Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 451-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2014-09.05.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.25/23(467) Հոդ.213
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
03.06.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հունիսի 2013 թ.

թիվ 451-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

հաստատել «Ռիսկերի գնահատման կարգը»` համաձայն հավելվածի:

 

 
Դ. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հունիսի 3-ի

N 451-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով սահմանվում են պետության համար պարտավորություններ առաջացնող գործարքների ռիսկերի գնահատման չափորոշիչները և այդ չափորոշիչների հիման վրա ընտրանքային մոնիթորինգի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ռիսկերի գնահատման չափորոշիչներն են`

1) պայմանագրերի ռիսկերի գնահատման չափորոշիչներն են՝

ա. տվյալ գործարքը (պայմանագիրը) կնքելու նպատակով կիրառված գնման ընթացակարգի (ձևի) և գործարքի (պայմանագրի) տվյալների համապատասխանությունը գնումների պլանին.

բ. տվյալ պայմանագիրը կնքելու նպատակով մրցակցային գնման ընթացակարգի կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող՝ www.armeps և/կամ www.gnumner.am կայքերում հրապարակման ենթակա տեղեկությունների առկայությունը.

գ. գնման գործընթացը սկսելու պահի դրությամբ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանների առկայությունը կնքված պայմանագրում.

2) գնման գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչը ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանով սահմանված՝ գնահատման ենթակա տեղեկությունների համապատասխանությունն է գնումների մասին ՀՀ օրենսդրությանը:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 3. ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետև՝ Նախարարություն) աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը պատվիրատուի կողմից պայմանագիրը էլեկտրոնային համակարգ մուտքագրվելուն հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ռիսկերի գնահատման չափորոշիչները, ուսումնասիրում է գործարքը (պայմանագիրը) և դրա արդյունքներով այն վերցնում հաշվառման կամ մերժում դրա հաշվառումը:

Պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում գործարքը (պայմանագիրը) Նախարարությանը տրամադրվում է գրավոր:

4. Գործարքը (պայմանագիրը) հաշվառման չվերցնելու դեպքում Նախարարությունը գրավոր դիմում է պատվիրատուին՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար: Պատվիրատուն պահանջվող պարզաբանումները տրամադրում է գրավոր՝ Նախարարության գրությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը և ընդունում այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին ՀՀ օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է պայմանագրի կազմման կարգին և պատվիրատուն ներկայացվող պարզաբանմամբ շտկում է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

6. Ներկայացված պարզաբանումը չընդունելու դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում Նախարարությունը դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը կարող է գործարքի (պայմանագրի)՝ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը Նախարարության համար վերջնական է:

7. Գործարքը (պայմանագիրը) Նախարարություն չներկայացնելը կամ նրա կողմից անհամապատասխանություն արձանագրելը կամ ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելը:

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև՝ ԳԱԿ) ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանով սահմանված կարգով և ժամկետներում գնահատում է տեղեկությունների՝ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը և դրա արդյունքներով www.gnumner.am կայքում հրապարակում է դրական կամ բացասական եզրակացություն՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

9. Բացասական եզրակացության հրապարակման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ԳԱԿ-ին է ներկայացնում պարզաբանումներ բացասական եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների մասին:

10. ԳԱԿ-ը պատվիրատուի պարզաբանումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և ընդունում է այն, եթե`

1) պատվիրատուն գնումների մասին ՀՀ օրենսդրության հիման վրա հիմնավորում է անհամապատասխանության արձանագրման անճշտությունը.

2) անհամապատասխանությունը վերաբերում է գնման գործընթացի կազմակերպման կարգին և պատվիրատուն շտկել է այն.

3) պատվիրատուն համաձայնում է անհամապատասխանությանը և հավաստում, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցնի գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը:

11. Ներկայացված պարզաբանման քննարկման արդյունքների մասին ԳԱԿ-ը սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում www.gnumner.am ինտերնետային կայքում հրապարակում է ինչպես պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը՝ բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով, այնպես էլ ԳԱԿ-ի եզրակացությունը՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

12. Պատվիրատուի ներկայացրած պարզաբանումը ԳԱԿ-ի կողմից չընդունելու դեպքում պատվիրատուն կարող է հարցը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը Նախարարության և ԳԱԿ-ի համար վերջնական է:

13. Պատվիրատուի կողմից ԳԱԿ-ի բացասական եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ չներկայացնելը կամ ներկայացված պարզաբանումը ԳԱԿ-ի կողմից չընդունելը հանգեցնում են տվյալ գնման ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելը:

(հավելվածը խմբ. 14.08.14 թիվ 525-Ն)