Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1037-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.17/30(443) Հոդ.317
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.11.2012
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 նոյեմբերի 2012 թ.

թիվ 1037-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 839-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման հավելված 2-ով հաստատված կարգի 49-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 23-ի N 450-Ա որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես-գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրի» 1-ին կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կարգի 3-րդ կետի վերջին նախադասության «ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1103-Ն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն» բառերով:

2) Կարգի 5-րդ կետում «առաջնային տեղաբաշխումներին մասնակցություն» բառերը փոխարինել «պարտատոմսերի մանրածախ վաճառքի կազմակերպում» բառերով:

3) Կարգի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«5.1 Գանձապետական պահառուն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով, որի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող առանձին կարգով:»:

4) Կարգի 2-րդ, 13-րդ, 19-րդ, 25-րդ կետերում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների» բառերով:

5) Կարգի 16-րդ կետի «կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «2001 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Գանձապետական պահառուի ամփոփ դեպո և դրամական հաշիվների սպասարկման մասին» պայմանագրի» բառերով:

6) Կարգի 25-րդ կետում «գանձապետական պահառուի բաժինը» բառերը փոխարինել «գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժինը» բառերով:

7) Կարգի 27-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

« վարում է Գանձապետական պահառուի սպասարկման կետերի դեպո հաշիվները, որոնցում ամփոփ ձևով հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, ինչպես նաև հաշվառում է դեպո հաշիվներն ըստ ներդրողների:»:

8) Կարգի 29-րդ կետի 6-րդ պարբերությունից հանել «սոցիալական քարտի համարը» բառերը:

9) Կարգի 29-րդ կետի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Ներդրողի սպասարկումը Գանձապետական պահառուի սպասարկման կետերում իրականացվում է աշխատանքային օրերին ժամը 9.30-ից մինչև 16.00-ը, իսկ էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով` շուրջօրյա:»:

10) Կարգի 30-րդ կետի 1-ին պարբերության առաջին նախադասության «Գանձապետական պահառուի» բառերից հետո լրացնել «սպասարկման կետերի» բառերը:

11) Կարգի 30-րդ կետի 1-ին պարբերության երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16.00-ը ներկայացվող հայտերը համարվում են ներկայացված այդ օրը, այդ ժամից հետո` հաջորդ աշխատանքային օրը:»:

12) Կարգի 31-րդ կետի 5-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված այլ փոփոխության դեպքում, ներդրողին իր պահանջով տրամադրվում է դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք (ձև 5):»:

13) Կարգի 37-րդ կետից հետո լրացնել նոր 38-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«38. Պարտատոմսերի վաճառքն էլեկտրոնային եղանակով`

 Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսեր կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք:

 Ներդրողն էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսերով գործարքներ կատարելու համար պետք է ունենա «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի միջոցով աշխատող ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում թողարկված քարտ` համապատասխան դրամական միջոցների հասանելի մնացորդով:

 ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կնքում է «Պահառության պայմանագիր», որում նշվում են պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, հատկացված դեպո հաշվի համարը, ներդրողի և Գանձապետական պահառուի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը, պայմանագրի ժամկետները և դադարման հիմքերը, կողմերի տվյալները` Գանձապետական պահառուի գտնվելու վայրը, հեռախոսի համարը, բանկը և բանկային հաշիվը և ներդրողի ռեկվիզիտները` անունը, ազգանունը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից է տրվել, ծննդյան ամսաթիվը), մշտական բնակության և/կամ գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, բանկը և բանկային հաշիվը: Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պայմանագիր կնքելուց անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:

 ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում էլեկտրոնային եղանակով պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար ներդրողը սույն կարգի 29-րդ կետի համաձայն Գանձապետական պահառուի սպասարկման կետում կնքում է «Պահառության պայմանագիր» և ներկայացնում է համապատասխան դիմում, որի հիման վրա Գանձապետական պահառուի սպասարկման կետի աշխատակիցն առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի համապատասխան տվյալները մուտքագրում է էլեկտրոնային հատուկ համակարգ, որից անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:

 Նույնականացման բանալին ու գաղտնաբառը օգտագործվում են էլեկտրոնային հատուկ համակարգ մուտք գործելու և պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար:

 Պայմանագրի համաձայն ներդրողի համար բացվում է դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են ներդրողի կողմից ձեռք բերված պարտատոմսերը: Ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կարող է դիտարկել իր դեպո հաշիվը:

 Կնքված պայմանագրի հիման վրա ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով լրացնում է պարտատոմսերի ձեռքբերման և հետգնման էլեկտրոնային հայտեր, պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականներ: Էլեկտրոնային հատուկ համակարգը համապատասխան հաղորդագրությամբ տեղեկացնում է ներդրողին հայտի բավարարման կամ մերժման մասին: Ներդրողի հայտը բավարարվելու դեպքում ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկվում է պարտատոմսերի ձեռքբերման նպատակով վճարումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:

 Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված յուրաքանչյուր շարժից հետո ներդրողի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է քաղվածք ներդրողի դեպո հաշվից:

 Ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների, ինչպես նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում դրամական միջոցների վճարումը ներդրողներին կատարվում է փոխանցումով նրանց բանկային հաշիվներին:

 Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողի կողմից դրամական միջոցների վճարումները կատարվում են «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կանոնակարգերի համաձայն:»:

14) Կարգի Ձև 2-ում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ հրամանի 1-ին կետի 3-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ ենթակետերը` 2014 թվականի ապրիլի 1-ից:

 

Նախարար

Վ. Գաբրիելյան