Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 451-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.08.2013-26.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.25/23(467) Հոդ.213
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
03.06.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813278

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հունիսի 2013 թ.

թիվ 451-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

հաստատել «Ռիսկերի գնահատման կարգը»` համաձայն հավելվածի:

 

 
Դ. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հունիսի 3-ի

N 451-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 11-ի N 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 73-րդ կետով սահմանված գործառույթի իրականացման նպատակով սույն կարգով սահմանվում են ռիսկերի գնահատման չափորոշիչները, որոնց միջոցով առանձնացվում են պետության կարիքների համար կնքված այն պայմանագրերը, որոնք ենթակա են մոնիթորինգի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող այն գնման գործընթացները, որոնց գծով պետք է իրականացվի մոնիթորինգ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է կասեցնել այդ գործընթացները:

2. Ռիսկերի գնահատման չափորոշիչներն են`

1) պետության կարիքների համար կնքված պայմանագրերի ռիսկերի գնահատման չափորոշիչներ, որոնք են.

ա. պայմանագրային գնի չափորոշիչը, որը սահմանվում է կնքված գնման պայմանագրի ընդհանուր արժեքի նկատմամբ,

բ. որոշակի ապրանքներ գնելու համար կնքված պայմանագրերի չափորոշիչը, որը սահմանվում է որոշակի խումբ ապրանքների գնման պայմանագրերի նկատմամբ,

գ. առանձին պատվիրատուների կողմից կնքված պայմանագրերի նկատմամբ կիրառվող չափորոշիչը, որը սահմանվում է այն պատվիրատուների կողմից կնքված պայմանագրերի նկատմամբ, որոնցում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանվելիք պարբերականությամբ հայտնաբերվում են շեղումներ,

դ. պատահական ընտրանքի չափորոշիչը՝ համակարգչային ծրագրի միջոցով ընտրված հերթական պայմանագրերը.

2) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչներ, որոնք են.

ա. նախահաշվային արժեքի որոշակի շեմի չափորոշիչը, որը սահմանվում է նախահաշվային արժեքի որոշակի շեմը գերազանցող գնման առարկաների ձեռքբերման նպատակով հրապարակված հայտարարությունների և հրավերների նկատմամբ,

բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 1169-Ն հրամանով հաստատված կարգով իրականացված գնահատումների արդյունքների չափորոշիչը:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված չափորոշիչների կոնկրետ միավորները /չափերը/ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գաղտնի հրամանով:

 

ՌԻՍԿԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆՏՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Կնքված պայմանագրերի ուսումնասիրման համար կիրառվող չափորոշիչները մուտքագրվում են կիրառվող էլեկտրոնային համակարգ, որը ավտոմատ ընտրում է պայմանագրերը և արգելում դրանց հետագա ֆինանսավորման հնարավորությունը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ստանալով արգելափակման վերաբերյալ հաղորդագրությունը, ուսումնասիրում է մուտքագրված պայմանագրի և այլ վավերապայմանների համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և 5 աշխատանքային օրվա ընթացքում համակարգ է մուտքագրում այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

6. Բացասական եզրակացությունը ուղարկվում է նաև պայմանագիրը մուտքագրող պատվիրատուին: Նշված եզրակացությամբ ներկայացված անհամապատասխանություններն ընդունելու դեպքում պատվիրատուն 2 աշխատանքային օրվա ընթացքում շտկում է դրանք: Եթե պատվիրատուն համաձայն չէ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացասական եզրակացության հետ, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հիմնավորում արձանագրված անհամապատասխանությունները չընդունելու վերաբերյալ:

7. Եթե սույն կարգի 6-րդ կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն չի մուտքագրվում պայմանագրի վերաբերյալ շտկված տեղեկատվությունը կամ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ պատվիրատուի հիմնավորումները կամ դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հիմնավոր չեն համարվում, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 6-րդ կետով նշված ժամկետին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նշված գնման գործընթացը կասեցնելու վերաբերյալ: Սույն կետում նշված առաջարկությունը պետք է համաձայնեցված լինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության և «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` Կենտրոն/ հետ: Կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի համապատասխան առաջարկությունը ստանալուց ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից գնման գործընթացի կասեցման որոշման ստորագրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշման մեկ օրինակը ուղարկվում է պատվիրատուի ղեկավարին և միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից սկսվում է բողոքարկման գործընթաց:

 

ՌԻՍԿԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆՏՐՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸԹԱՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հրապարակված հայտարարությունների և հրավերների ուսումնասիրությունը իրականացնում է Կենտրոնը:

10. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման բաց, պարզեցված և նախաորակավորման ընթացակարգերով կազմակերպված գործընթացների վերաբերյալ հայտարարությունների և հրավերների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների ընտրանքային գնահատման և գնումների վերաբերյալ տվյալների վերլուծության և էլեկտրոնային տեղեկատուի վարման կարգերը հաստատելու մասին» N 1169-Ն հրամանի թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ժամկետներում:

11. Դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դրանք կարող է օգտագործել պայմանագրերի ընտրության չափորոշիչների որոշման ընթացքում:

12. Բացասական եզրակացությունը կազմելու օրվա ընթացքում այդ եզրակացությունը` թղթային և էլեկտրոնային եղանակներով, ուղարկվում է հայտարարությունը և հրավերը հրապարակած պատվիրատուի ղեկավարին, որը այդ եզրակացությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկում է եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունները:

13. Սույն հրամանի 12-րդ կետում նշված եզրակացությամբ արձանագրված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվությունը կամ այդ անհամապատասխանությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները պատվիրատուն սույն կարգի 12-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային և էլեկտրոնային եղանակներով ներկայացնում է Կենտրոն:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ գրությունը սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետում Կենտրոնի եզրակացության հետ միասին պատվիրատուն թղթային և էլեկտրոնային /procurement@minfin.am էլեկտրոնային հասցեով/ եղանակներով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

15. Այն դեպքում, երբ պատվիրատուն սույն կարգի 13-րդ կետում սահմանված ժամկետում Կենտրոն չի ներկայացնում նույն կետով պահանջվող տեղեկատվությունը կամ ներկայացված հիմնավորումները չեն բխում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ապա Կենտրոնը նշված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում իր բացասական եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանցում արտացոլված եզրահանգումների հետ համաձայն լինելու դեպքում տվյալ գնման գործընթացը կասեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին: Սույն կետում նշված առաջարկությունը պետք է համաձայնեցված լինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հետ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության համաձայնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան առաջարկությունը ստանալուց ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից գնման գործընթացի կասեցման վերաբերյալ հրամանը ստորագրելուց հետո այդ հրամանի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրատուի ղեկավարին և միաժամանակ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից սկսվում է բողոքարկման գործընթաց:

18. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը համաձայն չլինելու դեպքում իր դիրքորոշումն ուղարկում է Կենտրոն:

19. Կենտրոնը սույն կարգի 18-րդ կետում նշված դիրքորոշման վերաբերյալ ներկայացնում է լրացուցիչ փաստարկներ կամ չեղյալ է համարում իր եզրակացությունը:

20. Արգելվում է աննպատակահարմարության շարժառիթով կազմել բացասական եզրակացություններ: Բոլոր տրված եզրակացությունները պետք է բխեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքներից:

21. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.2015, թիվ 181-Ն 09.05.2015, թիվ 451-Ն
14.08.2014, թիվ 525-Ն 26.09.2014, թիվ 451-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան