Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.20/18(401) Հոդ.287
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11311326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիսի 2011 թ.
ք. Երևան

N 735-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 13-րդ կետի 7-րդ ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Օհանյան

 

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2011 թ. հունիսի 23-ի

N 735-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա (այսուհետ՝ Օրդինատուրա) ընդունվելու կարգն ու պայմանները:

2. Սույն կարգի համաձայն՝ համապատասխան բժշկական ուսումնական հաստատություններ են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և օտարերկրյա պետությունների բժշկական ուսումնական հաստատությունները:

3. Օրդինատուրայում զինծառայողների ուսուցման կազմակերպման հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ Զինված ուժեր) համար նեղ մասնագիտական որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների պատրաստումն է:

4. Նախարարության պատվերով Օրդինատուրա ընդունվելու համար մրցույթն (այսուհետ` Մրցույթ) անցկացվում է Օրդինատուրայի ընդունելության կազմակերպման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների ստուգման հարցաշարերի հիման վրա` հարցազրույցի միջոցով:

5. Դիմորդը Մրցույթ հայտարարվելուց հետո մեկամսյա ժամկետում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին ներկայացնում է զեկուցագիր` նշելով մասնագիտության անվանումը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված զեկուցագրի վերաբերյալ Դիմորդի ծառայության վայրի զորամասի հրամանատարի դրական կարծիքի դեպքում այն զեկուցվում է ըստ վերադասության և ուղարկվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, որտեղ կազմվում են դիմորդների անձնական գործերը: Զեկուցագրին կցվում է`

1) ինքնակենսագրությունը,

2) ծառայողական բնութագիրը,

3) բարձրագույն բժշկական հաստատության դիպլոմի (վկայականի) և առաջադիմության միջուկի պատճենը,

4) ինտերնատուրան (մագիստրատուրան) ավարտելու վկայականի պատճենը,

5) անձնագրի պատճենը,

6) սպայի անձնական վկայականի պատճենը,

7) 3/4 չափի 1 լուսանկար,

8) տույժերի և խրախուսանքների ցանկը` հաստատված զորամասի հրամանատարի կողմից:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը մինչև ընդունելության տարվա հուլիսի 10-ը նախապատրաստում է Նախարարի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների Օրդինատուրայի ընդունելություն հայտարարելու և մրցույթ անցկացնելու, ինչպես նաև մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և ընդունելության համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» հրամանի նախագիծ և ստորագրման է ներկայացնում Նախարարին:

8. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքների պատասխանատու ստորաբաժանումը Զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունն է:

9. Գումարված առաջին նիստում հանձնաժողովը քննության է առնում Դիմորդների փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:

10. Դիմորդին չի թույլատրվում մասնակցել Մրցույթին, եթե չի ներկայացրել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը, կամ փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում թերության առկայության դեպքում Դիմորդին հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում դրանք շտկել: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել Դիմորդին: Մրցույթին մասնակցել չթույլատրելու մասին մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է Դիմորդին:

11. Եթե Հանձնաժողովը Դիմորդներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել Մրցույթին, ինչպես նաև` եթե Դիմորդներից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովը Մրցույթը չկայացած համարելու մասին ընդունում է որոշում: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

12. Մրցույթն անցկացվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հրամանով սահմանված ժամկետում:

 

III. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

13. Դիմորդների հետ հարցազրույցն անցկացվում է նրանց մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

14. Հանձնաժողովը յուրաքանչյուր Դիմորդի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

15. Հարցազրույցի ընթացքում Դիմորդի պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) Հանձնաժողովի` հարց տվող անդամի կողմից:

16. Եթե Դիմորդի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատող անդամի կողմից ասվում է ճիշտ պատասխանը:

17. Մրցութային հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշում է Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդներին:

18. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն Դիմորդը, ով հարցազրույցից հետո, Հանձնաժողովի դռնփակ նիստում հարցազրույցի արդյունքների հիման վրա գնահատվել է առավել բարձր:

19. Հանձնաժողովի կողմից Դիմորդների հավասար գնահատվելու դեպքում նախատեսվող առավելության պայմաններն են`

1) պետական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանց ավարտելը,

2) սահմանամերձ զորամասերում ծառայությունը,

3) մարտական գործողությունների բժշկական ապահովման փորձ ունենալը,

4) զինվորական ծառայության ստաժը,

5) տեսչական (եզրափակիչ) ստուգումների ժամանակ երկու և ավելի անգամ լավ կամ գերազանց արդյունքներ ցուցաբերելը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարական կամ Նախարարի կողմից տրված պարգևներ ունենալը:

20. Հանձնաժողովի նիստը գումարվում է Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությամբ:

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Դիմորդների համապատասխան փաստաթղթերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն` Օրդինատուրա ընդունվելու վերաբերյալ Նախարարի հրամանի նախագիծ նախապատրաստելու և ստորագրման ներկայացնելու համար:

23. Մրցույթից հետո չհամալրված տեղեր մնալու դեպքում, նույն օրը, չհաղթած, բայց դրական գնահատված Դիմորդների հետ կազմակերպվում է լրացուցիչ մրցույթ` սույն կարգով նախատեսված ընթացակարգով:

24. Նախարարի հրամանով Օրդինատուրա ընդունված բժիշկ-սպաները (այսուհետ` Օրդինատոր) 10 օրվա ընթացքում իրենց նախկին զինվորական ծառայության վայրից իրային և դրամական վկայականներով ներկայանում են մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանում` նշանակված վայր մեկնելու համար:

25. Մինչև ուսումնառության մեկնելը ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը, նախապես համաձայնեցված օրը, Օրդինատորների հետ (որպես ունկնդիր) կնքում է ուսումնական և հետուսումնական 5 տարի զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրեր, եթե այդ ունկնդիրները չունեն 20 տարվա զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կամ Օրդինատուրան ավարտելու պահին վերջիններիս հետագա պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը 5 տարուց պակաս է:

26. Ուսումնական և հետուսումնական 5 տարի զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում Օրդինատորի ընդունելության արդյունքները համարվում են չեղյալ և նա վերադառնում է իր ծառայության վայր:

27. Օրդինատորների համար պահպանվում են Նախարարի հրամանով սահմանված դրամական բավարարման չափերը:

28. Օրդինատուրայում սովորած տարիներին զինվորական կոչման ժամկետը լրանալու դեպքում Օրդինատորը ներկայացվում է հերթական զինվորական կոչման, եթե նախկին զբաղեցրած պաշտոնի կոչումը համապատասխանում է (կամ գերազանցում է) առաջարկված կոչմանը:

29. Օրդինատորների հանդերձանքի բավարարումը կատարվում է համաձայն մատակարարման նորմերի` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից:

30. ՀՀ համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունից սահմանված հեռավորության վրա բնակվող Օրդինատորներն ապահովվում են հանրակացարանով կամ Նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով և չափով ստանում բնակվարձի փոխհատուցում:

31. Օրդինատուրայում ուսումնառության ընթացքում զինծառայողները ենթարկվում են տվյալ բժշկական ուսումնական հաստատության կլինիկական օրդինատուրայի կանոնակարգին: Բժշկական ուսումնական հաստատության կողմից տրված բացասական եզրակացության հիման վրա տվյալ կլինիկական Օրդինատորը Նախարարի հրամանով հեռացվում է կլինիկական Օրդինատուրայից և ուղարկվում ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` հետագա ծառայությունը շարունակելու հարցը կարգավորելու համար: