Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2012-20.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.266
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11312385

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 991-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը` համաձայն հավելված 1-ի.

2) ծառայողական քննության անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

 

 

Հավելված 1
ՀՀ պաշտպանության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 20-ի
N 991-Ն հրամանի

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ

(ՊԵՏԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ամբողջ համակարգում.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներում, զինված ուժերի զորամասերում և ստորաբաժանումներում.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի իրենց ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումներում, զորամասերում և ստորաբաժանումներում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների զինծառայող ղեկավարները` իրենց ենթակայության զորամասերում և ստորաբաժանումներում.

5) զորամիավորման, միավորման հրամանատարները` իրենց ենթակայության զորամասերում և ստորաբաժանումներում.

6) զորամասի հրամանատարը` իր ենթակայության ստորաբաժանումներում:

 

 

Հավելված 2
ՀՀ պաշտպանության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 20-ի
N 991-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների (այսուհետ` զինծառայող) նկատմամբ ծառայողական քննության անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական քննությունն Օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով զինծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննության նպատակն է` ապահովել.

1) Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրականացումը.

2) զինվորական կարգապահության ամրապնդումը, զինծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման ժամանակին բացահայտումը, որպեսզի զինծառայողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվեն խախտման ծանրությունը և այլ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև բացառվեն անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը.

3) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը.

4) կարգապահական խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը.

5) զինծառայողների սույն կարգով նախատեսված դեպքերում իրավունքների մինչդատական պաշտպանությունը:

4. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) Օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կարգապահական տույժի, ինչպես նաև զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.

2) սույն կարգով նախատեսված կողմերի և այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը զինծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.

3) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.

4) այլ հանգամանքներ, որոնցով սույն կարգով նախատեսված կողմերը հիմնավորում են իրենց փաստարկները:

 

II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծառայողական քննություն նշանակվում և անցկացվում է միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

6. Ծառայողական քննության նշանակման հիմքեր են`

1) զինծառայողների, քաղաքացիների, այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտարարությունները, հաղորդումներն ու բողոքները.

2) վերադաս հրամանատարների (պետերի) հրամանները.

3) իրավախախտում կատարած զինծառայողի զեկուցագիրը.

4) մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հաղորդումները.

5) հրամանատարի (պետի) կամ հետաքննության մարմնի` իրավախախտման փաստի մասին հայտարարությունները.

6) համապատասխան ստուգումներ կատարող հանձնաժողովների եզրակացություններն ու նրանց ղեկավարների հայտարարությունները:

7. Ծառայողական քննություն պարտադիր նշանակվում և անցկացվում է հետևյալ դեպքերում.

1) սպայի կողմից կատարված (մեղսագրվող) կարգապահական իրավախախտման.

2) զինծառայողի կողմից կատարված (մեղսագրվող) կարգապահական կոպիտ իրավախախտման, ինչպես նաև պետությանը պատճառած նյութական վնասի.

3) զորամասերում փաստաթղթային ստուգումների արդյունքներով հայտնաբերված իրավախախտումների.

4) զինվորական տեխնիկայի ոչ իրավաչափ օգտագործման կամ մոտոռեսուրսների գերածախսի (եթե տվյալ իրավախախտումը թույլ է տրվել հրամանատարի (պետի) կարգադրությամբ, ապա ծառայողական քննությունն անցկացվում է վերադաս հրամանատարի (պետի) կողմից).

5) թռիչքային և այլ պատահարների.

6) զինծառայողի ինքնությունը հաստատող վկայականի (զինվորական գրքույկի), հաշվարկային գրքույկի, ինչպես նաև հատուկ պահպանության ենթակա այլ փաստաթղթի կորստի կամ փչացնելու.

7) զինծառայողի կամ այլ անձի աշխատունակության ժամանակավոր կորուստ առաջացրած պատահարի.

8) օրենքի խախտումով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից անհիմն տարկետումների կամ զինծառայությունից ազատելու.

9) նախաքննության մարմնի կամ կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ.

10) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

III. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Ծառայողական քննություն անցկացվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում, որը հաշվվում է ծառայողական քննություն նշանակելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանի տրման օրվանից: Նշված ժամկետը իրավասու հրամանատարի (պետի) հրամանով կարող է երկարաձգվել 5 աշխատանքային օրով` ծառայողական քննություն իրականացնող անձի (աշխատանքային խմբի ղեկավարի) պատճառաբանված զեկուցագրի հիման վրա:

9. Ծառայողական քննության նշանակման մասին հրամանում նշվում են այն նշանակելու պատճառը կամ հիմքը, քննություն իրականացնող անձը կամ աշխատանքային խումբը, ինչպես նաև քննության անցկացման ձևը, ժամկետը և պարզաբանման ենթակա հարցերը:

10. Ծառայողական քննություն իրականացնելիս պարտադիր պարզաբանման ենթակա են.

1) իրավախախտման կամ պատահարի բնույթը, կատարման ժամանակը, տեղը, պայմանները և դրան առնչվող այլ հանգամանքներ.

2) իրավախախտում կատարած անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, իրավախախտման դրսևորման ձևերը.

3) մեղավոր անձի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները.

4) իրավախախտման կամ պատահարի առաջացրած հետևանքները.

5) իրավախախտմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

11. Ծառայողական քննություն իրականացնող անձը (աշխատանքային խմբի ղեկավարը) գործում է օրենքով և սույն կարգով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում: Ծառայողական քննություն իրականացնելու համար հրամանատարի (պետի) կողմից նշանակվում են առավել պատրաստված և համապատասխան մասնագիտական ունակություններ ունեցող անձինք: Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ժամանակահատվածում ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից, մարտական հերթապահություն կրելուց, վերակարգից:

12. Իրավախախտման կամ պատահարի փաստացի հանգամանքները պարզվում են կարգապահական իրավախախտման մեջ մեղադրվող անձից, ականատեսից, տուժածից և սույն կարգի համաձայն ծառայողական քննության կողմ հանդիսացող այլ անձանցից բացատրություններ վերցնելու միջոցով: Բացատրությունները վերցվում են անհատապես և առանձնացված տարածքում:

13. Բացատրության մեջ նշվում է այն կազմելու տեղը, ժամանակը, բացատրություն վերցնողի և բացատրություն տվողի պաշտոնը, զինվորական կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը: Բացատրությունները գրվում են առաջին դեմքով և բացատրություն տվողի ձեռքով, կամ վերջինիս խնդրանքով` բացատրություն վերցնողի ձեռքով: Մարտական հերթապահության կամ վերակարգում ընդգրկված զինծառայողից բացատրություն կարող է վերցվել մարտական հերթապահության ավարտից կամ վերակարգը հանձնելուց հետո:

14. Բացատրությունները վերցվում են արձանագրություն կազմելու միջոցով, որոնք ստորագրում են բացատրություն վերցնողը և բացատրություն տվողը:

15. Իրավախախտման և պատահարի, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով ծառայողական քննություն անցկացնող անձն իրավունք ունի համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել գործին առնչվող փաստաթղթեր, տեղեկանքներ, կատարել դեպքի վայրի, շինությունների, առարկաների և փաստաթղթերի զննություն: Զննությունը, որպես կանոն, իրականացվում է աշխատանքային ժամերին, բացառությամբ անհետաձգելի դեպքերը: Նշված գործողությունների և ձեռք բերած տվյալների ամրագրման համար կազմվում է առանձին արձանագրություն:

16. Ծառայողական քննություն իրականացնողն իրավունք ունի զննությանը ներգրավել իրավախախտման մեջ մեղադրվողին, նյութական արժեքների պատասխանատուին, ականատեսներին, տուժածներին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև գործի ելքով չշահագրգռված համապատասխան մասնագետի: Ծառայողական քննություն իրականացնելիս համապատասխան մասնագետներ են ներգրավվում վթարների, հրդեհի, պայթյունի և առավել բարդ պատահարների դեպքում:

17. Մասնագետն իրավունք ունի ծանոթանալ ծառայողական քննությամբ ձեռք բերված նյութերին, հարցեր տալ իրավախախտողին, ականատեսին, տուժածին: Զննություն կատարելիս մասնագետը բացատրություն է տալիս իր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ, կազմում է մասնագիտական եզրակացություն:

18. Ծառայողական քննության ընթացքում արգելվում է կատարել խուզարկություն, առգրավում, ինչպես նաև մեկուսացնել կամ այլ ձևով սահմանափակել զինծառայողների և այլ անձանց իրավունքները:

19. Ծառայողական քննության հիմքում չեն կարող դրվել և օգտագործվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք ձեռք են բերվել`

 1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով.

2) տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.

3) սույն կարգի պահանջների խախտմամբ:

20. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով:

21. Զինծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:

22. Ծառայողական քննության ընթացքում սույն կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաև քննության նյութերին գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ կողմերը կարող են ներկայացնել միջնորդություններ: Ծառայողական քննություն իրականացնողը (աշխատանքային խմբի ղեկավարը) միջնորդությունները քննարկում է 1-օրյա ժամկետում: Միջնորդությունների հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնողը (աշխատանքային խմբի ղեկավարը) այդ մասին գրավոր պատասխան է ներկայացնում կողմերին և դրանցում նշված գործողությունները կատարում է սույն կարգի պահանջների պահպանմամբ:

23. Միջնորդություններում նշված պահանջների կատարումը լրիվ մերժելու դեպքում ծառայողական քննություն իրականացնողի (աշխատանքային խմբի ղեկավարի) կողմից գրավոր պատճառաբանված պատասխան է տրվում կողմերին: Գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում կողմերը, պատասխանն ստանալուց մեկօրյա ժամկետում, կարող են այն բողոքարկել ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին): Բողոքը ստանալուց 1-օրյա ժամկետում հրամանատարը (պետը) կայացնում է համապատասխան որոշում, որի պատճենը հանձնվում կամ ուղարկվում է միջնորդություն ներկայացրած կողմին:

24. Միջնորդությունների քննարկումը, ինչպես նաև դրանց կապակցությամբ կողմերին տրված գրավոր պատասխանների բողոքարկումը չեն կասեցնում ծառայողական քննության ընթացքը:

25. Մինչև ծառայողական քննության ավարտն արգելվում է իրավախախտում կատարած կամ դրա կատարման մեջ կասկածվող զինծառայողին արձակել զինվորական ծառայությունից, արձակուրդ տրամադրել, կոչում շնորհել, բարձր պաշտոնի նշանակել, պարգևատրել կամ գործուղել:

26. Կարգապահական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող զինծառայողն իրավունք ունի`

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչը վավերացվում է իր ստորագրությամբ.

2) իմանալու ինչի համար է մեղադրվում.

3) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

4) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու, առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց առնչությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

6) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու:

27. Կարգապահական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող զինծառայողը պարտավոր է`

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը:

28. Եթե ծառայողական քննությունն անցկացվում է աշխատանքային խմբի կողմից, ապա աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ իր կատարած գործողությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է աշխատանքային խմբի ղեկավարին:

 

IV. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

29. Որոշում կայացնելու համար բավարար ապացույցների առկայության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը (աշխատանքային խմբի ղեկավարը) կազմում է ամփոփիչ եզրակացություն և զեկուցում է քննությունը նշանակած հրամանատարին (պետին): Զեկուցագրին կցվում են քննության նյութերը և փաստաթղթերը:

30. Ամփոփիչ եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

31. Ներածական մասում նշվում է թե ով, ինչի հիման վրա, որտեղ, երբ և ինչ հիմքով է անցկացրել ծառայողական քննությունը, ինչպես նաև իրավախախտման կամ պատահարի բնույթը:

32. Նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են քննության ընթացքում պարզված հանգամանքները, իրավախախտման տեղը և ժամը, կատարողը, իրավախախտումն ինչ միջոցներով, նպատակով կամ շարժառիթներով, դիտավորությամբ, թե անզգուշությամբ է կատարվել, մեղավոր անձի բնութագիրը, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, նրա կողմից ի պաշտպանություն իրեն բերվող փաստարկները և դրանց ստուգման արդյունքները, իրավախախտման պատճառների և դրան նպաստած հանգամանքների վերլուծությունը և փաստացի տվյալները պարզելու ապացույցները: Եթե իրավախախտումը կատարել են մի քանի անձ, ապա թվարկված հանգամանքները մեղավորներից յուրաքանչյուրի նկատմամբ նշվում են առանձին:

33. Եզրափակիչ մասում նշվում է, թե կոնկրետ ով և ինչում է մեղավոր, օրենքի և այլ նորմատիվ ակտերի որ նորմերն են խախտվել, իրավախախտման արդյունքում հասցված նյութական վնասի, մեղավոր անձանցից վերականգնման ենթակա վնասի չափի, նմանատիպ իրավախախտումները կանխարգելելու վերաբերյալ միջոցառումների մասին:

34. Եզրակացությունն ստորագրում է ծառայողական քննություն իրականացրած անձը (աշխատանքային խմբի ղեկավարը):

35. Ծառայողական քննության ամփոփիչ եզրակացությունը ծանոթացվում է ծառայողական քննության կողմերին, ինչի մասին եզրակացության վրա նրանց ստորագրություններով հաստատված նշումներ են արվում:

36. Ստանալով ծառայողական քննության վերաբերյալ ամփոփիչ եզրակացությունը և նյութերը, իրավասու հրամանատարը (պետը) ծանոթանում է դրանց, գնահատում և օրենքով սահմանված ժամկետներում ու իր իրավասությունների շրջանակներում կայացնում է համապատասխան որոշում:

37. Ծառայողական քննության նյութերով հրամանատարը (պետը) կարող է ընդունել հետևյալ որոշումները.

1) մեղավոր անձին ենթարկել օրենքով սահմանված կարգապահական կամ նյութական պատասխանատվության.

 2) օրենքով սահմանված կարգով նյութերը հանձնել զորամասի սպայի պատվի դատարանի կամ օրենքով սահմանված ժողովների քննարկմանը.

3) անհրաժեշտության դեպքում 5-օրյա ժամկետում ծառայողական քննության բոլոր նյութերն ուղարկել մեղավոր զինծառայողի նոր ծառայության վայրի զորամասի հրամանատարին` նրան օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար.

4) քննության նյութերն իր առաջարկությունների հետ ուղարկել վերադաս հրամանատարին (պետին)` ըստ գործի էության որոշում կայացնելու համար.

5) ծառայողական քննության ընթացքում չբացահայտված հանգամանքների պարզաբանման նպատակով վերադարձնել նյութերը` լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու համար.

6) օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել հետաքննություն կատարելու մասին կամ նյութերն ուղարկել կայազորի զինվորական դատախազություն:

38. Ծառայողական քննության արդյունքներով կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանատարի (պետի) ընդունած որոշումն արտահայտվում է հրամանի տեսքով, իսկ նյութերը զորամասի սպայի պատվի դատարանի կամ օրենքով սահմանված ժողովների քննարկմանը ներկայացնելու որոշում կայացնելու դեպքում` նաև ամփոփիչ եզրակացության վրա արված համապատասխան մակագրությամբ:

39. Ծառայողական քննության արդյունքներով ընդունված որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

V. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

40. Ծառայողական քննության նյութերն ընդգրկում են հետևյալ փաստաթղթերը`

1) ծառայողական քննության անցկացման հիմք հանդիսացած հայտարարությունը, հաղորդումը կամ զեկուցագիրը.

2) ծառայողական քննության անցկացման մասին որոշումը.

3) համապատասխան ստուգումների մասին ակտը.

4) ծառայողական քննության կողմերի բացատրությունները.

5) զննությունների արձանագրությունները և դրանց կից փաստաթղթերը (պատճենները).

6) մասնագետների եզրակացությունները.

7) զինծառայողի ծառայողական քարտի պատճենը` հաստատված զորամասի իրավասու պաշտոնատար անձի կողմից.

8) ծառայողական բնութագիր` հաստատված զորամասի հրամանատարի կողմից.

9) զինծառայողին պաշտոնի նշանակելու մասին հրամանի քաղվածքը.

10) ծառայողական քննության ընթացքում ստացված այլ փաստաթղթեր.

11) ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմված ամփոփիչ եզրակացությունը.

12) ծառայողական քննության արդյունքներով հրամանատարի (պետի) ընդունած որոշումը (պատճենը, քաղվածքը):

41. Ծառայողական քննության նյութերը կարվում են, համարակալվում և հաշվառվում:

42. Ծառայողական քննության նյութերը պահվում են զորամասի շտաբում (զինվորական կառավարման մարմնում) և հաշվառվում են դրանց համար նախատեսված հատուկ մատյաններում: Ծառայողական քննության նյութերը պահպանվում են հինգ տարի ժամկետով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2023, N 6-Ն 20.08.2023, N 991-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան