Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2013-27.02.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.06.01/13(365) Հոդ.140
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.04.2010
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11810193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 ապրիլի 2010 թ.

N 297-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի և 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման անցկացման ընթացակարգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման անցկացման ընթացակարգերը հաստատելու մասին» N 331-Ա հրամանը:

 

Նախարար

Տ. Դավթյան

 

 

Հավելված թիվ 1

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի ապրիլի 27-ի

N 297-Ն հրամանով

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի (այսուհետ` Մրցույթ) անցկացման պայմանները:

2. Մրցույթով ապահովվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

4. Տնօրենի ընտրության պարտադիր պայմաններն են`

1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

4) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

5. Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.

3) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.

7) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:

7. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման վարչությունը: Սույն ընթացակարգով Մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

8. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով սահմանված կարգով ստեղծված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

9. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

10. Տնօրենի թափուր պաշտոնի համար Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց Մրցույթ անցկացնելու պայմանները Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով (հանրապետական ռադիո, հեռուստատեսություն): Մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև մրցույթի անցկացման օրն ընկած ժամանակահատվածը չի կարող մեկ ամսից պակաս լինել:

12. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց Մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից հրապարակվող հայտարարության տեքստում պարտադիր նշվում է`

1) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է Մրցույթ.

2) Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը, ժամը և վերջնաժամկետը.

3) Մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

13. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

14. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

15. Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

16. Քաղաքացին կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Մրցույթն անցկացնող Հանձնաժողովին, որը դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն:

17. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

18. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, ոստիկանության մարմիններից հարցման միջոցով տեղեկանք է ստանում Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դատվածության վերաբերյալ:

19. Դիմումների ընդունման ժամկետը չի կարող Մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30 օրից պակաս լինել:

20. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը վարում է Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Աշխատակազմի կնիքով կնքված մատյան: Գրառումը կատարվում է փաստաթղթերի ընդունման օրը:

21. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով:

22. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մինչև Մրցույթի կայանալը գրավոր հրաժարվել Մրցույթին մասնակցելուց:

23. Եթե Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Նախարարին:

23.1 Եթե Մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա Մրցույթը համարվում է չկայացած, հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(23.1-ին կետը լրաց. 04.04.13 թիվ 268-Ն)

23.2 Եթե Մրցույթը սույն հավելվածի 23.1-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(23.2-րդ կետը լրաց. 04.04.13 թիվ 268-Ն)

24. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

25. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունից ստանում է Աշխատակազմի կնիքը և դիմորդների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր (Ձև Մ-1):

26. Հանձնաժողովը մինչև Մրցույթի սկիզբը գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին (Ձև Մ-2, Ձև Մ-3): Հանձնաժողովն իր այդ որոշմամբ հաստատում է Մրցույթի մասնակիցների ցուցակը (Ձև Մ-4) և հրապարակում է այն մինչև թեստավորման փուլի սկիզբը:

(26-րդ կետը փոփ. 04.04.13 թիվ 268-Ն)

27. Եթե Հանձնաժողովը Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին, ինչպես նաև եթե Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` Մրցույթը չկայացած համարելու մասին (Ձև Մ-5), որը անմիջապես ներկայացվում է Նախարարին: Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել:

28. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Մրցույթի բոլոր մասնակիցների ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները: Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 10 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե մրցույթ է հայտարարվում բաժնետիրական ընկերության տնօրենի ընտրության համար) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե մրցույթ է հայտարարվում պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության համար)` 10-ական հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 հարց.

5) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց.

6) Հարկային օրենսդրություն` 5 հարց.

7) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց:

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

29. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

30. Մրցույթի մասնակիցը (այսուհետ` Մասնակից) թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

31. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

32. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

33. Հանձնաժողովի քարտուղարը Մասնակիցներին տալիս է սույն ընթացակարգի 25-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում)` Ձև Մ-6: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Մասնակիցը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

34. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, Մասնակիցներին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

35. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Թեստավորման ընթացքում Մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

36. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

37. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

38. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, Մասնակիցն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից: Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Մասնակիցները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

41. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև Մ-7):

43. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

44. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

45. Յուրաքանչյուր Մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

46. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 41-րդ կետով նախատեսված դեպքը:

47. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

48. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Մասնակցի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են (Ձև Մ-8):

49. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում (Ձև Մ-9):

50. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

51. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

52. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

53. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 49-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը (Ձև Մ-10):

54. Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

55. Եթե Մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Մասնակիցը կամ բոլոր Մասնակիցները հրաժարվել են /գրավոր կամ բանավոր/ մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` թեստավորման արդյունքում հաղթող չճանաչելու մասին (Ձև Մ-11) և այդ որոշումը ներկայացնում է Նախարարին:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

56. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

57. Հանձնաժողովը յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` Մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը և կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Մասնակիցը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցի Մասնակցին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

59. Մասնակցի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

60. Եթե Մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

61. Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցազրույցի հարցատոմսի 5 հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

62. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից (Ձև Մ-12):

63. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Մասնակցի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

64. Արձանագրությունն ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

65. Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով (Ձև Մ-13): Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը:

66. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

67. Բոլոր Մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

68. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից (Ձև Մ-14):

69. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն Մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցույթի տվյալ Մասնակիցը հաղթող չի ճանաչվում:

70. Եթե Մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում` նրան Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ներկայացնում է Նախարարին (Ձև Մ-15):

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

71. Մրցույթի արդյունքները հրապարակվում են Մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից (Ձև Մ-16):

72. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.

2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակցի (Մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը:

73. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից: Գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Նախարարը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Բողոքը պետք է ներկայացվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 81-րդ կետի «6-10», «14», «15» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Նախարարին: Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Մասնակցի /Մասնակիցների/ անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք: Բողոքը քննության է առնվում Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում Նախարարը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների:

74. Բողոքի քննարկման արդյունքում Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Մրցույթի արդյունքը կոնկրետ Մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) Մրցույթի կոնկրետ Մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

75. Նախարարի ընդունած որոշումը Մրցույթի Մասնակցի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

76. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն ընթացակարգի 56-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է Նախարարին (Ձև Մ-17): Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Նախարարը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով և հրամանով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 2 տարի ժամկետով:

77. Հանձնաժողովի որոշման մեջ պետք է նշվեն`

1) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.

2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

78. Որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

79. Որոշմանը կից ներկայացվում է որոշման հետ անհամաձայնություն հայտնած Հանձնաժողովի անդամի (անդամների) հատուկ կարծիքը (կարծիքները):

80. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանն անմիջապես հանձնում է Աշխատակազմի կնիքը, ինչպես նաև դիմորդների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:

81. Հանձնաժողովը հանձնման ակտով (Ձև Մ-18) Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը փոխանցում է Մրցութային փաթեթը, որը սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Մ-1)

2) Մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին (Ձև Մ-2)

3) Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին (Ձև Մ-3)

4) Մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին (Ձև Մ-4)

5) Մրցույթը չկայացած համարելու մասին (Ձև Մ-5)

6) Ամփոփաթերթ (Ձև Մ-6)

7) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն (Ձև Մ-7)

8) Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն (Ձև Մ-8)

9) Թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում (Ձև Մ-9)

10) Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում (Ձև Մ-10)

11) Թեստավորման արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում (Ձև Մ-11)

12) Մասնակցի հետ հարցազրույցի անցկացման արձանագրություն (Ձև Մ-12)

13) Քվեաթերթիկ (Ձև Մ-13)

14) Քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրություն (Ձև Մ-14)

15) Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում (Ձև Մ-15)

16) Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ (Ձև Մ-16)

17) Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին (Ձև Մ-17)

18) Հանձնման ակտ (Ձև Մ-18)

19) այլ փաստաթղթեր:

82. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը սույն ընթացակարգի 81-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

83. Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին բացակայում են), ապա Մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի Մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն, որը ներկայացվում է Նախարարին: Կրկնակի Մրցույթը Հանձնաժողովի որոշմամբ անցկացվում է մեկ ամսվա ընթացքում: Կրկնակի Մրցույթի ժամանակ Մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում:

84. Մրցույթը համարվում է չկայացած և նոր Մրցույթ է անցկացվում, եթե`

1) Մրցույթի արդյունքում Մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել,

2) Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել,

3) Մրցույթի բոլոր Մասնակիցների նկատմամբ առկա են սույն ընթացակարգի 22-րդ, 23-րդ և 27-րդ կետերում ներկայացված հիմքերից որևէ մեկը,

4) Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել,

5) Մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

85. Եթե նոր կամ կրկնակի Մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի Մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր Մրցույթ` երկու ամսվա ընթացքում:

86. Մրցույթի հայտարարությամբ նախատեսված Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը փոփոխվելու դեպքում` այդ մասին ոչ ուշ, քան Մրցույթն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ պետք է նոր հայտարարություն հրապարակվի մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է տվյալ Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը:

87. Մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման և Մրցույթի անցկացման ժամանակ առաջացած բոլոր հարցերի, խնդիրների, դեպքերի կանոնակարգման և լուծման իրավասությունը վերապահվում է Հանձնաժողովին:

(հավելվածը լրաց., փոփ. 04.04.13 թիվ 268-Ն)

 

 

Հավելված թիվ 2

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի ապրիլի 27-ի

N 297-Ն հրամանով

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը` Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելը Տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման վարչությունը: Սույն ընթացակարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

6. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով սահմանված կարգով ստեղծված ՀՀ ֆինանսների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման և ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի կամ միայն հարցազրույցի միջոցով:

8. Ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը հաստատում է Նախարարը:

9. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և սույն ընթացակարգով նախատեսված դեպքում նրանց ապահովում է թեստային առաջադրանքներով:

10. Ատեստավորումից առնվազն 35 օր առաջ Տնօրենը Նախարարին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

11. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Նախարարը Տնօրենի ներկայացրած հաշվետվության քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

2) ենթակա է ատեստավորման` հարցազրույցի միջոցով:

12. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը Հանձնաժողովին և Տնօրենին տեղեկացնում է Նախարարի ընդունած որոշման մասին և վերջինիս ապահովում է թեստային առաջադրանքով (ատեստավորումը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցկացվելու դեպքում):

13. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

 

14. Թեստավորման փուլն անցկացվում է գրավոր եղանակով:

15. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունից ստանում է Աշխատակազմի կնիքը և ատեստավորման ենթակա Տնօրենների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր (Ձև Ա-1):

16. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Տնօրենի (Տնօրենների) ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները: Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 10 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա բաժնետիրական ընկերության տնօրենը) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը)` 10-ական հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 հարց.

5) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց.

6) Հարկային օրենսդրություն` 5 հարց.

7) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 5 հարց:

17. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

18. Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

19. Տնօրեններին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

20. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

21. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին տալիս է սույն ընթացակարգի 15-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում)` Ձև Ա-2:

22. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Տնօրենը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

23. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ Տնօրեններին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

24. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան: Թեստավորման ընթացքում Տնօրեններին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

25. Տնօրենը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

26. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

27. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, Տնօրենն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է Հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից: Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Տնօրենները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

28. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրեններին տրվում է 60 րոպե ժամանակ:

29. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրեններին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

30. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

31. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև Ա-3):

32. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

33. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

34. Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 30 -րդ կետով նախատեսված դեպքը:

36. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

37. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են (Ձև Ա-4):

38. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում (Ձև Ա-5):

39. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

40. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

41. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Տնօրենի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

42. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 38-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը (Ձև Ա-6):

43. Տնօրենը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

44. Եթե Տնօրեններից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Տնօրենը կամ բոլոր Տնօրենները հրաժարվել են /գրավոր կամ բանավոր/ մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում Տնօրենի (Տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին (Ձև Ա-7): Հանձնաժողովն իր կայացրած որոշումը ներկայացնում է Նախարարին:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

45. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Տնօրենների հետ անցկացվում է հարցազրույց (բանավոր եղանակով):

46. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր: Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

47. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսը ստանալուց հետո Տնօրենին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

48. Տնօրենի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

49. Եթե Տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

50. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

51. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից (Ձև Ա-8):

52. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

53. Արձանագրությունն ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

54. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով (Ձև Ա-9): Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը:

55. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

56. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից (Ձև Ա-10):

57. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Տնօրենը համարվում է ատեստավորված:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

58. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենների ատեստավորումն իրականացվում է սույն ընթացակարգի` թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման անցկացման բաժնի «Հարցազրույցի փուլ»-ով նախատեսված դրույթներին համապատասխան:

59. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից` Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով:

60. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

61. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

62. Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է հարցազրույցի կամ թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը (Ձև Ա-11)`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

63. Հանձնաժողովի որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

64. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է հանձնաժողովի որոշմանը և համաձայնության դեպքում ստորագրում այն: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ որոշման պատճենը:

65. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

66. Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից (Ձև Ա-12):

67. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) համապատասխան ՊՈԱԿ-ի կամ ՓԲԸ-ի անվանումը.

2) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

68. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

69. Գրավոր բողոքը քննության է առնում Նախարարը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

70. Բողոքը պետք է ներկայացվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 76-րդ կետի «4-12» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

71. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

72. Բողոքը քննության է առնվում Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

73. Անհրաժեշտության դեպքում Նախարարը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

74. Բողոքի քննարկման արդյունքում Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանձնաժողովի որոշումը Տնօրենի պաշտոնին չհամապատասխանելու մասին` թողնել անփոփոխ.

2) Տնօրենը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

75. Նախարարի ընդունած որոշումը ատեստավորվող Տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

76. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը հանձնման ակտով (Ձև Ա-13) Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը փոխանցում է Աշխատակազմի կնիքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը, որը ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Ա-1),

2) Ամփոփաթերթ (Ձև Ա-2),

3) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն (Ձև Ա-3),

4) Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն (Ձև Ա-4),

5) Թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում (Ձև Ա-5),

6) Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում (Ձև Ա-6),

7) Տնօրենի (տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշում (Ձև Ա-7),

8) Հարցազրույցի անցկացման արձանագրություն (Ձև Ա-8),

9) Քվեաթերթիկ (Ձև Ա-9),

10) Քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրություն (Ձև Ա-10),

11) Ատեստավորման թերթ (Ձև Ա-11),

12) Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ (Ձև Ա-12),

13) Այլ փաստաթղթեր:

77. Աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը սույն ընթացակարգի 76-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

78. Նախարարը` հիմք ընդունելով սույն ընթացակարգի 62-րդ կետը, կամ 74-րդ կետը, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

2) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

79. Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

80. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով: