Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (01.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունման ամսաթիվ
25.10.1980
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Երեխայի միջազգային առեվանգման քաղաքացիական մոտեցումների մասին

 

Սույն Կոնվենցիան ստորագրող Պետությունները,

հստակ համոզված լինելով, որ երեխայի շահերն ամենակարևորն են նրանց մասին հոգալու հարցերում,

ցանկանալով միջազգային մակարդակով պաշտպանել երեխաներին նրանց անօրինականորեն տեղափոխելու կամ պահելու վնասակար հետևանքներից և ընթացակարգեր ստեղծել նրանց մշտական բնակության Պետություն նրանց անհապաղ վերադարձը, ինչպես նաև տեսակցության իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար,

որոշեցին այդ նպատակով կնքել Կոնվենցիա և համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Գ լ ու խ  I

 

Կոնվենցիայի գործողության ոլորտը

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և

բ) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ Պայմանավորվող պետություններում:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները իրենց տարածքներում Կոնվենցիայի նպատակների կատարումն ապահովելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են իրենց տրամադրության տակ գտնվող ամենաարագ ընթացակարգերը:

 

Հոդված 3

 

Երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.

ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և

բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:

«ա» կետում նշված խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:

 

Հոդված 4

 

Կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան:

 

Հոդված 5

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար`

ա) «խնամակալության իրավունքներ»-ը ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.

բ) «տեսակցության իրավունքներ»-ը ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը:

 

Գ լ ու խ  II

 

Կենտրոնական մարմինները

 

Հոդված 6

 

Պայմանավորվող պետությունները նշանակում են Կենտրոնական մարմին` սույն Կոնվենցիայով նման իրավասու մարմինների վրա դրված պարտականությունները կատարելու համար:

Դաշնային Պետությունները, մեկից ավելի իրավական համակարգեր ունեցող Պետությունները կամ այն Պետությունները, որոնց կազմի մեջ մտնում են ինքնավար կազմավորումներ, իրավունք ունեն հիմնելու մեկից ավելի Կենտրոնական մարմիններ և որոշելու նրանց իրավասությունների տարածքային սահմանները: Եթե Պետությունը նշանակել է մեկից ավելի Կենտրոնական մարմին, ապա նա նշում է այն Կենտրոնական մարմինը, որին կարող են հասցեագրվել դիմումները՝ այդ Պետությունում համապատասխան Կենտրոնական մարմին դրանք փոխանցելու համար։

 

Հոդված 7

 

Կենտրոնական մարմիննները համագործակցում են միմյանց հետ և օժանդակում են իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը` երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և Կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար:

Մասնավորապես, անմիջականորեն կամ որևէ միջնորդի միջոցով նրանք ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի՝

ա) բացահայտեն, թե որտեղ է գտնվում անօրինականորեն տեղափոխված կամ պահվող երեխան.

բ) կանխարգելեն երեխային հետագա վնաս պատճառելը կամ շահագրգիռ անձանց վնասելը` ժամանակավոր միջոցներ ձեռնարկելով կամ կարգադրելով ձեռնարկել.

գ) ապահովեն երեխայի կամավոր վերադարձը կամ նախաձեռնեն

խնդիրների բարեկամական լուծումը.

դ) անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանակեն երեխայի սոցիալական ծագման մասին.

ե) տրամադրեն ընդհանուր բնույթի տեղեկատվություն Կոնվենցիայի կիրառմանն առնչվող` իրենց Պետությունների իրավունքի մասին.

զ) նախաձեռնեն դատական կամ վարչական ընթացակարգեր կամ նպաստեն այդպիսի ընթացակարգերին` երեխայի վերադարձմանը հասնելու նպատակով և, անհրաժեշտության դեպքում, համաձայնության գան տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու և ապահովելու համար.

է) եթե հանգամանքները պահանջում են, ապահովեն կամ դյուրացնեն իրավաբանական օգնության և խորհրդատվության տրամադրումը, ներառյալ փաստաբանների և իրավաբանական խորհրդատուների մասնակցությունը.

ը) ապահովեն այնպիսի կազմակերպչական օգնություն, որը կարող է անհրաժեշտ և տեղին լինել երեխայի անվտանգ վերադարձն ապահովելու համար.

թ) տեղյակ պահեն միմյանց սույն Կոնվենցիայի կատարման մասին և հնարավորին չափով վերացնեն դրա կիրառման խոչընդոտները:

 

Գ լ ու խ  III

 

Երեխաների վերադարձը

 

Հոդված 8

 

Ցանկացած անձ, հաստատություն կամ այլ մարմին, որը բողոք է ներկայացրել այն մասին, որ երեխան տեղափոխվել կամ պահվել է` ի խախտումն խնամակալության իրավունքների, կարող է դիմել երեխայի մշտական բնակության կամ ցանկացած այլ Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնի` երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու համար:

Դիմումը պետք է պարունակի.

ա) տեղեկատվություն դիմողի, երեխայի և երեխային տեղափոխելու կամ պահելու մեջ մեղադրվող անձի ինքնության մասին.

բ) եթե հնարավոր է, երեխայի ծննդյան տարին և ամիս-ամսաթիվը.

գ) այն հիմքերը, որոնց վրա հիմնվում է երեխային վերադարձնելու համար դիմողի պահանջը.

դ) հնարավոր ողջ տեղեկատվությունը երեխայի գտնվելու վայրի և այն անձի ինքնության մասին, ում մոտ ենթադրաբար գտնվում է երեխան:

Դիմումը կարող է լրացվել հետևյալով, կամ նրան կարող է կցվել հետևյալը՝

ե) համապատասխան որոշման կամ համաձայնագրի վավերական պատճենը.

զ) երեխայի մշտական բնակության Պետության` համապատասխան իրավունքի մասին տվյալ Պետության Կենտրոնական մարմնի կամ իրավասու այլ մարմնի կամ անձի կողմից տրված վկայականը կամ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքը.

է) ցանկացած այլ համապատասխան փաստաթուղթ:

 

Հոդված 9

 

Եթե 8-րդ հոդվածով նախատեսված դիմումն ստացած Կենտրոնական մարմինը հիմքեր ունի հավատալու, որ երեխան գտնվում է այլ Պայմանավորվող պետությունում, ապա նա անմիջականորեն և առանց ձգձգումների դիմումը փոխանցում է տվյալ Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնին և այդ մասին տեղեկացնում է հայցող Կենտրոնական մարմնին կամ դիմողին՝ կախված հանգամանքներից:

 

Հոդված 10

 

Այն Պետության Կենտրոնական մարմինը, որտեղ գտնվում է երեխան, երեխային կամավոր վերադարձնելու համար ձեռնարկում է բոլոր համապատասխան միջոցները կամ կարգադրում է դրանք ձեռնարկել:

 

Հոդված 11

 

Պայմանավորվող պետությունների դատական և վարչական մարմինները երեխաներին վերադարձնելու համար ընթացակարգերում գործում են անհապաղ:

Եթե համապատասխան դատական կամ վարչական մարմիններն ընթացակարգերն սկսվելուց հետո` վեց շաբաթվա ընթացքում, չեն գալիս որևէ եզրակացության, ապա դիմողը կամ հայցվող Պետության Կենտրոնական Պետությունը, իր սեփական նախաձեռնությամբ կամ հայցող պետության Կենտրոնական մարմնի խնդրանքով, իրավունք ունեն բացատրություններ պահանջելու ձգձգման պատճառների մասին: Եթե պատասխանը ստանում է հայցվող Պետության Կենտրոնական մարմինը, ապա նա պատասխանը փոխանցում է հայցող Պետության Կենտրոնական մարմնին կամ դիմողին՝ կախված հանգամանքներից:

 

Հոդված 12

 

Եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին:

Դատական կամ վարչական մարմինները նույնիսկ այն դեպքերում, երբ ընթացակարգերը սկսվել են նախորդ կետում նշված մեկամյա ժամկետն անցնելուց հետո, նույնպես կարգադրություն են անում երեխային վերադարձնելու մասին, եթե միայն ապացուցված չէ, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին:

Եթե դատական կամ վարչական մարմինները հայցվող Պետությունում հիմքեր ունեն հավատալու, որ երեխան դուրս է բերվել այլ Պետություն, նրանք կարող են դադարեցնել ընթացակարգերը կամ մերժել երեխայի վերադարձման մասին դիմումը:

 

Հոդված 13

 

Չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:

Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված` երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:

 

Հոդված 14

 

Պարզելու համար, թե արդյոք առկա՞ է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության Պետության իրավունքը և այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները՝ առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն։

 

Հոդված 15

 

Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները նախքան երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անելը կարող են դիմողից խնդրել` երեխայի մշտական բնակության Պետության մարմիններից ստանալ որևէ որոշում կամ այլ հաստատում այն մասին, որ տեղափոխումը կամ պահելը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, անօրինական է, եթե նման որոշումը կամ հաստատումը կարող է ձեռք բերվել այդ Պետությունում: Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինները հնարավորին չափ աջակցում են դիմողին նման որոշում կամ հաստատում ստանալու գործում:

 

Հոդված 16

 

3-րդ հոդվածի իմաստով երեխայի անօրինական տեղափոխման կամ պահելու մասին տեղեկություն ստանալուց հետո այն Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինները, որի տարածք է տեղափոխվել երեխան, կամ որի տարածքում նա պահվում է, չեն որոշելու խնամակալության իրավունքի մասին հարցն այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, որ, սույն Կոնվենցիայի համաձայն, երեխան չպետք է վերադարձվի, կամ քանի դեռ ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետի ընթացքում, սույն Կոնվենցիային համապատասխան դիմում չի տրվել:

 

Հոդված 17

 

Միայն այն փաստը, որ խնամակալության մասին որոշումը կայացվել է, կամ իրավունք է վերապահվել ճանաչելու այն հայցվող Պետությունում, հիմք չի հանդիսանում, սույն Կոնվենցիային համապատասխան, երեխային վերադարձնելը մերժելու համար, սակայն հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները Կոնվենցիան կիրառելիս կարող են ուշադրություն դարձնել այդ որոշման հիմքերին:

 

Հոդված 18

 

Սույն գլխի դրույթները չեն սահմանափակում դատական կամ վարչական մարմինների` ցանկացած ժամանակ երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անելու մասին լիազորությունները:

 

Հոդված 19

 

Երեխային վերադարձնելու մասին սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված որոշումը չպետք է դիտվի որպես խնամակալության մասին ցանկացած հարցի կարևորությունը գնահատելու սահմանում:

 

Հոդված 20

 

12-րդ հոդվածի դրույթների իմաստով երեխայի վերադարձը կարող է մերժվել, եթե դա չի թույլատրվում հայցվող Պետության հիմնարար սկզբունքներով, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 

Գ լ ու խ  IV

 

Տեսակցության իրավունքը

 

Հոդված 21

 

Տեսակցության իրավունքի արդյունավետ իրականացումը կազմակերպելու կամ ապահովելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու մասին դիմումը կարող է ներկայացվել Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմիններին այն կարգով, որով ներկայացվում է երեխային վերադարձնելու մասին դիմումը:

Կենտրոնական մարմինները կապված են 7-րդ հոդվածում ամրագրված` տեսակցության իրավունքների խաղաղ իրականացման և այն պայմանների կատարմանն օժանդակելու գործում համագործակցության պարտավորություններով, որոնց կարող է ենթակա լինել այդ իրավունքների իրականացումը: Կենտրոնական մարմինները քայլեր են ձեռնարկում նման իրավունքների իրականացման բոլոր խոչընդոտները հնարավորին չափ վերացնելու համար:

Կենտրոնական մարմիններն անմիջականորեն կամ միջնորդների միջոցով կարող են նախաձեռնել գործ հարուցելը կամ աջակցել գործ հարուցելուն՝ նպատակ ունենալով կազմակերպել կամ պաշտպանել այդ իրավունքները և ապահովել այն պայմանների պահպանումը, որոնց կարող է ենթակա լինել այդ իրավունքների իրականացումը:

 

Գ լ ու խ  V

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 22

 

Սույն Կոնվենցիայի առարկային առնչվող դատական կամ վարչական ընթացակարգերի հետ կապված վճարումներն ու ծախսերը երաշխավորելու համար չի պահանջվում որևէ` թեկուզև նախատեսված ապահովագրություն, պարտատոմս կամ ավանդ:

 

Հոդված 23

 

Սույն Կոնվենցիայի համատեքստում որևէ օրինականացում կամ համանման ձևականություններ չեն կարող պահանջվել:

 

Հոդված 24

 

Ցանկացած դիմում, հաղորդագրություն կամ այլ փաստաթուղթ հայցվող Պետության Կենտրոնական մարմնին ուղարկվում են բնագրի լեզվով և ուղեկցվում են հայցվող Պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից մեկի թարգմանությամբ, իսկ եթե դա հնարավոր չէ, անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:

Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունը կարող է, 42-րդ հոդվածին համապատասխան վերապահում կատարելով, Կենտրոնական մարմնին ուղարկվող դիմումներում, հաղորդագրություններում կամ այլ փաստաթղթերում առարկել անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից մեկի, բայց ոչ երկուսի օգտագործման դեմ:

 

Հոդված 25

 

Պայմանավորվող պետությունների քաղաքացիները և այդ Պետություններում սովորաբար բնակվող անձինք իրավունք ունեն ցանկացած այլ Պայմանավորվող պետությունում իրավաբանական օգնություն և խորհուրդ ստանալ սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված հարցերի շուրջ այն նույն պայմաններով, որոնցով նրանք կստանային իրավունքները այդ Պետությունների քաղաքացիներ կամ դրանց տարածքում սովորաբար բնակվող անձ հանդիսանալու դեպքում:

 

Հոդված 26

 

Սույն Կոնվենցիայի կիրառման գծով յուրաքանչյուր Կենտրոնական մարմին կրում է իր սեփական ծախսերը:

Պայմանավորվող պետությունների Կենտրոնական մարմինները և պետական մյուս ծառայությունները չեն պահանջում սույն Կոնվենցիայով նախատեսված դիմումների հետ կապված որևէ տուրքի վճարում: Մասնավորապես, նրանք չեն կարող պահանջել դիմողի կողմից որևէ վճարում` որպես ընթացակարգերի ծախսեր կամ վճարումներ, կամ, եթե կիրառելի է, վճարումներ, որոնք առաջանում են փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով: Այնուամենայնիվ, նրանք կարող են պահանջել երեխայի վերադարձի իրականացման հետ կապված ծախսերի կամ ակնկալվող ծախսերի փոխհատուցում:

Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունը կարող է, 42-րդ հոդվածի համաձայն վերապահում կատարելով, հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում կրել նախորդ կետում նախատեսված ծախսերը` առաջացած փաստաբանների կամ խորհրդատուների մասնակցության պատճառով կամ դատական ընթացակարգերի արդյունքում, բացառությամբ այն վճարումների, որոնք կարող են փոխհատուցվել իրավաբանական օգնության և խորհրդատվության իր համակարգի կողմից:

Դատական կամ վարչական մարմինները երեխայի վերադարձը կարգադրելիս կամ սույն Կոնվենցիայով տեսակցության իրավունքի վերաբերյալ կարգադրություն տալիս կարող են, անհրաժեշտության դեպքում, դիմողի կամ նրա անունից կրած անհրաժեշտ ծախսերի, այդ թվում՝ ճանապարհածախսի, երեխայի գտնվելու վայրը պարզելու համար կատարված վճարումների կամ կրած ծախսերի, դիմողի օրինական ներկայացուցչի ծախսերի և երեխայի վերադարձի համար կատարված ծախսերի հոգածությունը հանձնարարել այն անձին, որը տեղափոխել կամ պահել է երեխային կամ խոչընդոտել է երեխային տեսակցելու իրավունքի իրականացմանը։

 

Հոդված 27

 

Եթե պարզվել է, որ սույն Կոնվենցիայի պահանջները կատարված չեն, կամ որ դիմումն այլ կերպ բավարար չափով հիմնավորված չէ, Կենտրոնական մարմինը պարտավոր չէ ընդունել դիմումը: Այդ դեպքում Կենտրոնական մարմինը պատճառների մասին անհապաղ տեղեկացնում է դիմողին կամ այն Կենտրոնական մարմնին, որի միջոցով փոխանցվել է դիմումը՝ կախված հանգամանքներից:

 

Հոդված 28

 

Կենտրոնական մարմինը կարող է պահանջել, որ դիմումն ուղեկցվի լիազորագրով, որն իրեն իրավունք կտա գործելու դիմողի անունից կամ նշանակելու ներկայացուցիչ՝ այդ գործողություններն իրականացնելու համար:

 

Հոդված 29

 

Սույն Կոնվենցիան չի խոչընդոտի որևէ անձի, հաստատության կամ մարմնի, որը հայտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ կամ 21-րդ հոդվածների իմաստով խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտում, անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին` անկախ նրանից՝ նախատեսված է սույն Կոնվենցիայի դրույթներով, թե ոչ:

 

Հոդված 30

 

Ցանկացած դիմում, որը սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն ներկայացվել է Կենտրոնական մարմնին կամ անմիջականորեն Պայմանավորվող պետությունների դատական կամ վարչական մարմիններին իրեն կցված կամ Կենտրոնական մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հետ միասին, պետք է ընդունելի լինի Պայմանավորվող պետությունների դատարաններում կամ վարչական մարմիններում:

 

Հոդված 31

 

Ինչ վերաբերում է այն Պետությանը, որն ունի տարբեր տարածքային միավորներում կիրառվող` երեխաների խնամակալության հարցերի երկու կամ ավելի իրավունքի համակարգ, ապա՝

ա) յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է տվյալ Պետությունում սովորական բնակությանը, պետք է մեկնաբանվի որպես այդ Պետության տարածքային միավորում սովորական բնակությանը վերաբերող.

բ) յուրաքանչյուր հղում, որը վերաբերում է սովորական բնակության Պետության իրավունքին, պետք է մեկնաբանվի որպես տվյալ Պետության այն տարածքային միավորման իրավունքին վերաբերող, որտեղ սովորաբար բնակվում է երեխան:

 

Հոդված 32

 

Ինչ վերաբերում է այն Պետությանը, որտեղ երեխայի նկատմամբ խնամակալության հարցերում գործում է երկու կամ ավելի իրավունքի համակարգ, որոնք կիրառելի են տարբեր կատեգորիայի անձանց նկատմամբ, ապա այդ Պետության իրավունքի վերաբերյալ յուրաքանչյուր հղում մեկնաբանվում է որպես այդ Պետության իրավունքով սահմանված իրավական համակարգին վերաբերող:

 

Հոդված 33

 

Պետությունը, որտեղ տարբեր տարածքային միավորներ երեխաների խնամակալության առնչությամբ ունեն իրենց սեփական իրավական նորմերը, պարտավոր չէ կիրառել սույն Կոնվենցիան այն դեպքերում, երբ իրավունքի միացյալ համակարգով Պետությունը պարտավոր չէ դա անել:

 

Հոդված 34

 

Սույն Կոնվենցիան գերակայող ուժ կունենա Անչափահասների պաշտպանության առումով իրավասու մարմինների իրավունքների և կիրառելի իրավունքի մասին 1961 թ. հոկտեմբերի 5-ի Կոնվենցիայի նկատմամբ այն հարցերում, որոնք մտնում են իր շրջանակի մեջ՝ այն կողմերի նկատմամբ, որոնք հանդիսանում են երկու Կոնվենցիաների կողմեր: Այլ դեպքերում սույն Կոնվենցիան չի սահմանափակում որևէ միջազգային պայմանագրի կիրառումը, որը գործում է ծագման Պետության և հայցվող Պետության միջև, կամ հայցվող Պետության այլ իրավունքի կիրառումը անօրինական տեղափոխված կամ պահվող երեխային վերադարձնելու կամ տեսակցության իրավունքների կազմակերպման նպատակների համար:

 

Հոդված 35

 

Սույն Կոնվենցիան Պայմանավորվող պետությունների միջև կսկսի գործել այն անօրինական տեղափոխումների կամ պահելու առնչությամբ, որոնք տեղի են ունեցել միայն այդ Պետությունների համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

Եթե հայտարարություն է արվել ըստ 39-րդ կամ 40-րդ հոդվածների, ապա նախորդ կետում Պայմանավորվող պետությանը հղում կատարելը մեկնաբանվում է որպես հղում այն տարածքային միավորին կամ միավորներին վերաբերող, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

 

Հոդված 36

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններին երեխայի վերադարձին ենթակա այն սահմանափակումները նվազեցնելու համար համաձայնություն ձեռք բերել միմյանց միջև սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել նման սահմանափակման:

 

Գ լ ու խ  VI

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 37

 

Կոնվենցիան բաց է այն Պետությունների ստորագրման համար, որոնք եղել են Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի անդամներ նրա տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում:

Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, և վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:

 

Հոդված 38

 

Ցանկացած այլ Պետություն կարող է միանալ Կոնվենցիային:

Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:

Կոնվենցիային միացած Պետության համար այն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

Միանալն ուժ ունի միայն միացած Պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք հայտարարում են այդ միանալու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Նման հայտարարություն անում է նաև ցանկացած Մասնակից պետություն, որը Կոնվենցիան վավերացրել, հաստատել կամ ընդունել է նման միանալուց հետո: Նման հայտարարությունն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը. այս նախարարությունը հաստատված պատճենը դիվանագիտական խողովակներով փոխանցում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության:

Միացած Պետության և միանալու մասին իր համաձայնությունը հայտնած Պետության միջև Կոնվենցիան ուժի մեջ է մտնում համաձայնության մասին հայտարարությունն ի պահ տալուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

 

Հոդված 39

 

Ցանկացած Պետություն իրավունք ունի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել այն մասին, որ Կոնվենցիայի գործողությունը տարածվում է բոլոր այն տարածքների կամ նման մեկ կամ ավելի տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման հայտարարությունը այդ Պետության համար գործում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:

Նման հայտարարության մասին, ինչպես նաև Կոնվենցիայի գործողության հետագա ցանկացած ընդլայնման մասին ծանուցվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 40

 

Եթե Պայմանավորվող պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառելի են տարբեր իրավական համակարգեր, նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ Կոնվենցիան գործելու է այդ բոլոր տարածքային միավորներում կամ նրանցից միայն մեկում կամ մի քանիսում, և կարող է փոխել իր հայտարարությունը` ցանկացած ժամանակ ներկայացնելով այլ հայտարարություն:

Ցանկացած նման հայտարարության մասին ծանուցվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, և դրանում հստակորեն նշվում են այն տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է Կոնվենցիան:

 

Հոդված 41

 

Եթե որևէ Պայմանավորվող պետություն ունի այնպիսի կառավարման համակարգ, որում գործադիր, դատական և օրենսդիր մարմիններն այդ Պետության ներսում բաժանված են կենտրոնական և այլ իրավասու մարմինների միջև, ապա նրա կողմից Կոնվենցիայի ստորագրումը կամ վավերացումը, ընդունումը կամ հաստատումը կամ Կոնվենցիային միանալը կամ 40-րդ հոդվածի իմաստով կատարված հայտարարությունը չեն հանգեցնում այդ Պետությունում լիազորությունների ներքին բաշխման:

 

Հոդված 42

 

Յուրաքանչյուր Պետություն կարող է ոչ ուշ, քան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ 39-րդ կամ 40-րդ հոդվածների իմաստով հայտարարություն անելու ժամանակ կատարել 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի երրորդ կետով նախատեսված մեկ կամ երկու վերապահում: Ոչ մի այլ վերապահում չի թույլատրվում:

Յուրաքանչյուր Պետություն ցանկացած ժամանակ կարող է հետ վերցնել իր կողմից արված վերապահումը: Նման վերացման մասին ծանուցվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:

Վերապահումը դադարում է գործել նախորդ կետում նշված ծանուցումից հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

 

Հոդված 43

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 37-րդ և 38-րդ հոդվածներում նշված վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երրորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

Դրանից հետո Կոնվենցիան ուժի մեջ է մտնում`

1) Կոնվենցիան վավերացրած, ընդունած, հաստատած կամ դրան միացած յուրաքանչյուր Պետության համար` վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը.

2) յուրաքանչյուր տարածքի կամ տարածքային միավորի համար, որի վրա, 39-րդ կամ 40-րդ հոդվածներին համապատասխան, տարածվում է Կոնվենցիայի գործողությունը` հիշյալ հոդվածում նշված ծանուցումից հետո` երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը:

 

Հոդված 44

 

Կոնվենցիան ուժի մեջ է մնում հինգ տարվա ընթացքում` 43-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան ուժի մեջ մտնելու տարվա, ամիս-ամսաթվից հետո. այդ թվում` այն Պետությունների համար, որոնք Կոնվենցիան ավելի ուշ են վավերացրել, ընդունել, հաստատել կամ ավելի ուշ են միացել նրան:

Եթե չեղյալ հայտարարելու մասին որևէ հայտարարություն չի արվում, ապա այն ինքնաբերաբար երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարվա համար:

Չեղյալ հայտարարելու վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարության մասին հնգամյա ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ծանուցվում է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը: Այն կարող է սահմանափակվել առանձին տարածքներով կամ տարածքային միավորներով, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում միայն այդ մասին ծանուցած Պետության նկատմամբ: Կոնվենցիան ուժի մեջ է մնում մյուս Պայմանավորվող պետությունների համար:

 

Հոդված 45

 

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Խորհրդաժողովի անդամ Պետություններին և 38-րդ հոդվածի համաձայն միացած Պետություններին ծանուցում է.

1) 37-րդ հոդվածով նախատեսված ստորագրումների և վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.

2) 38-րդ հոդվածով նախատեսված միանալու մասին.

3) 43-րդ հոդվածի համաձայն` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա և ամիս-ամսաթվի մասին.

4) 39-րդ հոդվածով նախատեսված` Կոնվենցիայի գործողության տարածման մասին.

5) 38-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված հայտարարությունների մասին.

6) 24-րդ հոդվածով և 26-րդ հոդվածի երրորդ կետով նախատեսված վերապահումների մասին և 42-րդ հոդվածով նախատեսված հետ վերցնելու մասին.

7) 44-րդ հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու մասին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Հաագայում, 1980 թվականի հոկտեմբերի 25-ին, անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդեռլանդների Թագավորության կառավարության արխիվներին, և որի վավերացված պատճենը դիվանագիտական խողովակներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի անդամ Պետություններից յուրաքանչյուրին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան