Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.10.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.17/24(407) Հոդ.384
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
29.08.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12511432

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

29 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 219-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի «ե» ենթակետի համաձայն

 

Հրամայում եմ՝

 

Սահմանել միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու ծրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայն հավելվածի:

 

 Ա. Մարտիրոսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական կոմիտեի նախագահի

2011 թվականի օգոստոսի 29-ի

N 219-Ն հրամանի

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են միջուկային տեղակայանքը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի NN 1 և 2 էներգաբլոկները (այսուհետ՝ ՀԱԷԿ) շահագործումից հանելու ծրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

2. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրով ներկայացվում են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման և իրականացման աշխատանքները, դրանց կատարման պայմաններն ու ժամկետները:

3. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի առաջին (նախնական) տարբերակը պետք է ՀԱԷԿ-ը շահագործող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե (այսուհետ` Կոմիտե) ներկայացվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ժամկետից ոչ ուշ, քան հինգ տարի առաջ:

4. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 48 արձանագրային որոշմամբ նախատեսված Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու գործողությունների նախապատրաստման և իրականացման փուլերն ու ենթափուլերը:

5. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագիրը՝ կախված տնտեսական, տեխնիկական և այլ գործոններից, շահագործումից հանման գործընթացում կարող է փոփոխվել ՀԱԷԿ-ի շահագործող կազմակերպության կողմից: Շահագործումից հանման ծրագրում կատարված յուրաքանչյուր փոփոխություն պետք է համաձայնեցվի Կոմիտեի հետ:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու ծրագիրը պետք է բաղկացած լինի երեք մասերից.

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստում.

2) ՀԱԷԿ-ը շահագործումից հանում.

3) Կարգավորող վերահսկողությունից ՀԱԷԿ-ի հրապարակի դուրսբերում:

7. Շահագործումից հանելու ծրագրի մասերը պետք է բաժանվեն առանձին բաժինների և ենթաբաժինների:

8. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մասերը պետք է տպված լինեն Ա4 ձևաչափի սպիտակ թղթի մեկ կամ երկու երեսի վրա՝ կարդալու համար հարմար մասշտաբով:

ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրում ներառված գրաֆիկական նյութերը պետք է տպվեն Ա3 ձևաչափի սպիտակ թղթի վրա՝ կարդալու համար հարմար մասշտաբով:

9. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի բոլոր էջերը պետք է համարակալվեն արաբական թվանշաններով:

10. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագիրը, բացի հիմնական տեքստային մասերից, պետք է ունենա տիտղոսաթերթ, համաձայնեցումների թերթ և փոփոխությունների թերթ:

11. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրում կատարվող փոփոխությունները պետք է կատարվեն էջերի փոփոխման եղանակով՝ փոփոխությունների թերթում նշելով փոփոխության հիմքը և ժամանակը:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

«ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՀԱԷԿ-Ը ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

12. Պետք է տրվի ՀԱԷԿ-ի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, սեփականության տեսակը և հասցեն, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ ՀԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման, շահագործման հանձնելու, շահագործման, ժամանակավոր դադարի ռեժիմում գտնվելու վերաբերյալ:

Պետք է տրվեն ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի նպատակները:

 

 Բաժին 1.1. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու իրավական հիմքը

 

13. Պետք է հղում կատարվի այն իրավական ակտերին, որոնք նախատեսում են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի անհրաժեշտությունը:

14. Պետք է բերվի այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնք օգտագործվել են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման ժամանակ:

 

 Բաժին 1.2. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը և շահագործումից հանելու կառավարումը

 

15. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը և շահագործումից հանումը պետք է համապատասխանեն «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 48 արձանագրային որոշման դրույթներին:

16. Պետք է շարադրվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման և իրականացման աշխատանքների կառավարման ընդհանուր սխեման, ներառյալ` շահագործող կազմակերպության կազմակերպական կառուցվածքի սխեման և ստորաբաժանումների նկարագրությունը, ինչպես նաև շահագործումից հանելու նախապատրաստման և իրականացման աշխատանքների կատարման համար իրավասությունների սահմանումը:

 

 Բաժին 1.3.

ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալները

 

Ենթաբաժին 1.3.1.

ՀԱԷԿ-ի անվտանգության բնութագրերը

 

17. Պետք է ներկայացվեն ՀԱԷԿ-ի այն նախագծային, տեխնիկական և շահագործման հետ կապված բնութագրերը, որոնք ազդում են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու վրա և օգտագործվելու են շահագործումից հանման նախապատրաստման և իրականացման կազմակերպական ու տեխնիկական միջոցառումները մշակելիս:

18. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման համար պետք է ներկայացվի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարեցման պահին ՀԱԷԿ-ի համակարգերի և տարրերի կանխատեսվող վիճակը, այդ թվում՝

1) ռեակտորի և դրա հետ կապված համակարգերի ու սարքավորումների.

2) շենքերի ու կառույցների.

3) ռադիոակտիվ թափոնների պահեստարանների` նշելով նաև դրանց լցվածության չափը.

4) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների.

5) աշխատած միջուկային վառելիքի պահման ջրավազանների` նշելով նաև դրանցում առկա վառելիքային հավաքվածքների քանակությունը:

19. Պետք է ներկայացվեն համառոտ տեղեկություններ ՀԱԷԿ-ի շահագործման պատմության վերաբերյալ, այդ թվում.

1) ըստ տարիների ռեակտորի ջերմային հզորության միջին արժեքի փոփոխության մասին.

2) ՀԱԷԿ-ում տեղի ունեցած այն վթարների մասին, որոնք բերել են տեխնոլոգիական սարքավորումների, սենքերի և ՀԱԷԿ-ի հրապարակի ռադիոակտիվ աղտոտման.

3) ՀԱԷԿ-ի հիմնական ռեակտորային սարքավորումների և (կամ) նեյտրոններով ճառագայթահարված ու (կամ) ռադիոակտիվ տեխնոլոգիական միջավայրերի հետ շփմամբ աշխատող տեխնոլոգիական սարքավորումների և (կամ) դրանց տարրերի փոխարինման մասին.

4) ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակում և դրա շուրջ փորված դիտարկման հորերից վերցված փորձանմուշներում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության մասին (հորատանցքերի ճառագայթային մոնիթորինգի տվյալները).

5) ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի մոնիթորինգի տվյալները:

20. Հաշվի առնելով ռեակտորի աշխատանքի վերջնական դադարեցման պահին ՀԱԷԿ-ի շահագործման ռեժիմները՝ պետք է ներկայացվի նեյտրոնային հոսքի ազդեցությանը ենթարկված շինարարական կառույցների և սարքավորումների ակտիվացման նախնական գնահատականը:

21. Պետք է ներկայացվի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարեցման պահին ՀԱԷԿ-ի սենքերում կանխատեսվող ճառագայթային իրավիճակը:

 

 Ենթաբաժին 1.3.2. ՀԱԷԿ-ի հրապարակի հարակից տարածքների բնութագրերը

 

22. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման և անձնակազմի, բնակչության ու շրջակա միջավայրի վրա շահագործումից հանելու աշխատանքների ազդեցության գնահատման համար պետք է համառոտ շարադրվեն ՀԱԷԿ-ի հրապարակի հարակից տարածքների բնութագրերը, այդ թվում` ՀԱԷԿ-ի հրապարակի գտնվելու վայրի նկարագրությունը, ՀԱԷԿ-ի հրապարակի գտնվելու վայրի վրա ազդող տոպոգրաֆիկ, օդերևութաբանական, հիդրոերկրաբանական, սոցիալ-տնտեսական և այլ պայմանները:

Պետք է հղումներ կատարվեն այն փաստաթղթերին, որոնք պարունակում են այս ենթաբաժնում բերված տեղեկությունները:

 

 Ենթաբաժին 1.3.3. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման ժամանակ օգտագործված տեղեկատվական աղբյուրները

 

23. Պետք է ներկայացվի այն բոլոր փաստաթղթերի ցանկը, որոնցով ղեկավարվել են շահագործումից հանելու ծրագրի մշակման աշխատանքների սկսման պահին, ներառյալ.

1) նախագծային, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթերը.

2) սարքավորումների, համակարգերի, շինարարական կառույցների, սենքերի, շինությունների հետազոտման արդյունքները պարունակող փաստաթղթերը:

 

 Ենթաբաժին 1.3.4. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարեցումից առաջ իրականացվելիք աշխատանքների ծրագրավորումը

 

24. Պետք է մշակվի և ներկայացվի վերը նշված աշխատանքների կատարման ու միջոցառումների իրականացման ժամանակացանկը: Ժամանակացույցում պետք է բերվեն ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման աշխատանքների սկսման և ավարտման ժամկետները:

25. Պետք է գնահատվի, թե շահագործումից հանելու հետ կապված ինչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել ՀԱԷԿ-ում, և ներկայացվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման փուլում դրանց կատարման նախնական գրաֆիկը` կապակցելով դրանք այդ փուլում կատարվելիք աշխատանքների ու կազմակերպական և տեխնիկական միջոցառումների հետ:

 

 Ենթաբաժին 1.3.5. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու տվյալների բազան

 

26. Պետք է ներկայացվի այն տվյալների ցանկը, որոնք պետք է ներառվեն ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու տվյալների բազայում՝

1) քանդման ենթակա, այդ թվում` շահագործման ընթացքում նեյտրոնային հոսքի ազդեցությանը ենթարկված շինարարական կառույցների ու սարքավորումների կամ նյութերի քիմիական կազմը.

2) ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածի համար ռեակտորի ջերմային հզորության միջին ամսական արժեքների փոփոխության տվյալները (ջերմային հզորության միջին ամսական արժեքների հիստոգրամման), ինչն անհրաժեշտ է ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո ցանկացած պահի համար սարքավորումների ու շինարարական կառույցների ակտիվացումը գնահատելու համար.

3) ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարների վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա կարելի է ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո ցանկացած պահի իրականացնել տեխնոլոգիական սարքավորումների, սենքերի ու շինարարական կառույցների ռադիոակտիվ աղտոտվածության գնահատում, այդ թվում` սովորական ապաակտիվացման համար դժվար հասանելի տեղերում գտնվող սարքավորումների ու շինարարական կառույցների.

4) շահագործման ժամանակ ռեակտորային հիմնական սարքավորումների և (կամ) նեյտրոններով ճառագայթահարված ու (կամ) ռադիոակտիվ տեխնոլոգիական միջավայրերի հետ շփմամբ աշխատող տեխնոլոգիական սարքավորումների փոխարինման վերաբերյալ տվյալները, ինչն անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներից հետո սարքավորումների ու դրանց տարրերի ակտիվացման կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածության հաշվարկման համար.

5) ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից առաջ խողովակաշարերի ու սարքավորումների ներքին մակերեսների կոռոզիոն և այլ տեսակի նստվածքներում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության վերաբերյալ տվյալները.

6) ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից առաջ իրականացված վերջին ապաակտիվացումից հետո հիմնական սարքավորումների և սենքերի մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածության վերաբերյալ տվյալները.

7) ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածում փաստացի ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի վերաբերյալ տվյալները.

8) ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածում կուտակված հեղուկ ու պինդ ռադիոակտիվ թափոնների (շահագործման ժամանակ առաջացած թափոնների) վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ դրանց քանակությունն ու դրանցում առկա ռադիոակտիվ իզոտոպները, թափոնների կատեգորիաները, ՀԱԷԿ-ի հրապարակում և ՀԱԷԿ-ի սենքերում դրանց պահման տեղերն ու ձևերը, առկա պահեստարանների տարողունակությունը և շահագործումից հանման ժամանակ առաջացող թափոնների ժամանակավոր պահեստավորման համար դրանցում ազատ ծավալները, թափոնների վերամշակման ու փոխադրման միջոցները, թափոնների պահեստարաններում ճառագայթային մոնիթորինգի համակարգը.

9) ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից առաջ ՀԱԷԿ-ի հրապարակում և դրանից դուրս տարածքներում փորված դիտարկման հորերից վերցված փորձանմուշներում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության վերաբերյալ տվյալները:

27. Պետք է նշվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու տվյալների բազայի ստեղծման աշխատանքների սկիզբը և ավարտը:

 

 Բաժին 1.4. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ համակարգերը և սարքավորումները

 

28. Պետք է ներկայացվեն ՀԱԷԿ-ի այն համակարգերն ու սարքավորումները, որոնք պետք է օգտագործվեն ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման ու իրականացման փուլերում, ինչպես նաև այն համակարգերը, որոնք շահագործումից հանման փուլի տարբեր ենթափուլերում ենթակա են կոնսերվացման, տեղայնացման և ապամոնտաժման: Սարքավորումները և համակարգերը պետք է բաժանվեն հետևյալ հիմնական խմբերի.

1) համակարգեր և սարքավորումներ, որոնք պետք է շահագործման մեջ մնան մինչև շահագործումից հանման գործընթացի վերջը (շահագործումից հանման ընտրված տարբերակին համապատասխան, ՀԱԷԿ-ի ճառագայթաանվտանգ վիճակի բերումը. օրինակ՝ օդափոխման, օդամաքրման, ճառագայթային մոնիթորինգի, հրշեջ համակարգերը և այլն).

2) համակարգեր և սարքավորումներ, որոնք պետք է շահագործվեն միայն ՀԱԷԿ-ի շահագործումից հանման նախապատրաստման փուլում և կարող են ապամոնտաժվել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու փուլի տարբեր ենթափուլերում (օրինակ՝ ղեկավարման և պաշտպանության համակարգը, ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգը, վառելիքի վերաբեռնավորման համակարգը և այլն).

3) համակարգեր և սարքավորումներ, որոնք պարբերաբար կարող են շահագործվել ՀԱԷԿ-ի շահագործումից հանման տարբեր ենթափուլերում ու այդ պատճառով շահագործումների միջև ընկած ժամանակահատվածներում ենթակա են կոնսերվացման (օրինակ՝ կենտրոնական դահլիճի կռունկները, այլ վերամբարձ-տրանսպորտային սարքավորումները և այլն).

4) համակարգեր և սարքավորումներ, որոնք ունեն բարձր ակտիվություն կամ ռադիոակտիվ աղտոտվածություն և մինչև ապամոնտաժման համար ընդունելի մակարդակները դրանց ակտիվության նվազումը ենթակա է տեղայնացման ու հսկողության (օրինակ՝ ռեակտորի իրանը, ներռեակտորային կառուցվածքները և այլն).

5) համակարգեր և սարքավորումներ, որոնք չեն վերաբերում վերը նշված խմբերին ու կարող են ապամոնտաժվել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի համաձայն:

29. Պետք է նկարագրվեն.

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու անցումային և ապաակտիվացման, ապամոնտաժման ու քանդման փուլերում համակարգերի և սարքավորումների ապամոնտաժման աշխատանքների կատարման հերթականությունը.

2) աշխատանքների կատարման և անվտանգության ապահովման համար նախատեսված համակարգերի կատարելագործման կազմակերպական-տեխնիկական միջոցառումները:

 

 ԲԱԺԻՆ 1.5. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու համար մասնագիտական անձնակազմի ուսուցումը և պատրաստումը

 

30. Պետք է նկարագրվեն ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախապատրաստման և ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու փուլերին առանձնահատուկ` ՀԱԷԿ-ի անձնակազմի նպատակաուղղված պատրաստման և աշխատանքների կատարման թույլատրման միջոցառումները:

31. Պետք է նախատեսվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների կատարման հարցերով անձնակազմի պատրաստումն ապահովող փաստաթղթերի մշակումը, այդ թվում` անվտանգության ու ՀԱԷԿ-ի սարքավորումների և համակարգերի շահագործման հարցերով նորմատիվ փաստաթղթերի անհրաժեշտ իմացության ստուգման փաստաթղթերի:

 

 Բաժին 1.6. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու փաստաթղթերի նախապատրաստումը

 

32. Պետք է ներկայացվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու համար անհրաժեշտ նախագծային-կոնստրուկտորական, տեխնոլոգիական և կազմակերպական-մեթոդական փաստաթղթերի ցանկը, դրանց մշակման ժամանակացանկը, ներառյալ՝

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու որակի ապահովման ծրագիրը.

2) ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի վերջնական դադարից հետո աշխատանքի մեջ մնացող ՀԱԷԿ-ի համակարգերի և սարքավորումների շահագործման աշխատակարգը.

3) ՀԱԷԿ-ի համալիր ինժեներական և ճառագայթային հետազոտման անցկացման ծրագիրը.

4) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նախագիծը.

5) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու լիցենզիայի հայտին կից փաստաթղթերը:

 

 Բաժին 1.7. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների կատարման ծախսերի գնահատումը

 

33. Պետք է ներկայացվի.

ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու համար կատարվելիք աշխատանքներից յուրաքանչյուրի և ամբողջ գործընթացի համար աշխատաժամանակի ծախսի նախնական հաշվարկը և արժեքը.

 

 Բաժին 1.8. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների կատարման ֆինանսական ապահովումը

 

34. Պետք է ներկայացվեն.

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները և ժամանակացանկը.

2) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու համար նախատեսված հնարավոր ներդրումային ծրագրերի ցանկը.

3) շահագործումից հանման ժամանակ հնարավոր վթարների հակազդման ու դրանց հետևանքների վերացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները.

4) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների ապահովագրման աղբյուրները։

 

«ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ՀԱԷԿ-Ի ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ»

 

Բաժին 2.1.   ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարեցումը

 

Ենթաբաժին 2.1.1.  ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո շահագործման պայմանների փոփոխությունը

 

35. Պետք է ներկայացվի այն համակարգերի ու տարրերի ցանկը, որոնց համար՝ ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից և ռեակտորի ակտիվ գոտուց աշխատած վառելիքը պահման ջրավազաններ տեղափոխելուց հետո, կպահանջվի շահագործման տեխնոլոգիական աշխատակարգի փոփոխություն:

Պետք է ներկայացվի այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է մշակվեն կամ որոնցում պետք է փոփոխություններ կատարվեն ՀԱԷԿ-ի անցումային փուլում շահագործման նպատակով (ներառյալ` ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո ՀԱԷԿ-ի սարքավորումների և համակարգերի շահագործման նոր աշխատակարգը):

 

 Ենթաբաժին 2.1.2. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո աշխատած վառելիքի կառավարումը

 

36. Պետք է հղում կատարվի այն փաստաթղթերին (ՀԱԷԿ-ի շահագործման աշխատակարգը կամ այլ փաստաթուղթ), որոնց համաձայն նախատեսվում է իրականացնել ռեակտորի ակտիվ գոտուց և պահման ջրավազաններից աշխատած միջուկային վառելիքի հեռացման աշխատանքները:

37. Պետք է նկարագրվեն աշխատած միջուկային վառելիքի կառավարման միջոցառումների ողջ համալիրի իրականացման ժամանակ միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման միջոցառումները, այդ թվում` թերայրված վառելիքի կառավարման միջոցառումները:

38. Պետք է նկարագրվեն և հիմնավորվեն ՀԱԷԿ-ի պահման ջրավազաններից վնասված ջերմանջատիչ հավաքվածքների հեռացման համար նախատեսվող միջոցառումները:

39. Պետք է նախատեսված լինի ՀԱԷԿ-ից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման ծրագիր՝ վերամշակման կամ հատուկ պահեստարաններում պահեստավորման նպատակով:

40. Առանձին դեպքերում պետք է նախատեսվի ռեակտորի ակտիվ գոտուց ջերմանջատիչ հավաքվածքների հեռացումից հետո այնտեղ գտնվող տրոհվող նյութերի քանակության, տիպի և ձևի գնահատման հատուկ ենթածրագրի մշակում: Ենթածրագրով պետք է նկարագրվեն այն միջոցառումները, որոնք կոչված են բացառելու տրոհման շղթայական ռեակցիայի առաջացումը, ընդհուպ ռեակտորի մեջ մնացած տրոհվող նյութերի հեռացումը:

41. Ռեակտորի վաղաժամկետ վերջնական դադարի դեպքում պետք է նախատեսվի աշխատած միջուկային վառելիքի կառավարման ժամանակ միջուկային անվտանգության ապահովման առանձին ծրագիր, որով պետք է նախատեսվի հետևյալ հիմնական միջոցառումների կատարումը.

1) վառելիքի ենթակրիտիկականության ապահովում.

2) ջերմանջատիչ հավաքվածքներից ջերմության հեռացում.

3) առաջին կոնտուրից արտահոսքի և պահման ջրավազաններից գոլորշացման պատճառով ջրի կորստի փոխհատուցում.

4) պահման ջրավազաններում լցված ջրի մակարդակի հսկողություն.

5) պահման ջրավազաններում ջրի որակի պահպանում:

 

Բաժին 2.2. Շինությունների, շենքերի, համակարգերի, հանգույցների ապաակտիվացման, ապամոնտաժման աշխատանքները

 

Ենթաբաժին 2.2.1. Ռեակտորային տեղակայանքներից ու դրանց հետ կապված համակարգերից ռադիոակտիվ և վտանգավոր տեխնոլոգիական միջավայրերի հեռացումը

 

42. Պետք է հղում կատարվի շահագործման այն փաստաթղթերին (ՀԱԷԿ-ի շահագործման աշխատակարգը, հրահանգներ և այլն), որոնց համաձայն ռեակտորային տեղակայանքներից ու դրանց հետ կապված համակարգերից իրականացվում է ռադիոակտիվ և վնասակար տեխնոլոգիական միջավայրերի (առաջին և երկրորդ կոնտուրների ջերմատարներ, պահման ջրավազանների ջուր և այլն) հեռացումը:

43. Պետք է իրականացվի ռեակտորային տեղակայանքներից ռադիոակտիվ և վնասակար տեխնոլոգիական միջավայրերի հեռացումից հետո առաջացած հեղուկ ռադիոակտիվ թափոնների ծավալի ու ակտիվության գնահատում:

44. Պետք է ներկայացվեն ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի աշխատանքի վերջնական դադարից հետո այդ աշխատանքների կատարման հերթականությունն ու մոտավոր ժամկետները:

45. Պետք է նկարագրվեն ռադիոակտիվ և վնասակար տեխնոլոգիական միջավայրերի հեռացման աշխատանքների ողջ համալիրի իրականացման ժամանակ ճառագայթային անվտանգության պահպանմանը միտված միջոցառումները:

 

 Ենթաբաժին 2.2.2. Սարքավորումների, համակարգերի և շինարարական կառույցների կոնսերվացման աշխատանքները

 

46. Պետք է ներկայացվեն այն սարքավորումները և շինարարական կառույցները, որոնք ենթակա են կոնսերվացման: Պետք է ներկայացվեն կոնսերվացման տեխնոլոգիաները:

47. Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացվեն սարքավորումների և շինարարական կառույցների կոնսերվացման հետ կապված այլ հարցեր:

 

Ենթաբաժին 2.2.3.  Ռեակտորային բաժանմունքի սենքերում բարձր ակտիվությամբ սարքավորումների տեղայնացումը

 

48. Պետք է ներկայացվի.

1) այն սարքավորումների, համակարգերի և շինարարական կառույցների ցանկը, որոնց շուրջ պետք է ստեղծվեն պաշտպանական պատնեշներ.

2) նոր պաշտպանական պատնեշների ցանկը.

3) սարքավորումների, համակարգերի և շինարարական կառույցների տեղայնացման ժամանակ կատարվող աշխատանքների և անվտանգության ապահովման միջոցառումների ցանկը:

 

 Ենթաբաժին 2.2.4. ՀԱԷԿ-ի սարքավորումների, համակարգերի և շինարարական կառույցների ու առաջացած նյութերի ապաակտիվացումը

 

49. Պետք է ներկայացվի այն սարքավորումների, համակարգերի, շինարարական կառույցների, սենքերի, շինությունների ցանկը, որոնք ՀԱԷԿ-ի շահագործումից հանման նախապատրաստման փուլում ենթակա են ապաակտիվացման:

50. Պետք է հղում կատարվի շահագործման այն փաստաթղթերին (ՀԱԷԿ-ի շահագործման աշխատակարգին, ապաակտիվացման հրահանգներին և այլն), համաձայն որոնց ապաակտիվացումը պետք է կատարվի ՀԱԷԿ-ում առկա տեխնիկական միջոցների ու համակարգերի միջոցով:

51. Պետք է ներկայացվեն ապաակտիվացման միջոցառումների կատարման հերթականությունն ու նախնական ժամկետները:

52. Անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ՀԱԷԿ-ի առանձնահատկությունները, պետք է նախատեսվեն ապաակտիվացման հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են ՀԱԷԿ-ի սարքավորումների, համակարգերի, շինարարական կառույցների, սենքերի և շինությունների ապաակտիվացման համար:

 

 Ենթաբաժին 2.2.5. Ապամոնտաժման աշխատանքների կատարումը

 

53. Պետք է ներկայացվի.

1) ապամոնտաժման ենթակա սարքավորումների, համակարգերի, տարրերի և շինարարական կառուցվածքների ցանկը.

2) ապամոնտաժման աշխատանքների ժամանակացանկը.

3) ապամոնտաժման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության (ճառագայթային, տեխնիկական, հրդեհային և այլն) ապահովմանն ուղղված կազմակերպական և տեխնիկական միջոցառումների ցանկը.

4) ապամոնտաժման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նախագծային, շահագործման, տեխնոլոգիական և ներքին այլ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակման ժամանակացանկը.

5) շահագործումից հանման յուրաքանչյուր ենթափուլի համար ապամոնտաժման աշխատանքների կատարման հետևանքով առաջացող ռադիոակտիվ և ոչ ռադիոակտիվ թափոնների ծավալների գնահատումը.

6) ապամոնտաժման աշխատանքների կատարման ժամանակ հնարավոր վթարների հակազդման հարցերով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) ռադիոակտիվ թափոնների առաջացմամբ ապամոնտաժման աշխատանքների կատարման (սարքավորումների, համակարգերի, շինարարական կառույցների մասնազատման և այլն) ժամանակ ճառագայթային մոնիթորինգի կազմակերպումը.

8) ապամոնտաժման աշխատանքների հետ կապված այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի մշակման համար:

54. Պետք է մշակվեն և ներկայացվեն միջոցառումներ ու աշխատանքներ, որոնք նախատեսվում են իրականացվել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու որակի ապահովման ծրագրին համապատասխան:

 

 Ենթաբաժին 2.2.6. Ռադիոակտիվ թափոնների կառավարումը

 

55. Պետք է ներկայացվեն.

1) ռադիոակտիվ թափոնների կառավարման աշխատանքների հերթականությունը և ժամանակացանկը.

2) շահագործումից հանման ժամանակ առաջացող հեղուկ և պինդ ռադիոակտիվ թափոնների կառավարման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների և սարքավորումների ցանկը.

3) ռադիոակտիվ թափոնների՝ ՀԱԷԿ-ում և ՀԱԷԿ-ի հրապարակում շահագործումից հանման աշխատանքներից առաջ առկա պահեստարանների և գերեզմանոցների նկարագիրը, դրանց պատրաստ լինելը.

4) առկա ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և գերեզմանոցների հնարավորությունը (ազատ ծավալները) շահագործումից հանելու ընթացքում առաջացող թափոնների պահման կամ թաղման համար, կամ նոր պահեստարանների կամ գերեզմանոցների կառուցման անհրաժեշտությունը.

5) ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման համար անհրաժեշտ շահագործման, տեխնոլոգիական փաստաթղթերի ցանկը.

6) աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության (ճառագայթային, տեխնիկական, հրդեհային և այլն) ապահովմանն ուղղված կազմակերպական և տեխնիկական միջոցառումների ցանկը.

7) ռադիոակտիվ թափոնների առաջացման և դրանց հետ աշխատանքների իրականացման տեղերում ճառագայթային մոնիթորինգի կազմակերպումը.

8) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման վերաբերյալ բաժնի մշակման համար անհրաժեշտ այլ հարցերը:

 

 Ենթաբաժին 2.2.7. Կրկնակի օգտագործման համար պիտանի նյութերի կառավարումը

 

56. Պետք է ներկայացվեն սարքավորումների, համակարգերի և շինարարական կառույցների այն տարրերը, որոնք ՀԱԷԿ-ի շահագործման ժամանակ ենթարկվել են ռադիոակտիվ աղտոտման, սակայն ապամոնտաժելուց և համապատասխան ձևով ապաակտիվացումից հետո պիտանի կլինեն կրկնակի օգտագործման համար:

57. Պետք է հղում կատարվի այն նորմատիվ փաստաթղթերին, որոնցով սահմանվում է կրկնակի օգտագործման համար պիտանի նյութերում ռադիոակտիվ իզոտոպների թույլատրելի պարունակությունը:

58. Պետք է նկարագրվի ապամոնտաժման այն աշխատանքների հաջորդականությունը, որոնց ժամանակ կրկնակի օգտագործման համար պիտանի սարքավորումներն ու նյութերն ազատվում են կարգավորող վերահսկողությունից:

59. Պետք է նկարագրվեն ճառագայթային մոնիթորինգի արդյունքներով կարգավորող վերահսկողությունից պայմանով կամ առանց պայմանի ազատված նյութերը (մետաղական և ոչ մետաղական):

60. Պետք է ներկայացվի կրկնակի օգտագործման նյութերի առաջացման ծավալների մոտավոր հաշվարկը:

 

 Ենթաբաժին 2.2.8. Անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության ապահովումը

 

61. Պետք է ներկայացվեն.

1) ճառագայթային մոնիթորինգի ծավալն ու մեթոդները, այդ թվում` պաշտպանիչ պատնեշների վիճակի և ամբողջականության ստուգման նպատակով անցկացվելիք աշխատանքները.

2) անձնակազմի և բնակչության կրիտիկական խմբի ճառագայթային մոնիթորինգի մեթոդիկան.

3) ռադիոակտիվ թափոնների և կրկնակի օգտագործման նյութերի ճառագայթային մոնիթորինգի մեթոդիկան.

4) ՀԱԷԿ-ի սենքերում և ՀԱԷԿ-ի հրապարակում ռադիոակտիվ աղտոտվածության տարածման հսկողության մեթոդիկան.

5) վթարային իրավիճակներում ճառագայթային և դոզիմետրիկ հսկողության կազմակերպման մեթոդիկան.

6) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի «Անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության ապահովումը» բաժնի մշակման համար անհրաժեշտ այլ հարցերը:

 

 Ենթաբաժին 2.2.9. Վթարային պատրաստվածությունը

 

62. Պետք է ներկայացվեն.

1) այն ելակետային պատահարները կամ վթարները, որոնք շահագործումից հանման աշխատանքների ժամանակ կարող են բերել անձնակազմի և բնակչության գերճառագայթահարման.

2) վթարների և պատահարների հակազդման ու դրանց հետևանքների վերացման փաստաթղթերի առկայությունը.

3) վթարների դեպքում անհրաժեշտ պաշտպանական միջոցների և սարքավորումների առկայությունը:

Պետք է ներկայացվեն հավանական վթարների հետևանքների վերացման համար նախատեսվող մեթոդները:

 

 Ենթաբաժին 2.2.10. Ֆիզիկական պաշտպանության ապահովումը

 

63. Պետք է ներկայացվեն.

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների ժամանակ ֆիզիկական պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերը, այդ թվում` ինժեներատեխնիկական, ներառյալ՝ պահպանական ազդանշանային, մուտքի թույլտվության կառավարման, հեռադիտարկման և այլն, որոնք ապահովում են ֆիզիկական պաշտպանության համակարգի գործունակությունը ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու բոլոր ենթափուլերում, ինչպես նաև յուրաքանչյուր ենթափուլից հետո դրանց ձևափոխումը (տրանսֆորմացիան).

2) պաշտպանված և հատուկ ռեժիմային գոտիներ մուտքի թույլատրման կազմակերպումը.

3) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրի «Ֆիզիկական պաշտպանության ապահովումը» բաժնի մշակման համար անհրաժեշտ այլ հարցերը:

 

 Ենթաբաժին 2.2.11. ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների ժամանակ որակի ապահովումը

 

64. Պետք է ընդհանրացված ներկայացվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների ժամանակ որակի ապահովման ծրագիրը.

1) շահագործումից հանման աշխատանքների ժամանակ որակի ապահովման կառավարման սխեման` հատկապես ուշադրություն դարձնելով ՀԱԷԿ-ը շահագործող կազմակերպության և շահագործումից հանման աշխատանքներում ներգրավված այլ կազմակերպությունների իրավասությունների հստակ տարանջատմանը, իրավասությունների փոխանցման հնարավորությանն ու կարգին.

բ) շահագործումից հանման աշխատանքների պատշաճ կատարման գնահատման ընթացակարգերի առկայությունը.

գ) ծրագրով նախատեսված փաստաթղթերի, դրանց մշակման, գործողության մեջ դնելու, վերանայման և գործողության դադարեցման ընթացակարգը.

դ) չափումների և փորձարկումների համար նախատեսված սարքավորումների հսկողության կազմակերպման ու իրականացման կարգը.

ե) որակի ապահովման վերաբերյալ գրառումների կատարման և դրանց արխիվացման կարգը.

զ) ստուգումների կազմակերպման և իրականացման կարգը.

է) որակի ապահովման ծրագրի կատարման ժամանակ քաղած դասերի գրառման ու դրանց հիման վրա ճշտումներ մտցնելու կարգը։

 

«ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱԷԿ-Ի ՀՐԱՊԱՐԱԿԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ»

 

 Բաժին 3.1. Ապամոնտաժման ու քանդման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի վերջնական ճառագայթային հետազոտությունը

 

65. Պետք է ընդհանրացված ներկայացվի ՀԱԷԿ-ի հրապարակի վերջնական ճառագայթային հետազոտության ծրագիրը.

1) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու համար լիցենզավորված անձի և տեղակայանքի մասին ընդհանուր տեղեկություններ. տեղադրման վայրի նկարագիրը, այդ թվում՝ հրապարակի վրա տեղադրված շինությունները, որոնք կարող էին աղտոտված լինել շահագործումից հանման աշխատանքների ժամանակ և պետք է ընդգրկվեն վերջնական ճառագայթային հետազոտությունների մեջ: Վերջնական հետազոտությունների սահմանագիծը պետք է ներկայացվի գծագրի կամ քարտեզի տեսքով.

2) փաստաթղթավորումը և պատմական ակնարկ ՀԱԷԿ-ի կենսական ցիկլի (հրապարակի ընտրման, շահագործման, շահագործումից հանման) մասին։

Շահագործման ժամանակից կամ շահագործումից հանման աշխատանքներից մնացած արխիվային փաստաթղթեր, որոնք պետք է օգտագործվեն վերջնական հետազոտական աշխատանքների իրականացման համար:

Շահագործումից հանման լիցենզիան՝ իր պայմաններով, պայմանների փոփոխություններով, կարգադրագրերի կատարման արդյունքները, ռադիոակտիվ թափոնների թաղման վերաբերյալ գրառումները, ինչպես նաև այն վթարային իրավիճակները, որոնք տեղի են ունեցել շահագործումից հանման ժամանակ.

3) հնարավոր աղտոտման աղբյուրները և դրանց տեղադրման վայրը։

Ռադիոակտիվ իզոտոպների կազմը, որոնք գրանցվել են ճառագայթային իրավիճակի բնութագրման և շահագործումից հանման ընթացքում, դրանց հայտնաբերման տեղերը, ինչպես նաև ճառագայթային հետազոտությունների նպատակով կատարված աշխատանքների ցանկը.

4) ճառագայթային, քիմիական, սանիտարահիգիենիկ հետազոտություններ։

Միջուկային տեղակայանքում և հրապարակի վրա կատարվելիք հետազոտությունների կատարման հրահանգները: Հետազոտությունների տեսակները` օրինակ, մակերեսային աղտոտվածության, ներառյալ՝ հեռացվող և/կամ ամրացված աղտոտվածությունը, օդի աղտոտվածության անցկացման տեղերը: Ռադիոմետրիկ և դոզիմետրիկ սարքավորումների տեսակները և նրանց զգայունության սահմանները, որոնք պետք է օգտագործվեն հետազոտությունների անցկացման համար: Հետազոտությունների անցկացման ծրագիրը, ներառյալ հաճախականությունը, փորձանմուշների քանակությունը և այլն: Չաղտոտված տարածքների կամ սարքավորումների` կարգավորումից ազատման աշխատակարգերը, համաձայն կարգավորումից ազատման չափանիշների: Հետազոտման աշխատանքների ժամանակ որակի ապահովման ծրագիրը և անձնակազմի պատրաստվածության մասին տեղեկատվությունը.

5) հաշվետվություն ներկայացնելը։

Հաշվետվության մեջ ընդգրկել կատարված հետազոտությունների արդյունքները և վերլուծությունները:

 

Բաժին 3.2.  ՀԱԷԿ-ի հրապարակի վերջնական ճառագայթային հետազոտության հաշվետվությունը

 

66. Պետք է հակիրճ ներկայացվի, թե ՀԱԷԿ-ի հրապարակի վերջնական ճառագայթային հետազոտության հաշվետվությունն ինչ տեղեկություններ է պարունակում.

1) «Ապամոնտաժման ու քանդման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի վերջնական ճառագայթային հետազոտությունը» բաժնում սահմանված հետազոտությունների արդյունքները, արդյունքների վերլուծությունները և մեկնաբանությունները, ինչպես նաև հետազոտության հիման վրա կատարված որոշումները` տեղակայանքի և (կամ) հրապարակի (լրիվ և մասնակի), նյութերի կարգավորող հսկողությունից ազատման մասին, հղում անելով համապատասխան կարգավորող չափանիշների վրա,

2) առաջարկություն հետազոտության արդյունքում պարզ դարձած տարածքներում և շինություններում մնացորդային ռադիոակտիվ աղտոտվածության դեպքում ինստիտուցիոնալ հսկողության սահմանման մասին,

3) հավելվածների տեսքով հետազոտությունների արդյունքները, գծագրերը, քարտեզները, աղյուսակները:

 

Բաժին 3.3.  ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու վերջնական հաշվետվությունը

 

67. Պետք է հակիրճ ներկայացվի, թե ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու վերջնական հաշվետվությունն ինչ տեղեկություններ է պարունակում.

1) լիցենզավորված անձի և տեղակայանքի մասին ընդհանուր տեղեկություններ. տեղադրման վայրի նկարագիրը, այդ թվում՝ հրապարակի վրա տեղադրված շինությունները, որոնք հանվել են շահագործումից: ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի վրա մնացած այն շինությունները և տեղակայանքները, որոնք ունեն մնացորդային աղտոտվածություն ու պետք է ընդգրկվեն ինստիտուցիոնալ հսկողության ծրագրերում,

2) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու նպատակը, ռազմավարությունը և ռազմավարության այն խնդիրները, որոնք չհաջողվեց իրականացնել և դրա պատճառներն ու հիմնավորումը,

3) ճառագայթային և ոչ ճառագայթային աղտոտվածությունների ցանկը: Ճառագայթային չափանիշները, համաձայն որոնց կատարվել է տեղակայանքի, հրապարակի սարքավորումների նյութերի` կարգավորող վերահսկողությունից դուրսբերման առաջարկությունները,

4) ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ համեմատելով նախատեսված աշխատանքների հետ, միաժամանակ մեջբերելով չկատարված աշխատանքների ֆինանսական հիմնավորումները,

5) ՀԱԷԿ-ի և ՀԱԷԿ-ի հրապարակի այն առանձին մասերի ցանկը, որոնք շահագործումից հանման ծրագրով նախատեսվել էր հանել, բայց դրանք ամբողջովին չեն դուրս եկել կարգավորող վերահսկողությունից և գտնվելու են ինստիտուցիոնալ հսկողության տակ: Տալ բացատրություն չկատարված աշխատանքների մասին,

6) կարգավորող վերահսկողությունից դուրս չեկած ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի առանձին մասերի ճառագայթային վերջնական իրավիճակը և դրանց հետ կատարվելիք հետագա քայլերը,

7) ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի դուրսբերումը կարգավորող վերահսկողությունից:

ՀԱԷԿ-ի և ՀԱԷԿ-ի տեղադրման հրապարակի այն առանձին մասերի ցանկը, որոնք նախատեսվում են մասամբ օգտագործվել, ներառյալ՝ նրանց նկատմամբ հսկողությունը,

8) շահագործումից հանման ժամանակ նախատեսված և իրականում առաջացած թափոնների համեմատությունը, մաքրված նյութերի քանակությունը և այլ տիպի թափոնները: Տարբեր տիպի թափոնների կոնտեյներների, պահեստարանների և/կամ գերեզմանոցների, թաղված թափոնների քանակության ռադիոակտիվության և այլ բնութագրեր: Շահագործումից հանման ժամանակ հեղուկ և գազային արտանետումների մասին,

9) շահագործումից հանման ընթացքում անձնակազմի ստացած դոզաները և դրանց համեմատական վերլուծությունը նախատեսված դոզաների հետ,

10) շահագործումից հանման ժամանակ տեղի ունեցած պատահարները և վթարները, դրանց առաջացման պատճառները և դրանց հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումները,

11) շահագործումից հանման ժամանակ կատարված սխալների և դրանցից դասերի քաղման դեպքերը,

12) ինչպիսի փաստաթղթերի (նորմատիվ-տեխնիկական, չափումների արդյունքներ, նախագծեր, գծագրեր և այլն) վրա են կատարվել հղումներ և այդ փաստաթղթերի ցանկը:

Անհրաժեշտության դեպքում որոշ տեղեկություններ կարող են ներկայացվել հավելվածների տեսքով: