Գլխավոր տեղեկություն
Համար
N 196-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.19
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.06.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

26 հունիսի 2012 թ.

ք. Երևան

N 196-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) անհատական հաշիվ բացելու կարգը` համաձայն հավելված N 1-ի.

2) տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Մ. Փաշայանին`

1) հիմք ընդունելով սույն հրամանի 1-ին կետով հաստատված եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվառման նպատակով անհատական հաշիվ բացելու կարգը, ապահովել անհատական հաշիվների բացման իրականացումը.

2) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար ներկայացվող տվյալներում առկա անճշտությունների մասին տվյալներ ներկայացնողին տեղեկացնել սույն հրամանի 2-րդ կետով հաստատված կարգով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական 

եկամուտների կոմիտեի նախագահի 

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Ալավերդյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 26 հունիսի 2012 թ.

N 196-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) ֆիզիկական անձանց համար անհատական հաշիվ բացելու ընթացակարգը:

2. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները արտացոլվում են ֆիզիկական անձանց անհատական հաշիվներում (այսուհետ` անհատական հաշիվ):

3. Անհատական հաշվում ներառվում են գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում արտացոլված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստացված տվյալները:

4. Անհատական հաշիվը հարկային մարմինը բացում է ֆիզիկական անձի անձնավորված տվյալները տեղեկատվական բազայում ստացման օրվա ընթացքում ինքնաշխատ եղանակով`

1) վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի համար` գործատուի կողմից առաջին անգամ նրկայացված գրանցման հայտի հիման վրա,

2) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի հարկային մարմնում հաշվառման կանգնելու հիման վրա,

3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հարկային մարմնին պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով ինքնազբաղված անձի միանալու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում` ինքնազբաղված անձի հարկային մարմնում հաշվառման կանգնելու հիման վրա, տեղեկատվական բազա մուտքագրելով համապատասխան տվյալները, եթե անձի համար դեռևս չի բացվել անհատական հաշիվ,

4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հարկային մարմնում հաշվառման կանգնելու հիման վրա, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել գրանցման հայտ:

5. 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառման կանգնած`

1) անհատ ձեռնարկատերերի համար անհատական հաշիվ բացվում է առաջին անգամ եկամտային հարկ կամ պարտադիր կուտակային վճար (սկսած 2014 թվականի հունվարի 1-ից) վճարելու հիման վրա, իսկ վճարումների բացակայության դեպքում` ներկայացված հաշվարկի հիման վրա,

2) նոտարների համար անհատական հաշիվ բացվում է ինքնաշխատ եղանակով` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Հարկատու 3» տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հիման վրա:

6. 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառման կանգնած անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնավորված տվյալները անձի անհատական հաշիվ մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` ֆիզիկական անձանց անձնավորված տվյալների` տեղեկատվական բազա մուտքագրման միջոցով:

7. Անհատական հաշվում ներառված տվյալներում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` տեղեկատվական բազայում կատարված փոփոխությունների հիման վրա` ինքնաշխատ եղանակով:

 

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 26 հունիսի 2012 թ.

N 196-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻՆ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) ձևավորելու և վարելու համար հարկային մարմին վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի գրանցման հայտում և անձնավորված (պարզեցված) հաշվարկում (այսուհետ` հաշվարկ) ներառված տվյալներում անճշտությունների մասին տվյալներ ներկայացնողին տեղեկացնելու ընթացակարգը:

2. Սույն կարգի իմաստով տվյալներ ներկայացնող են հանդիսանում գործատուները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղվածները և օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի և նոտարների) պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք:

3. Տվյալներ ներկայացնողի կողմից ստացված տվյալները հարկային մարմնում տեղեկատվական համակարգը ինքնաշխատ կերպով համադրում է տեղեկատվական բազայում առկա և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տվյալների հետ: Ներկայացված տվյալներում անճշտությունների բացակայության կամ ոչ էական անճշտությունների դեպքում դրանք ներառվում են տեղեկատվական բազա:

4. Տեղեկատվական բազա ներկայացվող տվյալներում հնարավոր ոչ էական անճշտությունները կարող են լինել այնպիսի անճշտությունները, որոնք մեխանիկական վրիպակի արդյունք են: Մեխանիկական է համարվում այն քերականական կամ թվային ակնհայտ վրիպակը, որը չի առաջացնում տվյալներ ներկայացնողի և տվյալների սուբյեկտի իրավունքների սահմանափակման կամ պարտականությունների ավելացման և`

1) կապված չէ ֆիզիկական անձի անվան (ազգանվան) փոփոխության հետ,

2) կապված չէ թվաբանական մեծությունների (համար, գումար, քանակ) հետ,

3) վերաբերում է լրացման համար ոչ պարտադիր դաշտերին:

5. Սույն կարգի 7-րդ կետում նշված անճշտությունների առկայության դեպքում հարկային մարմինը մերժում է գրանցման հայտը կամ հաշվարկը ընդունելը և այդ անճշտությունների մասին անձնավորված հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկացնում (ծանուցում) է տվյալներ ներկայացնողին:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում գրանցման հայտը կամ հաշվարկը համարվում է չներկայացված: Տվյալներ ներկայացնողը պարտավոր է անճշտությունները վերացնելուց հետո հարկային մարմին կրկին ներկայացնել գրանցման հայտ կամ հաշվարկ:

7. Ներկայացվող տվյալներում վերացման ենթակա անճշտություններ են համարվում համադրման արդյունքում ի հայտ եկած հետևյալ սխալները, մասնավորապես`

1) հարկ վճարողի (գործատուի) ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի դեպքում, երբ բացակայում է հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, որի պատճառով հնարավոր չէ ՀՎՀՀ-ն լրացնել ինքնաշխատ),

2) անձի անունը և (կամ) ազգանունը չի համապատասխանում հանրային ծառայությունների համարանիշին (հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարին) կամ անձը հաստատող փաստաթղթի սերիային և (կամ) համարին,

3) անձի ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրից ստացված տվյալներին,

4) պարտադիր լրացման համար նախատեսված դաշտում սխալ տվյալ է լրացված կամ լրացված են չթույլատրված նիշեր,

5) բացակայում է պարտադիր լրացման համար նախատեսված դաշտի տվյալը,

6) պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը բացակայում է կամ վավեր չէ,

7) ներբեռնված ֆայլը վավեր չէ: