Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (21.10.1950-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունման ամսաթիվ
12.08.1949
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.1950

ոչ պաշտոնական թարգմանություն

1949 թվականի օգոստոսի 12-ի ժնեվի

կ ո ն վ ե ն ց ի ա ն

ռազմագերիների հետ վարվելակերպի մասին

ընդունվել է 1949 թվականի ապրիլի 21-ից մինչև օգոստոսի 12-ը Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից` 1949 թվականի օգոստոսի 12-ին

ուժի մեջ է մտել 1950 թվականի հոկտեմբերի 21-ին

բաժին 1

ընդհանուր դրույթներ

հոդված 1.

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն Կոնվենցիան:

հոդված 2.

Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև, անգամ այն դեպքում, երբ դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:

Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր Պայմանավորվող Կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:

Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:

հոդված 3.

Միջազգային բնույթ չկրող և Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ծագող զինված կոնֆլիկտի դեպքում, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի որպես նվազագույնը, կիրառել հետևյալ դրույթները.

1/ Այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, որոնք դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, կալանվելու կամ ցանկացած այլ պատճառով պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից` առանց որևէ խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:

Այդ նպատակով վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները.

a/ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները,

b/ պատանդ վերցնելը,

c/ ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,

d/ դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ:

2/ Վիրավորներին և հիվանդներին կջոկեն, և նրանց ցույց կտրվի օգնություն:

Անաչառ մարդասիրական կազմակերպությունը, այնպիսին, ինչպիսին Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեն է, կարող է իր ծառայություններն առաջարկել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին:

Դրանից բացի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կձգտեն հատուկ համաձայնագրերի միջոցով գործողության մեջ դնել սույն Կոնվենցիայի բոլոր մնացյալ դրույթները կամ դրանց մի մասը:

Նախորդող դրույթների կիրառումը չի շոշափի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի իրավաբանական կարգավիճակը:

հոդված 4.

A. Սույն Կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են հանդիսանում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին:

1/ Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը:

2/ Այլ աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին, և գործում են նրանց սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս, եթե անգամ այդ տարածքն օկուպացված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.

a/ ունեն ղեկավար անձ, որը պատասխանատու է իր ենթակաների համար,

b/ ունեն որոշակի և հեռվից բացահայտ երևացող տարբերանշան,

c/ բացեիբաց կրում են զենք,

d/ իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները:

3/ Իրենց այն կառավարությանը կամ իշխանությանը ենթակա համարող կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որոնք չեն ճանաչվել գրության մեջ պահող տերության կողմից:

4/ Այն անձինք, որոնք հետևում են զինված ուժերին, բայց դրանց կազմի մեջ անմիջականորեն մտած չեն, ինչպես օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, բանվորական խմբերի կամ ծառայությունների անհատական կազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունն ստացել են այն զինված ուժերից, որոնց նրանք հետևում են, որի համար այս վերջիններս պետք է տան առաջարկվող նմուշի անձը հաստատող վկայական:

5/ Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ նավապետերը, նավատարները և նավի փոքրավորները կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների հիման վրա չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից:

6/ Չօկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ տարերայնորեն իր նախաձեռնությամբ զենքի է դիմում պայքարելու ներխուժած զորքերի դեմ, չհասցնելով ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե այդ բնակչությունը բացեիբաց կրում է զենք և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները:

B. Հետևյալ անձինք կենթարկվեն նույնպիսի վարվելակերպի, ինչպես որ ռազմագերիները, սույն Կոնվենցիային համապատասխան.

1. Օկուպացված երկրի զինված ուժերին պատկանած կամ պատկանող անձինք, եթե օկուպացված տերությունը նրանց պատկանելության պատճառով անհրաժեշտ է համարում նրանց ներկալել, եթե անգամ այդ տերությունը սկզբում ազատել է նրանց այն ժամանակ, երբ ռազմական գործողություններն ընթացել են նրա կողմից օկուպացված տարածքի սահմաններից դուրս, հատկապես, երբ այդ անձինք ապարդյուն փորձել են միանալ այն զինված ուժերին, որոնց նրանք պատկանում են, և որոնք մասնակցում են ռազմական գործողություններին, կամ երբ նրանք չեն ենթարկվել ներկալելու նպատակով իրենց արված կոչին:

2. Սույն հոդվածում թվարկված կատեգորիաներից որևէ մեկին պատկանող անձինք, որոնց իրենց տարածքում ընդունել են չեզոք կամ չպատերազմող տերությունները, և որոնց այդ տերությունները պետք է ներկալեն միջազգային իրավունքին համապատասխան, եթե նրանք միայն չգերադասեն նրանց տրամադրել առավել նպաստավոր ռեժիմ, սակայն այդ անձանց վրա չեն տարածվում 8, 10, 15 հոդվածների, 30 հոդվածի հինգերորդ պարբերության, 58-67, 92, 126 հոդվածների որոշումները, իսկ այն դեպքերում, երբ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի և շահագրգիռ չեզոք կամ չպատերազմող տերության միջև գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ` նաև հովանավոր տերություններին վերաբերող հոդվածների որոշումները: Այն դեպքում, երբ գոյություն ունեն այդպիսի դիվանագիտական հարաբերություններ, ապա կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին, որոնց պատկանում են այդ անձինք, թույլատրվում է նրանց վերաբերմամբ իրականացնել հովանավորող տերության ֆունկցիաներ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, առանց վնաս հասցնելու այն ֆունկցիաներին, որոնք այդ կողմերը սովորաբար իրականացնում են դիվանագիտական և հյուպատոսական պրակտիկային և պայմանագրերին համապատասխան:

C. Այս հոդվածը ոչ մի կերպ չի շոշափում բժշկա-սանիտարական և հոգևոր անձնակազմի կարգավիճակը, որ նախատեսված է սույն Կոնվենցիայի 33 հոդվածում:

հոդված 5.

Սույն Կոնվենցիան 4 հոդվածում նշված անձանց նկատմամբ կկիրառվի այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը:

Այն դեպքում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց վերաբերմամբ տարակուսանք է առաջանում 4 հոդվածում թվարկված կատեգորիաներից մեկին նրանց պատկանելության առթիվ, ապա այդպիսի անձինք սույն Կոնվենցիայի հովանավորությունից կօգտվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չի որոշվի իրավասու դատարանի կողմից:

10, 23, 28, 33, 60, 65, 66, 67, 72, 73, 75, 109, 110, 118, 119 և 122 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորելու առանձին: Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի ռազմագերիների այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:

Ռազմագերիները շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից այն ամբողջ ժամանակի ընթացքում, մինչև որ նրանց նկատմամբ կիրառվի Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ այլ պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, և հավասարապես, բացի կոնֆլիկտի մեջ գտնվող այս կամ այն կողմից նրանց առավել նպաստավոր պայմաններ տրամադրելու դեպքերից:

հոդված 7.

ռազմագերիները ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ լրիվ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար ապահովում են սույն Կոնվենցիան և նախորդ հոդվածում նախատեսված հատուկ համաձայնագրերը, եթե այդպիսիք գոյություն ունեն:

Հոդված 8.

Սույն Կոնվենցիան կկիրառվի այն հովանավոր տերությունների աջակցությամբ և վերահսկողության ներքո, որոնց վրա դրված է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի շահերի պահպանությունը: Դրա համար հովանավոր տերությունները կարող են, բացի իրենց դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմից, իրենց սեփական քաղաքացիների կամ այլ չեզոք տերությունների քաղաքացիների թվից նշանակել պատվիրակներ: Այդ պատվիրակների նշանակման համար պետք է ստացվի այն տերության համաձայնությունը, որին առընթեր նրանք պետք է կատարեն իրենց առաքելությունը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության սահմաններում կդյուրացնեն հովանավոր տերությունների ներկայացուցիչների կամ պատվիրակների աշխատանքը:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչները կամ պատվիրակները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց այն առաքելության շրջանակներից, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, նրանք պետք է, մասնավորապես, ուշադրության առնեն այն պետության անվտանգության անհետաձգելի կարիքները, որին առընթեր նրանք կատարում են իրենց ֆունկցիաները:

Հոդված 9.

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն ծառայում որպես խոչընդոտ այն մարդասիրական գործողությունների համար, որոնք Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ցանկացած այլ անաչառ մարդասիրական կազմակերպություն կձեռնարկեն ռազմագերիներին պաշտպանելու և նրանց օգնություն ցույց տալու համար` կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ:

հոդված 10.

Բարձր Պայմանավորվող Կողմերը ցանկացած ժամանակ կարող են համաձայնության մեջ մտնել այն մասին, որպեսզի սույն Կոնվենցիայով հովանավոր տերությունների վրա դրվող պարտականությունները վստահեն որևէ կազմակերպության, որը ներկայացնում է անաչառության և ներգործության լիակատար երաշխիք:

Եթե ռազմագերիների վրա չի տարածվում կամ ինչ-որ պատճառով դադարել է տարածվել որևէ հովանավոր տերության կամ կազմակերպության գործունեությունը, որը նախատեսվում է առաջին պարբերության մեջ, ապա այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է դիմի չեզոք պետությանը կամ նման կազմակերպությանը, խնդրելով իր վրա վերցնել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի նշանակած հովանավոր պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կատարվող ֆունկցիաները:

Եթե հովանավորություն չի կարող ապահովվել նշված ձևով, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, պետք է խնդրանքով դիմի որևէ մարդասիրական կազմակերպության, այնպիսի կազմակերպության, ինչպես օրինակ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն է, կամ, սույն հոդվածի դրույթների հաշվառմամբ ընդունի մարդասիրական այնպիսի ֆունկցիաների կատարումը իր վրա վերցնող նման կազմակերպության առաջարկությունը, որոնք իրականացվում են հովանավոր տերությունների կողմից` սույն Կոնվենցիային համապատասխան:

Ցանկացած չեզոք տերություն կամ շահագրգիռ տերության կողմից հրավիրված կամ այդ նպատակներով իրեն առաջարկած ցանկացած կազմակերպություն պետք է գործի կոնֆլիկտի մեջ գտնվող այն կողմի նկատմամբ պատասխանատվության գիտակցումով, որին պատկանում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձինք, և ներկայացնի այն բանի բավարար երաշխիքները, որ ինքը ի վիճակի է ստանձնելու համապատասխան ֆունկցիաներ և դրանք կատարելու անաչառ կերպով:

Նախորդ դրույթները չեն կարող խախտվել տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերով, երբ այդ տերություններից մեկը, անգամ ժամանակավորապես, իր հնարավորություններով սահմանափակված է բանակցություններ վարելու մյուս տերության կամ նրա դաշնակիցների հետ` պատերազմական իրադրության բերումով, հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տերության ամբողջ տարածքը կամ դրա մի զգալի մասը օկուպացված է:

Ամեն անգամ, երբ սույն Կոնվենցիայում հիշատակվում է հովանավոր տերություն, այդ անվանումը նշանակում է նաև նրան փոխարինող կազմակերպություններ` սույն հոդվածի համաձայն:

հոդված 11.

Հովանավոր տերությունները բոլոր դեպքերում, երբ նրանք դա օգտակար կհամարեն ի շահ հովանավորվող անձանց, մասնավորապես, սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման առթիվ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, կցուցաբերեն իրենց բարի ծառայությունները տարաձայնությունը կարգավորելու նպատակով:

Այդ նպատակով հովանավոր տերություններից յուրաքանչյուրը կողմերից որևէ մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ կարող է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերին առաջարկել պատշաճ կերպով ընտրված, հնարավոր չեզոք տարածքում կազմակերպելու նրանց ներկայացուցիչների և, մասնավորապես իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որոնց վրա է դրված հովանավորվող անձանց վիճակի նկատմամբ հոգատարությունը: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են ընթացք տալ այն առաջարկություններին, որոնք այդ իմաստով նրանց կարվեն: Անհրաժեշտության դեպքում հովանավոր տերությունները կարող են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հավանությանը ներկայացնել չեզոք տերությանը պատկանող կամ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից որպես պատվիրակ ուղարկվող անձին, որը կհրավիրվի մասնակցելու այդ խորհրդակցությանը:

բաժին 2

ընդհանուր բնույթի որոշումներ ռազմագերիների պահպանության մասին

հոդված 12.

Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար:

Ռազմագերիները գերության մեջ պահող տերության կողմից կարող են հանձնվել միայն այն տերությանը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը համոզվել է, որ տերությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: Եթե ռազմագերիները հանձնվում են այսպիսի պայմաններում, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը կրում է նրանց ընդունող տերությունը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո:

Սակայն, եթե այդ տերությունը չկատարի սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած կարևոր կետով, տերությունը, որը հանձնել է ռազմագերիներին, ստանալով հովանավոր տերության ծանուցումը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ դրությունը շտկելու համար կամ պահանջի հետ վերադարձնել ռազմագերիներին:

Այդպիսի պահանջը պետք է բավարարվի:

հոդված 13.

Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով:

Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց:

Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է:

հոդված 14.

Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Կանանց նկատմամբ հարկ է վերաբերվել նրանց սեռին վայել ամենայն հարգանքով, և նրանց հետ պետք է բոլոր դեպքերում վարվել ոչ ավելի վատ, քան տղամարդկանց հետ:

Ռազմագերիները լրիվ պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը, որից նրանք օգտվելիս են եղել գերության վերցնելու ժամանակ: Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել այդ իրավունակությամբ տրամադրվող իրավունքների իրականացումը իր սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս միայն այնչափ, որչափ որ պահանջում են գերության պայմանները:

հոդված 15.

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը:

հոդված 16.

Սույն Կոնվենցիայի` կոչմանը և սեռին վերաբերող դրույթների հաշվառմամբ, գերության մեջ պահող տերությունը պետք է բոլոր ռազմագերիների հետ վարվի միատեսակ, առանց որևէ խտրականության ռասայի, ազգության, դավանանքի, քաղաքական համոզմունքների և բոլոր մյուս պատճառներով, որոնք հիմնվում են համանման չափանիշների վրա, բացառությամբ այն արտոնյալ ռեժիմի, որ նա կարող է սահմանել ռազմագերիների համար նրանց առողջական վիճակի, նրանց տարիքի կամ որակավորման բերումով:

բաժին 3

գերությունը

մաս 1

գերության սկիզբը

հոդված 17.

Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն:

Այն դեպքում, եթե ռազմագերին միտումնավոր խախտի այդ կանոնը, նրան կարող է սպառնալ նրա կոչման և դրության ռազմագերիներին տրամադրվող առավելությունների սահմանափակում:

Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է ամեն մի անձի, որի վրա տարածվում է իր ենթադատությունը և որը կարող է դառնալ ռազմագերի, ապահովել անձը հաստատող փաստաթղթով, նշելով ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը կամ համազոր տեղեկություններ և ծննդյան տարեթիվը: Դրանից բացի, անձը հաստատող այդ փաստաթուղթը կարող է ունենալ ստորագրություն կամ դրա տիրոջ մատնահետքերը կամ թե մեկը և թե մյուսը, ինչպես նաև բովանդակել ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կցանկանա ավելացնել այն անձի վերաբերմամբ, որը պատկանում է իր սեփական զինված ուժերի կազմին: Անձը հաստատող վկայականը, հնարավորության սահմաններում պետք է լինի 6,5 x 10 սմ չափի և պետք է ունենա կրկնօրինակ: Ռազմագերին պարտավոր է անձը հաստատող վկայականը ներկայացնել ցանկացած պահանջի դեպքում, բայց այն ոչ մի դեպքում չի կարող նրանից վերցվել:

Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, նրանց վիրավորանքի կամ որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել:

Ռազմագերիները, որոնք իրենց ֆիզիկական և բարոյական վիճակի պատճառով չեն կարող տեղեկություններ տալ իրենց անձի մասին, կհանձնվեն բժշկական ծառայության խնամքին: Այդ ռազմագերիների ինքնությունը կհաստատվի բոլոր հնարավոր միջոցներով` նախորդ պարբերության դրույթների հաշվառումով:

Ռազմագերիների հարցաքննությունը պետք է տարվի նրանց համար հասկանալի լեզվով:

հոդված 18.

Անձնական օգտագործման բոլոր իրերը և առարկաները, բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի, կմնան ռազմագերիների տնօրինության տակ, ինչպես որ մետաղյա սաղավարտները, հակագազերը և նման այլ առարկաները, որ նրանց տրված են անձնական պաշտպանության համար: Նրանց մոտ կմնան նաև այն իրերն ու առարկաները, որոնք ծառայում են նրանց համազգեստի և սնման համար, անգամ այն դեպքում, եթե այդ իրերն ու առարկաները պատկանում են պաշտոնական զինվորական հանդերձանքին:

Ռազմագերիները երբեք չպետք է մնան առանց անձը հաստատող վկայականների: Գերության մեջ պահող տերությունը անձը հաստատող վկայականներ կտա նրանց, ովքեր դրանք չունեն:

Այն տարբերանշանները և պետական պատկանելության նշանները, գերազանցության նշաններն ու առարկաները, որոնք ունեն գլխավորապես սուբյեկտիվ արժեք, ռազմագերիներից չեն կարող վերցվել:

Ռազմագերիների մոտ եղած դրամական գումարները կարող են վերցվել միայն սպայի կարգադրությամբ, և միայն այն բանից հետո, երբ հատուկ ցուցակում կգրանցվեն այդ գումարների չափերը և տվյալներ դրանց տերերի մասին, և վերջիններիս կտրվի մանրամասն ստացական, որտեղ ընթեռնելի կգրվեն այդ ստացականը տվող անձի անունը, կոչումը և զորամասը: Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները կամ այն գումարները, որոնք ռազմագերիների խնդրանքով փոխարկվել են այդ վալյուտայով, կգրանցվեն ռազմագերու անձնական հաշվին` 64 հոդվածին համապատասխան:

Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերուց արժեքավոր իրերը վերցնել միայն անվտանգության նկատառումներով: Այդպիսի դեպքերում պահպանվում է նույն կարգը, ինչ որ դրամական գումարներն առգրավելիս:

Նշված իրերը, ինչպես նաև վերցված դրամական գումարները, եթե դրանք այլ վալյուտայով են եղել, քան գերության մեջ պահող տերության վալյուտան է, և դրանց փոխարկման մասին ռազմագերուց խնդրանք չի ստացվել, պետք է պահվեն գերության մեջ պահող տերության կողմից և ռազմագերիներին կվերադարձվեն նրանց գերության ավարտին այն տեսքով, ինչպես որ դրանք վերցվել են:

հոդված 19.

Գերության վերցնելուց հետո հնարավոր կարճ ժամկետում ռազմագերիները էվակուացվում են ճամբարներ, որոնք տեղավորված են ռազմական գործողությունների գոտուց բավականին հեռու, այնպես, որ նրանք գտնվեն անվտանգության մեջ:

Վտանգավոր գոտում կարելի է ժամանակավորապես պահել միայն այն ռազմագերիներին, որոնք իրենց վերքերի կամ հիվանդության վիճակով էվակուացման ժամանակ կենթարկվեն մեծ վտանգի, քան տեղում թողնելիս:

Ռազմագերիներին հարկավոր չէ առանց անհրաժեշտության վտանգի ենթարկել ռազմական գործողությունների գոտուց էվակուացնելու սպասելիս:

հոդված 20.

Ռազմագերիների էվակուացումը մշտապես պետք է կատարվի մարդասիրաբար և համանման այն պայմաններին, որոնք գերության մեջ պահող տերությունը տրամադրում է իր զորքերին` զորաշարժերի ժամանակ:

Գերության մեջ պահող տերությունը պետք է էվակուացվող ռազմագերիներին ապահովի բավարար քանակի խմելու ջրով և սնունդով, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ և բուժօգնություն: Այդ տերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները էվակուացման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմի էվակուացվող ռազմագերիների ցուցակը:

Եթե էվակուացման ժամանակ ռազմագերիները պետք է անցնեն տարանցիկ ճամբարներով, ապա այդ ճամբարներում նրանց գտնվելը կլինի հնարավոր առավել կարճ ժամկետում:

մաս 2

ռազմագերիների ներկալումը

գ լ ու խ  1

ընդհանուր դրույթներ

հոդված 21.

Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերիներին ենթարկել ներկալման: Նա կարող է նրանց պարտադրել դուրս չգալ ճամբարի սահմանված գծից, ուր նրանք ներկալվել են, կամ էլ եթե ճամբարը պատված է ցանկապատով, դուրս չգալ այդ ցանկապատից:

Բացառությամբ սույն Կոնվենցիայի այն դրույթներով նախատեսված դեպքերի, որոնք վերաբերում են քրեական և կարգապահական պատժամիջոցներին, ռազմագերիներին չի կարելի պահել փակ շենքերում կամ նրանց զրկել շենքերից դուրս գալու իրավունքից, եթե այդ միջոցը անհրաժեշտ չի համարվում նրանց առողջության պահպանման համար, համենայն դեպս, այդ միջոցի կիրառումը թույլատրվում է միայն այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ այդ միջոցը հարուցող հանգամանքները չեն վերացել:

Ռազմագերիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ կարող է տրամադրվել սահմանափակ կամ լրիվ ազատություն, եթե դա թույլ են տալիս այն տերության օրենքները, որին նրանք պատկանում են: Այդ միջոցը կկիրառվի, մասնավորապես, այն դեպքերում, երբ դա կնպաստի գերյալների առողջության բարելավմանը: Գերիներին չի կարելի հարկադրել համաձայնելու ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իր ազատվելուն:

Ռազմական գործողություններ սկսվելիս կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ հակառակորդ կողմին կհայտնի այն օրենքներն ու կանոնները, որոնք թույլատրում կամ արգելում են իր քաղաքացիներին ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ իր ազատմանը համաձայնություն տալը: Այդ ձևով հաղորդված օրենքներին և կանոններին համապատասխան ազնիվ խոսքով կամ պարտավորությամբ ազատված ռազմագերիները պարտավոր են իրենց անձնական պատվով կատարել ստանձնած պարտավորությունները ինչպես այն տերության հանդեպ, որին նրանք պատկանում են, այնպես էլ նրանց գերի վերցրած տերության հանդեպ: Այդպիսի դեպքերում տերությունը, որին պատկանում են նրանք, չպետք է պահանջի կամ նրանցից ընդունի որևէ ծառայություն, որը հակասեր ռազմագերիների կողմից տրված խոսքին կամ պարտավորությանը:

հոդված 22.

Ներկալված ռազմագերիները կարող են տեղավորվել միայն ցամաքում գտնվող և հիգիենայի ու առողջության պահպանման առումով լիակատար երաշխիք տվող շենքերում: Բացառությամբ հատուկ դեպքերի, որոնք արդարացվում են հենց իրենց` գերիների շահերով, նրանց չի կարելի տեղավորել բանտային շենքերում:

Վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքում ներկալված ռազմագերիները, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, առաջին իսկ հնարավորության դեպքում կփոխադրվեն առավել նպաստավոր կլիմա ունեցող վայր:

Գերության մեջ պահող տերությունը ռազմագերիներին ճամբարներում կամ ճամբարների հատվածներում կտեղաբաշխի, հաշվի առնելով նրանց ազգությունը, լեզուն և սովորույթները, պայմանով, որ ռազմագերիներին չեն անջատի այն զինված ուժերի ռազմագերիներից, որոնցում նրանք ծառայելիս են եղել գերության վերցնելու պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք իրենք դրա համար կարտահայտեն իրենց համաձայնությունը:

հոդված 23.

Ոչ մի ռազմագերի ոչ մի ժամանակ չի կարող ուղարկվել ոչ այնպիսի շրջան, որտեղ նա կարող էր ենթարկվել կռիվների գոտու կրակի գործողությանը, ոչ էլ պահվի այնտեղ, ինչպես նաև չի կարող իր ներկայությամբ օգտագործվել ռազմական օպերացիաներից որևէ կետի կամ շրջանի պաշտպանության համար:

Ռազմագերիները պետք է, ինչպես որ տեղական քաղաքացիական բնակչությունը, ունենան ապաստարաններ` օդային հարձակումներից և պատերազմի այլ վտանգներից պաշտպանվելու համար: Բացառությամբ այն ռազմագերիների, ովքեր կմասնակցեն այդ վտանգներից իրենց շենքերի պաշտպանությանը, նրանք կարող են մեկնել ապաստարաններ հնարավորին չափ արագ, հենց որ տրվի տագնապի ազդանշան: Պաշտպանության ցանկացած միջոց, որ կձեռնարկվի հօգուտ բնակչության, պետք է կիրառվի նաև նրանց նկատմամբ:

Գերության մեջ պահող տերությունները, հովանավոր տերությունների միջոցով, միմյանց կհայտնեն ռազմագերիների ճամբարների աշխարհագրական տեղադրության մասին:

Ռազմագերիների ճամբարները ցերեկը, եթե դա թույլ են տալիս ռազմական բնույթի նկատառումները, պետք է նշվեն «PW» կամ «PC» տառերով, դասավորված այնպես, որպեսզի դրանք պարզորոշ երևան օդից, սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նման ուրիշ եղանակի մասին: Միայն ռազմագերիների ճամբարները կարող են նշվել այդ կերպ:

հոդված 24.

Մշտական տիպի տարանցիկ կամ տեսակավորող ճամբարները իրենց կառուցվածքով պետք է համապատասխանեն այնպիսի պայմանների, որոնք նման են սույն մասում նախատեսված պայմաններին, և այնտեղ ռազմագերիների համար պետք է գոյություն ունենան այնպիսի ռեժիմ, ինչպես որ մյուս ճամբարներում:

գ լ ու խ  2

ռազմագերիների շենքերը, սնունդը եվ հագուստը

հոդված 25.

Ճամբարներում ռազմագերիների տեղավորման պայմանները պետք է նվազ բարենպաստ չլինեն այն պայմաններից, որոնցից օգտվում են գերության մեջ պահվող տերության` նույն տեղանքում գտնվող զորքերը: Այդ պայմանները պետք է ստեղծվեն ռազմագերիների սովորույթների և բարքերի հաշվառմամբ և ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:

Վերոհիշյալ որոշումները պետք է կիրառվեն, մասնավորապես ռազմագերիների ննջասենյակների նկատմամբ ինչպես դրանց տարածության ընդհանուր չափի և նվազագույն խորանարդ ծավալների առումով, այնպես էլ դրանց կահավորման և անկողնային պարագաների, այդ թվում և վերմակների առումով:

Անհատական կամ կոլեկտիվ օգտագործման նպատակով ռազմագերիների համար նախատեսված շենքերը պետք է լիովին պաշտպանված լինեն խոնավությունից և բավարար չափով ջեռուցվեն ու լուսավորվեն հատկապես և գիշերամուտի, և լույսն անջատելու միջև ընկած ժամանակ: Պետք է ձեռնարկվեն հակահրդեհային բոլոր միջոցները:

Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով:

հոդված 26.

Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: Հարկ է նաև հաշվի առնել գերիների համար սննդի սովորական դարձած ռեժիմը:

Գերության մեջ պահող տերությունը պետք է աշխատող ռազմագերիներին ապահովի լրացուցիչ սնունդով` նրանց կողմից կատարվող աշխատանքին համապատասխան:

Ռազմագերիների համար պետք է հասցվի բավարար քանակի խմելու ջուր: Ծխախոտ ծխելը պետք է թույլատրվի:

Ռազմագերիներն առավելագույն հնարավորության չափով կներգրավվեն մասնակցելու իրենց համար սնունդ պատրաստելուն: Դրանից բացի, նրանք հնարավորություն կստանան իրենք սնունդ պատրաստել լրացուցիչ մթերքներից, որ նրանք կունենան:

Սնունդ ընդունելու համար ռազմագերիները պետք է ապահովված լինեն պատշաճ շենքերով:

Ամեն տեսակի կոլեկտիվ կարգապահական տույժերը, որոնք շոշափում են սնունդը, արգելվում են:

հոդված 27.

Հագուստը, սպիտակեղենը և կոշիկը գերության մեջ պահող տերության կողմից ռազմագերիներին կտրվեն բավարար քանակով, ընդսմին այդ տերությունը պետք է հաշվի առնի այն տեղանքի կլիմայական պայմանները, որտեղ գտնվում են ռազմագերիները: Գերության մեջ գտնվող տերության կողմից գրավված` հակառակորդ բանակների համազգեստը կօգտագործվի ռազմագերիների համար, եթե այն համապատասխանում է կլիմայական պայմաններին:

Այդ առարկաների կանոնավոր փոխարինումը և նորոգումը ապահովվում են գերության մեջ պահող տերության կողմից: Դրանից բացի, աշխատող ռազմագերիները համապատասխան հագուստ կստանան ամենուրեք, որտեղ դա պահանջում է նրանց աշխատանքի տեսակը:

հոդված 28.

Բոլոր ճամբարներում կտեղադրվեն կրպակներ, որտեղ ռազմագերիները կարող են գնել սննդամթերք, առօրյա գործածության իրեր, օճառ և ծխախոտ, որոնց վաճառագները չպետք է գերազանցեն տեղական առևտրական գները:

Կրպակներից ստացված շահույթը կօգտագործվի հօգուտ ռազմագերիների, այդ նպատակի համար կստեղծվի հատուկ ֆոնդ: Վստահված անձն իրավունք կունենա մասնակցել կրպակի աշխատանքին և այդ ֆոնդի օգտագործմանը:

Որևէ ճամբարի վերացման ժամանակ հատուկ ֆոնդի հաշվեմնացորդը պետք է հանձնվի որևէ միջազգային մարդասիրական կազմակերպությանը օգտագործելու համար ի շահ ռազմագերիների, որոնք հանդիսանում են այն երկրի քաղաքացիները, ինչպես որ այդ ֆոնդի ստեղծմանը նպաստած ռազմագերիները: Համընդհանուր հայրենադարձության դեպքում այդ շահույթը մնում է գերության մեջ պահող տերությանը, եթե շահագրգիռ տերությունների միջև չկա հակադիր համաձայնագիր:

գ լ ու խ  3

հիգիենան ու բուժօգնությունը

հոդված 29.

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր կլինի ձեռնարկել հիգիենայի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ճամբարների մաքրության և առողջության համար բարենպաստ վիճակի ապահովման նպատակով և համաճարակի առաջացումը կանխարգելելու համար:

Ցերեկը և գիշերը ռազմագերիները կունենան հիգիենայի կանոններին համապատասխանող և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական պարագաներ: Բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն առանձին սանիտարական պարագաներ:

Դրանից բացի, բաղնիքներից և ցնցուղներից անկախ, որոնք կկազմակերպվեն ճամբարներում, ռազմագերիներին կտրամադրվեն բավարար քանակի ջուր և օճառ մարմնի մաքրության ամենօրյա պահպանման և սպիտակեղենի լվացման համար, դրա համար նրանց կտրամադրվեն անհրաժեշտ շենքեր, հնարավորություններ և ժամանակ:

հոդված 30.

Յուրաքանչյուր ճամբար կունենա համապատասխան լազարեթ, որտեղ ռազմագերիները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի սնման անհրաժեշտ ռեժիմ: Հարկ եղած դեպքում կկազմակերպվեն մեկուսարաններ` վարակվածների և հոգեկան հիվանդների համար:

Ծանր հիվանդությամբ տառապող ռազմագերիները, կամ նրանք, որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն նրանց բուժումն ապահովելու կարող ցանկացած ռազմական կամ քաղաքացիական բուժհիմնարկ, անգամ եթե նրանց հայրենադարձությունն սպասվում է մոտ ապագայում: Հատուկ պայմաններ կստեղծվեն վիրավորների և, մասնավորապես, կույրերի խնամքի համար, և մինչև հայրենադարձությունը նրանց վերաուսուցման համար:

Ռազմագերիներին բուժօգնություն կտրվի առավելապես այն տերության բուժանձնակազմի կողմից, որին նրանք պատկանում են և, հնարավորին չափ, նրանց ազգության անձնակազմի կողմից:

Չի կարելի խոչնդոտել ռազմագերիներին ընդունելության ներկայանալու բուժանձնակազմի մոտ: Գերության մեջ պահող իշխանությունները բուժման ենթակա յուրաքանչյուր ռազմագերու, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա վերքերի կամ հիվանդության բնույթը, բուժման տևողությունը և բնույթը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալություն:

Բուժման ծախսերը, ներառյալ ռազմագերիների առողջությունը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ ամեն տեսակի հարմարանքների, այն է` ատամի և ուրիշ պրոթեզների ու ակնոցների ձեռքբերման ծախսերը, պետք է կատարի գերության մեջ պահող տերությունը:

հոդված 31.

Ռազմագերիների բժշկական զննումները կկատարվեն ամիսը առնվազն մեկ անգամ: Բժշկական զննումների ժամանակ հարկ է ստուգել և նշել յուրաքանչյուր ռազմագերու քաշը: Այդ զննումները, մասնավորապես, նպատակ կունենան ռազմագերիների առողջական ընդհանուր վիճակի, սնման և մաքրության ստուգումը, վարակիչ հիվանդությունների, առանձնապես, թոքախտի, մալարիայի և վեներական հիվանդությունների հայտնաբերումը: Այդ նպատակի համար կկիրառվեն առավել արդյունավետ մատչելի մեթոդներ, օրինակ, պարբերական զանգվածային ռենտգենային լուսանկարումները միկրոֆիլմերով` նախնական փուլում թոքախտ հայտնաբերելու համար:

Գերության մեջ պահող տերությունը կարող է թեկուզ և իր զինված ուժերի բժշկական ծառայությանը չպատկանող, բայց բժիշկներ, ատամնաբույժներ, սանիտարներ և սանիտարուհիներ հանդիսացող ռազմագերիներից պահանջել կատարելու իրենց բժշկական պարտականությունները ի շահ այն ռազմագերիների, որոնք պատկանում են նույն տերությանը, ինչպես որ իրենք: Այդ դեպքում նրանք կշարունակեն համարվել ռազմագերիներ, բայց կօգտվեն նույն վարվելակերպից, ինչպես որ համապատասխան այն սանիտարական անձնակազմը, որ պահվել է գերության մեջ պահող տերության կողմից: Նրանք կազատվեն ցանկացած այլ աշխատանքից, որ նախատեսված է 49 հոդվածում:

գ լ ու խ  4

ռազմագերիներին օգնություն ցույց տալու համար պահված բժշկական եվ հոգեվոր անձնակազմը

հոդված 33.

Ռազմագերիներին օգնություն ցույց տալու նպատակով գերության մեջ պահող տերության կողմից պահված բժշկա-սանիտարական կազմը և հոգևոր անձնակազմը չպետք է համարվեն ռազմագերիներ: Նրանք, սակայն, կօգտվեն առնվազն սույն Կոնվենցիայի առավելություններից և հովանավորությունից, և նրանց նույնպես կտրամադրվեն բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են ռազմագերիներին բժշկական և հոգևոր օգնություն ցույց տալու համար:

Նրանք գերության մեջ պահող տերության օրենքների և կանոնադրությունների շրջանակներում և նրա իրավասու մարմինների ղեկավարմամբ, ինչպես նաև իրենց պրոֆեսիոնալ էթիկային համապատասխան կշարունակեն կատարել իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները ի շահ ռազմագերիների, որոնք առավելապես պատկանում են այն զինված ուժերին, ինչպես որ իրենք: Իրենց բժշկական և հոգևոր պարտականությունները կատարելիս նրանք նաև կօգտվեն հետևյալ արտոնություններից.

a/ նրանց կթույլատրվի պարբերաբար այցելել ճամբարից դուրս տեղավորված աշխատանքային խմբերում կամ հոսպիտալներում գտնվող ռազմագերիներին. գերության մեջ պահող տերությունը այդ նպատակով նրանց կտրամադրի անհրաժեշտ փոխադրամիջոցներ,

b/ յուրաքանչյուր ճամբարում կոչումով և ստաժով ավագ զինվորական բժիշկը ճամբարի զինվորական իշխանությունների առջև պատասխանատվություն կկրի այն ամենի համար, որը կապված է պահված բժշկա-սանիտարական անձնակազմի գործունեության հետ: Այդ նպատակով ռազմական գործողությունների սկզբից կոնֆլիկտի մեջ գտնվող տերությունները կպայմանավորվեն իրենց բժշկա-սանիտարական անձնակազմի, այդ թվում նաև գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի Կոնվենցիայի 26 հոդվածում հիշատակված ընկերությունների անձնակազմի կոչումների հարաբերակցության առթիվ: Այդ բժիշկը, հավասարապես և հոգևոր սպասավորները, իրավունք կունենան դիմելու ճամբարի համապատասխան իշխանություններին բոլոր այն հարցերով, որոնք վերաբերում են նրանց պրոֆեսիոնալ գործունեությանը: Այդ իշխանությունները նրանց կտրամադրեն անհրաժեշտ հնարավորություններ այդ հարցերի շուրջ գրագրություն վարելու համար.

c/ թեև պահված անձնակազմը կենթարկվի ճամբարի ներքին կարգապահությանը, որտեղ նա գտնվում է, սակայն նրան չի կարելի հակադրել կատարելու նրա բժշկական և հոգևոր պարտականությունների հետ կապ չունեցող աշխատանք:

Ռազմական գործողությունների ժամանակ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն պահված անձնակազմի հնարավոր փոխարինման շուրջ և կսահմանեն այդ փոխարինման կարգը:

Նախորդ դրույթներից և ոչ մեկը գերության մեջ պահող տերությանը չի ազատում այն պարտավորություններից, որոնք ընկած են նրա վրա ռազմագերիների բժշկական և հոգևոր կարիքների բավարարման բնագավառում:

գ լ ու խ  5

կրոնը, մտավոր եվ ֆիզիկական գործունեությունը

հոդված 34.

Ռազմագերիներին կտրամադրվի լիակատար ազատություն իրենց կրոնի ծիսակատարությունների համար, ներառյալ այցելությունը ժամերգության` նրանց կողմից ռազմական իշխանությունների սահմանած կարգապահական կարգը պահպանելու պայմանով:

Կրոնական ծառայությունների համար կառանձնացվեն պատշաճ շենքեր:

հոդված 35.

Զզինվորական հոգևորականության կազմի մեջ մտնող պաշտամունքի սպասավորներին, որոնք ընկել են հակառակորդ տերության իշխանության տակ և մնացել կամ պահվել են ռազմագերիներին օգնություն ցույց տալու համար, կթույլատրվի սպասարկել նրանց հոգևոր կարիքները և ազատորեն կատարել իրենց պարտականությունները իրենց հավատակիցների մեջ իրենց կրոնական խղճին համապատասխան: Նրանք կբաշխվեն տարբեր ճամբարների և աշխատանքային խմբերի միջև, որտեղ գտնվում են նույն զինված ուժերին պատկանող միևնույն լեզվով խոսող կամ նույն կրոնին պատկանող ռազմագերիները: Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ, այդ թվում 33 հոդվածում նախատեսված փոխադրամիջոցներ, իրենց ճամբարի սահմաններից դուրս գտնվող ռազմագերիներին այցելելու համար: Նրանք կօգտվեն իրենց պաշտամունքի կրոնական գործերով այն երկրի հոգևոր իշխանությունների և միջազգային կրոնական կազմակերպությունների հետ գրաքննության ենթակա ազատ գրագրությունից, որտեղ նրանք պահվում են: Նամակները և փոստային քարտերը, որ նրանք կարող են ուղարկել, չեն մտնում 71 հոդվածում սահմանված նորմայի մեջ:

հոդված 36.

Ռազմագերիները, որոնք հանդիսանում են պաշտամունքի սպասավորներ, բայց որոնք մտած չեն եղել իրենց սեփական բանակի զինվորական հոգևորականության կազմի մեջ, թույլտվություն կստանան, ինչպիսին էլ որ լինի նրանց դավանանքը, ազատորեն կատարելու իրենց պարտականություններն իրենց հավատակիցների շրջանում: Այդ առումով նրանց հետ կվարվեն ինչպես զինվորական հոգևորականության` գերության մեջ պահող պետության կողմից պահված ներկայացուցիչների հետ: Նրանք չեն հարկադրվի կատարելու որևէ այլ աշխատանք:

հոդված 37.

Այն դեպքերում, երբ ռազմագերիները չունեն պահված անձանց թվից զինվորական հոգևորականության ներկայացուցչի կամ իրենց պաշտանմունքի սպասավոր ռազմագերու հոգևոր օգնությունը, ապա շահագրգիռ ռազմագերիների խնդրանքով այդ պարտականությունների կատարման համար կնշանակվի այդ ռազմագերիների դավանանքին կամ համանման դավանանքին պատկանող սպասավոր կամ այդպիսին չլինելու դեպքում` կնշանակվի գործից տեղյակ աշխարհիկ անձ, եթե դա թույլատրելի է կրոնական տեսակետից: Այդ նշանակումը, որ պետք է հավանության արժանանա գերության մեջ պահող տերության կողմից, կկատարվի շահագրգիռ ռազմագերիների համայնքի համաձայնությամբ, իսկ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, այդ նույն դավանանքի տեղական հոգևոր իշխանությունների համաձայնությամբ: Այս եղանակով նշանակված անձը պետք է գործի այն բոլոր կանոններին համապատասխան, որոնք գերության մեջ պահող տերության կողմից սահմանված են կարգապահության պահպանման և ռազմական անվտանգության համար:

Հոդված 38.

Յուրաքանչյուր ռազմագերու անձնական հակումների նկատմամբ հարգանքով վերաբերվելով, գերության մեջ պահող տերությունը կխրախուսի ռազմագերիների մտավոր, լուսավորչական և սպորտային ակտիվությունը, ինչպես նաև ժամանցի կազմակերպման ակտիվությունը. դրա համար այդ տերությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ համապատասխան շենքեր և անհրաժեշտ գույք նրանց տրամադրության տակ դնելու միջոցով:

Ռազմագերիները պետք է ունենան ֆիզիկական վարժություններով զբաղվելու հնարավորություն, ներառյալ սպորտը և սպորտային խաղերը և գտնվեն բաց օդում: այդ նպատակով բոլոր ճամբարներում բավարար չափերի ազատ հրապարակներ կառանձնացվեն:

գ լ ու խ  6

կարգապահությունը

հոդված 39.

Ռազմագերիների ամեն մի ճամբար կդրվի գերության մեջ պահող տերության կանոնավոր զինված ուժերին պատասխանատու սպայի անմիջական ղեկավարության տակ: Այդ սպան կունենա սույն Կոնվենցիայի տեքստը, նա կհետևի այն բանին, որպեսզի դրա դրույթները հայտնի լինեն ճամբարի անձնակազմին, և ինքը պատասխանատու կլինի դրա կիրառման համար` իր կառավարության հսկողության ներքո:

Ռազմագերիները, բացառությամբ սպաների, պետք է գերության մեջ պահող տերության բոլոր սպաներին պատիվ տան և ցուցաբերեն հարգանքի արտաքին նշաններ, որոնք նախատեսված են նրանց սեփական գործող բանակների կանոնադրություններով:

Ռազմագերի սպաները պետք է պատիվ տան միայն այդ տերության` կոչումով ավագ սպաներին:

Սակայն նրանք պետք է պատիվ տան ճամբարի պետին, ինչ կոչում էլ որ նա ունենա:

հոդված 40.

Կթույլատրվի տարբերանշանների և պետական պատկանելության նշանների, ինչպես նաև գերազանցության նշանների կրումը:

հոդված 41.

Սույն Կոնվենցիայի, նրա դրույթների տեքստը և այն հատուկ համաձայնագրերի բովանդակությունը, որոնք նախատեսված են 6 հոդվածում, գրված ռազմագերիների լեզվով, կփակցվեն յուրաքանչյուր ճամբարի այնպիսի տեղերում, որտեղ դրանք կարող են ընթերցվել բոլոր ռազմագերիների կողմից: Համապատասխան խնդրանքի առկայության դեպքում տեքստը կհաղորդվի այն ռազմագերիներին, որոնք փակցված տեքստին ծանոթանալու հնարավորությունից զուրկ են:

Ռազմագերիների վարքագծին վերաբերող ամեն կարգի կանոնները, հրամանները, հայտարարությունները և ծանուցումները նրանց կհաղորդվեն նրանց համար հասկանալի լեզվով: Դրանք կփակցվեն համաձայն վերը սահմանված կարգի, և օրինակների որոշ քանակություն կհանձնվի վստահված անձին: Առանձին զինծառայողների հետ կապված բոլոր հրամանները և կարգադրությունները ևս պետք է տրվեն նրանց համար հասկանալի լեզվով:

հոդված 42.

Ռազմագերիների նկատմամբ զենքի օգտագործումը, մասնավորապես, փախուստ կամ փախուստի փորձ կատարողների դեմ, հանդիսանում է ծայրահեղ բնույթի միջոց, որին մշտապես պետք է նախորդի նախազգուշացումը` հանգամանքներին համապատասխան:

գ լ ու խ  7

ռազմագերիների զինվորական կոչումները

հոդված 43.

Ռազմական գործողությունների հենց սկզբից կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն բոլոր այն անձանց կոչումներն ու պաշտոնները, որոնց մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 4 հոդվածում, նկատի ունենալով ապահովել միատեսակ վարվելակերպը հավասար կոչումներ ունեցող գերիների հետ, եթե պաշտոններն ու կոչումները սահմանվել են ավելի ուշ, ապա այդ մասին ևս պետք է արվի այդպիսի հաղորդում:

Գերության մեջ պահող տերությունը կճանաչի ռազմագերիների կոչման բարձրացումը, որի մասին նրան հարկ եղած ձևով կհայտնվի այն տերության կողմից, որին պատկանում են նրանք:

հոդված 44.

Սպաների և նրանց հավասարեցված ռազմագերիների նկատմամբ կվերաբերվեն հարգանքով, որը պատշաճ է նրանց կոչմանը և տարիքին:

Սպայական ճամբարների սպասարկումն ապահովելու համար, հաշվի առնելով սպաների և նրանց հավասարեցվածների կոչումը, առանձնացվում է նույն զինված ուժերի` ըստ հնարավորին միևնույն լեզվով խոսող ռազմագերի զինվորների բավարար քանակ, նրանք չեն կարող ուղարկվել որևէ այլ աշխատանքի: Սպայական ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` սպաների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

հոդված 45.

Սպաներ կամ նրանց հավասարեցվածներ չհանդիսացող ռազմագերիների նկատմամբ հարկ է վերաբերվել հարգանքով` նրանց կոչմանը և տարիքին համապատասխան: Ընդհանուր խոհանոցի տնօրինումը իրենց` ռազմագերիների կողմից հարկ է ամեն կերպ խրախուսել:

գ լ ու խ  8

ռազմագերիների տեղափոխումը ճամբար հասնելուց հետո

հոդված 46.

Ռազմագերիներին տեղափոխելու հարցը լուծելիս, գերության մեջ պահող տերությունը պետք է հաշվի առնի իրենց` ռազմագերիների շահերն այնպես, որպեսզի չավելացնի նրանց հայրենադարձության դժվարությունները:

Ռազմագերիների տեղափոխումը պետք է մշտապես կատարվի մարդասիրաբար և այնպիսի պայմաններում, որոնք ավելի վատ չեն գերության մեջ պահող տերության կողմից իր զորքերը տեղափոխելիս նրանց տրամադրվող պայմաններից: Հարկ է մշտապես ուշադրության առնել կլիմայական պայմանները, որոնց սովոր են ռազմագերիները: Նրանց տեղափոխման պայմանները ոչ մի դեպքում չպետք է վնասակար լինեն նրանց առողջության համար:

Գերության մեջ պահող տերությունը պետք է տեղափոխման ժամանակ ռազմագերիներին մատակարարի բավարար քանակի ջուր և սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի անհրաժեշտ հագուստ, ապաստան և բուժօգնություն: Նա կձեռնարկի նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց անվտանգության ապահովման համար, հատկապես ծովով կամ օդային ուղիով նրանց փոխադրման ժամանակ, և մեկնելուց առաջ կկազմի տեղափոխվող գերիների լրիվ ցուցակը:

Հոդված 47.

Հիվանդ և վիրավոր գերիներին չեն տեղափոխի, եթե միայն նրանց անվտանգությունը չի ստիպում այդ անել, քանի որ տեղափոխումը կարող է նրանց ապաքինումը սպառնալիքի տակ դնել:

Որևէ ճամբարի ռազմաճակատի գիծը մոտենալիս, այդ ճամբարի ռազմագերիները կտեղափոխվեն միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում, կամ էլ եթե նրանք տեղում մնալով ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան տեղափոխվելիս:

հոդված 48.

Տեղափոխման դեպքում ռազմագերիներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնման և փոստային նոր հասցեի մասին, այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք, այնպես, որպեսզի նրանք կարողանան հավաքել-կապել իրենց իրերը և նախազգուշացնեն իրենց ընտանիքներին:

Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և նրանց հասցեով ստացված ծանրոցները, այդ իրերի քաշը, եթե տեղափոխման հանգամանքները պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, բայց թույլատրված քաշը յուրաքանչյուր մարդու հաշվով ոչ մի դեպքում չպետք է գերազանցի 25 կիլոգրամը:

Նամակագրությունը և ծանրոցները, որոնք նախորդ ճամբարի հասցեով են, նրանց կուղարկվեն առանց ուշացվելու: Ճամբարի պետը, վստահված անձի հետ համաձայնեցնելով անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ռազմագերիների կոլեկտիվ այն գույքի և իրերի փոխադրումն ապահովելու համար, որոնք ռազմագերիները չեն կարողացել իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նախատեսված սահմանափակումների պատճառով:

Տեղափոխման ծախսերը կկատարի գերության մեջ պահող տերությունը:

մաս 3

ռազմագերիների աշխատանքի մասին

հոդված 49.

Գերության մեջ պահող տերությունը կարող է աշխատունակ ռազմագերիներին օգտագործել որպես աշխատուժ, հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, կոչումը, ինչպես նաև ֆիզիկական ընդունակությունները, մասնավորապես, այն բանի համար, որպեսզի նրանց պահպանի ֆիզիկական և բարոյական լավ վիճակում:

Ռազմագերի ենթասպաներից կարելի է միայն պահանջել աշխատանքների հսկողության իրականացում: Այդպիսի աշխատանքի մեջ չներգրավված ենթասպաները կարող են խնդրել տալ ուրիշ` իրենց հարմար աշխատանք, որը ըստ հնարավորին նրանց կտրամադրվի:

Եթե սպաները կամ նրանց հավասարեցված անձինք խնդրում են իրենց համար հարմար աշխատանք, ապա այդպիսին պետք է նրանց տրամադրվի: Ոչ մի դեպքում նրանք չեն կարող պարտադրվել աշխատելու:

հոդված 50.

Բացի կառավարման, սարքավորման և կարգին վիճակում ճամբարի պահպանման աշխատանքներից, ռազմագերիները հարկադրական կարգով կարող են ներգրավվել միայն այն աշխատանքների մեջ, որոնք վերաբերում են ներքոհիշյալ կատեգորիաներին`

a/ գյուղատնտեսություն.

b/ արդյունաբերության արդյունահանող և վերամշակող ճյուղեր, բացառությամբ մետաղամշակման, մեքենաշինական և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև այնպիսի հասարակական աշխատանքներ և շինարարություն, որոնք կրում են ռազմական բնույթ կամ ունեն ռազմական նպատակներ:

c/ աշխատանք տրանսպորտում կամ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն.

d/ առևտրական գործունեություն, արվեստ և արհեստ.

e/ աշխատանք տնային տնտեսության մեջ.

f/ կոմունալ ծառայություններ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն:

B. Վերը նշված դրույթի խախտման դեպքում ռազմագերիներին թույլատրվում է օգտագործել գանգատարկման իրենց իրավունքը` 78 հոդվածին համապատասխան:

հոդված 51.

Ռազմագերիներին պետք է տրամադրվեն համապատասխան պայմաններ աշխատանքի համար, հատկապես բնակարան, սնունդ, հագուստ և հանդերձանք. այդ պայմանները չպետք է զիջեն այն պայմաններին, որոնցից օգտվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիները համանման աշխատանքներում նրանց օգտագործելիս: Հարկ է նաև ուշադրության առնել կլիմայական պայմանները:

Օգտագործելով ռազմագերիների աշխատանքը, գերության մեջ պահող տերությունը նրանց աշխատանքի տեղերում կապահովի աշխատանքի պահպանության մասին ազգային օրենքների պահպանումը և, մասնավորապես, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը:

Ռազմագերիները պետք է անցնեն նախապատրաստություն, և նրանց վերաբերմամբ պետք է իրականացվեն միջոցառումներ աշխատանքի` այն աշխատանքին համապատասխան պահպանության ուղղությամբ, որ նրանք պետք է կատարեն, և համանման այն աշխատանքներին համապատասխան, որոնք տրամադրվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիներին: 52 հոդվածի դրույթները կատարելու պայմանի դեպքում ռազմագերիները կարող են ընդգրկվել սովորական այնպիսի վտանգի հետ կապված աշխատանքների մեջ, որին ենթարկվում են բանվորները` քաղաքացիական բնակչության թվից:

Ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել աշխատանքի առավել ծանր պայմաններ կարգապահական միջոցների կիրառման միջոցով:

Հոդված 52.

Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել նրա առողջությանը սպառնացող կամ վտանգավոր աշխատանքներում, եթե նա դրան չի համաձայնում կամովին:

Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել այնպիսի աշխատանքներում, որոնք գերության մեջ պահող տերության զինծառայողի համար համարվում են նվաստացուցիչ աշխատանքներ:

Ականների կամ այլ նման արկերի հեռացումը կդիտվի որպես վտանգավոր աշխատանք:

հոդված 53.

Ռազմագերիների աշխատանքային օրվա տևողությունը, ներառյալ աշխատանքի հասնելու և վերադարձի ճանապարհի ժամանակը, չափից ավելի չի լինի և ոչ մի դեպքում չպետք է գերազանցի աշխատանքային օրվա այն տևողությունը, որ սահմանված է գերության մեջ պահող տերության քաղաքացիների թվից այդ նույն աշխատանքում զբաղված տվյալ շրջանի բանվորների համար:

Ռազմագերիներին պետք է հատկացվի հանգիստ աշխատանքային օրվա կեսին, առնվազն մեկ ժամ. այդ հանգիստը կհամապատասխանի այն հանգստին, որ նախատեսվում է գերության մեջ պահող տերության բանվորների համար, եթե այդ հանգիստը հանդիսանում է ավելի տևական: Դրանից բացի, ռազմագերիներին շաբաթը մեկ անգամ տրամադրվում է քսանչորսժամյա անընդհատ հանգիստ, նախընտրելի է կիրակի օրը կամ հանգստի` նրանց հայրենիքում սահմանված օրը: Դրանից առավել, մեկ տարի աշխատած ռազմագերուն տրամադրվում է ութօրյա անընդհատ հանգիստ` պահպանելով աշխատանքի վարձատրությունը:

Եթե կօգտագործվեն աշխատանքի այնպիսի մեթոդներ, ինչպես գործարքն է, ապա դա չպետք է հանգեցնի աշխատանքային օրվա չափից ավելի երկարացման:

հոդված 54.

Աշխատանքի դիմաց ռազմագերիներին հատկացվող վարձատրության չափը սահմանվում է սույն Կոնվենցիայի որոշումների համաձայն: Աշխատանքում դժբախտ պատահարներից տուժած կամ աշխատանքի ժամանակ կամ աշխատանքի կապակցությամբ հիվանդացած ռազմագերիներին ցույց կտրվի բուժօգնություն, ինչը պահանջում է նրանց վիճակը: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունը նրանց կտա բժշկական վկայագիր, որը նրանց թույլ կտա հիմնավորել իր իրավունքներն այն տերության առջև, որին նրանք պատկանում են, և այդ վկայագրի կրկնօրինակը կհանձնի 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալություն:

հոդված 55.

Աշխատանքի համար ռազմագերիների պիտանիությունն ստուգվում է պարբերաբար, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` բժշկական զննությունների միջոցով: Բժշկական քննություն անցկացնելիս պետք է հատուկ հաշվի առնվի այն աշխատանքների բնույթը, որ ռազմագերիները ստիպված են կատարել:

Եթե ռազմագերին իրեն համարում է անաշխատունակ, նրան թույլ կտրվի ներկայանալու իր ճամբարի բժշկական անձնակազմին: Բժիշկները կարող են առաջարկել աշխատանքից ազատել այն գերիներին, որոնք իրենց կարծիքով, անաշխատունակ են:

հոդված 56.

Աշխատանքային խմբերի համար սահմանված ռեժիմը պետք է նման լինի ռազմագերիների ճամբարի ռեժիմին:

Ամեն մի աշխատանքային խումբ կմնա ռազմագերիների ճամբարի վերահսկողության ներքո և կգտնվի նրանից վարչական կախվածության մեջ: Զինվորական իշխանությունները և այդ ճամբարի պետն իրենց կառավարությունների վերահսկողության ներքո պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար:

Ճամբարի պետը պետք է կարգին վիճակում պահի իր ճամբարին ենթարկվող` բանվորական խմբերի ցուցակը և այդ ցուցակը ներկայացնի հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպությունների պատվիրակներին, որոնք կարող են այցելել ճամբար:

հոդված 57.

Մասնավոր անձանց մոտ աշխատող ռազմագերիների հետ վարվելակերպը, անգամ եթե առաջիններն իրենց պատասխանատվության ներքո ստանձնեն նրանց պահպանությունը և հովանավորությունը, կլինի առնվազն այնպիսին, ինչպես դա նախատեսված է սույն Կոնվենցիայով. գերության մեջ պահող տերությունը, զինվորական իշխանությունները և այն ճամբարի պետը, որին պատկանում են ռազմագերիները, լիակատար պատասխանատվություն են կրում ռազմագերիների պահպանության, նրանց մասին հոգատարության, նրանց հետ վարվելակերպի և աշխատանքի վարձատրության համար:

մաս 4

ռազմագերիների դրամական միջոցները

հոդված 58.

Ռազմական գործողությունների հենց սկզբից և մինչև այդ հարցի առթիվ հովանավոր տերության հետ համաձայնագրերի կնքումը գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանել կանխիկ դրամի կամ այլ համանման տեսքով առավելագույն գումար, որը ռազմագերիները կարող են ունենալ իրենց մոտ: Ռազմագերիներից վերցված կամ պահված ավելորդ գումարները, որոնք նրա օրինական սեփականությունն են, ինչպես որ նրանց կողմից մուծված ամեն մի դրամական ներդրում, կգրանցվեն նրանց անձնական հաշվին և չեն կարող փոխարկվել այլ վալյուտայով` առանց նրանց համաձայնության:

Այն դեպքերում, երբ զինծառայողներին կթույլատրվի գնումներ կատարել ճամբարից դուրս կամ ծառայություններից օգտվել կանխիկ դրամով, վճարումները կատարվում են անձամբ ռազմագերիների կողմից կամ ճամբարի ադմինիստրացիայի կողմից` վճարված գումարները որպես պարտք փոխադրելով համապատասխան ռազմագերիների հաշվին: Գերության մեջ պահող տերությունը մշակում է դրա համար անհրաժեշտ կանոններ:

հոդված 59.

Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները, որոնք ռազմագերիներից վերցված են 18 հոդվածին համապատասխան գերության վերցնելու պահին, նրանցից յուրաքանչյուրի հաշվին կգրանցվեն որպես վարկ` սույն մասի 64 հոդվածի դրույթներին համապատասխան:

Գերության մեջ պահող տերության վալյուտայով դրամական գումարները, որոնք միաժամանակ կստացվեն ռազմագերիներից վերցված այլ վալյուտայով դրամական գումարների փոխարկման հետևանքով, նույնպես կգրանցվեն որպես վարկ նրանցից յուրաքանչյուրի հաշվին:

հոդված 60.

Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիներին ամեն ամիս կվճարի կանխավճար դրամական բավարարման հաշվին, որի չափը սահմանվում է նշված տերության վալյուտայով հետևյալ գումարների վերահաշվարկման միջոցով.

Կատեգորիա 1-ին, սերժանտից ցածր կոչում ունեցող գերիներ - ութ շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 2-րդ. սերժանտներ և այլ ենթասպաներ կամ համապատասխան կոչման գերիներ - տասներկու շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 3-րդ. սպաներ` ներառյալ մինչև կապիտանի կոչումը, կամ համապատասխան կոչման գերիներ - հիսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 4-րդ. մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ կամ համապատասխան կոչման գերիներ - վաթսուն շվեյցարական ֆրանկ.

Կատեգորիա 5-րդ. գեներալներ կամ համապատասխան կոչման գերիներ - յոթանասուն շվեյցարական ֆրանկ:

Սակայն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են հատուկ համաձայնագրերի միջոցով փոխել կանխավճարների չափը` դրամական բավարարության հաշվին, որը ենթակա է վճարման վերը թվարկված կատեգորիաների ռազմագերիներին:

Դրանից բացի, եթե առաջին պարբերության մեջ նշված գումարներն անչափ շատ լինեն դրամական այն բավարարության համեմատությամբ, որ ստանում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք կամ ինչ-որ պատճառով կարող են լուրջ դժվարություններ առաջացնել գերության մեջ պահող տերության համար, վերը նշված գումարների չափերի փոփոխման մասին մինչև հատուկ համաձայնագիր կնքելը այն տերության հետ, որին պատկանում են ռազմագերիները, գերության մեջ պահող տերությունը.

a/ կշարունակի ռազմագերու անձնական հաշվին գրանցել առաջին պարբերության մեջ նշված գումարները,

b/ կարող է ժամանակավորապես սահմանափակել այն գումարների չափը, որոնք ռազմագերիներին վճարվում են այդ կանխավճարների հաշվին` նրանց կարիքների բավարարման համար այնպիսի գումարներով, որոնց չափը հանդիսանում է բավարար, բայց որը առաջին կատեգորիայի անձանց համար չպետք է լինի նվազ այն գումարներից որոնք գերության մեջ պահող տերության կողմից վճարվում են իր սեփական զինված ուժերի անձնակազմի անձանց:

Այդպիսի սահմանափակման պատճառները անհապաղ պետք է հաղորդվեն հովանավոր տերությանը:

հոդված 61.

Գերության մեջ պահող տերությունը կնդունի այն դրամական գումարները, որոնք որպես լրացուցիչ բավարարություն կուղարկվեն ռազմագերիներին տերության կողմից, որին նրանք պատկանում են, պայմանով, որ այդ գումարները հավասարաչափ կբաշխվեն միևնույն կատեգորիայի ռազմագերիների միջև և կվճարվեն այդ կատեգորիայի բոլոր ռազմագերիներին, որոնք պատկանում են այդ տերությանը և հնարավորին չափ կարճ ժամկետում կգրանցվեն առանձին անձնական հաշիվներին` 64 հոդվածի դրույթներին համապատասխան: Այդ լրացուցիչ բավարարումը գերության մեջ պահող տերությանը չի ազատում ցանկացած ուրիշ այն պարտավորություններից, որ նրա վրա դրվում են սույն Կոնվենցիայով:

հոդված 62.

Ռազմագերիներն իրենց պահող իշխանություններից անմիջականորեն կստանան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն, որի չափը սահմանվում է այդ իշխանությունների կողմից, բայց որը լրիվ օրվա համար չի կարող շվեյցարական ֆրանկի մեկ քառորդից նվազ լինել: Գերության մեջ պահող տերությունը գերիներին, ինչպես նաև այն տերությանը, որին պատկանում են նրանք, հովանավոր տերության միջոցով կհայտնի աշխատավարձի օրական դրույքի` իր կողմից սահմանված չափը:

Գերիներ պահող իշխանությունները նաև աշխատանքի դիմաց վարձատրություն կվճարեն այն ռազմագերիներին, որոնք մշտապես պետք է զբաղվեն կառավարման, ներքին կառուցվածքի կամ ճամբարը կարգին վիճակում պահելու հետ կապված պարտականություններով կամ արհեստով, ինչպես նաև այն ռազմագերիներին, որոնք ներգրավված են իրենց ընկերների բժշկական և հոգևոր կարիքների սպասարկման մեջ:

Վստահված անձի, նրա օգնականների և նրա խորհրդատուների, եթե այդպիսիք կան, աշխատավարձը փակվում է կրպակներից ստացվող շահույթների մասհանումներով լրացվող ֆոնդից. այդ ռոճիկների չափը սահմանվում է վստահված անձի կողմից և հաստատվում ճամբարի պետի կողմից: Եթե այդպիսի ֆոնդ չկա, ապա գերիներ պահող իշխանությունները այդ ռազմագերիներին վարձատրում են արդարացիորեն հաշվարկված աշխատանքի դիմաց:

հոդված 63.

Ռազմագերիներին կթույլատրվի ստանալ նրանց անհատապես կամ կոլեկտիվ կերպով հասցեագրված դրամական փոխհատուցումները:

Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք ունի տնօրինելու իր հաշվի հաշվեմնացորդը, որ նախատեսված է հաջորդ հոդվածով, այն չափերով, որոնք սահմանված են գերության մեջ պահող տերության կողմից, որը և կկատարի պահանջվող վճարումները: Գերության մեջ պահող տերության տեսակետից անհրաժեշտ ֆինանսական և վալյուտային սահմանափակումների պահպանման պայմանով ռազմագերիները կարող են նաև վճարումներ կատարել արտասահմանում: Այդ դեպքում իրենց խնամարկյալներին ռազմագերիների կողմից կատարվող վճարումները իրականացվում են առաջին հերթին:

Ցանկացած դեպքում ռազմագերին, այն տերության համաձայնությամբ, որին նա պատկանում է, կկարգադրի իր երկրում վճարումները կատարել հետևյալ կերպ. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով նշված տերությանը կուղարկի ծանուցագիր, որը կբովանդակի բոլոր անհրաժեշտ ցուցումները դրամը վճարողի և ստացողի մասին, ինչպես նաև վճարվող գումարի չափը` արտահայտված գերության մեջ պահող տերության վալյուտայով. այդ ծանուցագիրը կստորագրվի շահագրգիռ ռազմագերու կողմից և կվավերացվի ճամբարի պետի ստորագրությամբ: Գերության մեջ պահող տերությունն այդ գումարը ռազմագերու հաշվին գրանցում է որպես պարտք: Այս ձևով որպես պարտք գրանցված գումարները, գերության մեջ պահող տերությունը որպես պարտք է գրանցում այն տերությանը, որին պատկանում են ռազմագերիները:

Վերը նշված դրույթների կիրառման նպատակով, գերության մեջ պատող տերությունը կարող է օգտվել սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում բովանդակվող տիպարային կանոններից:

հոդված 64.

Գերության մեջ պահող տերությունը յուրաքանչյուր ռազմագերու համար կբացի անձնական հաշիվ, որ առնվազն կբովանդակի հետևյալը.

1/ ռազմագերուն հասնող կամ նրա կողմից դրամական բավարարման հաշվին որպես կանխավճար ստացված գումարները, աշխատանքի դիմաց կամ այլ մուտքերից գոյացած գումարները. գերության մեջ գտնվող տերության վալյուտայով այն դրամական գումարները, որոնք վերցվել են ռազմագերուց, գերուց վերցված և նրա խնդրանքով նշված տերության վալյուտայով փոխարկված դրամը:

2/ Գերուն կանխիկ կամ համանման այլ տեսքով տրված գումարները, նրա անունից և նրա խնդրանքով կատարված վճարումները, 63 հոդվածի երրորդ պարբերության համաձայն փոխանցված գումարները:

հոդված 65.

Ռազմագերու հաշվի մեջ կատարվող ամեն մի գրանցում պետք է ստորագրվի կամ վավերացվի նրա կողմից կամ նրա անունից գործող վստահված անձի կողմից:

Ռազմագերիներին մշտապես պետք է բավարար հնարավորություններ տրվեն ծանոթանալու իրենց հաշիվների վիճակին և ստանալու այդ հաշիվների պատճենները, որոնք կարող են նաև ստուգվել հովանավոր տերության ներկայացուցիչների կողմից` ճամբար կատարած նրանց այցի ժամանակ:

Ռազմագերիներին մի ճամբարից մյուսը փոխադրելիս նրանց անձնական հաշիվները հետևում են նրանց: Գերության մեջ պահող մի տերության կողմից մյուս տերությանը ռազմագերիներին հանձնելու դեպքում, ռազմագերիներին պատկանող գումարները, որոնք չեն փոխարկվել գերության մեջ պահող տերության վալյուտայով, հետևում են նրանց: Նրանց հաշվում որպես վարկ մնացած մյուս բոլոր գումարների համար նրանց տրվում է վկայական:

Կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերը կարող են պայմանավորվել որոշակի ժամկետներում հովանավոր տերության միջոցով միմյանց ծանուցելու ռազմագերիների հաշիվներում եղած գումարների մասին:

հոդված 66.

Ռազմագերու ազատման հետևանքով գերության ավարտին կամ նրա հայրենադարձության ժամանակ գերության մեջ պահող տերությունը պետք է նրան տա փաստաթուղթ, ստորագրված այդ տերության` դրա համար լիազորված սպայի կողմից, որի մեջ կնշվի գերության մեջ գտնվելու վերջում նրան պատկանող հաշվեմնացորդը. գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով ռազմագերիների պատկանելության տերությանը կուղարկի նաև ցուցակներ, որոնք բովանդակում են բոլոր այն ռազմագերիների մասին հարկ եղած տվյալները, որոնց գերության մեջ գտնվելն ավարտվել է հայրենադարձությամբ, ազատվելով, փախուստով, մահով կամ ցանկացած այլ ձևով, և որոնք ցույց կտան նրանց հաշվեմնացորդի չափը: Այդպիսի ցուցակների ամեն մի թերթը պետք է հաստատվի գերության մեջ գտնվող տերության լիազոր ներկայացուցչի կողմից:

Տվյալ հոդվածի վերը շարադրված դրույթներից ցանկացած դրույթ կարող է ձևափոխվել կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև փոխադարձ համաձայնության միջոցով:

Տերությունը, որին պատկանում է ռազմագերին, պատասխանատվություն կկրի գերության ավարտին գերության մեջ պահող տերությունից ռազմագերուն հասնող հաշվեմնացորդը նրա հետ կարգավորելու համար:

հոդված 67.

60 հոդվածի համաձայն դրամական բավարարման հաշվին ռազմագերիներին տրվող կանխավճարները պետք է դիտվեն որպես այն տերության կողմից տրված կանխավճար, որին նրանք պատկանում են: Դրամական բավարարման հաշվին այդպիսի կանխավճարները, հավասարապես և բոլոր վճարումները, որոնք 63 հոդվածի երրորդ պարբերության և 68 հոդվածի համաձայն կատարվում են գերության մեջ պահող տերության կողմից, ռազմական գործողությունների ավարտից հետո կհանդիսանան շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրերի առարկա:

հոդված 68.

Աշխատանքի հետևանք հանդիսացող խեղման կամ հաշմանդամության հետ կապված փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջ հովանավոր տերության միջոցով պետք է ուղարկվի այն տերությանը, որին ռազմագերին պատկանում է: 54 հոդվածին համապատասխան, գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերուն տալիս է փաստաթուղթ, որը ցույց է տալիս խեղման կամ հաշմանդամության բնույթը, այն հանգամանքները, որոնցում դրանք տեղի են ունեցել, և նրանց ցույց տրված բժշկական կամ հիվանդանոցային բուժման տվյալները: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրված լինի գերության մեջ պահող տերության պատասխանատու սպայի կողմից, իսկ բժշկական տվյալները պետք է հաստատված լինեն բժշկական ծառայության բժշկի կողմից:

Փոխհատուցման մասին ռազմագերու ցանկացած պահանջն այն անձնական իրերի, դրամի և արժեքների դիմաց, որոնք 18 հոդվածին համապատասխան նրանից առգրավվել են գերության մեջ պահող տերության կողմից և հայրենադարձվելիս չեն տրվել նրան կամ փոխհատուցման մասին պահանջը այն վնասների դիմաց, որ նրա կարծիքով հասցվել են նրան` գերության մեջ պահող տերության կամ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի մեղքով, նույնպես պետք է ուղարկվեն տերությանը, որին պատկանում է ռազմագերին: Սակայն բոլոր այդպիսի իրերը, որոնք ռազմագերիներին պետք են գերության մեջ գտնվելու ժամանակ, փոխարինվում են գերության մեջ պահող տերության հաշվին: Գերության մեջ պահող տերությունը բոլոր դեպքերում ռազմագերիներին տալիս է փաստաթուղթ` գրված պատասխանատու սպայի կողմից, որի մեջ նշվում են այդ իրերը, դրամը և արժեքները չվերադարձնելու պատճառներին վերաբերող եղած բոլոր տեղեկությունները: Այդպիսի փաստաթղթի պատճենը 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով ուղարկվում է այն տերությանը, որին պատկանում է ռազմագերին:

մաս 5

ռազմագերիների կապերն արտաքին աշխարհի հետ

հոդված 69.

Անմիջապես այն բանից հետո, հենց որ ռազմագերիները հայտնվեն իր իշխանության տակ, գերության մեջ պահող տերությունը հովանավոր տերության միջոցով կտեղեկացնի նրանց և այն տերությանը, որին նրանք պատկանում են, այն միջոցառումների մասին, որոնք նա ձեռնարկել է սույն մասի որոշումները կատարելու համար: Այդ տերությունը շահագրգիռ կողմերին կհայտնի նաև այդ միջոցառումների մեջ կատարվող ցանկացած փոփոխության մասին:

հոդված 70.

Յուրաքանչյուր ռազմագերի գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, եթե անգամ դա տարանցիկ ճամբար է, ինչպես նաև հիվանդանալու կամ լազարեթ կամ այլ ճամբար փոխադրվելու դեպքում պետք է հնարավորություն ստանա մի կողմից անմիջականորեն իր ընտանիքին, իսկ մյուս կողմից` 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալությանը ուղարկել փոստային քարտ` կազմված, եթե դա հնարավոր է, սույն Կոնվենցիային առընթեր նմուշով, հաղորդելով իրեն գերի վերցնելու մասին, իր առողջական վիճակի մասին և ցույց տալ իր հասցեն: Այդ քարտերը պետք է ուղարկվեն որքան կարելի է շուտ, և դրանց առաքումը չի կարող ուշացվել որևէ կերպ:

հոդված 71.

Ռազմագերիներին կթույլատրվի ինչպես ուղարկել, այնպես էլ ստանալ նամակներ և փոստային քարտեր: Եթե գերության մեջ պահող տերությունը անհրաժեշտ գտնի սահմանափակել այդ նամակագրությունը, համենայնդեպս, նա պետք է թույլ տա ամիսը երկու նամակի և չորս քարտի ուղարկումը, չհաշված այն քարտերը, որոնք նախատեսված են 70 հոդվածում` հնարավորին չափ կազմված սույն Կոնվենցիային առընթեր նմուշներով: Այլ սահմանափակումներ կարող են մտցվել միայն այն դեպքում, եթե հովանավոր տերությունը հիմքեր ունի համարել, որ դրանք համապատասխանում են իրենց` ռազմագերիների շահերին, նկատի ունենալով այն դժվարությունները, որոնց գերության մեջ գտնվող տերությունը հանդիպում է անհրաժեշտ գրաքննություն իրականացնելու համար բարձրորակ թարգմանիչների բավարար քանակի ընտրության գործում: Եթե ռազմագերիներին հասցեագրված նամակագրությունը պետք է սահմանափակ լինի, ապա այդ որոշումը կարող է ընդունվել միայն այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, որոշ դեպքերում` գերության մեջ պահող տերության խնդրանքով: Այդ նամակները և փոստային քարտերը պետք է առաքվեն գերության մեջ պահող տերության տրամադրության տակ եղած ամենաարագ եղանակով. դրանց առաքման ուշացումը կամ դանդաղեցումը չեն կարող լինել կարգապահական ներգործության միջոց:

Երկար ժամանակ տեղեկություններ չստացած և իրենց ընտանիքներից դրանք ստանալու կամ այդպիսիք սովորական ուղիով ընտանիքին ուղարկելու հնարավորությունից զրկված ռազմագերիներին, ինչպես որ իրենց հարազատներից մեծ հեռավորության վրա գտնվող ռազմագերիներին, կթույլատրվի ուղարկել հեռագրեր, որոնց արժեքը որպես պարտք կգրանցվեն նրանց հաշիվներին, որոնք կան գերության մեջ պահող տերության մոտ կամ այդ արժեքը կվճարվի նրանց տրամադրության տակ եղած դրամով: Ռազմագերիներին այդպիսի հնարավորություն կտրամադրվի նաև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Որպես ընդհանուր կանոն, ռազմագերիների նամակագրությունները վարվում է նրանց մայրենի լեզվով: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կարող են թույլատրել նամակագրությունը վարել այլ լեզուներով:

Գերիների` նամակագրություն պարունակող կապոցները պետք է խնամքով կնքված լինեն, դրանց վրա պետք է լինեն պիտակներ` դրանց պարունակության ճշգրիտ նշումով, և դրանք պետք է առաքվեն նշանակման վայրի փոստային բաժանմունքի հասցեով:

հոդված 72.

Ռազմագերիներին կթույլատրվի փոստով կամ ցանկացած այլ միջոցներով ստանալ անհատական կամ կոլեկտիվ ծանրոցներ, որոնք կպարունակեն, մասնավորապես, սննդամթերք, հագուստ, դեղորայք և նրանց կրոնական պահանջմունքների բավարարման համար, նրանց լուսավորության կամ ժամանցի առարկաներ, ներառյալ գրքեր, պաշտանմունքի առարկաներ, գիտական աշխատանքների համար ապարատուրա, քննական նյութեր, երաժշտական գործիքներ, սպորտային գույք ու նյութեր, որոնք թույլ կտան ռազմագերիներին շարունակելու սովորել և զբաղվել գեղարվեստական գործունեությամբ:

Այս ծանրոցները գերության մեջ պահող տերությանը ոչ մի դեպքում չեն ազատում սույն Կոնվենցիայով նրա վրա դրված պարտավորություններից:

Այդ ծանրոցների վերաբերմամբ միակ սահմանափակումները կարող են լինել միայն այն սահմանափակումները, որոնք ի շահ ռազմագերիների կառաջարկվեն հովանավոր տերության կողմից, կամ էլ, տրանսպորտի կամ կապի համակարգի արտակարգ ծանրաբեռնվածության դեպքում և միայն նրանց սեփական ծանրոցների վերաբերմամբ կառաջարկվեն Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպության կողմից:

Անհատական և կոլեկտիվ ծանրոցների առաքման կարգը պետք է դառնա, եթե դա անհրաժեշտ է, հատուկ համաձայնագրերի առարկա շահագրգիռ տերությունների միջև, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ուշացնել ռազմագերիների կողմից օգնության ծանրոցների ստանալը: Գրքերը չպետք է դրվեն սննդամթերք և հագուստ պարունակող ծանրոցների մեջ: Բժշկական նյութերը, որպես կանոն, պետք է ուղարկվեն կոլեկտիվ ծանրոցներով:

հոդված 73.

Կոլեկտիվ ծանրոցների ստացման և բաշխման կարգի մասին շահագրգիռ տերությունների միջև կնքված հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում կկիրառվեն կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող սույն Կոնվենցիային կցված կանոնները:

Վերը նշված հատուկ համաձայնագրերը ոչ մի դեպքում չեն կարող սահմանափակել ռազմագերիների համար նախատեսված ծանրոցները նրանց հանձնելու, այդպիսիք բաշխելու կամ ի շահ ռազմագերիների դրանք տնօրինելու վստահված անձանց իրավունքները:

Այդ համաձայնագրերով չի կարելի սահմանափակել ծանրոցների բաշխման նկատմամբ վերահսկողության իրավունքը, իրավունք, որ կունենան հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ գերիներին օգնություն ցույց տվող և այդ ծանրոցների հանձնման համար պատասխանատվություն կրող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչները:

հոդված 74.

Ռազմագերիների համար նախատեսված օգնության բոլոր ծանրոցներն ազատվում են մաքսատուրքերից և այլ գանձումներից:

Նամակագրությունը, օգնության ծանրոցները և թույլատրված դրամական փոխանցումները, որոնք հասցեագրված են ռազմագերիներին կամ որոնք նրանց կողմից ուղարկվում են փոստով կամ 122 հոդվածում նախատեսված Տեղեկատու բյուրոյի միջոցով կամ էլ 123 հոդվածում նախատեսված` ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով, ազատվում են բոլոր փոստային գանձումներից ինչպես առաքվող երկրում և նշանակման երկրում, այնպես էլ միջանցիկ երկրներում:

Ռազմագերիների համար նախատեսվող օգնության այն ծանրոցների առաքման ծախսերը, որոնք իրենց քաշի կամ ցանկացած այլ պատճառով չեն կարող ուղարկվել փոստով, կկատարի գերության մեջ պահող տերությունը` նրա հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում: Սույն Կոնվենցիային մասնակից հանդիսացող մյուս տերությունները առաքման ծախսերը կկատարեն իրենց տարածքներում:

Շահագրգիռ տերությունների միջև հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդպիսի ծանրոցների առաքման այն ծախսերը, որոնք չեն ընկնում վերը նշված արտոնությունների գործողության տակ, կատարվում են առաքողի կողմից:

Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն, որքան դա հնարավոր է, նվազեցնել ռազմագերիների կողմից ուղարկվող կամ նրանց հասցեագրված հեռագրերի տարիֆները:

հոդված 75.

Այն դեպքում, երբ ռազմական օպերացիաները շահագրգիռ տերություններին կխանգարեն կատարելու 70, 71, 72 և 77 հոդվածներում հիշատակված ծանրոցների փոխադրումն ապահովելու նրանց վրա դրված պարտականությունը, շահագրգիռ հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից ճանաչված ցանկացած այլ կազմակերպություն կարող են այդ ծանրոցների փոխադրումն ապահովելով զբաղվել տրանսպորտային համապատասխան միջոցների օգնությամբ (վագոնների, բեռնատար մեքենաների, նավերի կամ ինքնաթիռների և այլն): Այդ նպատակով Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն այդ տրանսպորտային միջոցները տրամադրել և թույլատրել դրանց շարժը, մասնավորապես, դրա համար նրանց անհրաժեշտ անցագրեր տալու միջոցով:

Այդ տրանսպորտային միջոցները կարող են նաև օգտագործվել փոխադրելու համար.

a/ այն նամակագրությունները, ցուցակները և զեկույցները, որոնք փոխանակում են 123 հոդվածում հիշատակված կենտրոնական տեղեկատու գործակալությունը և 122 հոդվածում նախատեսված ազգային բյուրոները.

b/ ռազմագերիներին վերաբերող այն նամակագրությունները և զեկույցները, որոնք հովանավոր տերությունները, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող ցանկացած այլ կազմակերպություն փոխանակում են ինչպես իրենց ներկայացուցիչների, այնպես էլ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի հետ:

Սույն դրույթները ոչ մի բանով չեն սահմանափակում կոնֆլիկտի մեջ գտնվող ցանկացած կողմի իրավունքը` ապահովելու տրանսպորտի այլ միջոցներ, եթե նա դա գերադասում է, կամ անցագրեր տալու այն պայմաններով, որոնք կարող են սահմանվել փոխադարձ համաձայնությամբ:

Հատուկ համաձայնագրերի բացակայության դեպքում այդ տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը համամասնաբար կատարում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը, նայած թե հօգուտ ում քաղաքացիների են ցույց տրվում այդ ծառայությունները:

հոդված 76.

Ռազմագերիներին հասցեագրված կամ նրանց կողմից ուղարկվող նամակագրության գրաքննությունը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում: Գրաքննությունը կարող է առաքող պետության և ստացող պետության կողմից կատարվել միայն մեկ անգամ` նրանցից յուրաքանչյուրի կողմից:

Ռազմագերիներին հասցեագրված ծանրոցների ստուգումը չպետք է կատարվի այնպիսի պայմաններում, որոնք կվտանգեին դրանցում գտնվող սննդամթերքի պահպանությունը, և պետք է տեղի ունենա, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը տպագրված և գրավոր նյութի մասին է, հասցեատիրոջ կամ նրա կողմից պատշաճ ձևով լիազորված նրա ընկերոջ ներկայությամբ: Գերիների անհատական կամ կոլեկտիվ ծանրոցների հանձնումը չի կարող ուշացվել գրաքննության հետ կապված դժվարությունների պատճառաբանությամբ:

Ռազմական կամ քաղաքական պատճառներով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի մտցրած նամակագրության ցանկացած արգելք կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ, և դրա ժամկետը պետք է լինի հնարավորին չափ կարճատև:

հոդված 77.

Գերության մեջ պահող տերությունները բոլոր հնարավորությունները կտրամադրեն հովանավոր տերության միջոցով կամ 123 հոդվածում նախատեսված ռազմագերիների գործերի կենտրոնական գործակալության միջոցով հանձնելու ռազմագերիներին հասցեագրված ակտերը, թղթերը և փաստաթղթերը կամ նրանցից ստացվողները, մասնավորապես լիազորագրերը և կտակները:

Բոլոր դեպքերում գերության մեջ պահող տերությունները ռազմագերիներին կաջակցեն կազմելու այդ փաստաթղթերը, մասնավորապես, նրանց թույլատրելով խորհրդակցել իրավաբանի հետ, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ռազմագերիների վկայությունն ապահովելու համար:

մաս 6

ռազմագերիների փոխհարաբերությունները իշխանությունների հետ

գ լ ու խ  1

ռազմագերիների գանգատները գերության ռեժիմի առթիվ

հոդված 78.

Ռազմագերիներն իրավունք ունեն գերության մեջ գտնվելու իրենց համար սահմանված ռեժիմի առթիվ խնդրանքներ ներկայացնելու այն զինվորական իշխանություններին, որոնց իշխանության տակ են նրանք գտնվում:

Նրանք նաև իրավունք ունեն առանց սահմանափակումների վստահված անձի միջոցով կամ անմիջականորեն, եթե դա նրանք հնարավոր կգտնեն, դիմելու հովանավոր տերության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեն գերության ռեժիմի այն մոմենտների վրա, որոնց վերաբերմամբ նրանք գանգատներ ունեն:

Այդ միջնորդությունները և գանգատները չեն սահմանափակվի կամ դիտվի որպես 71 հոդվածում նշված նամակագրության քվոտայի մաս: Դրանք պետք է փոխանցվեն շտապ կարգով: Դրանք չեն կարող առաջացնել ոչ մի պատիժ, եթե անգամ դրանք ճանաչվեն չհիմնավորված:

Վստահված անձինք կարող են հովանավոր տերությունների ներկայացուցիչներին ուղարկել պարբերական զեկույցներ ճամբարներում տիրող դրության մասին և ռազմագերիների կարիքների մասին:

գ լ ու խ  2

ռազմագերիների ներկայացուցիչները

հոդված 79.

Բոլոր վայրերում, որտեղ կգտնվեն ռազմագերիները, բացառությամբ այն տեղերի, որտեղ գտնվում են սպաները, ռազմագերիները ազատորեն, գաղտնի քվեարկությամբ, ամեն վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև բացվող թափուր տեղերի դեպքում, կընտրեն վստահված անձինք, որոնք պետք է նրանց ներկայացնեն զինվորական իշխանությունների, հովանավոր տերությունների, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի առաջ և ցանկացած այլ կազմակերպության առաջ, որը օգնություն է ցույց տալիս: Այդ վստահված անձինք կարող են վերընտրվել:

Սպաների և նրանց հավասարեցված անձանց ճամբարներում կամ խառը ճամբարներում կոչումով և ստաժով բարձր ռազմագերի սպան ճանաչվում է որպես վստահված անձ: Սպաների ճամբարներում նրան օգնում են մեկ կամ մի քանի խորհրդատուներ, որոնք ընտրվում են սպաների կողմից. խառը ճամբարներում նրա օգնականներն ընտրվում են սպա չհանդիսացող ռազմագերիների կողմից` իրենց միջից:

Ռազմագերիների համար աշխատանքային ճամբարներում կտեղավորվեն միևնույն քաղաքացիության ռազմագերի սպաներն այնպես, որպեսզի նրանք կարողանան ճամբարում կատարել ռազմագերիների վրա դրվող վարչական ֆունկցիաներ: Այդ սպաները կարող են ընտրվել վստահված անձի պաշտոնին` սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին համապատասխան: Այդ դեպքում վստահված անձի օգնականները կընտրվեն սպա չհանդիսացող ռազմագերիների թվից:

Մինչև իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինելը, յուրաքանչյուր ընտրված վստահված անձ պետք է հաստատվի գերության մեջ պահող տերության կողմից: Այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերությունը հրաժարվի գերության իր ընկերների կողմից ընտրված ռազմագերուն հաստատելուց, ապա նա պետք է հովանավոր տերությանը ներկայացնի այդպիսի հրաժարման պատճառները:

Բոլոր դեպքերում վստահված անձի քաղաքացիությունը, լեզուն և սովորույթները պետք է միատեսակ լինեն այն ռազմագերիների քաղաքացիության, լեզվի և սովորույթների հետ, որոնց նա ներկայացնում է: Այսպիսով, իրենց քաղաքացիությանը, լեզվին և սովորույթներին համապատասխան ճամբարի տարբեր հատվածներում բաշխված ռազմագերիներն ամեն մի հատվածում կունենան իրենց վստահված անձը` նախորդ պարբերությունների որոշումներին համապատասխան:

հոդված 80.

Վստահված անձինք պետք է նպաստեն ռազմագերիների ֆիզիկական, բարոյական և մտավոր բարօրությանը:

Մասնավորապես, եթե գերիները որոշեն փոխօգնության համակարգ կազմակերպել միմյանց միջև, ապա այդ կազմակերպությունը պետք է գտնվի վստահված անձանց տնօրինության ներքո, անկախ այն հատուկ պարտականություններից, որոնք նրանց վրա դրված են սույն Կոնվենցիայի այլ որոշումներով:

Վստահված անձինք պատասխանատու չեն լինի միայն իրենց պարտականությունների բերումով այն օրինախախտումների համար, որոնք կատարվել են ռազմագերիների կողմից:

հոդված 81.

Վստահված անձինք չեն հակադրվի կատարելու որևէ այլ աշխատանք, եթե դա կդժվարացնի նրանց ֆունկցիաների կատարումը:

Վստահված անձինք կարող են գերիների թվից նշանակել իրենց հարկավոր օգնականներ: Նրանց կտրամադրվեն գործնականորեն բոլոր հնարավորությունները և, մասնավորապես, տեղաշարժվելու որոշ ազատություն, որն անհրաժեշտ է նրանց պարտականությունների կատարման համար (այցելություն աշխատանքային խմբեր, օգնության ծանրոցների ընդունում և այլն):

Վստահված անձանց պետք է թույլատրվի այցելել այն շենքերը, որտեղ ռազմագերիները ներկալված են. վերջիններս իրավունք կունենան ազատորեն խորհրդատվություն ստանալ իրենց վստահված անձից:

Վստահված անձանց հավասարապես կտրամադրվեն բոլոր հնարավորությունները իրենց փոստային և հեռագրային գրագրությունների համար գերության մեջ պահող իշխանությունների, հովանավոր տերությունների հետ, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի և դրանց ներկայացուցիչների հետ, խառը բժշկական հանձնաժողովների, ինչպես նաև այն կազմակերպությունների հետ, որոնք ռազմագերիներին օգնություն ցույց կտան: Աշխատանքային խմբերի վստահված անձինք հիմնական ճամբարի վստահված անձի հետ ունեցած գրագրության կապակցությամբ կօգտվեն այդ նույն արտոնություններից: Այդ գրագրության համար չի սահմանվի որևէ սահմանափակում և այն չի կարելի դիտել 71 հոդվածում նախատեսված քվոտայի հաշվին կատարվող գրագրություն:

Ոչ մի վստահված անձ չի կարող այլ վայր փոխադրվել առանց նրան տրամադրելու նորմալ ժամանակ, որն անհրաժեշտ է իրեն փոխարինողին գործին տեղյակ պահելու համար:

Վստահված անձին ազատելու դեպքում այդ որոշման պատճառները պետք է հայտնվեն հովանավոր տերությանը:

գ լ ու խ  3

քրեական եվ կարգապահական պատիժները

1. ընդհանուր դրույթներ

հոդված 82.

Ռազմագերիները ենթարկվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքներին, կանոնադրություններին և հրամաններին: Այդ տերությունն իրավունք կունենա դատական կամ կարգապահական միջոցներ ձեռնարկել ցանկացած ռազմագերու նկատմամբ, որը կկատարի այդ օրենքների, կանոնադրությունների և հրամանների խախտում: Սակայն չպետք է թույլ տալ այնպիսի դատավարություն կամ պատիժ, որոնք հակասում են սույն գլխի դրույթներին:

Եթե գերության մեջ պահող տերության օրենքներում, կանոնադրություններում կամ հրամաններում պատժելի են հայտարարվում ռազմագերիների կողմից կատարված գործողություններն այն ժամանակ, երբ այն նույն գործողությունները պատիժ չեն հարուցում, եթե դրանք կատարվում են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից, ապա այդ դեպքերում ռազմագերիների նկատմամբ կկիրառվեն միայն կարգապահական տույժեր:

հոդված 83.

Այն հարցը լուծելիս, թե պատժի ինչպիսի միջոցներ պետք է կիրառվեն հանցանքների համար, որոնցում մեղադրվում են ռազմագերիները, դատական կամ կարգապահական, գերության մեջ պահող տերությունը պետք է հետևի, որպեսզի համապատասխան իշխանություններն այդ հարցի գնահատման ժամանակ դրսևորեն առավելագույն ներողամտություն և բոլոր հնարավոր դեպքերում ավելի շուտ դիմեն կարգապահական միջոցների, քան դատահետապնդման:

հոդված 84.

Միայն զինվորական դատարանները կարող են դատել ռազմագերուն, եթե միայն գերության մեջ պահող տերության օրենսդրությունը հատուկ իրավունք չի տրամադրում քաղաքացիական դատարաններին` դատելու այդ տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց այդ նույն հանցանքի համար, որում մեղադրվում է ռազմագերին:

Ոչ մի դեպքում ռազմագերին չի կարող դատվել որևէ դատարանով, որը չի ներկայացնում անկախության և անաչառության համընդհանուր ճանաչում գտած հիմնական երաշխիքներ և, մասնավորապես, որի դատական ընթացակարգը մեղադրյալին չի ապահովում պաշտպանության` 105 հոդվածով նախատեսված իրավունքներով ու միջոցներով:

հոդված 85.

Մինչև գերի ընկնելը կատարած գործողությունների համար գերության մեջ պահող պետության օրենսդրությամբ հետապնդման ենթարկվող ռազմագերիներն օգտվում են սույն Կոնվենցիայի հովանավորությունից` անգամ նրանց դատապարտելու դեպքում:

հոդված 86.

Ռազմագերին կարող է միայն մեկ անգամ պատժվել միևնույն արարքի համար կամ միևնույն մեղադրանքով:

հոդված 87.

Գերության մեջ պահող տերության զինվորական իշխանությունները և դատարանները չպետք է ռազմագերիներին դատապարտեն որևէ այլ պատիժների, բացի այն պատիժներից, որոնք նախատեսված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց կողմից թույլ տրված այդպիսի արարքների համար:

Պատիժ նշանակելիս գերության մեջ պահող տերության դատարանները կամ իշխանությունները պետք է առավելագույն հնարավոր չափով հաշվի առնեն այն փաստը, որ, քանի որ ամբաստանյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացին, ապա նա կապված չի այդ տերության նկատմամբ հավատարմության պարտքով և այդ տերության իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների հետևանքով: Նրանք հնարավորություն կունենան մեղմել այն պատժաչափը, որը ռազմագերուն հասնում է իրավախախտում թույլ տալու համար նրան ներկայացվող մեղադրանքով, և դրա համար նրանք պարտավոր չեն պահպանել այդ իրավախախտման համար նախատեսված նվազագույն պատժաչափը:

Արգելվում են անհատական արարքների համար ամեն տեսակի կոլեկտիվ պատիժները, ամեն տեսակի մարմնական պատիժները, լուսավորությունից զուրկ շենքերում կալանավորելը, և առհասարակ տանջահարության որևէ տեսակ կամ դաժանության դրսևորում:

հոդված 88.

Հավասար կոչման ռազմագերի սպաները, ենթասպաները և զինվորները, որոնք կարգապահական կամ քրեական պատիժ են կրում, չեն կարող ենթարկվել ավելի խիստ վերաբերմունքի, քան այն վերաբերմունքը, որն այդպիսի պատիժների նկատմամբ նախատեսվում է գերության մեջ պահող տերության զինված ուժերում:

Ռազմագերի կանայք չպետք է դատապարտվեն ավելի դաժան պատիժների կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվեն ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի կանայք` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Ռազմագերի կանայք ոչ մի դեպքում չեն կարող դատապարտվել ավելի դաժան պատժի կամ պատիժ կրելու ժամանակ ենթարկվել ավելի դաժան վերաբերմունքի, քան գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի տղամարդիկ` համանման իրավախախտումների համար պատժվելիս:

Նշանակված կարգապահական և քրեական պատիժները ռազմագերիների կողմից կրելուց հետո, նրանց հետ չի կարելի վարվել այլ կերպ, քան մյուս ռազմագերիների հետ:

կարգապահական պատիժներ

հոդված 89.

Ռազմագերիների նկատմամբ կարող են նշանակվել կարգապահական հետևյալ պատիժները.

1/ տուգանք` դրամական բավարարման հաշվին կանխավճարի և 60 ու 62 հոդվածներին համապատասխան աշխատանքի դիմաց ռազմագերիներին հասնող վարձատրության ոչ ավելի, քան 50 %-ի չափով և ընդսմին, 30 օրը չգերազանցող ժամկետում,

2/ սույն Կոնվենցիայով նախատեսվածից ավելի հատկացված առավելություններից զրկում,

3/ արտահերթ կարգախմբեր` ոչ ավելի, քան օրը 2 ժամ,

4/ կալանում,

3 կետում նշված պատիժը չի կարող նշանակվել սպաների նկատմամբ:

Կարգապահական պատիժները ոչ մի դեպքում չպետք է լինեն անմարդկային, դաժան և ռազմագերիների առողջության համար վտանգավոր:

հոդված 90.

Մեկ պատժաչափի տևողությունը երբեք չպետք է գերազանցի 30 օրը: Կարգապահական արարքի դեպքում նախնական կալանքի կրման ժամկետները մինչև գործի ունկնդրումը կամ մինչև կարգապահական տույժի նշանակումը հաշվարկվում են ռազմագերուն նշանակված պատժի ժամկետի մեջ:

Վերը նախատեսված` երեսնօրյա առավելագույն ժամկետը չի կարող ավելացվել, անգամ եթե ռազմագերին պետք է կարգապահական կարգով միաժամանակ պատասխան տա պատժի մասին վճիռ կայացնելու պահին թույլ տված մի շարք արարքների համար, անկախ այն բանից, այդ արարքները միմյանց հետ կապված են, թե ոչ:

Կարգապահական տույժ նշանակելու մասին վճիռ կայացնելու պահից և մինչև դրա կատարումը պետք է անցնի մեկ ամսից ոչ ավելի ժամանակ:

Եթե ռազմագերու վրա կդրվի կարգապահական նոր տույժ, ապա պատիժներից ամեն մեկն ի կատար ածելու միջև պետք է անցնի առնվազն երեք օր, եթե պատիժներից որևէ մեկի տևողությունը հասնում է տասը կամ ավելի օրերի:

հոդված 91.

Ռազմագերու փախուստը համարվում է կայացած այն դեպքերում, երբ.

1/ նա միացել է այն տերության զինված ուժերին, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության զինված ուժերին,

2/ նա թողել է այն տարածքը, որը գտնվում է գերության մեջ պահող տերության կամ նրա դաշնակցի իշխանության տակ,

3/ նա ընկել է մի նավ, որը նավարկում է այն տերության դրոշի ներքո, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության դրոշի ներքո, կամ այդ նավը գտնվում է գերության մեջ գտնվող տերության ջրային տարածքներում պայմանով, որ այդ նավը չի գտնվում այդ վերջինիս հսկողության տակ:

Այն ռազմագերիները, որոնք սույն հոդվածի իմաստով կայացած փախուստից հետո վերստին գերի են ընկնում, փախուստի համար չեն ենթարկվում ոչ մի տույժի:

հոդված 92.

Ռազմագերին, որը փորձում է փախչել կամ բռնվել է մինչև 91 հոդվածի իմաստով փախուստի հաջող ավարտը, այդ արարքի համար ենթակա է միայն կարգապահական պատիժների` անգամ կրկնվելու դեպքում:

Հենց նոր վերցված ռազմագերին պետք է առանց ուշացվելու հանձնվի համապատասխան զինվորական իշխանություններին:

Որպես նահանջ 88 հոդվածից (չորրորդ պարբերության), անհաջող փախուստի համար պատիժ կրող ռազմագերիները կարող են հսկողության տակ դրվել, պայմանով սակայն, որ նման բանը չի ազդի նրանց առողջության վրա, որ դա կիրականացվի ռազմագերիների ճամբարում, և որ դա չի հարուցի սույն Կոնվենցիայով նրանց համար նախատեսվող երաշխիքներից և ոչ մեկի վերացում:

հոդված 93.

Փախուստը կամ փախուստի փորձն անգամ կրկնվելու դեպքում, չպետք է մեղքը ծանրացնող հանգամանք դիտվի այն դեպքում, երբ ռազմագերին դատական պատասխանատվության է ենթարկվում փախուստի կամ փախուստի փորձի ժամանակ նրա կողմից կատարված իրավախախտումների համար:

83 հոդվածում շարադրված սկզբունքին համապատասխան` այն հանցանքները, որոնք ռազմագերիների կողմից կատարվում են իրենց փախուստը դյուրացնելու միակ նպատակով և որոնք չեն ուղեկցվում կյանքի և առողջության դեմ ուղղված բռնի գործողություններով, օրինակ այնպիսիք, ինչպիսիք հանրային սեփականության դեմ կատարվող հանցանքներն են, առանց հարստանալու մտադրության կողոպուտը, կեղծ փաստաթղթերի պատրաստումը կամ օգտագործումը, քաղաքացիական հագուստ կրելը. այս ամենն իր հետ հարուցում է միայն կարգապահական տույժեր:

Այն ռազմագերիները, որոնք եղել են փախուստի կամ փախուստի փորձ կատարելու գործակցողներ, դրա համար կենթարկվեն միայն կարգապահական տույժի:

հոդված 94.

Փախած, բայց բռնված ռազմագերու մասին պետք է այն տերությանը, որին նա պատկանում է, ծանուցագիր ուղարկվի` 122 հոդվածում նախատեսված կարգով, եթե ավելի վաղ հաղորդվել է նրա փախուստի մասին:

հոդված 95.

Կարգապահական զանցանքների մեջ մեղադրվող ռազմագերիները մինչև վճիռ կայացնելը նախնական կալանքի մեջ են պահվում այն դեպքում, եթե գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք այդպիսի նախնական կալանքի են ենթակա համանման զանցանքների համար, կամ եթե այդպիսի կալանքը անհրաժեշտ է, ելնելով ճամբարում կարգ ու կարգապահություն պահպանելու շահերից:

Կարգապահական զանցանք կատարելու դեպքում բոլոր ռազմագերիների համար նախնական կալանքի ժամկետը կկրճատվի մինչև նվազագույն չափը և չի գերազանցի 14 օրը:

Սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթները կիրառվում են այն ռազմագերիների նկատմամբ, որոնք նախնական կալանքի են ենթարկվում կարգապահական զանցանքի համար:

հոդված 96.

Իրենցից կարգապահական խախտումներ ներկայացնող գործողությունները պետք է անմիջապես հետաքննվեն:

Բացառությամբ դատական մարմինների և բարձրագույն զինվորական իշխանությունների իրավասությանը ենթակա դեպքերի, կարգապահական տույժեր կարող են նշանակվել միայն այն սպայի կողմից, որը որպես ճամբարի պետ օժտված է կարգապահական իշխանությամբ, կամ պատասխանատու սպայի կողմից, որը նրան փոխարինում է, կամ որին նա հանձնել է իր կարգապահական իշխանությունը:

Այդպիսի լիազորությունները ոչ մի դեպքում չեն կարող հանձնվել ռազմագերուն, և վերջինս չի կարող դրանք իրականացնել:

Մինչև ցանկացած կարգապահական տույժի նշանակումը, ռազմագերուն ճշգրտորեն կհաղորդվի այն արարքների մասին, որոնցում նա մեղադրվում է և նրան հնարավորություն կտրվի բացատրել իր վարքագիծը և պաշտպանվել: Նրան կթույլատրվի, մասնավորապես, կանչել վկաների և, եթե դա անհրաժեշտ է, դիմել բարձրորակ թարգմանչի ծառայություններին: Վճիռը պետք է հայտնվի ամբաստանյալ ռազմագերուն և վստահված անձին:

Ճամբարի պետը պետք է վարի նշանակված կարգապահական տույժերի ցուցակը: Այդ ցուցակը մատչելի կլինի հովանավոր տերության ներկայացուցիչներին` դրան ծանոթանալու համար:

հոդված 97.

Կարգապահական տույժերը կրելու համար ռազմագերիները ոչ մի հանգամանքներում չեն կարող տեղափոխվել ուղղիչ հիմնարկներ (բանտ, ուղղիչ հաստատություններ, տաժանակրության բանտեր և այլն):

Կարգապահական տույժեր կրելու համար բոլոր շենքերը պետք է համապատասխանեն 25 հոդվածում նախատեսված հիգիենայի պահանջներին: Պատիժը կրող ռազմագերիները պետք է 29 հոդվածին համապատասխան, հնարավորություն ունենան իրենց պահելու մաքուր վիճակում:

Սպաները և նրանց հավասարեցված անձինք չպետք է պահվեն ենթասպաների կամ շարքայինների հետ միևնույն շենքերում:

Կարգապահական տույժեր կրող ռազմագերի կանայք կպահվեն ռազմագերի տղամարդկանցից անջատ շենքերում և կգտնվեն կանանց անմիջական հսկողության ներքո:

հոդված 98.

Կալանքի ձևով կարգապահական տույժի ենթարկված ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն Կոնվենցիայի դրույթներից, բացի այն դրույթներից, որոնք նշված կալանքի կապակցությամբ հանդիսանում են չկիրարկվող: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի զրկել 78 և 126 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները չեն կարող զրկվել նրանց կոչմանը շնորհված առավելություններից:

Կարգապահական տույժերի ենթարկված ռազմագերիները հնարավորություն կունենան ամեն օր կատարել ֆիզիկական վարժություններ և առնվազն երկու ժամ գտնվել մաքուր օդում:

Նրանց կթույլատրվի, իրենց խնդրանքով, ներկայանալ ամենօրյա բժշկական քննության: Առողջական վիճակի բերումով նրանք կստանան հարկավոր բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կտեղավորվեն ճամբարի լազարեթում կամ հոսպիտալում:

Նրանց կթույլատրվի կարդալ և գրել, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ: Սակայն նրանց ծանրոցներ և դրամական փոխանցումներ տալը կարող է հետաձգվել մինչև պատիժը կրելու ավարտը: Այդպիսիք այդ ժամանակվա ընթացքում կտրվեն վստահված անձին, որը լազարեթ կհանձնի ծանրոցներում պարունակված շուտ փչացող մթերքները:

դատական հետապնդությունը

հոդված 99.

Ոչ մի ռազմագերի չի կարող դատի տրվել կամ դատապարտվել այնպիսի արարքի համար, որը պատժելի չէ գերության մեջ պահող տերության օրենսդրությամբ կամ արարքը թույլ տալու պահին գործող միջազգային իրավունքով:

Ռազմագերու վրա ոչ մի բարոյական կամ ֆիզիկական ճնշում չի կարող գործադրվել այն բանի համար, որպեսզի ստիպեն նրան իրեն մեղավոր ճանաչել այն արարքի մեջ, որում նրան մեղադրում են:

Ոչ մի ռազմագերի չի կարող դատապարտվել, եթե նա հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու և եթե նրա համար չի տրամադրվի բարձրորակ պաշտպան:

հոդված 100.

Հենց որ դա հնարավոր լինի, ռազմագերիները և հովանավոր տերությունները տեղյակ են պահվում այն իրավախախտումների մասին, որոնք գերության մեջ պահող տերության օրենքներով պատժվում են մահապատժի ենթարկելով:

Հետագայում ոչ մի այլ իրավախախտման համար չի կարող մահապատիժ նշանակվել առանց այն տերության համաձայնության, որին պատկանում են ռազմագերիները:

Ռազմագերուն մահապատժի վճիռ կարող է սահմանվել այն դեպքում, եթե 87 հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան, դատարանի ուշադրությունը հատուկ հրավիրվել է այն փաստի վրա, որ, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում գերության մեջ պահող տերության քաղաքացի, նա կապված չէ այդ տերության նկատմամբ հավատարմության պարտքով և որ նա դրա իշխանության տակ է գտնվում իր կամքից անկախ հանգամանքների հետևանքով:

հոդված 101.

Ռազմագերուն մահվան դատավճիռ կայացնելու դեպքում այդ դատավճիռն ի կատար է ածվում ոչ ավելի վաղ, քան իր նշած հասցեով 107 հոդվածում նախատեսված մանրամասն հաղորդումը հովանավոր տերության կողմից ստացվելու օրից սկսած վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

հոդված 102.

Ռազմագերու նկատմամբ դատավճիռը օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե այն կայացվում է այն նույն դատարանների կողմից և այն նույն կարգով, ինչպիսիք սահմանված են գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձանց համար և, դրանից բացի, սույն գլխի որոշումները պահպանելու պայմանով:

հոդված 103.

Ռազմագերու նկատմամբ ամեն մի դատական հետաքննություն պետք է վարվի այնպիսի արագությամբ, որը միայն թույլ են տալիս հանգամանքները և այնպես, որպեսզի դատական գործընթացն սկսվի որքան հնարավոր է շուտ: Ոչ մի ռազմագերի չպետք է պահվի նախնական կալանքի մեջ, եթե միայն այդպիսի միջոցը կիրառելի չէ համանման իրավախախտումների համար գերության մեջ պահող տերության զինված ուժերի անձնակազմի նկատմամբ, և եթե դա չեն պահանջում պետական անվտանգության շահերը: Ոչ մի դեպքում այդ կալանքը չպետք է գերազանցի եռամսյա ժամկետը: Ռազմագերու նախնական կալանքի ժամկետը պետք է հաշվարկվի ազատազրկման այն ժամկետի մեջ, որին նա կդատապարտվի, և պատժաչափը որոշելիս պետք է ուշադրության առնվի:

Նախնական կալանքի մեջ գտնվող ռազմագերիները կշարունակեն օգտվել սույն գլխի 97 և 98 հոդվածների դրույթներից:

հոդված 104.

Բոլոր դեպքերում, երբ գերության մեջ պահող տերությունը դատական հետապնդում է հարուցում ռազմագերու նկատմամբ, այդ մասին նա հովանավոր տերությանը հայտնում է որքան կարելի է շուտ, բայց ոչ ուշ, քան դատարանում գործի ունկնդրումն սկսելուց երեք շաբաթ առաջ: Երեք շաբաթվա ժամկետն սկսվում է հովանավոր տերության կողմից այդ ծանուցումը ստանալու պահից այն հասցեով, ուր նրա կողմից նախապես նշվում է գերության մեջ պահող տերությանը:

Այդ ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1/ Ռազմագերու ազգանունը և անունը, նրա կոչումը, նրա անձնական համարը, ծննդյան թիվը, նրա մասնագիտությունը, եթե այդպիսին կա,

2/ ներկալման կամ կալանման տեղը,

3/ մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը` նշելով, թե դրանք օրենքի որ հոդվածների կիրառմանն են ենթակա,

4/ այն դատարանի անվանումը, որը պետք է քննության առնի գործը` նշելով գործը լսելու նախատեսված տեղը և տարեթիվը:

Գերության մեջ պահող տերության կողմից նույնպիսի ծանուցում է ուղարկվում ռազմագերու վստահված անձին:

Եթե գործը լսելու սկզբին չստացվի ապացույց, որ հովանավորի տերությունը, ռազմագերին և շահագրգիռ վստահված անձը ստացել են վերը նշված ծանուցումը առնվազն գործը լսելուց երեք շաբաթ առաջ, ապա գործի լսումը չի կարող տեղի ունենալ և պետք է հետաձգվի:

հոդված 105.

Ռազմագերուն իրավունք է տրվում օգտվել գերիների միջավայրից իր ընկերներից մեկի օգնությունից, ունենալ բարձրորակ փաստաբան` իր ընտրությամբ, պահանջել դատարան կանչել վկաների և, եթե նա դա անհրաժեշտ է համարում, դիմել բանիմաց թարգմանչի ծառայություններին: Իր այդ իրավունքի մասին նախապես, մինչև գործը լսելու սկիզբը, նա տեղյակ է պահվում գերության մեջ պահող տերության կողմից:

Եթե ռազմագերին իր համար չի ընտրում պաշտպան, հովանավոր տերությունը նրան կտրամադրի այդպիսի անձ, դրա համար ունենալով մեկ շաբաթից ոչ պակաս ժամկետ: Հովանավոր տերության խնդրանքով գերության մեջ պահող տերությունը նրան կներկայացնի պաշտպանությունը ապահովելու կարող որակյալ անձանց ցուցակը: Այն դեպքում, երբ ոչ ռազմագերին, ոչ հովանավոր տերությունը չընտրեն պաշտպան, ապա մեղադրյալին պաշտպանելու համար գերության մեջ պահող տերությունը կնշանակի որակյալ փաստաբանի:

Պաշտպանն իր տրամադրության տակ կունենա մինչև գործը լսելու սկիզբը ոչ պակաս, քան երկու շաբաթ` մեղադրյալի պաշտպանությանը նախապատրաստվելու համար, հավասարապես և դրա համար բոլոր հնարավորությունները, մասնավորապես, նա իրավունք կունենա ազատորեն այցելել մեղադրյալին և նրա հետ խոսել առանց վկաների: Նա նաև կարող է խորհրդակցել պաշտպանության ցանկացած վկայի հետ, ներառյալ ռազմագերիները: Նա այդպիսի հնարավորություններ կունենա մինչև դատավճռի գանգատարկման ժամկետի ավարտը:

Մինչև դատական նիստի բացման օրը բավականին տևական ժամանակի ընթացքում մեղադրյալը կստանա նրա համար հասկանալի լեզվով շարադրված մեղադրական եզրակացությունը, ինչպես նաև գերության մեջ պահող տերության զինված ուժերում գործող օրենքների համաձայն սովորաբար մեղադրյալին հաղորդվող փաստաթղթերը: Այդ նույն հանգամանքներում նման փաստաթղթերը պետք է հանձնվեն նրա պաշտպանին:

Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք կունենան ներկա լինել դատական նիստերին, բացի այն դեպքերից, երբ այդ նիստերը, որպես բացառություն, պետք է տեղի ունենան դռնփակ ի շահ պետական անվտանգության: Այդ դեպքերում գերության մեջ պահող տերությունն այդ մասին հայտնում է հովանավոր տերությանը:

հոդված 106.

Յուրաքանչյուր ռազմագերի իրավունք կունենա նաև նրա նկատմամբ կայացված դատավճիռը վճռափոխության կամ վճռաբեկման գանգատ ներկայացնել կամ խնդրել վերանայելու գործը, իրավունք, որն ունեն գերության մեջ պահվող տերության զինված ուժերի կազմին պատկանող անձինք: Նա պետք է լրիվ տեղեկություն ունենա գանգատարկման իր իրավունքի մասին և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա այդ կարող է անել:

հոդված 107.

Որևէ ռազմագերու նկատմամբ կայացված ամեն մի դատավճռի մասին պետք է տեղյակ պահվի հովանավոր տերությանը` համառոտ հաղորդման ձևով, որտեղ նաև նշվում է, թե ռազմագերին իրավունք ունիև վճռափոխության կամ վճռաբեկության գանգատ ներկայացնել կամ խնդրել գործը վերանայելու: Այդպիսի հաղորդումը պետք է հանձնվի համապատասխան վստահված անձին: Այդ հաղորդումը հավասարապես կհանձնվի ռազմագերուն նրա համար հասկանալի լեզվով, եթե դատավճիռը կայացվել է նրա բացակայությամբ: Դրանից բացի, գերության մեջ պահող տերությունն անմիջապես կհայտնի հովանավոր տերությանը գանգատարկման իր իրավունքներից օգտվելու կամ դրանցից չօգտվելու ռազմագերու որոշման մասին:

Դրանից բացի, այն դեպքում, եթե դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ և, եթե խոսքը մահվան դատավճռի մասին է, որը կայացվել է առաջին ատյանի դատարանում, ապա գերության մեջ պահող տերությունը որքան հնարավոր է արագ հովանավոր տերությանը կուղարկի ծանուցում, որը կբովանդակի.

1/ դատավճռի ճշգրիտ տեքստը.

2/ համառոտ հաշվետվություն նախաքննության մասին և դատավարության մասին, որտեղ առանձնապես կընդգծվեն մեղադրանքի և պաշտպանության մոմենտները.

3/ համապատասխան դեպքում նշելով այն տեղը, որտեղ պատիժը ի կատար կածվի:

Նախորդ պարբերություններում նախատեսված հաղորդումները հովանավոր տերությանն են ուղարկվում այն հասցեով, որը նրա կողմից ցույց է տրված գերության մեջ պահող տերությանը:

հոդված 108.

Ռազմագերիները դատավճռով ուժի մեջ մտած իրենց պատիժները կկրեն միևնույն հիմնարկներում և միևնույն պայմաններում, ինչպես որ գերության մեջ պահող տերության զինված ուժերի կազմի անձինք: Այդ պայմանները, համենայն դեպս պետք է համապատասխանեն հիգիենայի և մարդասիրության պահանջներին:

Կին ռազմագերին, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, պետք է բանտարկվի առանձին շենքում և գտնվի կանանց անձնակազմի հսկողության ներքո:

Ցանկացած դեպքում ազատազրկման պատժի դատապարտված ռազմագերիները մնում են սույն Կոնվենցիայի 78 և 126 հոդվածների դրույթների պաշտպանության տակ: Դրանից բացի, նրանց կթույլատրվի ստանալ և ուղարկել նամակներ, ստանալ ամիսը ոչ պակաս մեկ ծանրոց, կանոնավոր զբոսնել բաց օդում, նրանք նաև կստանան բժշկական օգնություն, որը կպահանջի նրանց առողջական վիճակը, և հոգևոր օգնություն, որ նրանք կցանկանան ունենալ: Պատիժները, որ նրանց նկատմամբ կնշանակվեն, պետք է համապատասխանեն 87 հոդվածի երրորդ պարբերության դրույթներին:

բաժին 4

գերության վերջը

մաս 1

անմիջական հայրենադարձությունը եվ հոսպիտալացումը չեզոք երկրում

հոդված 109.

Բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նախատեսված դեպքերի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր կլինեն հաջորդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան հայրենիք ուղարկել ծանր հիվանդ և ծանր վիրավոր ռազմագերիներին` անկախ նրանց կոչումից և քանակից, այն բանից հետո, երբ նրանք կհասցվեն այնպիսի վիճակի, որը թույլ կտա նրանց տեղափոխումը:

Ռազմական գործողությունների ժամանակ կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը` համապատասխան չեզոք տերությունների աջակցությամբ, կձգտեն կազմակերպել հաջորդ հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված վիրավոր և հիվանդ ռազմագերիների հոսպիտալացումը չեզոք երկրներում: Դրանից բացի, նրանք կարող են կնքել համաձայնագրեր հայրենադարձության և երկար ժամանակ գերության մեջ գտնվող առողջ ռազմագերիներին չեզոք երկրում ներկալելու մասին:

Սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հայրենադարձման նշանակված ոչ մի վիրավոր կամ հիվանդ ռազմագերի ռազմական գործողությունների ընթացքում չի կարող հայրենադարձվել հակառակ իր կամքի:

հոդված 110.

Անմիջական հայրենադարձման են ենթակա.

1/ այն անբուժելի վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի խիստ նվազել են,

2/ այն վիրավորները և հիվանդները, որոնք բժիշկների կանխատեսմամբ չեն կարող ապաքինվել մեկ տարվա ընթացքում, որոնց վիճակը խնամք է պահանջում, իսկ մտավոր կամ ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ նվազել են,

3/ այն ապաքինված վիրավորներն ու հիվանդները, որոնց մտավոր և ֆիզիկական ունակությունները, ըստ ամենայնի, խիստ կամ ընդմիշտ նվազել են.

Չեզոք երկրում կարող են հոսպիտալացվել.

1/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնց ապաքինումը կարող է տեղի ունենալ վիրավորման օրից կամ հիվանդանալու սկզբից մեկ տարվա ընթացքում, եթե բուժումը չեզոք երկրում հնարավորություն է տալիս ակնկալելու հավանական և առավել արագ ապաքինում,

2/ այն ռազմագերիները, որոնց ֆիզիկական կամ հոգեկան վիճակի համար գերության մեջ հետագա գտնվելը բժիշկների կարծիքով լուրջ սպառնալիք է ներկայացնում և որոնց այդ վտանգից կարող է փրկել հոսպիտալացումը չեզոք երկրում:

Պայմանները, որոնց նրանց հայրենադարձության համար պետք է համապատասխանեն չեզոք երկրում հոսպիտալացված ռազմագերիները, նույնպես, ինչպես և նրանց կարգավիճակը, կսահմանվեն շահագրգիռ տերությունների միջև համաձայնագրով: Սովորաբար կհայրենադարձվեն չեզոք երկրում հոսպիտալացված այն ռազմագերիները, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներին.

1/ նրանք, որոնց առողջական վիճակն այնպես է վատթարացել, որ այդ վիճակը համապատասխանում է անմիջական հայրենադարձության պայմաններին:

2/ նրանք, որոնց մտավոր կամ ֆիզիկական ունակություններն անգամ բուժվելուց հետո մնացել են զգալիորեն նվազ:

Կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև անմիջական հայրենադարձություն կամ չեզոք երկրում հոսպիտալացում առաջ բերող հաշմանդամության կամ հիվանդացումների դեպքերը սահմանող հատուկ համաձայնագրեր չլինելիս, այդ դեպքերը կսահմանվեն համաձայն այն սկզբունքների, որոնք շարադրված են վիրավոր և հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձության և չեզոք երկրում հոսպիտալացման մասին տիպարային համաձայնագրերի մեջ և սույն Կոնվենցիային առընթեր բժշկական խառը հանձնաժողովների մասին կանոնադրության մեջ:

հոդված 111.

Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, ինչպես նաև չեզոք տերությունը, որի վերաբերմամբ պայմանավորվել են այդ երկու տերությունները, կձգտեն կնքել համաձայնագրեր, որոնք մինչև ռազմական գործողությունների ավարտը ռազմագերիներին այդ չեզոք տերության տարածքը ներկալելու հնարավորություն կտան:

հոդված 112.

Կոնֆլիկտի սկզբից պետք է նշանակվեն խառը բժշկական հանձնաժողովներ հիվանդ և վիրավոր ռազմագերիների բուժաքննման համար և նրանց մասին բոլոր անհրաժեշտ վճիռներն ընդունելու համար: Այդ հանձնաժողովների նպատակը, պարտականությունները և գործունեությունը պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիային առընթեր հավելվածին:

Սակայն այն ռազմագերիները, որոնք գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կարծիքով ակներևաբար հանդիսանում են ծանր վիրավորներ և ծանր հիվանդներ, կարող են հայրենադարձվել առանց խառը բժշկական հանձնաժողովի պարտադիր բուժքննության:

հոդված 113.

Բացի գերության մեջ պահող տերության բժշկական իշխանությունների կողմից նշանակված ռազմագերիների, իրավունք կունենան նախորդ հոդվածով նախատեսված խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ ներքոհիշյալ կատեգորիաներին պատկանող վիրավորները կամ հիվանդները.

1/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվել են ճամբարում աշխատող հայրենակից բժշկի կողմից կամ այն բժշկի կողմից, որը հանդիսանում է կոնֆլիկտի մեջ գտնվող տերության` այն տերության դաշնակցի քաղաքացին, որին նրանք պատկանում են,

2/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են նրանց վստահված անձի կողմից,

3/ այն վիրավորներն ու հիվանդները, որոնք առաջարկվում են այն տերության կողմից, որին նրանք պատկանում են, կամ առաջարկվում են այդ տերության կողմից ճանաչված գերիներին օգնություն ցույց տվող կազմակերպության կողմից: Ռազմագերիները, որոնք չեն պատկանում վերը նշված կատեգորիաներից և ոչ մեկին, այնուամենայնիվ, կարող են խառը բժշկական հանձնաժողովների բուժքննությանը ներկայանալ, բայց նրանք այդ բուժքննությունն անցնում են վերը նշված կատեգորիաների անձանցից հետո:

Խառը բժշկական հանձնաժողովի բուժքննությանը ենթարկված ռազմագերիների հայրենակից բժիշկը և նրանց վստահված անձը իրավունք ունեն ներկա գտնվել այդ բուժքննությանը:

հոդված 114.

Հայրենադարձման կամ չեզոք երկրում հոսպիտալացման վերաբերմամբ սույն Կոնվենցիայի գործողության տակ են ընկնում այն ռազմագերիները, որոնք դարձել են դժբախտ պատահարների զոհեր, բացառությամբ կանխամտածված անդամախեղման դեպքերի:

հոդված 115.

Հայրենադարձման համար կամ չեզոք երկրում հոսպիտալացման համար նախատեսված պայմանները բավարարող ոչ մի ռազմագերի, որի վրա դրված է կարգապահական տույժ, չի կարող կալանված պահվել այն հիման վրա, որ նա դեռ չի կրել իր պատիժը:

Այն ռազմագերիները, որոնք գտնվում են հետաքննության տակ կամ դատարանով դատապարտված են, որոնք նախատեսվում են հայրենադարձման կամ չեզոք գոտում հոսպիտալացման համար, գերության մեջ պահող տերության համապատասխան համաձայնության դեպքում, կարող են հայրենադարձվել կամ հոսպիտալացվել մինչև պրոցեսի կամ նրանց կողմից պատիժը կրելու ավարտը:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհաղորդեն մինչև գործի քննության ավարտը կամ պատժի կրումը պահվող անձանց ազգանունները:

հոդված 116.

Ռազմագերիների հայրենադարձման կամ չեզոք երկիր նրանց փոխադրման ծախսերը, սկսած գերության մեջ պահող տերության սահմանից, կրում է այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները:

հոդված 117.

Ոչ մի հայրենադարձված չի կարող օգտագործվել իսկական զինվորական ծառայության մեջ:

մաս 2

ռազմագերիների ազատումը եվ հայրենադարձությունը ռազմական գործողությունների ավարտից հետո

հոդված 118.

Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:

Այդ հարցի առթիվ որոշումների բացակայության դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի միջև կնքված համաձայնագրի մեջ, կամ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը կկազմի և անհապաղ կկատարի հայրենադարձման պլան` նախորդ պարբերության մեջ շարադրված սկզբունքի համաձայն:

Այս կամ այն դեպքում ձեռնարկված միջոցառումների մասին կհայտնվի ռազմագերիներին:

Բոլոր դեպքերում ռազմագերիների հայրենադարձման ծախսերը արդարացիորեն կբաշխվեն գերության մեջ պահող տերության և այն տերության միջև, որին պատկանում են ռազմագերիները: Այդ նպատակով բաշխելիս կպահպանվեն հետևյալ սկզբունքները.

a/ եթե այդ երկու տերությունները սահմանակից տերություններ են, ապա այն տերության վրա, որին պատկանում են ռազմագերիները, կդրվեն ռազմագերիների հայրենադարձման ծախսերը` սկսած գերության մեջ պահող տերության սահմանից.

b/ եթե այդ երկու տերությունները սահմանակից տերություններ չեն, ապա գերության մեջ պահող տերության վրա կդրվեն մինչև սահմանը նրա տարածքում կամ մինչև այն տերության տարածքին ամենամերձակա առաքման հանգրվանը ռազմագերիների փոխադրման ծախսերը, որին պատկանում են նրանք: Հայրենադարձման հետ կապված մնացյալ ծախսերի վերաբերմամբ շահագրգիռ կողմերը կպայմանավորվեն միմյանց միջև արդարացի բաշխման մասին: Նման համաձայնագրի կնքումը ոչ մի դեպքում չի կարող ծառայել որպես արդարացում ռազմագերիների հայրենադարձման որևէ ուշացման համար:

հոդված 119.

Հայրենադարձումը կանցկացվի ռազմագերիների տեղափոխման համար սույն Կոնվենցիայի 46-48 հոդվածներում սահմանված պայմաններին համանման և 118 հոդվածի ու ներքոհիշյալ պարբերությունների դրույթների հաշվառմամբ.

Հայրենադարձվելիս, 18 հոդվածին համապատասխան ռազմագերիներից վերցված արժեքավոր իրերը և արտասահմանյան վալյուտայով այն դրամական գումարները, որոնք չեն փոխարկվել գերության մեջ պահող տերության վալյուտայով, կվերադարձվեն նրանց: Արժեքավոր իրերը և արտասահմանյան վալյուտայով դրամական գումարները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն վերադարձվել ռազմագերիներին նրանց հայրենադարձման ժամանակ, կհանձնվեն 122 հոդվածում նախատեսված տեղեկատու բյուրո:

Ռազմագերիներին կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և նրանց հասցեով ստացված ծանրոցները, այդ իրերի քաշը, եթե հայրենադարձման հանգամանքները դա պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափերը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, համենայն դեպս, յուրաքանչյուր ռազմագերու կթույլատրվի իր հետ վերցնել ոչ պակաս, քան 25 կիլոգրամ:

Հայրենադարձվող ռազմագերու մյուս անձնական իրերը կթողնվեն ի պահ գերության մեջ պահող տերության. այդ տերությունը դրանք կուղարկի նրան, հենց որ այն տերության հետ, որին ռազմագերիները պատկանում են, կնքի համաձայնագիր, որը սահմանում է այդ փոխադրման պայմանները և դրա հետ կապված ծախսերի վճարը:

Ռազմագերիները, որոնց դեմ քրեական հետաքննություն է հարուցված քրեական հանցագործությունների համար, կարող են պահվել մինչև դատավարության ավարտը կամ համապատասխան դեպքերում` մինչև նրանց պատիժը կրելը: Այդ նույն դրույթը կիրառվում է և այն ռազմագերիների վերաբերմամբ, որոնք դատապարտված են քրեական հանցագործությունների համար:

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը միմյանց կհայտնեն այն անձանց ազգանունները, որոնք ետ կպահվեն մինչև դատավարության ավարտը կամ նրանց կողմից պատժի կրումը: Երկրով մեկ ցրված ռազմագերիների որոնման և կարճագույն ժամկետում նրանց հայրենադարձման ապահովման նպատակով կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կպայմանավորվեն հանձնաժողով ստեղծելու մասին:

մաս 3

ռազմագերիների մահը

հոդված 120.

Ռազմագերիների կտակները կկազմվեն այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն վավերական լինելու այն պայմաններին, որոնք պահանջվում են օրենսդրությամբ նրանց հայրենիքի, որը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները գերության մեջ պահող տերությանն այդ պայմաններին տեղյակ պահելու համար: Ռազմագերիների խնդրանքով և բոլոր դեպքերում նրանց մահից հետո կտակներն առանց ուշացվելու կտրվեն հովանավոր տերությանը և հաստատված պատճենները կուղարկվեն կենտրոնական տեղեկատու գործակալություն:

Մահվան մասին սույն Կոնվենցիային կցված ձևով կազմված ակտերը կամ գերության մեջ մահացած բոլոր այն անձանց մասին ցուցակները` հաստատված համապատասխան սպայի կողմից, որքան հնարավոր է արագորեն կհանձնվեն 122 հոդվածին համապատասխան ստեղծված ռազմագերիների գործերի տեղեկատու բյուրո: Մահվան ակտերում կամ հաստատված ցուցակներում պետք է բովանդակվեն ռազմագերու անձին վերաբերող մանրամասներ, որոնք նշված են 17 հոդվածի երրորդ պարբերության մեջ, ինչպես նաև մահվան ժամանակը և տեղը, մահվան պատճառը, թաղման ժամանակը և տեղը և գերեզմանները ճանաչելու բոլոր անհրաժեշտ տվյալները:

Ռազմագերու թաղմանը կամ հրկիզմանը պետք է նախորդի դիակի բժշկական զննումը, որ կատարվում է մահը հաստատելու նպատակով և ակտ կազմելու համար, ինչպես նաև, եթե դա անհրաժեշտ է մահացածի ինքնությունը հաստատելու համար:

Գերության մեջ պահող իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի գերության մեջ վախճանված ռազմագերիները թաղվեն պատվով և, եթե հնարավոր է, այն կրոնի արարողությանը համապատասխան, որին նրանք պատկանում են, որպեսզի մահացածների գերեզմանները հարգվեն, պահվեն կարգին վիճակում և նշվեն այն ձևով, որպեսզի մշտապես հնարավոր լինի դրանք գտնել: Բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, միևնույն տերությանը պատկանող մահացած ռազմագերիները պետք է հողին հանձնվեն միևնույն տեղում:

Մահացած ռազմագերիների թաղումը պետք է կատարվի առանձին գերեզմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի հանգամանքներն ստիպում են նրանց թաղել եղբայրական գերեզմանում: Դիակների հրկիզումը կարող է կատարվել միայն հիգիենայի անխուսափելի նկատառումներով կամ կրոնական դրդապատճառներով, կամ որոշակիորեն արտահայտված ցանկությամբ: Եթե կատարվի հրկիզում, ապա մահվան մասին վկայականի մեջ պետք է նշվի հրկիզման փաստի և դրա պատճառների մասին:

Որպեսզի մշտապես կարելի լինի գտնել գերեզմանները, թաղման և գերեզմանների մասին տվյալները պետք է գրանցվեն գերեզմանների ծառայության կողմից, որն ստեղծվում է գերության մեջ պահող տերության կողմից: Գերեզմանների ցուցակները և գերեզմանատներում ու այլ տեղերում թաղված ռազմագերիների մասին տվյալները կհաղորդվեն այն տերությանը, որին պատկանում են այդ ռազմագերիները: Այդ գերեզմանների խնամքի և դիակների հետագա բոլոր տեղափոխությունների գրանցման պատասխանատվությունն ընկնում է այն տերության վրա, որի հսկողության տակ է տվյալ տարածքը, եթե այդ տերությունը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից: Այդ դրույթները վերաբերում են նաև մոխրին, որը գերեզմանների ծառայության կողմից կպահպանվի մինչև այն ժամանակը, երբ այդ աճյունների ճակատագիրը կորոշվի ռազմագերիների հայրենիքի ցանկություններին համապատասխան:

հոդված 121.

Ռազմագերու մահվան կամ ծանր վիրավորման ամեն մի դեպքի առթիվ, որոնք պատճառվել են ժամապահի կողմից կամ կասկած են հարուցում, թե դրանք պատճառվել են վերջինիս կամ ուրիշ ռազմագերու կամ ցանկացած այլ անձի կողմից, ինչպես նաև անհայտ պատճառներով մահվան բոլոր դեպքերի առթիվ գերության մեջ պահող տերությունը պետք է անմիջապես սկսի պաշտոնական հետաքննություն:

Այդ մասին անմիջապես պետք է հաղորդում տրվի հովանավոր տերությանը: Պետք է ցուցմունքներ վերցվեն վկաներից, հատկապես` ռազմագերիներից, և վկաների ցուցմունքները պարունակող հաշվետվությունը պետք է ուղարկվի հովանավոր տերությանը:

Եթե քննության հետևանքով հաստատվի մեկ կամ մի քանի անձանց մեղավորությունը, ապա գերության մեջ պահող տերությունը կձեռնարկի բոլոր միջոցները դատի ենթարկելու մեղավորին կամ մեղավորներին:

բաժին 5

տեղեկատու բյուրոն եվ ռազմագերիների օգնության ընկերությունները

հոդված 122.

Կոնֆլիկտի հենց սկզբից և օկուպացման բոլոր դեպքերում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը կհիմնի իր իշխանության ներքո գտնվող ռազմագերիների գործերի պաշտոնական Տեղեկատու բյուրո. չեզոք և չպատերազմող տերությունները, որոնք իրենց տարածք կընդունեն 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին վերաբերող անձանց, նույն բանը կանեն այդ մարդկանց նկատմամբ: Շահագրգիռ տերությունը պետք է հետևի, որպեսզի ռազմագերիների գործերի Տեղեկատու բյուրոն ունենան անհրաժեշտ շենքեր, սարքավորումներ և անձնակազմ բյուրոյի գործունեության պայմանների ապահովման համար: Այդ տերությունն իրավունք կունենա այդ բյուրոյում օգտագործելու ռազմագերիներին այն պայմաններում, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի այն մասում, որը վերաբերում է ռազմագերիների աշխատանքին:

Հնարավոր կարճագույն ժամկետում կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրն իր տեղեկատու բյուրոյին կհաղորդի այն տեղեկությունները, որոնք թվարկված են սույն հոդվածի 4, 5 և 6 պարբերություններում, իր իշխանության տակ ընկած յուրաքանչյուր հակառակորդ այն անձի մասին, որը պատկանում է 4 հոդվածում նշված կատեգորիաներից մեկն ու մեկին: Չեզոք և չպատերազմող տերությունները նույն ձևով կվարվեն նաև նրանց կողմից իրենց տարածքն ընդունած այդ կատեգորիաների անձանց նկատմամբ:

Մի կողմից` հովանավոր տերությունների, և մյուս կողմից` 123 հոդվածով նախատեսված կենտրոնական գործակալության միջնորդությամբ, բյուրոն անմիջապես ամենաարագ եղանակով այդ տեղեկությունները կուղարկի շահագրգիռ տերություններին:

Այդ տեղեկությունները հնարավորություն կտան շտապ կարգով տեղեկացնել շահագրգիռ ընտանիքներին: Դրանցում յուրաքանչյուր ռազմագերու նկատմամբ, 17 հոդվածի դրույթների պահպանմամբ հանդերձ, պետք է նշվեն նրա ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը, ծննդյան տեղը և ճշգրիտ տարեթիվը, այն տերությունը, որին նա պատկանում է, հոր անունը և մոր աղջկական ազգանունը, այն անձի ազգանունը և հասցեն, որին պետք է տեղեկացվի, ինչպես նաև այն հասցեն, որով կարելի է գերյալին նամակ ուղարկել, եթե այդ տեղեկությունները կան Տեղեկատու բյուրոյի տրամադրության տակ:

Տեղեկատու բյուրոն համապատասխան իրավասու մարմիններից տեղեկություններ կստանա տեղափոխման, ազատման, հայրենադարձման, փախուստների, հոսպիտալացման, մահվան բոլոր դեպքերի մասին և, վերը 3 պարբերության մեջ նախատեսված կարգով դրանք կհաղորդի:

Նաև կանոնավոր կհաղորդվեն, եթե դա հնարավոր է ամեն շաբաթ, տեղեկություններ ծանր վիրավորված կամ հիվանդ ռազմագերիների առողջական վիճակի մասին:

Տեղեկատու բյուրոն պարտավոր կլինի նաև պատասխանել նրան ուղարկվող այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են ռազմագերիներին, ներառյալ նաև նրանց, ովքեր մահացել են գերության մեջ, ինչպես նաև կատարել հարցումներ, որոնք անհրաժեշտ են խնդրվող տեղեկությունների ստացման համար, որոնք բյուրոն չունի:

Բոլոր գրավոր հաղորդումները, որոնք ելնում են բյուրոյից, հաստատվում են ստորագրությամբ և կնիքով:

Դրանից բացի, տեղեկատու բյուրոն պարտավոր է հավաքել և շահագրգիռ տերություններին հանձնել բոլոր արժեքավոր անձնական իրերը, ներառյալ ցանկացած վալյուտայով դրամական գումարները, բացի գերության մեջ պահվող տերության վալյուտայի, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մերձակա հարազատների համար, որոնք ռազմագերիների կողմից մնացել են նրանց հայրենադարձման, ազատման, փախուստի կամ մահվան ժամանակ: Այդ իրերն ուղարկվում են բյուրոյի կողմից կնքված ծրարի մեջ` կցված փաստաթղթերով, որում պարզորոշ կնշվեն մանրամասն տվյալներ այդ իրերի անվանման մասին, ինչպես նաև ծրարում բովանդակված առարկաների ցուցակը: Այդպիսի ռազմագերիների մյուս անձնական իրերը կհանձնվեն կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի միջև կնքված համաձայնությամբ:

հոդված 123.

Ռազմագերիների գործերի կենտրոնական տեղեկատու գործակալություն կհիմնվի չեզոք երկրում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, եթե նա դա անհրաժեշտ գտնի, շահագրգիռ տերություններին կառաջարկի կազմակերպել նման գործակալություն:

Այդ գործակալության վրա կդրվի ռազմագերիներին վերաբերող բոլոր այն տեղեկությունների համակենտրոնացումը, որոնք նա կարող է ստանալ պաշտոնական կամ մասնավոր եղանակով, գործակալությունը պետք է դրանք, հնարավոր արագ ձևով, հաղորդի ռազմագերիների հայրենիք կամ այն տերությանը, որին նրանք պատկանում են: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը գործակալությանը կտրամադրեն նշված տեղեկությունների հանձնումն իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, դրանցից նրանք, որոնց քաղաքացիներն օգտվում են կենտրոնական գործակալության ծառայություններից, հրավիրվում են վերջինիս ցույց տալու ֆինանսական օգնություն, որի կարիքը նրանք կզգան:

Այս դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և 125 հոդվածում հիշատակված օգնության ընկերությունների մարդասիրական գործունեությունը սահմանափակող դրույթներ:

հոդված 124.

Ազգային տեղեկատու բյուրոները և կենտրոնական տեղեկատու բյուրոն ազատվում են փոստային գանձումների վճարից և օգտվում են 74 հոդվածում նախատեսված բոլոր արտոնություններից. նրանց նաև առավելագույն հնարավորության սահմաններում, տրվում է հեռագրից անվճար կամ, համենայն դեպս, խիստ նվազեցված սակագնով օգտվելու իրավունք:

հոդված 125.

Բացի այն դեպքերից, երբ գերության մեջ պահող տերությունները կկիրառեն միջոցներ, որոնք նրանք անհրաժեշտ կգտնեն իրենց անվտանգության ապահովման համար կամ այն բանի համար, որպեսզի բավարարեն իրենց այլ բնական կարիքները, կրոնական կազմակերպությունների, օգնության ընկերությունների կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող այլ կազմակերպության ներկայացուցիչները իրենց համար, ինչպես նաև իրենց հարկ եղած ձևով` հավատարմագրված լիազորների համար այդ տերությունների կողմից կստանան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ռազմագերիներին այցելելու, օգնության ծանրոցները և ցանկացած ծագման այն նյութերը նրանց միջև բաշխելու համար, որոնք նախատեսված են կրոնական և դաստիարակչական նպատակների համար, ինչպես նաև զբաղմունք ունենալու կամ այն բանի համար, որպեսզի ռազմագերիներին օգնություն ցույց տրվի ճամբարների ներսում իրենց ժամանցը կազմակերպելու համար: Վերը նշված ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են հիմնադրվել կամ գերության մեջ պահող տերության տարածքում, կամ այլ երկրում, կամ էլ դրանք կարող են ունենալ միջազգային բնույթ:

Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել ընկերությունների և կազմակերպությունների թիվը, որոնց ներկայացուցիչներին նա թույլ կտա աշխատել իր տարածքում և իր վերահսկողության ներքո, պայմանով, սակայն, որ նման սահմանափակումը չի խանգարի բոլոր ռազմագերիներին գործարար և բավարար օգնություն տրամադրելուն:

Այդ բնագավառում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հատուկ դրությունը պետք է մշտապես ճանաչվի և հարգվի:

Վերը նշված նպատակներով ռազմագերիների համար նախատեսված ծանրոցների կամ նյութերի հանձնման պահին, կամ, համենայնդեպս, կարճ ժամկետում, օգնության ընկերությանը կամ առաքած այլ կազմակերպությանը կուղարկվեն ռազմագերիների վստահված անձի կողմից ստորագրված առանձին ստացականներ` ամեն մի ծանրոցի համար:

Միաժամանակ, այն վարչական իշխանությունների կողմից, որոնց տրամադրության տակ են գտնվում գերիները, կներկայացվեն այդ բեռներին վերաբերող ստացականներ:

բաժին 6

Կոնվենցիայի կատարումը

մաս 1

ընդհանուր դրույթներ

Հոդված 126.

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելել բոլոր այն տեղերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես, ներկալման, կալանման և աշխատանքի վայրերը, և նրանք մուտք կունենան դեպի ռազմագերիների կողմից օգտագործվող բոլոր շենքերը, հավասարապես նրանց կթույլատրվի այցելել մի տեղից մյուս տեղ փոխադրվող գերիների փոխադրման, տարանցիկ ուղևորման կամ ժամանման վայրերը: Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ` թարգմանչի օգնությամբ, եթե դա անհրաժեշտ է:

Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրամադրվի այն տեղերը ընտրելու լրիվ ազատություն, որոնք նրանց կցանկանան այցելել. այդ այցելությունների տևողությունը և քանակը չեն սահմանափակվի: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:

Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել, կարող են համապատասխան դեպքերում պայմանավորվել այդ գերիների հարազատներին թույլ տալ մասնակցելու այդ այցելություններին:

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգտվում են նույնպիսի իրավունքներից: Այդ ներկայացուցիչների նշանակումը կախված է այն տերության համաձայնությունից, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել:

հոդված 127.

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի ժամանակ որքան հնարավոր է լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստը իրենց երկրներում և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել զինվորական և, եթե դա հնարավոր է, քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերի մեջ այն հաշվով, որ դրա սկզբունքներին ծանոթ լինեն նրանց բոլոր զինված ուժերը և ընդհանուր առմամբ` ամբողջ բնակչությունը:

Զինվորական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ կրում են պատասխանատվություն ռազմագերիների համար, պետք է ձեռքի տակ ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթանան դրա դրույթներին:

հոդված 128.

Բարձր Պայմանավորվող Կողմերը շվեյցարական դաշնակցային խորհրդի միջնորդությամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք Կոնվենցիայի կիրառման նպատակով նրանք կարող են ընդունել:

հոդված 129.

Բարձր Պայմանավորվող Կողմերն իրենց վրա պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, որոնք կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի` հաջորդ հոդվածում նշված այս կամ այն լուրջ խախտումները:

Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է գտնել այն անձանց, ովքեր մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից այս կամ այն խախտումը, ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը նաև կարող է, եթե նա այդ ցանկանա, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատավարության համար նրանց հանձնել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմին այն դեպքում, եթե այդ Պայմանավորվող Կողմն ունի ապացույցներ, որոնք հիմքեր են տալիս այդ անձանց մեղադրելու համար: Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր այլ գործողությունները խափանելու համար` հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից անկախ:

Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատարանական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան նրանք, որոնք նախատեսված են 105 հոդվածում և սույն Կոնվենցիայի հաջորդ հոդվածներում:

հոդված 130.

Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված գործողություններից որևէ մեկի հետ. այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են անձանց կամ ունեցվածքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը. կանխամտածված սպանությունը, խոշտանգումը կամ անմարդկային վարվելակերպը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, միտումնավոր կերպով ծանր տանջանք և լուրջ խեղում պատճառելը, առողջությանը վնաս հասցնելը, ռազմագերուն ստիպելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան զրկելը անաչառ և նորմալ դատավարության իրավունքից, որը նախատեսվում է սույն Կոնվենցիայով:

հոդված 131.

Ոչ մի Բարձր Պայմանավորվող Կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ դրվում է նրա կամ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի վրա` նախորդ հոդվածում նախատեսված խախտումների հետևանքով:

հոդված 132.

Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով Կոնվենցիայի խախտման ցանկացած պնդման մասին պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որ ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:

Քննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնության չհասնելու դեպքում կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են արբիտր, որը որոշում է ընթացակարգի հարցը:

Հենց որ խախտումը բացահայտվի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և միջոցներ կձեռնարկեն հնարավոր կարճ ժամկետում պատժելու դրա համար:

մաս 2

եզրափակիչ դրույթներ

հոդված 133.

Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:

Շվեյցարական դաշնակցային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:

հոդված 134.

Սույն Կոնվենցիան Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև հարաբերություններում փոխարինում է 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիան:

հոդված 135.

Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին հաագայի Կոնվենցիայով կապված տերությունների միջև հարաբերություններում, ինչպես որ 1899 թվականի հուլիսի 29-ի կամ 1907 թվականի հոկտեմբերի 13-ի Կոնվենցիան, և որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի մասնակիցներ, վերջինս լրացնում է վերոհիշյալ Հաագայի Կոնվենցիաներին կցված Ռեգլամենտի 2-րդ գլուխը:

հոդված 136.

Սույն Կոնվենցիան, թվարկված սույն թվով, կարող է մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը ստորագրվել տերությունների անունից, որոնք ներկայացված են այն կոնֆերանսում, որը բացվել է Ժնևում 1919 թվականի ապրիլի 21-ին, ինչպես նաև այն տերությունների կողմից, որոնք չեն ներկայացված այդ կոնֆերանսում, բայց մասնակցում են 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիային:

հոդված 137.

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորության սահմաններում արագորեն և վավերագրերը կհանձնվի ի պահ Բեռնում:

Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի միանալու մասին:

հոդված 138.

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագրեր կհանձնվեն ի պահ:

Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրը ի պահ տալուց վեց ամիս անց:

հոդված 139.

Ուժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց է դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:

հոդված 140.

Ամեն մի միանալու մասին գրավոր կհայտարարվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, և այդ միացումը ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այն ստանալու օրից վեց ամիս անց:

Միանալու մասին Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:

հոդված 141.

2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ հանձնված վավերացումները, ինչպես նաև այն միացումները, որոնց մասին հայտարարվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից մինչև ռազմական գործողությունները կամ օկուպացումը, կամ դրանցից հետո: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը ամենաարագ ձևով կհաղորդի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի անունից ստացված վավերացումների և միացումների մասին:

հոդված 142.

Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարելու սույն Կոնվենցիան:

Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր ձևով հայտնվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի Բարձր Պայմանավորվող բոլոր Կողմերի կառավարություններին:

Չեղյալ լինելն ուժի մեջ կմտնի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին արված հայտարարությունից հետո միայն մեկ տարի անց: Սակայն չեղյալ լինելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող պետությունը մասնակցել է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձման օպերացիաները:

Չեղյալ լինելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի ազդի այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են կատարել միջազգային իրավունքի բերումով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հասարակական խղճի հրամայականից:

հոդված 143.

Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհաղորդի նաև բոլոր այն վավերացումների, միացումների և չեղյալ լինելու մասին, որոնք նա կստանա այս Կոնվենցիայի կապակցությամբ:

Ի հավաստումն սույնի` ներքոստորագրյալները, ներկայացնելով համապատասխան լիազորություններ, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Արված է Ժնևում 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Դաշնության արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնության խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:

հավելված 1

տիպարային համաձայնագիր վիրավոր ԵՎ հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձման ԵՎ չեզոք երկրում հոսպիտալացման հարցի առթիվ
(տես հոդված 110)

1. Անմիջական հայրենադարձման և չեզոք երկրում հոսպիտալացման սկզբունքները

A. Անմիջական հայրենադարձումը

Անմիջական հայրենադարձման ենթակա են.

1. բոլոր ռազմագերիները, որոնք վնասվածության հետևանքով ստացել են հետևյալ խեղումները. մի վերջավորության կորուստ, կաթված, հոդերի հաշմություն և այլ հաշմություններ, պայմանով, որ դրանք իրենցից ներկայացնում են առնվազն մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորուստ, կամ դրանք հավասարազոր են մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորստի:

Ձեռքի կամ ոտքի կորստին հավասար կարող են համարվել հետևյալ դեպքերը (սա, սակայն, չի նշանակում, թե չի կարող տրվել այդ դեպքերի առավել լայն մեկնաբանում):

a/ ձեռքի, մեկ ձեռքի բոլոր մատների կամ ցուցամատի և մեծ մատի կորուստ, մեկ ոտքի կամ ոտքի բոլոր մատների և մեկ ոտքի ոտնաթաթի ոսկորների կորուստ.

b/ անկիլոզ, ոսկրային հյուսվածքի կորուստ, սպիի նեղացում, որը խախտում է մեկ ձեռքի մեծ հոդերից մեկի կամ մատների բոլոր հոդերի շարժումը.

c/ երկար ոսկորների ոլորված հոդ.

d/ խեղում, որ հանդիսանում է ջարդվածքի կամ այլ վնասվածքի հետևանք և ուղեկցվում է գործունեության կամ ծանրություն կրելու ընդունակության նվազեցմամբ:

2. Բոլոր վիրավոր ռազմագերիները, որոնց վիճակն ստացել է խրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով կանխատեսումից, առողջության վերականգնման հնարավորությունը մեկ տարվա ընթացքում` հաշված վիրավորվելու օրվանից, չնայած բուժմանը, հավանաբար, բացառվում է, ինչպես օրինակ, հետևյալ դեպքերում.

a/ արկի բեկորը սրտի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել ծանր խանգարումների առկայություն.

b/ մետաղե բեկորն ուղեղի կամ թոքերի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել տեղական կամ ընդհանուր ռեակցիայի առկայություն.

c/ ոսկրածուծի բորբոքում, որի բուժումը վիրավորվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում չի կարելի ակնկալել և որը, հավանաբար կհանգեցնի անդամահատման կամ ձեռքի և ոտքի կորստի հավասարազոր այլ վնասվածքների.

d/ վերքեր, որոնք ներթափանցում են հիվանդ հոդի մեջ և հարուցում դրա թարախակալումը.

e/ գանգի վնասվածքը` մաշկի բջիջների կորստով կամ տեղաշարժով հանդերձ.

f/ դեմքի վնասվածքը կամ այրվածքը` հյուսվածքի կորստով և ֆունկցիաների վնասվածքներով.

1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն

h/ ծայրամասերի ներվերի վնասվածքը, որի հետևանքները հավասարազոր են ձեռքի կամ ոտքի կորստին,

i/ ծայրամասային նյարդերի վնասվածքը, որոնց հետևանքները հավասարազոր են մեկ ձեռքի կամ ոտքի կորստի, և որի բուժումը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ` վիրավորվելուց հետո: Օրինակ, ուսի կամ գոտկատեղի-գավակոսկրի հյուսվածքի, միջնային կամ նստույքի նյարդի վնասվածքը, ինչպես նաև մեծոլոքային նյարդի վնասվածքը` նրբոլոքային նյարդի հետ մեկտեղ: Ճաճանչոսկրային և արմնկոսկրային, նրբոլոքային և մեծոլոքային ներվերի մեկուսացված վնասվածքի դեպքում վիրավորները ենթակա չեն հայրենադարձման, բացառությամբ կոնտրակտուրների կամ նյարդատրոֆիկ խանգարումների դեպքերի.

j/ միզապարատի վնասվածքը, որը լրջորեն խախտում է դրա գործունեությունը:

3. Բոլոր հիվանդ ռազմիկները, որոնց հիվանդությունն ընդունել է քրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով բժշկական կանխատեսումից, ապաքինման հնարավորությունը հիվանդացման սկզբից հաշված մեկ տարվա ընթացքում, չնայած բուժմանը, ըստ երևույթին, բացառվում է, ինչպես, օրինակ, հետևյալ դեպքերում.

a/ ցանկացած զարգացող պալարախտը, որը, դատելով բժշկական կանխատեսումից, չի կարող հանգեցնել ապաքինման կամ, համենայնդեպս, զգալի բարելավման` չեզոք երկրում բուժելիս.

b/ թոքամիզի արտածորական բորբոքում.

c/ շնչառական օրգանների ոչ պալարախտային բնույթի լուրջ հիվանդացումները, որոնք համարվում են անբուժելի ինչպես, օրինակ, թոքերի ծանր էմֆիզեման (բրոնխիտով կամ առանց դրա), քրոնիկական ասթման # , քրոնիկական բրոնխիտը#, որը գերության մեջ գտնվելու ժամանակ շարունակվում է մեկ տարուց ավելի, բրոնխոէքտազիան # և այլն.

d/ արյան շրջանառության օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, սրտի փականների և միոկարդի# վնասվածքները` դեկոմպենսացիայի նշաններով, որոնք հայտնաբերվել են գերության մեջ եղած ժամանակ, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը քննություն անցկացնելիս չի կարող ի հայտ բերել այդ նշաններից ոչ մեկը, պերիկարդի և անոթների վնասվածքները (Բյուրգերի հիվանդություն, խոշոր անոթների անեվրիզմներ) և այլն.

e/ մարսողական օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցը, գերության մեջ եղած ժամանակ ստամոքսի մասում կատարված վիրահատության հետևանքները, քրոնիկական գաստրիտը, էնտերիտը և կոլիտը, որոնք շարունակվում են տարուց ավելի և խստորեն վատթարացնում առողջական վիճակը, լյարդի ցիրոզային բորբոքումը, քրոնիկական խոլեցիստոպատիաները և այլն.

f/ միզասեռական օրգանների քրոնիկական ծանր վնասվածքները, օրինակ քրոնիկական նեֆրիտը` հետագա խանգարումներով. պալարախտով հիվանդ երիկամի հեռացումը, քրոնիկական պիելիտը կամ ցիստիտը, հիդրո և պիոնեֆրոզը, ծանր քրոնիկական գինեկոլոգիական հիվանդացումները, հղիության և դրա հետ կապված հիվանդագին երևույթներն. այն դեպքում, եթե հնարավոր չէ հոսպիտալացումը չեզոք երկրում և այլն.

__________________________

# Բժշկական խառը հանձնաժողովի որոշումը պետք է զգալի չափով հիմնվի ճամբարային բժիշկների և ռազմագերիների հայրենակից բժիշկների տվյալների և գերության մեջ պահվող տերության մասնագետ բժիշկների զննության վրա:

g/ կենտրոնական և ծայրամասային ներվային համակարգի ծանր քրոնիկական հիվանդացումները, օրինակ

h/ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի քրոնիկական ծանր հիվանդությունները` այսպես, ավելի բացահայտ արտահայտված հոգեգարությունը և պսիխոնևրոզները, այնպիսիք, ինչպիսիք են` ծանր հիստերիան, ծանր պսիխոնևրոզը` գերության մեջ գտնվելու հողի վրա, հարկ եղածին պես հայտնաբերված ճամբարի բժշկի կողմից, ուղեղի արտերիոսկլերոզը, տարուց ավելի շարունակվող քրոնիկական նևրիտը և այլն.

i/ վեգետատիվ նյարդային համակարգի ծանր քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ֆիզիկական և մտավոր ընդունակությունների զգալի նվազեցումով` քաշի նկատելի կորստի և ընդհանուր հյուծվածության զուգակցմամբ:

j/ երկու աչքերի կուրությունը կամ մեկ աչքի կուրությունը այն դեպքում, եթե մյուս աչքի տեսողությունը չի հասնում միավորի` չնայած կարգավորվող ակնոցների գործածությանը, տեսողության սրության նվազումը, որ հնարավոր չի վերականգնել մինչև 1/2 թեկուզ մեկ աչքում, աչքի մյուս լուրջ վնասվածքները, որոնցից են գլաուկոման, ակնածիածանի բորբոքումը, անոթավոր թաղանթի բորբոքումը, տրախոման և այլն.

k/ լսողության խանգարումը, ինչպես օրինակ, միակողմյան լիակատար խլությունը, եթե մյուս ականջը չի տարբերում մեկ մետր տարածությունից սովորական ձայնով արտասանված բառերը և այլն#

l/ նյութափոխանակության ծանր հիվանդությունները, ինչպես օրինակ, ինսուլինով բուժում պահանջող շաքարախտը և այլն.

m/ ներքին սեկրեցիայի գեղձերի ծանր հիվանդացումները, ինչպես օրինակ, տիրեոտոքսիկոզը, հիպոտիերոզը, ադիսոնի հիվանդությունը, սիմոնդսի կախեքսիան, տետուպիան և այլն.

n/ արյունաստեղծ օրգանների ծանր քրոնիկական հիվանդությունները.

օ/ քրոնիկական ծանր թունավորումները, արճճային թունավորումը, թունավորումը սնդիկից, մորֆինիզմը, կոկաինիզմը, ալկոհոլիզմը, թունավորումը գազերից կամ տարբեր ճառագայթների գործողության հետևանքով և այլն.

p/ շարժիչ օրգանների քրոնիկական խանգարումները` ֆունկցիաների պարզորոշ արտահայտված խախտումներով. օրինակ` ձևախեղող արտրոզները, քրոնիկական զարգացող պոլիարտրիտները, առաջնային և երկրորդական, ռևմատիզմը` կլինիկական ծանր երևույթներով և այլն:

q/ մաշկի քրոնիկական ծանր հիվանդացումները, որոնք բուժման չեն ենթարկվում.

r/ բոլոր չարորակ նորագոյացումները.

s/ քրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդությունները, որոնք հիվանդացման սկզբից հաշված տևում են մեկ տարի, ինչպես օրինակ, մալարիան` պարզորոշ արտահայտված օրգանական փոփոխություններով, ամյոբային կամ բացիլային դիզինտերիան` լուրջ խանգարումներով, երրորդ կարգի վիսցերալային սիֆիլիսը, որ ենթակա չէ բուժման, բորոտությունը և այլն.

t/ ծանր ավիտամինոզները և դիստրոֆիաները.

Հոսպիտալացումը չեզոք երկրում:

Չեզոք երկրում հոսպիտալացման համար կառաջարկվեն`

1. Բոլոր այն վիրավոր ռազմիկները, որոնք անբուժելի են գերության մեջ, բայց որոնք կարող են ապաքինվել, կամ որոնց վիճակը կարող է լրջորեն բարելավվել չեզոք երկրում հոսպիտալացվելիս:

2. Այն ռազմագերիները, որոնք տառապում են տուբերկուլյոզի ցանկացած ձևից, ինչպիսին էլ լինի վնասված օրգանը, բացառությամբ առաջին կարգի տուբերկուլյոզի, որը բուժվել է մինչև գերի վերցնելը, որոնց բուժումը չեզոք երկրում, ըստ երևույթին, պետք է որ հասցնի լրիվ ապաքինման կամ գոնե զգալի բարելավման:

3. Այն ռազմագերիները, որոնք տառապում են շնչառական, արյան շրջանառության, մարսողության, ներվային համակարգի օրգանների, զգայական, միզասեռական, մաշկային համակարգի օրգանների և շարժման օրգանների և այլնի` բուժում պահանջող ցանկացած հիվանդությամբ, որոնց բուժումը բացահայտորեն ավելի լավ արդյունք կտա չեզոք երկրում, քան գերության մեջ:

4. Այն ռազմագերիները, որոնք գերության մեջ կրել են երիկամի հեռացման վիրահատություն` ոչ տուբերկուլյոզային բնույթի վնասվածքի հետևանքով, տառապում են բուժման ստադիայում կամ թաքուն վիճակում գտնվող օստեոմիելիտով, ինսուլտով բուժում չպահանջող շաքարախտով և այլն:

5. Այն ռազմագերիները, որոնք տառապում են պատերազմի կամ գերության հարուցած նևրոզով:

Գերության հարուցած նևրոզով հիվանդները, չեզոք երկրում հոսպիտալացվելուց երեք ամիս հետո չեն առողջացել կամ բացահայտորեն չեն գտնվում ապաքինման ճանապարհին, այդ ժամկետը լրանալիս պետք է հայրենադարձվեն:

6. Քրոնիկական թունավորումով (գազերից, մետաղներից, ալկալոիդներից) տառապող բոլոր ռազմագերիները, որոնց վերաբերմամբ ապաքինման հեռանկարը չեզոք երկրում հատկապես նպաստավոր է:

7. Բոլոր հղի ռազմագերի կանայք, կրծքի երեխա և փոքր երեխա ունեցող մայրերը:

Չեզոք երկրում հոսպիտալացվելուց բացառվում են`

1. Քրոնիկական փսիխոզների` հարկ եղած ձևով հաստատված դեպքերը:

2. Ներվային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ հիվանդացումների այն դեպքերը, որոնք անբուժելի են ճանաչվել:

3. Ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր դեպքերը այն ժամանակաշրջանում, երբ դրանք վարակիչ են, բացառությամբ տուբերկուլյոզի:

2. Ընդհանուր նկատառումներ

1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն առհասարակ և ըստ հնարավորին կիրառվեն դրանց ամենալայն հասկացության ոգով:

Այդպես պետք է լինի մոտեցումը հատկապես պատերազմի կամ գերության մեջ գտնվելու հետևանքով առաջացած նյարդախտության կամ պսիխոզետիայի վիճակի նկատմամբ, ինչպես նաև բոլոր աստիճանների տուբերկուլյոզի դեպքում: այն ռազմագերիների նկատմամբ, որոնք ստացել են բազմաթիվ վերքեր, որոնցից առանձին վերցրած ոչ մեկը չի կարող հիմք ծառայել հայրենադարձման համար, պետք է կիրառվի նույն սկզբունքը, ուշադրության առնելով հոգեկան այն ցնցումները, որոնց հանգեցնում է վերքերի մեծ քանակը:

2. Բոլոր այն անվիճելի դեպքերը, որոնք անմիջական հայրենադարձման իրավունք են տալիս, ինչպես անդամահատությունն է, լրիվ կուրացումը և խլությունը, բաց թոքախտը, հոգեկան հիվանդությունը, չարորակ նորագոյացումները և այլն, քննության և ըստ հնարավորին հայրենադարձման նշանակման են ենթակա ճամբարի բժիշկների և գերության մեջ պահող տերության նշանակած զինվորական բժշկական հանձնաժողովների կողմից:

3. Մինչև պատերազմն ստացած վերքերը և հիվանդությունները, որոնց վիճակը չի բարելավվում, ինչպես նաև պատերազմի ժամանակ ստացած վերքերը, որոնք չեն խանգարել վերադառնալու զինվորական ծառայության, անմիջական հայրենադարձման իրավունք չեն տալիս:

4. Կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր պետությունները սույն որոշումները կմեկնաբանեն և կկիրառեն միատեսակ: Շահագրգիռ տերությունները և իշխանությունները խառը բժշկական հանձնաժողովներին կտրամադրեն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նրանց խնդիրները կատարելու համար:

5. 1-ին թվի տակ վերը նշված օրինակները հանդիսանում են միայն տիպարային օրինակներ: Այն դեպքերը, որոնք ոչ լրիվ են համապատասխանում այդ որոշումներին, պետք է քննության առնվեն սույն Կոնվենցիայի 110 հոդվածի որոշումների և սույն համաձայնագրերի սկզբունքների ոգով:

հավելված 2

կանոնադրություն բժշկական խառը հանձնաժողովների մասին
(տես հոդված 112)

հոդված 1.

Կոնվենցիայի 112 հոդվածում նախատեսված բժշկական հանձնաժողովները կկազմվեն երեք անդամներից, որոնցից երկուսը պետք է լինեն չեզոք երկրի քաղաքացիներ, իսկ երրորդը նշանակվում է գերության մեջ պահող տերության կողմից: Հանձնաժողովում կնախագահի վերը նշված երկու չեզոք անդամներից մեկը:

հոդված 2.

Երկու չեզոք անդամները նշանակվում են Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից` հովանավոր տերության հետ համաձայնեցնելով գերության մեջ պահող տերության խնդրանքով: Նրանք կարող են բնակվել ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ ուրիշ չեզոք երկրում կամ գերության մեջ պահող տերության տարածքում:

հոդված 3.

Չեզոք անդամների թեկնածությունները պետք է արժանանան կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի հավանությանը, որոնք իրենց համաձայնության մասին կհաղորդեն, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և հովանավոր տերությանը: Ծանուցման պահից այդ անձինք համարվում են հանձնաժողովի հիրավի նշանակված անդամներ:

հոդված 4.

Նաև կնշանակվի անդամների տեղակալների բավարար քանակ այն բանի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինվեն հանձնաժողովի իսկական անդամները: Այդ նշանակումը կատարվում է իսկական անդամների նշանակման հետ միաժամանակ, համենայն դեպս, դրանից հետո հնարավոր առավել կարճ ժամկետում:

Հոդված 5.

Եթե ինչ-որ նկատառումներով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն չկարողանա նշանակել չեզոք անդամներ, ապա նրանց նշանակումը կատարվում է հովանավոր տերության կողմից:

հոդված 6.

Որքան հնարավոր է չեզոք անդամներից մեկը պետք է լինի վիրաբույժ, իսկ մյուսը` թերապևտ:

հոդված 7.

Չեզոք անդամները պետք է լիովին անկախ լինեն կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից, որոնք պարտավոր են նրանց տրամադրել բոլոր հնարավորությունները իրենց առաքելությունը կատարելու համար:

հոդված 8.

Գերության մեջ պահող տերության հետ համաձայնեցնելով, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն սույն կանոնադրության 2 և 4 հոդվածներում նշված նշանակումները կատարելիս պետք է սահմանի շահագրգիռ անձանց ծառայության պայմանները:

հոդված 9.

Չեզոք անդամներին հավանություն տալուց անմիջապես հետո բժշկական հանձնաժողովը պետք է հնարավորին չափ արագորեն սկսի իր աշխատանքը և, համենայն դեպս, ոչ ավելի ուշ, քան այդ հավանությունից հետո երեք ամիս անց:

Հոդված 10.

Բժշկական խառը հանձնաժողովները կկատարեն Կոնվենցիայի 113 հոդվածում հիշատակված բոլոր գերիների քննությունը, և առաջարկություններ հայրենադարձության, հայրենադարձվողների թվից բացառելու մասին կամ մինչև մյուս քննությունը որոշումը հետաձգելու մասին: Որոշումները կընդունվեն ձայների մեծամասնությամբ:

հոդված 11.

Քննությանը հաջորդող ամսվա ընթացքում յուրաքանչյուր առանձին դեպքում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին պետք է հաղորդվի գերության մեջ պահող տերությանը, հովանավոր տերությանը և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին: Իր որոշման մասին բժշկական խառը հանձնաժողովը հաղորդում է նաև քննություն անցած յուրաքանչյուր ռազմագերու և սույն Կոնվենցիային կցված նմուշի նման վկայական է տալիս նրանց, ում նա առաջարկում է հայրենադարձնել:

Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է բժշկական խառը հանձնաժողովի որոշումները կատարել երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հանձնաժողովը պատշաճ ձևով դրանց մասին տեղյակ կպահի:

հոդված 12.

Եթե անհրաժեշտ է դառնում, որպեսզի բժշկական խառը հանձնաժողովն աշխատի որևէ երկրում, բայց այդ երկրում չկա չեզոք պետության քաղաքացի հանդիսացող ոչ մի բժիշկ և, եթե որևէ պատճառով հնարավորություն չկա այնտեղ նշանակել այլ երկրում բնակվող` չեզոք պետությունների քաղաքացիներ հանդիսացող բժիշկների, ապա գերության մեջ պահող տերությունը, գործելով հովանավոր տերության համաձայնությամբ, ինքն է ստեղծում բժշկական հանձնաժողով, որը կկատարի այդ նույն ֆունկցիաները, ինչ բժշկական խառը հանձնաժողովը, բայց դրա նկատմամբ չեն կիրառվի սույն հավելվածի 1, 2, 3, 4, 5 և 6 հոդվածների դրույթները:

հոդված 13.

Բժշկական խառը հանձնաժողովները կլինեն մշտապես գործող և կայցելեն յուրաքանչյուր ճամբար որոշակի ժամկետներում, բայց վեց ամիսը մեկ անգամից ոչ պակաս:

հավելված 3

ռազմագերիների օգնության կոլեկտիվ ծանրոցներին վերաբերող կանոնները
(տես հոդված 73)

հոդված 1.

Վստահված անձանց կթույլատրվի իրենց տրամադրության տակ եղած օգնության կոլեկտիվ ծանրոցները բաշխել իրենց ճամբարում գրանցված բոլոր գերիների մեջ, նրանց թվում նաև նրանց, ովքեր գտնվում են հոսպիտալներում, ինչպես նաև բանտերում և մյուս ուղղիչ հիմնարկներում:

հոդված 2.

Օգնության կոլեկտիվ ծանրոցների բաշխումը կկատարվի նվիրատուների ցուցումների համաձայն և վստահված անձանց կողմից մշակված պլանին համապատասխան, սակայն նախընտրելի է, որ բժշկական նյութերով ծանրոցների բաշխումը կատարվի համաձայնեցնելով գլխավոր բժիշկների հետ, հոսպիտալներում և լազարեթներում վերջիններս կարող են շեղվել վերը նշված ցուցումներից այնչափ, որչափ որ դա թելադրում են նրանց հիվանդների պահանջմունքները: Այս ձևով սահմանված շրջանակներում այդ բաշխումը պետք է մշտապես կատարվի արդարացիորեն:

հոդված 3.

Որպեսզի վստահված անձինք հնարավորություն ունենան ստուգել ստացված բեռների որակը և քանակը և այդ հարցի առթիվ զեկույցներ կազմեն նվիրատուների համար, նրանց կամ նրանց տեղակալներին կթույլատրվի մեկնել օգնության ծանրոցների ստացման իրենց ճամբարին մոտակա կետերը:

հոդված 4.

Վստահված անձանց անհրաժեշտ հնարավորություններ կտրամադրվեն այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ օգնության կոլեկտիվ բեռների բաշխումը իրենց ճամբարի բոլոր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում կատարվել է իրենց ցուցումներին համապատասխան:

հոդված 5.

Վստահված անձանց կթույլատրվի լրացնել նվիրատուների համար նախատեսված բլանկները և անկետաները, որոնք վերաբերում են օգնության կոլեկտիվ բեռների (բաշխում, պահանջմունք, քանակ և այլն), ինչպես նաև այդ բլանկները և անկետաները հանձնարարել լրացնելու աշխատանքային խմբերի վստահված անձանց կամ լազարեթների և հոսպիտալների գլխավոր բժիշկներին: Պատշաճ կարգով լրացված այդ բլանկները և անկետաները առանց ուշացման կհանձնվեն նվիրատուներին:

հոդված 6.

Իրենց ճամբարի ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները կանոնավոր բաշխելու և պահանջմունքները բավարարելու համար, որոնք կարող են ծագել ռազմագերիների նոր քանակակազմեր ժամանելու կապակցությամբ, վստահված անձանց կթույլատրվի ստեղծել և պահել օգնության կոլեկտիվ բեռների բավարար պահուստ: Այդ նպատակի համար նրանք կունենան համապատասխան պահեստներ, ամեն մի պահեստ կկողպվի երկու փականքով, ընդսմին մի փականքի բանալիները կլինեն վստահված անձի մոտ, մյուս փականքինը` ճամբարի պետի մոտ:

հոդված 7.

Որպես կոլեկտիվ օգնություն հագուստ ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր ռազմագերի կպահպանի որպես իր սեփականը, հագուստի առնվազն լրակազմ: Եթե ռազմագերիներից որևէ մեկը ունի մեկ լրակազմից ավելի, ապա վստահված անձին կթույլատրվի առավել ապահովվածներից վերցնել ավելորդ իրերը և որոշ առարկաներ, որոնց քանակը գերազանցում է նորման (մեկ առարկա), եթե դա անհրաժեշտ է անել նվազ ապահովված ռազմագերիների կարիքները բավարարելու համար: Վստահված անձը սպիտակեղենի, գուլպաների կամ կոշիկի երկրորդ լրակազմը, սակայն, կարող է վերցնել միայն այն դեպքում, եթե ուրիշ հնարավորություն չկա այդ իրերով ապահովելու այն ռազմագերուն, որը ոչինչ չունի:

հոդված 8.

Բարձր Պայմանավորվող Կողմերը և, մասնավորապես, գերության մեջ պահող տերությունները կթույլատրեն, առավելագույն հնարավորության սահմաններում, բայց բնակչության պարենային մատակարարումը կարգավորող սահմանված կարգի հաշվառմամբ, իրենց տարածքում կատարելու ցանկացած գնումներ` ռազմագերիների մեջ օգնության կոլեկտիվ բեռները բաշխելու նպատակով, նրանք նմանապես աջակցություն ցույց կտան դրամական ֆոնդեր փոխանցելիս և մյուս այն ֆինանսական, տեխնիկական ու վարչական կարգի միջոցառումները անցկացնելիս, որոնք ունեն այդ գնումները իրականացնելու նպատակ:

հոդված 9.

Վերը շարադրված որոշումները չպետք է խոչընդոտ հանդիսանան ոչ մինչև ճամբար ժամանելը կամ տեղափոխման ժամանակ կոլեկտիվ բեռներ ստանալու ռազմագերիների իրավունքին, ոչ էլ հովանավոր տերության, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կամ ռազմագերիներին օգնություն ցույց տվող և այդ բեռների հանձնման հանձնարարություն ունեցող ցանկացած ուրիշ այլ կազմակերպության ներկայացուցիչների հնարավորությանը` ապահովելու դրանց բաշխումը ստացողների մեջ ցանկացած այլ եղանակներով, որոնք նրանք հարմար կգտնեն:

հավելված 4 a

անձնական վկայականը
(տես հոդված 4)

Էջ  1,  2

 

հավելված 4 B

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԾԱՆՈՒՑՈՒՄ-ՔԱՐՏԸ
(տես հոդված 70)

Էջ  1,  2

 

Հավելված 4 C

ՓՈՍՏԱՅԻՆ ՔԱՐՏ ԵՎ ՆԱՄԱԿ
(տես հոդված 71)

Էջ  1,  2,  3

Հավելված 4 D

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
(տես հոդված 120)

Հավելված 4 E

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(տես հավելված 2, հոդված 11)

Հավելված 5

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՅՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԻՊԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԵՐԿԻՐ
(տես հոդված 63)

1. 63 հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված ավիզոն կբովանդակի հետևյալ տվյալները.

a/ վճարում կատարող ռազմագերու` 17 հոդվածում նշված համարը, կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը.

b/ նրա երկրում ստացողի ազգանունը և հասցեն.

c/ դրամական գումարը, որը պետք է վճարի, արտահայտված այն երկրի վալյուտայով, որտեղ գտնվում է ռազմագերին:

2. Ավիզոն կստորագրվի ռազմագերու կողմից, կամ եթե նա չի կարող գրել, ավիզոյի տակ տետք է դրվի ռազմագերու նշանը, և ավիզոն պետք է հաստատվի վստահված անձի կողմից:

3. Ճամբարի խետը տվյալ ավիզոյին կկցի տեղեկանք այն մասին, որ տվյալ ռազմագերին ունի վարկային ոչ պակաս հաշվեմնացորդ, քան այն դրամական գումարը, որը պետք է վճարի:

4. Ավիզոն կարող է կազմվել ցուցակների ձևով, այդպիսի ցուցակի ամեն մի թերթը պետք է հաստատվի անձի կողմից և վավերացվի ճամբարի պետի կողմից: