Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2015-13.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.02.01/3(355) Հոդ.13
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.12.2009
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10810007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան

  N 120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման 16-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին` ապահովել հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:

 

Նախարար՝

 Ա. Մովսիսյան

 

Հավելված

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի

Օգտակար հանածոների պաշարների գործակալության

պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որը կոչված է.

1) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքների ամփոփման հիման վրա մասնագիտական եզրակացություններ տալու կոնդիցիաների պարամետրերի և պաշարների հաստատման, ինչպես նաև օգտակար հանածոների հանրապետական հաշվեկշռից վերջիններիս դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ,

2) գնահատելու ընդերքի ոլորտում գործող նորմատիվ մեթոդական հենքի համապատասխանությունն արդի պայմաններին և առաջարկություններ ներկայացնելու վերջինիս կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:

2. Հանձնաժողովը կազմավորվում է Գործակալության պետի ներկայացմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով:

Հանձնաժողովի կազմը բաղկացած է 15 անդամից, այդ թվում` վեցը Գործակալության և մեկական անդամ հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի պետական տեսչության, Ընդերքի վարչության և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` առանձնացած և կառուցվածքային ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և հինգը անկախ փորձագետներից:

Գործակալության պետը, Գործակալության պետի տեղակալը, Գործակալության Հանքավայրերի արդյունաբերական գնահատման, Օգտակար հանածոների պաշարների և Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինների պետերը և Գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:

Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային աշխատակիցները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իսկ անկախ փորձագետները` Գործակալության պետի ներկայացմամբ:

(2-րդ կետը խմբ. 16.02.15 N 26-Ն)

3. Գործակալության պետը Հանձնաժողովի նախագահն է, Գործակալության պետի տեղակալը՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է, իսկ գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը` Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է:

4. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ընդ որում, պարտադիր է փորձաքննվող նյութերի հեղինակ չհանդիսացող անկախ փորձագետներից և այլ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումներից Հանձնաժողովի` առնվազն երկուական անդամների մասնակցությունը:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստերին մասնակցած անդամների (բացառությամբ նյութերի հեղինակի) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է նիստը նախագահողի ձայնը:

8. Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են նիստի արձանագրությամբ, որն ստորագրում են նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամները:

Եթե Հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշման հետ, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը:

Հանձնաժողովի արձանագրությունը մասնագիտական հիմնավորում է Գործակալության կողմից ընդունվելիք համապատասխան որոշման համար:

9. Հանձնաժողովի նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի կողմից:

Նիստի անցկացման կազմակերպումը իրականացնում է Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Վերջինս նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում նիստի օրակարգի և ժամկետների մասին Հանձնաժողովի բոլոր անդամներին, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու փորձաքննության ներկայացված նյութերի ու Հանձնաժողովի կայանալիք նիստի արձանագրության նախագծի հետ:

Հանձնաժողովի նիստերին մասնակցում է քննարկվող նյութերի փորձաքննության պատասխանատուն, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան բաժնի պետը:

Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն իրականացրած Գործակալության անկախ փորձագետի և (կամ) նյութերի հեղինակի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հանձնաժողովի նիստը անցկացնելու համար:

Նիստին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև քննարկվող նյութերի պատվիրատուն և հրավիրված այլ անձինք:

10. Առանձին դեպքերում փորձաքննվող հարցերը կարող են քննարկվել գնահատվող օբյեկտներում հրավիրվող Հանձնաժողովի արտագնա նիստերում, որոնց կազմակերպումն ապահովում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը:

11. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն.

- նախապես Գործակալությունում ծանոթանալու Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի ամբողջական փաթեթի հետ,

- մասնակցելու Գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին,

- աշխատանքային քննարկումների ժամանակ և Հանձնաժողովի նիստերում գրավոր կամ բանավոր ներկայացնելու իրենց տեսակետները փորձաքննվող նյութերի վերաբերյալ:

(11-րդ կետը խմբ. 16.02.15 N 26-Ն)

12. Հանձնաժողովի անդամները պարտավոր են.

- ապահովել նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը,

- ապահովել պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ իրենց օբյեկտիվ և անաչառ մոտեցումները:

(12-րդ կետը լրաց. 16.02.15 N 26-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 16.02.15 N 26-Ն)