենդանիների բնակության վայրը:

20. Անասնապահական տնտեսություններ և տարածքներ նոր կենդանիների մուտք գործելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծելը թույլատրվում է միայն կատաղության նկատմամբ ապահով երկրներից կամ երկրների տարածքներից` կատաղության նկատմամբ կենդանու առողջությունը հավաստող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, որոնցում պարտադիր նշվում է նաև տնային կենդանիների` շան, կատվի կատաղության նկատմամբ պատվաստված լինելու մասին:

21. Ներմուծվող կենդանիների կամ կենդանախմբերի մեջ կատաղության կասկածի կամ հիվանդության նշանների առկայության դեպքում, ներմուծվող խմբաքանակը ենթարկվում է սահմանային կանխարգելիչ կարանտինի, որի ընթացքում բոլոր կենդանիները մեկուսացվում են, ենթարկվում ախտորոշիչ հետազոտությունների, ձեռնարկվում է հիվանդության տարածումը սահմանափակող և հիվանդության վերացման միջոցառումներ:

22. Կանխարգելիչ պատվաստումների, կարանտինում կենդանիների պահվածքի, ախտորոշումների, ինչպես նաև ոչնչացման ծախսերը կատարվում են ներմուծողի կամ սեփականատիրոջ միջոցների հաշվին:

23. Հիվանդության առաջացման և տարածման կանխարգելման նպատակներով գյուղատնտեսական, տնային և վայրի կենդանիներ պահող, շների և մորթատու գազանների բուծմամբ, թափառող կենդանիների դեմ պայքարող, որսորդությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք`

1) հետևում են շների, կատուների, մորթատու գազանների և գիշատիչ կենդանիների պահվածքին.

2) իրենց խնամքի տակ գտնվող շներին և կատուներին սահմանված ժամկետներում ենթարկում են պարտադիր իմունականխարգելիչ պատվաստումների` համաձայն պատվաստանյութի օգտագործման հրահանգի և ապահովում են անասնաբուժական անձնագրերում պատվաստման մասին գրառումները.

3) բացառում են իրենց պատկանող կատաղության նկատմամբ չպատվաստված շների, կատուների ազատ պահվածքը վայրի բնության մեջ, մասնակցությունը որսերին.

4) հնարավորինս բացառում կամ կանխում են վայրի գիշատիչների մուտքն անասնապահական շինություններ, նախիրներ, հոտեր, երամակներ.

5) գյուղատնտեսական կենդանիներին արածեցնում են, ինչպես նաև գիշերային ժամերին պահում են սպասարկող անձնակազմի և/կամ կատաղության նկատմամբ պատվաստված շների հսկողության տակ.

6) հայտնաբերված վայրի կենդանիների դիակներն ուղարկում են կատաղության նկատմամբ լաբորատոր հետազոտության.

7) ձեռնարկում են միջոցներ կամ աջակցում են գայլերի և շնագայլերի վերացմանն ուղղված գործողությունների կատարմանը:

24. Տնային կենդանիների` շների, կատուների առքը, վաճառքը, ցուցահանդեսներին մասնակցությունը թույլատրում են միայն անասնաբուժական վկայականի առկայությամբ, որը հավաստում է կատաղության նկատմամբ 12 ամսից ոչ շուտ և տեղափոխումից ոչ պակաս, քան 30 օր առաջ կենդանու պատվաստումը:

 25. Կատաղության նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա վայրերում հիվանդության տարածման կանխարգելման նպատակով օգտագործում են մամուլը, ռադիոն և զանգվածային լրատվության այլ միջոցները բնակչության և անասնապահների շրջանում կանոնավոր բացատրական աշխատանք տանելու, հիվանդության վարակման և տարածման ուղիների վերաբերյալ:

 

III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

26. Գյուղատնտեսական, տնային և վայրի կենդանիների կողմից կենդանուն կծելու դեպքի արձանագրման կամ կատաղությամբ կենդանիների հիվանդացության և կատաղությանը բնորոշ պահվածքի կամ դրանց կասկածների դեպքում կապի ցանկացած միջոցով կենդանու սեփականատերն անհապաղ տեղեկացնում է անասնապահական տնտեսությունը կամ տնային կենդանուն կամ համայնքը սպասարկող անասնաբույժին և/կամ անասնաբուժության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնին և ձեռնարկում են հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մեկուսացմանն ուղղված հնարավոր գործողություններ:

27. Հիվանդության ախտորոշման հաստատումից հետո սահմանվում են անապահով կետը և վարակի օջախը, դրանց սահմանները և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում է կարանտին:

28. Լիազոր մարմնի կողմից հիվանդությունն ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը`

1) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիվանդության դեմ պայքարի միջոցառումների և առողջացման պլանը հաստատելու և իրականացնելու նպատակով ներկայացնում է հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները.

2) սահմանում է կատաղության դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումները:

29. Կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ:

30. Մարդկանց կծած շները, կատուները և այլ կենդանիները տիրոջ (կազմակերպության, տնտեսության) կամ թափառող շների և կատուների որսով զբաղվող հատուկ կազմակերպության կողմից անհապաղ ենթարկվում են մեկուսացման և բուժզննման` մասնագետների հսկողության տակ, 10 օրվա ընթացքում: Մեկուսացված կենդանու կատաղության ախտորոշումը հաստատելուց հետո հետազոտության արդյունքները գրավոր ներկայացվում են այն բժշկական հաստատություն, որտեղ դիմել է կենդանու կողմից հարձակման ենթարկված անձը:

31. Անապահով տնտեսությունում կամ տարածքում լիազոր մարմինը և անասնաբուժության բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինը հիվանդության դեմ պայքարում իրականացնում են`

1) համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն, որը ներառում է նաև հարակից տարածքները.

2) համաճարակային իրավիճակի գնահատում, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում են անապահով կետի և վարակի օջախի սահմանները.

3) վարակի նկատմամբ կասկածվող կենդանիների կլինիկական զննում` հատուկ ուշադրություն դարձնելով կլինիկական նշանների և հիվանդության ընթացքի վրա.

4) հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող կենդանուց ստացված կաթի, կաթնամթերքի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:

32. Հիվանդության դեմ պայքարի համալիրում անապահով կետում կամ տարածքում կամ վարակի օջախում`

1) կենդանու սեփականատերը հնարավոր ցանկացած միջոցով և եղանակով մեկուսացնում է հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններով և հարձակման ենթարկված կամ վարակված կենդանիներին և վնասազերծում` մինչև հիվանդությունից դրանց սատկելը կամ ոչնչացնելը.

2) անասնաբուժության բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինը տեղական ինքնակառավարման մարմնի աջակցությամբ պայմանական առողջ թափառող շներին և կատուներին ենթարկում են իմունականխարգելիչ պատվաստման` համաձայն պատվաստանյութի օգտագործման հրահանգի.

3) հիվանդությունից սատկած կամ ոչնչացված կենդանիների դիակները ենթակա են օգտահանման կամ ոչնչացման կենդանու սեփականատիրոջ միջոցներով, իսկ կենդանու սեփականատիրոջ բացակայության դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կամ անասնաբուժության բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից.

4) համաճարակային ցուցման դեպքում թույլատրվում է վայրի շնազգիների թվաքանակի կրճատում` որսի կամ այլ միջոցների կիրառմամբ.

5) լիազոր մարմինը, անասնաբուժության բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում են հանրության իրազեկում:

33. Անապահով ճանաչված տարածքում, բնակավայրում արգելվում է`

1) անապահով կետից կամ վարակի օջախից հիվանդ կամ հիվանդացության նկատմամբ կասկածվող կենդանիների, թռչունների տեղաշարժը, դուրս բերումը և իրացումը.

2) կենդանիների գլխաքանակի վերախմբավորումներն անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս առանց անասնաբույժի թույլտվության.

3) կողմնակի անձանց մուտքն անասնաշենքեր և կենդանիներ պահելու համար նախատեսված այլ շինություններ և տարածքներ` բացառությամբ խնամող անձնակազմի.

4) անկած կենդանիներ թաղելը կամ անասնագերեզմաններ ստեղծելն այն վայրերում, որտեղ բարձր է ստորգետնյա ջրերի մակարդակը.

5) անկած կենդանիների դիակներ թաղելը կամ հորելը այդ նպատակի համար չնախատեսված վայրերում.

6) դիակների հերձումը և անկած կենդանիների կաշիները հանելը, դիերի հերձումը թույլատրվում է միայն նյութատեխնիկական հագեցվածություն ունեցող վայրում` ախտորոշման նպատակով.

7) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի և կերերի զանգվածային վաճառք, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ:

34. Թույլատրվում է կատաղության նկատմամբ վարակման մեջ կասկածվող և հիվանդության կլինիկական նշաններ չունեցող գյուղատնտեսական և մորթատու կենդանիների սպանդը և սպանդից ստացված մթերքի օգտագործումը նրանց անասնաբուժական պարտադիր զննումից հետո:

35. Թույլատրվում է անապահով տնտեսության տարածք ավտոմեքենաների մուտքն ու ելքը պայմանով, որ դուրս գալուց առաջ ավտոմեքենան, ուղևորների արտահագուստն ու կոշիկները պարտադիր ենթարկվեն ախտահանության:

36. Կատաղության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

1) վարակի օջախում գտնվող բոլոր թափառող հիվանդ և հիվանդության նկատմամբ կասկածվող կամ հիվանդությանը բնորոշ կլինիկայով շները ոչնչացվում են.

2) սպանված և անկած կենդանիների դիակները, գոմաղբը, կերի մնացորդները, տարաները և ցածրարժեք գույքը, ինչպես նաև կիսաքանդ շինությունները, փայտյա հատակը, կերամանները, միջնապատերը այրում են տեղում: Չվառված մնացորդը հորում են 2 մետրից ոչ պակաս խորությամբ փոսերի մեջ.

3) դիակների այրման հետ կապված բարդությունների դեպքում դրանք թաղում են համաճարակային օջախին հնարավորինս մոտ փորված` 2 մետրից ոչ պակաս խորությամբ փոսերում: Թաղելուց առաջ փոսերի մեջ բացում են դիակների որովայնի խոռոչը, դիակները ծածկում են քլորակրի շերտով.

4) իրականացվում են շենքերի, վանդակների և այլ վայրերի եռակի ախտահանություն. առաջինը` անմիջապես կենդանիների ոչնչացումից, երկրորդը` փայտյա հատակի, միջանցքների կերամանների հեռացումից և մանրակրկիտ խնամքով մաքրելուց հետո, երրորդը` կարանտինը հանելուց առաջ: Միաժամանակ առաջին ախտահանման ժամանակ իրականացվում է միջատների, տզերի և կրծողների դեմ պայքար` կիրառվող նյութերի օգտագործման հրահանգների համաձայն.

5) մեխանիկական մաքրումից առաջ բոլոր շինությունները և այնտեղ գտնվող սարքավորումները, ցանկապատերը, մորթի կետերը և այլ վայրերը, որտեղ գտնվել են կենդանիները, թրջվում է որևէ ախտահանիչ նյութի լուծույթով` 1.5% ֆորմալդեհիդ պարունակող ֆորմալինի լուծույթով կամ 0.5%-անոց նատրիումի քլորիդի լուծույթում լուծված պարաֆորմի 1.5%-անոց լուծույթով կամ 5%-անոց ակտիվ քլոր պարունակող չեզոք կալցիումի հիպոքլորիտ-տեկսոնիտի լուծույթով կամ քլորամինի 5%-անոց լուծույթով: Կարելի է օգտագործել նաև ոչ պակաս 25%-անոց քլոր պարունակող քլորակիր չոր վիճակում, որը հավասարաչափ շաղ տալուց թրջվում է: Ախտահանումից առաջ պատերը, հատակը, շինությունները, դռները, սարքավորումները լվացվում են լվացող միջոցներ պարունակող տաք ջրով.

6) կենդանիների պահվածքի շինությունների, վանդակների, կերահրապարակների և այլ շինությունների ընթացիկ և եզրափակիչ ախտահանության համար ախտահանիչներն օգտագործվում են 1 մ2  մակերեսին 1 լիտրի հաշվարկով, 3 ժամից ոչ պակաս ախտահանության տևողությամբ: Կարելի է օգտագործել նաև 4%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի, նատրիումի կամ կալցիումի 3%-անոց ակտիվ քլոր պարունակող հիպոքլորիտի կամ 0.5%-անոց ֆորմալդեհիդ պարունակող ֆորմալինի լուծույթներ` 1.5 լիտր 1 մ2  մակերեսի հաշվարկով` 24 ժամ ախտահանության տևողությամբ.

7) հողի, շինության հողե մակերեսի, անասնաբակի և այլ վայրերի, որտեղ գտնվել են կենդանիների դիակները, ախտահանությունն իրականացվում է 25%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթով` 1 մ2  տարածքին 2 կգ հաշվարկով, հետագայում ախտահանված 1 մ2  մակերեսը խոնավացնելով 10 լիտր ջրով: Ախտահանությունից 24 ժամ հետո հողի վերին շերտը 10-15 սմ հաստությամբ հանվում է և լցվում 2 մետր խորությամբ հատուկ փորված խրամուղու մեջ` խառնելով քլորակրով և հետագայում խոնավացնելով ջրով.

8) գոմաղբահեղուկը հավաքման կետում մշակում են 25%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրով` 10 լիտր գոմաղբաջրին 1.5 կգ քլորակրի հաշվարկով.

9) գոմաղբահորերում գոմաղբը վերևից ծածկում են 25%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրով 0.5 կգ/մ2  հաշվարկով, հետո խառնում են փոսի մեջ և թողնում 1.5 մ խորությամբ: Գոմաղբի մեծ քանակությունները թողնում են կենսաբանական վարակազերծման համար 1 տարի ժամկետով: Դրա համար գոմաղբի պահման հորի եզրերով լցնում են քլորակիր 1մ2  2 կգ հաշվարկով: Գոմաղբահորի ամբողջ եզրերով արտաքինից տեղադրում են փշալարերից ցանկապատ և փորում են փոս.

10) կենդանիների հավաքման, թաղման, ոչնչացման գործընթացին մասնակցած տեխնիկան (բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն) խնամքով լվանալուց հետո ախտահանում են համաճարակային օջախում հատուկ առանձնացված հրապարակում, որի համար օգտագործում են նշված նյութերից որևէ մեկը. ֆորմալդեհիդի 1.5%-անոց լուծույթ, պարաֆորմի 1.5%-անոց լուծույթ` պատրաստված 0.5% կծու նատրիումի վրա, քլորամինի 5%-անոց լուծույթ: Նշված միջոցներն ախտահանվող մակերեսին տրվում է 1 մ2  1 լիտրի հաշվով: Ախտահանման տևողությունը 3 ժամ է.

11) համաճարակային օջախում, ախտահարված տարածքում աշխատողների արտահագուստը, գործիքները, ապակե տարաները վնասազերծում են ֆորմալդեհիդի գոլորշիներով պարաֆորմալինային խցերում մեկ ժամ տևողությամբ 57-60 0C 1 մ3-ին 75 մլ ֆորմալինի ծախսի հաշվարկով կամ քլորամին F-ի 5%-անոց լուծույթում թրջելու միջոցով` 1 կշռաչափ հագուստին 9 բաժին ախտահանիչ լուծույթ հարաբերությամբ` 3 ժամ տևողությամբ կամ ֆորմալդեհիդի կամ գլուտարալդեհիդի 0.5%-անոց լուծույթով` 24 ժամ տևողությամբ.

12) համաճարակային օջախում աշխատող մարդկանց համար սնունդ բերող կամ սննդի պատրաստման համար օգտագործվող թերմոսները և այլ տարողությունները մշակում են քլորամինի 5%-անոց լուծույթով.

13) կատարված ախտահանությունները փաստաթղթավորում են` կազմելով համապատասխան ակտեր, զուգահեռաբար ստուգելով արդյունավետությունը և որակը:

37. Կատաղության նկատմամբ անապահով ֆերմայի (հոտ, նախիր, երամակ) կլինիկապես առողջ կենդանիների կաթը, անկախ կատաղության նկատմամբ կատարված պատվաստումներից, թույլատրվում է օգտագործել մարդկանց սննդում կամ կենդանիներին որպես կեր` 80-85 0C 30 րոպե տևողությամբ պաստերացումից հետո կամ 5 րոպե եռացնելով կաթը:

38. Կատաղության նկատմամբ անապահով, բայց կլինիկապես առողջ խմբից ստացված կենդանական ծագման հումքը տնտեսությունից հանվում է ամուր կտորի տարայով միայն վերամշակման, մթերման կամ պահպանման ձեռնարկություններ անասնաբուժական սերտիֆիկատի ուղեկցությամբ, որում նշվում է, որ տվյալ հումքը ենթակա է ախտահանության` կենդանական ծագման հումքի հրահանգին համապատասխան:

39. Կարանտինը և սահմանափակումները հանվում են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կենդանիների հիվանդացության կամ վերջին դեպքից, եզրափակիչ ախտահանությունից 2 ամիս անց:

40. Եզրափակիչ ախտահանության ժամանակ անապահով կետում կամ տարածքում անասնաշենքերը, դրանց հարակից տարածքները նախապես ենթարկվում են մանրակրկիտ մեխանիկական մաքրման, այնուհետև ախտահանիչ լուծույթներով կատարում են ախտահանություն, որի համար օգտագործում են ֆորմալդեհիդի 2 %-անոց կամ կծու նատրիումի 3 %-անոց տաք լուծույթներ: Փոխադրամիջոցներն ախտահանում են այդ նպատակի համար կահավորված հարթակներում կամ էլ ախտահանիչ խցերում ֆորմալդեհիդի 2 %-անոց լուծույթով: Անասնաշենքերի պատերը և միջնապատերը սպիտակեցնում են հանգեցրած կրի թարմ լուծույթով:

41. Հիվանդության դեմ պայքարի միջոցառումների և եզրափակիչ ախտահանության կատարման հսկողության արդյունքների հիման վրա լիազոր մարմինը կազմում է ակտ, որը ստորագրում են անապահով տնտեսության կամ տարածքի ղեկավարը և միջոցառումները կատարողները, ինչը հիմք է հանդիսանում կարանտինի չեղյալ հայտարարման համար: