Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.11.2010-01.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հոդ.349
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հոկտեմբերի 2010 թ. 
 ք. Երևան

 N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.004-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի oգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետի պահանջներով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնները և նորմերը՝ համաձայն հավելվածի։

 

 

Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. հոկտեմբերի 1-ի

N 21-Ն հրամանի

 

ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.004-10

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ` ԱԳԼՃԿ) տեղակայմանը, տարածքի սանիտարական պահպանմանը, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումներին, ջրամատակարարմանը, ջրահեռացմանը, աշխատողների սանիտարակենցաղային պայմանների ապահովմանը, աշխատանքային անվտանգությանը, աշխատողների բժշկական զննության կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

2. Սույն սանիտարական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբենզալցավորման և ավտոգազալիցքավորման գործունեություն իրականացնող, ինչպես նաև նախագծման և կառուցման աշխատանքներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վրա:

3. Սույն սանիտարական կանոնները տարածվում են նաև առևտրային, արդյունաբերական, վերամշակման, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ պետական այն հիմնարկների վրա, որտեղ ավտովառելիքը օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար` շահագործվող ավտոմեքենաների լիցքավորման համար:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. ավտոբենզալցակայան` հեղուկ ավտովառելիքի, տեխնիկական հեղուկների, լցավորման մշտական (ստացիոնար) կայան,

5. ավտոգազալիցքավորման ճնշակայան` լիցքավորման ճնշակայան, որի տարածքում նախատեսված է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` բնական գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորման համար,

6. ավտովառելիք` նավթաթորվածքներ, այդ թվում՝ բենզինը և դիզելային վառելիքը, գազային վառելիք, որոնք ավտոբենզալցակայանում կամ ավտոգազալիցքավորման ճնշակայանում բաժնավորվում են ավտոմեքենաների բաքերում կամ շարժական բեռնարկղերում,

7. վերգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից բարձր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

8. ստորգետնյա ռեզերվուար` գետնի մակերևույթից ցածր անշարժ տեղակայված տարողություն` նախատեսված ավտովառելիքի պահեստավորման և օգտագործման նպատակով,

9. խողովակաշար` խողովակների ամբողջություն, որոնց միջոցով ավտովառելիքը փոխանցվում է պահեստավորման ռեզերվուարներից դեպի բաժնավորիչները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված տարրերը։

 

3. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները տարանջատվում են բնակելի և հասարակական շենքերից սանիտարապաշտպանական գոտով, որոնց հեռավորությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված «Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

11. Ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները չեն տեղակայվում խմելու ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում:

12. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանի նախագիծը ներառում է կայանի տեղակայման տարածքի իրավիճակային հատակագիծը, ներառյալ տարածքի սահմանագծերը, տարածքում կամ դրա սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող մակերեսային կամ ստորգետնյա խմելու ջրամատակարարման աղբյուրների առկայությունը, աշխատողների և հաճախորդների համար նախատեսված սանիտարահիգիենիկ շինությունների և հարմարությունների տեղակայումը ու նկարագրությունը, կայանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղակայումը և այլն:

13. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տեղակայման տարածքը լինում է բարեկարգ և կանաչապատ:

14. Տարածքի սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, ամռան ընթացքում` խոնավ եղանակով:

15. Տարածքում առանձնացվում է հրապարակ կենցաղային կոշտ թափոնների հավաքման ժամանակավոր պահպանման համար:

16. Տարածքում տեղադրում են աղբանոթներ և կափարիչով աղբի կոնտեյներներ:

17. Ավտոբենզալցակայանի և ԱԳԼՃԿ-ների տարածքը ապահովվում է ջրանթափանց, հարթ ծածկով, հեղեղատար ջրերի հեռացման համակարգով:

18. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների /որոնք նախատեսված չեն բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար/ տեղակայման տարածքը ապահովվում է հասարակական զուգարանով:

19. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարանի կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի և սույն սանիտարական կանոնների 21-րդ կետի պահանջներին:

20. Հասարակական զուգարանի շահագործումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.13 N սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

21. Հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 4 լիցքավորման խողովակների դեպքում 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց) է, 4-ից հետո` յուրաքանչյուր 1 խողովակին լրացուցիչ մեկական խցիկ:

 

4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ

 

22. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի ՍՆԻՊ 2.04.01-85», «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» ՍՆԻՊ 2.04.02-84* և «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ ՍՆԻՊ 2.04.03-85» շինարարական նորմերի պահանջներին:

23. Ավտոբենզալցակայաններին և ԱԳԼՃԿ-ներին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

24. Աշխատատեղերը և հասարակական զուգարանը ապահովվում են խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ: Մշտական հոսող ջրի բացակայության դեպքում ջրի տակառիկների և լվացարանների ջրագծերը լրացուցիչ միացվում են անհրաժեշտ ծավալով խմելու ջրի տարողությունների:

 

5. ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

25. Հերթապահ օպերատորները ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 4.13 կետի` ՀՀ կառավարության «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 631-Ն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխան:

26. Նավթամթերքով կամ դրանով աղտոտված կեղտաջրերի դիտահորերում, խրամուղիներում և նմանօրինակ այլ կառույցներում աշխատանքները կատարվում են շնչառական օրգանների պաշտպանության միջոցներով:

27. Աշխատողները ապահովվում են 1-ին բժշկական օգնության միջոցներով:

28. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների կազմակերպություններում չեն աշխատում մինչև 18 տարեկան անձինք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման համաձայն:

29. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը, լուսավորմանը և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոնների և նորմերի 3.2 և 3.3 կետերի և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842 հրամանով հաստատված և «Արտադրական սենքերի միկրոկլիմա» ՍՆ N 2-2.2.4-001-05-ի պահանջների:

30. Օպերատորների աշխատատեղերը տեղակայվում են առանձին սենքում: Տարողություններում վառելիքի մակարդակը չափվում է հեռակառավարման (դիստանցիոն) սարքերի միջոցով:

31. Բենզինի և վառելիքի այլ տեսակների հետ աշխատողների աշխատանքային գոտում վնասակար նյութերի քանակությունները չեն գերազանցում ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756 հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» ՍՆ N 2.2-002-05 Սանիտարական կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի խտությունները:

32. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների սանիտարակենցաղային սենքերի կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով սահմանված «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆԻՊ 2.09.04-87 շինարարական նորմերի պահանջներին:

33. Աշխատակիցները հագուստի և աշխատանքային արտահագուստի առանձին պահպանման համար ապահովվում են պահարաններով կահավորված հանդերձարանով:

34. Սննդի ընդունումը արտադրական սենքերում չի կատարվում: Սննդի ընդունման համար անհրաժեշտ է նախատեսել առանձին սենյակ` համապատասխան կահավորմամբ և լվացարանով:

 

6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

35. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների աշխատողները ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով: