ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2011 թ. |
N 1280-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ««Ա. Դ. ՍԱԽԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ»-ԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ) ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՎ, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 020800-«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ 090100-«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի» 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`
Հրամայում եմ
1. Բելառուսի Հանրապետության ««Ա. Դ. Սախարովի անվան միջազգային պետական էկոլոգիական համալսարան» կրթական հիմնարկ»-ին (Երևանի մասնաճյուղ) տալ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով, հեռակա ուսուցմամբ, 5 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով՝ 020800 - «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա:
2. Բելառուսի Հանրապետության ««Ա. Դ. Սախարովի անվան միջազգային պետական էկոլոգիական համալսարան» կրթական հիմնարկ»-ին (Երևանի մասնաճյուղ) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով, բակալավրի որակավորման աստիճանով, հեռակա ուսուցմամբ, 5 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 25-ական տեղերով՝ 090100 - «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը մերժել՝ լաբորատորիաների սարքերով, սարքավորումներով, նյութերով հագեցվածությունը սահմանված կարգին չհամապատասխանելու հիմքով:
3. Հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
Ա. Աշոտյան |