Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հոդ.455
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1194-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)՝ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Գասպարյանին:

 

Նախարար`

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2007 թ. դեկտեմբերի 6-ի

N 1194-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ կրթության կազմակերպման պայմանները: Այն մշակվել է ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով:

2. Հեռակա ուսուցման հիմնական նպատակներն են`

ա) հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը,

բ) կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում և արտասահմանում բնակվող անձանց համար,

գ) ուսումնական հաստատություններում օգտագործվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

 

II. Հեռակա ուսուցմամբ սովորողների ընդունելությունը

 

3. ՀՀ բուհերում հեռակա ուսուցումը կազմակերպվում է անվճար և վճարովի սկզբունքով: Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) սովորում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողները: Անվճար ուսուցման լրացուցիչ տեղեր կարող է նախատեսել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունը:

4. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

5. Հեռակա ուսուցման ընդունելության կանոնները և ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

6. Ընդունելության ժամանակ դիմորդներին տրվող արտոնությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, ովքեր հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի են ընդունվել մինչև 2010 թվականը, կարող են ուսումը շարունակել տվյալ մասնագիտության 3-րդ կուրսից՝ բուհի կողմից սահմանված ժամկետում հանձնելով առարկայական տարբերությունները:

(6-րդ կետը լրաց. 20.06.14 N 666-Ն)

7. Մրցույթով անցած դիմորդները պայմանագիր են կնքում բուհի հետ:

 

III. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը

 

8. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով (ըստ կրթական ծրագրերի` առկա ուսուցման նորմատիվային ժամկետից կեսից մինչև 1 տարով ավելի):

9. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվում է համաձայն ուսումնական պլանի և ուսումնական գործընթացի ժամանակացույցի:

10. Ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման օրինակելի ուսումնական պլանի հիման վրա` պահպանելով հետևյալ պայմանը` առկա ուսուցման ծավալը յուրաքանչյուր տարում ոչ պակաս 160 ժամից:

11. Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուստարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), յուրաքանչյուր առարկային հատկացված լսարանային ժամաքանակը և ստուգման ձևը:

12. Ուսումնական պլանը և ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում են բուհերի ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից` համապատասխան ֆակուլտետների հետ համատեղ և հաստատվում ռեկտորի (ուսումնական գծով պրոռեկտորի) կողմից:

13. Դասընթացներն անցկացվում են բուհի կողմից սահմանված ժամանակացույցով՝ մինչև հինգ շաբաթ ընդհանուր տևողությամբ: Դասընթացներն ավարտվում են քննաշրջաններով, որոնք լինում են`

ա) ուսումնաքննական (կիսամյակային կամ տարեկան), որի ընթացքում կատարվում են գործնական, լաբորատոր և կուրսային աշխատանքներ (նախագծեր), ամփոփիչ դասընթացներ` ուսանողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում ստացած գիտելիքների համակարգման, ընդլայնման և խորացման նպատակով, անցկացվում են քննություններ, ստուգարքներ, պրակտիկաներ (եթե դրանք նախատեսված են ուսումնական պլանով), ինչպես նաև դրույթային դասախոսություններ և այլ դասընթացներ,

բ) ամփոփիչ ատեստավորման, որի ընթացքում ուսանողները հանձնում են քննություններ, պաշտպանում ավարտական թեզեր:

14. Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մաս է համարվում գրավոր աշխատանքների կատարումը: Գրավոր աշխատանքների կատարման ընթացքը, ստուգման և գնահատման ընթացակարգերը ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունը:

15. Գիտելիքների ստուգման և գնահատման ձևերն ու մեթոդները (միջանկյալ, ամփոփիչ քննություններ, ստուգարքներ), հաճախականությունը, ինչպես նաև դրանց կազմակերպման ու անցկացման կարգը սահմանում է բուհը:

16. Քննաշրջանին մասնակցել թույլատրվում են այն ուսանողները, ովքեր հանձնել են տվյալ կիսամյակում կամ ուստարում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների բոլոր բաղկացուցիչները:

17. Նույն առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալու կամ նույն քննաշրջանում երեք առարկաներից (ստուգարք և քննություն) անբավարար գնահատական ստանալու դեպքում ուսանողը հեռացվում է բուհից:

 

IV. Ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը

 

18. Ուսանողների համար ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը ներառում է`

ա) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ծրագրերը,

բ) ուսումնական ձեռնարկներ և հեռակայողների համար ստեղծված դասախոսությունների տեքստեր,

գ) կիսամյակների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանքների կազմակերպման համար մեթոդական ցուցումներ,

դ) գրավոր աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ, թեստեր,

ե) ամփոփիչ ստուգումների հարցաշարեր,

զ) ամբիոնների կողմից մշակված տեսալսողական նյութեր և էլեկտրոնային տեսքով ստեղծված մեթոդական այլ նյութեր:

19. Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը պարտավոր է բոլոր ուսանողներին ապահովելու հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով և համապատասխան նյութերով:

 

V. Պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը

 

20. Պետական ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի» համաձայն:

(հավելվածը լրաց. 20.06.14 N 666-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2014, N 666-Ն 25.07.2014, N 1194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան