Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2014-11.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.11
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 57-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ, ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի,

2) նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների տրամադրման ցանկը` համաձայն հավելված N 2-ի:

 

 

 Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 57-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով բնակչության բոլոր խմբերի համար, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

2. Սույն հրամանի հավելված N 2-ով սահմանված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները կարող են իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ծառայությունների փոխհատուցման գներով:

3. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետով, 4-րդ կետի 3-րդ ենթակետով, 7-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով, 9-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված բժշկական ծառայությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

4. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեսակի դեպքում ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված անվճար բժշկական օգնության և հետազոտությունների ուղեգրման կազմակերպման կարգի համաձայն:

5. Բժշկական կազմակերպություններում մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող լինզաների և էնդոպրոթեզների առկայության, կամ քաղաքացիների կողմից լինզաների և էնդոպրոթեզների ձեռքբերման դեպքում սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 3-րդ կետի 4-րդ ենթակետով, 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղեգրման:

6. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 1-ին կետի 5-րդ ենթակետով, 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ուղեգրումը իրականացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, այնպես էլ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից:

7. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում ուղեգրումն իրականացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված և պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպությունների կողմից` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի մասնագիտական եզրակացության հիման վրա՝ պետության մասնակցության մասով:

8. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում 0-7 տարեկան, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկան երեխաների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն ամբողջությամբ իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

9. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 4-րդ կետի 5)-րդ ենթակետով նախատեսված դեպքերում 0-7 տարեկան, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումն ամբողջությամբ իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

10. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերում հղիների, ծննդաբերների և ծննդկանների (հետծննդյան 42 օրերի ընթացքում) բժշկական օգնությունը և սպասարկումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում անվճար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման վրա:

11. Սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ցանկի 2-րդ կետի 5-րդ ենթակետով, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, 4-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերով, 7-րդ կետի 1-ին ենթակետով և 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումով հաստատված կարգի համաձայն:

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

N 57-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական ու վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններն են`

1) կոսմետոլոգիական միջամտություն,

2) պլաստիկ վիրահատություններ (բացառությամբ պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների),

3) օրգանների փոխպատվաստում,

4) արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստում,

5) ինտերստիցիալ լազերային թերմոթերապիա:

2. Սիրտ-անոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենտավորում և աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրահատություններ (բացառությամբ 0-7 տարեկան երեխաների, 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքների անդամների),

2) սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա,

3) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,

4) աբլացիա,

5) Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (բացառությամբ հղիների, ծննդաբերների և ծննդկանների` հետծննդյան 42 օրերի ընթացքում):

3. Ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) սկլեռոպլաստիկա,

2) կեռատոպլաստիկա,

3) աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն՝ բացառությամբ կոնտակտային կոռեկցիայի չենթարկվող անիզամետրոպիայի և աստիգմատիզմի,

4) ներակնային լինզաների կիրառում` կատարակտի վիրահատության ժամանակ,

5) վիտրէկտոմիա և լենսվիտրէկտոմիա լազերային միջամտությունների հետ համատեղ,

6) աչքի առաջնային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում),

7) աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ ակնակապիճի պլաստիկա:

4. Վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) էնդոպրոթեզների կիրառում` հոդերի վիրահատության ժամանակ,

2) ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,

3) սկոլիոզի և ողնաշարի այլ ձևախեղումների վիրահատություններ,

4) արթրոսկոպիկ վիրահատություններ,

5) օրթեզավորում և կորսետավորում (բացառությամբ մինչև 7 տարեկան երեխաների, և 7-18 տարեկան սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների),

6) մետաղական կոնստրուկցիաների կիրառում` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ:

5. Ստոմատոլոգիական և դիմածնոտային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) ատամների պրոթեզավորում` թանկարժեք մետաղների կիրառմամբ,

2) ատամների ոչ շարժական պրոթեզավորում` մետաղակերամիկական շապիկներով,

3) իմպլանտացիա (ատամների արհեստական արմատի (իմպլանտի) տեղադրում),

4) ատամների անշարժ պրոթեզավորում` կերամիկական և մետաղակերամիկական նյութերով,

5) ատամների մասնակի բյուգելային պրոտեզավորում,

6) դիմածնոտային պլաստիկ վիրահատություններ:

6. Մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ (արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում, փոխնակ մայրություն):

7. Ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,

2) երիկամի փոխպատվաստում,

3) ՏՎՏ, ՏOՏ(TVT, TOT) սլինգային վիրահատություն,

4) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, TUR) բիպոլյար կամ լազերային եղանակով:

8. Արյունաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում,

2) չընդհատվող աֆերեզի ֆիլտրացիոն(մեմբրանային) և գրավիտացիոն եղանակով տրամադրվող բժշկական օգնություն,

3) հյուսվածքների փոխպատվաստման համար դոնորի և ռեցիպիենտի համատեղելիության,

4) ՀԼԱ-Ա-Բ-ԴՌ (HLA-A-B-DR) գենոտիպավորում պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակով,

5) արյունաբանական հիվանդությունների բուժում մոնոկլոնալ հակամարմիններով, բարձր բիոլոգիական ակտիվությամբ օժտված դեղորայքներով, թանկարժեք բջջաթունային դեղորայքներով ինտենսիվ թերապիա,

6) մոնոկլոնալ հակամարմիններով արյան բջիջների սպեցիֆիկ տարբերակման հետազոտում:

9. Քիթ-կոկորդ-ականջաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատություն,

2) ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացության դեպքում:

10. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) ափիոնային թմրամոլությամբ հիվանդների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտոգոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ:

11. Նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`

1) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում,

2) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

3) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,

4) գանգաթաղի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (կրանիոպլաստիկա) տարբեր օրգանական և անօրգանական նյութերով: