«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մարտի 2011 թ. |
N 237-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2011 թվականի ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
|
Ա. Աշոտյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության Կարգը:
2. Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի ոլորտի մասնագիտությունների: Ընդունելությունն անցկացվում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից հաստատված մրցութային և արվեստի ոլորտի մասնագիտությունների գծով քննական առարկաների ցանկի համաձայն:
1) Առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
2) Միջին մասնագիտական արվեստի ոլորտի մասնագիտությունների գծով ընդունելությունը կատարվում է քննությունների արդյունքների հիման վրա:
3. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծվում է ընդունող, իսկ քննությունների անցկացման նպատակով` քննական հանձնաժողովներ:
4. Հաստատություն կարող են դիմել առնվազն հիմնական կրթություն ունեցող անձինք:
5. Օտարերկրացիները Հաստատություն կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
6. Հաստատությունում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2011 թվականի հունիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ արվեստի ոլորտի Հաստատությունում` հունիսի 13-ից մինչև տվյալ մասնագիտության ընդունելության քննություններից 2 օր առաջ:
7. Միջին մասնագիտական արվեստի ոլորտի մասնագիտությունների գծով ընդունելության քննությունները կազմակերպվում են 2011 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը ներառյալ:
1) Արվեստի ոլորտի մասնագիտությունների ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները, որոնց նախագահներին, ընդունող հանձնաժողովի նախագահի (Հաստատության տնօրենի/ռեկտորի) ներկայացմամբ, հաստատում է տվյալ Հաստատության կառավարման պետական լիազոր մարմինը, իսկ կազմերը հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
2) Արվեստի ոլորտի մասնագիտությունների ընդունելության քննություններն անցկացվում են Հաստատության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, որը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ փակցվում է ի տես դիմորդների: Քննությունների ժամանակացույցի պատճենը հաստատումից հետո երկու օրվա ընթացքում ներկայացվում է Հաստատության կառավարման պետական լիազորված մարմնին:
8. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
1) դիմում,
2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
3) վեց լուսանկար (3x4 չափսի),
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
6) սույն կարգի 16-րդ կետում սահմանված արտոնություններից օգտվող դիմորդը մինչև օգոստոսի 27-ը ներառյալ ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը, որոնք Հաստատության ընդունող հանձնաժողովի նախագահը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
9. Հաստատություն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով, անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
10. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել ընդունելության սույն կարգին, Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, որի տեքստը տրամադրվում է դիմորդին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում) և կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին, որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
11. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար տվյալ Հաստատությունում (բացառությամբ արհեստագործական ուսումնարաններից) նախապես վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Հաստատության ընդունող հանձնաժողովն իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել սույն կետով նշված վճարից:
12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2011, ինչպես նաև 2010 թվականներին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
13. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:
14. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:
15. Ընդունելությունը, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում, իրականացվում է հետևյալ մրցութային սկզբունքով։
1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
2) Նշված գնահատականների/միավորների ընդհանուր գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է՝
ա. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների առավելագույն միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
բ. ըստ ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված հաջորդականությամբ առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցող դիմորդին,
գ. նախընտրած մասնագիտության գծով համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին։
3) Անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո վճարովի ուսուցման տեղերում ընդունվում են սույն կետի 1-ին ենթակետի սկզբունքով, իսկ գնահատականների/միավորների ընդհանուր գումարի հավասարության դեպքում ըստ սույն կետի 2-րդ ենթակետի ա., բ. և գ. պարբերությունների հերթականությամբ` չգերազանցելով պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված տեղերի թիվը:
16. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:
17. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է 2011 թվականի օգոստոսի 26-27-ը: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:
18. Անվճար և վճարովի հիմունքով մրցույթով անցած դիմորդի հրամանագրումը կատարվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 2 օրվա ընթացքում, իսկ արվեստի ոլորտի Հաստատությունում՝ քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:
Հաստատությունը հրամանագրված դիմորդի հետ կնքում է համապատասխան պայմանագիր: Հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է սովորելու տարիների տևողությունը և տվյալ հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների:
Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում՝ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն:
19. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև 2011 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ կներկայացնի սույն կարգի 8-րդ կետով պահանջված փաստաթղթերը:
20. Չընդունված դիմորդի 8-րդ կետով պահանջված փաստաթղթերի պատճենները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են սահմանված կարգով:
21. Ընդունելության մրցույթի և արվեստի ոլորտի մասնագիտությունների քննությունների անցկացման օրերին Հաստատությունում գտնվելու իրավունք ունեն միայն ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, ինչպես նաև Հաստատության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչները:
22. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:
23. Սույն կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: