Գլխավոր տեղեկություն
Համար
N 578-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.16/20(294) Հոդ.195
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.05.2008
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11308166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 578-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

Սահմանել քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պաշտպանության նախարարի

2008 թ. մայիսի 14-ի N 578-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայող) ատեստավորում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը՝ զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:

3. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

4. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

5. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

6. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ:

7. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

8. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները՝ վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:

Սույն կետի 1-ին ենթակետը չի տարածվում «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

(8-րդ կետը լրաց. 28.12.13 N 1486-Ն)

9. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

10.  Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

11.  Քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն է:

12.  Քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13.  Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը համապատասխան մարմնի աշխատակազմը համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը:

14.  Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը համապատասխան մարմնի ղեկավարը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը:

15.  Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում պատճառաբանված որոշման կայացումից հետո` երկամսյա ժամկետում, քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվում է Հանձնաժողովի կողմից:

16.  Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` լրացնելով քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկը (Ձև N 1):

17.  Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները համապատասխան մարմնի աշխատակազմ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պատճառաբանված որոշման պատճենները:

Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են Հանձնաժողովին:

18.  Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը, քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների, քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկների,սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պատճառաբանված որոշման պատճենները, Հանձնաժողովի կնիքը և ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները մինչև ատեստավորման սկիզբը համապատասխան մարմնի աշխատակազմը հանձնում է Հանձնաժողովին:

19.  Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

20.  Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

21.  Այն քաղաքացիական ծառայողները, ովքեր տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են կամ ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար Օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

(21-րդ կետը փոփ. 28.12.13 N 1486-Ն)

22.  Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և քաղաքացիական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարը փաստաթղթային ատեստավորում անցկացնելու ընթացքում կարող է մասնակցել քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

23.  Փաստաթղթային ատեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 66-րդ և 67-րդ կետերով սահմանված կարգով:

24.  Փաստաթղթային ատեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողի կողմից հարցատոմսի և հարակից բանավոր հարցերին տրված պատասխանները գնահատվում և արձանագրվում են սույն կարգի 69-րդ և 70-րդ կետերով սահմանված կարգով:

25.  Քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո քվեարկությունն անցկացվում և քվեաթերթիկների տվյալները հայտարարվում են սույն կարգի 71-րդ և 73-րդ կետերով սահմանված կարգով:

26.  Փաստաթղթային ատեստավորման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

27.  Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարում սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

28.  Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա սույն կարգի 75-րդ և 76-րդ կետերով սահմանված կարգով կազմվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթ (Ձև N 2):

29.  Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետում նշված որոշումը:

30.  Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ՝ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում՝ կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ վերևի ձախ մասում:

31.  Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում, ծանոթանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերի հետ, ինչպես նաև քննության առնում քաղաքացիական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարը կարող է մասնակցել քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

32.  Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորում անցկացնելու համար քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան հարցեր (խնդիրներ) և կազմում է թեստեր, հետևյալ չափաբաժիններով`

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 50 թեստ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 40 թեստ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 30 թեստ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու դեպքում՝ 20 թեստ:

33.  Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

1) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս.

2) պաշտպանության բնագավառի, այդ թվում` համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր)՝ 70 տոկոս.

3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

34.  Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:

35.  Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարմնի աշխատակազմը ֆիզիկապես ոչ լիարժեք մասնակիցների ատեստավորմանը մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:

36.  Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է քաղաքացիական ծառայողի ինքնությունը և թույլատրում մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, ուր քաղաքացիական ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Քաղաքացիական ծառայողների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

37.  Թեստավորմանը քաղաքացիական ծառայողներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

38.  Հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է քաղաքացիական ծառայողների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր քաղաքացիական ծառայողները հասկացել են առաջադրանքի էությունը:

39.  Հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական ծառայողներին տալիս է սույն կարգի 30-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ՝ երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

40.  Քաղաքացիական ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը, բացառությամբ Հանձնաժողովի կողմից ցուցված նշումների, գրառումների, արգելվում է: Այդ դեպքերում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

41.  Գրավոր թեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

42.  Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քաղաքացիական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

43.  Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողները, կտրոնները հանձնելուց հետո, թեստավորման առաջադրանքները ստանում են համակարգչի միջոցով՝ մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

44.  Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո քաղաքացիական ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

45.  Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որոնք պահպանվում են համակարգչում:

46.  Թեստավորման ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

47.  Քաղաքացիական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

48.  Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

49.  Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Քաղաքացիական ծառայողն, աշխատանքը հանձնելիս Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

50.  Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ քաղաքացիական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կատարած վերլուծությունը՝ արտահայտված տոկոսով: Քաղաքացիական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

51.  Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քաղաքացիական ծառայողներին տրվում է՝

1) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար՝ 60 րոպե.

2) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար՝ 50 րոպե.

3) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար՝ 40 րոպե.

4) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ատեստավորում անցկացնելու համար՝ 30 րոպե:

52.  Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է քաղաքացիական ծառայողներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

53.  Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո քաղաքացիական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քաղաքացիական ծառայողի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

54.  Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով գրավոր աշխատանքները ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը սկաների միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը՝ արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

55.  Սույն կարգի 54-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքները ստուգվում են սույն կարգի 32-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

56.  Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են քաղաքացիական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

57.  Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 48-րդ կետով նախատեսված դեպքը:

58.  Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր քաղաքացիական ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:

59.  Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

60.  Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 59-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանուն, անուն, հայրանունները: Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած քաղաքացիական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում և արձանագրվում, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հավաքած միավորները (տոկոսը):

61.  Միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

62.  Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ սույն կարգի 61-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

63.  Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացիական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

64.  Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել քաղաքացիական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր քաղաքացիական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացիական ծառայողի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացիական ծառայողի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

65.  Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 62-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը կայացնում է որոշում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված քաղաքացիական ծառայողի, ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողի, որի մասնակցությունը դադարեցվել է ատեստավորմանը՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին՝ համապատասխան գրառում կատարելով քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթում (Ձև N 2):

Քաղաքացիական ծառայողն ատեստավորման հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը:

Սույն կետի առաջին պարբերությամբ նշված որոշումը քաղաքացիական ծառայողի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

(65-րդ կետը փոփ. 28.12.13 N 1486-Ն)

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

66.  Քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

Հանձնաժողովը, յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով`

1) քաղաքացիական հատուկ ծառայության օրենսդրության բնագավառի 2 հարց.

2) մասնագիտական 3 հարց, կապված` քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ:

Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:

Քաղաքացիական ծառայողը ծանոթանալով հարցատոմսին` իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր:

Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողին տրվում են նաև իր կողմից կատարած աշխատանքների մասին ներկայացրած վերջին երկու հաշվետվություններին առնչվող բանավոր հարցեր:

67. Սույն կարգի 66-րդ կետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

Սույն կարգի 66-րդ կետի երրորդ պարբերության 2-րդ ենթակետում նշված հարցերը քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է պակաս լինեն 50 հարցից:

Սույն կարգի 66-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

Սույն կարգի 66-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում:

Ատեստավորվող քաղաքացիական ծառայողի ցանկությամբ համապատասխան մարմինը տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 66‑րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը:

68. Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի մասնակցությունն ատեստավորմանը դադարեցվում է:

69. Հարցազրույցի ընթացքում քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հանձնաժողովի անդամներից մեկի կողմից:

Հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցերին տրված քաղաքացիական ծառայողի պատասխանները գնահատվում (ճիշտ կամ սխալ) են հարց տվող Հանձնաժողովի անդամի կողմից:

Եթե քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

70. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:

Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով դուրս բերված դրա ճիշտ պատասխանները:

Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, քաղաքացիական ծառայողի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

71. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը և հայրանունը:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

72.  Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

73.  Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը և հայրանունն ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

74.  Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

75.  Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ (Ձև N 2):

76.  Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

77.  Քաղաքացիական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում այն: Քաղաքացիական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

78. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

1) համապատասխան մարմնի անվանումը, որի քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացվել է.

2) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը), ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

79.  Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել քաղաքացիական ծառայողի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` գրավոր բողոք) քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը:

Գրավոր բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` համապատասխան մարմնի աշխատակազմին, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 82 կետի 8-14-րդ և 17-19-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնի ղեկավարին:

Համապատասխան մարմնի աշխատակազմն ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի այն քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

Գրավոր բողոքը համապատասխան մարմնի ղեկավարը քննության է առնում այն համապատասխան մարմնի աշխատակազմում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր բողոքը քննության առնելիս համապատասխան մարմնի ղեկավարը, ըստ անհրաժեշտության, կարող է հրավիրել համապատասխան մասնագետ:

Գրավոր բողոքը քննության առնելիս համապատասխան մարմնի ղեկավարն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) ատեստավորման արդյունքը կոնկրետ քաղաքացիական ծառայողի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին.

3) կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

80.  Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն կարգի 79-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթը համապատասխան մարմնի աշխատակազմը եռօրյա ժամկետում ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին):

Սույն կարգի 79-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ուղարկվում է նաև համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 79-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները)` դա ստանալուց անմիջապես հետո և այդ մասին տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն:

81.  Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը համապատասխան մարմնի աշխատակազմին հանձնում է Հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

82.  Հանձնաժողովը, հանձնման ակտով, համապատասխան մարմնի աշխատակազմին փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) Հանձնաժողովի կնիքի և քաղաքացիական ծառայողների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) ծառայողական բնութագրերի քննարկման և քաղաքացիական ծառայողների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

4) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

5) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

6) հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.

7) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

8) Հանձնաժողովի անդամի` հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

9) քաղաքացիական ծառայողի` հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

10) քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.

11) քվեարկությունների արդյունքներով քաղաքացիական ծառայողների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

12) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

13) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

14) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին որոշումը (փաստաթղթային ատեստավորման ժամանակ).

15) թեստավորման առաջադրանքների տետրերը.

16) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

17) քվեաթերթիկները.

18) ատեստավորման թերթիկները.

19) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

20) այլ փաստաթղթեր:

Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կարգի 79-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

83. Հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 79-րդ կետով նախատեսված որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

Եթե Հանձնաժողովը, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարն ընդունել են ատեստավորվող քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում, ապա քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 80-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում` նաև համապատասխան մարմնի ղեկավարի սույն կարգի 79-րդ կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված համապատասխան որոշումը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

84. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

IX. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Հանձնաժողովի որոշմամբ քաղաքացիական ծառայողների ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

 

X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

86. Օրենքի և սույն կարգի սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

 

XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

87. Համապատասխան մարմնում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է 2009 թվականի փետրվարի 1-ից:

88. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն կարգով սահմանված թեստավորման և հարցազրույցի եղանակով:

89. Քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է առանց սույն կարգով նախատեսված ծառայողական բնութագրի:

90. Օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց վրա չի տարածվում սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը:

 

Ձև N 1              

Քաղաքացիական ծառայողի     

ատեստավորում անցկացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ց Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Ես՝ _________________________________________________________

(քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը),

 

____________________________________________________________

(քաղաքացիական ծառայողի պաշտոնը)

 

տեղեկացված եմ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքով (Օրենք) սահմանված կարգով

 

200 թվականի __________ ____ -ին ____ ժամին ____________________ վայրում

____________________________________________________________

(ատեստավորում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը)

 

ատեստավորում անցնելու մասին:

 

Տեղեկացված եմ նաև, որ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Օրենքով

նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը քաղաքացիական հատուկ

ծառայության պաշտոնից ազատելու հիմք է:

 

__________________________

(քաղաքացիական ծառայողի ստորագրությունը)

______________

 (անունը, ազգանունը)

__________ 200 թ.

(ամսաթիվը)

____________________________

(անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը)

______________

(անունը, ազգանունը)

__________ 200 թ.

(ամսաթիվը)

 

 

Ձև N 2              

    Քաղաքացիական ծառայողի   

ատեստավորում անցկացնելու կարգի

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

(քաղաքացիական ծառայողի)

 

Ատեստավորման եղանակը.

c  փաստաթղթային.

c  թեստավորման և հարցազրույցի

1. Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` _________

5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի _____ անդամներ, որոնցից կողմ է

քվեարկել ______ անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ` _______________ /________________/

(անունը, ազգանունը)              (ստորագրությունը)

 

Հանձնաժողովի անդամներ` _______________ /________________/

(անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

    _______________ /________________/

    _______________ /________________/

    _______________ /________________/

    _______________ /________________/

 

Կ. Տ.

 

Ատեստավորման անցկացման

    ամսաթիվը` ____ _______ 200 թ.

 

Ատեստավորման թերթի

հետ ծանոթացա` __________________ /________________/

            (քաղ. ծառայողի ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 200 թ.

(հավելվածը լրաց., փոփ. 28.12.13 N 1486-Ն)