Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունման ամսաթիվ
05.06.1957
Ստորագրման ամսաթիվ
05.06.1957
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2005

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1957 թ. հունիսի 5-ին` իր քառասուներորդ նստաշրջանին,

քննարկելով հարկադիր աշխատանքի մասին հարցը, որը նստաշրջանի օրակարգի չորրորդ կետն է,

հաշվի առնելով Հարկադիր աշխատանքի մասին 1930 թ. կոնվենցիայի դրույթները,

հաշվի առնելով, որ Ստրկության մասին 1926թ. կոնվենցիան նախատեսում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն, որպեսզի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը չբերի ստրկությանը համանման պայմանների, և որ ստրկության, ստրկավաճառության, ստրկությանը համանման ինստիտուտների և սովորույթների վերացման մասին 1956 թ. լրացուցիչ կոնվենցիան նախատեսում է պարտքի համար ստրկության և ճորտային կախվածության լրիվ վերացում,

հաշվի առնելով, որ Աշխատավարձի պահպանման մասին 1949 թ. կոնվենցիան նախատեսում է աշխատավարձի ժամանակին վճարում և արգելում է վճարման այն մեթոդները, որոնք զրկում են աշխատավորներին աշխատանքից դուրս գալու իրական հնարավորությունից,

որոշելով ընդունել լրացուցիչ առաջարկություններ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մի շարք տեսակների վերացման վերաբերյալ, որոնք համարվում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հիշատակված և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների խախտում,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր հիսունյոթ թվականի հունիսի քսանհինգին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» 1957 թվականի Կոնվենցիա:

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է վերացնել հարկադիր կամ պարտադիր աշխատանքը և չդիմել դրա որևէ ձևի՝

ա) որպես քաղաքական ներգործության կամ դաստիարակության միջոցի կամ որպես պատժամիջոցի քաղաքական հայացքների կամ դրանց արտահայտման համար կամ սահմանված քաղաքական, սոցիալական կամ տնտեսական համակարգի գաղափարախոսությանը ընդդիմադիր հայացքների համար,

բ) որպես աշխատուժի մոբիլիզացման և օգտագործման մեթոդի՝ տնտեսական զարգացման նպատակներով,

գ) որպես աշխատանքային կարգապահության միջոցի,

դ) որպես պատժամիջոցի՝ գործադուլներին մասնակցելու համար,

ե) որպես ռասայական, սոցիալական, ազգային կամ կրոնական խտրականության միջոցի:

 

Հոդված 2

 

Սույն Կոնվենցիան վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է արդյունավետ միջոցներ կիրառել հարկադիր կամ պարտադիր աշխատանքի այնպիսի տեսակների լրիվ և արագ վերացման համար, որոնք նշված են սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 4

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 5

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված` չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 6

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 7

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 8

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 9

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 5-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 10

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Ուժի մեջ է մտնում 2005թ. դեկտեմբերի 17-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան