Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 609-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.07.2011-28.01.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.01/15(367) Հոդ.170
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010235

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2010 թ.

 թիվ 609-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի լ) և ժթ) ենթակետերը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման» կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման» կարգը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման» կարգը` համաձայն հավելված 3-ի:

4. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին (բաժնի պետ` Ի. Իսրայելյան) և իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Մ. Գրիգորյան)` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել աշխատակազմի ղեկավար` Ս. Մինասյանին:

 

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի հունիսի 22-ի

թիվ 609-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման Կարգը:

2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) շրջանավարտների ավարտական փաստաթղթերը ՀՀ պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

3. Ավարտական փաստաթղթերի տպագրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) պատվիրում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը:

4. Մրցույթում հաղթող ճանաչված կատարող կազմակերպության և նախարարության միջև կնքվում է պայմանագիր` պահանջվող քանակի ավարտական փաստաթղթերի ժամանակին, որակով և ներկայացված նմուշին համապատասխան տպագրելու մասին:

5. Կատարող կազմակերպությունը պատրաստի ավարտական փաստաթղթերը ընդունման-հանձնման ակտով հանձնում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին:

6. Ընդունման-հանձնման ակտը ստորագրվում է կատարող կազմակերպության ներկայացուցչի, նախարարության աշխատակազմի ղեկավարի, հանրակրթության վարչության, պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետերի կողմից:

7. Նախարարությունում ավարտական փաստաթղթերը պահպանվում են նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում:

 

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

8. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի բաշխումը ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների միջոցով իրականացնում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը:

9. Նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի բաշխումը իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի և նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի միջոցով:

10. Ավարտական փաստաթղթեր ստանալու համար նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախարարություն են ներկայացնում գրություն - պահանջագիր` նախարարի անունով, քաղվածք մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից և շրջանավարտների անվանացանկը:

Նախարարության կողմից ըստ ներկայացված անվանացանկի միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատում լրացվում է շրջանավարտի անուն, ազգանուն, հայրանունը (հայերեն տարբերակում), այնուհետև բաշխվում` ըստ ուսումնական հաստատությունների:

(10-րդ կետը լրաց. 09.06.11 N 660-Ն)

11. Մինչև ավարտական փաստաթղթերի բաշխումը, նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությունից տեղեկանք է ներկայացվում ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզիայի կասեցված չլինելու մասին` նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն և պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին:

12. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ատեստավորում անցած շրջանավարտներին տրվում է հիմնական կրթության վկայական, իսկ հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ատեստավորում անցած շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության ատեստատ: Եթե ավարտական դասարանի աշակերտը գտնվում է բուժհիմնարկում, որտեղ կազմակերպվում են ուսումնական պարապմունքները, վկայականը կամ ատեստատը ստանում է այն ուսումնական հաստատությունից, որտեղ մշտապես սովորել է` հաշվի առնելով ստացած գնահատականները:

13. Ոչ պետական ուսումնական հաստատություններն ավարտական փաստաթղթերը ստանում են վճարովի հիմունքներով:

14. Ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պետերի, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից ներկայացվում է հաշվետվություն` նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին, որտեղ հավաքագրելուց հետո հանձնվում է նախարարության արխիվ:

15. ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների կողմից ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո չօգտագործված (մնացորդ) ավարտական փաստաթղթերը հաշվետվությունով հետ են վերադարձվում նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին:

16. Հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը կորցրած անձին նախարարի հրամանով տրվում է կրկնօրինակ` համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում, տեղեկանք ոստիկանությունից և քաղվածք շրջանավարտի ավարտած ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից` ավարտական փաստաթղթի կորստի վերաբերյալ և միջնորդագիր` համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից և նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից) առկայության դեպքում և նախարարության արխիվում հիմքերը ստուգելուց հետո:

17. Ավարտական փաստաթղթում սխալ գրառում հայտնաբերելիս կամ ավարտական փաստաթուղթը գործածության ընթացքում տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում, փաստաթուղթը խոտանվում է ակտով` նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից` համապատասխան փաստաթղթերի (ակտ ուսումնական հաստատության տնօրենի կողմից` խոտանման վերաբերյալ, խոտանվող փաստաթղթի բնօրինակ, միջնորդագիր` համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից և նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից) առկայության դեպքում:

18. Կրկնօրինակ ավարտական փաստաթղթերի վրա պարտադիր սև թանաքով դրվում է «Կրկնօրինակ» դրոշմը:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

19. Հիմնական կրթության վկայականը, միջնակարգ կրթության ատեստատը լրացվում են խնամքով, ընթեռնելի (սև թանաքով), ստորագրվում է ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենի և առնվազն երեք դասավանդող ուսուցիչների կողմից: Ուսումնական հաստատության կնիքի դրոշմը պետք է լինի պարզ ընթեռնելի: Վկայականում, ատեստատում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրվում է ծննդյան վկայականի և անձնագրի տվյալներին համապատասխան:

20. Ավարտական փաստաթղթի մեջ ուսումնական հաստատության անվանումը և տեղանունը գրվում է լրիվ:

21. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան գնահատականը գրվում է թվանշանով և փակագծում տառերով, իսկ քննական գնահատականները բալային համակարգին համապատասխան` թվանշանով և փակագծում տառերով:

22. Իրենից անկախ պատճառներով որևէ ուսումնական առարկայից չգնահատված աշակերտի ավարտական փաստաթղթում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում է «չի գնահատվել» բառերը: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված աշակերտների ավարտական փաստաթղթերում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում է «ազատված է» բառերը:

23. Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում գրվում են ուսումնառության վերջին 2 դասարանների ուսումնական պլանում եղած բոլոր առարկաների տարեկան կամ քննական գնահատականները:

24. Ավարտական փաստաթղթերը գրանցվում են հաշվառման և հանձնման համապատասխան մատյաններում:

 

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի հունիսի 22-ի

թիվ 609-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի` դիպլոմների և դրանց ներդիրների (այսուհետ` դիպլոմ) պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը:

2. Դիպլոմները հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնց նմուշները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

 

II. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՊԱՏՎԻՐՈՒՄԸ

 

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների տպագրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) պատվիրում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը:

1) Կատարող կազմակերպությունը պատրաստի դիպլոմներն ընդունման-հանձնման ակտով հանձնում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին:

2) Ընդունման- հանձնման ակտը ստորագրվում է կատարող կազմակերպության ներկայացուցչի, նախարարության աշխատակազմի ղեկավարի, պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետերի կողմից:

3) Դիպլոմները պահպանվում են նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում:

4. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմները պատվիրվում են նախարարության կողմից:

1) Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ամեն տարի, սահմանված ժամկետներում հայտ են ներկայացնում նախարարություն: Հայտում նշվում են շրջանավարտների ավարտական փաստաթղթերի քանակը (սովորական և գերազանցության):

 2) Հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ավարտական փաստաթղթերի հայտը ներկայացնում են պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանված կարգով:

 

III. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` դիպլոմ:

Դիպլոմի հատկացման համար հիմք է ծառայում պետական որակավորող հանձնաժողովի որոշումը:

6. Ուսումնական հաստատության շրջանավարտը, որն ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարբերակված ստուգարքների (կիսամյակների գնահատականների) և քննությունների 75%-ից ոչ պակասը հանձնել է «գերազանց», իսկ մնացած առարկաները` «լավ» գնահատականներով, միաժամանակ դիպլոմային նախագիծը (աշխատանքը) պաշտպանել կամ պետական քննությունները հանձնել է «գերազանց» գնահատականներով, տրվում է գերազանցության դիպլոմ:

7. Դիպլոմների հատկացումը նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններին իրականացնում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը:

1) Դիպլոմներ ստանալու համար ուսումնական հաստատությունները ներկայացնում են գրություն-պահանջագիր` շրջանավարտների անվանացանկով:

2) Հատկացվող դիպլոմների քանակը չպետք է գերազանցի ընթացիկ օրացուցային տարվա համար ուսումնական հաստատության ներկայացրած հայտով նշված քանակը:

8. Ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմներ տրվում են պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով:

9. Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձին` դիպլոմը կորցնելու դեպքում, տրվում է կրկնօրինակ` ուսումնական հաստատության տնօրինության կողմից` համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում և տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ) առկայության և արխիվային հիմքերը ստուգելուց հետո:

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ավարտած անձին` դիպլոմը կորցնելու դեպքում նախարարի հրամանով տրվում է կրկնօրինակ` համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում, տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ և միջնորդագիր ուսումնական հաստատության տնօրենի կողմից) առկայության դեպքում և արխիվային հիմքերը ստուգելուց հետո:

11. Օրենքով սահմանված կարգով ազգանունը (անունը, հայրանունը) փոխած անձը կարող է իր դիպլոմը փոխարինել նորով: Փոխարինումը կատարվում է ուսումնական հաստատության տնօրինության կողմից` անձի դիմումի և նշված համապատասխան փաստաթղթերի հիման վրա, որոնք պահվում են դիմողի անձնական գործում:

12. Շրջանավարտներին ուսումնական հաստատության կողմից դիպլոմները տրվում են անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի ներկայացմամբ կամ այլ անձի` նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր ներկայացնելու դեպքում:

13. Դիպլոմի հավելվածը (ներդիր) համարվում է դիպլոմի անբաժանելի մասը և առանց դիպլոմի վավերական չէ:

 

IV. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

14. Դիպլոմները լրացվում են ուսումնական հաստատության կողմից համակարգչային տպատառերով կամ հստակ և գեղեցիկ ձեռագրով` սև թանաքով: Դիպլոմները լրացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դիպլոմի հավելվածը` միայն հայերենով:

15. Դիպլոմները և դրանց ներդիրները ստորագրվում են ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի և պետական որակավորող հանձնաժողովի նախագահի կողմից:

16. Դիպլոմում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի ազգանունը, անունը, հայրանունը լրացվում է անձնագրում կամ ծննդյան վկայականում եղած գրառումներին համապատասխան:

17. Դիպլոմների լրացման ժամանակ խոտանված բլանկները դուրս են գրվում տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմած ակտով (2 օրինակից), որը հաստատում է ուսումնական հաստատության տնօրենը: Ակտի մի օրինակը պահվում է ուսումնական հաստատությունում, իսկ երկրորդը` միջնորդագրի հետ ներկայացվում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին` նոր դիպլոմ ստանալու համար:

18. Դիպլոմում սխալ գրառում հայտնաբերելիս կամ դիպլոմը գործածության ընթացքում տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում ենթակա է խոտանման:

 

V. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

19. Ուսումնական հաստատություններում դիպլոմների ստացման և բաշխման հաշվառումը կատարվում է հատուկ մատյաններում, որոնցում գրառվում են հետևյալ տվյալները:

1) Դիպլոմի գրանցման հերթական համարը,

2) Դիպլոմ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը,

3) Մասնագիտության անվանումը, որակավորումը,

4) Դիպլոմի համարը,

5) Պետական քննական հանձնաժողովի արձանագրության տարին, ամսաթիվը,

6) Փաստաթուղթ ստացող անձի ստորագրությունը:

Մատյանների էջերը համարակալվում, կարվում և կնքվում են:

20. Դիպլոմները գրանցվում և պահվում են ուսումնական հաստատություններում որպես հատուկ հաշվառման փաստաթուղթ: Հաստատության կողմից ստացած փաստաթղթերի հանձնումը կամ փոխանցումը մեկ այլ հաստատության չի թույլատրվում:

21. Դիպլոմների գրանցման մատյանների պահպանման, ինչպես նաև շրջանավարտներին դիպլոմների հատկացման համար պատասխանատու է տվյալ ուսումնական հաստատության տնօրենը:

22. Դիպլոմների բաշխումից հետո ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին` մինչև ընթացիկ տարվա ավարտը:

 

 

Հավելված 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի հունիսի 22-ի

թիվ 609-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Բուհեր) շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման Կարգը:

2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը` Դիպլոմը, Բուհի շրջանավարտին տրվում է պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով:

3. Հայաստանի Հանրապետության Բուհերի համար սահմանվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (այսուհետ՝ Դիպլոմ) որակավորման հետևյալ աստիճանների համար՝

 բակալավրի,

 դիպլոմավորված մասնագետի,

 մագիստրոսի (օրդինատորի),

 հետազոտողի:

4. Դիպլոմը և ակադեմիական տեղեկանքը հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

 

II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

5. Դիպլոմները և դրանց հավելվածները (ներդիր) տրվում են Բուհերի այն շրջանավարտներին, ովքեր սահմանված կարգով անցել են ամփոփիչ ատեստավորում: Դիպլոմի հատկացման համար հիմք է ծառայում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի դրական որոշումը:

1) Մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված և Դիպլոմի հավելվածում նշված առարկաների 75%-ից ոչ պակասը (մնացածը՝ միայն լավ), ամփոփիչ ատեստավորման քննությունները և ավարտական աշխատանքը (դիպլոմային նախագիծը, մագիստրոսական թեզը) գերազանց գնահատականներով հանձնած շրջանավարտին տրվում է գերազանցության Դիպլոմ:

2) Կրեդիտային համակարգի պայմաններում գերազանցության դիպլոմ տրվում է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 95 % ապահովելու դեպքում` քննությունները միայն «լավ» և «գերազանց», իսկ ավարտական աշխատանքի և ամփոփիչ քննությունները միայն «գերազանց» գնահատականներով հանձնած շրջանավարտներին:

6. Բուհում ուսումնառությունը դադարեցրած և Բուհից ազատված անձանց ըստ դիմումի տրվում է հաստատված նմուշի ակադեմիական տեղեկանք: Ակադեմիական տեղեկանքը տրվում է նաև Բուհից Բուհ տեղափոխվող ուսանողներին և այն անձանց, ովքեր տվյալ Բուհի ուսանող չեն (ունկնդիրներ, դրսեկությամբ կամ զուգահեռ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացողներ), բայց յուրացրել են բարձրագույն կրթության մասնագիտության ուսումնական ծրագրի առանձին առարկաները կամ առարկայախմբերը (մոդուլներ) և սահմանված կարգով քննություններ են հանձնել այդ առարկաներից տվյալ ուսումնական ծրագրի ծավալով:

7. Մինչև 2001թ. մարտի 1-ը տրված Դիպլոմները նոր նմուշի Դիպլոմներով փոխանակման ենթակա չեն, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) Մինչև 1999թ. ավարտած և բակալավրի, մագիստրոսի (օրդինատորի) և հետազոտողի որակավորում շնորհված անձանց, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրին համապատասխան որակավորում ստացած անձանց, ովքեր մինչև 2001թ. մարտի 1-ը Բուհերից չեն ստացել Դիպլոմներ։

2) Երբ շրջանավարտը կորցրել է Դիպլոմը կամ փոխել իր ազգանունը (անունը, հայրանունը) և սահմանված կարգով դիմել Բուհ` Դիպլոմի կրկնօրինակը ստանալու համար:

3) Եթե դիպլոմում սխալ գրառում է հայտնաբերվել և շրջանավարտը սահմանված կարգով դիմել է Բուհ` դիպլոմը խոտանելու համար:

8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը կորցրած անձանց սահմանված կարգով տրվում են կրկնօրինակներ՝ Բուհի արխիվում մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների քննական և ստուգարքային տեղեկագրերի, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների որոշումների արձանագրությունների և այլ փաստաթղթերի (Դիպլոմների գրանցման մատյան, շրջանավարտների հաստատված ցուցակ և այլն) առկայության դեպքում:

Բուհի լուծարման և այլ բացառիկ դեպքերում, երբ չեն պահպանված վերոհիշյալ փաստաթղթերը, բայց առկա են Դիպլոմների գրանցման մատյանը և շրջանավարտների հաստատված ցուցակը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը շրջանավարտի դիմումի համաձայն նրան հատկացնում է Դիպլոմ առանց Դիպլոմի հավելվածի:

9. Կորցրած ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներում համապատասխան բառերի («Դիպլոմ», «Դիպլոմի հավելված», «Ակադեմիական տեղեկանք») վրա սև թանաքով պարտադիր է «Կրկնօրինակ» նշումը:

10. Օրենքով սահմանված կարգով ազգանունը (անունը, հայրանունը) փոխած անձինք կարող են իրենց բարձրագույն և մասնագիտական հետբուհական կրթության ավարտական փաստաթղթերը փոխարինել նորերով: Փոխարինումը կատարվում է Բուհի ռեկտորատի որոշմամբ՝ անձի դիմումի և նշված փոփոխումները հաստատող փաստաթղթերի հիման վրա, որոնք պահվում են դիմողի անձնական գործում: Նախկին ազգանունով (անունով, հայրանունով) փաստաթղթերը հետ են վերադարձվում Բուհ և սահմանված կարգով ոչնչացվում:

11. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը տրվում են շրջանավարտներին` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացմամբ, ինչպես նաև նոտարական վավերացմամբ լիազորագիր ներկայացրած այլ անձին:

12. Դիպլոմի հավելվածը (ներդիր) համարվում է դիպլոմի անբաժանելի մասը և առանց դիպլոմի վավերական չէ:

13. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի պատճենները հաստատվում են Բուհի համապատասխան ֆակուլտետի դեկանի կողմից և պահվում ուսանողի, շրջանավարտի և ասպիրանտի անձնական գործում:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

14. Փաստաթղթերը լրացվում են Բուհի կողմից համակարգչային տպատառերով կամ ձեռագրով` սև թանաքով: Դիպլոմները լրացվում են հայերենով, ռուսերենով և անգլերենով, իսկ Դիպլոմի հավելվածը և ակադեմիական տեղեկանքը՝ հայերենով:

15. Դիպլոմները լրացվում են հետևյալ կարգով.

1) Դիպլոմի ձախ մասի վերևում հայերենով նշվում է Դիպլոմ հատկացնող Բուհի՝ կանոնադրությամբ սահմանված անվանումը: Բուհի ենթակառույցների (այդ թվում՝ մասնաճյուղերի) անվանումները, ինչպես նաև ուսումնառության ձևը (առկա, հեռակա, դրսեկությամբ) Դիպլոմի մեջ չեն նշվում:

2) Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշման ընդունման տարին նշվում է քառանիշ թվով, ամիսը՝ տառերով, ամսաթիվը՝ թվով (երկու նիշով):

3) Դիպլոմում շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրանցվում են անձնագրի տվյալների հիման վրա` հայերեն և ռուսերեն բաժիններում` հոլովված ձևով:

16. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի (օրդինատորի) և հետազոտողի Դիպլոմներում «Շնորհվում է» բառերից հետո փոքրատառով գրվում է որակավորման անվանումը, իսկ «աստիճան» և «որակավորում» բառերից հետո, չակերտների մեջ մեծատառով նշվում է մասնագիտության անվանումը: Մասնագիտությունների անվանումները գրառվում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշման ժամկետին՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան, անկախ հետագայում կատարված փոփոխությունների:

Մասնագիտության դասիչը չի նշվում:

Եթե շրջանավարտի՝ տվյալ մասնագիտությամբ պատրաստման մակարդակի և բովանդակության նվազագույնին ներկայացվող պետական կրթական չափորոշիչով նախատեսված է շրջանավարտին միաժամանակ երկու որակավորման շնորհում և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նման որոշում է կայացրել, Դիպլոմում առաջին որակավորման գրառումից հետո ստորակետ է դրվում և գրառվում է երկրորդը:

17. Դիպլոմներում և դրանց կրկնօրինակներում այդ փաստաթղթերը հատկացնելու տարում գործող ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը և Բուհի ռեկտորը ստորագրում են սև գույնի թանաքով և այդ փաստաթղթերը կնքվում են Բուհի զինանշանի պատկերով կնիքով:

18. Դիպլոմի ձախ մասի ներքևում նշվում են՝ Դիպլոմի հատկացման տարին (քառանիշ թվով), ամիսը (տառերով), ամսաթիվը (թվով` երկու նիշով), քաղաքը, որտեղ գտնվում է Բուհը, Դիպլոմի գրանցման համարը՝ ըստ Դիպլոմների գրանցման մատյանի:

19. Դիպլոմի աջ մասը լրացվում է ռուսերենով և անգլերենով՝ ձախ մասի հայերեն տեքստին խիստ համապատասխան: Բոլոր տեքստերը ստորագրվում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի և Բուհի ռեկտորի կողմից և կնքվում զինանշանի պատկերով կնիքով:

20. Դիպլոմի հավելվածն ըստ (1-8) կետերի` լրացվում է հետևյալ կարգով.

1) Լրացվում են տեղեկություններ որակավորում ստացած անձի մասին. անունը, հայրանունը, ազգանունը գրանցվում են դիպլոմում նշված տվյալների հիման վրա, ինչպես նաև նշվում են այլ անունները, եթե դրանք մեկից ավելի են: Նշվում է ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

2) Լրացվում են տեղեկություններ Բուհի կողմից շրջանավարտին շնորհված որակավորման մասին. լրացվում է որակավորման լրիվ անվանումը հայերեն լեզվով, իսկ անգլերեն օրինակում` բնագիր անվանումը անգլերեն տառերով այնպես, ինչպես նշված է Դիպլոմում (Chartaragitutyan Bakalavr): Եթե տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչը նախատեսում է նաև որակավորման յուրահատուկ մասնագիտական իրավասություններ, ինչպես օրինակ` ֆրանսերենի ուսուցիչ, ապա պետք է լրացնել նաև այդ անվանումը: Դիպլոմի միասնական հավելվածում համապատասխան նշում է կատարվում որակավորման միացյալ աստիճան լինելու դեպքում:

Նշվում է ուսումնառության հիմնական ոլորտը (ոլորտները), օրինակ՝ քաղաքագիտության պատմություն, բիզնեսի կառավարում և այլն:

Նշվում է շնորհող հաստատության լրիվ անվանումը այնպես, ինչպես նշված է Դիպլոմում, իսկ անգլերեն օրինակում` բնագիր անվանումը` անգլերեն տառերով: Այն դեպքում, երբ աստիճանը շնորհվում է երկու կամ ավելի Բուհերի կողմից, Դիպլոմի միասնական հավելվածում նշվում են շնորհող հաստատությունների անվանումները, և որտեղ է ձեռք բերվել որակավորման հիմնական մասը: Այս մասում նշվում է որակավորումը շնորհած Բուհի կարգավիճակը` հավատարմագրված լինելու հանգամանքը:

Նշվում է այն հաստատության անվանումը և գտնվելու վայրը, որը իրականացնում է ուսումնական ծրագիրը: Որակավորումը շնորհող և ուսումնական ծրագրերն իրականացնող Բուհերի տարբեր լինելու դեպքում, նշվում է երկու հաստատությունների կարգավիճակը: Նշվում է այն լեզուն(ները), որով իրականացվել է ուսուցումը և քննությունները:

3) Լրացվում են տեղեկություններ որակավորման մակարդակի մասին:

Նշվում է որակավորման ստույգ մակարդակը և դրա տեղը ազգային որակավորումների համակարգում: Այս բաժնում նաև նշվում է որակավորմանն առնչվող ազգայնորեն մշակված և հաստատված ազգային չափորոշիչների, մակարդակի նկարագրիչների վերաբերյալ տեղեկատվություն:

Նշվում է ուսումնական ծրագրի պաշտոնական տևողությունը՝ շաբաթներով կամ տարիներով ներառյալ՝ տեղեկություններ մասնագիտական ցանկացած ենթաառարկաների, ինչպես օրինակ՝ գործնական ուսուցման, լսարանային աշխատանքների վերաբերյալ: Ուսումնական բեռնվածությունը ներկայացվում է՝ հաշվի առնելով ուսանողի ամբողջ ծանրաբեռնվածությունը, որը ենթադրում է ծրագրի համար հատկացված ժամանակը, ներառյալ դասաժամերը, անհատական պարապմունքները և քննությունները: Ուսանողի ուսումնական բեռնվածությունը հնարավորության դեպքում արտահայտվում է կրեդիտներով:

Նշվում է տվյալ ուսումնական ծրագրում ընդգրկվելու համար պահանջվող որակավորման(ների) բնույթը և նրա տևողությունը:

4) Լրացվում է տեղեկություն որակավորման բովանդակության և ձեռք բերված արդյունքների մասին:

Նշվում է ծրագրի ուսուցման ձևը՝ առկա, հեռակա, հեռավար և դրսեկության:

Նշվում են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են որակավորումն ապահովելու համար, օրինակ՝ պարտադիր բաղադրիչները կամ պարտադիր գործնական տարրերը, թեզի հետ կապված կանոնակարգերը: Առկայության դեպքում, անհրաժեշտ է նշել մանրամասներ ուսումնական արդյունքների, կարողությունների, հմտությունների և նպատակների վերաբերյալ, որոնք առնչվում են որակավորման հետ:

Նշվում են ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների անվանումները, կրեդիտները և գնահատականները: Այն դեպքում, երբ որակավորումը շնորհվել է երկու և ավելի Բուհերի կողմից, Հավելվածում նշվում է յուրաքանչյուրում անցած առարկան՝ կողքը նշելով Բուհի անվանումը:

Այն հատատությունները, որոնք դեռևս չեն կիրառում կրեդիտային համակարգ այս մասում կարող են ընդգրկել յուրաքանչյուր առարկայից ստացված գնահատականները իրենց ժամաքանակների հետ, քննությունների արդյունքները, ինչպես նաև տեղեկություններ թեզի վերաբերյալ: Եթե որակավորումը միասնական աստիճան է, ապա պետք է նշել յուրաքանչյուր հաստատությունում ձեռք բերված մասը:

Նշվում է տեղեկություն որակավորմանն առնչվող գնահատման համակարգի և նվազագույն անցողիկ գնահատականների վերաբերյալ: Եթե գործածվում է մեկից ավելի գնահատման համակարգ, օրինակ՝ միացյալ աստիճանաշնորհման ժամանակ, ապա տեղեկատվությունը տրամադրվում է բոլոր գործածված գնահատման համակարգերի վերաբերյալ:

Նշվում է որակավորման համընդհանուր դասակարգումը, ինչպես օրինակ՝ Դիպլոմ, Գերազանցության դիպլոմ և այլն:

5) Լրացվում են տեղեկություններ որակավորման գործառույթի մասին:

Նշվում է տվյալ որակավորման ընձեռած հետագա ակադեմիական և մասնագիտական հնարավորությունները ՀՀ-ում: Այն դեպքում, երբ որակավորումը տալիս է միայն մասնագիտական աշխատանքի իրավունք, ապա նշվում են այն պահանջները, որոնք բավարարելու դեպքում հնարավոր է հետագա ուսումնառությունը:

Նշվում է որակավորում ստացողի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու պահանջները և առանձնահատկությունները: Այն դեպքում, երբ որակավորումը հնարավորություն է ընձեռում զբաղվել մասնագիտությամբ, որը պաշտպանված է օրենքով (կանոնակարգվող), նշվում է այդ իրավունքը շնորհող լիազոր մարմինը և շնորհվող մասնագիտական իրավունքները:

6) Լրացվում են լրացուցիչ տեղեկություններ, որոնք տեղ չեն գտել նախորդ բաժիններում:

Այս բաժնում տրվում են լրացուցիչ տեղեկություններ որակավորման նպատակի, մակարդակի և ընձեռած հնարավորությունների մասին, օրինակ՝ որակավորման ձեռքբերման ընթացքում որոշ ժամանակ ոսումնառությունը անց է կացվել մեկ այլ ԲՈՒՀ-ում (ընկերությունում) երկրում, կամ ընդգրկել լրացուցիչ մանրամասներ ԲՈՒՀ-ի մասին: Որակավորումը երկու և ավելի ԲՈՒՀ-երի կողմից շնորհվելու, կամ (տրանսազգային) առանց սահմանների կրթության կազմակերպմամբ ստանալու դեպքում նշվում են լրացուցիչ մանրամասներ կրթության կազմակերպման վերաբերյալ:

Նշվում են շնորհող ԲՈՒՀ-ի, համապատասխան ֆակուլտետի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի անվանումները, հասցեները, հեռախոսահամարները և ինտերնետային կայքի հասցեները, որը նախատեսված է տվյալ որակավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար:

7) Նախատեսված է Հավելվածի վավերականացման համար: Այս մասում նշվում է Հավելվածի հատկացման ամսաթիվը, այն վավերացնող պաշտոնյայի անունը և ստորագրությունը, վավերականությունը հաստատող Բուհի պաշտոնական հասցեն և կնիքը:

8) Նկարագրվում է բարձրագույն կրթության ազգային համակարգը` մշակված ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից (կցվում է հայերեն և անգլերեն լեզուներով):

21. Ակադեմիական տեղեկանքը լրացվում է հետևյալ կարգով.

1) Բոլոր գրանցումները կատարվում են Դիպլոմի հավելվածի գրանցման ձևով:

2) Չանցած պրակտիկաների, չկատարված կուրսային նախագծերի (աշխատանքների), չհանձնած քննությունների և ստուգարքների դիմաց գրառվում են համապատասխան ժխտական բառերը («չի անցել», «չի կատարել», «չի հանձնել»):

3) Այն անձանց համար, ովքեր ներկայացրել են իրենց ավարտական աշխատանքը (դիպլոմային նախագիծը, մագիստրոսական թեզը), բայց այն չեն պաշտպանել, համապատասխան բաժնում գրվում են «չի կատարել» բառերը:

4) Ուսումնառված առարկաների անվանումներից հետո նշվում են ուսանողի Բուհից ազատման հրամանի համարը, տարին և ամսաթիվը:

22. Փաստաթղթերը լրացնելուց հետո պետք է ստուգվեն դրանցում կատարված բոլոր գրառումները:

23. Սխալներով լրացված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված, որոնց մասին նշվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացվող հաշվետվության մեջ:

 

IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

24. Շրջանավարտներին և ուսանողներին հատկացվող փաստաթղթերի (Դիպլոմների, դրանց հավելվածների և Ակադեմիական տեղեկանքների) գրանցման համար Բուհերում վարվում են հատուկ մատյաններ, որոնցում գրառվում են հետևյալ տվյալները.

1) փաստաթղթի համարը,

2) փաստաթղթի գրանցման հերթական համարը,

3) փաստաթղթի հատկացման տարին, ամսաթիվը,

4) փաստաթուղթ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը,

5) մասնագիտության անվանումը,

6) շնորհված աստիճանը կամ որակավորումը,

7) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության տարին, ամսաթիվը,

8) փաստաթուղթը հատկացնող ծառայության ղեկավարի ստորագրությունը,

9) փաստաթուղթը ստացող անձի ստորագրությունը և ստացման ամսաթիվը:

Մատյանների էջերը համարակալվում և կարվում են, իսկ մատյանները կնքվում են Բուհի զինանշանի պատկերով կնիքով և պահպանվում որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր:

25. Խոտանված, ինչպես նաև չօգտագործված հին նմուշի ավարտական փաստաթղթերը սահմանված կարգով ենթակա են ոչնչացման:

26. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը պատվիրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Բուհերն այդ փաստաթղթերը ստանալու նպատակով ամեն տարի, սահմանված ժամկետներում պատվեր են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին: Պատվերում նշվում են փաստաթղթերի քանակը (այդ թվում՝ գերազանցության), պատվեր ներկայացնող Բուհի լրիվ անվանումն ու գտնվելու վայրը:

Չհավատարմագրված ոչ պետական Բուհերից ավարտական փաստաթղթերի պատվեր չի ընդունվում:

27. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը գրանցվում և պահվում են Բուհերում՝ որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր: Բուհի կողմից ստացած այդ փաստաթղթերի հանձնումը կամ փոխանցումը այլ Բուհ չի թույլատրվում:

28. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի և դրանց գրանցման մատյանների պահպանման, ինչպես նաև ուսանողներին և շրջանավարտներին այդ փաստաթղթերի հատկացման համար պատասխանատու է տվյալ Բուհի ռեկտորը:

29. Դիպլոմների բաշխումից հետո բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հաշվետվություն են ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարություն` մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան