Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.08.2011-13.03.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.01/22(374) Հոդ.279
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.09.2010
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11510340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 սեպտեմբերի 2010 թ.

N 84-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 117-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով և 2009թ. դեկտեմբերի 24-ի ՀՀ կառավարության նիստի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգին հավանություն տալու մասին» թիվ 53 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2.1 ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը» (այսուհետ` կարգ) համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ տիկին Ե. Սարգսյանին`

սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգը ծանոթացնել նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 117-Ն հրամանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանի վրա:

 

 

Ա. Գրիգորյան

 

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
6 սեպտեմբերի 2010 թվականի
թիվ 84-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարի աշխատակազմի և նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների համար:

3. Աշխատակազմի ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը` աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

4. Պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակներով:

5. Յուրաքանչյուր աշխատողի աշխատակազմի ղեկավարի կողմից տրվում է համակարգից օգտվողի անուն:

6. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը):

7. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար աշխատակցին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին: Փոխարինող անձի տվյալները նշվում են նաև հրամանում:

8. Աշխատակցի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

9. Աշխատակազմի յուրաքանչյուր ստորաբաժանումում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

10. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

II. Մտից փաստաթղթերի գրանցումն աշխատակազմում և ներքին փաստաթղթաշրջանառությունը

 

11. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների՝

1) Գրություններ

2) Դիմումներ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից

3) ՀՀ կառավարության որոշումներ

4) ՀՀ վարչապետի որոշումներ

5) ՀՀ օրենք

6) ՀՀ վարչապետի հանձնարարականներ

7) ՀՀ Նախագահի հրամանագրեր

8) ՀՀ Նախագահի կարգադրություններ

9) ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումները

10) Քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից

11) Արձանագրություններ

12) Օրակարգեր

13) Իրավական ակտերի նախագծեր

14) Դատական ծանուցագրեր

15) Շրջաբերականներ

16) Հանձնարարականներ

17) Զեկուցագրեր, տեղեկանքներ

18) Այլ։

12. Նախարարությունում ստացված թղթակցությունը, բացի «գաղտնի» մակագրությամբ ծրարներից, ընդունվում է աշխատակազմի քարտուղարության կողմից:

13. Աշխատակազմի քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

14. Քարտուղարության աշխատակիցները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ: Փաստաթղթի բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ: Էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված անճշտությունների դեպքում աշխատակազմի քարտուղարության պետը կամ ընդհանուր բաժնի պետը չեղարկում է փաստաթուղթը և հանձնարարում գրանցողին ելից գրությամբ տեղյակ պահել ուղարկող մարմնին տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:

15. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին կցվում, ինչպես նաև պատկերամուտով մուտքագրվում են (սկանավորվում) այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

16. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարության աշխատակիցը կից նյութերով գրանցում է համակարգում` նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Մտից փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը): Մտից համարը բաղկացած է համակարգի հերթական համարից և տարեթվից:

17. Նախարարի և նախարարի առաջին տեղակալի բացակայության դեպքում նախարարին հասցեագրված մեկօրյա ժամկետով շտապ թղթակցությունը հանձնվում է աշխատակազմի ղեկավարին` փաստաթղթի համապատասխան ընթացքն ապահովելու համար:

18. Գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի (պաշտոնական և գերատեսչական տեղեկագրեր, բրոշյուրներ, վիճակագրական ժողովածուներ, աղյուսակներ և այլն) փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք թղթային տարբերակով, գրանցամատյանի գրանցմամբ ու ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին: Սույն կարգով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով:

19. Օտար լեզուներով ստացված թղթակցությունը համակարգով հանձնվում է աշխատակազմի միջազգային կապերի բաժին` փաստաթղթի ուղեկցող գրության և (կամ) կից նյութի համառոտ թարգմանության (մինչև մեկ էջի սահմաններում), որից հետո հետ է վերադարձվում աշխատակազմի քարտուղարություն` սահմանված կարգով ընթացքն ապահովելու համար:

20. Համակարգով, էլեկտրոնային տարբերակով ստացված մտից փաստաթղթերը պետք է հաստատված լինեն ուղարկող մարմնի համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

21. Նախարարության աշխատակիցների էլեկտրոնային հասցեներով ստացված և ուղարկված փաստաթղթերը պաշտոնական թղթակցություն չեն համարվում և իրավական հետևանքներ չեն առաջացնում: Նշված փաստաթղթերը պաշտոնական ընթացք ստանալու համար ենթակա են համակարգում պարտադիր գրանցման` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

22. Աշխատակազմ ստացված փաստաթղթի թղթային տարբերակի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին և ամսաթվին:

23. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո համակարգով հանձնվում է աշխատակազմի քարտուղարության պետին կամ նրա հանձնարարությամբ` ընդհանուր բաժնի պետին:

24. Աշխատակազմի քարտուղարության պետը, կամ նրա հանձնարարությամբ ընդհանուր բաժնի պետը ստացված փաստաթուղթն ըստ բովանդակության համակարգով ուղարկում է մակագրության` փաստաթղթում նշված հասցեատիրոջը (բացառությամբ նախարարին ուղղված փաստաթղթերի)՝ անհրաժեշտության դեպքում համակարգով տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին:

25. Նախարարին ուղղված փաստաթղթերն աշխատակազմի քարտուղարության պետը կամ նրա հանձնարարությամբ ընդհանուր բաժնի պետը համակարգով հանձնում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից դրանք նախարարին մակագրության ուղարկելու համար:

26. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան նախարարության որևէ ելից փաստաթղթի, որի վրա հստակ նշված են նախարարության ելից փաստաթղթի համարն ու ամսաթիվը, ապա աշխատակազմի քարտուղարության աշխատակիցը համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցում է համապատասխան ելից փաստաթղթին: Նախարարության փաստաթղթի ելից համարի ու ամսաթվի բացակայության դեպքում, քարտուղարության աշխատակիցը կցումը կատարում է կատարող ստորաբաժանման ղեկավարի կողմից «տեղեկացնել» կոճակով ուղարկված հաղորդագրության հիման վրա:

27. Համակարգի միջոցով փաստաթղթի սկզբնական վերջնաժամկետը նշանակվում է տվյալ աշխատանքի կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան: Հասցեատերը, փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկելով կատարող ստորաբաժանման ղեկավարին` անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել կատարման առավել սեղմ ժամկետ` ընթացիկ վերջնաժամկետ:

28. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են քարտուղարությունում` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Այն փաստաթղթերը, որոնք աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով:

29. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերը հանձնվում են աշխատակազմի իրավաբանական վարչություն` ի պահ:

30. Հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` նախարարին կամ տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի համակարգման պատասխանատու համարվող պաշտոնատար անձին` նախարարի տեղակալին կամ աշխատակազմի ղեկավարին (այսուհետ` համակարգող) ուղղված ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը, ինչպես նաև հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից տրված հանձնարարականներն ու շրջաբերականները ստորագրությամբ և աշխատակազմի ղեկավարի նշագրումով (բացառությամբ աշխատակազմի ղեկավարին ուղղված փաստաթղթերի) թղթային տարբերակով ներկայացվում են աշխատակազմի քարտուղարություն:

31. Քարտուղարությունը, ներքին շրջանառության փաստաթուղթը սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցում, ըստ անհրաժեշտության պատկերամուտով մուտքագրում և փաստաթղթի կատարումն ապահովելու նպատակով հանձնում է տվյալ մարմնում համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (բացառությամբ հանձնարարականների և շրջաբերականների):

32. Հանձնարարականներն ու շրջաբերականները սույն կարգով նախատեսված ընթացակարգով գրանցելուց, պատկերամուտով մուտքագրելուց հետո հանձնվում են քարտուղարության պետին: Քարտուղարության պետը «համաձայն կից ներկայացված հանձնարարականի» կոճակով փաստաթուղթն ուղարկում է հասցեատերերին, միաժամանակ տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին, իսկ նախարարի կամ համակարգողի կողմից ստորագրված հանձնարարականների ու շրջաբերականների դեպքում նաև համակարգողին կամ նախարարին:

33. Աշխատակազմ մտից գրությունների, նամակների, հանձնարարականների և մյուս փաստաթղթերի կապակցությամբ նախարարը կարող է համակարգով աշխատակազմի ղեկավարին փոխանցել հանձնարարական` նշված փաստաթղթերի առնչությամբ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի մոտ խորհրդակցություն հրավիրելու մասին:

 

III. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումն ու շարժը

 

34. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից բխող, ինչպես նաև իրավական այլ ակտերի` Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի կամ կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերը (այսուհետ` նախագիծ) նախապատրաստած աշխատակիցը դրանք ներկայացնում է անմիջական ղեկավարի հաստատմանը, անմիջական ղեկավարն ուղարկում է հաստատման կատարող ստորաբաժանման ղեկավարին (եթե նա չի հանդիսանում տվյալ ստորաբաժանման ղեկավար):

35. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը կարող է վերադարձնել աշխատակցին` խմբագրելու, թերությունները վերանայելու կամ լրամշակելու հանձնարարականով:

36. Աշխատակիցը լրամշակված փաստաթուղթը ներկայացնում է կատարող ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

37. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը ներկայացնում է շահագրգիռ ստորաբաժանումներին` կարծիք, այնուհետև իրավաբանական վարչություն` եզրակացություն ներկայացնելու համար:

38. Շահագրգիռ և իրավաբանական ստորաբաժանումների կարծիքներն ու եզրակացությունը ստանալուց հետո, կատարող ստորաբաժանման ղեկավարն այն ներկայացնում է համակարգողի համաձայնեցմանը:

39. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում կամ համակարգողի կամ նախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:

40. Խորհրդակցության արդյունքում նախագիծը կարող է ենթարկվել լրամշակման:

41. Խորհրդակցության արդյունքում լրամշակված նախագիծը կատարող ստորաբաժանումը ներկայացնում է շահագրգիռ ու իրավաբանական ստորաբաժանումների, այնուհետև համակարգողի համաձայնեցմանը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 79-րդ կետով նախատեսված ընթացակարգով այն նախարարին հանձնելու համար:

43. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող նախագիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով, սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

IV. ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ վարչապետից ստացված հանձնարարականների կատարման ապահովումը

 

44. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության նախարարական կոմիտեի նիստի և (կամ) Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման համար պատասխանատվություն կրում է պաշտոնատար այն անձը, ում հասցեագրված է հանձնարարականը:

45. Եթե հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, ապա ստացված հանձնարարականը մակագրությամբ ուղարկվում է աշխատակազմի ղեկավարին` նրա կողմից նախարարին ուղարկելու համար: Մնացած դեպքերում, հանձնարարականն ուղարկվում է մակագրության պաշտոնատար այն անձին, ում հասցեագրված է հանձնարարականը:

46. Նախարարը կամ համակարգողը ստացված հանձնարարականը կարող է համակարգով «1-ին, 2-րդ......n-րդ կատարող(ներ)» մակագրությամբ` համապատասխան հանձնարարականներով փոխանցել աշխատակազմի մեկից ավելի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացնում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանումը:

47. Եթե հանձնարարականի կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախարարն է, հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը ներկայացնում է համակարգողի և քարտուղարության պետի համաձայնեցմանը, որից հետո համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` սույն կարգի 79-րդ կետով նախատեսված ընթացակարգով այն նախարարին հանձնելու համար: Մնացած դեպքերում ձևավորված փաստաթուղթը ներկայացվում է համակարգողի հաստատմանը:

48. Հանձնարարականի հաստատված պատասխանը հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետին` հանձնարարականում նշված հասցեատիրոջն առաքումն ապահովելու համար:

49. Հանձնարարականում դրա կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման վերջնաժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օրը:

50. Հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը կարող է սահմանել կատարման ընթացիկ վերջնաժամկետ, որը չի կարող գերազանցել հանձնարարականում նշված կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված ժամկետները:

51. Հանձնարարականը սահմանված ժամկետներում հիմնավոր պատճառներով չկատարելու դեպքում, հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձը նախքան հանձնարարականի կատարման սկզբնական վերջնաժամկետը լրանալը կարող է միջանկյալ պատասխանով միջնորդել հանձնարարականը տված պաշտոնատար անձին` հանձնարարականում նախատեսված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնաժամկետը:

52. Հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգելու մասին հանձնարարականը տված պաշտոնատար անձի համաձայնության դեպքում, հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգվում է: Նախորդ հանձնարարականը համարվում է ավարտված, երբ ստացվում է ժամկետի փոփոխման վերաբերյալ նոր հանձնարարական և նախորդ հանձնարարականը կցվում է նոր ստացված փաստաթղթին:

53. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան կամ ընդունվել է հանձնարարականը տվողի կողմից:

 

V. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստումն ու դրանց շարժը

 

54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը (ելքը) իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

55. Նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, կատարող ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նախապատրաստումը:

56. Կատարող ստորաբաժանման ղեկավարը, կարծիք ստանալու նպատակով նախագիծը համակարգով ուղարկում է շահագրգիռ և իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարներին, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարին, որից հետո ստացված կարծիքներով նախագիծը ներկայացվում է համակարգողի համաձայնեցմանը, այնուհետև աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

57. Քարտուղարությունը, հիմք ընդունելով համակարգով ներկայացված և աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված տարբերակը, կատարող ստորաբաժանման ղեկավարին տվյալ հրամանի համար տրամադրում է հաշվառված ձևաթուղթ:

58. Աշխատակազմի քարտուղարությունում հաշվառված ձևաթուղթը գրանցվում է գրանցամատյանում և ստորագրությամբ հանձնվում ստորաբաժանման ղեկավարին:

59. Ստորաբաժանման ղեկավարը հաշվառված ձևաթղթի վրա տպված նախագիծը` ստորաբաժանման ղեկավարի, համակարգողի, աշխատակազմի շահագրգիռ, իրավաբանական, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին:

60. Նախարարի կողմից ստորագրման ենթակա նախագծերը նշագրում է նաև աշխատակազմի ղեկավարը ներկայացնում նախարարին:

61. Հրամանները տպագրվում են ներքոհիշյալ համարակալված ձևաթղթերի վրա`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հրաման։

62. Հրամանների ձևաթղթերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:

63. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, իր կողմից ստացված հաշվառված ձևաթղթերի խոտանման դեպքում կազմում է համապատասխան ակտ և խոտանված ձևաթղթի հետ միասին հանձնում քարտուղարության պետին:

64. Հաշվառված ձևաթղթերի վերջին էջի հակառակ երեսին համապատասխան ստորաբաժանման կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի հրամանը, որից հետո ըստ հասցեատերերի քանակի, կից փաստաթղթերով ներկայացվում է քարտուղարություն` առաքման և (կամ) համապատասխան ստորաբաժանման կողմից պատրաստված շրջաբերական նամակով սույն կարգով նախատեսված ընթացակարգով ուղարկվում է հասցեատերերին:

65. Հրամանները ձևակերպվում են աշխատակազմի քարտուղարությունում, բացառությամբ կադրային հրամանների, որոնք ձևակերպվում են աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում: Հրամանները գրանցվում են համապատասխան մատյաններում, բնօրինակները կարվում են առանձին գործերում: Կադրային հրամանները, հաստատվելուց հետո, համակարգով «տեղեկացնել» կոճակով ուղարկվում են հասցեատիրոջը (հասցեատերերին):

66. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները հաշվառվում են առանձին: Հրամանի համարը ձևավորվում է հերթական հաշվառման համարից, հրամանի բնույթի անվան առաջին տառից, իսկ անհատական հրամանների դեպքում նաև ստորագրողի պայմանանշից:

67. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

68. Նորմատիվ բնույթի հրամաններն ընդունվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: Հրամանները 3 բնօրինակից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Հրամանի յուրաքանչյուր օրինակը թելակարվում է և կնքվում նախարարության կնիքով:

69. Հրամանները ձևակերպվում են առանձին հաշվառման մատյաններում (այսուհետ՝ հաշվառման մատյաններ), որտեղ ըստ հերթականության նշվում են օրենսդրությամբ սահմանված տվյալները:

70. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենված), իսկ թերթերը համարակալված: Թերթերի թիվը հաստատվում է նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի կնիքով:

71. Հաշվառման մատյաններում նշումները կատարվում են առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Արգելվում է հրամաններում ուղղումներ և ջնջումներ, ինչպես նաև մատիտով գրանցումներ կատարել:

72. Չխախտելով հերթական հաշվառումը, ստորաբաժանումների նախապատրաստած հրամանները հաշվառվում, թղթային տարբերակով պահպանվում` արխիվացվում են քարտուղարությունում, անձնակազմի կառավարման բաժնի նախապատրաստած հրամանները` անձնակազմի կառավարման բաժնում:

 

VI. Աշխատակազմի ելից փաստաթղթերի շարժն ու առաքումը

 

73. Ելից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների՝

1) Գրությունների պատասխաններ

2) Դիմումների պատասխաններ

3) ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

4) ՀՀ վարչապետի որոշումների նախագծեր

5) ՀՀ օրենքների նախագծեր

6) Իրավական ակտերի նախագծեր` հրամաններ, պայմանագրեր

7) Կատարողականի գնահատման զեկուցագիր

8) Այլ։

74. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրում են նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը:

75. Առանձին դեպքերում, նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա փաստաթղթերը կարող են ստորագրել նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

76. Ստորաբաժանումների ղեկավարները կարող են ստորագրել քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների (այսուհետ՝ դիմում) պատասխանները:

77. Աշխատակազմի կատարող ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից, ինչպես նաև նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում համակարգում աշխատողը լրացնում է անհրաժեշտ տեղեկությունը:

78. Եթե ելից փաստաթուղթն ուղարկվում է ի պատասխան նախարարություն ստացված որևէ մտից փաստաթղթի, ապա ելից փաստաթուղթը ձևավորվում է տվյալ մտից փաստաթղթի հիմքով` պատասխանել կամ «պատրաստել միջանկյալ գրություն» կոճակներով:

79. Նախարարի, նախարարի տեղակալների կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը կատարող ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է համակարգողի, այնուհետև աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը, ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման: Գնահատումից հետո վերջինս այն ուղարկում է ստորագրման:

80. Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվելիք ելից փաստաթղթերը, կատարող ստորաբաժանումն անհրաժեշտության դեպքում համակարգով ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կարծիքները ստանալուց հետո փաստաթուղթն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության պետի համաձայնեցմանը: Համաձայնեցված փաստաթուղթը ստորաբաժանման ղեկավարը էլեկտրոնային ձևաթղթով ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` գնահատման և ստորագրման:

81. Գրությունը ստորագրած պաշտոնատար անձը գրության էլեկտրոնային տարբերակն ուղարկում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին` ելքագրումն ու առաքումն ապահովելու համար: Ընդհանուր բաժնի պետը անճշտություններ նկատելու դեպքում մինչ ելքագրումը, իրավասու է հետ վերադարձնել փաստաթուղթը` վերախմբագրման: Ելքագրման գործընթացն ավարտելուց հետո փաստաթղթի ելքագրման մասին տեղեկացվում է կատարողին:

82. Պետական այն մարմիններ, որոնց հետ իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային առաքմամբ: Էլեկտրոնային առաքումը կատարվում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի կողմից:

83. Էլեկտրոնային տարբերակով ՀՀ օրենսդրությամբ հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերի ելքագրման ժամանակ, որպես կից նյութ կցվում է միայն պաշտոնական գրությունը, իսկ առդիր թերթերն ու նյութերն ուղարկվում են թղթային տարբերակով, փակ ծրարով` այդ մասին նշում անելով պաշտոնական գրության մեջ:

84. Ելից փաստաթուղթը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատված և ստորագրված փաստաթղթի թղթային տարբերակի առաքման համար կատարող ստորաբաժանումը աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին է ներկայացնում ստորագրված ձևաթուղթը (կից նյութերով)` համապատասխան ելից համարով ու ամսաթվով: Թղթային տարբերակով առաքման համար վավեր էլեկտրոնային ստորագրություն ունեցող փաստաթղթի թղթային տարբերակը վավերացվում է աշխատակազմի քարտուղարության կնիքով:

85. Համակարգի կողմից տրամադրվող ելից փաստաթղթի հերթական համարը պարունակում է հետևյալ տեղեկությունները` ստորագրողի, կատարող ստորաբաժանման ղեկավարի և կատարողի պայմանանիշերը, փաստաթղթի հերթական համարը, տարեթիվը:

86. Պետական մարմիններից ստացված գրություններին «ի պատասխան» ուղարկվող գրությունների վրա կատարող ստորաբաժանման կողմից ձևաթղթի վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը:

87. Աշխատակազմում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարությունը:

88. Աշխատակազմի կատարող ստորաբաժանումում համակարգով մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

89. Ստորաբաժանումների ղեկավարներին ուղղված` ստորաբաժանումների միջև կատարվող ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է համակարգով` նոր ելից փաստաթուղթ ձևավորելով:

90. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից պայմանագրերի նախագծերը ներկայացվում են սույն կարգի V գլխի կետերով սահմանված ընթացակարգով:

91. Առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները պայմանագրի նախագիծը շահագրգիռ ստորաբաժանումներին ուղարկելու հետ միաժամանակ այն ուղարկում են նաև աշխատակազմի ղեկավարին: Վերջինս անհրաժեշտության դեպքում կարող է այն ներկայացնել նաև այլ ստորաբաժանումների համաձայնեցմանը:

92. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից տրված լիազորագրերն ու տեղեկանքները համակարգում չեն գրանցվում: Դրանք համարակալվում են ըստ հերթական համարների` սկսած յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա առաջին լիազորագրից և (կամ) տեղեկանքից, իսկ պատճենները կարվում են առանձին թղթապանակներում:

 

VII. Քաղաքացիների դիմումների գրանցումը և դրանց ընթացք տալը

 

93. Քաղաքացիների դիմումների պատկերամուտով մուտքագրումը, դրանց շարժն ու ելքն իրականացվում է սույն գործավարության կարգով նախատեսված ընթացակարգով:

94. Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

95. Դիմումները, որոնք չեն համապատասխանում օրենքով` դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջներին գրանցման ենթակա չեն: Գրանցման ենթակա չեն նաև «Էլեկտրոնային տարբերակով» նախարարության «ՎԵԲ» կայքով և ՀՀ կառավարության թեժ գծով ստացված քաղաքացիների դիմումները: Դրանց ընթացքն ապահովում է աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

96. Նախարարության «ՎԵԲ» կայքով և ՀՀ կառավարության թեժ գծով ստացված քաղաքացու դիմումին ընթացք տալու նպատակով աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը համապատասխան զեկուցագրով դիմումը ներկայացնում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին: Զեկուցագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով գրանցվում և փոխանցվում է աշխատակազմի ղեկավարին` մակագրությամբ համապատասխան ստորաբաժանմանն ուղարկելու համար:

97. Համապատասխան ստորաբաժանումն ուսումնասիրելով «ՎԵԲ» կայքով ստացված քաղաքացու դիմումում բարձրացված խնդիրը, նախապատրաստում է պատասխանը և համակարգով ուղարկում աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին:

98. Աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը թղթային տարբերակով ուղարկելու դեպքում պատասխանը հանձնում է աշխատակազմի ընդհանուր բաժին` առաքման, իսկ էլեկտրոնային տարբերակով ուղարկման դեպքում` պատասխանն ուղարկում է քաղաքացու էլեկտրոնային հասցեով:

99. Քաղաքացու պատասխանն ուղարկելուց հետո աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը համապատասխան հաղորդագրությամբ համակարգով դիմում է ընդհանուր բաժնին` գործն ավարտելու համար:

100. Քաղաքացիների դիմումներն ուսումնասիրվում և դրանց ընթացք են տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

 VIII. Հսկողական փաստաթղթերի, դիմումների կատարման ժամկետները

 

101. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

մեկօրյա ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` մինչև ժամը 15.00.

մինչև 3 օր ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 15.00.

3 օրից ավելի ժամկետով կատարման ենթակա փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է սահմանված ժամկետի նախորդ օրը (եթե ընթացիկ վերջնաժամկետով այլ ժամկետ նախատեսված չէ): «Հավաք» նշումով (եթե հավաքն ապահովում է նախարարությունը) փաստաթղթերի պատասխանը ներկայացվում է ոչ ուշ, քան ժամկետը լրանալու օրը` մինչև ժամը 15.00:

102. Նախարարության աշխատակազմում ստացված հսկողական փաստաթղթերի կատարման ժամկետները երկարաձգվում են սույն կարգի 51 և 52-րդ կետերով սահմանված ընթացակարգով:

103. Նախարարության կողմից դրված վերջնաժամկետները կարող են երկարացվել մինչև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով: Կատարող ստորաբաժանման ղեկավարը «վերջնաժամկետի փոփոխման առաջարկ» կոճակով դիմում է քարտուղարության պետին: Քարտուղարության պետը փոխում է վերջնաժամկետը` անհրաժեշտության դեպքում ստանալով տվյալ հանձնարարությունը տված պաշտոնատար անձի համաձայնությունը:

104. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը ավարտվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից:

 

VII. Առցանց նամակագրության համակարգով դիմումներին տրված ընթացքին հետևելը

 

105. Դիմումներին, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված գրություններին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):

106. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12-նիշանոց ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան:

107. Նշված համարը մուտքագրելով դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

108. Եթե դիմումատուին պատասխանվել է, ապա առցանց համակարգով դիմումատուն կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, պատասխանի համարը, պատասխանը և այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

 

VIII. Փաստաթղթերի էլեկտրոնային պահպանումն ու արխիվացումը

 

109. Համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը պահպանվում` արխիվացվում է համակարգում` 3 տարի ժամկետով:

110. Ցանկացած ժամանակ ըստ համակարգից օգտվելու հասանելիության` համակարգից օգտվողը կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը:

111. 3 տարին լրանալուց հետո նախարարությունն իր համակարգում պահպանված` արխիվացված բոլոր փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծված և վերջինիս կողմից վարվող կենտրոնական արխիվ:

 

(հավելվածը խմբ. 12.07.11 N 53-Ն)