Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.03.2014-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/5(484) Հոդ.86
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
09.01.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12414098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

9 հունվարի 2014 թ.

N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման 18-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահի ժամանակավոր 

պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Հարկային

մարմնի կողմից հարկ վճարողի

հարկային պարտավորությունները

ճշգրտելու մասին»

2014 թվականի հունվարի 9-ի

N 3-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) անցկացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե`

1) հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

3. Հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա և (կամ) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվությունը բավարար է համարվել առանց լրացուցիչ ստուգման անցկացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու (վերահաշվարկելու) համար:

4. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտություն կարող է առաջանալ կապված կամ պայմանավորված հարկային մարմնի, երրորդ անձանց (այդ թվում՝ պետական մարմինների) կամ հարկ վճարողի գործողություններով:

5. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտում (վերահաշվարկ) կատարվում է հարկային մարմնի նախաձեռնությամբ (այդ թվում` երրորդ անձանցից ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի հիման վրա) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա:

6. Հարկային մարմնի նախաձեռնությամբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու միջոցով` նույն օրենքով սահմանված ընթացակարգերով:

7. Հարկային մարմնի նախաձեռնությամբ հարկային պարտավորությունների ճշգրտում կարող են կատարվել, մասնավորապես՝ հետևյալ դեպքերում.

1) հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ նույնպիսի խախտումն արձանագրված լինելու պարագայում ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ստուգման առաջին ակտն անվավեր է ճանաչվել՝ ինչի հետ կապված կիրառված տուգանքի մեծությունը (կրկնապատիկի չափով) ենթակա է վերանայման.

2) հարկային մարմնի կողմից ստուգման ակտում կամ օրենքով սահմանված դեպքում ուսումնասիրության արձանագրության մեջ հարկ վճարողի պարտավորությունների հաշվարկման ժամանակ թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական կամ տեխնիկական սխալներ.

3) խախտման բովանդակությունը (բնույթը) արձանագրվել է ճիշտ, սակայն տուգանքի սխալ դրույքաչափ է կիրառվել, օրինակ` 50 %-ի փոխարեն 100 %, կամ հակառակը.

4) հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգում, որից հետո առաջադրվել է ԱԱՀ-ի հարկային պարտավորություն կամ պարտավորություն չի առաջադրվել և հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարում է կատարվել, սակայն գործարքը հետագայում օրենքի կամ ՀՀ միջազգային պայմանագրի համաձայն ճանաչվել է որպես ԱԱՀ-ից ազատված՝ պայմանով, որ այս դեպքում հարկային հաշիվ դուրս չի գրվել կամ փոխվել է հարկման ռեժիմը.

5) ստուգված ժամանակաշրջանին վերաբերող հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերում և նախկինում ներկայացրած հաշվարկներում արտացոլված տվյալների համադրումից պարզ է դառնում, որ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական կամ տեխնիկական սխալներ.

6) հարկ վճարողի կողմից ներկայացված շահութահարկի կամ եկամտահարկի հաշվարկներից կամ անձնական հաշվի քարտում արտահայտված վճարումից պարզ է դառնում, որ կատարված ամսական կամ եռամսյակային վճարումները փոքր են նվազագույն շահութահարկի կամ եկամտահարկի մեծությունից.

7) ստուգված ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշիվը կամ հաշվարկային փաստաթուղթը անվավեր ճանաչելու կամ հարկային հաշվի անվավեր ճանաչման վերաբերյալ ստուգված ժամանակաշրջանում ներկայացված տեղեկությունը հետագայում ճշտելու հետ կապված պարտավորությունները կամ անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները ճշգրտելու անհրաժեշտություն առաջանալու դեպքերում:

8. Հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների ճշգրտման դիմում ներկայացվելու դեպքում, դիմումին կցվում են պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը:

9. Հարկ վճարողի դիմումի հիման վրա պարտավորությունների ճշգրտում իրականացվում է միայն հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների, դիմումին կցված փաստաթղթերի, հարկային մարմնում վարվող հաշվառման տվյալների ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

10. Ստուգման կամ ավելացված արժեքի հարկի հաշվանցման (կամ) վերադարձման ենթակա գումարի արձանագրման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ակտում սխալների հայտնաբերման դեպքում, դրանք ճշգրտելու գործընթացն սկսվում է`

1) սխալների հայտնաբերման մասին երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա,

2) սխալներ հայտնաբերած կամ սխալներ թույլ տված հարկային ծառայողի զեկուցագրի հիման վրա:

11. Հարկային ծառայողը զեկուցագիրը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին: Զեկուցագրում նշվում է սխալի բովանդակությունը և հիմնավորվում է առանց վերստուգման պարտավորությունների ճշգրտման հնարավորությունը:

12. Սույն կարգով նախատեսված հարկային պարտավորությունների ճշգրտման գործընթացի վարույթը հարուցվում է՝

1) սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ հարկ վճարողի դիմումը ստանալու օրվանից.

2) 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ երրորդ անձանցից ստացված փաստաթղթային հիմնավորումները հարկային մարմին մուտքագրման օրվանից.

3) սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ համապատասխան եզրակացությունը մակագրվելու օրվանից:

13. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտման գործընթացն սկսելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի (կամ հարկ վճարողից ստացված դիմում կամ երրորդ անձանցից ստացված տեղեկություններ կամ հարկային ծառայողի զեկուցագիր) ստացման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տեսչության կողմից իրականացվում է համապատասխան տվյալների ուսումնասիրություն:

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված ուսումնասիրության արդյունքում հարկային ծառայողը, ում վրա հարկային տեսչության պետի հանձնարարականով դրված է տվյալ գործընթացը, կազմում է հարկ վճարողի պարտավորությունների ճշգրտելու մասին եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) նախագիծ` համաձայն N 2 հավելվածի:

15. Եզրակացության նախագծին կցվում են ճշգրտման գործընթացն սկսելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, ինչպես նաև ճշգրտման անհրաժեշտությունը հիմնավորող այլ փաստաթղթեր և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են վերադաս հարկային մարմնի համապատասխան ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանմանը: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կայացված որոշմամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում հարուցվում է վարչական վարույթ:

16. Հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների ճշգրտման դիմումի հիման վրա ճշգրտման գործընթաց չի իրականացվում, եթե դիմումում նշված դեպքում հարկ վճարողի՝

1) պարտավորությունները հաշվարկված են օրենքին համապատասխան.

2) դիմումին չեն կցվել պարտավորությունների ճշգրտումը հիմնավորող փաստաթղթերը.

3) դիմումի մեջ նշված՝ պարտավորությունների ճշգրտման հիմք հանդիսացող հանգամանքները չեն հիմնավորվել փաստաթղթերի, հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների ուսումնասիրությամբ.

4) հարկ վճարողի պարտավորությունները հնարավոր չէ ճշգրտել առանց հարկ վճարողի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու.

5) ներկայացրած՝ ճշգրտման ենթակա պարտավորությունները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1 հոդվածի համաձայն ենթակա չեն փոփոխման:

17. Հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումին պարտավորությունների ճշգրտումը հիմնավորող փաստաթղթեր կցված չլինելու կամ դրանք թերի լինելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողին առաջարկվում է երկօրյա ժամկետում ներկայացնել կամ համալրել փաստաթղթերը: Հարկային մարմնի պահանջը չկատարվելու դեպքում դիմումը համապատասխան գրավոր հիմնավորմամբ մերժվում է:

18. Հարկ վճարողի դիմումի հիման վրա ճշգրտման գործընթաց չիրականացնելու դեպքում ուսումնասիրության ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկվում է գրություն, որում նշվում է սույն կարգի 15-րդ կետում նշված՝ ճշգրտման գործընթաց չիրականացնելու հիմքը:

19. Եզրակացությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցվում են վերադաս հարկային մարմնի ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող համապատասխան ստորաբաժանման հետ:

20. ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից եզրակացության մեջ նշված գումարներից տարբերվող գումարներով հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու (վերահաշվարկելու) առաջարկություն ներկայացվելու դեպքում, եզրակացությունը վերադարձվում է հարկային տեսչություն՝ եզրակացության վերանայման համար:

21. ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման հետ համաձայնեցված՝ այն եզրակացությունները, որոնցով նվազեցվում են հարկ վճարողի պարտավորությունները, կամ ավելացվում են անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները, հաստատվում են հարկային տեսչության կողմից և հաստատման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են հարկ վճարողին:

22. Հարկ վճարողի պարտավորությունների ճշգրտում կատարելու այն դեպքերում, երբ ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման հետ համաձայնեցված եզրակացության նախագծով նախատեսվում է ավելացնել հարկ վճարողի որևէ պարտավորություն կամ նվազեցնել անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները՝ եզրակացության նախագիծը, այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է անհատ ձեռնարկատիրոջը կամ կազմակերպության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (անհատ ձեռնարկատերը) 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է եզրակացության նախագիծը: Նշված ժամկետում կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում հարկային մարմինը կազմում է եզրակացությունը և դրա մեկ օրինակը` եզրակացությունը հաստատելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (անհատ ձեռնարկատիրոջը):

23. Անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացվելու դեպքում, հարկային մարմինն ուսումնասիրում է դրանք և անհրաժեշտության դեպքում վերանայում եզրակացությունը: Առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված եզրակացության մեկ օրինակը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Եզրակացության արդյունքները չընդունելու դեպքում, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից եզրակացությունում կատարվում է համապատասխան գրառում և կցվում են առարկությունները: Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացրած առարկությունները եզրակացության անբաժանելի մասն են:

24. Պարտավորությունների ավելացում կամ անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարների նվազեցում նախատեսող եզրակացությունները գանգատարկվում են ստուգման ակտերի գանգատարկման ընթացակարգերին համապատասխան:

25. Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու գործընթացի արդյունքների ամփոփումից հետո դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում՝ անհրաժեշտության դեպքում կազմելով հարկ վճարողի հարկային պարտավորությունների հաշվանցման (և/կամ վերադարձի) եզրակացություն:

 

 

Հավելված N 2

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Հարկային

մարմնի կողմից հարկ վճարողի

հարկային պարտավորությունները

ճշգրտելու մասին»

2014 թվականի հունվարի 9-ի

N 3-Ն հրամանի

Հաստատված է

Համաձայնեցված է

___________ հարկային

(տարածքային) հարկային տեսչության պետ

ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման ղեկավար

   

«____» _______________ 201  թ.

«____» __________________ 201  թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 34.1 հոդվածը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «---»--------------- 2014 թ. «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու մասին» N հրամանով հաստատված կարգին համապատասխան տվյալներն ուսումնասիրելու արդյունքներով ենթակա են ճշգրտման ________________________________________________________

(հարկ վճարողի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

               

ՀՎՀՀ-ն

 

ստորև նշված պարտավորությունները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները պետք է կազմեն

Հ/հ

Անվանումը

Առաջացման ամսաթիվը

Պարտավորություն

Հաշվանցվող (պակասեցվող) գումար

գումարը

տուգանք

տույժ

նախկին

առա-ջադրվող

նախկին

առա-ջադրվող

նախկին

առա-ջադրվող

նախկին

առա-ջադրվող

                     
                     
                     

Պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման հիմք է

հանդիսացել _____________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

(նշել փաստաթուղթը, ում կողմից է այն ներկայացվել և երբ)

 

Պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման պատճառը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

(նշել պարտավորությունների վերանայման հիմքերը, փաստաթղթի, այդ թվում՝ ստուգման ակտի համարը)

 

Եզրակացությունը կազմողներ.

 

_____________________________

(անունը, ազգանունը)

_______________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

_______________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

_______________________

(ստորագրությունը)

 

Ծանոթացել եմ եզրակացությանը:

Համաձայն եմ, որի համար ստորագրում եմ`

Համաձայն չեմ, կցում եմ առարկությունները

(անհրաժեշտն ընդգծել)

 

Կազմակերպության պաշտոնատար անձ

(անհատ ձեռնարկատեր)

_________________

(ստորագրությունը)

_________________

(անունը, ազգանունը)

     

«__»______________20__ թ.