Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.15/26(505) Հոդ.286
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2014
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 սեպտեմբերի 2014 թ.
  ք. Երևան

N 635-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 120-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի նախաբանից հանել «և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով» բառերը,

2) հրամանով հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ հավելված) առաջին նախադասության մեջ «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարությունը» բառերով, իսկ «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերը՝ «ֆինանսների նախարարի» բառերով,

3) հավելվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը «հաշիվներ» բառից հետո լրացնել «դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ» բառերը,

4) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կամ ներմուծողները հարկային մարմնից ստացված մուտքի անվանման և գաղտնաբառի միջոցով մուտք են գործում դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելու հատուկ համակարգչային ծրագիր (այսուհետ՝ «Վերոսիստեմ» համակարգ) և կատարում գրանցումներ:»,

5) հավելվածի 4-րդ կետում «(այսուհետ` բիլինգային ծրագրի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Վերոսիստեմ» համակարգի» բառերը,

6) հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելը հարկ վճարողին իրավունք է տալիս պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտում չլրացնել պահանջվող դրոշմապիտակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (5-9-րդ կետեր):»,

7) հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) «Վերոսիստեմ» համակարգի միջոցով գրանցումների կատարման մասով՝ սահմանված տեղեկությունների Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ մուտքագրման օրը, ժամը և րոպեն:»,

8) հավելվածի 11-րդ կետում «փաստաթղթերի գրանցում» բառերից հետո լրացնել «, դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տեղեկությունների գրանցում» բառերը,

9) հավելվածի 13-րդ կետում «ուղեկցող փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «և օգտագործված դրոշմապիտակների» բառերը,

10) հավելվածի 15-րդ կետում «և (կամ) էլեկտրոնային գրքերի վարման» բառերից հետո լրացնել «և (կամ) դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումների կատարման» բառերը,

11) հավելվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին էլեկտրոնային եղանակով գրանցումները կատարվում են սույն պայմանագրի հավելված 4-ին համապատասխան:»,

12) հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկտրոնային գրքերը վարող» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային գրանցումները կատարող» բառերը,

13) հավելվածի 23-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «հարկային հաշիվների» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային գրանցումների» բառերը,

բ. 3-րդ ենթակետում «հարկային հաշիվ դուրս գրելու» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային գրանցումներ կատարելու» բառերը,

14) հավելվածի 26-րդ կետում «փաստաթղթերի հաշվառումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային գրանցումները» բառերը,

15) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ հավելվածով՝

 

«Հավելված 4

«Հարկային մարմին

հաշվետվություններն

Էլեկտրոնային եղանակով

ներկայացնելու մասին»

20 __ թ. _________________

N պայմանագրի 

 

ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումներ (այսուհետ՝ գրանցումներ) կատարում են՝

1) այդպիսի ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք՝ մինչ այդ ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչ ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը),

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ նախկինում իրենց կողմից ներկայացված դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալների ճշգրտման անհրաժեշտության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցում են հետևյալ տեղեկությունները.

1) ապրանքի ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (ծածկագրի նիշերի այն քանակությամբ, որը սահմանված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով),

2) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) ապրանքատեսակի անվանումը,

4) ապրանքի ենթատեսակը (նկարագիրը),

5) ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) պիտանելիության ժամկետի ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

7) տվյալ ապրանքատեսակի վրա փակցված դրոշմապիտակների սերիաները և հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով),

8) դրոշմապիտակների քանակը:

3. Տեղեկությունները գրանցվում են էլեկտրոնային եղանակով «Վերոսիստեմ» համակարգում (Համակարգ)՝ tax-stamp.taxservice.am կայքի հասցեով:

4. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ գրանցումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները կամ ներմուծողները (այսուհետ՝ արտադրողները կամ ներմուծողները) «Վերոսիստեմ» համակարգ մուտք են գործում մուտքի անվանման և գաղտնաբառի միջոցով:

5. «Վերոսիստեմ» համակարգ մուտք գործելու համար անվանում և գաղտնաբառ տրամադրվում է փակ ծրարով՝

1) սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դրոշմապիտակների հայտ ներկայացրած արտադրողներին և ներմուծողներին՝ հայտով պահանջված դրոշմապիտակների հետ միասին,

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, վերջիններիս կողմից հարկային կամ մաքսային մարմին նախկինում իրենց կողմից ներկայացված դրոշմապիտակների ձեռքբերման հայտում նշված տվյալների ճշգրտում կատարելու և (կամ) ստացված դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմնի կողմից նախատեսված արտադրատեսակի փոխարեն այլ արտադրատեսակին փակցված լինելու վերաբերյալ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում:

6. Արտադրողը կամ ներմուծողը ծրարով ստացված գաղտնաբառը փոխում է առաջին անգամ «Վերոսիստեմ» համակարգ մուտք գործելու ժամանակ:

7. Տեղեկությունների գրանցումները կատարվում են առանձին էջում: Գրանցումներ կատարելուց հետո տվյալ ապրանքին Համակարգի կողմից տրվում է համարանիշ: Տեղեկությունների ներկայացման պարբերականությունը և ներկայացման դեպքերի թիվը արտադրողը կամ ներմուծողը որոշում է ինքնուրույն:

8. Արտադրողը իրացվող՝ անհրաժեշտ համարանիշով ապրանքի համար նշում է այն դրոշմապիտակների քանակը, որոնք փաստացի փակցվել են տվյալ ապրանքատեսակի վրա:

9. Տեղեկությունների գրացումներն ավարտվելուց հետո գրանցումների դեպքը Համակարգի կողմից համարակալվում է: Գրանցումների դեպքի համարը կարող է օգտագործվել հաշվառման և նախկինում կատարված գրանցումների ճշգրտման նպատակներով:

10. Նախկինում կատարված՝ տեղեկությունների գրանցումների ճշգրտման դեպքում ընտրվում է ճշգրտման ենթակա դեպքի համարը և համակարգի կողմից ներկայացված այդ գրանցումներում կատարվում են ճշգրտումներ: Գրանցումների ճշգրտման դեպքում՝ փոփոխություններ են կատարվում միայն գրանցումների այն տողերում, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ:

11. Տեղեկությունների գրանցումների ճշգրտումներ չեն կատարվում, եթե դրանք վերաբերում են ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանին:»։

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գ. Խաչատրյան