Գլխավոր տեղեկություն
Համար
N 396-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.09.2013-25.04.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.11/17(461) Հոդ.154
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2013
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11013214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2013 թ.

N 396-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1262-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի N 516-Ն/Ք հրամանը» N 1262-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2013 թվականի ապրիլի 15-ի

N 396-Ն հրամանի

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ր Գ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ուսուցչի թափուր տեղը (այսուհետ` Թափուր տեղ) համալրելու մրցույթի (այսուհետ` Մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված գործատուի և մրցույթի մասնակցող անձի կամ անձերի (այսուհետ` Մասնակից) միջև ծագող իրավահարաբերությունները:

2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:

3. Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն Հաստատությունում տվյալ առարկան արդեն դասավանդող մինչև 1 դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:

4. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին 1 դրույք ծանրաբեռնվածությամբ ապահովելուց հետո:

5. Մրցույթը հայտարարվում է Թափուր տեղ առաջանալու օրվանից` 7-օրյա ժամկետում: Անկախ պատճառներից մրցույթը չկայանալու դեպքում Թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը` պահպանելով սույն կարգի պահանջները:

6. Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթը կայանալու, Թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, իսկ լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի Հաստատություններում` նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները:

7. Թափուր տեղ առաջանալու մասին տնօրենը տեղեկացնում է լիազոր պետական մարմնին:

8. Հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, սակայն տվյալ առարկան չդասավանդած կամ չդասավանդող մասնագետը Թափուր տեղը զբաղեցնում է մրցութային կարգով` բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերի:

9. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և Թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`

1) տեղը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),

2) թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,

3) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 3-րդ կետի համաձայն,

4) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Հաստատության տնօրենը հրապարակում է «Կրթություն» շաբաթաթերթում:

12. Հայտարարության տեքստում նշվում է.

1) Հաստատության անվանումը,

2) Թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը,

3) սույն կարգի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը` բնօրինակները և պատճենները,

4) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:

13. Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

15. Մրցույթին կարող է մասնակցել Հաստատության տվյալ Թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

16. Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`

1) դիմում (Ձև 1),

2) բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձնագիր,

4) աշխատանքային գրքույկ,

5) ինքնակենսագրություն (Ձև 4),

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),

10) որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

17. Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում:

18. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

19. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

20. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ, անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:

21. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար), տնօրենի ուսումնական գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, ուսուցիչ, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից՝ համաձայնությամբ:

22. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):

23. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Քվորում չապահովելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով:

24. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն «3» կողմ ձայնով:

25. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են քարտուղարի կողմից, որը հանձնաժողովի անդամներից մեկն է, առանձին մատյանում և պահպանվում են դպրոցում: Մատյանն ավարտվելուց հետո արխիվացվում է օրենքով սահմանված կարգով:

26. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել, ըստ ենթակայության, լիազոր մարմնի ներկայացուցիչը:

27. Հանձնաժողովը, մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում, ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին որոշում և հաստատում է մրցույթի մասնակիցների անվանացանկը:

28. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը հիմնավոր պատճառաբանությամբ մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը (օրենսդրական կամ գերատեսչական ակտի անվանումը, դրույթը):

29. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և սույն կարգի 5-րդ կետի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:

 

V. ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼ

 

30. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար Նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 100 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և հրապարակվում edս.am պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:

31. Գրավոր փուլի համար յուրաքանչյուր դպրոց կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած Հարցաշարի 100 հարցից և դրանց երեք ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, որը նշված է Հարցաշարում:

32. Գրավոր փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

33. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

34. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

35. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է բանավոր փուլի անցկացման ժամի մասին:

36. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքը: Մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում:

37. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է թեստային առաջադրանքին, յուրաքանչյուր առաջադրանքի համար ընտրում է 1 պատասխան և դրա դիմաց կատարում է համապատասխան նշում: Աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին:

38. Թեստավորման ընթացքում Մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

39. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների թերթիկում ճիշտ պատասխանի դիմաց կարող է կատարել ցանկացած նշում:

1) Գրավոր փուլի ավարտից 15 րոպե առաջ հանձնաժողովի քարտուղարի կողմից Մասնակիցը նախազգուշացվում է աշխատանքի կատարման համար տրված ժամանակի լրանալու մասին:

40. Առաջադրանքի համար տրվում է՝ 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է` 1 միավոր, սխալ պատասխանը` 0:

41. Գրավոր փուլը համարվում է հաղթահարված առաջադրանքների առնվազն 90 % ճիշտ պատասխանելու դեպքում:

42. Սխալ պատասխաններ են համարվում`

1) ոչ ճիշտ պատասխան նշելը,

2) մեկից ավելի պատասխաններ նշելը,

3) ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

Արգելվում է որևէ հարցի ենթադրյալ պատասխաններից մեկի դիմաց առանց նշումների թեստը հանձնել:

43. Ստուգված թեստային առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, անհամաձայնության դեպքում կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:

44. Հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ գրավոր փուլի արդյունքները և մրցույթի բանավոր փուլ անցած մասնակցի/ների/ անունները հրապարակելու համար:

45. Գրավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, դրանք կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում:

46. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

47. Առաջադրանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին:

 

VI. ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

48. Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների Հարցաշարից ընտրում է 5 հարց:

49. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ բանավորին պատրաստվելու համար.

1) Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ բանավոր փուլը անցկացնում է առանձին:

2) Բանավոր փուլի ընթացքը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները կարող են ձայնագրվել։

3) Հանձնաժողովի անդամները կարող են մասնակցին ուղղել մինչև 5 հարակից հարց:

50. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»` Հանձնաժողովի նախագահի կողմից:

51. Եթե Մասնակցի տված պատասխանը գնահատվում է «սխալ», ապա Հանձնաժողովի նախագահի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

52. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի 5 հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

53. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի նախագահի կողմից հնչեցված գնահատականը («ճիշտ է» կամ «սխալ է»), իսկ «սխալ» պատասխանի դեպքում՝ նաև ճիշտ պատասխանը:

54. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

55. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը /Ձև 3/:

56. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

57. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

58. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

59. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն Մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցույթի տվյալ Մասնակիցը հաղթող չի ճանաչվում:

60. Բանավոր փուլի արդյունքները հրապարակելուց հետո, անհամաձայնության դեպքում, այն կարող է բողոքարկվել հանձնաժողովին՝ 1 ժամվա ընթացքում:

61. Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և (կամ) դատարան:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

62. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում է /Ձև 2/.

1) մրցույթի անցկացման վայրը,

2) հաստատության լրիվ անվանումը,

3) Թափուր տեղի անվանումը,

4) Թափուր տեղերի քանակը,

5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,

6) մրցույթին թույլտրված մասնակիցների թիվը,

7) մասնակիցների՝ թեստային առաջադրանքների միավորները՝ արտահայտված նաև տոկոսներով,

8) հաղթող ճանաչվածների անվանացանկը, հավաքած «կողմ» ձայների քանակը,

9) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,

10) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:

63. Ամփոփիչ արձանագրությանը կից տրվում են.

1) անհատական քվեաթերթերը (քվեարկված և չմարված (առկայության դեպքում),

2) քվեաթերթերի խոտանման արձանագրությունը (առկայության դեպքում),

3) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը` առկայության դեպքում:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

64. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը Տնօրենին երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

65. Եթե մրցույթում հաղթող է ճանաչվել մեկից ավելի Մասնակից և ներկայացված դիմումների քանակն ավելին է, քան Թափուր տեղը, ընտրությունը կատարում է Տնօրենը:

66. Մրցույթում հաղթող ճանաչված և (կամ) սույն կարգի 67-րդ կետի համաձայն ընտրված Մասնակցի հետ Տնօրենը, դիմումը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական

 ուսումնական հաստատության

 (նշվում է հաստատության լրիվ անվանումը)

 

_______________________________________

(նշվում է առարկայի անվանումը) ________________

ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին

 մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն

պարոն/տիկին____________________-ին

_____________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

_______________________________________

(դիմողի հաշվառման վայրը)

_________________________________________

(դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)

 ______________________________________________ 

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` _______________________________ 

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով ուսուցչի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը և մրցույթի պայմաններին և անցկացման կարգին խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից

 

Քաղաքացիությունը _____________________________

 

Դատապարտվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

Դատվածությունս հանված կամ մարված է` այո, ոչ

(ընդգծել)___________________

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ

 

գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (ընդգծել)__________________

 

Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ (ընդգծել)___________________

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի թիվ 284-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ

տառապում եմ, չեմ տառապում (ընդգծել) ___________________

 

Համակարգչային գրագիտությունը ________________________________________________

 

_____________________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող` ____________________________ «____» ______________ 20 __ թ.

 

Ձև 2

 

Ամփոփիչ արձանագրություն

 

Հայաստանի Հանրապետության մարզի /Երևան քաղաքի/__________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(հանրակրթական ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի) ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) __________________ համար հայտարարված մրցույթի:

1. Թափուր աշխատատեղի քանակը______________:

2. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________:

3. Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը____________:

 

4. Գրավորի արդյունքը (մասնակիցների անուն-ազգանունները, հավաքած միավորները)

1)

2)

3)

 

5. Փակ քվեարկության արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած ձայները)

1)

2)

3)

 

6. Հաղթող ճանաչված մասնակիցների անվանացանկը, հավաքած ձայների քանակը`

1)

2)

3)

 

7. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունները

 

1) Հանձնաժողովի նախագահ`______________________________ /_____________/

2) հանձնաժողովի անդամ` ______________________________ /_____________/

3) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

4) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

5) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` ___________________________/ _____________/

 

Ձև 3

 

Անհատական քվեաթերթիկ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը _____________________________

2. Առարկան _____________________

3. Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը __________________

4. Մասնակցի անունը, ազգանունը, ստորագրությունը _____________________________

 

Քվեարկության արդյունքը`

 

 

Հանձնաժողովի

նախագահ`___________________

 

Կ.Տ.

ԿՈՂՄ 

ԴԵՄ

 

Ձև 4

 

Ինքնակենսագրություն

 

1. Աշխատանքային գործունեությունը /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/

2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճանը, կրթության վկայագրերը /դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ/

3. Կոչումները

4. Որակավորման տարակարգ

5. Հրատարակած հոդվածներ

6. Լեզուների իմացություն

7. Համակարգչային իմացությունը

8. Այլ տվյալներ

(հավելվածը խմբ. 30.07.13 N 1001-Ն)